Փաշինյանի «իրական Հայաստանի» համար 70 հոգի չի հավաքվի. նա կհամոզի առանց տեսախցիկի, քանի որ ամոթ է

Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում «իրական Հայաստանի» թեման քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը հրապարակել է ինչ-որ գաղափարախոսություն, որն առաջարկում է դարձնել «իրական Հայաստանի» հիմք, իմա՝ Սահմանադրություն։

Փաշինյանը խոստովանել է, որ հայ ժողովուրդը չի ընդունում ապազգային, հակապատմական ր հակապետական, իրավազուրկ և սահմանազուրկ Հայաստան-խաչմերուկի գաղափարը։

Նա այդ թեմայով անհաջող հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, սակայն նույնիսկ «ոչ դաշնակցական» հայ հանրությունը չի «ողջունել» «իրական Հայաստանի» գաղափարը։

Ավելին՝ փետրվար 12-ին ազգային երեք ավանդական կուսակցությունների՝ ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել առ այն, որ կշարունակեն ջանքերը ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլև հատուցման հասնելու համար, ընդ որում՝ հավելեալ թափով։ Կշարունակվեն ջանքերը, ուղղված արցախահայության իր հայրենիք վերադարձի իրավունքի ապահովելուն, Բաքվում գերևարված Արցախի ղեկավարության և այլ քաղբանտարկեալների ազատ արձակման։ «Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր», ասված է հայտարարության մեջ: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել։

Թուրքիայի նախագահը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Հայաստանի կառավարության հետ խնդիր չունենք, «խաղաղությանը» խանգարում է Սփյուռքը։ Եւ քանի որ Փաշինյանը Սփյուռքում գեթ մեկ մարդ չի գտել, որը հրապարակավ կպաշտպաներ իր «գաղափարախոսությունը», քանզի Սփյուռքին «վախեցնելու» ոչինչ չունի, նա որոշել է ուղղակի «անջատել» Սփյուռքը Հայաստանում կատարվող իրադարձություններից եւ «վախեցնել» ՀՀ քաղաքացիներին։

Նա իր մոտ խմբեր է հրավիրում, որոնց կասի այն, ինչ ասել է 7 տարի առաջ․ ես ձեր տղաներին կազատեմ հանուն հայրենիքի զոհվելու պարտականությունից, քանի որ եթե Հայաստանի «իրական» սահմանները ճանաչվեն, պատերազմ չի լինելու, բանակի կարիք՝ առավել ևս չի լինի։ Նա չի կարող դա ասել հրապարակավ, քանի որ ամոթ է, այդ պատճառով հրավիրում է իր մոտ փոքր խմեր, հասկանալով, որ նույնիսկ 70 հոգի չի հավաքվի այդ «գաղափարախոսության» շուրջ»։ Եւ այդ հանդիպումները հրապարակային չեն լինի։

Տրամաբանությունը չի փոխվել․ 2018-ին Փաշինյանը ասում էր «ընտրողներին», որ ձեր տղաները այլևս չեն զոհվի Ղարաբաղի համար։ 2021-ին նա «ընտրողներին» ասել է, որ կատարել է խոստումը, իսկ եթե «նախկինները» գան իշխանության, ապա տղաները կրկին կզոհվեն հանուն Ղարաբաղի։ Հիմա նա կասի, որ թույլ չի տա տղաները զոհվեն հանուն «ոչ իրական Հայաստանի», և եթե այն ժամանակ «մեղավորը» «Ղարաբաղյան կլանն» էր, հիմա Դաշնակցությունն է և ամբողջ Սփյուռքը։

Որ ոք չի ուզում, որ իր տղան զոհվի, նույնիսկ հանուն Հայաստանի։ Եւ Փաշինյանը կհամոզի մարդկանց, որ ավելի լավ է Հայաստանը ոչ թե պետություն, այլ խաչմերուկ լինի, բայց տղաները չզոհվեն, քան մենք մեր իրավունքների և հողերի տեր կանգնենք, և կրկին պատերազմ լինի։

Եթե չուզենաք «ինտեգրվել» խաչմերուկին, ինչպես արցախցիները չուզեցան, կմնաք առանց տուն-տեղ, իսկ «չուզողները» կհայտնվեն Բաքվի բանտում։ Իսկ եթե «իրական Հայաստանը» չստացվի, կապրեք այլ երկրի կազմում։ Մեկ է՝ Հայաստանում պետական ավանդույթը մոռացվել է։

Այդ ամենը առանց տեղախցկի կասվի, որ մարդիկ չամաչեն իրենց ընտրությունից։

«Ես Զելենսկիին դիկտատո՞ր եմ անվանել։ Չեմ հավատում, որ կարող էի դա ասել»․ Թրամփ

Հինգշաբթի օրը BBC-ի թղթակից Քրիս Մեյսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի ներկայությամբ Դոնալդ Թրամփին հարցրեց, թե արդյո՞ք նախագահ Թրամփը դեռևս Զելենսկիին բռնապետ է համարում:

«Ե՞ս էի դա ասել։ Չեմ հավատում, որ ես դա կարող էի ասել», – պատասխանել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը իր սեփական «Truth Social» սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որում Ուկրաինայի նախագահին անվանել էր «բռնապետ առանց ընտրությունների»։ Այն բանից հետո, երբ Զելենսկին համաձայնեց մետաղների գործարքին և ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, Թրամփը փոխեց կարծիքը:

Զելենսկին ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ այսօր պայմանագիր կստորագրվի Ուկրաինայի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների պաշարները ԱՄՆ-ին փոխանցելու մասին։ Պուտինն առաջարկել է Թրամփի հետ նույնանման համաձայնագիր ստորագրել ռուսական տարածքների, այդ թվում՝ Դոնբասի մետաղների վերաբերյալ։

Վերլուծաբաններն ասում են, որ Թրամփին անհրաժեշտ է կես տրիլիոն դոլար արժողությամբ մետաղների գործարքը, որպեսզի ամերիկացի ժողովրդին բացատրի Պուտինի հետ իր հանցավոր գործարքը և Ուկրաինայի մասնատումը: Մարդիկ հասկանում են միայն «փողի լեզուն», և եթե ամերիկացիներին ասեն, որ պատերազմի համար իրենց փողերը իզուր չեն վատնվել, նրանք «կմարսեն» Թրամփի գործարքը Պուտինի հետ և Ուկրաինայի մասնատումը՝ որպես «կայսրությունների» բաժանման մաս։

New Perspective. արցախցիների հետ աշխատում են Արցախում ողբերգությունն ապրած մարդիկ

Արցախում 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները հոգեբանական խորը տրավմա են պատճառել մեր հայրենակիցներից շատերին։

«Խորապես գիտակցելով հարկադիր տեղահանության պայմաններում Արցախի ժողովրդի հոգեբանական աջակցության կարևորությունը՝ մենք հավաքել ենք արցախցի հոգեբանների թիմ։ Այսպես առաջացավ «New Perspective» նախաձեռնությունը։ Ծրագրի առաքելությունն է վերականգնողական տարբեր մեթոդներով նպաստել արցախցի հայրենակիցների համայնքային մտածելակերպի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև նրանց ինտեգրմանը նոր հասարակությանը։

Նախաձեռնությունը գործում է բացառապես անհատույց հիմունքներով։ Մեր բոլոր մասնագետները Արցախից են։ Մինչև բռնի տեղահանումը, ապրելով հայրենիքում անմարդկային շրջափակման պայմաններում, նրանք չեն դադարեցրել աշխատանքը՝ իրենց հայրենակիցներին ցուցաբերելով անհրաժեշտ հոգեբանական օգնություն։ Հայրենիքից հեռու, անորոշության պայմաններում մեր մասնագետներն ուժ գտան շարունակելու այս չափազանց կարևոր առաքելությունը։

Մեր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շահառուների հետ աշխատում են մարդիկ, ովքեր իրենք են ապրել Արցախում տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես նաև ամեն օր հաղթահարում են դրա հետևանքները։ Սեանսներն անցկացվում են արցախյան բարբառով, որն ավելի ջերմ ու վստահելի մթնոլորտ է ստեղծում։

Նախագիծը արագ զարգանում և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Մեզ մոտ աշխատում են ոչ միայն հոգեբաններ, այլև սոցիալական աշխատողներ և պարուսույց։ Այս կերպ մենք նաև պահպանում ենք արցախյան մշակույթը։

Այս փուլում նախագիծը իրականացվում է Indie Peace անկախ կազմակերպության կողմից՝ Եվրամիության աջակցությամբ և ընդգրկում է Երևանը, Մարտունին և Ստեփանավանը։ Ծրագրի շահառուներն ի սկզբանե եղել են միայն Արցախից բռնի տեղահանվածները։ Սակայն այժմ մենք աշխատում ենք նաև Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ, որպեսզի ապահովենք բոլոր անհրաժեշտ պայմանները Արցախի բնակիչների շփման և նոր հասարակության մեջ ինտեգրվելու համար։

Այսօր նախագծում ներգրավված է մոտ 200 մարդ։ Դատելով դրական արձագանքներից՝ նախագիծն օգնեց ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլեւ բարերար ազդեցություն ունեցավ նրանց ընտանիքների վրա, ինչից ելնելով տեսնում ենք դրա շարունակականության անհրաժեշտությունը։

Առաջիկայում նախատեսում ենք բացել հասարակական կազմակերպություն, ինչպես նաև ընդլայնել ծառայությունների շրջանակը և գործունեության աշխարհագրությունը։ Մասնավորապես, մենք ցանկանում ենք նախագիծը սկսել Հայաստանի հեռավոր շրջաններում»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց «New Perspective» նախագծի համակարգող Կատերինա Կալոեւան։

Արսեն Աղաջանյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթում տեղի ունեցածի կապակցությամբ

1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով:

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին: Նա ինստագրամի իր էջում տեղադրել է Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում եւ լուսանկար:

Աբդուլլահ Օջալանը կոչ է անում աջակիցներին վայր դնել զենքերը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքերը և ցրել PKK-ն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Իր ուղերձում նա փաստացի հանդես է եկել թուրքական պետության դեմ զինված պայքարի դադարեցման օգտին։

«Ես ստանձնում եմ պատմական պատասխանատվությունը զինաթափման այս կոչի համար: Անցկացրեք ձեր համագումարը և որոշումներ կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու վերաբերյալ։ Բոլոր խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը, իսկ ՔՍԿ-ը պետք է ցրվի»,- ասել է նա։

Ավելի ուշ քրդամետ DEM կուսակցության համանախագահ Թայիփ Թեմելի օգնականը պարզաբանեց, սակայն, որ Օջալանի կոչը չի վերաբերում Սիրիայի հյուսիս-արևելքում գործող խմբավորումներին։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ պատիժ է կրում Մարմարա ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում։ Թուրքիայում արգելված է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Ակցիաներ ի պաշտպան Ռուբեն Վարդանյանի և մյուսների։ Ա․ Քոչարյանի տարoրինակ արձագանքը

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաք է կազմակերպվել՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայերի:

Նշենք, որ երեկ համացանցում տարածվեցին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները դատարանի դահլիճից, որտեղ նա հյուծված տեսք ունի:

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը երեկ հայտարարություն է տարածել՝ ահազանգ հնչեցնելով։ “Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,-հայտարարել է Վարդանյանի փաստաբանը։

Նշենք նաև, որ Ռուբեն վարդանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսի դեմ:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հագանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ ի աջակցություն  Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության։

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։

Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»։

Բաքվում պահվող գերիների մասին խոսում է նաև իշխանությունը։ Սկզբից Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ գերիներից ցուցմունքներ են կորզում հոգեմետ դեղեևորի օգտագործմամբ, իսկ հետո Արարատ Միրզոյնը սկսեց տարվեր ատյաններում խոսալ գերիների խնդրի մասին։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր նույնիսկ հայտարարել է, որ «եթե նայենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք: Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ պահի քո դեմ”:

Նա ասել է, որ դատավարությունն կօգտագործվի ՀՀ-ի դեմ: “Դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք  է երկրի համար»,-ասել է Քոչարյանը: 

Էթնիկ զտումն ուղեկցվել է արցախահայության դեմ դաժան հանցագործություններով

«2020 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, որի ընթացքում Արցախի եւ Արցախի բնակչության համար ստեղծվեցին գոյաբանական լուրջ խնդիրներ»,- այսօր «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ եւ հնարավորություններ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ Գոռ Պողոսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի եւ պատերազմի վարման նորմերին։ Խոսքն ինչպես քաղաքացիական բնակչության թիրախավորման, արգելված զինատեսակների կիրառման, ռազմագերիների եւ զոհվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային խոտանգումների մասին է, այնպես էլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման։

Ըստ Գոռ Պողոսյանի՝ Արցախի հայաթափումը տասնամյակներ շարունակ եղել է ադրբեջանական իշխանությունների գերնպատակը։ Ուստի, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը նպատակ էր հետապնդում արցախցիներին ահաբեկել, էթնիկ զտումների ենթարկել եւ իրենց սեփական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքից զրկել։ Նա հավելեց, որ Արցախի հայաթափման վաղեմի ծրագրի մասին են վկայում պատմական իրադարձությունները, մասնավորապես, 1918-1920 թվականներին Արցախը ենթարկեցնելու Ադրեբջանի անդադար ջանքերը, որոնք մշտապես ուղեկցվել են հայության հոծ զանգվածների ջարդերով, կոտորածներով ու թալանով։ Ասվածի վառ վկայությունն է 1920 թվականին Շուշիի հայության կոտորածը։ Այս պատմական իրադարձությունները սերտորեն կապված են ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Ադրբեջանը տառապում է հայատյացության ամենասուր ախտանիշով, որն անպատժելիության պայմաններում հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների անընդհատ կրկնությանը։

«44-օրյա պատերազմն ամենեւին էլ վերջ չդրեց Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին։ Այս ամենը չարժանացավ միջազգային հանրության եւ կառույցների համապատասխան արձագանքին ու հանգեցրեց հումանիտար սարսափելի աղետի։ Ադրբեջանը փակեց արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։ Շրջափակումը խաթարեց արցախահայության կենսագործունեությունը եւ վտանգանեց մեր կյանքի անվտանգությունը։ Միջազգային հանրության հռչակագրային բնույթ կրող խոսքերը, առանց գործնական քայլերի, բնավ չկանգնեցրին Ադրբեջանին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված ԼՂ բնաչության վրա, որին հաջորդեց արցախահայերի էթնիկ զտումը։ Արցախի էթնիկ զտումն ուղեկցվել է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտումներով, արցախահայության դեմ դաժան հանցագործություններով։ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձեռնամուխ եղավ հանցագործությունների, որոնք ներառում էին ապօրիի ձերբակալություններ, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ խաղաղ բնակչության շրջանում, ահաբեկելով ու բռնության ենթարկելով նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին։ Այս իրադարձությունների բերումով գոյաբանական խնդրի առաջ կանգնած արցախահայությունը ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Փաստորեն, Ադրբեջանի դաժան գործողությունները ոչ միայն նպատակ էին հետապնդում հասնելու տարածքային հաջողությունների, այլ ակնհայտ կերպով հետանդում էին հայի ինքնության վերացման նպատակներ։ Այս ամենը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է, որը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ»,- նշեց Պողոսյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանն այսօր էլ չի դադարեցնում հայերի ինքնության ու պատմական վկայության ոչնչացումը։ Բաքուն շարունակում է իրականացնել հայկական մշակութային ժառանգության սպանդ՝ հետեւելով իր որդեգրած մշակութասպան քաղաքականությանը։ Արցախի հայկական կրոնական ու մշակութային հուշակոթողներից շատերը ոչնչացվել, պղծվել ու այլախեղվել են, իսկ մյուսը մասը շարունակում են գտնվել լիակատար ոչնչացման վտանգի տակ։ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակարգրի, Ժնեւի կոնվենցիայի եւ դրա լրացուցիչ արձանագրությունների, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ մի շարք այլ կոնվենցիաների հիմնարար դրույթները։

«Մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները, ցավոք, այսօր չեն ստացել համապատասխան պատիժ, ինչի ուշացման պարագայում ծնվելու են այլ հանցանքներ։ Այսօր խախտված են արցախահայերի հիմնարար իրավունքները, մասնավորապես, մեր հայրեիքի վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը, որի շուրջ միջազգային հանրությունը պարտավոր է հստակ դիրքորեոշում հայտնել եւ գործուն քայլեր ձեռնարկել։ Անհրաժեշտ են հստակ միջազգային մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախահերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հազարամյան հայրենիք»,- նշեց Գոռ Պողոսյանը։

Նա հավելեց, որ արցախցիների միասնական ընդհանուր գաղափարն է՝ վերադարձ իր պատմական հայրենիք։ «Մեր միության առջեւ դրված գերնպատակը համարում ենք արցախահայերի՝ միջազգային ամուր երաշխիքներով ապահովված անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ու բնական կենսագործունեությունը հազարմյա հայրենիքում։ Եվ մեր ուժերը կենտրոնացնում ենք մեր նպատակները միջազգային բոլոր կարող դերակատարներին տեղ հասցնելու, Արցախի խնդիրը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված Սումգայիթի խաչքարի մոտ

Մարիամ Ավագյան-ը գրոմ է․

Փետրվարի 28-ին, ուրբաթ օր է, ժամը 12:00-ին հավաքվում ենք Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված Սումգայիթի խաչքարի մոտ՝ հարգելու սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և հիշեցնելու համայն հայությանը, որ մեր հանդեպ մեր կենսատարածքում ցեղասպանությունը ընթացքի մեջ է, կենսական պահանջ է միակուռ կասեցնելու այն։

Իրար միացնող կամուրջը՝ Հադրութի Մարիամաձորը

Պարբերաբար Ադրբեջանական լրատվամիջոցերը կադրեր են հրապարակում այսպես կոչված գյուղերի «ապամոնտաժումներից»: Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի զոհ է դարձել Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, որը հայտնի էր իր պատմամշակութային բազմազան ժառանգությամբ և համախմբված բնակչությամբ:

Գյուղում էր գտնվում 1601 թվականին կառուցված Սբ. Մինաս եկեղեցին, որը սովետական միության ժամանակ փորձում էին ոչնչացնել: Առանձնահատուկ էր նաև երկու եղբայրների կողմից կառուցված և գյուղի երկու թաղամասերը իրար միացնող «աղպըրին կամուրջը», որը կառուցվել էր 17 րդ դարում և ծառայում էր գյուղին իր կառուցման պահից մինչ 2020 թվականի բռնի տեղահանումը:

Գյուղացիները մեծ հպարտությամբ են հիշում իրենց գյուղի աղբյուրների մասին, որոնցինց գրեթե յուրաքանչյուրի մոտ սեղան էր դրված, որոնք օգտագործվում էին գյուղացիներով հավաքվելու համար: Առհասարակ ինչպես նրանք են նշում, շատ համերաշխ էին, ամեն օրը փորձում էին տոն դարձնել, իսկ բոլոր տոները միասին էին նշում:

Գյուղում զբաղվում էին գրեթե ամեն ինչով, բայց առանձին տեղ էր զբաղեցնում գինու և օղիի պատրաստումը՝ գրեթե բոլորի տանը կաին օղի թորելու հայտնի «գործարանները»: Գյուղացիներով սիրում էին մոշի գնալ, իսկ Դիզափայտ՝ «կրմզուկ» հավաքելու, որը վերջում վերածվում էր իհարկե գյուղացիներով քեֆի:

Հիմա բնակչության մեծ մասը ապրում է Հայաստանում, փորձում են հարմարվել իրականության ու թերևս հին օրերի նման չեն կարողանում հավաքվել, բայց կապը և ավանդույթները փորձում են պահել: Գյուղացիներից շատերը նշում են, որ կարոտից զատ, ինչպես մյուս արցախցիները, բախվել են նաև սոցիալական մի շարք խնդիրների՝ աշխատանք, սեփական տների բացակայություն և օրեցօր բարձրացող գներ:

Ոմանք նաև առանձնացնում են, որ այժմ հնարավորություն չունեն նույն ծավալով գյուղատնտեսությամբ զբաղվել, ինչ ծավալով զբաղվում էին գյուղում, և ստիպված են գնել գյուղամփերք, իսկ հիմնական աշխատանքը Երևանում է, կամ մայրաքաղաքին մոտ, ինչի պատճառով ստիպված են բնակություն հաստատել հենց այդ բնակավայրերում:

Այս ամենի կողքին իհարկե առանձնացնում են սեփական տանիքների բացակությունը, ինչի ձեռք բերումը էականորեն կթեթևացնի սոցիալական բեռը, ինչու չէ, նաև հոգեբանական լարվածությունը և մի փոքր կավելացնի վստահության զգացողությունը վաղվա օրվա հանդեպ:

Ալվարդ Գրիգորյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրեց Սումգայիթի զոհերի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել:

«Այսօր մենք միանում ենք հայերին՝ սգալով և տուրք մատուցելով 1988 թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թրամփը կվերականգնի՞ Արցախի հարցով Մինսկի խումբը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ԱՄՆ կատարած վերջին այցը կարծես թե չի կոտրել սառույցը Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև: Այցից հետո Թրամփի «հակաեվրոպական» հռետորաբանությունն ավելի ծայրահեղ է դարձել։

Այս ֆոնին Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովի կազմի փոփոխությունից հետո Հայաստանն ակնկալում է եվրոպական միջնորդական առաքելության վերսկսում և Կայա Կալլասի այցը Հայաստան և Ադրբեջան։ Երեկ Արարատ Միրզոյանը նույնիսկ զանգահարել է տիկին Կալլասին, սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հիմնականում խոսել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին։ Այցի ամսաթիվը դեռ պարզ չէ, ամբողջովին պարզ չէ նաև, թե արդյո՞ք նոր եվրոպական միջնորդությունը կլինի Շառլ Միշել-Մակրոն նախաձեռնության շարունակությունը, որի արդյունքում Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունվեց որպես կարգավորման մեկնարկային կետ:

Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները հանկարծակի հիշել են Եվրոպայում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ՝ 1991 թվականի սահմաններին իբր Ռուսաստանի վերադարձին հասնելու համար։ Սակայն այսօր Թրամփը արդեն հայտարարել է, որ կփորձի Ուկրաինային «վերադարձնել» հնարավորինս շատ օկուպացված հողեր, «բայց դա դժվար կլինի»։ Այսինքն՝ Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագիրը կորցրել է իր արդիականությունը, և «խորհրդային սահմաններն» այլևս գոյություն չունեն։ Իսկ Պարույր Հովհաննիսյանի դիմումը ԵՄ-ին՝ միջնորդությանը վերադառնալու խնդրանքով, վկայում է այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև «երկկողմ ձևաչափը» նույնպես սպառել է իրեն։

Արցախյան հիմնախնդրի լուծման միակ ձևաչափը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը սառեցվել էր 2020 թվականի Արցախում պատերազմից և վերջնականաապես՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Ռուսաստանը Մինսկի խմբի սառեցումը բացատրեց նրանով, որ արևմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իբր չեն ցանկանում կապ հաստատել Մոսկվայի հետ։

Այժմ, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկու փուլն արդեն կայացել է, և նախագահ Մակրոնը մեկնել է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին և պատրաստ է զանգահարել Պուտինին, Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն ավելի քան արդիական է դառնում։

Դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ Մինսկի խումբը գրեթե միակ օրինական հարթակն էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի համար, որտեղ այս երեք ուժային կենտրոնները համագործակցում էին, և ոչ միայն Արցախի հարցում։ Արցախի հարցը միակն էր, որի վերաբերյալ երեք համատեղ հայտարարություն արեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Եվ դրանցից ոչ մեկում որևէ հիշատակում չկար «խորհրդային սահմաններին» կամ Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Փոխարենը անդրադարձ է եղել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներին՝ ներառյալ ինքնորոշումը և ուժի չկիրառումը։

Հիմա ժամանակն է վերսկսել Մինսկի խմբի ձևաչափը, հրաժարվել Պրահայի համաձայնագրից և տխրահռչակ «խորհրդային» սահմաններից և գործել միջազգային իրավունքին համապատասխան։ Ավելին, եթե Պաղեստինի հակամարտությունում ԱՄՆ-ը խոսում է Իսրայելի «բիբլիական իրավունքի» մասին այդ հողերի նկատմամբ, ապա «պատմական իրավունքի» սկզբունքը պետք է գործի նաև Հայաստանի հանդեպ։

Քանի դեռ Մինսկի խումբը չի վերսկսել իր աշխատանքը, փորձեր են արվում ստիպել Հայաստանին անել քայլեր, որոնք կհանգեցնեն անշրջելի որոշումների։

Նաիրա Հայրումյան