Արցախցիներին արդեն 502 բնակապահովման հավաստագիր է տրամադրվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի՝ արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434-ը՝ առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5-ը ավարտվել է։ Ղարագյոզյանը ներկայացրել է կատարված լրացում փոփոխությունները։

Փոփոխություն է նախատեսվում նաև 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում` ներառելով 39 համայնքի 443 բնակավայր` նախկին 148 փոխարեն։

2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդը՝ հայ դերասանների մասնակցությամբ “Անորա” ֆիլմն է

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» հավակնորդների այս տարվա ցանկը։

Տարբեր անվանակարգերում ներկայացված լինելու տեսանկյունից առաջատարն է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որն անցած տարի Կաննի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի էր արժանացել։ «Անորա»-ն առաջադրվել է միանգամից վեց, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն գլխավոր կանացի դեր» անվանակարգերում։

«Անորա»-ում նկարահանվել են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

«Խաղաղության պայմանագիրը» «պաուզա»-ի վրա են դրել

Մենք Ադրբեջանի հետ երկար ու քրտնաջան աշխատել ենք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են: Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա՝ մնացած երկու հոդվածների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել, սակայն լուծումը երկու կողմից անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորման մեջ է, և այս դեպքում շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի համաձայնեցնել տեքստը։

Միրզոյանը ցավով նշեց, որ «հարևանների կողմից» կառուցողական դիրքորոշումն ու պատրաստակամությունը չի տեսնում։

Նախարարը, փաստորեն, հերքեց այն «տրամադրությունը», որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից 5 րոպե է պակաս ։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո շատ գործընթացներ դադարեցվեցին։ Ըստ ամենայնի, «խաղաղ գործընթացը», որը ընթանում է Երևանի և Բաքվի միջև, եւս “պաուզայի” վրա է դրվել։

Նոր հրդեհներ Կալիֆոռնիայում

Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի շրջանում նոր հրդեհ է բռնկվել, որը ընդամենը մի քանի ժամում ընդգրկել է գրեթե 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Պարտադիր տարհանման հրաման է ստացել մոտ 31 հազար մարդ, մոտ ապագայում կարող է տարհանվել եւս 23 հազարը։

«Դա կարծես ամպ լիներ, բայց երբ մենք մոտեցանք, մեզ թվում էր, թե մենք մտնում ենք դժոխք», – ասել է տեղի բնակիչներից մեկը, ով տարհանվել էր իր տնից Կալիֆորնիայի գլխավոր մայրուղով: Հրդեհի գոտում ճանապարհի որոշ հատվածներ փակվել են։

ԱՄՆ-ը պատրաստ է իջեցնել նավթի գները մինչև $40. Թրամփի խորհրդական

ԱՄՆ նորընտիր նախագահի խորհրդական Ռոբերտ Ուիլկին BBC Radio 4-ին ասել է, որ նոր վարչակազմը մտադիր է կտրուկ ավելացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա՝ գներն իջեցնելու համար մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց։ «Միացյալ Նահանգների ներկայությունը նավթի համաշխարհային շուկայում կնվազեցնի գինը, և դա կսնանկացնի Ռուսաստանի տնտեսությունը։ Սա անհավանական ճնշում կգործադրի Պուտինի պատերազմական տնտեսության վրա»,- ասել է Ուիլկին։

Շատերն ասում են, որ ԱՄՆ-ն չի կարող ազդել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում, քանի որ չի համարձակվի ռազմական հարված հասցնել։ Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի է խոսում տնտեսական «խեղդամահության» մասին. եթե դեմոկրատները՝ Բայդենի գլխավորությամբ, ընդունում էին պատժամիջոցներ, որոնք Ռուսաստանը շրջանցեց կամ հաղթահարեց, ապա Պուտինն իսկապես չի կարողանա հաղթահարել 40 դոլար արժողությամբ նավթը:

Հարազատները հույս ունեն, որ “տնային կալանքից” հետո գերիները կվերադառնան

Բաքվի դատարանը դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։ Ավելի քան 1 տարի 4 ամիս Բաքվի բանտում գտնվող Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլան MediaHub-ին  պատմեց իր սպասումների և այն մեծ հավատի մասին, որ Բաքվի դատարանն ազատ կարձակի ամուսնուն և Էրիկը հայրենիք կվերադառնա։

«Մեր աղջիկն ընդամենը 11 ամսական էր, երբ Էրիկը գերեվարվել է Արցախից։ Միլենան հիմա 2 տարեկան 3 ամսական է ու ամեն ինչ հասկանում է։ Շատ ենք կարոտում։ Հավատում եմ, որ անպայման կգա»,- ասաց կինը։

Երեկ՝ հունվարի 22-ին Էրիկը տուն է զանգահարել։ Ալլայի խոսքով՝ ամուսնու ձայնը վատ չի եղել, տրամադրությունը՝ ևս։ Նույն բանտախցում Էրիկի հետ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Հադրութի շրջանի 30-ամյա բնակիչ Վասիլի Բեգլարյանն են։

«Դատավարության ընթացքում մի քանի կադրով տեսել եմ Էրիկին։ Չգիտեմ ինչպես նկարագրեմ զգացողություններս, բայց շատ եմ ուրախացել, որ վերջապես սկսվել է դատավարությունը։ Ընթացքից դեռ ոչինչ հայտնի չէ, միայն գիտեմ, որ սա վերջին ու որոշիչ դատն է, որը գուցե մի քանի ամիս կերկարաձգվի, բայց հավատում եմ, որ ամուսինս կմիանա մեր ընտանիքին»,- ասաց Ալլան։

Ալլան ամուսնուն փնտրել է մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Իսկ հետո ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։ Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցեցին, որ Էրիկը գերության մեջ է…

Արմեն Գրիգորյանը թվարկել է ՀՀ “կայունության” քայլերը եւ Բաքվի զորավարժությունները

«Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով։ Եվ դրա պատճառը ՀՀ իշխանությունը չէ, դա միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, նա պատասխանեց․ «Ռուսաստանի Դաշնությունից սկսած բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»։

Արմեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները։ Հարցին, թե լայնածավալ հարձակման հավանականություն տեսնո՞ւմ են, նա պատասխանեց․ «Մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, ինտենսիվ թռիչքներ, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում։ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով Բրյուսելը կերկարաձգի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարեւոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են։ Դուք նաեւ տեսել եք արտաքին հետախուզության զեկույցը, մեր գնահատականները դրա շրջանակներում են»։

 

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք առաջադրվեց

Գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք առաջադրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նախկին բարձրաստիճանի զինվորական, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է դատական նիստը, որին ներկա են նաև երեք նախկին պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը:

Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները կրկին կանգնեցին դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Իշխանությունները չեն տեսնում լայնամասշտաբ հարձակման հավանականություն

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս մասին ասված է ծառայության «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում:

Միաժամանակ, Արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում նկատում է՝ պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը։

«Այս համատեքստում ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է», – նշվում է զեկույցում։

Այդ խոսույթներից արտաքին հետախուզության ծառայությունն առաձնացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։

NEWS.am-ի հետ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն իր հերթին ասել է. «Ես այս պահին բացառում եմ էսկալացիա՝ ընդհանուր համաշխարհային տենդենցները գնահատելով, ընդհանուր գործընթացը գնահատելով: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը նույնպես ասաց, որ պետք է աշխարհում այդ պատերազմները չլինեն:  Սա նշանակում է, որ նոր խոսք կա, նոր քաղաքականություն կա ու նոր պահանջ կա, դա փաստորեն որպես պահանջ հնչեց:

Ես կարծում եմ՝ աջակիցներ շատ ունի այսօր Հայաստանը, բայց մենք պետք է մեր աջակիցների վրա հույսը չդնենք, մենք պետք է կայուն, լուրջ պետություն լինենք իր հզոր մարտունակ բանակով, տեխնիկական հագեցվածության բարձր աստիճանով: Միշտ բոլոր ժամանակներում մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, բանակն էլ հզորացնենք, մեր հարևանների հետ էլ բարեկամ դառնանք, ընկերներ դառնանք: Մենք պետք է նույն Թուրքիայի, Պարսկաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական փոխկապակցված հարաբերություններ ունենանք»:

Ի՞նչ է սպասում Հայաստանին Ռուսաստանից հեռանալու ճանապարհին. Օլեսյա Վարդանյան

Օլեսյա Վարդանյան

carnegieendowment.org

Հայաստանի ձյունածածկ լեռների ֆոնին հատկապես վառ է աչքի ընկնում Եվրամիության աստղերով կապույտ դրոշը։ Երկու տարուց ավելի է, ինչ Ադրբեջանին սահմանակից տարածքները պարեկում են ԵՄ դիտորդների մեքենաները, որոնք վերահսկում են իրավիճակը մարտական դիրքերի երկայնքով։ Լեռնային գյուղերի շատ բնակիչների համար նրանք առաջին տեսած «կենդանի» եվրոպացիներն են։

Արեւմտյան դիտորդների հայտնվելը մեծ իրադարձություն դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության համար։ Բրյուսելն առաջին անգամ պատրաստ եղավ իր ներկայացուցիչներին ուղարկել Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն միությունների`ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ երկիր։

Երեւանի համար ԵՄ այս որոշումը առաջին հաստատումն էր, որ հին ժամանակներն անցել են, եւ Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտոնական կապերն այլեւս խոչընդոտ չեն արեւմտյան կառույցների հետ մերձեցման համար՝ նույնիսկ պաշտպանության եւ անվտանգության զգայուն հարցերում։

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունը, զուգորդված Երեւանի՝ իր ավանդական արտաքին քաղաքական առաջնահերթությունները վերանայելու ցանկության հետ, քանդում են հաստատված կարգը եւ մեկնարկում արեւմտյան աշխարհի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը։ Թեեւ այն անշտապ է ընթանում, բայց արդեն հասել է այնպիսի ծավալների, որոնք Հարավային Կովկասի ամենափոքր երկիրը չէր տեսել Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

Մտածիր դանդաղ, որոշիր արագ

Տարեսկզբից Հայաստանին հաջողվել է մի քանի կարեւոր քայլ կատարել դեպի Արեւմուտք։ Ամանորյա տոներից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի ընդունման գործընթացը։ Մի քանի օր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրելու։

Ոչ մեկը, ոչ մյուսը դեռ չի ենթադրում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզում։ Հրապարակային հայտարարություններում Հայաստանի ղեկավարությունը շարունակում է խոսել բազմավեկտոր արտաքին քաղաքականության եւ ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների զարգացման մասին։ Սակայն գործնականում խոսքը գնում է Արեւմուտքի հետ կապերի աստիճանական խորացման մասին: Երեւանում սպասում են հարմար պահի՝ նոր դաշնակցային հարաբերությունները պաշտոնականացնելու համար։

Երեւանը վաղուց պատրաստ էր բեկման։ Հայ պաշտոնյաները սկսեցին հնարավոր տարբերակների քննարկումը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո։ Այն ժամանակ, ըստ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, Երեւանը խիստ վախեցած էր Մոսկվայի նոր միութենական պետության մասին խոսակցություններից։ Բելառուսից հետո Ռուսաստանի հետ ռազմական եւ տնտեսական կապեր ունեցող Հայաստանը կարող էր հայտնվել գլխավոր հավակնորդների ցուցակի առաջին հորիզոնականում: Նոր Խորհրդային Միությանն անդամակցելու հեռանկարը Երեւանի սրտով չէր՝ ստիպելով ավելի սերտ կապեր փնտրել Արեւմուտքի հետ։

Այն ժամանակ եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները զարմացրեցին Երեւանին կտրուկ քայլերից խուսափելու խնդրանքով։ Արեւմուտքում մտավախություն կար, որ Ռուսաստանի հետ խզումը կփլուզի Հայաստանի տնտեսությունը, երկիրը կթողնի առանց էժան գազի եւ նույնիսկ կարող է հանգեցնել նոր պատերազմի Ադրբեջանի հետ: Արեւմտյան առաջնորդները, զբաղված լինելով Ուկրաինային աջակցելով, կասկածում էին, որ կկարողանան բավարար օգնություն ցուցաբերել նաեւ Հայաստանին։

Արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն գերադասեցին խուսափել բարձրագոչ հայտարարություններից՝ կենտրոնանալով հայկական պետության ամենախոցելի հատվածների հզորացման վրա։ Դա ներառում էր Ռուսաստանից առավել մեծ կախում ունեցող տնտեսության ոլորտների աջակցությունը եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքների վերացումը, որը թուլացրեց Հայաստանը եւ էլ ավելի մեծացրեց նրա կախվածությունը Մոսկվայից:

Իսկ այդպես կարելի՞ էր

Դեպի Արեւմուտք Հայաստանի շարժին բազմաթիվ հետեւողներ կան։ Այս ուղղությամբ յուրաքանչյուր լուրջ քայլից առաջ հայ պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում հարեւանների հետ։ Օրինակ՝ փորձում են նախօրեին այցելել Թեհրան՝ տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ուժեղացման վերաբերյալ Իրանի մտավախությունները հանդարտեցնելու համար։

Հայ պաշտոնյաներն ասում են, որ նմանատիպ մեթոդներով փորձում են կանխել նաեւ Ռուսաստանի հետ խնդիրները։ Սակայն, ի տարբերություն Իրանի, Մոսկվայում չափազանց շատ ազդեցության կենտրոններ կան, ինչի պատճառով նախապես բացատրվելու Երեւանի ջանքերը հաճախ ձախողվում էին՝ ավարտվելով պետական հեռուստաալիքներով հրապարակային մեղադրանքներով եւ վիրավորական հաղորդումներով:

Բայց որքան երկար է շարունակվում Հայաստանի շարժը դեպի Արեւմուտք, այնքան ավելի զուսպ են դառնում Մոսկվայի հայտարարությունները։ Օրինակ՝ ի պատասխան եվրաինտեգրման մասին նոր օրինագծի քննարկմանը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «հիպոթետիկ» որակեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը եւ կասկած հայտնեց, որ Երեւանը կցանկանա կորցնել այն տնտեսական նախապատվությունները, որոնք իրեն տալիս է անդամությունը ԵԱՏՄ-ին։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, կոչ արեց փաստաթղթերի վերնագրերից եզրակացություններ չանել, այլ սպասել կոնկրետ գործողությունների։

Մոսկվայի նման զսպվածության պատճառն ամենևին այն չէ, որ նա որոշել է հաշտվել նոր իրականության հետ կամ արդարացված է համարում Հայաստանի վրդովմունքը Ղարաբաղի կորստի ժամանակ իրեն չաջակցելու համար։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի ու ավելի է շեղում Ռուսաստանի ուշադրությունը մյուս հարևաններից։

Այնտեղ, որտեղ Մոսկվան մի ժամանակ պայմաններ էր թելադրում, հիմա ստիպված է լինում պայմանավորվել։ Հայաստանի արևմտամետ քայլերը հանդուրժելու Ռուսաստանի պատրաստակամությունը զարմացնում է նույնիսկ Մոսկվայի հետ սերտ կապեր պահպանող տեղացի գործիչներին։ «Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ այդպես կարելի է», – ինձ ասել է Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը։

Հայաստանն այս միտման վառ օրինակն է։ Անցած տարվա ընթացքում նրան երկու անգամ հաջողվեց համոզել Մոսկվային կրճատել իր ռազմական ներկայությունը երկրում։ Ռուս սահմանապահները նահանջում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրանի սահմանների երկայնքով, իսկ ավելի վաղ թողել էին իրենց դիրքերը Երևանի օդանավակայանում, որտեղ տեղակայված էին տասնամյակներ շարունակ։

Հայաստանը ոչ միայն չաջակցեց ռուսական ներխուժմանը Ուկրաինա, այլև փաստացի դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ հասկացնելով, որ պատրաստ է ընդհանրապես դուրս գալ այս ռազմական դաշինքից, որն այլևս չի ապահովում հասանելիություն ռուսական էժան զենքին։ Եթե դա տեղի ունենա, Մոսկվան ոչ միայն հարված կստանա իր հեղինակությանը, այլև երկարաժամկետ ռիսկերի առջև կկանգնի տարածաշրջանում իր ռազմական ներկայության համար:

Որոշ հարցերում Երևանի բանակցային դիրքերը նույնիսկ ամրապնդվել են։ Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Ռուսաստան երկրորդային ներմուծման հիմնական աղբյուրներից մեկը։ Հայաստանի միջոցով ներկրվում է սնունդ, տեխնիկա, մեքենաներ, իսկ վերջերս նույնիսկ մի ամբողջ ինքնաթիռ են փորձել տեղափոխել՝ ենթադրաբար ռուս մեծահարուստ հաճախորդի համար։ Հայ պաշտոնյաները պատմում են, որ 2022 թվականի գարնանը, երբ Արևմուտքը նոր էր սկսում պատժամիջոցներ սահմանել, Մոսկվան նրանց խնդրեց աջակցել երկրորդային ներմուծման հաստատմանը։ «Գուցե այս կերպ մենք կապ կպահպանենք արտաքին աշխարհի հետ»,- ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը փոխանցել էր հայ փոխնախարարը։

Այս ֆոնին Հայաստանի շարժը դեպի Արևմուտք կարող է տհաճ լինել Ռուսաստանի համար, բայց, ըստ երևույթին, Մոսկվան պատրաստ է հանդուրժել այն։ Հատկապես, որ ռուսական դաշինքների հետ Հայաստանի պաշտոնական հարաբերությունների խզում չի նախատեսվում։

Հայկական հավակնությունները

Երևանը կարող է գոհ լինել նրանից, թե ինչ են ապահովել Արևմուտքի հետ նոր շփումները։ Հայաստանը էժան վարկեր է ստացել շինարարական լայնածավալ նախագծերի, էներգետիկ անվտանգության բարելավման ծրագրերի և իր պաշտպանունակության ամրապնդմանն աջակցելու համար։ Բացի դիտորդական առաքելությունից, ԵՄ-ն նախաձեռնել է կարճաժամկետ այցերի համար մուտքի արտոնագրերի չեղարկման գործընթաց և Հայաստանին միջոցներ է հատկացրել Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին երկրների անվտանգությանն աջակցելու համար: Ընդամենը երեք տարի առաջ այս ամենն անհնար էր թվում։

Հայաստանի ղեկավարությունը մտադիր է ավելիին հասնել։ Առայժմ ավելի շատ աջակցություն գալիս է Միացյալ Նահանգներից, սակայն Երևանն իր երկարաժամկետ հույսերը կապում է Եվրամիության հետ: 2023 թվականի աշնանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, վարչապետ Փաշինյանը առաջին անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպայի հետ մերձենալ այնքան, որքան դրան պատրաստ է Եվրոպան։

Ճիշտ է, դրանից հետո Բրյուսելի կողմից Երևանի համար կոնկրետ նախաձեռնություններ չեն հնչեցվել։ Հայաստանը պաշտոնապես մնում է ԵՄ Արևելյան գործընկերության մաս, բայց 2009 թվականին ստեղծված այս նախաձեռնությունը վաղուց կորցրել է իր ինքնությունը՝ անջատված Բելառուսի և առաջին պլան դուրս եկած պատերազմող Ուկրաինայի պատճառով:

Հայ գործընկերների հետ հանդիպումներից հետո եվրոպացի չինովնիկները խոսում են Երևանի չափազանցված սպասումների մասին։ Եվրոպական ինտեգրումը բարդ գործընթաց է, որը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու կտրուկ քաղաքական որոշումներից հետո Եվրոպան սկսեց հաշվարկել, թե ինչ կարժենան հաջորդ ինտեգրացիոն քայլերը։ Որպեսզի Հայաստանը ընդգրկվի Բրյուսելի ծրագրերում, Երևանը պետք է զգալի ջանքեր գործադրի, և փաստ չէ, որ դա արագ արդյունք կապահովի։

Մինչեւ վերջ պարզ չէ, թե որքան սթափ է գնահատում Երևանը իր շանսերը։ Սակայն այնտեղ միանշանակ պատրաստ են շարունակել շարժվել դեպի Եվրոպա, նույնիսկ եթե դա ենթադրում է հարաբերություններ առանց կոնկրետ պարտավորությունների։

ԵՄ անդամակցության ձգտումը երկրի սահմանադրության մեջ ամրագրելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Մոլդովայի որոշումից հետո Հայաստանում նմանատիպ նախաձեռնություն առաջարկվեց։ Փաշինյանի կողմնակիցները նույնիսկ ստորագրահավաք էին սկսել, սակայն նախաձեռնությունը կանգ առավ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջների պատճառով։

ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունումը կարող է Հայաստանի իշխանությունների համար միջոց դառնալ ոչ այնքան այդ քայլի անհրաժեշտության շուրջ ներքին վեճերին վերջ տալու, որքան եվրաինտեգրման ուղղությամբ աշխատելու պետական ապարատին խրախուսելու համար։ Հետխորհրդային մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ բանակցություններում հաջողությունը մեծապես կախված է ազգային բյուրոկրատիայի՝ եվրոպական բարդ պահանջները կյանքի կոչելու ունակությունից։

Իսկ այս հարցում Հայաստանը խնդիրներ ունի։ Անգամ հայ պաշտոնյաներն իրենք են հաճախ քննադատում սեփական բյուրոկրատիան՝ փքված և անարդյունավետ լինելու համար: Իսկ ներկայիս իշխանությունների կառավարման յոթ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել։ Առաջընթացի բացակայությունն արդարացնում են մարդկանց զանգվածաբար աշխատանքից ազատելու ցանկության բացակայությամբ, ինչը, իշխանությունների կարծիքով, դժվար թե կադրերի որակյալ փոխարինում ապահովի։

Սակայն հայ հասարակությունը գնալով ավելի քիչ է պատրաստ նման բացատրություններ ընդունել: Փաշինյանի վարկանիշը վերջին մի քանի տարիների ընթացքում անշեղորեն նվազում է, և հիմնական պատճառներից մեկը շարունակում է մնալ բարեփոխումների բացակայությունը։

Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ հասարակության մեջ փոփոխությունների մեծ պահանջ կա։ Փորձելով պատասխանել դրան՝ Փաշինյանն անձամբ է զննում շինհրապարակներն ու տեսախցիկի առջև նկատողություն անում նախարարներին։ Փորձելով մերձենալ ժողովրդի հետ՝ վարչապետը սկսեց հեծանիվ վարել, TikTok օգտահաշիվ ստեղծեց և իր կնոջ հետ YouTube-ում վիդեոբլոգ բացեց։ Աշնանը նա սափրեց մորուքը, որը կրում էր 2018 թվականի հեղափոխությունից հետո և պաշտոնանկ արեց կառավարության էական մասը՝ իր վարչապետության նոր փուլի մասին խոսակցություններ առաջացնելով:

Եվրոպային մերձենալու ցանկությունն իսկապես կարող է խթանել հայկական պետական ապարատի աշխատանքը։ Եթե սեփական նախաձեռնությամբ դժվար հասանելի խնդիր են մնում, ապա եվրոպական չափանիշների ներդրումը կարող է  որոշ ոլորտներում կարգուկանոն հաստատելու գործիք դառնալ: Հնարավոր է, հենց այս հարցում Հայաստանի իշխանությունների մոտ մի բան կստացվի:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Mediamax-ը այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Միրզոյանը “չհիշեց” Շվեյցարիայի առաջարկը՝ Արցախի հարցով համաժողով անցկացնելու մասին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողվոը կողմ է քվեարկել արցախահայերի վերադարձի իրավունքի հետ կապված համաժողով կազմակերպելուն։ Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերին էլ ստորին պալատն էր քվեարկել կողմ։

«Մեկ ամիս առաջ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես դեմ են արտահայտվել նման համաժողովի ստեղծմանը, կպարզաբանե՞ք՝ ինչո՞ւ եք դեմ արտահայտվել»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը ձեւացրեց, թե չի հասկանում՝ ի՞նչ համաժողովի մասին է ոխսքը։ «Ես առաջարկ ունեմ՝ եկեք պայմանավորվենք, որ հրապարակավ եւ գործընկերների, եւ քաղաքացիների ներկայությամբ այս հարցին կանդրադառնանք։ Մի հատ թույլ տվեք, հասկանամ՝ ինչ համաժողով, լավ չեմ հասկանում։ Մի հատ տեսնեմ ինչի մասին է խոսքը, հաջորդ հարցուպաասխանի ժամանակ կվերադառնանք»,- ասաց Միրզոյանը։

Թուրքե՞րը, թե՞ ադրբեջանցիները պետք է դուրս գան Ջերմուկից

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց արտգործնախարար Արարատ Միրզայանին՝ ինչո՞ւ այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը չեն սկսում, օրինակ, Ջերմուկից կամ Շուռնուխից։

«Ասում եք՝ սահմանազատման արդյունքում թուրքերը Ջերմուկից կգնան։ Ջերմուկը հարավին ավելի մոտ է, քան հյուսիսին, հարավից սկսեիք, թուրքերին ճամփա դնեիք տուն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Որ ասում եք՝ Շուռնուխից ու Ջերմուկից թուրքերին քշեք, թուրքերը Հայաստանի Հանրապետության էն մյուս կողմում են՝ արեւմտյան մասում են։ Եթե նկատի ունեք ադրբեջանցիներին, մենք կրկին ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավելի, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ։ Սկսել հյուսիսից, թե հարավից․․․ Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց հաշվի առեք, որ մոլորակի վրա բացի մեզնից կան 200 այլ պետություններ»,- ի պատասխան ասաց Արարատ Միրզոյանը։