Month: Փետրվար 2025
Էդգար Ղազարյանի գործ․ Անկախության հռչակագրի հիշատակումն արդեն “կրիմինալ” է
Ազատություն
Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի՝ նրա խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց, նրան արգելվում է հրապարակայնորեն քննադատել իրավապահ և դատական համակարգերը։ Ղազարյանի փաստաբանները հայտնում են, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի։
Նախկին պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Youtube-ում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանին ու փաստաբաններին Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեղադրանքի առիթն ամիսներ առաջ Ղազարյանի արած արտահայտություններն են:
Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:
«Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», – երեկ ասել էր Ղազարյանը։
Վերջինս մեղադրանքը չի ընդունում:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանին վրդովեցրել էր այն, որ դատարանն իր որոշման մեծ մասում անդրադարձել է Անկախության հռչակագրին, ու, իր գնահատմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային դուր եկող տեսակետ է հայտնել:
Փաստորեն, Անկախության հռչակագրի մասին նույնիսկ հիշատակումն է “կրիմինալ” համարվում։
Թրամփի մամուլի քարտուղար. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է ավարտվել առաջիկա երկու օրվա ընթացքում
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմում բեկման մասին։ Նա պնդում է, որ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Լևիտի խոսքերը մեջբերել է The Hill-ը։
Թրամփի խոսնակը շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, զրուցել է լրագրողների հետ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կարող է ավարտվել առաջիկա երկու օրվա ընթացքում։ «Նախագահը շատ վստահ է, որ մենք կարող ենք դա անել (վերջացնել հակամարտությունը – խմբ.) այս շաբաթ»,- ասել է Լևիթը։
Նա պարզաբանել է, որ Սպիտակ տունը այս հարցի շուրջ բանակցություններ է վարում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Պաշտոնյան մանրամասներ չի հայտնել։
Հատկանշական է, որ նույն օրը Թրամփը հայտարարեց հաջորդ երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպման մասին։
Զգուշացում Պուտինի խոստովանահորից. Կարսի պայմանագիրը մնում է կասկածի տակ
Ռուս ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոն Շևկունովը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի հոգևոր խոստովանահայրը, հայտարարություն է արել բյուզանդական մեծությանը վերադառնալու մասին։ Կադրերը հասանելի են «Ուկրաինա 365» Telegram ալիքում։
Ռուսաստանը և Թուրքիան Բյուզանդական կայսրության փլուզումից հետո վերջին մի քանի դարերի ընթացքում պայքարում են «Երրորդ Հռոմ» կոչման համար։ Տարածքային առումով Թուրքիան գրավել է Արևելյան Հռոմեական կայսրության մեծ մասը, սակայն Մոսկվան համարում է, որ Ռուսաստանն է դրա «ուղղափառության» հոգևոր ժառանգը։
Շևկունովը քննադատել է Ռուսաստանի իշխանությունների՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փորձը։ Միտրոպոլիտի կարծիքով՝ դա երկիրը կտանի դեպի 1917 թվականի կրկնություն, երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը։
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փլուզվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Ռուսական և Օսմանյան։ Ռուսաստանը 1917-18 թթ հրաժարվել է իր բազմաթիվ գաղութներից՝ հօգուտ Թուրքիայի։ Իսկ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը հայկական հողերը բաժանեցին երկու երկրների միջեւ։
«Մեր իշխանություններից շատերը ամերիկացիների հետ հանդիպումից հետո բարձր ոգևորված են։ Բայց բոլոր մեծ ուղղափառ կայսրությունները՝ Բյուզանդիան և Ցարական Ռուսաստանը, ընկան լատինների, Արևմուտքի մեքենայությունների պատճառով։ Աստված մեզ համար փրկեց Ռուսաստանը, ծնկներից բարձրացրեց, և պետք չէ նորից խոնարհվենք Արևմուտքի առաջ։ Ես տեսնում եմ, որ շատերն արդեն ուզում են խաբվել, և մեզ սպառնում է վերնախավի պառակտում, ինչպես 1917 թվականին… Մինչ Ամերիկան գայթակղում է մեզ, Սատանայի որդի Զելենսկին հյուսում է իր ինտրիգները Թուրքիայում, որտեղ սուրբ Կոստանդնուպոլիսն է։ Սա սատանայի ծաղր չէ՞: Բայց մենք թույլ չենք տա, որ նա տոնի իր հաղթանակը։ Եվ ես հավատում եմ, որ Կոստանդնուպոլիսը կվերադառնա իր հայրենի նավահանգիստ, ինչպես Ղրիմը»,- ասել է Շևկունովը:
Նոր աշխարհակարգը կկառուցվի ոչ թե Երկրորդ, այլ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման վրա։ «Վերանայումը» սկսվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան փորձեցին հիմք ստեղծել 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի երկարաձգման համար։ Բայց նույնիսկ 2023-ի ագրեսիայից և Արցախից հայերի բռնագաղթից հետո 1921-ի պայմանագրերի օրինականությունը մնում է հարցականի տակ։
Ռուսաստանն ու Թուրքիան պնդում են, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ Կարսի պայմանագիրը «գետնի վրա խարսխելու» և ամերիկյան արբիտրաժին վերադարձը կանխելու համար։
Հռոմի պապի վիճակը «կրիտիկական է». Վատիկան
Վատիկանը շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրել է որպես «կրիտիկական»:
Հռոմի պապին, որ շուրջ 10 օր հոսպիտալացված է, լրացուցիչ թթվածին և արյան փոխներարկում է անհրաժեշտ եղել:
Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ուներ, դրանից հետո նրա մոտ երկու թոքերում էլ թոքաբորբ է ախտորոշվել:
Մի քիչ էլ կցրտի
Թրամփը սպառնում է Ուկրաինային կտրել Starlink-ից. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հսկայական ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով ստորագրել համաձայնագիր ուկրաինական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը Ամերիկային փոխանցելու մասին։ Օգտագործվել են նույնիսկ սպառնալիքներ. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։
Ըստ նրանց՝ Սպիտակ տունը սպառնում է անջատել ուկրաինական Starlink արբանյակային կապը, ինչը խիստ կարևոր է Ուկրաինայի զինված ուժերի համար մարտի դաշտում։ Համակարգի անջատման դեպքում ուկրաինական ուժերի վիճակը կտրուկ կվատթարանա, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։
«Starlink-ի հասանելիության հարցը բարձրացվել է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է գործարքի առաջին տարբերակը»,- ասվում է հոդվածում։
Սպառնալիքը, ըստ աղբյուրների, կրկին հնչել է հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպման ժամանակ։ Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինային սպառնում է Իլոն Մասկի ծառայության «անխուսափելի» դադարեցումը, եթե նա հրաժարվի Վաշինգտոնին հանձնել իր հանքային ռեսուրսների մի մասը՝ նախկինում տրամադրված ռազմական օգնության դիմաց: «Սա մեծ հարված կլինի Ուկրաինային»,- ասել է աղբյուրը։
Նշենք, որ, ըստ լուրերի, Թրամփը ցանկանում է, որ Կիևը որպես «փոխհատուցում» իրեն իրավունք տա իր հանքային ռեսուրսների 50%-ի հանդեպ՝ մոտ 500 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը մոտավորապես 4-5 անգամ գերազանցում է այն օգնության չափը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային վերջին 3 տարիների ընթացքում։ Ընդ որում, փաստաթղթի առաջին տարբերակը չէր պարունակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, ինչը չէր ընդունել Զելենսկին։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ինչից հետո բախվել է Թրամփի ու նրա թիմի հրապարակային վիրավորանքներին ու սպառնալիքներին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները փոխել է փաստաթուղթը՝ ներառելով Ուկրաինայի ղեկավարի որոշ ցանկությունները։ Երեկ՝ փետրվարի 21-ին, Թրամփը հրապարակավ սպառնացել է, որ Ուկրաինան «դժբախտության մեջ կհայտնվի», եթե Զելենսկին կրկին հրաժարվի ստորագրել համաձայնագիրը։ WSJ-ն պնդում է, որ ուկրաինացի առաջնորդը կարող է ստորագրել սկանդալային փաստաթուղթը արդեն այսօր՝ փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում է Диалог-ը։
Ալիևը Ստեփանակերտում “բացում է” վաղուց գործող հյուրանոցները և փող լվանում
Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։
Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։
Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը (որը ԽՍՀՄ ժամանակ “Ղարաբաղ” հյուրանոց էր ), 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Բաքվի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։
Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ։
Հյուրանոցները ժամանակ առ ժամանակ են բացվում, քանի որ մուտքը Արցախի մայրաքաղաք փակ է սովորական ժողովրդի համար։ Այնտեղ ապրում են հիմնականում զինվորականներ եւ շինարարներ։ Համալսարանը, ինչպես ասում են, 3 ամիս ցուցադրական գործելուց հետո փակվեց։
Թե ում համար է Ալիևը պահում Արցախի բնակավայրերը, կարելի է միայն կռահել։ Սակայն “նախկին բնակիչների տուն վերադառալու” պլանը կարծես տապալվում է։ Ո՞վ պիտի վերադառնա, եթե 40 հազարանոց Ստեփանակերտում մինչ 1988 թ․ առավելագունը 5 հազար ադրբեջանցի էր բնակվում, այն էլ՝ մասնավոր սեկտորում։
Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերով
Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սիրելի´ հայրենակիցներ
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Սահմանադրության «փոփոխությունը»՝ Փաշինյանի համար իշխանությունը պահելու երաշխիք
Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է, երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։
Նա նաև ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։
Այս արտահայտությունը բացահայտում է ոչ միայն Փաշինյանի և հայկական պետության շահերի ահռելի հակասությունը, որը նկատում է Բաքուն։ Այնտեղ գիտեն, որ Փաշինյանի հետ ստորագրված պայմանագիրը կարող է այդպես էլ թղթի կտոր մնալ։ Նրանց պետք է ավելի հզոր երաշխիք, քան Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ նման երաշխիք կարող է լինել միայն հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը, որը կհաստատի հայ ժողովրդի «կամքը»՝ հրաժարվել սեփական իրավունքներից, հողերից, ինքնությունից եւ վերածվել անարմատ խաչմերուկի։
Իր հերթին, Սահմանադրության փոփոխության «մտադրությունը» կարող է Փաշինյանի համար իշխանությունը երկարաձգելու երաշխիք լինել։ Ասկերովը փաստորեն ասում է, որ Փաշինյանն իրենց համար արժեք ունի միայն Սահմանադրության փոփոխությամբ։
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը:
Բաքուն պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրության մակարդակում հրաժարվի Հայաստանի և Արցախի միացումի մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից և Ցեղասպանության 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից զավթած հայկական տարածքներից։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:
Նա ասել է, որ Սահմանադրության նոր նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026-ի ընտրությունները։
Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, արդարացնելով այն «իրողությունների փոփոխությամբ»։
Հայաստանի քաղաքական ուժերը միանգամից հայտարարեցին, որ Փաշինյանը կատարում է Բաքի պահանջը, ինչը անընդունելի է։ ՀՀ կառավարությունը հերքում է, որ դա Բաքվի պահանջն է։ Բացի այդ, ակնարկներ են հնչում, որ կարող է Սահմանադրության ոչ մի փոփոխություն էլ չլինի։
NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող, ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ լավագույն դեպքում հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, և 2026 թվականին ձևավորվելիք նոր խորհրդարանը նույնպես պետք է մասնակցություն ունենա Սահմանադրության ձևավորմանը։
«Այս իշխանությունը շատ ռեֆորմներ է տապալել, կա նաև հավանականություն, որ սահմանադրական ռեֆորմը ուղղակի չի ստացվի տեսանելի ապագայում»,–ասել է նա։
Վերլուծաբանները ասում էին, որ Ալիևը «համաձայնվել է» ընդունել Փաշինյանի «խոստումը»՝ փոխել Սահմանադրությունը, ինչն էլ Փաշինյանի համար իշխանությանը մնալու երաշխիք է դարձել։
Ստեփանակերտի` ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերի տեղում կառուցվում են «Հաղթանակի պուրակ» և մզկիթ

«Սա նոնսես է, անգրագիտության գագաթ։ Սա ասում է՝ պետք է նույն խուժան խորհրդարանական համակարգը մնա»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում։ Նա հանրահավաքների շարք է սկսում։
Հայրիկյանն ասաց, որ իր ծրագիրը հետեւյալն է՝ հանրության կողմից լիազորություն ստանալու դեպքում իշխանություններին պահանջներ է ներկայացնելու։ «Ասելու ենք՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քննարկմանը ներկայացրու բացարձակ ժողովրդավարության իմ նախագիծը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան պետք է տաք, դուք կես միլիարդ արդեն աշխատավարձ եք տվել (սահմանադրական հանձնաժողովների անդամներին – խմբ․) եւ ոչինչ չեք արել։ Մինչդեռ, նորմատիվ ակտով նախատեսված է, որ այլընտրանքային տարբերակներն ու առաջարկները նույնպես պետք է քննարկվեն։
Եթե Նիկոլ Փաշինյանը հակառակվում է, ուրեմն առավել եւս ինքը չի կատարում իր պարտականությունները, ինչպես շատ դեպքերում չի կատարում նորմատիվ ակտով սահմանված իր գործերը։ Ինքը դա պետք է կատարի, նախագիծն անմիջապես գնում է Ազգային ժողով, որովհետեւ մասնագիտական հանձնաժողովը չի կարող դրական կարծիք չտալ քաղաքացիների իրավահավասարությունը երշախավորող, Հայաստանն աշխարհի թիվ մեկ ժողովրդավարական պետություն դարձնող նախագծին։ Պառլամենտում, ես վստահ եմ, որ երկու շաբաթվա ընթացքում դա կընդունվեր, կսահմանվեր օրը, եւ Սահմանադրության հանրաքվե, որից հետո՝ նոր ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում էր մասնակցել ընտրություններ, պետք է հրաժարական տար։ Ինչ վերաբերում է իրեն պատասխանատվության կանչելուն, մանավանդ ապօրինի աշխատավարձեր տալու համար, դա արդեն այլ հարց է։ Սրանից ելնելով է, որ ասում եմ՝ ամենաուշը երեք ամսվա ընթացքում մենք կարող ենք ունենալ նոր ընտրություններ՝ արտահերթ»,- ասաց նա։
Պարույր Հայրիկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո իշխանության պետք է գա իսկապես ժողովրդավարական եղանակով ձեւավորված նոր իշխանությունը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարություններին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ իշխանությունները շեշտադրում են, որ կառավարման համակարգը չի փոխվելու։ Այնինչ, աշխարհում նոր Սահմանադրություն ընդունում են այն դեպքում, երբ կառավարման համակարգը պետք է փոխվի։ Եթե ոչ, պետք չէ, որ Սահմանադրությունը փոխվի, մի քանի փոփոխություն են կատարում գործողի մեջ։ «Այսինքն՝ սա նոնսես է, անգրագիտության գագաթ։ Սա ասում է՝ կառավարման համակարգը պետք է նույն խուժան խորհրդարանական համակարգը մնա։ Այնպես որ, իր այդ կետերի մեջ անմիջապես Սահմանադրության հետ կապված գրեթե ոչինչ չկար։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս գոնե հանրագիտարաններում կարդալ, թե ինչ է նշանակում գաղափարախոսություն, որովհետեւ խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն»,- ասաց Հայրիկյանը։