Ուզում ենք շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի իշխանություններին և դիմել խնդրանքով

«Շվեյցարիայի խորհրդարանի ներքին պալատը համապատասխան որոշում է ընդունել, որպեսզի Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կազմակերպվեն լսումներ, որը շատ կարեւոր է, քանզի տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ ՀՀ-ում, փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, ընդհանրապես չկա։ Մենք դրան մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մեր հավաքական վերադարձի համար մեր պատմական հայրենիք»,- այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Նա նշեց, որ այսօր ուզում են շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի իշխանություններին, պետական կառույցներին, որոնց աջակցում են Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմանը։ «Այսօր մենք նամակով ու խնդրանքով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին, մարտի 18-ին տեղի կունենա Շվեյցարիայի պառլամենտի վերին պալատի նիստը, ակնկալում ենք դրական որոշում։ Ակնկալում ենք, որ Արցախի հիմնախնդիրը կմնա միջազգային տարբեր հարթակներում օրակարգային հարց։ Եվ ժամանակի ընթացքում այդ հարցը կստանա արդարացի լուծում»,- ասաց նա։

Գագիկ Բաղունցի խոսքով՝ վերին պալատի որոշումը պարտադիր է Շվեյցարիայի կառավարության համար։ Եթե մարտի 18-ին վերին պալատն էլ դրական որոշում ընդունի, Շվեյցարիայի կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել։ Եվ այդ լսումները Արցախի հարցը կվերադարձնեն միջազգային քննարկումների օրակարգ։ «Այնպես որ, սպասում ենք, որ ամռանը հարցի քննարկումը կլինի»,- հավելեց նա։

Բաղունցի խոսքով՝ արցախցիներն այսօր իրենց իրավունքներին տեր են կանգնում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, նա ասաց, որ առանց Հայաստանի իշխանությունների քայլերի, Արցախի իշխանությունների գործունեության էֆեկտիվությունը շատ ցածր է։ «Եվ ես ակնկալում եմ, որ ուշ թե շուտ ՀՀ այս կամ այլ իշխանություն կհասկանա, որ Ղարաբաղի հիմնախնդիրը ամբողջ հայ ազգի հիմնախնդիրն է, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ ջանքեր կգործադրվեն, որպեսզի Արցախյան հինախնդիրն արդարացի լուծում ստանա»,- նշեց նա։

 

Հիմնարար քարը հանվել է․ որքա՞ն կդիմանա Հայկական կամարը

Ճարտարապետության մեջ կամարները փակաքար են ունենում (замковый камень), որի վրա սովորաբար արծիվ կամ առյուծի գլուխ է լինում պատկերված` որպես ուժի, ամրության, ամբողջ կամարը պինդ պահելու խորհուրդ: Բայց միեւնույն է, եթե ցանկացած քար հանում ես` կամարը վաղ թե ուշ փլվում, կամ թուլանում է: Կարեւոր չէ, Արցախը փակաքար թե կամարի սովորական քարերից մեկն է եղել, բայց շատերը կհամաձայնեն, որ ինչ այն հանել են, “Հայակական կամարը” թուլացել է:

Եկեք զարդանախշ փակաքարի պատիվը Երեւանին տանք եւ Արցախը տեղադրենք ամենաներքեւում: Ֆիզիկայի օրենքներով հանած քարի վերեւինն առաջինը պետք է իր վրա զգա թուլությունը, որ մեր դեպքում Սյունիքն է (դրանից վերեւ որն է՝ սիրիահայե՞րը): Բավական է լսել սյունեցիներին՝ հասկանալու համար, որ դա այդպես է:

“Դուք գոնե Գորիս, Կապան եք եկել, մենք ո՞ւր ենք գնալու, եթե վաղը…”, հարցնում է մի գորիսեցի, “Սյունքիը տանք` հանգիստ ապրենք”, լսել է մի ուրիշ սյունեցի սրճարանում նստած երեւանցիներից։ “Խնածախ գյուղի դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ”, “Զանգեզուր, Զանգեզուր, Զանգեզուր ու ռեվանշիստ հայեր”, սա էլ գիշեր-ցերեկ ադրբեջանական լրատվամիջոցներն են կրկնում: Մի խոսքով, “քար հանելու” նույն ռազմավարությունը, ինչ եղավ Արցախի դեպքում:

Իսկ երբ մի օր Գորիս փռում ինձ ասացին, որ հաց չկա, ընդհանրապես “ամեն ինչ տեղն ընկավ”:

Առանց մարդկանց լսելու էլ, երբ Վայքն անցնում եւ դեպի Գորիս ես գալիս, տարօրինակ այս մթնոլորտն ու ամայությունը ասես հուշում է ամեն ինչ (թող ես սխաված լինեմ, ու լավատեսների կանխատեսումները ճիշտ լինեն): Այդ նոսր մթնոլորտը Երեւանում չի զգացվում, քանի որ այն փակաքարն է եւ դեռ կամարի մյուս քարերն ամուր պահում են նրան:

Ճիշտ են ասում, որ Ադրբեջանում ոչ թե անձանց, այլ Հայաստանն ու ամբողջ հայությանն են դատում: Համենայնդեպս, ադրբեջանական լրատվամիջոցներից այդպիսի տպավորություն է ստեղծվում. “Հայաստանը մի լավ հարված կստանա ճակատին”, “Հայաստանի հիստերիան անհիմն է”, “Փաշինյանն արգելել է Արայիկին նամակ գրել Իլհամ Ալիեւին”, “Հայաստանը նոր էսկալացիա է պատրաստում”: Ահա այսպիսի վերնագրերով են պատասխանում ադրբեջանական լրատվամիջոցները խաղաղության խաչմերուկում կանգնած Հայաստանին:

Որքա՞ն կդիմանա “Հայկական կամարը”:

Մարութ Վանյան

Լուսանկարում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, 2023թ. | Մարութ Վանյան

Չինաստանը տարածքը կվերադարձնի՞ Երևանին. չափազանց մեծ դեսպանություններն այլևս պետք չեն

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հողերի ապօրինի վաճառքի հետ կապված նոր հանցագործությունների համար, գրում է «Հրապարակ» թերթը։ Նա կասկածվում է Երեւանի Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող հողատարածքների ապօրինի վաճառքի գործով առանձնապես խոշոր չափերի գումարմների յուրացման եւ փողերի լվացման մեջ։

«Հրապարակ»-ի աղբյուրները պնդում են, որ հողատարածքի հիմնական գնորդը, որն, ի դեպ, այնքան էլ մոտ չէ Եռաբլուրին, եղել է Չինաստանի դեսպանատունը։ Գործարքը կնքվել է 2005 թվականին կառավարության որոշմամբ, և այսօր այդ վայրում տեղակայված է Չինաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը։

Ռուսաստանում բազմիցս բողոքում էին այն փաստի շուրջ, որ Երևանում է գտնվում աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը, որը զբաղեցնում է Երևանյան լճի գրեթե ամբողջ արևելյան ափը: Չինաստանը լուռ էր, բայց 2000-ականների սկզբին որոշեց գնել նույն լճի հարավային ափը և այնտեղ կառուցել նույնքան մեծ դեսպանատուն, որը նույնպես ռեկորդային է տարածաշրջանում մասշտաբներով։ Ռուսաստանը մոտակայքում ուղղափառ եկեղեցի է կառուցել՝ իրադարձություններին ավելի մոտ լինելու համար։

Չինաստանի դեսպանատունը, ըստ ամենայնի, սկսել է ինչ-որ մեկին խանգարել, և այժմ լուծվում է միաժամանակ երկու խնդիր՝ սևացնել Սերժ Սարգսյանին, և միաժամանակ կասկածի տակ դնել Չինաստանի դեսպանատան տարածքի օրինականությունը։

Թեեւ հնարավոր է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն այլեւս մեծ դեսպանատների կարիք չունեն Երեւանում։

Ինչպես են ռուսներն “ազատագրում” Կուրսկը. մեկ շաբաթ գազատարում

Մոտ ժամանակներս Կուրսկի շրջանի տարածքը պետք է ամբողջությամբ ազատագրվի թշնամուց։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը, ով մարտի 12-ին ՌԴ ԶՈւ Կուրսկի խմբավորման հրամանատարական կետ է ժամանել բանակային կամուֆլյաժով՝ զինվորական համազգեստով։

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից գրավված տարածքի ավելի քան 86%-ը։ Նա նաեւ հայտնել է, որ ռուս զինծառայողները գերի են վերցրել 430 ուկրաինացի զինվորի, իսկ Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Կուրսկի շրջանից ուկրաինական զորքերի մասնակի դուրսբերման մասին։ «Իմ առաջնահերթությունը եղել և մնում է ուկրաինացի զինվորների կյանքը փրկելը։ Այդ նպատակով ՊԲ ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, հետ են շարժվում դեպի առավել շահավետ դիրքեր։ Առաջին հերթին օգտագործվում է անօդաչու բաղադրիչը, ինչպես նաև հրետանային կրակային զենքեր։ Ես դրա համար տվել եմ բոլոր անհրաժեշտ հրամանները»,- չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, գրել է Սիրսկին Facebook-ում։

Գեներալը հայտնել է, որ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Կուրսկի ուժերի խմբավորման օպերատիվ գոտում՝ Սուջայի արվարձաններում և նրա շրջակա տարածքներում։ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ հակառակորդը փորձում է ուկրաինական ուժերը դուրս մղել Ռուսաստանի Դաշնության տարածքից և ռազմական գործողությունները տեղափոխել Ուկրաինայի տարածք՝ Սումիի և Խարկովի շրջաններ։

«Վոստոկ» դիվերսիոն, հետախուզական և գրոհային բրիգադի հրամանատարը բացահայտել է Պոտոկ («Խողովակ») գործողության մանրամասները, որի ընթացքում ռուս զինվորականները կարողացել են օգտագործել ոչ ֆունկցիոնալ գազատար խողովակը՝ գաղտնի անցման համար Ուկրաինայի զինված ուժերի թիկունք: Նրա խոսքով՝ ամբողջ գազը խողովակից դուրս է մղվել և դրա տեղ թթվածին է մտցվել։

Ռուսական 800 զինյալներից բաղկացած ջոկատը մոտ 15 կիլոմետր է անցել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ դատարկ գազատարով, որպեսզի ներթափանցի ուկրաինական թիկունք: Օպերացիան տեւել է մոտ մեկ շաբաթ։ Սայլերն օգտագործվում էին խողովակի ներսում ջուր և անհրաժեշտ ամեն ինչ մատակարարելու համար։

Արցախցի իրավաբաններին հրավիրում են դասընթացների

Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը հրավիրում է ԼՂ բռնի տեղահանված իրավաբաններին, ինչպես նաև իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին մասնակցելու «ԼՂ բռնի տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված» երկշաբաթյա վերապատրաստման դասընթացին, որը տեղի կունենա 2025թ. մարտի 25-ից ապրիլի 8-ը:

Դասընթացի նպատակն է աջակցել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակից իրավաբաններին արագ ինտեգրվել ՀՀ իրավական համակարգ’ զարգացնելով վերջիններիս հմտությունները և կարողություններն իրավական համակարգի, հատկապես’ այն ինստիտուտների առնչությամբ, որոնք բացակայել են կամ որևէ կերպ տարբերվել են ԼՂ իրավական համակարգում:

Դասընթացը հետապնդում է նաև հեռահար նպատակ. հզորացնել ԼՂ բռնի տեղահանված իրավաբաններին’ զինելով այնպիսի իրավական գիտելիքներով, որոնց կիրարկմամբ վերջիններս հետագայում օգտակար կլինեն ԼՂ բռնի տեղահանված այլ հայրենակիցների բազմաթիվ իրավական խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելով:

Դասընթացն իրականացվելու է ՀՀ-ում համապատասխան իրավական ոլորտներում մասնագիտական գործունեության (այդ թվում նաև՝ դասավանդման) բազմամյա փորձ ունեցող, վաստակաշատ մասնագետների կողմից։

Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են, մինչև 2025թ. մարտի 20-ը ներառյալ, իրենց համառոտ ինքնակենսագրականն ուղարկել հետևյալ էլ.հասցեին’ ccsldcenter@[gmail.com:](https://gmail.com/)

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (+374)43-11-41-83:

Շտապեք գրանցվել, քանզի տեղերը խիստ սահմանափակ են: Ընտրված մասնակիցները նախապես կտեղեկացվեն մասնակցությունը հաստատող նամակի միջոցով:

Վանդալիզմի թիրախ դարձան Հադրութի շրջանի Առաքել և Ականաղբյուր գյուղերը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ 

Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայկական բնակավայրերի և բնակելի թաղամասերի համակարգված ոչնչացումը վկայում է ոչ միայն մշակութային ցեղասպանության աննախադեպ ծավալների, այլև բացահայտ էթնիկ զտման քաղաքականության մասին: Այս հանցավոր գործելաոճի հիմնական նպատակը ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական ինքնության, պատմության և ներկայության լիակատար ջնջումն է պետական բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով:

Այս հանցավոր քաղաքականության թիրախ դարձան նաև Հադրութի շրջանի Առաքել և Ականաղբյուր գյուղերը, որտեղ հայկական բնակավայրերի ավերումը և պատմական հիշողության ջնջումը դարձան Ադրբեջանի համակարգված գործողությունների հերթական դրսևորումը:

Առաքել գյուղը, որը գտնվում էր բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, մինչ օկուպացիան ընդգրկում էր նաև Սարալանջ, Ձորագյուղ, Քարագլուխ գյուղերը: 1991 թվականին «Օղակ» ահաբեկչական գործողության արդյունքում Առաքել գյուղը հայաթափվել է, ամբողջությամբ թալանվել և հրո ճարակ դարձել ադրբեջանցիների կողմից: Ազատագրվել է 1993 թվականի օգոստոսին:

Վանդալիզմի զոհ է դարձել նաև Առաքելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի վրա ադրբեջանցիները կրակ են բացել տանկերից. քանդվել են գմբեթը, թաղը և հարավային ավանդատունն ամբողջությամբ:

2021 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում հրապարակեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Առաքել գյուղում զինված ադրբեջանցի զինվորականները հատուկ մեքենայի օգնությամբ ոչնչացնում են խաչքարը, իսկ զինվորականներից մեկը տեսանկահարանում է խաչքարի տապալման գործընթացը:

2023 թվականի օգոստոսի 31-ի արբանյակային լուսանկարների վերլուծությունը վկայում է, որ Առաքել համայնքի և նրա կազմում գտնվող Ձորագյուղի բնակելի շինությունների շուրջ 90 տոկոսը ավերված է: Այս փաստն ընդգծում է տարածաշրջանում տեղի ունեցած ավերածությունների մեծ ծավալն ու դրանց համակարգված բնույթը:

Հատկանշական է, որ տեղորոշիչ քարտեզներում որպես մզկիթ նշված է իրականում բնակելի տուն, որը, համաձայն Նորայր Սարգսյանի մեզ փոխանցած տվյալների, պատկանում է Առաքել գյուղի բնակչուհի Մարինե Գասպարյանին: Նմանատիպ կեղծ տվյալ է գրանցվել նաև Ձորագյուղում, որտեղ որպես մզկիթ ներկայացված է հասարակական նշանակության կառույց: Այսօրինակ խեղաթյուրումները ոչ միայն փաստագրական սխալներ են, այլև կարող են նպաստել պատմամշակութային ժառանգության և բնակավայրերի մասին կեղծ տեղեկությունների տարածմանը:

Նման դեպքեր արձանագրվել են տասնյակ բնակավայրերում, ինչը խոսում է քարտեզագրական տվյալների համակարգված և միտումնավոր աղավաղման մասին: Այս հանգամանքը մտահոգիչ է ոչ միայն նյութական ավերածությունների, այլև տեղեկատվական տարածքում իրականացվող պատմական փաստերի խեղաթյուրման տեսանկյունից՝ ընդգծելով անհրաժեշտությունը պահպանելու պատմական ճշգրտությունն ու պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը:

Մարտի 7-ին Արարատ Պետոսյանը https://t.me/ararathau տելեգրամյան ալիքում հրապարակեց հերթական արբանյակային լուսանկարը, որի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է:

Հիշեցնենք, որ այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարին տակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր: Այս ցանկը պարբերաբար ընդլայնվում է:

Լիաննա Պետրոսյանը ազդարարեց արցախցիների համար տեղեկատվական աջակցման կենտրոնի բացումը

Տեղեկացնում եմ, որ մարտի 13-ից իր աշխատանքներն է սկսում բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոնը, գրել է Լիաննա Պետրոսյանը։
Այս պահին Կենտրոնին կարող եք դիմել հետևյալ հարցերով՝
1. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ գործող օրենքների, որոշումների իրազեկում:
2. ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումների հանրամատչելի մեկնաբանում։
3. Կառավարության տարբեր մարմիններին ուղղված նամակների, դիմում-բողոքների ձևակերպում և ստացված պատասխանների մեկնաբանում։
Կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է
011-444443։
Ուշադրություն՝ զանգահարել կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն։
Հրատապ, անհետաձգելի հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նաև՝
Էլ. փոստի միջոցով՝ ուղարկելով նամակ
[email protected] էլ.հասցեին։

Մանե Թանդիլյանը դադարեցրել է հացադուլը, Կաթողիկոսը կոչ է արել Ռուբեն Վարդանյանին ևս դադարեցնել հացադուլը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը հացադուլ էր հայտարարել մարտի 1-ից դադարեցնում է հացադուլը: Այս մասին նա նշեց այսօր՝ մարտի 12-ին, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մարդիկ սկսեցին տեսնել Ռուբենին, ո՞վ է, ինչպիսին է, ինչի՞ մասին է Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ է անում Բաքվի բանտում Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Միայն ուղեղով տկարները չեն տեսնում»,- ասաց հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ երեկ ու այսօր հեռախոսազրույցներ են ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների՝ կնոջ ու քրոջ հետ, հորդորել են դադարեցնել հացադուլը։

«Մենք խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»,-հայտարարեց Մանե Թանդիլյանն, ու հրապարակեց Ռուբեն Վարդանյանի քրոջ՝ երգահան, բարերար Մարինա Ալեսի խնդրանքի ձայնագրությունը։

Նշենք, որ հացադուլի ընթացքում ժամանակ առ ժամանակ Թանդիլյանի առողջական վիճակը վատթարանում էր եւ նա ստիպված էր լինեում տեղափոխվել հիվանդանոց:

Միաժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Այս մասին ասված է Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի ընդունած հայտարարության մեջ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ։

Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին պակտ. այսուհետ սահմանները կվերագծվեն ուժով

Նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ, որից հետո հայտարարվել է 30-օրյա հրադադարին Կիեւի համաձայնության մասին։ Դա տեղի կունենա, եթե Մոսկվան տա իր համաձայնությունը։ Կասկածից վեր է, որ պայմանավորվածություն կլինի՝ ի նշան նոր «աշխարհակարգի» մեկնարկի, որտեղ ամեն ինչ որոշվում է բիրտ, քոչվոր ուժով։

Սաուդյան Արաբիայի հանդիպումից առաջ ամերիկյան կողմը հայտարարեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Կիևը կդիմադրի՞ և կրկին կխոսի՞ 1991, 2014 և 2022 թվականների սահմանների մասին։ Այդ սահմաններին վերադարձ չի կարող լինել, ասում է Թրամփի վարչակազմը՝ փաստացի ասելով քաղաքին և աշխարհին, որ 2014-22 թվականներին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմամբ հաստատված սահմանները կճանաչվեն օրինական։ Եվ Զելենսկին համաձայնեց։

Մոսկվան նախկինում նույն պահանջն էր ներկայացրել, իսկ Պեկինը լուռ աջակցում էր «խաղաղ կարգավորմանը»՝ առանձնապես չպնդելով 1991 թվականի սահմաններին վերադառնալու մասին:

Միայն Եվրոպան պնդեց, և հանուն 1991-ի հեղհեղուկ սահմանների զոհաբերեց Արցախը՝ Հայաստանը վերածելով հաշմանդամ երկրի։

Հիմա Եվրոպան նույնպես չի խոսում 1991 թվականի սահմանների մասին՝ ասելով, որ պարզապես ուզում է Ռուսաստանին զսպել ԵՄ-ՆԱՏՕ երկրներ ներխուժելուց։ Բայց Եվրոպայի համաձայնությունը Արցախի զավթմանն ու բնիկ հայ բնակչության տեղահանմանը “այլընտրանք” չեն թողնում սահմաններ գծողներին. բռնի ուժով կվերգծվեն նաև եվրոպական երկրների սահմանները, որոնց փոխարեն կհայտնվեն գորշ «ազդեցության գոտիներ» և արդյունաբերական կցորդներ։

Բոլորը կհիշեն, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում տեղի ունեցավ ԱՄՆ-ՌԴ-ԵՄ հանդիպումը, որտեղ ընդունվեց Արցախի օկուպացման և ողջ բնակչության տեղահանման որոշումը։ Իսկ արդեն 2023 թվականի հոկտեմբերի 21-ին, երբ Արցախում հայ չմնաց, իսկ Գազան ռմբակոծվում էր, այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մարդկությանը անհրաժեշտ է «նոր աշխարհակարգ»։

«Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, և ամեն ինչ լավ էր աշխատում, բայց դա վերջացավ։ Մեզ նոր աշխարհակարգ է պետք, և մոտակա 4-5 տարվա որոշումները կարող են որոշել, թե ինչպիսին են լինելու հետագա 50 տարին»,- ասել է նա։

Ահա և նոր աշխարհակարգը:

Սաուդյան Արաբիայի հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ նույն Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ըստ երևույթին, հենց այնտեղ է կնքվել աշխարհի սահմանները ուժով վերագծելու պակտը: Եթե Ալիեւին թույլ են տվել կուլ տալ Արցախը, իսկ Ռուսաստանին թույլ են տվել խլել Ուկրաինայի մեկ երրորդը, ապա ինչո՞ւ նույնը չանել այլ երկրների հետ։

Սիրիան արդեն զգացել է այս պակտի հետևանքները՝ ցեղասպանությունը և բնիկ բնակչության՝ ալավիների, քրիստոնյաների վտարումը, ակնհայտորեն հանգեցնում են Սիրիայի մասնատմանը։

Նոր «հաշխարհակարգի» կառուցման արդյունքում շատ երկրներ կարող են անհետանալ, և Հայաստանն այս ցուցակում ամենաերևացող տեղում է։ Հատկապես, նմանիշխանությունով ու ընդդիմությունով, որոնք այդպես էլ չեն հավատացել հայերի սեփական պետություն ունենալու հնարավորությանը, իսկ դրան հավատացողներին գնդակահարել են թիկունքից։

Նաիրա Հայրումյան

Հասմիկ Բարսեղյան․ լինել զինվորականի կին

«Ժամերն անցնում էին, բայց ոչ մի լուր ամուսնուցս չկար, բոլորն արդեն պատրաստվում էին, որ դուրս գան Արցախից, իսկ ես չգիտեի, ինչ պատասխան տալ երեխաներիս, ովքեր իրենց հորն էին սպասում»,- հիշում է 28-ամյա Հասմիկ Բարսեղյանը, ով սեպտեմբերի 19-ից հետո ոչ մի լուր չուներ ամուսնու՝ Միքայելի մասին։

Հասմիկը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից է, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Իր կարդացած ու ուսուցանած վեպերում անգամ չկան այն ապրումներն ու զգացողությունները, որ ապրեց ինքը 4 օրվա մեջ, երբ որեւէ տեղեկություն չուներ ամուսնուց։

«Ես լավ գիտեմ՝ ինչ է նշանակում լինել զինվորականի կին, ունենալ զինվորականի ընտանիք։ Հայրս արդեն թոշակի անցած զինվորական է։ Պապային մենք տանը չէինք տեսնում եւ միշտ քաշվում էինք իրենից, որովհետեւ նա տանը այն մարդն էր, որ միշտ գալիս էր ուշ եւ գնում շատ շուտ»,- ասում է Հասմիկն ու նշում, որ միայն հոր՝ թոշակի անցնելուց հետո մտերմացան եւ սկսեցին էլ չամաչել հայրիկից։

«Մաման միշտ ասում էր՝ չէի ուզենա, որ ձեր ամուսիները զինվորական լինեն։ Բայց ինձ համար զինվորականը հայ տղամարդու իրական կերպարն է՝ արժանապատիվ, զուսպ ու կշռադատված»,- ասում է Հասմիկն ու ավելացնում, որ ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ հենց զինվորական լինելն է իրեն առաջինը գրավել․ Միքայելը Իվանյանի վարժարանի կուրսանտ էր։

Հետո զինվորականի շորեր արդուկելը դարձավ սիրով արվող առաքելություն, ամուսնուն հպարտությամբ էր ճանապարհում աշխատանքի։ «2019թ․-ին ամուսինս թողեց բանակն ու անցավ այլ աշխատանքի, լավ եմ հիշում՝ մեր որդու ծնվելու օրն էր հենց գնացել դիմում գրելու»,- ասում է Հասմիկը։

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախ վերադառնալու մասին չեն էլ մտածել, դա որոշում էր, որ քննարկման ենթակա չէր։ Երկու երեխաների մայր է Հասմիկը, շրջափակման ամիսներին դժվար էր, բայց քանի որ սեփական հողատարածք ունեին, ցանել էին ամեն ինչ՝ մեղմելու փակ ճանապարհների ստեղծած քաոսը։

«Երբ սկսվեց բլոկադան, փոքր որդիս արդեն 6 ամսական էր, եւ հավելյալ սննդի անցնելու ժամանակաշրջանն էր, բայց ոչինչ չկար։ Ամենաբարդը, սակայն, տակդիրի բացակայությունն էր, անցել էինք 90-ականների փորձին՝ կտորներ էինք օգտագործում տակդիրի փոխարեն»,- հիշում է Հասմիկը։

«Ես 20-րդ դարի ճիշտ ներկայացուցիչ եմ, մտածում էի ես ու փորձում հաղթահարել դժվարություններն ու վայելել Արցախում անցնող ամեն մի օրս»,-ասում է նա։ Ու, թեեւ շատերն էին պատրաստ հաղթահարել այդ դժվարությունները, միայն թե ապրեին իրենց հողում, սեպտեմբերի 19-ը նոր ցավ ու կորուստների շարք բերեց։

Ամուսինը նորից վերադարձել էր զինվորական կյանքին, դիրքերում էր։ «Չգիտեի ինչ անել, երեխաներին գրկած վազվզում էի, մենք ապաստարան չունեինք, վազելով հասա մամայենց տան ապաստարան: Մի քանի օր անց, սեպտեմբերի 24-ին, խուճապ տարածվեց, որ թուրքերը մտնում են գյուղեր եւ պետք է դուրս գանք արդեն, որոշ ընտանիքներ հասել էին օդանավակայան՝ ռուսների ռազմաբազա»,- պատմում է Հասմիկը։

Գյուղը դատարկվում էր, իսկ իր ամուսնուց որեւէ տեղեկություն չկար։ Միքայելի տեղակայման վայրում կապ չկար եւ ՝ ողջ են, թե՞ ոչ, եւս պարզ չէր։

«Եկան ու ասացին, որ բոլորս պետք է դուրս գանք։ Խառնվեցի իրար, ո՞նց , թե դուրս գանք, իսկ ամուսինս․․․ամենածանր պահն այն էր, որ որդիս՝ Վահագնը մոտեցավ ու ասաց, որ ուզում է պապան գա, որ ինքը չի ուզում առանց պապա մեծանա․․․», – պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ այդ օրերին չգիտեր, ում համար էր ավելի շատ անհանգիստ՝ ամուսնու, որդու, թե սկեսուրի, ով արդեն քառասունչորսօրյայի ժամանակ կորցրել էր մյուս որդուն։

Միքայելը մի քանի անգամ փրկվել էր մահից, մեծ դժվարությամբ, քառօրյայի ժամանակ, հետո քառասունչորսօրյայի։ “Չգիտեի ինչ անել՝ հավաքե՞լ իրերը, թե սպասել։ Չէի կարողանում գտնել ինձ, մտածում էի, իսկ եթե մենք դուրս գանք ու Միքայելը գա, տեսնի, որ չենք սպասել իրեն, իսկ եթե դուրս գանք ու Միքայելին բերեն․․․»,- զինվորականի կնոջ քաոսային մտքերն է հիշում Հասմիկը։

Մի կերպ կապ հաստատեցին ու Միքայելը տուն հասավ։ Գյուղը գրեթե դատարկ էր։ Երեք օր ճանապարհ էին անցնում՝ չիմանալով, որտե՞ղ են գնում, ինչո՞ւ եւ արդյո՞ք մի օր հետ վերադառնալու հնարավորություն կենուենան։

«Սնունդ չկար, չգիտեի ինչ տալ երեխաներին։ Մի քանի կարտոֆիլ ունեինք, մի քանի կտոր հաց ու ինչպես հետո պարզվեց՝ ժամկետանց տուշոնկա»,- հիշում է Հասմիկն ու ավելացնում, որ ճանապարհի եւ Միքայելի շրջափակման մեջ հայտնվելու մղձավանջը ամենածանրն էր։

Հիմա այլեւս զինվորականի կին չէ, մի քանի տեղ է աշխատում ամուսինը, որ կարողանա հոգալ ընտանիքի ապրուստը, Երեւանում են ապրում։ Հասմիկն այստեղ իր մասնագիտությամբ չի աշխատում, բայց նոր մասնագիտություն է սովորել։ Փոքր որդու մանկապարտեզի հարցն է խնդիրը, վճարովի մանկապարտեզի հնարավորություն չկա, իսկ պետականներում հերթերն այնքան շատ են, որ չգիտի, արդյոք մինչեւ դպրոց գնալն իրենց հերթը կգա, թե ոչ։

Անդադար մտքերով տանն է, անընդհատ նկարներն է նայում, որտեղ երջանիկ էին, տանը, հայրենի հողում եւ խնամքով ու հպարտությամբ էր արդուկում զինվորական ամուսնու կամուֆլյաժ հագուստը։

Մարիամ Սարգսյան

Բաց նամակ․ սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհերը պետք է ճանաչվեն ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ

Բաց նամակ ՀՀ կառավարությանը
ՀՀ ազգային ժողովին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին
Մենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով՝ մեր խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է: Նշված երաշխիքների ներքո, 2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, այս իրադարձությունների և պայթյունի պատճառահետևանքային կապը, կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար:
Արդեն անցել է ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը։ Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։ Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։
Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։
Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրավական հիմքերին ու հիմնավորումներին, որոնք ևս փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:
Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի՝
Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝
դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով:
Վերոնշյալ նորմերի հիման վրա թիվ ԱՐԴ/0357/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունիսի 14-ի վճռով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Նարեկ Անդրանիկի Ավագյանը 2023թ. սեպտեմբերի 25-ից ճանաչվել է անհայտ բացակայող: Նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 14-ին, այսինքն՝ դեպքից հետո մեկ տարին չի անցել, և Դատարանը համարել է, որ անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների հետևանքով, ըստ այդմ առաջնորդվել է եռամսյա ժամկետով:
Ամբողջությամբ նույն հանգամանքներում թիվ ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Արայիկ Արտյուշի Սարգսյանը 2024 թվականի հուլիսի 12-ի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին» դրույթին համապատասխան:
Թիվ ԱՐԴ/0357/02/24, ԵԴ2/4925/02/24, ԵԴ2/6251/02/24, ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործերով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց անհայտ բացակայող ճանաչելու դիմումները վարույթ է ընդունել՝ առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի, համարելով, որ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործերով դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց՝ համաձայն վերը նշված՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի:
Թիվ ԿԴ/0761/02/24 քաղաքացիական գործով, վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը՝ «հանրահայտ փաստ է, որ դիմումում վկայակոչված ժամանակահատվածում և տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և դիմումում նշված անձն անհայտ կորել է այդ գործողությունների ժամանակ,..»։
Բոլոր գործերը հասանելի են «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում, իսկ անհրաժշտության դեպքում կտրամադրվեն մանրամասն տեղեկություններ: Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։
Առաջին ատյանի դատարանի վճիռները և Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում են, որ սեպտեմբերի 25-ի զոհերը և անհայտ կորած անձինք պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ։
Թեև Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանված արցախցիներին, այդ թվում՝ զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք և մեկ տարուց ավել է այս խնդիրը անտեսվում է, այդպես էլ որևէ հստակ որոշում և ծրագիր չի ձևավորվում։
Հարկ է նշել, որ դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում: 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունից հարազատներ կորցրած և բռնի տեղահանված անձինքս, ըստ էության, գտնվում ենք նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է հատուկ աջակցություն:
Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք․
1. Ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք:
2. Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին:
Բաց նամակի տակ ստորագրում ենք
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս.
1. Ավանեսյան Լիլիթ
2. Գրիգորյան Ալյոնա
3. Հայրիյան Մարիա
4. Սարգսյան Անաիդա
5. Կարապետյան Նարինե
6. Բաղդասարյան Անուշ
7. Արզումանյան Ասյա
8. Շահրամանյան Զարինե
9. Ավակիմյան Ռաիսա
10. Սարգսյան Լուսինե
11. Անդրանիկ Ավագյան
12. Աշոտ Սարգսյան
13. Կարինա Սարգսյան
14. Սարգսյան Էլինա
15. Ավանեսյան Գոհար
16. Ղազարյան Անահիտ
17. Զաքարյան Գայանե
18. Դադայան Լուչաննա
19. Մինասյան Անուշ
20. Հովսեփյան Գայանե
21. Մախմուրյան Աննա
22. Ադամյան Արյուսակ
23. Սարկիսովա Անժելա
24. Սարգսյան Սենորիկ
25. Գասպարյան Վրեժուհի
26. Պետրոսյան Կարինե
27. Մանուչարյան Ռոբերտ
28. Մուսայելյան Էլմիրա
29. Իսրայելյան Նունե
30. Ամիրջանյան Գայանե
31. Ամիրջանյան Ասյա
32. Արզումանյան Ժենյա
33. Գալստյան Նինել
34. Գալստյան Բելլա
35. Հարությունյան Լիանա
36. Գաասպարյան Արմինե
37. Խաչատրյան Կարինե
38. Մուսայելյան Ալլա
39. Սարգսյան Մարիամ
40. Սարգսյան Գայանե
41. Գրիգորյան Անահիտ
42. Գրիգորյան Իրինա
43. Գևորգյան Իննա
44. Արզումանյան Ժասմեն
45. Սանամյան Արմինե
46. Ալեքսանյան Նորա
47. Սահակյան Աստղիկ
48. Սահակյան Նելլի
49. Հովհաննիսյան Նարինե
50. Գրիգորյան Սյուզաննա
51. Լալայան Ինգա
52. Ավանեսյան Ինգա
53. Միրզոյան Նոնա
54. Առուշանյան Էլմիրա
55. Հայրապետյան Արմինե
56. Հովհաննիսյան Նադյա
57. Զաքարյան Իրա
58. Մաթևոսյան Նունե
59. Արզումանյան Նարինե
60. Կարապետյան Վեներա
61. Սահակյան Մարուսյա
62. Մաթևոսյան Հերմինե
63. Մանգասարյան Շուշան
64. Պողոսյան Արևիկ
65. Գրիգորյան Լուսինե
66. Ղարիբյան Էրիկ
67. Հայրապետյան Անուշ
68. Դանիելյան Աշխեն
69. Գաբրիելյան Սոնա
70. Առստամյան Լիանա
71. Մաթևոսյան Ծովինար
72. Գրիգորյան Ամինա
73. Բալայան Ագնեսա
74. Գրիգորյան Քրիստինե
75. Բալայան Արև
76. Պետրոսյան Արմինե
77. Պետրոսյան Երմոնյա
78. Հակոբյան Արևիկ
79. Բարսեղյան Նարինե
80. Աղաբեկյան Սիրան
81. Պապիկյան Լաուրա
82. Սարգսյան Էլլա
83. Աբրահամյան Ռիտա
84. Սարգսյան Վիկտորիա
85. Հովսեփյան Լուսինե
86. Ավանեսյան Գալինա
87. Ավանեսյան Մարինա
88. Մելքումյան Թամարա
89. Եղիյան Նարինե
90. Մանգասարյան Իրինա
91. Պետունց Սոնյա
92. Առստամյան Էմմա
93. Շահրամանյան Անահիտ

Արցախցիներին աջակցության նոր ծրագրին դեմ է քվեարկել մասնակիցների 98 տոկոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն նոր կարգ է սահմանվում, արցախցիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։ E-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծին https://www.e-draft.am/projects/8387 դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 98 տոկոսը։

Հայտնի է, որ ապրիլից 40+10 հազար դրամ աջակցությունն այլեւս չի հատկացվի բոլոր արցախցիներին, միայն թոշակառուներին, անչափահասներին և հաշմանդամներին, այն էլ՝ մինչև տարվա վերջ։ Իսկ նոր նախագծով նախատեսվում է, որ անապահով ընտանիքների համար աջակցության ամսական չափը կկազմի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40 000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։ Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։

Արցախցիները նշում են, որ իրենց 90 տոկոսը սոցիալապես անապահով են, ինչպե՞ս են որոշելու, թե ում պետք է հատկացնեն աջակցությունը։ Հանրային քննարկմանը մասնակցած արցախցիները մատնանշել են սոցիալական տարբեր խնդիրներ եւ նշել, որ ներկա պահին գործող տան վարձերի ու գնաճի պայմաններում անհնար կլինի գոյատեւել առանց 40+10 հազար աջակցության։

«Դեմ եմ նախագծին, քանի որ սխալ որոշում է։ Պետք է թողնել շարունակվի 40+10 նախագիծը՝ մինչև բնակարանով ապահովումը»,- գրել է քննարկման մասնակիցներից Նարա Հակոբյանը։

Ռուբեն Աղայանը գրել է․ «ԼՂՀ տեղահանված բոլոր ընտանիքներն ունեն սոցիալական աջակցության կարիք, անկախ նրանից՝ սեփականություն ունեն, թե ոչ։ ՀՀ կառավարությունը չի ապահովվել ոչ բնակելի տարածությունով, ոչ էլ աշխատանքով, այլ հակառակը՝ սրանով նպաստում է բռնի տեղահանվածների արտագաղթը ՀՀ-ից»։

«Բռնի տեղահանված Արցախցիների 80%-ից ավելին սոցիալապես անապահով է, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՞նց կարող է տուն ,տեղ, աշխատանք կորցրած մարդը լինել ապահով, այն էլ մոտ ապագայում առանց բնակվարձի աջակցության: Բազմաթիվ մարդականց անունից ենք խնդրում և հորդորում վերանայել ձեր մոտեցումները»,- գրել է Մարտիկ Պետրոսյանը։

Արմինե Ղարայանն էլ նկատել է, որ Հայաստանի կառավարությունն ամեն ձեւով փորձում եք նվաստացնել արցախցիներին, ավելացնել քաշքշուկներ ստեղծել մարդկանց համար։

«50 000 աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի, մենք բոլորս կարիքի մեջ ենք, աշխատելով հազիվ հասցնում ենք ֆիզիկապես պահել մեր գոյությունը, ուստի այդ ծրագիրը դադարեցնելով, մեզ կստիպեք թողնել ու հեռանալ Հայաստանից։ Եթե դա չէ ձեր իրական նպատակը, ուրեմն արեք հնարավոր ամեն բան, որպեսզի արցախցին կարողանա ապրել իր հայրենիքում»,- գրել է Իրինա Թավադյանը։

«200 000-300 000 դրամ տան վարձն է, 50-70 000 կոմումալները, ո՞նց մարդիկ ձեր տված գումարներով ապրեն»,- հարցադրում է արել Արմենուհի Ավագյանը։

Յանա Դանիելյանն էլ առաջակել է, որ 40+10 հազար աջակցությունը պետք է վերաբերվի բոլոր արցախցիներին և շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր արցախցու Արցախում մնացած իր գույքի ու հողատարածքի համար փոխհատուցում չի տրվել։

Ամրիա Գալստյանն էլ նշել է․ «Հարգելի պատկան մարմիններ, արցախցուն անհրաժեշտ է տուն ու աշխատանք։ Այդ երկու մինիմալ կարիքներից ոչ մեկը չբավարարվեց։ Դրամական աջակցությունը միայն տան վարձերին է հերիքում: Հիմա ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք փախստականին օգնում եք, թե՞ ոչ»։

Այս նախագիծը հանրային քննարկման է դրված մինչեւ մարտի 21-ը։

Ռոզա Հովհաննիսյան