Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ. նախ Բաքվից, ապա՝ Արցախից

Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ, և իմ ընտանիքն անընդհատ տան փնտրտուքների մեջ է։ Նախ Բաքվից, ապա՝ Արցախից ենք տեղահանվել, – ասում է զրուցակիցս՝ Ալլան, ով ապրում է թոշակառու հոր հետ և չգիտի, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։

Արցախից տեղահանվելուց մի քանի ամիս հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, սակայն նորից վերադարձել Հայաստան։

-1989-ին ենք բռնատեղահանվել Բաքվից։ Սումգայիթյան դեպքերից հետո վտանգավոր էր մնալ այնտեղ։ 9 տարեկան էի, եղբայրներս ավելի փոքր էին։ Հիշողությանս մեջ մնացել են վերջին օրերը, երբ տանից դուրս գալն արդեն վտանգավոր էր։ Ծնողներս խոսում էին, որ հայերի հանդեպ բռնություններ են սկսվել ու պետք է շուտ տեղափոխվենք։ Նրանք աշխատում էին ծածուկ խոսել, որ մենք չվախենանք, սակայն ես հասկանում էի ամեն ինչ։

Հիշում եմ, որ մեր հարևաններից մեկն առաջարկեց թաքնվել իր տանը, սակայն հայրս մերժեց՝ ասելով, որ չի ցանկանում վտանգել նրա բազմանդամ ընտանիքին։ Հետո մեր տուն է գալիս հայրիկիս ընկերներից մեկը, ով ազգությամբ ադրբեջանցի էր, և մեզ տանում է իր տուն։ Այնտեղ մնացինք մոտ 10 օր։ Վտանգով լի օրեր էին՝ ինչպես մեզ, այնպես էլ օգնության ձեռք մեկնած ընտանիքի համար։ Մի գիշերվա մեջ որոշվեց, որ պետք է գնացքով մեկնենք ՌԴ Կրասնոդար քաղաք։ Երբ հասանք կայարան, արդեն լուսացել էր։ Նկատեցինք ադրբեջանցի դպրոցականների պաստառներով երթը, որոնք պահանջում էին հայերի հեռացումը Բաքվից։ Մինչև գնացք նստելը նրանք հասցրին քարկոծել մեզ։ Հայրս մի կերպ մեզ մտցրեց գնացքի մեջ և կարողացանք փրկվել։ Կրասնոդարում մի քանի օր մնալուց հետո մեկնեցինք Արցախ։

Ցավոք, Արցախում մեզ այդպես էլ բնակարան չհատկացվեց, և մինչև 2023-ի տեղահանումը ապրում էինք վարձով։ Ծնողներս, ամեն ինչ թողնելով Բաքվում, երեք մանկահասակ երեխաների հետ ձեռնունայն դուրս են եկել ու ապաստան գտել հայրենի հողում, սակայն, որպես փախստական ընտանիք, չեն արժանացել արդարացի վերաբերմունքի։

2014 թվականին հանկարծակի մահացել է մայրս, իսկ եղբայրներս աշխատանքի բերումով տեղափոխվել են Ռուսաստան։ Իմ և հորս կարիքներն ապահովելու համար ստիպված ծառայության եմ անցել ԱՀ ՊԲ շարքերում, հերթագրվել բնակարանային հերթում՝ հույս ունենալով, որ ես ու տարեց հայրս տուն կունենանք։ Մասնակցել եմ ապրիլյան քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին,- պատմում է Ալլա Զախարյանը․․․

Բռնատեղահանման կրկնակի դառնությունն իր սեփական մաշկի վրա զգացած Զախարյանների ընտանիքը վարձակալությամբ ապրում է Երևան քաղաքում։ Ալլան օրավարձով աշխատանք է գտել, ինչը մի փոքր թեթևացնում է նրանց հոգսերը։

-Արցախից դուրս ենք եկել 2023-ի սեպտեմբերի 30-ին՝ վերջին ավտոբուսներով։ Օդանավակայանից գնացել ենք Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից շարժվել դեպի Հայաստան։ Եղել է մի պահ, որ հույսս կտրել էի, որ կկարողանանք դուրս գալ, որովհետև մարդիկ շատ էին, իսկ տրանսպորտը՝ քիչ։ Հատեցինք Հակարին։ Կրկին դարձանք փախստական։ Մեկ օր մնացինք Գորիսում, ապա հանգրվանեցինք մեր բարեկամի տանը, որտեղ մնացինք մի քանի ամիս:

Տարեց հայրս ամենօրյա բուժօգնության կարիք ունի, և այդ պատճառով մենք պատրաստ չենք որևէ գյուղական համայնքում ապրել։ Երկու հոգանոց մեր ընտանիքի համար դժվար կլինի տուն ձեռք բերել, քանի որ նախատեսված գումարով հնարավոր չէ դա իրականացնել։ Իսկ ապրիլ ամսից, երբ փոփոխվի 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, մենք կհայտնվենք անելանելի դրության մեջ, քանի որ այդ ծրագիրն արցախցիներին տրվող միակ ֆինանսական աջակցութունն է, – ասում է Ալլան և ավելացնում, – սեփական տուն ունենալը մեզ համար այդպես էլ երազանք կմնա, սակայն ուզում եմ հավատալ, որ մեր կարգավիճակով ընտանիքներին սոցիալական բնակարաններ կտրամադրվեն, այդ դեպքում գոնե մենք էլ տանիք կունենանք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Թրամփը Հայաստանից և՞ս ոսկի ու մետաղներ է պահանջում. ողջույն, Ամուլսար

Այսօր ԱՄՆ-ը նախատեսում է գործարք կնքել Ուկրաինայի հետ, ըստ որի՝ ԱՄՆ-ն իրավունք կստանա Ուկրաինայում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղներ մշակել։ Թրամփը գործարքը գնահատում է 500 միլիարդ դոլար և այն անվանում «ամերիկյան օգնության վերադարձ»։

Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր Գազայի վերականգնման հարցը լուծել Պաղեստինում «թանկարժեք անշարժ գույքի» հաշվին, որը կարող է վերածվել արևելյան Ռիվիերայի։

Աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հարցում Թրամփի բիզնես-մոտեցումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն կհայտարարի իր շահերի մասին նաև Հարավային Կովկասում։ Թերեւս այս մասին Փաշինյանին ակնարկել են Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Պատահական չէ, որ հենց այդ օրերին գործադուլներ սկսվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որի բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ Գործադուլը սպառնում էր սնանկացնել Հայաստանի խոշորագույն հարկատուին։

Բայց հարցը կարգավորվեց, և Հայաստանի կառավարությունը որոշեց փոխել ուղղությունը և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար Լիդիանին տրամադրել 150 մլն դոլար վարկի երաշխիք։

«Հրաշալի նորություն! ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Լիդիանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերաբացման վերաբերյալ, ինչը թույլ կտա միլիոնավոր դոլարներ ներդնել տնտեսության մեջ, ստեղծել աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», – ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այս քաղաքականությանը, քանի որ երկու երկրներն էլ համատեղ աշխատում են ապագա բարգավաճումն ապահովելու համար։

Թե ուր կգնա Արցախի ոսկին, հավանաբար, նույնպես շուտով պարզ կդառնա։ Նաև այն, թե ինչի դիմաց է ԱՄՆ-ը վերցնելու հայկական ոսկին։

Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Հայաստանի ժողովրդի եւ քաղաքական ուժերի հիմնական մասն ուզում է, որ իրեն չարդարացրած Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այսօր միայն Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցը բավական է՝ ընդունելու, որ վարչապետն իր տեղում չէ։ Չեկիստի որդի Ալիեւը աշխատում է նույն չեկիստական ոգով, պատանդ է պահում մարդկանց։ Եվ այդ պայմաններում հանկարծ Հայաստանի ղեկավարը համարում է, որ նրա հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Միջազգային իրավունքի ենթակա Հայաստանի ղեկավարը, այդքան լծակներ ունենալով, ոչ մի քայլ չի անում։ Միայն դա բավական է ասելու, որ դու քո տեղում չես։ Նույնիսկ միասին հայտարարություն են ընդունել, որ գերիներ չպետք է լինեն, բայց ինքը թույլ է տալիս, որ պատանդներ լինեն, այն էլ խաղաղ պայմաններում»,- ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ այսօր խնդիրն իրավիճակը կտրուկ փոխելն է։ «Ենթադրենք Նիկոլը զարթնեց ու հեռացավ, մենք պետք է հասկանանք, որ նույն իրավիճակի առաջ կարող ենք կանգնել։ Ուստի, ամենակարեւորն այն է, որ մենք հենց սկզբից իմանանք, թե որն է ճանապարհը։ Հայ ժողովրդին տրվել է այնպիսի համակարգ ունենալու հնարավորություն, որ քաղաքացին մշտապես լինի տերը։ Ամենակարեւորը քաղաքացիների՝ երկրի կառավարմանն իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքի ապահովումն է, սա նորույթ է ամբողջ աշխարհի համար»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սահմանադրության իր հեղինակած նախագիծը։

Ըստ Հայրիկյանի՝ պետք է համաշխարհային ուշադրությունը բեւեռելու նպատակով հրապարակայնորեն խոսել, որ մենք չենք ուզում չեկիստական ոգով աշխատողի հետ որեւէ հույս կապել, ոչ մի խաղաղության պայմանագիր։

Անդրադառնալով Սումգայիթում 1988 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին՝ Պարույր Հայրիկյանն ասաց․ «Այդ հանցագործությունն ադրբեջանական քրեական տարրերի օգտագործմամբ կազմակերպել էր Մոսկվայի ԿԳԲ-ն»։

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ հանրահավաք մեկ պահանջով՝ անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Բաքվի զնդաններում պահվող մյուս հայ գերիներին ու պատանդներին։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Նոյեմբերի 9-ին ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ ինտեգրված անվտանգային համակարգը խարխլվել էր

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ դիմում են միջազգային հանրությանը՝ ահազանգելով, որ Արցախից հայկական հետքերը ջնջվում են, ոչնչացվում են Արցախի պատմամշակութային արժեքները, հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է։ «Բաքվում են օրինական ճանապարհով ինքնորոշված Արցախի օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը, իր ինքնապաշտպանությունը կազմակերպած մեր գերիները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր շարունակական ցեղասպան քաղաքականությամբ շարունակում է ճնշումները հայ ժողովրդի եւ ամբողջ Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե «արցախցիները չեն կռվել», Օհանյանն ասաց․ «Որպես զինվորական մասնագետ ասում եմ, որ 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ին ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ ինտեգրված անվտանգային համակարգը խարխլվել էր։ Համատարած պաշտպանությունը վեր էր ածվել օջախային պաշտպանության, որտեղ դիրքերի միջեւ հեռավորությունը բավականին երկար էր։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սանձազերծելով մարտական գործողություններ բոլոր դիրքերի նկատմամբ, որտեղ մեր զինծառայողները հերոսաբար կռվեցին, նաեւ քանակական մեծ առավելության արդյունքում կարողացավ դիրքերի արանքներով անցնել եւ ուղղակի մասնատել Արցախը։ Իսկ այդ մասնատված պայմաններում, որը նաեւ զուգորդվում էր 10-ամսյա շրջափակման հետեւանքներով, ինքնապաշտպանության հնարավորության մինիմալ պայմաններում Արցախի ժողովուրդը հնարավորություն չուներ իր ամբողջ ինքնապաշտպանությունն իրականացնել»։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու ուղղությամբ։ Բայց, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա, ՀՀ իշխանություններն ասացին, թե իբր «խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում» եւ դրանով քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։

Հակաղարաբաղյան խոսքը հանրային տիրույթում և քաղաքականությունում․ պատճառները և դրա դեմ պայքարելու միջոցները

Փետրվարի 26-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը քննարկում էր կազմակերպել Արցախից բռնատեղահանվածների նկատմամբ ատելության խոսքի տարածման պատճառահետևանքային կապերի և դրան հակազդելու միջոցների, նշյալ թեմայով հանրային քննարկումների մթնոլորտի  առողջացմանը նպաստելու մասին։ Սույն հոդվածում տեղ են գտել նաև այդ քննարկման ժամանակ հնչած տեսակետներն ու առաջարկությունները:

Անհանդուրժողականությունը հայ հասարակության տարբեր հատվածների միջև երկար պատմություն ունի: Բնակչության մեծ տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել նախորդ դարում, ուղեկցվել են նմանատիպ, իսկ հաճախ ավելի դաժան խնդիրներով, որոնց հիմա բախվում են արցախցիները բռնի տեղահանությունից հետո։ Կարևոր խնդիր եղել և մնում է անօթևան մնացած խմբի թիրախավորումը, փոխադարձ անհանդուրժողականությունը։ Հերթական ալիքն առաջացրել է նոր սրացումներ, բայց պատումները հիմնականում նույնն են եղել, որոնց հիմքում մյուս խմբին «ճիշտ» կամ «իսկական» հայի հատկանիշներից զուրկ համարելն է։

Փոխադարձ թիրախավորման բազմաթիվ դրվագներ են պահպանվել ժամանակակիցների գրվածքներում։ Հայտնի օրինակ է նախորդ դարասկզբին Արարատյան դաշտի հայերի և Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի միջև տարածված փոխադարձ ատելությունը։ Հրաչյա Աճառյանն իր հուշերում պատմում է, որ Էջմիածնում տեղացիների կողմից ընդգծված վատ վերաբերմունքի էր արժանանում տաճկահայ լինելու պատճառով։ «․․․Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև։ Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ։ Մինչև անգամ ամուսնական խնամիությունները դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով» (Հրաչյա Աճառյան, «Կյանքիս հուշերից», էջ 203)։ Միևնույն ժամանակ, Աճառյանը նույնպես  նախապաշարմունքների կրող էր․ Արարատյան դաշտի բնակիչներին համարում էր պակաս գործունյա, իսկ արտաքինից բնորոշում էր որպես «գեշ»։ Ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստանում ապաստանած գաղթականի մտքերը տեղացիների մասին արտացոլում են գտնում նաև Չարենցի «Խմբապետ Շավարշ»-ում»․

«Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.

«Ռուսահայ եղբայրնե՜րը»… «Հայրենի՜ք». «Հայ»,

Կուշտ, ականջները դինջ, ապահով։

Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,

Օտարի, թշնամու, գրողի պես.

Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ[4],—

Մտածում Էր Շավարշը— հայեր են գեշ,

 

Այլասերված հայեր, ռսացած․․․»։

 

Ակնհայտ է, որ հակադարձ պատումները տեղացիների կողմից այն մասին էին, որ վրա հասած աղետի մեղավորները «թրքացած» ու «անշնորհակալ» տաճկահայերն են։

Մեզ համար ավելի թարմ է 1988-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայերի խնդիրը, որին Հայաստանը բախվել է որպես անկախ պետություն։ Հետխորհրդային տնտեսական նոր իրողության պայմաններում նրանց մեծ մասը չի կարողացել մշտապես հաստատվել Հայաստանում։ Նոնա Շահնազարյանի մենագրությունում կարդում ենք. «Հետազոտության իրականացման պահին ձևավորված իրավիճակում հետպատերազմյան ղարաբաղյան հասարակությունում առաջացել են մի քանի խմբեր, որոնք ենթարկվել են բազմակի մարգինալացման։ Նրանց թվին են պատկանում փախստականները Ադրբեջանից և կանայք։ Փախստականների հետագիծն այսպիսին է․ Ադրբեջանից արտաքսել են որպես հայերի, Հայաստանում և Ղարաբաղում ընդունում են որպես եկվորներ։ Նրանց ունեզրկել են Ադրբեջանում և տեղափոխվել են աղքատ ռեգիոն, գումարած հետխորհրդային բարդությունները։ Հասարակության անցումը դեպի կլանային սկզբունքներ նույնպես առաջին հերթին հարվածել է նրանց»։

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ կենցաղային մակարդակում անհանդուրժողականությունը սնվում է միևնույն պատումներից, փոխվում են միայն թիրախային խմբերը։ Եթե նախկինում «ռսացած» էին Կովկասի հայերը, իսկ «թրքացած»՝ օսմանյան հայերը, ապա հետագայում «ռսացան» Բաքվի հայերը, իսկ «թրքացան» ղարաբաղցիները։ Ըստ երևույթին, արտաքին տարբերությունների բացակայության պայմաններում, անհանդուրժողականության «գրգռիչ» է հանդիսանում լեզուն (օտար կամ բառբառ)։

2020-ի պատերազմից և 2023-ի բռնի տեղահանությունից հետո անհանդուրժողականությունն արցախցիների նկատմամբ (արցախատյացություն) մտահոգիչ աստիճանի է հասել։ Ատելության խոսքի գեներացման համար սոցիալական ցանցերը լայն հնարավորություններ են բացում։ Արցախին կամ արցախցիների վերաբերող ցանկացած նյութ, որ հարապարակում են լրատվամիջոցները, որքան էլ ապաքաղաքական լինի, կարող է առաջացնել ատելության և փոխադարձ վիրավորանքների բազմաթիվ մեկնաբանություններ։ Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը Ֆեյսբուքում հրապարակում էր արել վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տարեց արցախցու դատական գործի վերաբերյալ։ Հրապարակումն ազգային նշանակության թեմա չի արծարծում, բայց լրատվականի էջի ամենադիտված ու մեկնաբանված (մոտ 1000 մեկնաբանություն) հրապարակումներից է։  Բանը հասել է նրան, որ խմբագրությունը, կանխազգալով մեկնաբանությունների բովանդակությունը, առաջին ամրագրված մեկնաբանությունում հորդորում է վիրավորանք, հայհոյանք ու բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ չգրել․ դա, իհարկե, որևէ արդյունք չի ունեցել։ Միայն այդ հրապարակման մեկնաբանությունները կարդալը բավական է հասկանալու անհանդուրժողականության աստիճանը, որ տիրում է մեր հասարակությունում, առնվազն, վիրտուալ տիրույթում։

Ներկայումս չկան պատճառներ, որ անհանդուրժողականությունը կարող է մոտակա ժամանակներում մարել, սակայն կան մի շարք գործոններ և գործիչներ, որոնք վատթարացնում են վիճակը։ Վատթարացնող գլխավոր հանգամանքն իշխող ուժի և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից պարբերաբար հնչող խոսքերն են, որոնք ուղղակի կամ անուղղակի թիրախավորում են արցախցիներին, ինչն էլ տիրաժավորվում է նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցներում։ 2020-ի պատերազմից հետո նոր միտում առաջացավ՝ արցախցիների թիրախավորումը հասավ քաղաքական բարձր ամբիոններ։ Պատերազմի հետևանքով առաջացած ներքաղաքական լարվածության պայմաններում արցախատյացությունը դարձավ իշխանական քարոզչության բաղադրիչներից մեկը։ Չի կարելի ասել, որ դա համակարգային բնույթ է կրում, սակայն հատկանշական է, որ քարոզչական զինանոցում նույն պատումներն են, որոնք տեղ են գտնում կենցաղային խոսույթում։ Փոխադարձ վիրավորանքներով, պիտակավորմամբ հագեցած քաղաքական խոսքի մեջ այդ պատումները հարմար տեղավորվում են։ Հնչելով բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից՝ այդ պատումները որոշակի լեգիտիմություն են ստանում, իսկ թիրախավորող խոսքը սովորական երևույթ է դառնում։

Օրինակ, բավականին տարածված պատումը՝ պատերազմի ժամանակ արցախցիների համատարած դասալքության մասին, լայն արձագանք է գտնում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հանրային խոսքում։ 2023-ի հուլիսի վերջին իր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի սադրիչ հարցից հետո վարչապետը հունից դուրս է գալիս և սկսում է մեղադրանքներ տեղալ արցախցիների հասցեին «փախուստի» համար՝ հավելելով, որ Ղարաբաղի բարբառով խոսելը չի նշանակում հերոս լինել։ Ստեփանակերտում Աննա Հակոբյանի հիմնադրամի ամանորյա միջոցառման չեղարկումն առիթ հանդիսացավ, որ նա նույնպես թիրախավորի արցախցիներին՝ մեղադրելով նրանց վախկոտության և երեխաներին քաղաքականացնելու մեջ։ Լարված հարաբերությունները Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առաջացնում են փոխադարձ մեղադրանքներ, որտեղ հաճախ կոնկրետ անձանց հասցեին հնչած խոսքերը մատուցվում են ընդհանուրին վերաբերվող ձևով։ Այսպես, Ալեն Սիմոնյանի խոսքը «մնալ կռվելու» մասին դժվար է ընկալել որպես մի քանի հոգու ուղղված, ինչպես ինքն է պնդում։ Մինչդեռ, նույնիսկ մի քանի հոգու ուղղված լինելու պարագայում այդ բառերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ և լեգիտիմացնում են մերկապարանոց մեղադրանքներն առ այն, որ Հայաստանի կողմից տրամադրված զենքի հանձման համար պատասխանատու է միայն Արցախի իշխանությունը։

Թիրախավորման մեկ այլ բաղադրիչ առնչվում է բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատված արցախցիների կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մասնակցությունը Հայաստանի քաղաքական այնպիսի գործընթացներում, ինչպիսին են ըննդիմության ցույցերը, խտրական վերաբերմունքի առիթ է իշխանական գործիչների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար։ Փաշինյանի կարծիքով՝ Արցախի ժողովուրդը նախկինում պետք է եղել իշխանություն պահելու համար, իսկ ներկայումս  ընդդիմության կողմից օգտագործվում է որպես «ցույցի մատերիալ»։ Հայաստանում քաղաքական գործընթացներին արցախցիների մասնակցության քննադատության փաշինյանական մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ նրանք հայաստանյան ընտրություններին չեն մասնակցել և նրանց գործողությունները հավասարեցվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից քաղաքական ակցիաներին միանալուն։ «Հայաստանի ընտրված ղեկավարին մեղադրելով՝ արցախցին անուղղակի ու՞մ է մեղադրում»․- ասում է վարչապետը։ Նույն տրամաբանությունն է իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքի մեջ․ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»։

Ընդդիմության ակցիաներին մասնակցելու պատճառով թիրախավորման մեկ այլ հայտնի օրինակ է ցուցարարների գաղտնալսման՝ Քննչականի կոմիտեի նյութը, որտեղ խոսում են Ղարաբաղի բարբառով։ Այս ձայնագրությունը տարածել են բոլոր իշխանական մեդիա ռեսուրսները, այդ թվում «Հանրայինը» և հիմնականում շեշտում էին, որ խոսողներն Արցախից են։ Զավեշտալի է, որ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման մեջ խոսակցությունը «թարգմանել» են, բայց ոչ թե գրական հայերեն, այլ արարատյան բարբառով։ Իշխանական լրատվամիջոցներն այդ ցույցերը լուսաբանում էին այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե մասնակիցների մեծ մասն արցախցի է, այսինքն՝ քաղաքացի չհանդիսացող անձինք, եկվորներ։ Այստեղից ուղղակիորեն բխում է արցախցիների և հատկապես Արցախի ղեկավարության պիտակավորումը որպես արտաքին ուժերի (իմա՝ Ռուսաստանի) շահերի սպասարկողներ։

Փաշինյանի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար․․․ և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն և ձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի Հանրապետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու նպատակով չօգտագործեն»։ Այն բանում, որ «որոշ արցախցիներ», մասնավորապես, Սամվել Շահրամանյանը, արտաքին ուժերի կողմից է կառավարվում ի վնաս Հայաստանի, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կասկած չունի։ Նրա խոսքերով, Շահրամանյանին «դեսանտ» են իջեցրել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունը լուծարելու նպատակով։ Անգամ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը խտրական դրսևորումներ ունի, երբ հատուկ ընգծվում է իշխանությունը յուրացնելու փորձի մեջ մեղադրվող անձանցի մի մասի ԼՂ նախկին բնակիչ լինելու հանգամանքը։

Վերոնշյալ կեղծ պատումներով չի սահմանափակվում արցախցիների թիրախավորումը։ Տարածված է նաև նրանց «անշնորհակալ» լինելու մասին թեզը, ըստ որի կառավարությունից աջակցություններ են ստանում, բայց շարունակում են բողոքել։ Փաշինյանն այդ մասին ուղղակի ասաց․ «դավաճանական կառավարության աջակցություններն ինչու՞ եք ստանում»։ Կարելի է հիշատակել նաև արցախցիների նույնականացումը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ։

Այս ամենով հանդերձ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որն է այդ ամենը հնչեցնելու մոտիվը, և ինչպես պետք է դրա դեմ պայքարել։ Ոմանք ակնհայտ անձնական նախապաշարմունքներ ունեն, բայց ավելի հիմնավոր է սեփական ձախողումների մեղքը այլոց վրա բարդելու բացատրությունը։ Պարտությունը և Արցախի կորստի մեղքը վերջինիս ղեկավարությանը և բնակիչներին վերագրելը հարմար է Հայաստանի իշխանությունների համար և այն պատճառով, որ ինքնին խոցելի վիճակում հայտնված և լեգիտիմ ներկայացվածությունից զրկված մեղադրվող կողմը չի կարող համարժեք պատասխան տալ, և որ այդ տեսակետը հանրության մի մասի մոտ ողջունվում է։ Մեկ այլ պատճառ է, որ քաղաքական գործիչը կամ լրատվամիջոցը ատելության խոսքի և պիտակավորման համար էական պատասխանատվություն չի կրում։

Մերկապարանոց պատումները հանրայնացնելով և լեգիտիմացնելով՝ Հայաստանի իշխանավորները վտանգավոր ճանապարհի վրա են։ Որոշակի լսարանի համար ականջահաճո խոսքեր ասելու համար բաժանարար հռետորաբանության օգտագործումն առաջին հերթին վնասում է Հայաստանի հասարակական համերաշխությունը և թունավոր հոգեբանական մթնոլորտ է ստեղծում։ Այս առումով, կա բարձր հավանականություն, որ գալիք ընտրություններին ընդառաջ նման անընդունելի դրսևորումները կշատանան։

Հասարակության մեջ առկա անհանդուրժողականությունը, փոխադարձ ատելությունը ավելի խորքային պատճառներ ունեն և «ղարաբաղցի-հայաստանցի» տարբերակումից եկող էմոցիաները մեծ խնդրի մի բաղադրիչն են։ Դրանց հաղթահարումը երկարատև, բազմակողմանի ջանքեր է պահանջում։ Կարևոր է, որ այստեղ տաբու թեմաներ չլինեն, հարցի մասին շատ խոսվի, քննարկվի բոլոր կողմերի հետ՝ կարծրատիպերը ջարդելու նպատակով։

Քաղաքական խոսքում և մեդիայում այդպիսի դրսևորումներն ավելի վտանգավոր են, ու դրանց դեմ ավելի թիրախային պայքար պետք է մղել։ Ալեքսանդր Սիրունյանի դեպքը ցույց տվեց, որ նրա բացահայտ արցախատյաց լինելու մեջ իշխանությունը խնդիր չէր տեսնում, մյուս կողմից՝ բավարար հակազդեցությունն արդյունք է տալիս։ Սիրունյանի առաջադրման չեղարկման ուղղությամբ հայաստանյան քաղհասարակության մի շարք կազմակերպություններ զգալի ներգրավվածություն են ունեցել։

Արցախցիների թիրախավորման դրսևորումների դեմ պայքարում շատ կարևոր դերակատարում ունի մեդիան։ Հայաստանում կան խոշոր լրատվամիջոցներ, որոնք իրենց հրապարակումներում միշտ կառուցողականորեն անդրադառնում են թեմային և լայն հանրային հնչեղություն ապահովում։ Պետք է փորձել ազդել նաև այն լրատվամիջոցների վրա, որոնք հակաարցախյան պատումներ են տարածում, աշխատել դրանց խմբագիրների հետ։

Արամ Թադևոսյան

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ

“Արցախցիներին «եղբայրներ-քույրեր» անվանելու փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է ընդունեն, որ նրանք մազապուրծ են եղել ցեղասպանությունից”

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախցիներին «եղբայրներ-քույրեր» անվանելու փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է որոշում ընդունեն, որ նրանք մազապուրծ են եղել ցեղասպանությունից։

«2023 թվականի հոկտեմբերի 26-ին ոչ թե պետք է ընդունեին այդ խայտառակ որոշումը, այլ պետք է ընդունվեր որոշում՝ ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում վերադարձնել իրենց տները Արցախում, նրանք բոլորը ցեղասպանությունը վերապրած մարդիկ են»,- ասաց Ալավերդյանը։

“Բա եթե պիտի Ղարաբաղը տայինք ու հանգիստ ապրեինք, հիմա Սյունիքի ու միջանցքի հարց ինչո՞ւ է առաջացել”

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հայտարարեց, որ Բաքվի ցեղասպանական գործողությունները շարունակվում են։ «Բա եթե պիտի Ղարաբաղը տայինք ու հանգիստ ապրեինք, հիմա Սյունիքի ու միջանցքի հարց ինչո՞ւ է առաջացել, որովհետեւ իրականում թուրք-ադրբեջանական մտածողության տեսանկյունից նրանց գորոծղությունները չունեն տարածական ու ժամանակային սահմանափակում։ Չարաչար սխալվում են բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ 20-րդ դարում կարելի էր ցեղասպանություն անել, բայց 21-րդ դարում ո՞վ թույլ կտա, որ Թուրքիան կամ Ադրբեջանը նույնը շարունակեն։ Նույնը շարունակվել է 2020-2023 թվականներին։ Սա ամենակարեւոր դասն է, որը հուսահատության փոխարեն պիտի քաղենք եւ տարածենք»,- ասաց նա։

Էլբակյանն ասաց, որ այս օրը հիշատակում ենք հիմնականում Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, բայց պետք է խոսել նաեւ այն մասին, որ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթի են ենթարկվել նաեւ Գարդմանքի, Գանձակի, Շահումյանի, Մարտակերտի, Նախիջեւանի եւ այլ հայկական բնակավայրերի հայերը։ Հիմա այս շարքին գումարվել է նաեւ Արցախի Հանրապետությունն իր ամբողջ տարածքով եւ բնիկ բնակչությամբ։

Նա նաեւ դրվագներ ներկայացրեց ադրբեջանական ցեղասպան գործողություններից․ «Նախիջեւանում տարեց 80-ն անց կին կար, ադրբեջանցիները կենդանի-կենդանի բոլոր պահպանված ատամները քաշել հանել էին՝ խոշտանգելով»։

Ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի նկարն է, որի վրա երեւում են խոշտանգման հետքերը

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է հայ ժողովրդի հետ, դա ուղիղ շարունակությունն է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում հայերի նկատմամբ տեղի ունեցածի։

«Բաքվում գտնվող մեր հարազատների ու հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք։ Հրապարակվել են զեկույցներ, մանրամասն ներկայացվել են խոշտանգումների ու կտտանքների ապացույցներ։ Եվ ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, որի վրա շատ հստակ երեւում են խոշտանգման հետքերը։ Այն հայտարարությունները, որոնք արվել են եւ պարոն Վարդանյանի, եւ նրա պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից, եւս մեկ անգամ վերահաստատեցին մեր բոլոր մտահոգությունները ու մտավախությունները խոշտանգման եւ կտտանքների վերաբերյալ։ Այսինքն՝ որեւէ կասկած չունեինք, որ այդպիսին է իրավիճակը, բայց այն, ինչ ունեցանք, եւս մեկ անգամ եկավ վերահաստատելու մեր մտահհոգությունները։ Ըստ այդմ՝ մենք ուղղակի իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնենք բոլոր ջանքերը՝ Հայաստանում, Սփյուռքում, արտերկրում մեր բարեկամների շրջանում՝ օր առաջ մեր հայրենակիցներին հայրենքի վերադարձնելու համար»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա կոչ արեց հանրությանը՝ չլինել անտարբեր, ըստ Ստեփանյանի՝ մարդիկ պետք է հասկանան, որ պայքարում են ոչ թե կոնկրետ անձերի, այլ պայքարում են հայ ժողովրդի համար։ «Այնտեղ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը։ Երբ փորձում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա սլաքներն ուղղել եւ դրանով արդարացնել իրենց անգործությունը, մի մոռացեք, որ բացի նրանցից Բաքվում գտնվում են նաեւ 15 այլ քաղաքացիներ, որոնք գերեվարվել են իրենց տներից, ռազմի դաշտից, Լաչինի միջանցքից։ Շրջափակման ժամանակ էլի Արցախից բազմաթիվ կոչեր են հնչել, եւ ես պետք է ցավով ասեմ, որ այն ժամանակ եւս անտարբերությունը թոթափելու վարքագիծը չենք դրսեւորել։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու, պետք է թակել բոլոր դռները»,- ասաց նա։

 

 

Ակցիա Ծիծեռնակաբերդում. ցեղասպանությունը շարունակվում է՝ Սումգայիթում, այժմ՝ Բաքվի բանտերում

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Սումգայիթի ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում։ Ցուցարարները պահանջել են նաեւ ազատ արձակել Բաքվի բանտերից հայ գերիներին ու պատանդներին։

Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

“Դոգ”-ին որպես անօրինական միգրա՞նտ են ձերբակալել․ “Հետք”-ը գտել է նրա անունը

«Հետքը» պարզել է, որ Դոգ մականունով Վարդան Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով էլ լրատվամիջոցը գտել է Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։

Վերջին շրջանում Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ։

Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։

Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։

ՀՀ կառավարությունը հայազգի գերիների նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ է ստանում․ ԱԳՆ

Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական ​​բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:

Ամենից զատ և առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ:

Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց»: