Միջազգային կառույցներն Արցախի ու արցախցիների իրավունքների հարցը չեն փակում

Միջազգային կառույցներն Արցախի ու արցախցիների իրավունքների հարցը չեն փակում, այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մինչ Հայաստանի իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են հայ ժողովրդին համոզել ու ներշնչել, թե մենք մենակ ենք եւ միջազգային հանրության կողմից լքված, որ հայ ժողովրդի երազած մոդելը թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրանքով գծված խաղաղության սցենարն է, եւ չկա այլընտրանք, քան ցավոտ ու վերջնական կապիտուլյացիան, Եվրապառլամենտը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունում՝ Արցախի բռնազավթմանը տալով էթնիկ զտում գնահատականը եւ պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել խոշտանգման ենթարկվող  23 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Նա նաեւ անդրադարձավ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձեւին՝ Արցախի հարցով խաղաղության համաժողով անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝  կարեւորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն ու պաշտպանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը բանաձեւ ընդունեց։

«Այս դրվագներն այն մասին են, որ միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառված չեն, սակայն պետական տեսալական ունեցող իշխանության համար։ Իսկ վարչախումբը փորձում է իր դիվանագիտական կատաստրոֆիկ անկարողությունն ու ազգային տեսլականի բացակայությունը կոմպենսացնել մեղավորներ նշանակելով ու հանրությանը համոզելով, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականները»,- ասաց Գալստյանը։

 

«էսկալյացիայի բարձրացման վտանգ կա տարածաշրջանում». Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր Երեւանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով Հայաստանից միջանցք ստանալ։

«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու դիվանագիտության միջոցով եւ դեմ ենք ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցությունների ուղիների, տրանզիտային ուղիների ձեւավորումը տարածաշրջանում դա ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները։ Եթե տարածաշրջանի երկրները կուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց, կրկնում եմ, երկրների ազգային ինքնիշխանության եւ նաեւ ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանակներում։ Բացի սրանից, ցանկացած ուղի չի համարվում ընդունելի»,- ասաց Իրանի արտգործնախարարը։

Նա հավելեց, որ Իրանը աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «էսկալյացիայի բարձրացման վտանգ կա տարածաշրջանում, մենք հուսով ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն, եւ մենք տարածաշրջանում կհասնենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- հավելեց Արաղչին։

Հայքը չէր ջախջախվել ոչ տնտեսական, ոչ զորահավաքային և նույնիսկ ոչ ամբողջական ռազմական առումով։ Այն քաղաքականապես էր բարոյալքվել

ՌԱԶՄԻԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բազմիցս քննադատել ենք Հայքի զինված ուժերի վիճակն ու դիրքը՝ մատնանշելով բանակի թույլ կողմերն ու թերությունները:

Այսօր մեր որոշ հայրենակիցների զարմացնում է այն փաստը, թե ինչու մենք, նախկինում բարձրացնելով ՀՀ զինված ուժերի հիմնական խնդիրները, այսօր կասկածի տակ ենք դնում Հայքի պարտությունը 44-օրյա պատերազմում: Եվ այդ կապակցությամբ ուզում ենք անմիջապես պարզաբանել․ այստեղ որևէ հակասություն չկա։

Հասարակությունը անհանգիստ է, քանի որ պարտության զգացումը նրա մեջ բացակայում է: Եվ սա շատ հետաքրքիր երևույթ է, քանի որ նույնիսկ այդքան մեծ ապատեղեկատվությունից ու հոգեբանական ճնշումներից հետո, հասարակությունը զգում է, որ ինչ-որ բան այն չէ:

Օրինակ՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ընթացքում չկային հայ ռազմագերիներ, և ինչո՞ւ նրանք բոլորը հայտնվեցին Ադրբեջանի մոտ միայն մարտական գործողությունների ավարտից հետո:

Ինչո՞ւ էին Արցախյան առաջին պատերազմի գեներալներն ու հերոսները խաբում մեզ՝ հայտարարելով, թե Արցախում այլևս սպառազինություն և զինամթերք չի մնացել, մինչդեռ Արցախի կապիտուլյացիայից հետո հասարակությունը ցնցված էր Ադրբեջանին փոխանցված սպառազինությունների ահռելի քանակով, որն առկա էր Արցախի Պաշտպանության բանակի տրամադրության տակ նույնիսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումից հետո։

Ինչո՞ւ էին Շուշիի շրջանի կամավորական ջոկատները բացականչում և օգնություն խնդրում՝ հայտարարելով զինվորների պակասի մասին, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ 11 458 քառակուսի կիլոմետրի վրա շուրջ 30 հազար զինվոր է եղել։ Եվ դա ճիշտ էր, քանի որ ավելի ուշ պարզ դարձավ, որ հիմնական ուժերը ինչ-որ պատճառով կենտրոնացված էին հյուսիսում, թեև լեռնաանտառային տեղանքի պատճառով դրա կարիքը չկար։

Ո՞ւր են այն հարյուրավոր «դավաճանների» դատավարությունները, որոնց մասին այդքան բարձրաձայնում էին իշխանական կառույցներն ու ԱԱԾ-ն։

Ինչո՞ւ զինադադարից հետո գերության մեջ հայտնված հայ զինվորներին չտրվեց Արցախի զինծառայողների կարգավիճակ։

Ինչո՞ւ Սյունիքի տարածքից հայկական ստորաբաժանումները զանգվածային հարված չհասցրեցին ադրբեջանական զորքերին, որոնք տեղաշարժվում էին Արաքսի գետի ափին գտնվող հարթավայրերով։

Ինչո՞ւ Սյունիքի տարածքից հայկական ստորաբաժանումները չիջան ներքև՝ հարավում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։

Այս բոլոր հարցերին վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանել նրանք, ովքեր օգտագործելով իրենց հեղինակությունը՝ փորձում էին հայ հասարակության մեջ սերմանել պարտվողական տրամադրություններ՝ հետապնդելով իրենց սեփական քաղաքական նպատակները։

Հասարակությունում հաճախ առաջանում է թյուր կարծիք, թե երկրի պարտությունը որոշվում է բացառապես ռազմական գործողությունների ավարտով կամ որոշ տարածքների կորստով։ Կա նաև կարծիք, որ պարտությունը որոշվում է քաղաքական մակարդակով, ինչը, անշուշտ, ճիշտ է, քանի որ հենց այս երևույթի հետ է բախվել հայկական հասարակությունը։

Գոյություն ունեն երեք հիմնական չափանիշներ, որոնք միանշանակ սահմանում են, թե պետությունը պարտվե՞լ է պատերազմում, թե՞ ոչ։ Այս չափանիշներն են․

  • Պետության կանոնավոր բանակի վիճակը․

Եթե պետության զինված ուժերի հիմնական մասը շարունակում է պահպանել իր մարտունակությունը, թվաքանակը և կառուցվածքը, զգալի կորուստներ անձնակազմի և տեխնիկայի մեջ տեղի չեն ունեցել, ինչպես նաև կա հնարավորություն արագ ավելացնելու ռազմական ներուժը, նշանակում է՝ բանակը լիարժեք պարտություն չի կրել։

  • Պետության տնտեսական վիճակը․

Տնտեսությունը ցանկացած պատերազմի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եթե պետության տնտեսությունը ավերված չէ, ֆինանսական համակարգը գործում է, պահպանվում են արտադրական հզորությունները և ենթակառուցվածքները, ապա պետությունը հնարավորություն ունի շարունակել պատերազմը, նույնիսկ եթե ժամանակավորապես դադարեցրել է մարտական գործողությունները։

  • Զորահավաքային ռեսուրս․

Եթե պետությունը պահպանել է գրեթե ամբողջ զորահավաքային ներուժը և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել բավարար թվով նոր պահեստազորայիններ և մասնագետներ, դա նշանակում է, որ երկիրը ունակ է վերսկսելու կամ շարունակելու մարտական գործողությունները։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո.

  1. Հայքը Արցախի պատերազմի ընթացքում չի անցկացնել [Արցախ ուղարկելու համար] համընդհանուր զորահավաք։ Հայքի տարածքում տեղակայված հիմնական կանոնավոր բանակը ամբողջական ծավալով չի մասնակցել ռազմական գործողություններին։ Կիրառվել են միայն առանձին զորամասեր և ստորաբաժանումներ՝ հրետանավորներ, ՀՕՊ հաշվարկներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և կամավորների փոքրաթիվ խմբեր։
  2. Հայքի տնտեսությունն պատերազմից հետո մնացել է գրեթե անվնաս և շարունակել է գործել նախկին ռեժիմով։ Կորուստներ առանցքային տնտեսական ճյուղերում չեն արձանագրվել։ Պետական ֆինանսական ռեսուրսները չեն սպառվել կրիտիկական մակարդակի, ենթակառուցվածքները պահպանել են իրենց աշխատունակությունը։ Վարկունակությունն էլ է պահպանվել։
  3. Հայքի զորահավաքային ռեսուրսը մնացել է գրեթե ամբողջությամբ պահպանված, ինչը թույլ էր տալիս անհրաժեշտության դեպքում կարճ ժամանակահատվածում ներգրավել տասնյակ հազարավոր պահեստազորայինների և մասնագետների։ Ավելին, Հայքնն ընդհանրապես խնդիրներ չի ունեցել պահեստազորայինների հավաքագրման հետ։ Հակառակը՝ խնդիրներն առաջացել են կամավորների ավելցուկի պատճառով, որոնց պարբերաբար հաշվառելուց հետո ստիպված էին տուն ուղարկել։

Հայկական հասարակությանը հետևյալ հարցն է պետք ուղղել․

Ինչո՞ւ է այս պայմաններում ռազմական գործողությունների ավարտը ներկայացվում հայկական հասարակությանը որպես բացարձակ և անդառնալի պարտություն։ Պատասխանը պարզ է․ որովհետև Հայքում կան շահագրգիռ ուժեր, որոնք ցանկանում են, որ հասարակությունը հավատա պարտությանը և իրեն զգա պարտված։ Իսկ ո՞րն է այս շահագրգռվածությունը, կհարցնեն շատերը։ Շահագրգռվածությունը նրանում է, որ ճնշեն հասարակության այն տրամադրությունները, որոնցից այնքան վախենում է Ալիևը՝ ռևանշիզմը։

Իշխող կուսակցությունը փորձում է օգտագործել «պարտությունը» որպես գործիք սեփական քաղաքական որոշումները արդարացնելու համար, հայտարարելով, որ ողջ մեղքը նախկին իշխանությունների վրա է, որոնք իբրև թե կործանել են բանակը մինչև 2018 թվականը։ Ընդդիմությունն էլ պնդում է, որ պարտությունը հետևանք էր դավաճանության և իշխանությունների՝ Արցախը պաշտպանելու ցանկության բացակայության։

Բայց փաստերը վկայում են՝ պատերազմը լիարժեք պարտված չէր, քանի որ բանակը լիովին ջախջախված չի եղել․ պետությունը կարող էր շարունակել պատերազմը։ Նման դեպքում ռազմական գործողությունների ավարտը կարելի է դիտարկել բացառապես որպես քաղաքական որոշում, այլ ոչ թե ռազմական պարտություն։

Պարտվողական քարոզչության նպատակը հայ ժողովրդին սեփական ուժերի հանդեպ հավատից զրկելն է, կոտրել նրա կամքը և դիմադրելու ունակությունը։ Եվ հենց այս հարցի շուրջ պետք է խորհի Հայքի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ ռազմավարական պարտությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ դրան հավատում է հենց ինքը՝ ժողովուրդը։

Կարևոր գործոն էր միջազգային աջակցությունը, որը պատերազմի վերջին օրերին սկսեց ակտիվանալ Ֆրանսիայի ջանքերի շնորհիվ։ Սփյուռքը, որն ուներ հսկայական ներուժ, իշխանությունների կողմից փաստացի անտեսված էր և ստիպված էր ինքնուրույն մոբիլիզացվել՝ COVID-19 համավարակի պայմաններում և հստակ կազմակերպվածության բացակայությամբ։ Նույնիսկ այս պայմաններում Սփյուռքը ամեն օր Հայքին էր ուղարկում մոտ 5 միլիոն դոլար (44-օրյա պատերազմի ընթացքում 250 մլն դոլար)։ Պատերազմի համար սա փոքր գումար էր, բայց նման մոբիլիզացիայի փաստն ինքնին վկայում էր, որ հայ ժողովուրդն ունակ է ինքնակազմակերպվել անգամ առանց որևէ աջակցության։

Այսպիսով, պետք է հասկանալ, որ Հայքը չէր ջախջախվել ոչ տնտեսական, ոչ զորահավաքային և նույնիսկ ոչ ամբողջական ռազմական առումով։ Այն քաղաքականապես էր բարոյալքվել։ Հենց այդ պատճառով պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ արհեստականորեն ստեղծված և ծայրահեղ վտանգավոր մանիպուլյացիոն գործիք են, որին կարելի է հակազդել բացառապես առողջ բանականությամբ։

Տպագրված է կրճատումներով

«#ՌԱԶՄԻԿ»

Մամիջանյան․ դա մառազմ է, բովանդակության մեջ դա միայն ՀՀ զիջումն է

«Իրենք ուզում են համոզած լինել, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար զարմանալի էր, որ Հայաստանն ընդունել է այդ առաջարկները։ Այսինքն՝ նույնիսկ Ադրբեջանն է հասկանո՞ւմ, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները։ Այսինքն՝ էնքան վատն է, որ նույնիսկ, ըստ Ալեն Սիմոնյանի, Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կրկնակապիտուլյացիան։ Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցն ուղղակի ինքնախոստովանություն էր, նա այստեղ կանգնած Ադրբեջանի փաստավաբանությամբ էր զբաղված»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծում բոլոր կետերը փոխադարձ համաձայնեցված են, Մամիջանյանն ասաց, որ դա մառազմի գագաթնակետն է։ «Ձեւակերպվում է դա որպես երկկողմանի, բայց բովանդակության մեջ դա ՀՀ զիջումն է»,- ասաց նա։

Սիմոնյանը լրագրողներին հորդորեց ամենուր Ռուսաստանի հետքերը չփնտրել

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հնարավոր վերադարձի մասին լրագրողների հարցերին։ Ըստ Սիմոնյանի՝ Երևանը ներկայումս չի քննարկում փաստաթղթի իններորդ կետին վերադառնալու հարցը, որը վերաբերում է կապի ուղիների ապաշրջափակմանը։

«Պետք չէ ամեն ինչում տեսնել Ռուսաստանի ստվերը՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում միայն Մոսկվայի գործողությունների արձագանքով։

Հայաստանը չի կարող անվերջ լարվածություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ասաց Սիմոնյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե երկիրը փոխել է իր վեկտորը դեպի ռուսամետ։

«Հայաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը, երբ նրան խաբում են, գցում են, բարձրաձայնում է, հարցեր է բարձրացնում… Մենք երբեք չենք ասել, որ խզում ենք հարաբերությունները որևէ երկրի հետ, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Մենք չենք կարող անընդհատ լարվածություն պահպանել մեր հարաբերություններում», – ասաց նա։

Սիմոնյանը հայտարարեց, որ դժվար թե այս երկխոսության արդյունքներով Երեւանը վերանայի իր դիրքորոշումը եւ վերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին. դա պետք է անի ՀԱՊԿ-ը և հայտարարի, թե որտեղ է սահմանը (Հայաստանի սահմանը – խմբ.), ասաց նա։

Անցյալ շաբաթ երկու երկրների փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում։ Այնուհետև մարտի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, երկկողմ հարաբերությունները և ընդգծել քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը։

Փաշինյանը, խոսելով իր կառավարության «անկախ» արտաքին քաղաքականության փոփոխության էության մասին, ասել էր, որ Հայաստանը պետք է կախվածլինի ոչ թե մեկ, այլ մի քանի երկրից։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանն անակնկալի է եկել, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել

«Բազմիցս հայտարարվել է, որ պայմանագրի բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին։ Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում ստորագրել ու ագրեսիվ վարք դրսեւորում, արդյոք փակուղո՞ւմ են հայտնվել, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ փակուղի է, երեւի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելը եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելը»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանն անակնկալի է եկել, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել, քանի որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ, մեկ է, հայերը չեն համաձայնելու։

Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական զինված ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Անդրադառնալով այդ հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Կարծում եմ, որ կրակոցները, որոնց դուք մատնանշում են, որոնք իրենց մամուլում տեղ են գտել, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին երկկողմ հետաքննության առիթ հանդիսանալ։ Այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների հետ կապված, թե հետագա հրապարակումների վերաբերյալ որեւէ մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»։

Սերտիֆիկատ պետք չէ, մի սենյակ, մի գոմ տվեք` գնամ պառավի հետ ապրեմ

Ասած օրը բնակարանի վարձը պետք է տամ: Ուլտիմատում են դնում: Չես ուզում` դուրս արի, ուրիշին “կպահեմ”, ասում է տանտերը: Եթե ասում եմ՝ երկու շաբաթ դիմացիր, տանտերն ասում է՝ դուրս արի: Դուրս գամ, ո՞ւր գնամ, ուզած, չուզած մուրացկանություն եմ անում, առրեւտուր եմ անում, տալիս պառավին, քանի որ 25-ին վարձը պետք է տանք: Այ սենց մեր պառավը գործում է (գուլպաներ), որ վաճառեմ, տանեմ վարձը տամ:  Սերտիֆիկատ պետք չէ, մի սենյակ, մի գոմ տվեք` գնամ պառավի հետ ապրեմ, ասում է  Բենիկ (Չալյան) պապիկը:

 

Nalbandyan’s Art. Մի անգամ պատվեր ստացա Ամերիկայից ու փոստի միջոցով կատարեցինք առաքումը

Արցախցի Սպարտակը 14 տարեկան է, սովորում է Արտաշատի ՀՃգնավորյանի անվան հ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Նրա ընտանիքը տեղահանվել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքից և հաստատվել Արտաշատ քաղաքում։ Դեռևս փոքր տարիքից էր տղայի մեջ սեր նկատվում դեպի նկարչությունը։ Արցախից տեղահանվելուց հետո Սպարտակն Արցախում ստեղծած իր Nalbandyan’s Art բրենդն սկսեց զարգացնել և արդեն ունի իր փոքրիկ բիզնեսը։

Պատանու մոտ նկարելու տաղանդն ավելի ցայտուն է դարձել Ասկերանի ՄՊՍԿում, որի նկարչության բաժնի սանն էր 2018 թվականից։ Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ արժանանալով գովասանագրերի ու շնորհակալագրերի։ Արցախի ՀանրապետությանՃանաչիր ինձ իմ ունակություններովխորագրով մրցույթին գրավել է առաջին տեղը։ Ցանկանում էր ուսումը շարունակել Ստեփանակերտի արվեստի դպրոցում, սակայն պատերազմը խորտակեց նրա երազանքը։ Ցավոք, տեղահանման ժամանակ Սպարտակը չկարողացավ իր հետ վերցնել մասնագիտական գործիքները․․․

-Նկարել շատ եմ սիրում և ստեղծագործելու պահին կտրվում եմ ամեն ինչից, ընկնում գեղեցիկի աշխարհը։ 2021 թվականին եմ ստեղծել իմ առաջին գործը։ Նկարել եմ հագուստի վրա ու հասկացել, որ լավ է ստացվում, և իմ առաջին աշխատանքն ինձ լավատեսությամբ է լցրել։

Սկսել եմ նկարել պայուսակների, գլխարկների, շապիկների ու այլ իրերի վրա։ Երևակայությանս արդյունքում կարողանում էի ստեղծել յուրահատուկ գործեր։

Արցախից տեղահանվելուց հետո հասկացա, որ պետք է ընդլայնեմ բիզնեսս և օգնեմ ծնողներիս։ Աշխատում եմ սիրով, նկարում մեծ հաճույքով և ուրախանում, երբ պատվիրատուներս գոհ են մնում իմ բրենդից։ Ամեն մի նկար անելուց առաջ մտածում եմ, որ այն պետք է տարբերվի մյուսներից և դուր գա պատվիրատուին։ Երևի ինձ օգնում է նաև այն, որ սիրում եմ մարդկանց հետ շփվել, իմանալ նրանց նախասիրությունների մասին։

Արտաշատում իմ բիզնեսը սկսելու պահին մտածում էի, որ միայն այստեղ կարող եմ պատվիրատուներ ձեռք բերել։ Երբեք չէի պատկերացնում, որ արտերկրից ևս պատվերներ կունենամ։ Աշխատում եմ օնլայն պատվերով։ Մի անգամ պատվեր ստացա Ամերիկայից ու փոստի միջոցով կատարեցինք առաքումը։ Ցանկացած պատվեր կատարելիս մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև նախևառաջ ներկայացնում եմ արցախցու կատարած աշխատանքը, որը պետք է միշտ արժանավայել լինի։

Քանի որ մոտենում են ավարտական քննությունները, երբեմն գիշերներն եմ աշխատում, որ հասցնեմ։

Արդեն մի տարի է, ինչ հաճախում եմ պրոֆեսիոնալ նկարչության դպրոց։ Պատրաստվում եմ ընդունվել Երևանի Թերլեմեզյան ուսումնարանը,-ասում է Սպարտակը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող Երկրորդ համաշխարհայինի հուշարձանների շտեմարան է ստեղծվում

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի, Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է խոշոր նախագիծ, որի նպատակն է ստեղծել ամբողջական տեղեկատվական շտեմարան:
Այս շտեմարանը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները:
Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև հրատարակել համապատասխան գիրք-ալբոմներ: Այս նախագծի մաս է կազմում արդեն պատրաստվող գիրք-ալբոմը, որը հեղինակել են Հովիկ Ավանեսովը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արմինե Հայրապետյանը։
Հարգելի’ հայրենակիցներ, եթե ձեր տրամադրության տակ կան համապատասխան լուսանկարներ կամ տեղեկատվություն, խնդրում ենք դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջին` https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands ։
Խնդրում ենք նշել՝
-Հուշարձանի գտնվելու վայրը (նշելով մարզը կամ շրջանը),
-Քանդակագործի և ճարտարապետի անունը (եթե հայտնի է),
-Տեղադրման տարեթիվը,
-Լուսանկարի հեղինակի անունը:
Նախագծին աջակցած բոլոր անձանց անունները կնշվեն որպես աջակիցներ:
Կանխավ շնորհակալություն` ձեր աջակցության համար:

Ռուսաստանը պահանջում է ամբողջ տարածքը. ԱՄՆ-ն ասում է, որ կքննարկի զինադադարից հետո

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության մասին մանրամասները կարող են քննարկվել միայն ամբողջական զինադադարից հետո։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սպիտակ տունը օրինական է համարում Ռուսաստանի իրավունքները Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական շրջանների նկատմամբ։

Բրյուսն ընդգծել է, որ ամերիկացի բանակցողները ներկայումս աշխատում են լուծման վրա, որը կբավարարի հակամարտող բոլոր կողմերին։ «Այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ, այս տարածաշրջանում, այս երկու երկրներում խաղաղություն ապահովելն է… դա միակ բանն է, որի վրա կենտրոնացած է նախագահը (Դոնալդ Թրամփը – Խմբ.)»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մարտի 24-ի երեկոյան Էր Ռիադում ավարտել են բանակցությունները, հաղորդում են ռուսական պետական ​​ТАСС-ը և ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեւել է ավելի քան 12 ժամ։

Նախօրեին՝ մարտի 23-ին, Էր Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումից հետո ուկրաինական պատվիրակությունը մնացել է Էր Ռիադում՝ սպասելու ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքներին։ Մարտի 25-ին կկայանա ուկրաինական պատվիրակության հերթական հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական Մոսկվան Սաուդյան Արաբիայում, այսպես կոչված, «խաղաղության» բանակցություններում առաջադրել է հետևյալ պահանջները՝ Զապորոժյեյի, Խերսոնի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի  ողջ տարածքը, գրում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով ռուսական իշխանություններին մոտ կանգնած սեփական աղբյուրները։

Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանը վերահսկում էր Լուգանսկի շրջանի 98,6%-ը, Դոնեցկի շրջանի 62,6%-ը, Զապորոժյեյի շրջանի 71,9%-ը, Խերսոնի շրջանի 69,3%-ը։ Ռազմական վերլուծաբան Դեյվիդ Շարփի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի չէ իր բանակի միջոցով կարճ ժամանակում ամբողջությամբ գրավել նշանակված մարզերը։ Առավել եւս՝ անցնել Դնեպրը ու երկրորդ անգամ վերցնել Խերսոնը։

Կալաձեն ներողություն է խնդրել, բայց ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել, և Վրաստան-Թուրքիա հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը չի ազդի վրացիների և հայերի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև»,- ասել է Կալաձեն։

Ավելի վաղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին նշել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հայ երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Եւ այդ դեպքում Վրաստան-Թուրքիա հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո, որն ավարտվել էր 6։1 հաշվով՝ հօգուտ Վրաստանի, անկարգություններ էին սկսվել։

Եզրափակիչ սուլիչից հետո վրացի երկրպագուները վազեցին խաղադաշտ և շարժվեցին դեպի տրիբունա, որտեղ գտնվում էին հայ երկրպագուները, սկսվեց վիճաբանություն, տարբեր առարկաներ նետվեցին դեպի հայկական տրիբունա։