Մյունխենի Անվտանգության կոնֆերանսից մեկ օր առաջ Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Դեպքի վայրում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը ստացել են միջինից մինչև ծանր վնասվածքներ։ Դատելով դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։

Bayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության գործադուլի մասնակիցների մեջ։ Ականատեսներից մեկն ասաց, որ մեքենան միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ։ Մյուս ականատեսները ասում են, որ ոստիկանները կրակել են վարորդի վրա: Իր հերթին ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը ողջ է և բերման է ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան վարել է Աֆղանստանի 24-ամյա մի քաղաքացի, ով գտնվում է Գերմանիայում՝ քաղաքական ապաստան խնդրելով։ Նա նախկինում ձերբակալվել էր գողության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Բավարիայի նահանգի վարչապետ Մարկուս Սյոդերը հաստատել է, որ ենթադրվում է, որ դա նպատակային հարձակում է եղել։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Մյունխենում բացվում է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։

Արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխությունները հաստատվեցին

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում:

Փոփոխություններով  կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝ հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներին ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։

Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։

Սահմանվում է նաև՝ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։

Որոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։

Սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։

Իրանի դեսպանը վաղուց էր հերքել Փաշինյանին և Զախարովային․ ճիշտ հասցեագրեք մեղադրանքը

Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը մեղադրեց հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգի կատարումը «բեմադրելու» մեջ։

«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ խնդիր առաջացնելն էր, այն ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Այդ երգը կատարողները Իրանի քաղաքացիներ էին։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր շրջանակներից նրանց վճարել էին, տարել կանգենցրել, երգել տվել, համացանց գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն են երգում, և ձերբակալվում է տեսանյութը տարածողը։

Փաշինյանն ըննդիմությանը մեղադրեց ՀՀ–ի դեմ տեղի ունեցող հիբրիդային պատերազմի մաս կազմելու մեջ։

«Դուք ուղղակի չգիտեք՝ ինչի եք մասնակցում, և ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստական օջախ, որպես ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցության ելույթների ընթացքում հնչում են նախադասություններ, դուք չգիտեք՝ դրանք որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել, իսկ ես գիտեմ, որովհետև նախքան ձեր կողմից հնչելը դա իմ ներկայությամբ հնչում է որպես փաստարկ ՀՀ–ի դեմ»,–ասաց նա։

Փաշինյանը հավանաբար նկատի ունի, որ Հայաստանի ընդդիմությանը ուղղորդում է Ռուսաստանը, սակայն աշխատում է ավելորդ անգամ չհիշատակել Պուտինի անունը։ Նույնը գերադասում է չանել ընդդիմությունը, մեղադրելով Փաշինյանին, թուրքերին, բայց ոչ Ռուսաստանին։

Այն ինչ, մի քանի օր առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է, որ Իրանի համար խնդիր է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները։ Նա ասել է, որ ոչ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ոչ ԱՄՆ-ի հետ ստորագրված խարտիան չեն անհանգստացնում Իրանին։ Հիշեցնենք, որ Ռուաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան համառ պնդում է, որ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը դեմ է Ռուսաստանին և Իրանին։ Իրանն ասում է՝ իմ համար ОК է:

Իրանի դեսպանը նաև նշել է, որ «կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև»։

Ո՞ւմ նկատի ունի Իրանը, պարզ չէ։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութի հրապարակումից եւ Ղարիբ Բաբայանի ձեռբակալումից հետո հենց ՀՀ ԱԱԾ-ն է սլաքները ուղղել դեպի Իրան։ Հիմա նույնը հայտարարում է Փաշինյանը, ասելով, որ դա Իրանի դեմ էր ուղղված, և Ադրբեջանը կապ չունի։

Տեղի է ունենում Արցախյան շարժման 37-րդ տարեդարձին նվիրված ժողով

Փետրվարի 13-ին Երեւանում՝ Ղարաբաղյան շարժման սկզբի 37-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղի է ունենում ժողով, որին մասնակցում են 30-ից ավելի պատգամավորներ և Շարժման ակտիվիստներ։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ափսոսանքով նշել է, որ մենք Արցախում չենք նշում Շարժման 37-ամյակը, սակայն պարտավոր ենք քայլեր ձեռնարկել Արցախ վերադառնալու կամքը պահպանելու ու պայմաններ ստեղծելու համար։

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշել է. Արցախը մեզ սպասում է։ Իրավապաշտպան Էդուարդ Փոլադովը կոչ է արել կազմակերպել արցախցիների կոմպակտ բնակեցում Հայաստանում, քանի որ ցրվելով աշխարհով մեկ՝ վերադառնալուց նրանց դժվար կլինի հավաքվել։

Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը վստահ է, որ միայն համայն հայության համախմբումը կարող է հնարավորություն ստեղծել հայկական արժեքները պահպանելու և վերադարձի գաղափարն իրականացնելու համար։

Հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը թվարկեց գործողություններ, որոնք կնպաստեն Արցախի պահպանմանը. Արցախի ժողովրդի մոբիլիզացիա, չվախենալ պահանջել սեփական իրավունքների պաշտպանությունը, դիմել միջազգային դատարան Ալիևի դեմ հայցով, հայության և աշխարհիի իրազեկել Արցախի և արցախցիների մասին, թույլ չտալ Հայաստանի իշխանությունների պառակտում առաջացնել հայ հասարակության մեջ։

Ակտիվիստ Գագիկ Ավանեսյանն իր ելույթում եւս ընդգծեց վերադարձի հարցում համախմբված աշխատանքի անհրաժեշտությունը։ Նա հիշեցրեց, որ Շարժումը սկսվել է փետրվարի 12-ին՝ Հադրութի առաջին հանրահավաքով, և կոչ է արել հավատարիմ մնալ ժամանակագրությանը։

Ալվարդ Գրիգորյան

Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է ձյուն, ապա տաքանալու է

Փետրվարի 13-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ. Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ նման եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև փետրվարի 15-ը։ Փետրվարի 16-ից հանրապետությունում կդիտվի չոր եղանակ:

Միաժամանակ օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ին կկազմի 0 աստիճան, Կոտայքում՝ +4, Գեղարքունիքում՝ +2։ Լոռիում և Արագածոտնում՝ +5, Տավուշում՝ +7։

Արարատում սպասվում է +6 աստիճան, Արմավիրում և Վայոց ձորում՝ +7, Սյունիքում +12 աստիճան:

Երեւանում փետրվարի 13-ին սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +7 աստիճան։

Շահրամանյանը հրամանագրով երկարաձգել է Արցախի ԱԺ լիազորությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։

ՀՀ իշխանությունն էլ է կողմ դրան՝ համարելով, որ ԱՀ պետական ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՀ խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, եւ աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել», գրում է թերթը:

Հիշեցնենք, որ արցախյան մի շարք հասարակական գործիչներ նոր ընտրությունների տարբերակներ են առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային։ Առաջարկվում է փոխել ներկայիս խորհրդարանի կազմը, որը անգործունյա է։ Առաջարկվում է խորհրդարանում ընտրել այն մարդկանց, որոնք իրոք ի վիճկի են ներկայացնել Արցախի եւ արցախցիների իրավունքները եւ շահերը։  Ներկայիս խորհրդարանը չի օգտվում բարձրագույն իր մանդատից։

Թրամփը զրուցել է Պուտինի և Զելենսկու հետ, Եվրոպան պահանջում է մասնակցություն բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է:

Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:

Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»:

Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը:

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»:

Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։

Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»:

«Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա:

Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ:

Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները:

«Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», – գրել է նա X-ում։

Զելենսկին նշել է, որ Թրամփն իրեն տեղեկացրել է նաև Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որի ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և սերտորեն աշխատել միասին:

Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը:

«Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», – նշել է Դոնալդ Թրամփը:

Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:

Զելենսկին ու Թրամփը պայմանավորվել են շարունակել կապը և պլանավորել առաջիկա հանդիպումները:

«Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների»՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ։ Այս կարծիքը հայտնել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը և Եվրահանձնաժողովը չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից անմիջապես հետո Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցից հետո։

«Ուկրաինայում արդար և տեւական խաղաղությունն անհրաժեշտ պայման է հուսալի անդրատլանտյան անվտանգության համար», – ասվում է փաստաթղթում։ Ինչպես ընդգծել են եվրոպացի դիվանագետները, իրենք անհամբեր սպասում են բանակցություններին «ամերիկյան դաշնակիցների հետ» հետագա գործողությունների վերաբերյալ: Ընդհանուր նպատակը պետք է «Ուկրաինան ուժի դիրք տեղափոխել», կարծում են հայտարարության հեղինակները։

Հացը

Շրջափակված Արցախում վերջին ամիսներին իրավիճակն ավելի էր սրվում, իսկ ցամաք հաց ձեռք բերելն օրախնդիր էր դարձել։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հացն Արցախում ստանում էին ոչ միայն ցորենի ալյուրից, այլև խառը՝ եգիպտացորենի և հացահատիկային այլ տեսակներից։ Վառելիքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից էր հնարավոր հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով։ Արցախում ոչ բոլորն էին կուշտ փորով քնում:

Ասկերան քաղաքում երկու փռում էին հաց թխում՝ Ալվարդի ու Մհերի։ Փռերի առջև մարդկանց անվերջանալի հերթեր էին։ Վաղ առավոտյան սկսվում էր ցուցակագրումը։ Ինչ որ մեկն անպայման իր վրա էր վերցնում այդ գործընթացը, իսկ հետո գալիս կանգնում փռի դռների դիմաց, որ կարգ ու կանոն պահպանի։ Արդարության սկզբունքով մարդիկ ստանում էին իրենց հասանելիք հացը։ Երբեմն էլ լեզվակռիվ էր սկսվում․ անգամ հացթուխներն էին խառնվում, սակայն հերթը խախտողները նորից հայտնվում էին իրենց տեղերում ու մոռանում, որ րոպե առաջ վիճում էին իրար հետ։ Հացի հերթերում խոսում էին ամեն ինչից, իրար ուժ ու հավատ ներշնչում, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ է սպասվում իրենց։ Մարդկանց ամենամեծ ցանկությունը կյանքի ճանապարհի բացումն ու Արցախում հանգիստ ապրելն էր։

Հացը հիմնականում գիշերներն էին թխում։ Ծնողների հետ եկած երեխաները խաղում էին Ասկերանի քաղաքային պուրակում և երազում, որ երկարի հաց ձեռք բերելու գործընթացը․ ախր այդ պուրակը շատ էին սիրում։

Հանկարծ հայտարարում են՝ հացը վերջացավ, ու սկսվում են մարդկանց տրտնջոցները, սակայն ինչ պետք է անեն․ առանց հացի վերադառնում են տուն՝ չմոռանալով ցուցակագրողին հորդորել վաղը ներկայանալ նույն ցուցակով։ Դե, բայց վաղը նոր օր էր բացվում, նախկին ցուցակն արդեն ուժ չուներ, ու սկսվում էին հաց հայթայթելու մարդկանց ջանքերը։

Արցախում հացերն արդեն բոլորովին ուրիշ տեսք ու համ ունեին, սակայն մինչև հիմա մենք շարունակում են զգալ այդ անհասկանալի տեսքով ու համով հացի բույրը։

Ասկերանում վերջին անգամ հաց է թխվել սեպտեմբերի 17-ին, իսկ ալյուրը, որ վարչակազմի միջոցով փռերի աշխատողներին տրվել էր սեպտեմբերի 19-ի նախօրեին, այդպես էլ մնաց չթխված։

Ալվարդ Ասլանյանի և Մհեր Աղաջանյանի հացի արտադրամասերը հաց են թխել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ․ ամեն օր՝ առանց դադարի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պենտագոն. Կիևը դժվար թե վերականգնի սահմանները և միանա ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո 1991 թվականի սահմաններին վերադարձն իրատեսական չէ։ Այս խոսքերը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը։

«ԱՄՆ-ը չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բանակցային կարգավորման իրատեսական արդյունք կարող է լինել»,- ասել է նախարարը։ Փոխարենը Ուկրաինային պետք է անվտանգության երաշխիքներ տրվեն «եվրոպական և ոչ եվրոպական զորքերի» աջակցությամբ, շարունակեց Պենտագոնի ղեկավարը։

«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելությունում և չպետք է ընդգրկվեն 5-րդ հոդվածով»,- հավելել է նա: «Անվտանգության ցանկացած երաշխիքի շրջանակներում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում»,- ասել է նախարարը։

Հեգսեթը հավելել է, որ ինքը նաև «անիրատեսական» է համարում այն, որ Ուկրաինան կկարողանա վերադառնալ 1991 թվականի սահմաններին, որոնք կային մինչև 2014 թվականին Ղրիմի բռնակցումը։

«Մենք ցանկանում ենք, ինչպես դուք, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա: Բայց մենք պետք է սկսենք նրանից, որ Ուկրաինան վերադարձնելը մինչեւ 2014-ի սահմաններին անիրատեսական նպատակ է, – նշել է նախարարը։ Այդ պատրանքային նպատակի հետապնդումը միայն կերկարացնի պատերազմը և ավելի շատ տառապանքներ կբերի»:

Սեպտեմբերի 19-ին՝ հարձակումից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Դավիթ Իշխանյանին

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Նա ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Արցախի ԱԺ նախագահ, ներկայում Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանին։ «Պատգամավորներով Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի հետ գտնվում էինք Ասկերանում, Ալեն Սիմոնյանը զանգեց Դավիթ Իշխանյանին: Երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց՝ հիմա եմ հասկանում, թե ինչու էր Ալեն Սիմոնյանը զանգել։

Ալեն Սիմոնյանը երեք անգամ հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է, Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից էր հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է, երեք անգամ նույն հարցը կրկնելուց եւ դրան հաջորդած առաջին կրակոցները լսելուց հետո բոլորս հասկացանք, որ Ադրբեջանը պետք է հարձակվի: Այդ մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց գործողությունների եւ հանցավոր անգործության մասին»,- ասել է Դավիթ Գալստյանը։

Նա հավելել է․ «Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաեւ այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, եւ պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է, շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Եվ այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն»։

Ավելի քան 320 մարդ շարունակում է այցելել Հադրութի ստեղծագործական կենտրոն, այժմ Հայաստանում

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը արցախյան այն սակավ կազմակերպություններից է, որը, չնայած բոլոր խոչընդոտներին, շարունակում է իր առաքելությունը բռնի տեղահանության պայմաններում։

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնադրվել է 90-ականների սկզբին։ Ժամանակի ընթացքում մեր մասնաճյուղերը բացվեցին Հադրութի շրջանի բազմաթիվ գյուղերում։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի և Հադրութի օկուպացիայի արդյունքում Կենտրոնի անձնակազմը շրջանի ողջ բնակչության հետ միասին լքեց հայրենիքը՝ թողնելով իր ողջ ունեցվածքը։

Հետագայում, հաստատվելով Հայաստանում, սկսեցինք մտածել մեր համայնքը, մշակույթն ու ավանդույթները պահպանելու մասին։ Այսպես, 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Արցախի կառավարության և Հայաստանի գործընկերների, այդ թվում՝ Իգիթյանի Ազգային կենտրոնի, Տերյան մշակութային կենտրոնի և այլոց աջակցությամբ, կարողացանք վերսկսել Կենտրոնի աշխատանքը Երևանում։

Հետագայում մեր մասնաճյուղերը բացվեցին Հայաստանի այլ վայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում։ Կազմակերպության նպատակն է համախմբել բոլոր արցախցիներին և պահպանել մեր դարավոր ժողովրդի ընդհանրությունը, մշակույթն ու ավանդույթները։

Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ նկարչություն, խեցեգործություն, ձեռագործություն, գոբելեն, գորգագործություն, փայտամշակում և այլն։ Խմբակներն անվճար են։

Ինչպես նաև անվճար անցկացվում են տարբեր մասնագիտական ​​դասընթացներ՝ գործվածքի, հագուստի ձևավորման և այլն, որին մասնակցում են ոչ միայն երեխաներն ու երիտասարդները, այլեւ հասուն մարդիկ։ Նրանք սովորում են նոր հմտություններ, որոնք հետագայում հնարավորություն են տալիս աշխատելու համապատասխան մասնագիտությամբ։

Ներկայումս մասնաճյուղեր ունենք Ռանչպար, Մուղնի, Ոստան և այլն գյուղերում։ Ընդհանուր առմամբ Կենտրոն է այցելում շուրջ 320 մարդ Արցախից և Հայաստանից։

Մեր աշակերտները բազմիցս մասնակցել են տարբեր տոնավաճառների ու ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Ուսուցչական կազմը բաղկացած է 25 հոգուց, նրանք նույնպես Հադրութի շրջանից են և Արցախի այլ վայրերից։

Մինչև 2023 թվականի սեպտեմբերը մեր Կենտրոնը պետական ​​էր, և աշխատակիցների աշխատավարձերը վճարվում էին Արցախի պետական ​​բյուջեից։ Հիմա, ցավոք սրտի, կենտրոնը գործում է բացառապես հասարակական հիմունքներով»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը։

Արսեն Աղաջանյան