Իսկ եթե արցախցիներին կշտամբողներն էլ արժանանային նույն ճակատագրին, ինչ արցախցիները

Երեկ՝ Ազատության հրապարակի հանրահավաքից հետո, սոցցանցերը լցվեցին գրառումներով այն մասին, իբր թե է արցախցին կռվում է ստամոքսի համար, որ չի ուզում աշխատել, պետության վզին նստած և այլն։ Ուզում եմ դիմել նման «փայլուն հայտարարությունների» հեղինակներին. դուք չեք հասկանում, թե ինչի միջով է անցել Արցախի ժողովուրդը, որովհետև դուք չեք ապրել շրջափակման մեջ, հետո դարձել փախստական։ Դուք չգիտեք, թե ինչ է 9 ամիս սոված մնալը: Ամբողջ գիշեր հացի համար հերթ կանգնելը, արդյունքում առանց հացի տուն վերադառնալն ու երեխաների սոված աչքերը տեսնելը։ Քնել ցրտի մեջ, առանց գազի և էլեկտրականության։ Հարյուրավոր կիլոմետրեր քայլել վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով։

Ապրելով այդ ամենը թողնել տները, երկար տարիների տքնաջան աշխատանքով ձեռք բերված ունեցվածքը, հարազատների շիրիմներն ու լքել հայրենիքը՝ չհասցնելով անգամ պատշաճ կերպով հուղարկավորել զոհված հարազատներին ու ընկերներին։ Արդյունքում հայտնվել արտաքսման պայմաններում՝ առանց աշխատանքի, ապրուստի միջոցների և տարրական իրավունքների պաշտպանության։ Իրական գներին չհամապատասխանող բնակարանների վարձավճարի համար չնչին նպաստ ստանալ, որը սակայն կդադարի ապրիլի 1-ից, և շատ արցախցիներ բառացիորեն կմնան փողոցում։

Որքան էլ դաժան հնչի, իշխանական քարոզչության զոհ դառնալու փոխարեն, փորձեք ձեզ պատկերացնել արցախցիների տեղում։ Իսկ եթե նրանց ճակատագրին արժանանար Հայաստանի բոլոր բնակիչնե՞րը, այդ թվում դուք և ձեր ընտանիքները։ Իսկ եթե թշնամին քանդեր ձեր տները, պղծեր ձեր հարազատների ու ընկերների շիրիմները, եկեղեցիները, վանքերը և մեր մեծ հայրենիքի մշակութային և պատմական ժառանգության այլ հուշարձանները, ինչպես արվում է այժմ Արցախի տարածքում։ Միգուցե այդ ժամանակ կկարողանաք հասկանալ երեկվա հանրահավաքի իրական իմաստը։

Արսեն Աղաջանյան

Մարտի 31-ին (երկուշաբթի), ժամը՝ 12:00-ին, ակցիա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև

Մարտի 31-ին (երկուշաբթի), ժամը՝ 12:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև տեղի է ունենալու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիան: Միջոցառման ժամանակ ներկայացվելու են արցախցիներին վերաբերող սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ մտահոգությունները և հնարավոր լուծումները:
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել ակցիային:
Հասցե՝ Նալբանդյան 4/1, Հանրապետության հրապարակ մետրոյի կանգառի մոտ:

Ուղղակի այն ժամանակ Հայաստանի սահմաններն անցնում էին Օմարով, Թալիշով, Աղդամով, Ֆիզուլիով ու Հորադիզով

Արցախի տարածքային նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է, որ  “մինչև 90-ականների վերջ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կար մաքսային սահման, Արցախի հարկային համակարգը տարբերվում էր հայաստանյանից։ Հետո Երևանը առաջարկում է հանել մաքսային սահմանը, միասնականացնել հարկային համակարգը։ Դրա փոխարեն ՀՀ բյուջեի 4,4 տոկոսը միջպետական վարկի տեսքով փոխանցվում էր Ստեփանակերտ”։
Այդ գումարը մինչև 2020թ պատերազմը տարբեր տարիների եղել է 8 միլիոն դոլարից մինչև 120 միլիոն դոլար։ Ոչ մեկն արցախցիներին չի պահել, ոչ մեկը չի աշխատել՝ արցախցին կերել է։ Դա եղել է Արցախի գումարները՝ հավաքված ՀՀ ՊԵԿ կողմից և փոխանցված Ստեփանակերտ, գրում է նախկին նախարարը։
“Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ եկամուտներ և տնտեսական օգուտներ է ստացել Արցախի առկայությունից։ Նշեմ, որ այսօր Հայաստանի տարածքում գտնվող միայն մի հանք, որ պատերազմից հետո չի աշխատում անվտանգային պատճառներով, տալիս էր այդ միջպետական վարկի կեսի չափով հարկ”, գրել է Խանումյանը։
“Պաշտպանության մասին։ Ոչ մի զինվոր, լինի նա Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքից, արցախցուն կամ Արցախը չի պաշտպանել, պաշտպանել է Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանել է հայությանը։ Ուղղակի այն ժամանակ Հայաստանի սահմաններն անցնում էին Օմարով, Թալիշով, Աղդամով, Ֆիզուլիով ու Հորադիզով, հիմա սահմանն անցնում է Սոթքով, Ջերմուկով, Տեղով ու Կապանով։ Սա է տարբերությունը”, գրում է Հայկ Խանումյանը։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ արցախյան ճակատում զոհվել է 6157 զինծառայող, նրանցից 3200 Արցախից են եղել, բացի դրանից ևս 1000 քաղաքացիական անձ է զոհվել։ Առաջին պատերազմի ժամանակ արցախյան ճակատից դուրս, այլ վայրերում (Երասխից մինչև Իջևան, Կապան) զոհվել է ևս 1000 զինծառայող։ 2020թ․ պատերազմին զոհվել է մոտ 4000 զինծառայող, որից 800-ը՝ Արցախի բնակիչ։

Արցախի նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանն էլ գրում է․

Նիկոլ Փաշինյանի պատճառով սեփական կացարանը կորցրած ընտանիքները ունեն սոցիալական հոգածության բացառիկ իրավունք։ Հետևաբար, մինչև յուրաքանչյուր ընտանիքին բնակարան հատկացնելը, կառավարությունը պարտավոր է շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ամբողջ ծավալով։ Ընդ որում, կառավարության կողմից այդ ծրագրի ծախսերը 2 անգամ քիչ են Արցախին տրված ֆինանսավորումից։

Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։

 

Արցախցիները Ազատության հրապարակում շարունակում են նստացույցը

Արցախցիները Ազատության հրապարակում շարունակում են նստացույցը։

Նրանք երեկվա հանրահավաքում 1-2 շաբաթ ժամանակ են տվել Հայաստանի կառավարությանը, որպեսզի արցախցիների վերաբերյալ աջակցության ծրագրերը վերանայեն։ Որից հետո, ասել են՝ հստակ գործողությունների կդիմեն։

Ըստ արցախցիների՝ աջակցության ծրագրերի կրճատումը կհանգեցնի արտագաղթի ծավալների մեծացմանը։

 

1988-ի ազգային վերածնունդից մնացել է ծակ լաթ, որը ներկայիս կառավարիչները ներկայացնում են որպես «նորաձև» կոստյում

Երեկ Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել արցախցիների մեծ հանրահավաք, որտեղ հնչել են իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության պահանջներ։ Կառավարությանը ներկայացվել է պահանջագիր, որը ոչ միայն առաջարկում է շարունակել սոցիալական օգնությունը արցախցիներին, այլ նաև քաղաքական պահանջներ է պարունակում. հետ չվերցնել Բաքվի դեմ միջազգային ատյաններում հայցերը, շարունակել Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, չստորագրել «խաղաղության պայմանագիր», որտեղ չի հիշատակում Արցախը։

Բացի այդ, արցախցիները պահանջում են, որպեսզի արցախցիների սոցիալական ծրագրերը վերանայվեն և խմբագրվեն, որպեսզի դրանք իսկապես դառնան աջակցություն, այլ ոչ թե անհասանելի կոնֆետ, որի համար արցախցիները ստիպված են նվաստանալով ձեռք մեկնել։

Իշխանությունը դեռ չի արձագանքել արցախցիների պահանջներին, թեև ըստ իշխանամետ շրջանակների արձագանքնի կարելի է կանխատեսել պատասխանը։ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, օրինակ, հրապարակել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գրառումը, որտեղ նա արցախյան հանրահավաքի մասնակիցներին ասում է, որ «Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու»: Այսինքն՝ դուք ոչ մի արտոնություն չեք ունենա՝ կտանջվեք այնպես, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները։

Իսկ այդպես էլ չբացահայտած, թե ուր են գնացել Covid-ի կարանտինի գումարները Arsen Torosyan-ը մի ամբողջ մանիֆեստ է գրել այն մասին, թե ինչում են մեղավոր արցախցիները և ինչում են նրանց շուտով մեղադրելու։

“Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անկախությունից ի վեր իր լավագույնն է զոհաբերել Լեռնային Ղարաբաղի իր քույրերի և եղբայրների համար՝ իր լավագույն զավակներին, իր տնտեսական ներուժի զգալի մասը, խաղաղ ու բարգավաճ ապրելու իր իրավունքը։ Բայց ԼՂ հարցը թե՛ ԼՂ-ում, թե՛ Հայաստանում միշտ լոկ մի բանի է ծառայել՝ իշխանությանը տիրանալու և այն պահելու համար։ Նույնիսկ 44-օրյա ավերիչ պատերազմից հետո ԼՂ ղեկավարությունը չդադարեց այդ կործանարար քաղաքականությունը, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայաթափվեց։ Եվ հիմա նույն այդ քաղաքականությունը փորձում են իրականացնել Հայաստանում այդ նույն մարդկանց հետևորդները։ Այդ անձինք և ուժերը կրկին հայաթափում են ուզում, այս անգամ՝ Հայաստանում։ Սա հստակ պայքար է Հայաստանի Հանրապետության գոյության դեմ”։

Չարժե վերլուծել Թորոսյանի, Մկրտչյանի և հայկական ազգանուններով բազմաթիվ այլ էակների անհեթեթ հայտարարությունները, ովքեր փորձում են իրենց փոքրհոգությունը ու դավաճանությունը թաքցնել ագրեսիվ փսլնքոտ ագրեսիայով ու արցախցիներին ուղղված մեղադրանքներով։ Առարկենք միայն հիմնական «փաստարկը»՝ Արցախն ու արցախցին խանգարել և խանգարում են Հայաստանի անկախությանը։

Երեկ արցախցիների հանրահավաքը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որը ժամանակին կոչվում էր Թատերական և որտեղ Հայաստանի անկախության ճանապարհը սկսվեց 1988-ին Ղարաբաղյան շարժումով: Պատմության մեջ “եթեներով” խոսալ չկա, բայց ակնհայտ է, որ առանց Ղարաբաղյան շարժման չէր լինի անկախ Հայաստան։ Եվ հիմա՝ 35 տարի անց, ակնհայտ է, որ առանց Արցախի չի կարող լինել անկախ Հայաստան։

Այն մարդիկ, ովքեր խարխլեցին ինքնիշխան Հայաստանի հիմքերը՝ համաձայնվելով հանձնել Արցախը, անտեսելով Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի Արցախը Հայաստանի մաս է, հավերժ կրելու են խայտառակության խարանը։ Նրանց փոքրհոգի ձգտումը դեպի մութ «խաչմերուկներ», պանդոկներ, մանր առևտուր և կուշտ կյանք թթվի պես քայքայել են ազգային մատրիցան: Այժմ 1988-ի ազգային վերածնունդից մնացել է միայն մի ծակ լաթ, որը ներկայիս կառավարիչները փորձում են «նորաձև» կոստյում ներկայացնել։ Իսկ Օպերայի հրապարակում երեկվա հանրահավաքը միբան է ասել՝ «թագավորը մերկ է»։

Ներկայիս իշխանությունը ոչ միայն կմերժի արցախցիների խաղաղ ու օրինական պահանջները, այլ էլ ավելի կխստացնի արցախցիների կենսապայմանները Հայաստանում՝ համեմելով այն արցախցիների նկատմամբ բուլիինգի դառը սոուսով։ Բայց «թագավորը մերկ է», և հիմա միայն արցախցիները չէ, որ խոսում են այս մասին։

Նաիրա Հայրումյան

Արցախցի մայրերը բողոքի ակցիա են անում կառավարական ամառանոցների մոտ

«Արժանապատիվ կեցություն մայր Հայաստանում», «40+10 հավասար է գոյատեւում», «Բնակարանային ծրագիրը ձախողված, արցախցին՝ աօթեւան» պաստառներով արցախցի մայրերը բողոքի ակցիա են անում կառավարական ամառանոցների մոտ։

Նրանք նշում են, որ 40+10 հազար ծրագրի դադարեցումը սոցիալական լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի արցախցիներին, արցախցի մայրերը չեն կարողանա իրենց երեխաների տարրական պայմանները հոգալ։

Արցախցիները կառավարությանը կոչ են անում վերանայել իրենց վերաբերյալ ծրագրերը։

Գորիսուն նախկին վարչական շենքը բնակելի են դարձրել, հիմնականում արցախցիների համար

Գորիսի կոմունալ ծառայության նախկին եռահարկ շենքը բարեկարգվել, հարմարեցվել է բնակարանների համար։ Մեկ, երկու եւ երեք սենյականոց 18 բնակարանները նախատեսված են հիմնականում արցախցիների համար, բայց գորիսեցիները նույնպես բաժին կունենան, ասել է քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Շինարարությունը նաեւ աշխատատեղի հարց է լուծել 25-30 մարդու համար:

Շենքը վերանորոգվել  է 200 մլն դրամ նախագծային արժեքով:

Որքա՞ն այսպիսի շենքեր կլինեն Հայաստանում, որ անցած մեկ ու կես տարում կարելի էր վերանորոգել եւ գոնե 18 ընտանիքի բնակարանային խնդիր լուծել: Կա՞ նման ցանկություն, կարդացողները կարող են եզրակացություններ անել:

Հաշվի առնելով մասշտաբները, 18 բնակարանի խնդիր լուծելն ընդամենը մի կաթիլ է ծովում, բայց ամեն դեպքում, հուսանք Գորիսի օրինակը “վարակիչ” կլինի:

Մարութ Վանյան

Արցախահայությունը բռունցքվել է՝ պաշտպանելու իր իրավունքները

Հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքում արցախցիները հավաքվել էին ևս մեկ անգամ վճռականորեն արտահայտելու իրենց հավաքական կամքը և պատրաստակամությունը վերադառնալու Արցախ, որտեղից տեղահանվել են ոչ իրենց կամքով։

Երեկ արցախահայությունը բռունցքվել է՝ պաշտպանելու իր իրավունքները։ Վերադարձի կամքն անսասան է, հայրենիքի կարոտը՝ անչափելի։ Մենք զրուցել ենք հանրահավաքին մասնակցած մարդկանց հետ։ 

 Սեյրան Մայիլյան

-Արցախահայերն հավաքվել են այստեղ իրենց մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնելու համար։ Նախ և առաջ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կարելի է միավորվել ու ինչ որ հարցի համար միավորված պայքարել։ Ցանկացած համախմբված գործողություն կարող է ունենալ իր վերջնաարդյունքը։ Միայնակ ոչնչի չես կարող հասնել։ Այս պահին, իմ կարծիքով հավաքվել է մոտ 30000 մարդ։ Ըստ որոշակի հավաքագրված տվյալների Երևանում ապրում է մոտ 20000 արցախցի։ Կարծում եմ՝ տեղահանված արցախահայության զգալի մասն այստեղ կլիներ, եթե հնարավորություն ունանար։ Հարցը միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէ։ Ուղղակի ցանկանում ենք ասել, որ պետք չէ նման վերաբերմունք դրսևորել մեր ժողովրդի հանդեպ, ով դեռևս ապահովված չէ բնակարաններով և աշխատանքով։ Աջակցության դադարեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջացնել արցախահայության շրջանում։

 Անահիտ Դանիելյան

-Այսօր Ազատության հրապարակում նորից համախմբված ու միասնական տեսանք մեր համերկրացիներին, ովքեր դուրս էին եկել պաշտպանելու ՄԱԿ֊ի կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքները։ Արցախահայությանը չի կարող չմտահոգել մեր ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագիրը, որոնց նկատամբ այս օրերին Բաքվում շինծու դատավարություն է իրականացվում։ Հավաքվածները ներկայիս իշխանություններից պահանջում են դիմել միջազգային բոլոր կառույցներին, մարդու իրավունքների միջազգային դատարանին` անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր գերիներին։ Շարունակել սոցիալական ապահովության ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը, մինչև կլուծվեն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների բնակարաներով ապահովվելու հարցը։ Հակառակ դեպքում, եթե դադարեցվի ծրագիրը մեր հայրենակիցները ստիպված կլինեն լքել երկիրը։

Նունե Քոչարյան

-Ամուսինս 16 տարեկան էր, երբ վիրավորվեց Արցախյան առաջին պատերազմում։ Ամբողջ կյանքում նա ծառայել է Արցախի համար։ Ես Երևան քաղաքից եմ և18 տարեկան էի, երբ Հայաստանից մեկնեցի Արցախ՝ վիրավոր տղաներին արյուն տալու։ Ընտանիք կազմեցի զինվորականի հետ, ու մնացի Ստեփանակերտում։ Իմ տղան 2 տարի սահման է պահել Մատաղիսում։ Ու հիմա կորցրել ենք ամեն ինչ։ Մեր հայրենիքը կորցրել ու հայտնվել ենք այստեղ՝ դռնեդուռ։ Ինձ ամենից շատ մտահոգում է մեր հայ գերիների հարցը։ Չեմ ուզում անգամ պատկերացնել, թե նրանք ինչ օրեր են քաշում այդ բորենիների ձեռքում։ Այսօր ես ոգևորվեցի, երբ տեսա մեր արցախցիների այսչափ համախմբումն ու միասնականությունը։ Հույս ունեմ, որ մեր բաձրացված հարցերն ու խնդիրները կունենան իրենց լուծումները։

Մենք ցանկանում ենք ապրել Մայր Հայաստանում և հոգու խորքում հավատում ենք, որ մի օր կվերադառնանք Արցախ։

Աիդա Մուսայելյան

– Մեր ամեն մի օրն սկսվում և ավարտվում է Արցախ վերադառնալու հույսով, ու այդ հույսը մեր մեջ երբեք չի մարի։  Հավաքվել ենք կոչ անելու, որ օրակարգում այդ հարցը լինի առաջնահերթ, ինչպես նաև մշտարթուն պահվի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այսօր մեզ համար կարևոր է նաև սոցիալական աջակցությունը և այն, որ ՀՀ կառավարության կողմից շուտով կդադարեցվի մեզ տրամադրվող միակ աջակցությունը, անտրամաբանական ու անարդար մոտեցում է արցախցիների հանդեպ։ Շատերը կհայտնվեն չքավորության շեմին, կմնան անօթևան ու ստիպված կլինեն արտագաղթել՝ գերադասելով օտար երկրները Մայր Հայաստանից։ Քանի դեռ ապահովված չենք բնակարաններով, աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի ու անխտիր բոլոր տեղահանվածների համար։

Լուսինե Գրիգորյան

-Ինչպե՞ս մոռանանք Արցախի պատմությունը, մեր անցած կյանքը։ Մեր տղաների թափած արյունը ո՞նց ուրանանք։ Ինչպե՞ս թե փակված է Արցախի էջը։ Մինչև Արցախյան շարժումը կոնկրետ մեր գյուղում ադրբեջանցի 2 ընտանիք էր ապրում, այն էլ հովվություն էին անում։ Իսկ հիմա այնտեղ բնակեցվել է 135 ընտանիք, ու այդ մարդիկ փաստում են, որ 33 տարի առաջ այնտեղ էին ապրում ու վերադարձել են իրենց տները։ Ես 40 տարեկան եմ ու ընդամենը 2 ընտանիք եմ տեսել մեր գյուղում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչպես են այդ ստերը հասցվում միջազգային կազմակերպություններին։ Այդ և նմանատիպ հարցեր պետք է վերհանել, այլ ոչ թե փորձել մեզ կոտրել՝ զրկելով միակ աջակցությունից։

Արցախցիները պատվավոր մարդիկ են և միշտ էլ արժանապատվորեն են քայլել Արցախի սուրբ հողում, ապրել, արարել։

Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար ու վերադառնանք տուն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում

«Այսօր մեզ ասում են, որ Գանձասարը քոնը չէ, 5658 հուշարձանը քոնը չէ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանկերտն այսօր ենթարկվում է ոչնչացման, ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության աչքի առաջ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ «Մեզ բռնագաղթի միջոցով ցեղասպանության ենթարկելուց, այսօր մեր մշակութային ժառանգությունն են ենթարկում մշակութային ցեղասպանության, որպեսզի մենք այլեւս մոռանանք Արցախի մասին։ Արցախը հայկական մշակութային ժառանգության գանձարանն էր, որն այօսր վտանգված է։ Եվ այսօր, երբ ՀՀ իշխանությունն ասում է, որ պետք է հայցերը վերցնի միջազգային դատարաններից, նշանակում է նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի համար։ Ադրբեջանը քայլ առ քայլ հստակ գնում է մեզ ոչնչացնելու ճանապարհով։ Նույն փորձը, որը նա ձեռք էր բերել Նախիջեւանում, այսօր իրականացնում է Արցախում»,- ասաց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝  նույն քաղաքականությունն Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ է իրականացնում․ Ադրբեջանում ՀՀ բոլոր տեղանուններն ադրբեջանացված են։ Սա նույնպես մեր մշակութային ժառանգության դեմ ցեղասպանական քաղաքականություն է։ «Եվ եթե մենք մեր միասնականության շնորհիվ չբռնենք թշնամու ձեռքը, ապա նորից կանաչ լույս ենք վառելու մեր թշնամու առաջ։ Թե միջազգային հանրությունը, թե ՀՀ իշախանությունները, բացի հերթապահ հայտարարություններից, գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային էթնոցիդի քաղաքականությունը զսպելու համար։ Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում»,- հայտարարց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա արցախցիներին կոչ արեց շարունակել ապրել Հայաստանում, չարտագաղթել, որպեսզի կարողանան համախումբ վերադարձով փրկել Արցախի մշակութային ժառանգությունը։

 

Արցախցիներին թույլ չտվեցին տեղադրել երկրորդ վրանը

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» այսօր Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո վրան տեղադրեց Ազատության հրապարկում՝ նստացույց անելու նպատակով։ Կգործի նաեւ օպերատիվ շտաբ։

Ոստիկանները թույլ չտվեցին արցախցիներին երկրորդ վրանը տեղադրել հրապարակում։ «Ընդամենը մեկ վրան է թույլատրված, պայմանավորվածություն է տեղի ունեցել մեկ վրանի շուրջ, ավել վրան չի լինելու, իրենց համակարգող խորհուրդը այս մի վրանի մեջ է շարունակելու իրենց ակցիան»,- ասաց ոստիկանը։

Նշենք, որ այսօր անցկացված հանրահավաքի օրակարգային հարցերն են՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ եւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։ Արցախցիները 1-2 շաբաթ ժամանակ են տվել Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց վերաբերյալ ծրագրերը։ Հանրահավաքում հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունից պատասխան չստանան, կազմակերպելու են ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու են հստակ գործողությունների։

 

Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա

Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին են համարում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը։

Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա․ «Այս ամբոինից գոռում էիր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Արի, հենց հիմա այս ամբիոնից պատասխանիր ինձ, որ ասում ես՝ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ։ Քո 40+10 հազարը մարդկանց պետք չէ, մեզ մեր հայրենիքն է պետք, ապահովիր մարդկանց իրենց հայրենիքով»։

Արցախցիներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ինքը մեզ Արցախից կտրել է, ամեն ինչից կտրել է, պարտավոր է մեր տան վարձերն այնքան տա, մինչեւ տնով ապահովի։ Ոնց մեզ տնից-տեղից կտրել, բերել հարցրել է այստեղ, պարտավոր է մեր տան վարձերը տալ»։

«Բնակապահովման սերտիֆիկատից օգտվելու համար մեզ կանգնցրել են բարդ ընտրության առաջ։ Գնում ենք, որ մեր սերտիֆիկատին համապատասխան տուն ընտրենք, բանկը գնահատում է 20 հազար դոլար, տան տերն ասում է՝ ցտեսություն քեզ, իմ տունը թանկ է։ Ինձ ասում են՝ Հայաստանի քաղաքացիություն ստացիր։ Այնտեղ իմ բնակավայրն է մնացել, դու խի՞ ես ջնջում ամեն ինչ։ Մեզ մեր հայրենիքից ու ամեն ինչից զրկել, հիմա էլ պատմությունն է ուզում ջնջել, ո՞վ է քեզ այդքան իրավունք տվել»,- ասաց արցախցի մի կին։

«Մեծ ոգեւորությամբ կվերադառնամ իմ տուն, դուռը թողել եմ բաց, լիքը, առատ տունը թողել եկել եմ, հիմա դարձել եմ փողցային մարդ, ոչ տուն ունեմ, ոչ փող»,- ասաց արցախցի մի տղամարդ։