
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները բողոքի ակցիա են իրականացնում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի կյանքը։
«Յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը կարող է ճակատագրական լինել, այսօր դեռ հնարավոր է փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը, վաղն արդեն ուշ է լինելու։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի հստակ պարտավորություններ գերիների պաշտպանության, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների տրամադրման եւ նրանց ընտանիքների հետ կապի ապահովման հարցերում։ Եվ հենց այս հիմնավորմամբ մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին»,- հայտարարեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության ներկայացուցիչ Նարինե Աղբալյանը։
Նա ասաց, որ «Կարմիր խաչը» պետք է նաեւ անհապաղ միջոցներ ձեռնարկի Բաքվում գտնվող բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ են խոշտանգումների փաստերը։
«Բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, ովքեր մանդատ ու իրավասություն ունեն, պետք է անհապաղ միջամտեն՝ հետաքննելու այդ խոշտանգումների փաստը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու»,- ասաց նա։
Աղաբալյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանն արդեն 14 օր է՝ հացադուլի մեջ է, նրա վիճակը կրիտիկական է, պետք է կանխել հնարավոր աղետը։