Լավ, պա մո՞ւնք

Եթեր է հեռարձակվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցների ներկայացուչիչների հետ: Զրույցը սկսվել է “ջուրը փոքրին, խոսքը` մեծին” ասացվածքով եւ ավարտվել դրանով: Փաշինյանն ասել է, որ այդ ասացվածքը Հայաստանում էլ կա, նա լսել է դա մեծերից եւ հիմա, երբ ինքն է ծնող, հաճախ նույնն է ասում իր երեխաներին:

Փաշինյանը պատասխանել է մի շարք կարեւոր հարցերի, ասել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ տալ, խոսել է գերիների վերադարձի, հայ-թուրքական, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Ճուրը կուճիրնն ա, խոսկը` մեծիքը, արցախցիներն էլ ունեն…

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնության մասին լուրը Հայաստանում ոչ միանշանակ ընդունվեց, Կովկասով հետաքրքրված արեւմտյան փորձագետները, լրագրողները սա դրական քայլ են համարել, X-ում արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է ողջունել: Նրան հետևել են այլ երկրներ և կազմակերպություններ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլեւս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար», գրել է Ֆրանսիայի նախագահը։

Օրեր առաջ ադրբեջանական մամուլը հեղեղված էր վերնագրերով, իբր Հայաստանը պատերազմի է պատրատվում, անգամ ժամկետներ նշելով` ապրիլին: Երեկվանից ինչ-որ «հանգստություն» է նկատվում ադրբեջանական լրատվամիջոցներում: Թեման սահուն անցել է նավթին, Ուկրաինան են լսուբանում, խոսում Ադրբեջանի տնտեսական աճի եւ այնի մասին:

Բոլորը գոհ ու շնորհակալ են, մի խոսքով։

Դեռ երեկ արցախցիները հավաքվել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց եւ շնորհակալություն հայտնել այդ երկրին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ լսումներ կազմակերպվելու համար, իսկ Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը ասել է.

«Տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ ՀՀ-ում, փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, ընդհանրապես չկա։ Մենք դրան մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մեր հավաքական վերադարձի համար մեր պատմական հայրենիք»։

«Ամենալավագույն» սցենարը պատրեկացնենք. “խաղաղության պայմանագիրը” ստորագրվել է, ադրբեջանցիները ՀՀ տարածքով ճանապարհ ունեն դեպի Նախիջեւան, գոհ գնում-գալիս են, գերիները վերադարձել են, եվրոպացիները` գնացել եւ այն:

Իսկ ի՞նչ է տեղի ունենենալու լուսանցքում մնացած Արցախի եւ արցախցիների հետ: Ի՞նչ կարող է այսքանից հետո Շվեյցարիան անել, որտե՞ղ մնաց Միջազգային դատարանի որոշումը, որտե՞ղ մնացին արցախցիների իրավունքները:

Պարզ չէ, թե երբ եւ որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիր կոչվածը, պարզ չէ, թե ինչ հետեւանքներ կունենա այն Հայաստանի համար, բայց արցախցիները թերեւս մի պարզ հարց կարող են տալ. լավ, պա մո՞ւնք…

Ի՞նչ անեն արցախցիները: Օնյալն նայեն իրենց ջրով լի մաղալներին, որտեղ այնքան խորոված են արել, իրենց դատարկ տների՞ն նայեն, նայեն, թե ինչպե՞ս են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները իրենց պատշգամբներին կախել, նայեն, թե ինչպե՞ս են Ստեփանակերտում շենքերը քանդում: Սպասեն, թե ի՞նչ անակնկալ սոցիալական “նոր” ծրագրի կներկայացնի Հայաստանի կառավարությունը վաղը, որքա՞ն են այսպես անորոշ ապրելու վարձ տալով Հայաստանում:

Ի՞նչ անեն արցախցիները, երբ ոչ ջուրն է նրանցը, ոչ խոսքը:

Մարութ Վանյան

«Արցախը հարց մենք չենք փակում»․ Միրզոյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց՝ ո՞վ է ՔՊ-ականներին իրավունք տվել հայ ժողվորդի անունից փակել Արցախի հարցը։ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիան չիրականացրած իշխանությունը ինչո՞ւ է հիմա ուզում Արցախի հարցը մեկընդմիշտ փակել։

«Արցախը հարց մենք չենք փակում»,- ասաց Միրզոյանը։ Նա ուզում էր նորից ասել՝ Արցախ, բայց արագ իրեն ուղղեց․ «Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Երբ ԼՂ-ն պաշարման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում։ Այդ թվում՝ տարբեր հանդիպումներ էինք փնտրում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին, էլի ոչ մեր կողմից։ Իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություն կար, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը համարվում էր սպառված»։

Ո՞ւմ են բնակեցնում Արցախի հայաբնակ Այգեստանում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի Բալուջա (Այգեստան) գյուղը 24 ընտանիքներով բնակեցնելու մասին, սակայն կադրեր չեն հրապարակում:

“Բոլոր պայմանները ստեղծվել են նրանց այտեղ ապրելու համար”, ասում է մեքենայի դիմաց կանգնած ադրբեջանցի լրագրողը: Իհարկե ստեղծել են… Բայց ո՞վ…

Գյուղի մասին վերջերս Տիգրան Գրիգորյանն է գրել, որին կարող եք կարդալ այստեղ (անգլերեն):

Լուսանկարները՝ Մարութ Վանյանի

ՄԱԿ-ից պահաջում ենք պատվիրակություն ուղարկել Բաքու՝ հայ գերիներին այցելելու

«Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման իրավունքի համար։ Նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած, ապստամբած ժողովուրդներն ունեն այդ իրավունքը, եւ որեւէ ձեւով դրանում որեւէ հանցագործություն չկա։ Եվ այսօր Բաքվում գտնվող անձինք, իհարկե, հենց դրա համար են գտնվում այնտեղ»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Այսինքն՝ մարդիկ, ովքեր պայքարել են այդ ինքնորոշման համար, կանգնել են ինքնորոշման դիրքերում եւ Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, այսօր գտնվում են անազատության մեջ՝ պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար։ Եվ դրան զուգահեռ տեսնում ենք, որ այդ կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որն իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որեւէ գործողություն չեն ձեռնարկում՝ ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ ՄԱԿ-ից պահաջում են պատվիրակություն ուղարկել Բաքու՝ հայ գերիներին այցելելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ կեղծ «դատավարությանը» ներկա գտնվելու համար։

«ՄԱԿ-ը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, առաջին հերթին խարան է իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Միրզոյան․ «Ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում»

«Ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք վաղուց ֆիքսել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել։ Եվ տեղի է ունեցել բռնի տեղահանություն։ Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Եվ, անկեղծ ասած, չեմ տեսնում նաեւ Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ մի կողմը գերտերությունների ճնշման տակ առանց պատերազմի դուրս էր բերում զորքերը

Այս մասին հայտարարել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ, «Իմ իրավունքը» շարժման առաջնորդներից Արթուր Օսիպյանը՝ Step1.am-ի համար մեկնաբանելով Արցախի խորհրդարանի նախաձեռնությամբ Շվեյցարիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիան։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Երևանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները դիվանագիտական ​​առաքելությանը նամակ են հանձնել, որով կոչ են անում Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի անդամներին ընդունել 2024 թվականի դեկտեմբերին ստորին պալատի կողմից հաստատված բանաձևը, իսկ կառավարությանը՝ կազմակերպել միջազգային համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Բնականաբար, Ադրբեջանը անմիջապես չի համաձայնվի և կշարունակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները ժխտելու իր քաղաքականությունը։ Նա ձգտելու է ապահովել, որ այս հարցի շուրջ բանակցություններ ընդհանրապես չլինեն։ Բայց եթե մենք մեր համաձայնությունը տանք, միջնորդը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Եվ, իհարկե, մեզ ձեռնտու է, որ ԼՂ խնդիրը լինի միջազգային տեղեկատվական դաշտում և ուշադրության կենտրոնում։ Նշենք նաև, որ Շվեյցարիան օբյեկտիվ և չեզոք կողմ է, ինչը նրան հարմար է դարձնում բանակցություններ վարելու համար։

Այսպիսով, չնայած Ադրբեջանի ժխտմանը, մեր նպատակը պետք է լինի բանակցությունների վերսկսելը և հնարավորության դեպքում հակամարտությունը առանց պատերազմի լուծելը։ Պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ մի կողմը գերտերությունների ճնշման տակ առանց պատերազմի դուրս է բերել իր զորքերը, և այս համատեքստում կարևոր է, որ մեր շահերը համընկնեն, քանի որ հասկանում ենք, որ եթե գերտերությունները ցանկանան, կարող են հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս ամենը պահանջում է շարունակական դիվանագիտական ​​աշխատանք, և մնում է հարմար պահ որսալ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումներ կան միայն խաղաղության պայմանագրի, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Եվ ինչպես վերևում նշեցի, թեև Ադրբեջանն ամեն ինչ անում է բանակցությունների վերսկսումը թույլ չտալու համար, սակայն միջազգային մակարդակով ոչ ոք չի փակել ԼՂ հարցը, և ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր էլ գործում է։

Բացի այդ, ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման ֆոնին հնարավորություն է առաջանում վեր հանելու Լեռնային Ղարաբաղի հարցը։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այն երկրներ են, որոնք կարող են լուծել, ասենք, մեր ռազմագերիների վերադարձի հարցը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք չպետք է նրանց հետ աշխատենք այնպես, ինչպես աշխատում ենք վերջին 30 տարվա ընթացքում։ Ռուսաստանը կամ պետք է կատարի իր պարտավորությունները, կամ հեռանա։ Հենց Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն է հեղինակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և նա կրում է ամբողջ պատասխանատվությունը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի համար։ Բայց դա նրանցից ոչ ոք չի պահանջում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նշեմ, որ նրանք ձգտում են դաշնակիցներ գտնել Իրանի հետ առճակատման հարցում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ձգտում կոնֆլիկտ ունենալ Իրանի հետ, և հայկական կողմը պետք է խելամտորեն օգտագործի այս իրավիճակը։

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումներին, պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունն ամեն կերպ փորձում է խոչընդոտել բանակցություններին և հրաժարվում է միջազգային հարթակներում քննարկումներից։ Եթե ​​Հայաստանը նախկինում միջնորդ էր, ապա այժմ նա վճռականորեն աջակցում է Ադրբեջանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում։

Այնպես որ, Շվեյցարիայի միջնորդության արժեքն այն է, որ նրանք առաջարկում են բանակցություններ վարել անմիջականորեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, ինչը ակնհայտորեն ձեռնտու է մեզ։ Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը լինելու է բանակցությունների կողմ։ Սա, իհարկե, հարց է առաջացնում, թե ով է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը։ Դե յուրե դա պետք է անեն ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ։ Բայց սա դոգմա չէ, այս հարցում գլխավորը կոնսենսուսն է»։

Ալվարդ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը արցախցիների հետ քննարկել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։
Աննա Ժամակոչյանը խոսել է ծրագրի նպատակի, շահառուների շրջանակի և մի շարք այլ ընթացակարգային հարցերի մասին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառումը կիրականացվի ԼՂ հայրենակիցներին ուղղված մյուս
ծրագրերին զուգահեռ։
Նիստի մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը․ հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։

«Դուք ստացել եք մի համաձայնագիր, որն արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները»

«Դուք ստացել եք մի համաձայնագիր, որն արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները։ Ու հայտարարում եք, որ փոխզիջումային փաստաթուղթ է, որն ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ մեր հանրությանը կբացատրե՞ք՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Այդ ի՞նչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Դուք սկսել եք բանակցել այն կետից, երբ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում Սահմանադրություն փոխելու, պահանջում է, որ հանձնեք ՀՀ քաղաքացիներին։ Իսկ Արդբեջանին ստիպե՞լ եք ընդունել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այնպես է ընդունել, որ եկել է, զորքով 200 քկմ զավթել է ՀՀ տարածքից»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը նաեւ հարցրեց՝ այսպես կոչված «ռեւանշիզմի» դեմ պայքարի կետ կա՞ այդ փաստաթղթում։ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված «խաղաղության օրակարգի» դեմ գործողություններ չիրականացնել։ «Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողություն է, օրինակ, Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերդառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար Ամենայն հայոց կաթողիկոսը ռեւանշի՞ստ է, ի՞նչ եք պայմանավորվել»,- ասաց նա։

«Կաթողիկոսին ռեւանշիստ համարո՞ւմ ենք, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»,- արագանքեց Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ էական ձեռքբերում է համարում այն, որ «Ալմա-Աթայի հռչակագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»։

«Չկա որեւէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ձեռնտու է միայն Ադրբեջանին։ Եվ չկա որեւէ կարգավորում, որը մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ ՀՀ նվաստացումն է արձանագրում։ Խաղաղությունը ՀՀ գոյության միակ ձեւն է։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ շահերից։ ՀՀ ժողովրդին ներկայացնել, որ Ադրբեջանը պահանջում է, ՀՀ իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ է պետք, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է ՀՀ ժողովրդին։ ՀՀ-ին պետք է խաղաղություն»,- հայտարարեց Միրզոյանը։ ԱԳ նախարարը նշեց, որ «խաբկանք ու պատրանք է ժողովրդին մատուցվող այն թեզը, թե խաղաղություն ունի այլընտարնք՝ ի դեմս պատերազմի ու հոխորտանքների»։

Քրիստինե Վարդանյանը կրկնեց հարցը՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջում, «խաղաղության օրակարգի դեմ գործողություններ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։ Արարատ Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Փոխարենն ասաց․ «Հենց այս տեքստով խաղաղության հաստատմաբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խորը ճահճից, որից դուրս չգալու դեպքում մենք ընկղմվելու ենք եւ թաղվենք»։

 

Ոչինչ, եվրոպացի դիտորդները մեզ կհասկանան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթուղթում «կան էական ձեռքբերումներ»։ Նա նշեց, որ այդ «ձեռքբերումներից» են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանների անխախտելիությունը, իսկ ուժի կիառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն ուղղակի արգելված է այդ փաստաթղթով։ Նա շեշտեց, որ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի Ալմա-Աթայի հռչակագրով։ Միրզոյանն ասաց, որ ամեն ինչ «փոխադարձության» սկզբունքով է։

Հարցին, թե ԵՄ դիտրոդներին հեռացնելու Ադրբեջանի պահանջը կա՞ այդ փաստաթղթում, նա պատասխանեց․ «Մենք համագործակցության ձեւերը քաղաքացիական առաքելության պարագայում միշտ էլ կարող ենք քննարկել եւ հանգել համաձայնությունների ԵՄ մեր գործընկերների հետ։ Դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով։ Դիտորդական առաքելության նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի կայանությանը։ Եվ պետք է արձանագրենք, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այդ նպատակին, իսկապես առաքելությունը կայացած է։ Միեւնույն ժամանակ, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը, կվավերացվի ու ուժի մեջ կմտնի, բնականաբար, այդ կայունությունը եւ խաղաղությունը այլեւս շատ ինստիտուցիոնալ կդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ այդ պարագայում մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»։

 

Միրզոյան․ միջանցքի մասին խոսք չկա, բայց ապաշրջափակման մասին էլ չկա

«Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են։ Տեքստը բանակցություններից հետո համաձայնեցված է, ես սա համարում եմ չափազանց կարեւոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ ՀՀ շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Արդբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի կնքման տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց․ «Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որեւէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային հարցերում։ Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություն չի կրում։ Մենք տեղեկացրել ենք հանրությանը, որ այդ մասին շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեք ընդունելի առաջակ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Եվ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Ինչպես ողջ աշխարհը, մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակի պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելով բեռների սահուն ընթացք։ Բայց, ինչպես նախկինում, այժմ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշանության ներքո։ Որեւէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա»։

Միրզոյանն ասաց, որ համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը երկու երկրերի տարածքներում բնակեցված, հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները։

«Նաեւ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապեության Սահմանադրության մասին։ Այս մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա։ Ընդհանրապես համաձայնագրի տեքստում որեւէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաեւ սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է նաեւ, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին։ Հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բայց մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են։ Եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանաջներ, ապա մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատմությունից հայտնի է՝ որեւէ խաղաղության համաձայնագիր միանգամից բոլոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից կախարդական փայտիկով երկու թշնամի ժողովուրդներին գործընկերներ ու բարեկամներ չի դարձնում։ «Եվ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս բացառություն չէ։ Բայց կարեւոր է նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը կարող ենք օգտագործել՝ խնդիրները լուծելու եւ հարաբերությունները վերջնական կարգավորելու համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի պահանջին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին։ Եվ այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք ապակառուցողական տարրեր, որոնց շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից։ Այն պահին, երբ մենք կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք եւս կունանանք մեր վերապահումները Մինսկի խմբի գործունեության հետ կապված»։

 

Թամարը շարունակում է գործունեությունը․ Ազգային պարը ասես դարձել է ոգին փարատող միջոց

Թամար Սարգսյանը 3 տարեկան էր, երբ 1996 թվականին ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվեցին Արցախ ու վերաբնակեցվեցին Մարտակերտիի շրջանի Հովտաշեն համայնքում։ 2020-ի պատերազմից հետո գյուղն անցավ թշնամու տիրապետության տակ և Սարգսյանների ընտանիքը ստիպված ապաստան գտավ Հայաստանում՝ սպասելով, որ նորից կվերադառնան Արցախ ու կրկին սեփական տանիք կունենան։ Ցավոք, նախախնամությունը այլ ճակատագիր էր նախատեսել 2023-ին ողջ արցախահայությունն արժանացավ Սարգսյանների ճակատագրին։

Թամարն ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ազգային երգ ու պար է դասավանդում Հրազդանի հ 8 դպրոցում։

Մանկուց է սիրում ազգային երգն ու պարը, և ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում սովորելուն զուգընթաց սովորել ու կատարելագործվել է այդ արվեստում։ Նրա կարծիքով՝ ազգային երգն ու պարը սիրելու և իր մեջ կրելու համար պետք է նախ ճանաչել, սիրել և անդադար ուսումնասիրել ազգայինը, հասկանալ երգերի և պարերի բովանդակությունն ու ասելիքը:

-Շատ գովելի է այն փաստը, որ վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ազգային երգ ու պարի ուսուցումը և տարեցտարի ավելանում է այն ուսումնական հաստատությունների թիվը, որտեղ կրթվում է ազգային մշակույթի այդ թևը ճանաչող սերունդ:

Որպես երգի ու պարի ուսուցիչ՝ դասավանդում եմ Հրազդանի թիվ 8 դպրոցում։ Երեխաները ոգևորությամբ են սովորում ազգային պարերը՝ հասկանալով, որ Հայկական լեռնաշխարհում ծնված պարն իր առաջացման պահից արտահայտում է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի ու բնության հանդեպ։

Համատեղությամբ Աբովյան քաղաքում գործող Դիզակ-արտ մշակույթի կենտրոնում ազգային պարի խմբակ եմ վարում, որտեղ հաճախում են միայն արցախցի երեխաները։ Անվճար խմբակ է․ արցախցի երեխաներին հնարավորություն է տրվում սովորել ու հմտանալ ազգային պարարվեստում։

Թամարն Արցախում ապրած ամեն մի օրը թանկ ու անփոխարինելի է համարում։ Պատմում է՝ ինչպես 2013-ին ստեղծվեցՏնջրե” համույթը, որի մի մասնիկը դարձավ նաև ինքը

– 2013-ին Հայաստանից Արցախ է գալիս ազգային պարերի մասնագետ Սարգիս Պարսամյանը։ Նրան հրավիրել էին աշխատելու Տողի արվեստի դպրոցում։ Սարգիսը որոշեց զուգահեռաբար Ստեփանակերտում պարի վճարովի խումբ բացել։ Ես նույնպես որոշեցի հաճախել այդ խումբը՝ ազգային պարերն ավելի լավ յուրացնելու համար։ Խմբում հավաքվածներս անմիջապես ընկերացանք ու մեծ ընտանիք դարձանք։ Որոշեցինք Ստեփանակերտի հրապարակում Մոնթեի ծննդյան օրը բաց դաս անել ու հերոսի ծնունդը պարերով ձոնել։ Հանդես եկանք որպես “Արցախ” ազգային պարի նախաձեռնություն՝ ներկայացնելով մի քանի ազգային պարեր։ Հետո հասկացանք, որ կարող ենք պրոֆեսիոնալ ազգային պարի խումբ ունենալ Արցախում։ Ծնվեց գաղափարը և որոշ ժամանակ անց հիմնվեց համույթը։ Սկզբից “Արցախ” էր կոչվում, հետո վերանվանեցինք “Տնջրե”՛ ընտրելով Արցախին առնչվող բնորոշ անուն։ ԱՀ ՄԵ հարցերի նախարարությունը մեզ տարազներ հատկացրեց՝ Արցախի ավանդական և Սեբաստիայի տարածաշրջանի։ Ցավոք, մեր տարազների զգալի մասը՝ բավականին թանկարժեք, մնաց Շուշիում։

Տնջրեի բավականին մեծ գործունեության արդյունքում համակրողների և երկրպագուների թիվը շատ մեծացավ․ մարդիկ իրապես սպասում էին մեր բաց դասերին։ Կարողացանք այդ կարճ ժամանակահատվածում մեծ մենահամերգ ունենալ՝ նվիրված Արցախի շարժման 30-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձներին։ Բազմապիսի ծրագրեր ենք արել ու դեռ երկար պետք է գործունեություն ծավալեինք։ ՀՀ ՊՆ-ի որոշմամբ՝ ԱՀ ՊԲ-ի հետ ծրագիր իրականացրինք։ Արցախում Տնջրեին էր վերապահված անել այդ ծրագիրը։ Ռազմապարերը պետք է բանակ մտնեին։ Գրեթե բոլոր զորամասերում ներկայացանք ազգային համարներով։ Առաջին փուլը լրիվությամբ հաջողեցինք, սակայն երկրորդ փուլը, որ ենթադրում էր սպաներին ազգային պարեր սովորեցնել, չստացվեց։ 2014-ի օգոստոսյան դեպքերի պատճառով և Ապրիլյան քառօրյայից հետո ծարգիրը դուրս մղվեց։

Հետո մի մեծ ծրագիր ևս արեցինք։ Քանի որ Արցախում արդեն ուսուցանվում էր ազգային երգ ու պար առարկան, որոշեցինք այցելել դպրոցներ, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես են իրենցից մեծերը ոգեղեն պարում, ու այդ էներգիան փոխանցվի նաև իրենց։

2014 թվականից Արցախում աշխատում էի նաև Ասկերանի ՄՊՍԿ-ի Նորագյուղի, Աստղաշենի արվեստի դպրոցի Խնձրիստանի և Պատարայի մասնաճյուղերում։ Ազգային պար էի սովորեցնում երեխաներին․ այդ տարիները շատ հագեցած ու իմաստալից էին ինձ համար։ Ակտիվ ու տաղանդաշատ երեխաներ էին․ ակնհայտ սեր ուներին ազգայինի հանդեպ։ Իմ նպատակը միշտ եղել է Արցախում վերականգնել, սովորեցնել և վարակել յուրաքանչյուրին ազգային-ավանդական պարերով ու ոգով։

2020-ի պատերազմը շատ բան փոխեց Արցախի կյանքում

-Ցավոք, 2020-ից հետո ամեն ինչի վերջը դրվեց։ Փոքր խմբով, բայց շարունակում էինք աշխատել։ Խմբի հիմնադիրը Սարգիսն էր, սակայն արդեն ես ու Մանուկ Հարությունյանն էինք որոշ աշխատանքներ անում։ Իսկ երբ ստիպված էի տեղափոխվել Հայաստան, մեր խմբի Մարիամն էր համախմբում աշխատանքները։ Նա զրոյից վերականգնեց ու ոտքի հանեց համույթը։ Տնջրեն շարունակում էր իր գործունեությունը հնարավորության սահմաններում։ Անգամ շրջափակման ժամանակ չէին դադարում պարապմունքները։

Հետաքրքիրն այն էր, որ 2020-ի պատերազմից հետո մարդկանց ընկալումներն ազգային մշակույթի հանդեպ բավականին փոխվել էին։ Եթե խաղաղ ժամանակներում մենք էինք խնդրում, որ պարի խումբ հաճախեն, ապա պատերազմից հետո մեծացել էր ցանկացողների թիվը։ Ազգային պարը ասես դարձել էր ոգին փարատող միջոց։

2023-ի տեղահանումից հետո մեր խմբի անդամները ցրված են Հայաստանով մեկ, մի մասն էլ ապրում է այլ երկրներում։ Ցավոք, հնարավոր չի այստեղ վերականգնել համույթի աշխատանքը․ բավականին դժվար է այս պայմաններում խումբը հավաքել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ը կմիացնի Գրենլանդիան, և դա իրական է ընտրություններից հետո

Ամերիկայի Միացյալ Նահանգները կբռնակցեն Գրենլանդիան, վստահ է Դոնալդ Թրամփը. «Կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- հինգշաբթի օրը՝ մարտի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պատասխանել է ԱՄՆ նախագահը կղզու հնարավոր բռնակցման մասին հարցին։ «Մեզ դա (Գրենլանդիան. – Խմբ.) պետք է միջազգային անվտանգության համար», – բացատրել է Թրամփը: Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռյուտեն «կարևոր դեր» կխաղա Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու հարցում։

Իր հերթին Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ «չի ցանկանում ՆԱՏՕ-ին ներքաշել» այս հարցի շուրջ քննարկումների մեջ, սակայն ընդունել է Գրենլանդիայի կարևորությունը Արկտիկայի անվտանգության համար՝ այս տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրության մեծացման պատճառով։

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռասմուս Յարլովը, որին պատկանում է Գրենլանդիան, սոցիալական ցանցի իր X-ում գրել է, որ ԱՄՆ-ի հավակնությունները կղզու նկատմամբ կարող են հանգեցնել «ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև պատերազմի», ինչպես նաև քննադատել է Մարկ Ռյուտեի պահվածքը Թրամփի հետ հանդիպմանը։

Ընդդիմադիր «Դեմոկրատիտ» (Դեմոկրատներ) կուսակցությունը, որը հանդես է գալիս Դանիայից Գրենլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման օգտին, հավաքել է ձայների գրեթե 30%-ը և առաջին տեղն է զբաղեցրել կղզու խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի՝ մարտի 12-ին։

Երկրորդ տեղում ընդդիմադիր ազգայնական «Նալերաք» կուսակցությունն էր, որը նույնպես հանդես է գալիս Գրենլանդիայի հնարավորինս շուտ անկախության օգտին: Իշխող ձախ-կանաչ կուսակցությունը «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) և նրա կոալիցիոն գործընկերներ «Սիումութ» (Առաջ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը: Նրանք նաև աջակցում են Դանիայից կղզու անջատման վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը, սակայն դեռևս չեն որոշել դրա ժամկետը:

Հենց Գրենլանդիան անկախացավ Դանիայից, այն կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։