Սարո Սարոյան․ «Ողջ իմաստն այն է, որ հայկական պետականությունն ընդհանրապես իրավաբանորեն լուծարվի»

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

Պարոն Սարոյան, եղավ տեղեկություն, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի պայմանները, եւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» պատրաստ է ստորագրման։ Բայց մենք տեսանք, որ դրան հաջորդեցին Բաքվից հնչող այլ պահանջներ, իսկ երեկվանից Բաքուն սկսեց նաեւ ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, ինչի՞ կհանգեցնի մասնավորապես Ադրբեջանի այս վերջին պահանջների կատարումը՝ ԵՄ դիտորդների մանդատի չեղարկոեւմը ու միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշումը։

-Տեղի է ունենում հայկական պետականության լուծարման գործընթաց, եւ այդ գործընթաց կոնկրետ նպատակ ունի։ Այնպես չէ, որ դա ինքնանպատակ է, դրա հետեւում կանգնած են կոնկրետ ուժեր, եւ հիմնական խնդիրը Մերձավոր Արեւելքում թուրքական պետության առավել հզորացումն է ու դեպի Արեւելք ուղղելու քաղաքականությունը։ Այդ տեսանկյունից հատկապես Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվելու առումով Հայաստանն ուղղակի այնպիսի խոչընդոտ է, որը չպետք է լինի ընդհանրապես։

Երբ ես նշում եմ, որ կա թուրքական պետության ծավալման գործընթաց, դա առաջին հերթին Ադրբեջանի հետ մեկ միասնական օրգանիզմ ձեւավորելու հարցն է։ Եվ այդ նպատակին հասնելու համար գործարկվելու է որոշակի սցենար, որը երկու բաղադրիչ ունի։ Մեկն իրավական գործընթացն է, եւ ձեր նշած հարցի մեջ հենց իրավական կոմպոնենտը կա։ Այսինքն՝ պայմանների ընդունումը դա իրավական գործընթացի հետ է կապված։ Մյուսը՝ հայտարարություններ են տարածվում, թե Հայաստանը խախտել է ինչ-որ ռեժիմ, կրակոցներ եւ այլն։ Դա արդեն հողի վրա հարցի լուծման ճանապարհան է։ Երկու ճանապարհներով էլ զուգահեռ Ադրբեջանն իր հստակ քաղաքականությունն իրականացնում է։

Բայց ես ուզում եմ ասել, որ դա Ադրբեջանի քաղաքականությունը չէ, դա թուրքական պետության՝ իմ նշած այդ մեծ հրեշի ձեւավորման կոնտեքստում է կատարվում։ Ադրբեջանը պարզապես միջոց է, որպեսզի այդ քաղաքականությունը կարողանան առանց լուրջ խոչընդոտների իրականություն դարձնել։ Այդ խոչընդոտները կապված են 1915 թվականի Ցեղասպանության հետ, որը կաշկանդում է Թուրքիային՝ անմիջապես իր ձեռքով նման քաղաքականություն իրականացնել։ Դրա համար Ադրբեջանը հենց ընտրված է պաշտոնական Անկարայի կողմից, որպեսզի անի այն, ինչն ինքը պետք է անի, բայց չի կարողանում անել։ Այսինքն՝ նույն ցեղասպանական գործողությունները, հայկական պետականության լուծարման խնդիրը եւ այլն։

Այդ ամենն արվում է Ադրբեջանի ձեռքով։ Եվ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտն ըստ էության Ադրբեջան արհեստածին պետության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ սահման ունենալու խնդիր է լուծում, որի հետեւանքով հայկական պետականությունը պարզապես չի կարող գոյություն ունենալ, ինքը կույր աղիք է դառնալու, երբ ինչ-որ կերպ այդ պետություններն իրար հետ միավորվեն, եւ Հայաստանն այլեւս սահման չունենա Իրանի հետ։

Վերդառնալով Ադրբեջանի՝ արդեն այդ քաղաքականության համատեքստում կոնկրետ քայլերին, այդ երկու բաղադրիչները, որոնք նշեցի, իրավական եւ ռազմաքաղաքական, դրանք պետք է եւ տարանջատենք, եւ հասկանանք, թե որքանով են իրար հետ փոխկապակցված։ Ադրբեջանը խնդիր ունի իր բոլոր քայլերով ստանալ իրավական ամբողջ փաթեթը, որը կհիմնավորի, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետություն չլինի։ Դրա հետ կապված հիմնական գիծն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մեկուսանա իրավական հանձնառությունների եւ պահանջների ընդունման համատեքստում։ Դա մեկնաբանվելու է, որ Հայաստանը կամավոր ստանձնել է որոշակի պայմաններ եւ պարտականություններ, եւ դրանց չկատարումը հենց իրավական հետեւանքների է բերելու։

Իրավականի հետ միաժամանակ տեղի է ունենում տվյալ նպատակին հասնելու ռազմաքաղաքական բաղադրիչի գործարկումը, քանի որ մի բան է իրավական քեյսը, որը կլինի, բայց այլ հարց է, որ հայ ժողովուրդը՝ որպես կյանքի ու մահվան հարցի լուծում, ստիպված է լինելու դրան դիմադրել։ Եվ այդ դիմադրությունն արդեն պետք է լինի հողի վրա։ Եվ այդ ռազմաքաղաքական բաղադրիչը պետք է իրավականին զուգահեռ տարվի միչեւ վերջ, որպեսզի չեզոքացվի ամեն տեսակի դիմադրություն։ Այդ երկու զուգահեռ գործընթացներն են տեղի ունենում հիմա։

Կարծել այնպես, ինչպես կարծում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, որոնք թուրքական օրակարգ են սպասարկում, մտածելով, որ կարող են ինչ-որ կետի վրա Ադրբեջանին կանգնեցնել, դա մանկամտություն է։ Այդ իրավական փաթեթի գործարկման ողջ իմաստն այն է, որ հայկական պետականությունն ընդհանրապես իրավաբանորեն լուծարվի։ Եվ այդտեղ որեւէ պայման չի լինելու, վերջնագիծն այն է լինելու, ինչ եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում, այսինքն՝ երբ պետությունն ինքը կամավոր լուծարվում է։ Վերջին իրավական պայմանը, որից հետո այլ պահանջ Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան չեն ներկայացնի, դա Հայաստանի Հանրապետության ինքնալուծարման իրավական ակտի ընդունումն է։

Իրավական քեյսի ձեւակերպման գործընթացը պետք է տարանջատել ռազմաքաղաքական բուն հողի վրա տարածքների նվաճման կոնտեքստից, որովհետեւ մի բան է իրավական փաթեթը՝ որպես միջազգային հարաբերություններում իրավունքների ձեւակերպման հիմնական բաղադրիչ, բայց մի բան է, երբ կա ռազմական ուժ, որը կարող է ամեն դեպքում տապալել ցանկացած իրավական որոշում։ Եվ այդ իսկ պատճառով Ադրբեջանը զուգահեռ գնում է ՀՀ-ն ռազմաքաղաքական տեսանկյունից լուծարելու գործընթացի հունով։ Այսինքն՝ սպասել, որ երբեւիցե պատերազմ չի լինի, եւ կարելի է զիջել, զիջել, որ պատերազմ չլինի, դա այդպես չէ։ Որքան իրենք ստանան իրավական փաթեթի բոլոր բաղադրիչները, միեւնույն է, իրենք ռազմական գործողությունների դիմելու են եւ ոչնչացնելու են ամեն տեսակի ներուժ, որը հայկական պետությունը, հայ ժողովուրդը երբեւէ կարող է ունենալ՝ դիմադրելու համար։

-Իշխանությունը ի՞նչ նպատակ է հետապնդում, ամեն գնով ինչ-որ թո՞ւղթ ստորագրել այս փուլում Բաքվի հետ, ինչո՞ւ։

-Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության այդ քաղաքականությունը, որն իբրեւ թե ուղղված է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն, կոնկրետ գաղափարական բեռնվածության արտահայտություն է։ Այնպիսի գաղափարական բեռնվածության, որը հիմնվում է արդեն 30 տարի հայկական քաղաքական դաշտում կիրառվող այն հիմնական գաղափարի վրա, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ առավել կոնկրետ՝ հարեւանների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ամեն գնով, անգամ զիջելով ամեն տեսակի հայկական պահանջատիրություն, իրավունքներ, շահեր, ամեն ինչ, միայն թե ստանալու համար թուրքական կողմերի բարյացակամությունը, որպեսզի թույլ տան հայ ժողովուրդը այս տարածաշրջանում կարողանա ապրել։ Սա տարիներ շարունակ ասվել է նաեւ մեղմ ձեւով, հայ-թուրքական բարիշացման ինչ-որ կոնտեքստում՝ դրա տակ հասկանալով ոչ թե, որ թուրքական կողմն ինչ-որ հարցերում պիտի զիջի, այլ միանշանակ հայկական կողմը բոլոր տեսակի իր իրավունքներից ու շահերից հրաժարվելու խնդիր պետք է իր առաջ դնի եւ դրանով կարողանա ստանալ թուրքական բարյացակամությունը։

Հիմա էլ այդ քաղաքականությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականություն 2020 թվականից այս կողմ։ Այդ տեսանկյունից «Քաղաքացիական պայմանագիր» այդ խմբավորմանը թվում է, որ կկարողանա երբեւէ հասնել նրան, որ թուրքական կողմերը, տվյալ դեպքում Ադրբեջանը բավարարված կլինի այդ վերջնագրային բոլոր տեսակի իր պահանջներից, Հայաստանը կընդունի այդ պայմանները, եւ ի վերջո հանգիստ կթողնեն Հայաստանի Հանրապետությանը, եւ իրենք կկարողանան արդեն ինչ-որ մի պետություն կառուցել այստեղ։

Ընդհանուր գաղափարն իրենց մոտ այդպիսին է, դա նախորդ հարցուպատասխանի համատեքստում մանկամտություն կարելի է բնութագրել, բայց ամեն դեպքում դա է այդ մարդկանց մտածողության աստիճանը, խորության աստիճանն այդքան է, դրանից այն կողմ չկա։ Ես հիշում եմ մի շարք հարցազրույցներ, երբ լրագրողներն էլ փորձել են այդ նույն վարչախմբի այս կամ այն ներկայացուցչից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչ է անելու Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ պահանջները վերջ չունենան, եւ անվերջ նոր պահանջներ դրվեն։ Իրենք այս հարցին երբեք չեն կարողացել պատասխանել, մշտապես իրենց բնույթին հարիր ստի եւ կեղծիքի մեջ փորձել են համոզել մեր հանրությանը, թե իբրեւ դա համոզելու խնդիր է։ Այնպես, ինչպես իրենց կարծիքով իրենք մեր հանրությանն են փորձում համոզել, նույնն էլ պաշտոնական Բաքվին կամ Անկարային համոզելու հարցն է, մտածում են՝ եթե լավ համոզեն, կկարողանան թուրքական ախորժակը բավարարել եւ հասնել նրան, որպիսի իրենք այլեւս հանգիստ թողնեն Հայաստանի Հանապետությանը։

Բայց բնականաբար դա երբեք չի կարող լինել, եւ այս տեսանկյունից ՀՀ բարձրագույն ղեկավարության քաղաքականությունը, ինչպես վերջին 4 տարվա ընթացքում կրախի է ենթարկվել, նույն կերպ շարունակելու է կրախի ենթարկվել։ Իրենք երբեք ադեկվատ չեն լինելու այն իրավիճակին, որը կա Հայաստանի շուրջը, եւ այսպես Հայաստանն իր բոլոր տեսակի իրավունքները և ազգային շահերը զիջելու է Ադրբեջանին։ Դա անկասելի է լինելու, քանի դեռ այս իշխանությունը կառավարման լծակներն իր ձեռքում է պահում։

Բաքուն կդիմի՞ լայնածավալ հարձակման, մենք երեկվանից տեսանք տարբեր երկրների արձագանքը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Հարավային Կովկասում հակամատությունը պետք է ավարտվի։

-Երբ նշեցի, որ կա երկու՝ իրար փոխլրացնող ծրագիր, որոնք ունեն իրավական եւ ռազմաքաղաքական լուծման ճանապարհային քարտեզ, բնականաբար հիմնական շեշտը դրված է հենց ռազմաքաղաքական լուծման վրա։ Այսինքն՝ իրավական բոլոր տեսակի այդ պահանջների կատարումը դեռեւս վերջնականապես չի լուծում հայկական հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Դրա լուծումն այն է, երբ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում կկանգնի թուրքական զինուժը, եւ հայ ժողովուրդը կամ կլքի այս տարածքը, ինչպես լքեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, կամ կենթադրվի այն նույն զտմանը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ բուն Թուրքիայի տարածքում։ Սիմվոլիկ առումով  իրենք կարող են ազգային ինչ-որ օջախ պահել ժամանակավոր, ձեւական, ասենք մի 10 կամ 20 տարի, որը հենց թուրքական քաղաքականությունն է այն մասին, որ հայերը պետք է թանգարանային նմուշ լինեն աշխարհում, քանի դեռ իրենք այս տարածաշրջանը յուրացնում են։ Եվ այդ տեսանկյունից, իհարկե, իրենք հենց դա էլ իրականացնելու են, այսինքն՝ զուտ կոնսերվացնելու են ինչ-որ մի փոքր տարածք, որտեղ հայերն ինչ-որ նմուշ են պահվելու։

Այդ խնդրի լուծումը լինելու է ռազմական ուժի միջոցով, որը միակ ճանապարհն է հոգեբանորեն ամբողջ ազգի կերպարի ոչնչացման համար։ Մենք նորից պետք է մեր աչքի առաջ ունենանք Արցախը և հասկանանք, որ այդ շրջափակման և մյուս գործողությունների նպատակն էր, որպեսզի հոգեբանորեն ինքնալուծարման այդ գործընթացը տեղի ունենար։ Հիմա բնականաբար այդ ինքնալուծարման գործընթացին հասնելու, հոգեբանորեն ջարդելու համար իրենք ռազմական ուժի դիմելու են։ Եվ մտածել, որ երբևէ առանց ռազմական ուժի դա կլինի, տեղին չէ։

Երբ ինչ-որ իքս ժամանակի թուրքական կողմերը կկարողանան աշխարհում այդ համաձայնություններն արտաքին խաղացողների հետ իրականացնել, և այդ աչքակապությունն արդեն ակնհայտ կդառնա, դրանից հետո պատերազմը թակելու է մեր դուռը։ Հիմա, իհարկե, Ադրբեջանը ցանկանում է դա շատ շուտ լուծել, այս ամիսների ընթացքում լուծել։ Քանի դեռ կա դիմադրություն աշխարհում ինչ-որ ուժերի կողմից, իրենք զուգահեռ ՀՀ իրավական լուծարման, ապամոնտաժման քաղաքականությունն են իրականացնում՝ ակտիվ պահելով ռազմական ուժի կիրառմամբ ուղղակի ՀՀ խնդիրը լուծելու տարբերակը։ Երբ կգնահատեն, որ ունեն համապատասխան աջակցություն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կողմից, որ կարող են դա իրականություն դարձնել, եւ այն դիմադրությունը, որն աշխարհում կարող է լինել, երկրորդային է, բնականաբար, միանգամից այդ ռազմական բաղադրիչը մտնելու է կիրառության մեջ։

-Հայաստանում լուրջ դիմադրություն չկա ՔՊ-ական իշխանության այս գործողություններին, ինչո՞ւ։

– Հայաստանում դիմադրություն կա, այնպես չէ, որ դիմադրություն չկա։ Այն, ինչ «Քաղաքացիական պայմանագիր» այդ վարչախումբը կատարում է, դրան դիմադրություն։ Հարցն այլն տեղ է, մենք արդյունք չենք տեսնում, եւ այդպես ենք գնահատում, որ դիմադրություն չկա։ Խնդիրն այնտեղ է, որ դիմադրող ուժերը փակուղու առաջ են կանգնած, որովհետև մի կողմից ողջ հանրության ուղեղը լցրել են, որ «մենք թույլ ենք, մենք փոքր ենք, մենք քիչ ենք, մենք անկարող ենք, մենք անզոր ենք»։ Մյուս կողմից, եթե մենք փորձենք դիմադրել, դա միանգամից պատերազմի առիթ կդառնա, մենք չենք կարող դիմադրել, մեզ կոչնչացնեն։

Խաղաղությունը դարձել է մի մանթրա, որը բոլորին կաշկանդում է, այսինքն՝ քաղաքական բոլոր առողջ ուժերը, ովքեր փորձում են այս կամ այն կերպ դիմադրել, դեմ են գալիս այդ խաղաղության պատին և այդ պատը չեն կարողանում անցնել։ Դրա համար է, որ թվում է, թե դիմադրություն չկա, բայց միավորները, ուժերը անհատները, ովքեր խոսում են, որ կա ճանապարհ և պետք է դիմադրել, իրենք պետք է կարողանան այդ խաղաղության պատն անցնել։ Այդ խաղաղության պատը կապված նրա հետ, որ ով դիմադրության մասին խոսում է, նա որակվում է որպես պատերազմի հրձիգ։ Այսպես 4 տարի մեկուսացրել են բոլորին, բոլոր դիմադրող շրջանակներին։

Քանի մենք այս պատը չենք անցել, քանի դեռ առողջ ուժերը, միավորները, անհատներն իրենց մեջ ուժ չեն գտնի ու չեն ասի, որ այլ ճանապարհ չկա, եւ պետք է մոբիլիզացվել՝ դիմադրելու և անգամ պատերազմի միջոցով դիմադրելու համար, մարդիկ անընդհատ չեն իմանալու, ինչպես խոսեն ու դիմադրեն։ Հայտնի բանաձև կա չէ՞, անընդհատ ասում են՝ «դուք ո՞ւմ կյանքերի գնով եք ուզում, ո՞ւմ երեխաների հաշվին եք պատերզմ ուզում», այսպիսի տարբեր մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ կան, որոնք կիրառվում են բոլոր առողջ խոսող ուժերի և անհատների դեմ եւ չեզոքացնում են այդ մարդկանց։

Ի վերջո մարդիկ պետք է ուժ գտնեն և ասեն, որ այլ կերպ հայ ժողովուրդը, Հայաստանի Հհանրապետությունը չեն լինելու, և միակ ճանապարհը դիմադրությունն է ինքնակազմակերպման ձևով՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու։ Խոսքն այն մասին չէ, որ Հայաստան պետք է հարձակվի Ադրբեջանի վրա կամ Թուրքիայի վրա, ներքին կազմակերպման մասին է խոսքը, և ներքին մոբիլիզացիան իսկապես պետք է բոլորին վերաբերի։ Բոլորը պետք է զբաղվեն իրենց ռազմական գիտելիքների, իրենց մարզական վիճակի, իրենց գաղափարական պատկերացումների հարցով։ Այսինքն՝ եթե ամբողջ ազգը մոբիլիզգացվի, արդեն աշխարհի համար հարցն այլ տեղ կդրվի, մեր թշնամիների համար հարցն ուրիշ տեղ կդրվի։

Հիմա, քանի դեռ սա չկա, բնականաբար թվալու է, թե մենք չենք դիմադրում, դիմադրություն չկա։ Այս փակուղուց դուրս չգալու դեպքում ՀՀ ինքնալուծարումն ընդամենը ժանանակի հարց է։

Ռոզա Հովհաննիսյան

Թրամփը հայտարարել է, որ վաղը կխոսի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի՝ մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը։

«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել»,- ասել է Թրամփը Ֆլորիդայից Վաշինգտոնն վերադառնալիս։

«Ցանկանում ենք տեսնել՝ կարո՞ղ ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին: Գուցե մենք կարող ենք, գուցե մենք չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք», – ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփի ներկայացուցիչ Ուիթքոֆը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո մեկնել է Բաքու։ Telegram-ի ալիքները նույնիսկ գրել էին, որ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը կկայանա Բաքվում։

Հիշեցնենք, որ 2017 և 2019 թթ Առաջին ժամկետում հենց Բաքվում կայացան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումները։

Արցախի մշակույթի պահպանումը առաջնային չէ․ 250 գործիչ լքել են Հայաստանը

“Արցախյան մշակոիւթի պահպանման կենտրոն” հասարակական կազմակեպույունը արդեն շուրջ մեկ տարի մեծ դժվարությամբ, բայց անկոտրուն կամքով գործում է Հայաստանում, նպատակ ունենալով պահպանել և հանրահռչակել արցախյանը:

Հիշեցնենք որ “Արցախյան մշակութային կենտրոն” հասարակական կազմակեպույունը ստեղխծվել է Արցախի օկուպացիայից և արցախահայության բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց: Կազմակերպության նպատակն է՝ ապահովել Արցախի ստեղծագոծական խմբերի հետագա գործունեթյունը, պահպանելով արցախյան մշակույթն ու ավանդույթները:

Կազմակերպությունը համախմբեց մշակութային 12 կոլեկտիվ, որոնք մեկ տարվա ընթացքում, չնայած ֆինանսական միջոցների սակավությանը և համապատասխան պայմաների բացայկայթյանը, հանդես են եկել մասնավորապես  Հայստանի սահմանամեձ բնակավայրերի բեմերում և տարբեր փառատուններում:

Կազմակեպությունը գործում է բացսռապես հովանվորչական սահմանափակ միջոցներով: 24 News-ի հետ զրուցում “Արցախյան մշակութի պահպանման  կենտրոն” հասարակական կազմակեպության նախագահ Ապրես Մարգարյանը նշել է․ “Կենտոնի գործունեթյան սկզբում մենք դիմեցինք Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարություն, ներկայացնելով առաջարկների փաթեթ, ուղված տասնամյակների պատմություն ունեցող Արցախյան մշակույթյին խմբերի գործունեության պահպանմանը, որպեզի պահպանվի դարերի ընթացքում Արցախում ստեծված մշակութային արտադրանքը և դրա հիման վրա ստեղծվի նորը։ Սակայն ՀՀ կառավարության հիմնական դիրքորոշումը այն էր, որ ներկա դրությամբ առաջնահերթ է լուծել սոցիալական բնույթի խնդիրները, այսինքն՝ արցախյան մշակույթային գործիչների աշխատանքի տեղավորման հարցը, իսկ ստեղծագոծական խմբերի գործունեության պահպանման հարցը կփորձենք լուծել հետո:

Ավելի ուշ մեր կողմից իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ 2024 թ․ դեկտեմբեր ամսվա դրոթյամբ Հայաստանում կար 1400 Արցախից տեղահանված մշակութային ոլորտի մասնագետ, որոնցից աշխատում են ընդհամենը 90 հոգի, իսկ 250-ը աշխատանքի բացակայության պատճառով արտագաղթել են”։

Արսեն Աղաջանյան

Հայաստանում միայն մեկ կուսակցություն է դիմադրության կոչ արել

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Երևանն ընդունել է Բաքվի բոլոր պայմանները և պատրաստ է ստորագրել այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, պատրաստ է հրաժարվել հայկական բոլոր իրավունքներից և երկիրը դարձնել առանց սահմանների «խաչմերուկ», Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել։ Ոչ ոք դուրս չի եկել բողոքի, չի պահանջել խորհրդարանական ժողով կամ հանրաքվե, ոչ էլ զանգվածային դիմադրության կոչ է արվել։

Համոզվելով, որ ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում դիմադրություն չկա, Նիկոլ Փաշինյանը սկսեց զանգահարել համաշխարհային առաջնորդներին՝ Ռուսաստանի, Իրանի և Ֆրանսիայի ղեկավարներին։ Դժվար թե դա հասնի Թրամփին, բայց պետք է ենթադրել, որ ցուցակում հաջորդը կլինի Էրդողանը:

Հայաստանում միակ կուսակցությունը, որը դիմադրության կոչ արեց, Ազգային ժողովրդավարական ​​բևեռն էր, որը կոչ արեց նաև շտապ ձևավորել նոր կառավարություն։

Սա ոչ թե երկու համահավասար կողմերի միջև կնքվող փաստաթուղթ է, այլ ամենօրյա ռազմական սպառնալիքների տակ թելադրվող, Հայաստանի կողմից միակողմանի զիջումների արդյունքում ծնված կապիտուլացիայի, Թուրանին ինտեգրվելու և ազգային ինքնությունից և ինքնիշխանությունից հրաժարվելու հանձնառություն, որից կարելի է ազատվել միայն դրան հակադրվող լայն դիմադրական շարժման շնորհիվ, որը ազգային համնաձայնության նոր կառավարության ձևավորումով կբերի իշխանափոխության, ասված է ԱԺԲ հայտարարության մեջ։

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարությունից անհապաղ հրապարակել այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցված վերջնական տարբերակը։

Ազգային ժողովրդավարական բևեռը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, պատրաստ է անհապաղ երկխոսության բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսելով գոյաբանական վտանգը պատրաստ են համախմբվել նման դիմադրական շարժման մեջ»։

Սակայն ոչ ոք համախմբվելու ցանկություն չի հայտնել, թեպետ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բացասական վերաբերմունք են հայտնել փաստաթղթի նկատմամբ։

ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթղթեր ստորագրելու մանդատ ու լեգիտիմություն չունի։

Ուժի ուղղակի սպառնալիքի տակ կազմված փաստաթուղթը չի կարող ապահովել երկարաժամկետ և արդար խաղաղություն տարածաշրջանում և անընդունելի է առանց միջազգային միջնորդների և անվտանգության երաշխիքների, ասված է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության հայտարարության մեջ։

«Մենք անընդունելի ենք համարում նաև արտաքին ճնշման ներքո Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը կասկածի տակ կդնի Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունը։ Եվս մեկ անգամ նշում ենք, որ միջազգային ատյաններում հայց ներկայացնելուց հրաժարվելը ադրբեջանական հերթական վերջնագրի հլու կատարումն է։ Մենք ընդգծում ենք էկզիստենցիալ վտանգը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունը նաեւ դատապարտում է երկրի իշխանությունների անգործությունը Բաքվում հայերի շինծու դատավարության համատեքստում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է հանդես գալ այնպիսի խաղաղության օգտին, որը կավելացնի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կպաշտպանի նրա սահմանադրական ամբողջականությունը և կապահովի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ։

Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ևս խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։

ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։

Մյուս կուսակցությունները հարկ չհամարեցին արտահայտել իրենց դիրքորոշումը՝ «չվախեցնելու» հայոց իրավունքների ու հողերի հաշվին սպասվող “խաղաղությունը”։

Թրամփի ներկայացուիչ․ Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն

Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծվ խորհրդական Մայք Ուոլցը։

Նա հայտնել է, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ», – X-ում գրել է Դոնալդ Թրամփի խորհրդականը։

«Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա», – վստահեցրել է Թրամփի խորհրդականը։

Հեռախոսազրույց Թրամփի և Էրդողանի միջև

Այսօր հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի միջև։

Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Anatolu լրատվական գործակալությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ հարաբերությունների նոր դարաշրջանում երկու երկրներն առաջ կմղեն երկկողմ համագործակցությունը համերաշխությամբ, նպատակաուղղված մոտեցմամբ և անկեղծությամբ։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներն անհրաժեշտ են դարձրել ավելացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները բոլոր թեմաների շուրջ։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու՝ Թամփի վճռական և ուղղակի նախաձեռնությունը։

Էրդողանը նաև կարևորել է Թուրքիային F-16 ռազմական օդանավերի մատակարարման և F-35-երի ծրագրում վերստին ընդգրկման գործընթացների վերջնականացումը։

Նախագահների միջև վերջին հեռախոսազրույցը կայացել էր անցած տարվա նոյեմբերին, երբ Էրդողանը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, այսօր հաղորդում է ՀՀ կառավարության լրատվականը։

Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։

Ավելի վաղ Ֆրանսիան ողջունել էր Բաքվի եւ Երեւանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը։

Իրանի նախագահը հիշեցրել է տարածքային ամբողջականության մասին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, այսօր հաղորդում է Կառավարության լրատվականը։

Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր, հաղորդում է Կառավարության լրատվականը։

Ինչպես հայտնում է Mehr-ը, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համաձայնագրի շուրջ։

Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ միաժամանակ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը, ասել է Պեզեշյանը։

Իրանի նախագահը խոսել է նաև Թեհրանի և Երևանի միջև լավ և զարգացող հարաբերությունների մասին՝ ընդգծելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հատուկ վճռականության և ուշադրության անհրաժեշտությունը՝ արագացնելու երկկողմ համաձայնագրերի իրականացումը տարբեր ոլորտներում։

ՊՆ-ն հերքում է կրակ բացելը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Բաքուն խոսում էր Սյունիքի մասին։

Ռուբեն Վարդանյանի նոր աուդիոուղերձը՝ ինչպես են նրան Բաքվից տեղափոխել Գյումրի

Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։
Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:
Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։
Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։
Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։
Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։
Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։
Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։
Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:
Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։
Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։
Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։
Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։
Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։

«Երեխաներիս հետ տաքսու մեջ եմ մնացել, հիմա սերտիֆիկատ ունեմ, ԴԱՀԿ-ն չի թողնում տուն գնեմ»

Forrights

Հինգ անչափահաս երեխաների հայր Սասուն Հայրապետյանը չի կարողանում Հայաստանում կառավարության տրամադրած աջակցությամբ տուն գնել։ 35-ամյա Սասունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բռնի տեղահանվել է Արցախից։ Նա ընտանիքի հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Նորքին Հոռաթաղ գյուղում, այժմ բնակություն է հաստատել Նոյեմբերյանի Բերդավան գյուղում։ Հենց այս գյուղում է նա ցանկանում տուն գնել։ Յոթ հոգանոց ընտանիը պետությունից ընդհանուր 35 մլն դրամի աջակցության վկայագիր է ստացել, բայց կնոջ անունով Արցախում ձևակերպված վարկերը խոչընդոտ են հանդիսանում։

«Ընտանիքով հանդիսանում ենք ՀՀ քաղաքացի, պետությունից ստացել են բնակարանի ձեռք բերման վկայագրեր։ Դիմում եմ բանկ, որ գործարքն անեն, ասում են, որ դուք հարկադիրում եք։ Սոցապնախարարության որոշման համաձայն, եթե մենք բնակարանը ձեռք ենք բերում բացառապես պետության կողմից հատկացված աջակցության շրջանակներում, ապա վարկային որևէ պատմություն խոչընդոտ չի կարող լինել։ Փաստորեն, ստացվում է, որ այդ ծրագիրը իրենց ասածին չի համապատասխանում։ Ասում են, որ արցախցիների համար բնակարան ձեռք բերելու համար որևէ խոչընդոտ չկա, այս տեղեկությունը տարածել է սոցապնախարարությունը, Գայանե Ղարագոզյանն է նման տեղեկություն տարածում, իրենց էջերում տեղադրված է»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է Սասուն Հայրապետյանը։

Սասունի վկայակոչած Գայանե Ղարագոզյանը սոցապնախարարության աշխատակից է։ Նրա մասնակցությամբ կարճ հոլովակ է տեղադրված նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ պաշտոնյան պատասխանում է հարցին, թե արդյո՞ք արցախցիները կարող են օգտվել բնակապահովման ծրագրից, եթե ունեն վատ վարկային պատմություն։ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության շրջանակում, եթե նախատեսում եք գույքը ձեռք բերել բացառապես պետության աջակցությամբ, ապա այս դեպքում ֆինանսական կազմակերպությունները չեն իրականացնելու վարկային պատմության վերլուծություն և վարկունակության գնահատում»,-տեսանյութում ասում է պաշտոնյան։

Սասունը Forrights.am-ին ասում է, որ իր ընտանիքը հենց այս խմբի շահառու է՝ բնակարանն ամբողջությամբ ձեռք է բերելու պետության աջակցությամբ։ Սակայն, Արցախում վերցված շուրջ երեք մլն դրամի վարկն այժմ խոչընդոտ է հանդիսանում։

«Բանկն ինձ ասում է, որ, եթե քո գումարը հաստատեմ՝ տունը ձեռք բերելու համար, հարկադիրը սառեցնելու է։ Կառավարությունը պետք է աշխատի հարկադիրի հետ, պետք է ծանուցեն, որ մեզ տրված սերտիֆիկատների հետ գործ չունեն, այդ գումարը սառեցման ենթակա չի»,-ասաց նա։

Սասունը բազմաթիվ նամակներ է ուղղել Կենտրոնական բանկին, սոցապնախարարությանը, Մարդու իրավունքերի պաշտպանին, վարչապետի աշխատակազմին, Ֆինանսների նախարարությանը։ «Որ կառույցին նամակ եմ ուղարկում, բոլորն ուղղորդում են սոցապնախարարություն, իսկ նախարարությունից պատասխան եմ ստանում, որ ԿԲ-ն ու Ֆինանսների նախարարությունը ինչ-որ համաձայնագիր են պատրաստում, որ խնդիրներ չլինի, բայց ֆինանսների նախարարությունից ասում են, որ նման քննարկում չկա»,-ասաց Սասունը։

Սասուն Հայրապետյանին ՀՀ ֆինանսների նախարարությունից մի փաստաթուղթ են փոխանցել, որի համաձայն՝ նախարարության գլխավոր քարտուղարը պաշտոնապես դիմում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարին և տեղեկացնում, որ Արցախից բռնի տեղահնված քաղաքացիների վարկային պարտավորությունները ստանձնել է Հայաստանի կառավարությունը։ Սասունն ասում է, որ թեև ֆիննախը նման գրություն է փոխանցել իրեն ու հարկադիրին, բայց իր գործարքը կրկին վտանգված է, եթե դիմի բանկ ու սերտիֆիկատի գումարը ուղղվի բնակարանի գնման գործընթացին, գումարի վրա արգելանք է դրվելու։ «Ոչ մեկիս համար պարզ չէ, թե մեր վարկերը, երբ են փակելու, բայց մեզ սերտիֆիկատները մեկ տարի ժամկետով են տվել, ես արդեն երկու ամսից ավելի կորցրել եմ»։

Սասունը բռնի տեղահանումից հետո ծանր օրեր է անցկացրել, նշում է, որ այն շարունակվում է մինչ այժմ։

«Չորս օր երեխաների հետ Երևանում տաքսու մեջ եմ մնացել, ոչ մի տեղ չեն տեղավորել, ես էլ Աստծո հույսով եկել եմ սահմանամերձ գյուղ։ Չեմ փոշմանել, որ եկել եմ, ուղղակի պետության անտարբեր վերաբերմունք ունի արցախցիների հանդեպ»,-ասաց նա։

Աասունն Արցախում պայմանագրային ծառայող է եղել, անցել պատերազմի դժվարություններով, տեսել թշնամու անմարդկային վերաբերմունքը։

«Սեպտեմբերի 19-ի կեսօրին պատերազմը սկսվեց, մենք 20 թվից հետո առաջնագիծ չենք ունեցել, հրետանիով մի կերպ պահում էինք, որ չմտնեն գյուղեր ու կանանց և երեխաներին մորթեին, բայց նման դեպքեր եղել են։ Ճանկաթաղում երեխա են մորթել։ Ամբողջ ծավալով Արցախի վրա, դիմադրում էր միայն հրետանին, առաջնագծում ինչքան զորք կար, կամ կոտորվել էր, կամ նահանջել էին։ Առաջնագիծը պահելու ձև չունեինք, օդն ամբողջովին բաց էր, դիմադրեցինք, որքան կարողացանք։ Մեր գյուղում տեղի ունեցած դեպք եմ պատմում․ մեր գյուղի վրա արձակված թշնամու հրետանու արկից թոռն ու տատիկը զոհվեցին, զոհվելը որն է՝ պատառ-պատառ են եղել։ Միայն ռուսներն էր կանգնած, գիտենք՝ ռուսն էլ ինչ արեց»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Արցախցիները գիտակցում են՝ եթե 50 հազար դրամի “բազար” է, բնակարանի սպասելն իզուր բան է

«Կամ ապահովեն բնակարաններով, կամ միասին, ինչպես հայրենիքը լքեցինք, որպեսզի թուրքի լծի տակ չապրենք, այնպես էլ հետ կտանք բոմժի քարտերը եւ կպահանջենք մի այլ երկրի, որ մեզ ընդունեն որպես նորմալ փախստական, թե չէ այս երկրում բացի նվաստացումից ոչինչ չենք տեսնում», արձագանքելով Լիաննա Պետրոսյանի գրառմանը, գրել է Ելենա Պողոսյանը:

«Եթե փախստականին տրվող բնակվարձի դիմաց աջակցությունը դիտարկվում է որպես թոշակ, բառերը կորցնում են իրենց արժեքը», Լիաննա Պետրոսյան:

ՀՀ կառավարության սոցիալական աջակցության նոր ծրագիրի նոր քննարկումը դարձյալ նյարդայնացրել է արցախցիներին:

Ընդհանրապես, ովքեր տեղյակ են արցախցիների հոգեկերտվածքին, կհաստատեն, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում` չեն բողոքում: Ո՞վ կհամարձակվեր կառավարության դեմ մի թթու խոսք ասել Արցախում:

Լսած կլինեք նաեւ արցախցիների “կամակորության” մասին պատմությունը. Պատերազմ է` դիմանում են, բլոկադա է, դիմանում են …իսկ կիսլոտա փորձե՞լ եք: Կիսլոտա չէ, բայց ֆոսֆոր լցրին, դրան էլ դիմացան, թեկուզ անգամ ֆոսֆոր թափած տեղը չթողեցին ապրել:

Արցախցիներն հաստատ այդքան ապերախտ չեն, որ մոռանան, թե ինչ ուշադրության են արժանացել հայաստանյան հասարակության կողմից 2023թ. սեպտեմբերին, ինչպես են մարդիկ իրենց տներում հյուրընկալել նրանց, ինչես են հաց ու շոր բաժանել։

Բայց հասկանալի է, որ դա խնդրի լուծում լինել չէր կարող, եւ հեշտ չէ 151.681 փախստականի կարիքները գոնե մինիմալ ձեւով լուծել: 1.5 տարուց ավել ժամանակ է արդեն անցել, իսկ խնդիրները միայն բարդանում են ու վերջը չի երեում:

Արարատ Միրզոյանը վերադարձ չի պատկերացնում, Բաքուն քանդում-”շինում է” Ստեփանակերտը, Հայաստանն ու Ադրբեջանը “խաղաղության” պայմանագիր են ստորագրում, որտեղ Արցախի մասին խոսք չկա, Արեւմուտքը ողջունում է, դաշնակցականները քննադատում են, արդյունքում արցախցիներն են մնում կոտրած տաշտակի առաջ: Առաջվա ուշադրությունն էլ չկա ոչ հասարակության, ոչ կառավարության կողմից: “Դե մենք էլ միլիոնատեր չենք, մի կերպ ծերը ծերին ենք հասցնում, աշխատավարձի սպասող մարդիկ ենք, դուք էլ աշխատեք` ապրեք”, մոտավորապես այսպես են “մխիթարում” արցախցիներին Հայաստանում:

Ինչեւէ, որքան էլ քաղաքական հարցերը կարեւոր լինեն, սոցիալականն իր սեւ գործն անում է: Շատերը կհիշեն 2020թ. տեղահանված հադրութեցիների, ավետարանոցցիների ու շուշեցիների գրառումները, 40 հազարների ու վարձով բնակարանների թեման սոցիալական ցանցերում: Կհիշեն, թե ինչպես էին նրանք գարաժներում, խանութներում ու հյուրանոցներում ապրում, կհիշեն ստեփանակերտցիների թանկ գները վարաձակալության դիմաց: “Մեր օրին հասնեք` կհասկանաք”, ասում էին հադրութեցիները: Հասել են, հասկանում են, իրենց մաշկի վրա զգում:

Բայց միեւնույն ժամանակ անտարբերություն են զգում եւ չեն հասկանում՝ դիտավորյա՞լ է արվում այս ամենը, թե՞ պարզապես ժամանակն է այսպիսի ընթացք ստացել նրանց համար: Ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա իսկապես անմարդկայնության գագաթնակետն է, ասում էր Բեռնարդ Շոուն:

Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հավաքված արցախցիների քչությունը ապացուցում է, որ նրանց այսօրվա օրն է ավելի շատ հուզում, քան վաղվա (դե արի ու սոցիալապես ու հոգեբանորեն հյուծված մարդկանց հիմա էլ միտինգի տար…):

Անգամ լայքերից է հայտնի դառնում, որ արցախցիներն ավելի շատ արձագանքում են 40+10 հազար ծրագրի թեմայով նյութերին: Գուցե արցախցիները չեն կարողանում Արարատ Միրզոյանի պես դիվանագետի աչքերով տեսնել, որ այսօր հնարավոր չէ իրենց տուն ու բնօրրան վերադառնալ, բայց գոնե ինստինկտաբար նույնն են գիտակցում: Գիտակցում են նաեւ, որ ամիսն արագ է բոլորելու է եւ պետք կլինի “բնօրրանի” վարձը տալ, գիտակցում են, որ եթե 50 հազարից զրկվեն, փողոցում են մնալու, տրանսպորտի փող չեն ունենալու, որ անգամ ստացած 50 հազարը հետ վերադարձնելու հնարավորություն չեն ունենալու, գիտակցում են, որ եթե 50 հազար դրամի բազար է, բնակարանի սպասելն իզուր բան է, գիտակցում են, որ այսպես երկար չեն դիմանալու: Շատ բան են գիտակցում…

Մարութ Վանյան