“Անհասցե” կրակոցներն էլ ահաբեկում է․ Խնացախում տուժել է Մշակույթի տունը

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցների մասին հարցին, ասել է․ «Ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե ու սակավաթիվ կրակոցներ են»։

Արման Սարգսյանի այս հայտարարությունից րոպեներ անց ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որ ապրիլի 13-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ՊՆ փոխնախարարի հայտարությանը, լրագրողներին ասաց․ «Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տների տանիքների, տների ուղղությամբ լինում։ Այսինքն՝ ասել, որ հասցեական չեն կարկոցները, մեղմ ասած, սուտ է։ Բայց երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, դա ուղղակի խայտառակություն է, որովհետեւ սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան ու կրակոցները։ Կամ թիրախային են կրակում, կամ եթե օդ են կրակում, իրենք հենց այնպես հո օդ չեն կրակում, դա եւս տեռորի ու թիրապխավորման նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»։

Արցախցիները ատելության խոսքի մասին հաղորդումներ ներկայացրեցին դատախազությանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քննել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքերը եւ պատժել մեղավորներին։ Արցախցիներն ասում են, որ հիմնականում ՀՀ իշխանությունների կողմից է հրահրվում ու ուղղորդվում այդ ատելությունն ու պառակտումը։

Միաժամանակ, իշխանությունները եւ նաեւ որոշ շրջանկաներ արցախցիներին հորդորում են գնալ ու արցախցի պաշտոնյաներից պահանջել թալանը հետ բերել ու դրանով լուծել արցախցիների բարձրացրած սոցիալական հարցերը։ Արցախցիներն այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ հարցադրում արեցին՝ ինչո՞ւ դատախազությունը չի պարզում՝ ովքե՞ր են այդ թալանչիները եւ ինչո՞ւ են հասարակ մարդկանց հորդորում գնալ ու թալանչի բռնել։

«Խնդրում ենք, ցույց տվեք այդ թալանչիներին եւ պատժեք, ես չգիտեմ՝ ի՞նչ է փոխվել, որ հասարակ քաղաքացուն ուղարկում են ինչ-որ թալանչիներ բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու։ Դուք ինքներդ գնացեք ձեր կողմից նշված թալանչիների հետեւից, բռնեք, եթե, իհարկե, դուք այդ թալանի մաս չեք»,- հայտարարեց Տաթեւիկ Խաչատրյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն ասաց, որ 7 տարի է՝ այս իշխանությունը խոսում է թալանչիների մասին, բայց չի բռնել, այսօր արցախցիներին են հորդորում թալանչի բռնել։ Իսկ եթե իշխանությունները թալանչիներին չեն բռնում, ըստ Իսրայելյանի, սա կասկածի տեղի է տալիս, որ նրանք այդ պրոցեսի մասնակից են։

«Թալանչիների մասին խոսում են մարդիկ, ովքեր շարունակում են այդ թալանն իրականացնել այսօր էլ․ թալանել եք իմ երկիրը, ծախել եք իմ երկիրը, Արցախը դուք ծախել եք, այ դա թալան է, դրա պատասխանը տվեք։ Ձեր ձեռքի տակ են բոլոր այդ հնարավորություններն ու փաստերը, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանն էլ, թալանչիների անուններն էլ»,- ասաց նա։

Բոլորը մեզ ուղիղ ասում են, թե ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան

ԿՀՎ-ն սենսացիոն մանրամասներ է բացահայտել խոցված ՉԹՕ-ից մարդանմանների հետ մարտում խորհրդային զինվորների մահվան մասին

ԱՄՆ ԿՀՎ-ի կայքում հրապարակվել է գաղտնազերծված փաստաթուղթ, որը խոսում է 1989-1990 թվականներին խորհրդային զինվորականների և այլմոլորակայինների ենթադրյալ հանդիպման մասին: Ըստ Fox News-ի, փաստաթղթում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդային զինվորները վարժանքների ժամանակ խոցել են անհայտ թռչող օբյեկտ, որը թռչում էր իրենց բազայի վրա ցածր բարձրության վրա: Նրա վրա արձակվել է «երկիր-օդ» հրթիռ։

Վթարից հետո ավերված նավի միջից իբր դուրս են եկել հինգ մարդանման արարածներ՝ անհամաչափ մեծ գլուխներով և մեծ սև աչքերով: Նրանք միաձուլվեցին մեկի մեջ՝ արձակելով բզզոց, իսկ հետո կուրացնող բռնկում եղավ, որը 23 զինվորի վերածեց քարի։ Միայն երկու զինվորներ, որոնք ամբողջությամբ չեն ենթարկվել լույսի հարձակմանը, կարողացել են ողջ մնալ: «Քարացած զինվորների» մնացորդները և նավի բեկորները տեղափոխվել են Մոսկվայի մերձակայքում գտնվող գաղտնի հետազոտական ​​բազա, որտեղ պարզվել է, որ զինվորների մոլեկուլային կառուցվածքը համապատասխանում է կրաքարին։ Գիտնականները ենթադրում են, որ պատճառը մարդկությանը անհայտ էներգիայի ձևն էր:

Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ՉԹՕ-ների հետ կապված հին պետական ​​փաստաթղթերը գաղտնազերծելու մասին։

ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թ. զեկույցն անդրադարձել է Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերին

ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թվականի տարեկան զեկույցն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման շարունակվող դեպքերին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։
Իսկ 2024 թվականի հունիսին ԱՄՆ-ում տեղակայված Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Զեկույցն անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է՝

.Ադրբեջանին շարունակի պահել Հատուկ Վերահսկման Ցանկում (Special Watch List)՝ համաձայն Կրոնական ազատության միջազգային օրենքի (International Religious Freedom Act, IRFA), այն հիմքով, որ պետությունը թույլ է տալիս կրոնական ազատության լուրջ խախտումներ։

.Կիրառի թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պետական մարմինների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ ընդգրկված Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (Bandotdel) և այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատության լուրջ խախտումների համար

.Աջակցի անկախ միջազգային դիտորդների Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը, օրինակ՝ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) կողմից՝ նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները և գույքագրել դրանք։

Զեկույցն անդրադառնում է նաև ԱՄՆ քայլերին, շեշտելով, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է՝

Կազմակերպի լսումներ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և/կամ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ նպատակ ունենալով լուսաբանել կրոնական ազատության խախտումները Ադրբեջանում՝ հիմնվելով Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքների վրա։

Զեկույցն առանձին բաժնով անդրադառնում է նաև միջազգային հարաբերություններին և արդեն իսկ արված գործողություններին։ Ի մասնավորի նշելով, որ եվրոպական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները բազմիցս արտահայտել են մտահոգություն Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ կրոնական ազատությունների խախտումների վերաբերյալ։ 2024 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Ադրբեջանի պատվիրակության մանդատների հաստատումը՝ մասնավորապես, խղճի բանտարկյալների հետ կապված մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Նույն ամսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից ենթադրյալ համակարգված և լայնածավալ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կիրառումը։

Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և Եվրոպական խորհրդարանը դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։

2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։

2024 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսիից հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը նախագահել է Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի խնդիրներին։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հերթական անգամ ընդգրկել է Ադրբեջանը Միջազգային կրոնական ազատությունների մասին օրենքով (IRFA) սահմանված Հատուկ դիտարկվող երկրների ցուցակում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումների հիմքով»,- գրել է կայքը։

Հայաստանի տնտեսությունը “ազատ անկման” մե՞ջ է

2025-ի հունվար և փետրվար ամիսներին արդյունաբերության ծավալներն Հայաստանում ընդհանուր 380 միլիարդ դրամ են կազմել. 2024-ի նույն ամիսների համեմատ ցուցանիշը կրճատվել է 20 տոկոսով: Նվազում կա տարբեր ուղղություններով. խմիչքների արտադրությունն, օրինակ, անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 25 տոկոսով:

Վերլուծաբանները նկատում են տնտեսության զարգացման մասին վարչապետի խոսքերի և վիճակագրական տվյալների խոստ տարբերությունը և խոսում են նույնիսկ “ազատ անկման” մասին։

Ազատությունը բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ ոսկերչական ապրանքների արտադրության ոլորտը հունվարին և փետրվարին 3.5 միլիարդ դրամի արտադրանք է տվել. 2024-ի համեմատ ծավալները կրճատվել են մոտ 70 տոկոսով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի, տարվա առաջին երկու ամիսներին զգալիորեն նվազել են նաև Հայաստանի արտաքին առևտրի ծավալները. արտաքին առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի չի հասել, սա 2024 -ի ցուցանիշից պակաս է ավելի քան 2 անգամ:

Չնայած ընդհանուր ծավալների կրճատմանը ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարություններին արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը անցած տարվա նույն ամիսների համեմատ կտրուկ մեծացել է: Այդ ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների 44 տոկոսը Ռուսաստան է մտել, մեկ տարի առաջ այս ցուցանիշը 20 տոկոս էր, գրում է Ազատությունը:

Անցած ամիս սննդամթերքը խանութներում 2024-ի մարտի համեմատ 5.4 տոկոսով ավելի թանկ է վաճառվել: Երկու տարի շարունակ Հայաստանում սննդամթերքի այսչափ թանկացում չէր եղել: Հատկապես շատ թանկացած ապրանքներից են ձուկը, ձեթը, յուղերը, մրգերն ու կարտոֆիլը:

Արյունոտ Ծաղկազարդ Սումիում. Մակրոնն առաջարկում է «պարտադրել խաղաղությունն» Ռուսաստանին

«Ծաղկազարդի օրը ռուսական զորքերի հարձակումը Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա հատում է պարկեշտության բոլոր սահմանները: Տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցին և վիրավորվեցին», – գրել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կիրակի օրը՝ ապրիլի 13-ին:

Գերագույն Ռադայի  «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հայտարարել է, որ Սումիի վրա ռուսական հարձակման պահին այնտեղ զինվորականների հանդիսավոր պարգևատրում էր տեղի ունենում, և հարձակումն իբր դրանվ էր ուղղված։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ հարված է հասցվել Սումիի պետական ​​համալսարանի Կոնգրես կենտրոնին։

Երեկ Պուտինի բանակը երկու բալիստիկ հրթիռներով մահացու հարված է հասցրել Սումիի կենտրոնին։ Զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, շատերը վիրավորվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքով՝ պատերազմ սկսելն ինքնին «իշխանության չարաշահում» է։ Սումիի վրա հարձակումը սխալ էր Ռուսաստանի Դաշնության կողմից, բայց ավելի լավ կլիներ այս հարցը ուղղակիորեն ուղղել Մոսկվային, ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ պատերազմը տեղի է ունեցել Բայդենի մեղքով։

Պետք է վճռական միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում «Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար», մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սումիի վրա ռուսական հարձակումը։ Նա հավելել է, որ Փարիզը «անխոնջ աշխատում է իր գործընկերների հետ այս նպատակին հասնելու համար»։ «Բոլորը գիտեն՝ այս պատերազմը սկսել է միայն Ռուսաստանը: Եվ այսօր պարզ է, որ Ռուսաստանն է որոշել շարունակել այն՝ մարդկային կյանքերի, միջազգային իրավունքի և նախագահ Թրամփի դիվանագիտական ​​ջանքերի բացահայտ անտեսմամբ»,- գրել է նա։

Եթե ​​շուտով հրաշք տեղի չունենա, պատերազմին վերջ տալու միակ հույսը՝ «հարվածել Ռուսաստանի տնտեսությանը և Պուտինին աջակցող երկրներին», ասել է ամերիկացի սենատոր Գրեհեմը։ Սումիում երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո գրեթե նույն հայտարարությունն է արել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Թրամփը չի ասել, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Ավելի վաղ նրա ներկայացուցիչ Քելլոգն ակնարկել էր, որ Ուկրաինան կարող է մասնատվել այնպես, ինչպես Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գործնականում դա նշանակում է, որ Արեւմուտքը կճանաչի Ուկրաինայի չորս օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ Այժմ բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են, իսկ Ուկրաինայում պատերազմը դեռ ընթանում է Կրեմլի օգտին։ Սակայն Թրամփն էլ ունի մեկ, բայց գլխավոր հաղթաթուղթ՝ պատժամիջոցներ Կրեմլի ստվերային նավատորմի դեմ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։

Իրանի էսկալացիային սպասելիս․ Հայաստանը հրաժարվո՞ւմ է փոխել Սահմանադրությունը

Անթալիաում տեղի է ունեցել Դիվանագիտական միջազգային ժողով, որին մասնակցել են Հայաստանի 3 բարձրաստիճան դիվանագետներ։ Եկել է նաև Ալիևը, բայց ներկա չէր Փաշինյանն, որն այդ պահին ստուգում էր Իրանի հետ սահմանային անցակետը՝ հայ-իրանական համատեղ զորավարժություններից հետո։ Իսկ Օմանում ընթանում էին ԱՄՆ-Իրան «պոզիտիվ» բանակցությունները։ Այդ բանակցությունների ընթացքից է կախված նաև Հայաստանի «ինքնավստահությունը»։

Բաքուն և Անկարան Օմանի բանակցությունների այլ արդյունք էին սպասում, էսկալացիա, որը թույլ կտար Հայաստանի հետ շատ ավելի ագրեսիվ խոսել։ Սակայն ելնելով Բաքվի և Անկարայի տոնայնությունից, «խաղաղության պայմանագրի» ստորագրման «ձգձգումը» կշարունակվի, մինչև Երեւանը “կոտրվի” առանց Իրանում էսկալացիայի։

Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում են և Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին 1989 թ․ որոշումը, և ցեղասպանության հետևանքների հարցը։

Անթալիայի ժողովի սկզբում Հայաստանի հետ հարաբերությունների մասով Թուրքիայի ներկայացուցիչ Կըլըչը ասել է, որ Փաշինյանը խոստացել է փոխել Սահմանադրությունը։

Սակայն Բայրամովի հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչմիբան չի «խոստացել»։ Նա ամեն կերպ ապացուցում էր, որ Բաքուն անհանգստանալու բան չունի, բայց Բաքուն անհանգիստ է։

«Այո, խաղաղության համաձայնագիրը լուծում է բազմաթիվ հարցեր, բայց հայտնի փաստ է՝ միջազգային ինչ պարտավորություն էլ ամրագրվի խաղաղության պայմանագրում, այն ավելի բարձր իրավական ուժ ունի ներքին օրենսդրությունից՝ բացառությամբ երկրի Սահմանադրության ու հանրաքվեով ընդունված ակտերի», ասել է Բաքվի արտգործնախարար Բայրամովը։

Ի պատասխան Միրզոյանը ասել է․ «Մեր Սահմանադրության նախաբանում կա հղում մեր անկախության հռչակագրի ակտին, բայց իրավական առումով միայն մեր անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն իրավական նշանակություն և պարտադիր են, որոնք բառացիորեն մեջբերվում են Սահմանադրության տեքստում։ Այդ նախադասությունը, որի վերաբերյալ մեր Ադրբեջանի գործընկերները մտահոգություններ ունեն, մեր Սահմանադրությունում չի մեջբերվում»։

Այդուհանդերձ նա չի ասել, որ Սահմանադրությունը կփոխվի։ Եւ թեկուզ Հայաստանի արդարադատության նախարարը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստ է մշակվում՝ առանց կոնցեպցիայի, բայց ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունումը ոչ միայն ժամանակ է պահանջում, այլև դեռ հարց է, Հայաստանի հասարակությունը կհամաձայնվի՞ դրան։

Թեկուզ Միրզոյանը լավ հեռանկար է տեսնում «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու համար, ակնհայտ է, որ Հայաստանի հարցը «խաղաղ» չի լուծվի։

Իրան-ԱՄՆ բանակցությունները կողմերը “կառուցողական” են գնահատել

Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատմել է Իրանի հետ իր այսօրվա բանակցությունների մասին։

«Մենք շատ դրական և կառուցողական խոսակցություն ունեցանք»,- նշել է նա։ Ուիթքոֆն ասել է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կառուցողական էր անվանել Օմանում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների մթնոլորտը։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ։
77կգ քաշայինների կարգում հանդես եկող Ամոյանը եզրափակիչում գոտմարտում էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ։

“Մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի պահի հետ առնչվել, որ դա հավասարազոր կլինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին”

«Մայիսի 21-ին լրանում է Արցախի Ազգային ժողովի լեգիտիմ ժամկետը։ Դա վերին աստիճանի անհագստացնողն է, ես շատ եմ ընթերցում, որ պետք է գնալ, դրանց բոլորին հանել, ոչնչացնել։ Դա այնքան վտանգավոր բան է։ Դա նշանակում է, որ իշխանական այս թիմն օգտագործելու է արցախցիներին՝ Արցախը դելեգիտիմացնելու համար։ Ո՞վ է ձեզ ասել, որ վաղը չեն գտնվելու մի 100-200 հոգի, որ գնան Արցախի ներկայացուցչություն ու ասեն՝ դուրս եկեք այդտեղից։ Դա Արցախի լեգիտիմ ներկայացուցչությունն է, միջազգային հանրության հետ մենք առայժմ կարող ենք խոսել միայն լեգիտիմ մնացած Արցախի իշխանությունների միջոցով, կապ չունի՝ նրանք լավ են աշխատել, թե վատ», -Ազատության հրապարակի վրանում քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ Արարատ Միրզոյանի հերթական անմեղսունակության նշանն է, որ հղում է անում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի իրավական ուժ չունեցող հրամանագրին։ «Մինչեւ այդ Արարատ Միրզոյանը խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրի մասին, հիմա էլ սկսել է խոսել Սամվել Շահրամանյանի թղթի մասին»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

«Ինչ էլ որ լինի, մենք նախ եւ առաջ պետք է ունենանք մի կոցեպտ, որով կկարողանանք դիմադրել այդ հստակ վտանգին, այն է՝ մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի պահի հետ առնչվել, որ դա հավասարազոր կլինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բայց դա արդեն տեղի կունենա Հայաստանի իշխանության կողմից։ Եթե մենք դա չկարողանանք կանխել այսօրվանից սկսած, մեր մյուս լավ առաջարկություններն ուղղակի դառնալու են առոչինչ: Իշխանությունը ոչ մի խոչըդոտ չունի մայիսի 21-ից հետո փակելու Արցախի ներկայացուցչությունը»,- ասաց նա։

Ադրբեջանը «աղվանական» է ներկայացվում հայերեն արձանագրություններով պատված Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը step1.amի հետ զրույցում անդրադարձավ օրերս Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտաժողովին։

Հիշեցնենք, այդ այսպես կոչված գիտաժողովի շրջանակներում ադրբեջանցիները հերթական կեղծիքն են մատուցել՝ փորձելով հերքել Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է իբր «աղվանական»։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, դեռեւս ԽՍՀՄ ժամանակահատվածում դա ներառված էր այսպես կոչված «ադրբեջանական ժողովրդի կազմավորման Կովկասյան Աղվանքի հայեցակարգում»։ Այն ժամանակ Զիյա Բունիաթովն ու իր համախոհները պնդում էին, թե իբր իրենք Կովկասյան Աղվանքի հետնորդներն են, ովքեր մահմեդականություն են ընդունել ու հետագայում դարձել ադրբեջանցիներ, իսկ մնացածը հայացել են։ Սա հիմնական այն թեզն էր, որը ԽՍՀՄ ժամանակաշրջանում տարածվում էր, եւ Զիյա Բունիաթովն այդ կեղծ կոնցեպտը ներկայացրել է իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» աշխատությա մեջ, որի դեմ քննադատական հոդվածներ են ներկայացրել այն ժամանակվա հայ պատմաբանները։

Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վատիկանի այդպես կոչված գիտաժողովում «աղվանական» թեմաներով խոսել են Ադրբեջանի ներկայացուցիչները, Ադրբեջանի այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչը եւ Ռուսաստանում որոշ ուդիական շրջանակներ։

«Օրինակ՝ Վրաստանի ուդիագիտության կենտրոնից որեւէ մասնագետ չի գնացել, այլ մասնագետ են հրավիրել, որը հայտնի է իր հակահայկական կեցվածքով ու թեզերով։ Ասեմ նաեւ, որ այնտեղ կոնկերտ անուն կա, շատ հայտնի գիտնական է, բայց այդ մարդը հրաժարվել է մասնակցել, այնինչ նրա անունը ներառված էր, թե իբր մասնակցել է։ Մյուս մասնակիցները հիմնականում խոսել են ընդհանուր դավանաբանական խնդիրների, միջմշակութային կապերի մասին։ Ես ծրագրին ծանոթացել եմ, ծրագիրը եռալեզու էր՝ ադրեջաներեն, անգլերեն եւ ռուսերերն։ Եվ եթե ուշադիր ենք լինում, տեսնում ենք, որ հիմնականում ադրբեջանցիներն են այդ թեզերը տարածել, ուղղակի զարմանալին այն է, որ Կաթոլիկ եկեղեցին, որը Հայ Առաքելական եկեղեցու հետ միշտ կառուցողական հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ այդպիսի գիտաժողովի կազմակերպման վայր է դարձել։ Տեսանք  եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության, եւ Եուսաղեմի Հայոց պատրարքարանի արձագանքը, որն այն կոնտեքստում էր, որ բոլորն էլ այդ ափսոսանք, զարմանքն ու զայրույթն են հայտնել։ Այո, կազմակերպիչներն իրենք չեն եղել, իրենք ընդամենը տարածք տրամադրողն են եղել, բայց դրանով իրենց պատասխանատվությունը չի պակասում»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա ասում է, որ Արցախի Հանրապետության տարածքում այսօր քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամբողջական բնակավայրեր, եւ մշակութային էթնոցիդի քաղաքականությունը դատապարտելու փախարեն որոշ շրջանակներ զբաղված են Ադրբեջանի կեղծ թեզերը տարածելով։

Ադրբեջանը «աղվանական» է ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոնք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։ Լեռնիկ Հովհաննիսիանի խոսքով՝ որեւէ քննադատության չի դիմանում այն քաղաքականությունը, որբ փորձում են Կուրի աջափնյակի վրա տարածել «աղվանական» կամ «ուդիական» կեղծ պատկանելությունը։ «Եվ որեւէ լուրջ մասնագետ սա լուրջ չի ընդունում։ Սրա հիմնական նպատակն այն է, որ մեր մշակութային ժառանգությունը կտրեն մեզնից, որը մեր ինքնության մի մասնիկն է։ Եվ Ադրբեջանն այդ թեզերն առաջ տանելով՝ նաեւ փորձում է արդարացնել իր մշակութային ցեղասպանական քաղաքականությունը»,- հավելեց Հովաննիսյանը։

Ռոզա Հովհաննիսյան