Փաշինյանին կասեի՝ հրաժարական տուր, գնա, ժողովուրդը մեղք է

Մտքովս չէր անցնում, որ կարդարացնեն: Այս մասին ապրիլի 11-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը:

«Այն, ինչը ես արել եմ, չեմ փոշմանում: Դա բողոքի ակցիա է եղել իմ կողմից: Մայրիկիս ծնունդն է եղել, ես հեռաստացույցով տեսա, որ ինքը հեծանիվից իջնում է, գնում է խաշլամա է ուտում: Դուրս եկա բալկոն, տեսա՝ կանգնած է, ջղայնացա։ Ճիշտն ասած, կարտոշկա էի ուզել գցել, չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձորը վերցրեցի»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ կասեր Նիկոլ Փաշինյանին, եթե տեսներ նրան, Առստամյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մարդու հետևից խոսեմ, եթե ինքը զրույց ունի անելու, ես իր հետ մի երկու բառ զրույց ունեմ, սիրով կանեմ:

Արցախցի տղամարդը նշեց, որ 8 հոգով վարձով ապրում են երեք սենյականոց բնակարանում: Մեծ աղջիկս է աշխատում, օգնություններ են ստանում»:

Ինչո՞ւ է մեզ թվում, որ հայության դեմ Բաքվի ֆաշիզմը սնուցող Իսրայելի պետական կառավարիչներին «Նյուրնբերգ» չի հասնում

Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Տիկին Ավագյան, այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, նշվում է նաեւ հրեաների Հոլոքոստի օրը։ Գիտենք, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողական քաղաքականություն ունի, ավելին, Իսրայելն օգնում է Ադրբեջանին՝ հայերի դեմ պատերազմ սանձազերծելու հարցում։ Այսինքն՝ Իսրայելը եւս հայերի դեմ ցեղասպանության մասնակից է, այս հարցը հայկական կողմը պատշաճ բարձրացնո՞ւմ է։

-Իսրայելի, որպես պետության, ժխտողական այդ քաղաքականությունը որևէ արդարացում չունի, որի մասին սակայն մենք չենք բարձրաձայնում։ Նույնիսկ «սեփական պետական շահերից բխող» հիմնավորումներով Բաքվին ինտենսիվ զինելու, դրա զինված ուժերի վերակառուցմանը, 2020 թվականին ողջ պատերազմի «կառավարմանը» մասնակցությունը դատապարտման ենթակա են, ու մենք դա պետք է հասցնեինք միջազգային դատարան։ Ինչո՞ւ է մեզ թվում, որ հայության դեմ Բաքվի ֆաշիզմը սնուցող Իսրայելի պետական կառավարիչներին «Նյուրնբերգ» չի հասնում։ Իսրայելի կառավարությունը իր վարած քաղաքականությամբ ուղիղ մասնակցել է հայության ցեղասպանության հերթական դրվագին՝ հայության կենսատարածքում։ Արցախի Հանրապետության դեմ 2020-2023 թվականներին տարված ցեղասպանական ագրեսիայում և այսօր այդ ցեղասպանության հետևանքների ամրագրման մեջ Իսրայելի կառավարությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ։

Իհարկե, հրեա ժողովուրդը տվել է Ֆրանց Վերֆել, այսօր էլ ունի հումանիստ մտավորականներ, որոնց մտահոգում են հայության գոյությանը սպառնացող հանգամանքները։ Սակայն Իսրայելի կառավարության հակահայ քաղաքականությունը, որն արտահայտվում է թե Իսրայելի հայկական համայնքի դեմ պարբերաբար բռնկվող հայահալած քայլերով, թե Հայոց ցեղասպանությունը հարմար պահի շահարկելու պատրաստակամությամբ, լիարժեք, հիմնավորված ու խորքային հակադարձում չի ունեցել հայկական քաղաքական իշխանությունների կողմից։

Փաստացի, Իսրայելի կառավարությունն իր ժխտողական քաղաքականությամբ հովանավորում է Թուրքիայի կողմից պերմանենտ տարվող հայատյացության քաղաքականությունը։ Ու ոչ միայն, Իսրայելի կառավարությունը հովանավորել է իր պետության սահմաններից ներս նաև Բաքվի կողմից տարվող հայատյացությունը, իհարկե, տուրք տալով նաև Բաքվի կողմից ներարկվող փողերի հոսքին։ Այսօր իսրայելական մամուլի մի մեծ փունջ ջրվում է Բաքվի նավթահորերից, և օրը ցերեկով իսրայելական էկրաններից պոռթկում է հակահայ քարոզը, երբ աղճատում են հայության քաղաքակրթական կերպարը և մատուցում այն հակամարդ, որ հայը ներկայացվի հանցագործի կերպարով, իսկ Բաքվի հայակեր թուրքի կերպարը՝ որպես զոհի։ Այդ նույնը անում է Իլհամը հենց Բաքվում՝ կազմակերպելով ցուցադրական, կեղծ ու հակամարդ դատական ընթացք ընդդեմ հայ ռազմագերիների ու պատանդների։

Մի քանի տարի առաջ Բաքուն Իսրայելում Նախագահական այգում բացեց ինչ-որ ծառուղի և կոչեց դա Խոջալու-613, կեղծելով թրքական վերահսկողության տակ այդ ժամանակ գտնված Աղդամի մոտ շուրջ 60 իսլամացված վրացիների` այն է թուրք-մեսխեթցիների սպանդը 1992 թվականին ներադրբեջանական թոհուբոհում՝ մի կողմից, մյուս կողմից այն կապելով հրեական սուրբ գրքի 613 պատվիրանների հետ, իբրև թե 613 թուրք-մեսխեթցի է սպանվել, եւ սա էլ փաթաթեցին հայության վզին:

Իհարկե, չմոռանանք նաև, որ Մյունխենում՝ Փաշինյանի ներկայությամբ, Իլհամը հերթական անգամ կոկիկ կատարեց իր հայության ցեղասպանություն ապահովող «աշխատանքը»՝ բարձրաձայնելով վտանգավոր ու հայասպան կեղծիքը. «հայերը ագրեսիա են ձեռնարկել 80-ականների վերջին, հայերը ագրեսիա են ձեռնարկել 90-ականների սկզբին…», այսինքն, այս լավ «մշակված» կարճ նախադասության մեջ տեղադրված ահռելի կեղծիքով՝ հայերի դեմ իրականացրած Սումգայիթ-Բաքու-Գանձակ-Մարաղան, 1991 թվականի Ստեփանակերտի ու ողջ ԼՂԻՄ-ի ոչնչացմանը միտված ռազմական գործողությունները Իլհամը չեզոքացրեց ու ինչ-որ ագրեսիաներ փաթաթեց հայերի ոտքերին, սրանց մեջ նաև «խոջալուի» կեղծիքը։

Իսկ հիշեցրեք ինձ գեթ մի դրվագ, որ հայկական քաղաքական իշխանությունը ընդվզել է, երբ Բաքուն աշխարհի բազում անկյուններում «խոջալու-613» է նշում և սեփական ցեղասպան բնույթը կախում հայության ճակատից։ Իսկ միգուցե հայկական իշխանական համակարգի պետականախույս վարքագի՞ծն էլ է «հովանավորել», որ Իսրայելի կառավարությունը բացահայտի իր կողմնակալ դիրքը։

Եկեք ընդգծենք ևս մի փաստ, որ Բաքվի հրեական համայնքը բարեհաճ ծառայում է ցեղասպան Բաքվին՝ ընդդեմ հայության։ Ես շատ կուզեի, որ Հայաստանում բնակվող հրեա համայնքն էլ երբեմն հակադարձեր Բաքվին՝ սատարելով հայությանը, թե՞ անհանգիստ է, որ իրենց համայնքը կտուժի Բաքվում, բայց այդ դեպքում էլ Հայաստանում բնակվող հրեա համայնքը բավարար ակտիվ չի հայ համայնքի իրավունքների համար՝ նույն Իսրայելում պաշտպանելու առումով, իսկ սա ի՞նչ վախերով են հիմնավորում։

Հաճախ եմ լսում, թե Իսրայելը օրենքի երկիր է, բայց դա կեղծ թեզ է, Իսրայելը Անկարային ու Բաքվին աջակցելու համար պատրաստ է շրջանցելու հայության կյանքի իրավունքը, միջազգային իրավունքներն ու օրենքները։ Միգուցե հրեա ժողովուրդը, որը իր սեփական օրացույցով ապրիլի 24-ին կնշի ողբի օրը, իր մտավորականների առաջնորդությամբ՝ այդ օրը կհիշի նաև Հայոց ցեղասպանության մասին ու պատասխանատու կլինի իր պետության կողմնակալ ու անարդար, միջազգային օրենքը շրջանցող քաղաքականության համար։

Այս տարի Հայոց Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարին է։ Հրեական օրացույցով Հոլոքոստի հիշատակի օրն էլ կնշվի ապրիլի 24-ին։ Երկու ժողովրդների ցեղասպանության հիշատակի օրերի համընկումը կծառայի՞, արդյոք, հրեա ժողովրդի համար՝ աշխարհընկալման բեկման կետ։

Բաքուն ամեն տարի հունվարի 20-ին նշում է «սև հունվարը», լրացուցիչ անգամ հիշեցնեմ, որ իրենք «պատշաճ նշում» են նաև Սումգայիթը ու աշխարհին պատմում են, թե հայերը իրենք են իրենց մորթել Սումգայիթում, հետո թե հայերը իրենք իրենց մորթել են Բաքվում, հետո հայերը դրանց են մորթել Խոջալուում, հետո գրավել են իրենց տարածքները, քշել են ինչ-որ փախստականների և այլն: «Սև հունվարի» օրը պարտադիր ցուցադրում են հրեուհի Վերա Բեսանտինայի լուսանկարը «շահիդների ծառուղում», կոծկելով, որ դեռատի աղջիկը 1990 թվականի հունվարին հայերին հալածած նույն մարդակերների զոհն է, https://pandukht.livejournal.com/1632514.html։ Այո, 1988-1990 թվականներին հայերի հետ հալածվել են նաև ռուսները, հրեաները։ Սակայն, այսօր Բաքուն կարողանում է կոծկել իրողությունը ու տարբեր «գրավիչ» մեթոդներով ամեն մի հնար կիրառում է ընդդեմ հայության, չխոսելով անգամ այն մասին, թե ինչ եղան Բաքվի 300 հազար ռուսները և 70 000 հրեաները։

-Հայաստանի այս իշխանությունները հայտարարել են, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից չէ։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա, փաստացի մենք հիմա տեսնում ենք, որ Ցեղասպանության միջազգայի ճանաչման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում։

-Իմ կարծիքով Հայոց ցեղասպանության շուրջ հայկական քաղաքականությունը մտել է փակուղի, այն «նպատակաուղղված» քայլերով կանգնեցրել են «միջազգային ճանաչման» ծամծմված փուլում։ Հայոց ցեղասպանությունն ունի բավարար ճանաչում, որ մենք տանենք քաղաքականության հաջորդ փուլերը։ Շեշտեմ, որ առնվազն Մինսկի խմբի երեք տերությունները՝ Ռուսաստանը 1995 թվականից, Ֆրանսիան՝ 2001 թվականից և ԱՄՆ-ն 2019 թվականից ճանաչում են Հայոց ցեղասպանությունը պետական ​​մակարդակով։ Սակայն Հայաստանյան իշխանությունների աններելի պահվածքով պայմանավորված, դրանց պետական մակարդակով ճանաչումը չդարձավ հայության ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման գործիք։ Եվ արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ 2020 թվականի սեպտեմբերին ու մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի չճանաչված հանրապետության դեմ հերթական ագրեսիային «ակտիվ դերակատարում» ուներ ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանը, երբ Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում տեղ գտավ Արցախի հայության ցեղասպանություն և հայրենազրկում։ Եվ Ռուսաստանին բացարձակ չէր սահմանափակում նաև Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը։

Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունը շարունակական մնում է իրավիճակային, մեր անվտանգության ապահովման համար այդպես էլ չի մշակվել համարժեք արտաքին քաղաքական ռազմավարություն։ Ցեղասպանության ճանաչումը նաև պարտավորություններ է սահմանում այդ պետությունների համար, բայց, արդյո՞ք, ՀՀ ԱԳՆ կարող է պատասխանել, ասենք, թե որքան պատշաճ են ուսումնասիրում Հայոց ցեղասպանության փաստը Ռուսաստանի դպրոցներում, թե՞ նման պարտավորություն Ռուսաստանը չի վերցրել իր վրա 1995 թվականին։

Արդյո՞ք, ՀՀ ԱԳՆ, երբ հայտարարում է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից չէ, դա նշանակում է, որ իրենք բնականոն անցել են Ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման հերթական կարևոր, աշխատատար փուլին։ Իսկ եթե դա չէ, ապա ի՞նչ։ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետականության պաշտպանական համակարգի դիվանագիտական բաղադրիչն է, որը նույնքան առաջնային ու գերակա է, որքան կոշտ պաշտպանական համակարգը։

Հայոց ցեղասպանության փաստը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարն է, վեկտորն ու  հայտանյութը, դրա ընկալումն էր, որ 1991-1994 թվականներին փրկեց հայությանը տոտալ ցեղասպանությունից, որն իջնում էր «Սումգայիթից», և այդ ընկալման բացակայությունն «ապահովեց» հայության պարտությունը 2020-2023 թվականներին։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ-Իրան հանդիպումը կկայանա այսօր. Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից

ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ բանակցություններում՝ քննարկելիս իր միջուկային ծրագիրը։ Այս մասին Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերի» մեջ է մտնում Իրանի՝ միջուկային զենքի արտադրության դադարեցումը։ Հատուկ բանագնացն ասել է, որ Թրամփի վարչակազմի առաջին պահանջը Օմանում շաբաթ օրը կայանալիք բանակցությունների ժամանակ կլինի, որ Թեհրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն նա խոստովանեց, որ համաձայնության հասնելը կարող է «փոխզիջումներ պահանջել»:

Վիտկոֆը հավելել է, որ եթե Իրանը հրաժարվի փակել իր միջուկային ծրագիրը, ինքը հարցը կուղարկի Թրամփին՝ որոշելու, թե ինչպես վարվել:

Վիտկոֆը նաև ասաց, որ իրանական պատվիրակության հետ առաջին հանդիպումը նպատակաուղղված կլինի վստահության ձևավորմանը: Ուշադրության կենտրոնում կլինի այն, թե ինչու է ԱՄՆ-ի և Իրանի համար այդքան կարևոր համաձայնության հասնելը, «ոչ թե դրա ստույգ պայմանների շուրջ», հավելել է հատուկ բանագնացը:

«Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ

“Մոնթե-Ավո” բարեգործական ընկերության կողմից շարունակվում են իրականացվել բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են արցախցի դպրոցականների կրթական, հոգևոր և մշակութային զարգացման խթանմանը։

Բարեգործական ընկերությունը 2006 թվականից է իր վրա վերցրել այդ առաքելությունը և հենասյուն հանդիսացել Արցախի մի շարք դպրոցների և դպրոցականների համար՝ տարիներ շարունակ իրականացնելով բազում բարեգործական ծրագրեր։ Ընկերությունն ուշադրությունը սևեռել է աշակերտների կրթական մակարդակը բարձրացնելու վրա՝ խրախուսելով և հատուկ մրցանակներով պարգևատրելով ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին և այդ աշակերտների հաջողության մեջ իրենց ներդրումն ունեցած ուսուցիչներին։

2023-ի Արցախի տեղահանությունից հետո, երբ արցախցիները հայտնվել են ծանր ու դժվարին վիճակում, “Մոնթե-Ավո”-ն շարունակում է ուշադրության ու հոգատարության ներքո պահել արցախցի դպրոցականներին։

Հայրենիքից զրկված երեխաների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով ձեռնարկվել են բազմաթիվ ծրագրեր։

Շարունակվում է իրականացվել նաև “Մոնթե-Ավո”-ի հեղինակային իրավունքով ստեղծված “Արցախցին կարդում է” գրքարշավը, որին արցախցի գրքասեր աշակերտները մասնակցում են կրկնապատկված ոգևորությամբ։

Գրքարշավը ՀՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ տարին։ Այն ավելի լայն արձագանք է ստանում, քանի որ այս տարի թույլատրվում է, որ գրքարշավին մասնակցություն ունենան նաև Հայաստանում ապրող  արմատներով արցախցի երեխաները։ Արտերկրում բնակվող արցախցիները նույնպես հնարավորություն ունեն մասնակցելու և մաս կազմելու այս մշակութային, ազգային և գաղափարական շարժմանը։

Մրցույթն առավել հետաքրքիր դարձնելու համար կազմակերպությունը սահմանել է մրցանակային ֆոնդ, հատուկ նվերներ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ և ճանապարհորդություններ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ինչպես հայկական Անատոլիան հռչակվեց «Թուրքիայի սիրտ», այնպես էլ հայկական Արցախը՝ «Ադրբեջանի ալբանական սիրտ»

«Ադրբեջանը հանդիսանում է ալբանական հարուստ էթնոմշակութային ժառանգության, կովկասյան Ալբանիայի հնագույն և վաղ միջնադարյան մշակույթի, ամբողջ պատմական և կրոնական ժառանգության, հետագա դարերում այս տարածքում ապրած էթնիկ խմբերի կողմից ստեղծված ողջ պատմական և կրոնական ժառանգության անմիջական պատմական ժառանգն ու պահապանը»,- գրում են Բաքվի «վերլուծաբանները»։

Ավելի քան մեկ դար այսպես կոչված Ադրբեջանը չի կարողանում գտնել պատմական հայկական և իրանական հողերում «ազգային պետության» գոյության գաղաթարական հիմքերը, իր ինքնությունը և արմատները: Ադրբեջանցիները չեն «նեղանում», երբ իրենց թուրք են ասում, ընդունում են, որ շիիզմով կապված են Իրանի հետ, միաժամանակ իրանցի մեծ բանաստեղծներին անվանում են «ադրբեջանցի»։ Ըստ ամենայնի, հայկական Արցախի օկուպացումից հետո Ալիևը որոշել է վերջ տալ «ինքնության որոնմանը» և հրամայել է ադրբեջանցիներին անվանել կովկասյան ալբանացիների ժառանգներ։ Ինչպես հայկական Անատոլիան կոչվեց «Թուրքիայի սիրտը», այնպես էլ հայկական Արցախը դառնում է «Ադրբեջանի ալբանական սիրտը»:

Ըստ Բաքվի նացիստական ​​ռեժիմի լրատվամիջոցների՝ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի Վատիկանի Գրիգորյան Հայրապետական ​​համալսարանում տեղի է ունեցել 12-րդ «միջազգային գիտաժողովը»՝ նվիրված Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» թեմայով։ Այս մասին հայտնում է russia-artsakh.ru-ը։

Բաքվի նացիստական ​​ռեժիմի հայտնի լակեյ, ֆիկտիվ «Ալբանա-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի» նախագահը, Բաքվի պետական ​​համալսարանի ավագ գիտաշխատող Ռոբերտ Մոբիլին (ծն. Մոբիլյան) նշել է, որ Ադրբեջանը «սրբազան երկիր է, որտեղ գնահատվում է բազմազանությունը, հարգվում են բոլոր ժողովուրդներն ու կրոնները, պաշտպանվում են նրանց իրավունքներն»։

Լեռնային Ղարաբաղում 150.000 քրիստոնյաների էթնիկ զտումներից հետո, որը միջազգային առաջատար փորձագետների կողմից գնահատվեց որպես ցեղասպանություն, այս հայտարարությունը շատ «հավանական» է հնչում։

Նշենք, որ Գրիգորյան համալսարանը գտնվում է Հռոմում, այսինքն՝ Իտալիայում, այլ ոչ թե Վատիկանում։ Այնտեղ գիտաժողովները շատ բազմազան են, ինչպես ցանկացած համալսարանում։ Սրահը տրվում է վարձով։

ORER Armenian European Magazine-ի հրատարակությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ պաշտոնական Վատիկանը տեղյակ չէ Բաքվի ԶԼՄ-ներում լայնորեն գովազդվող «Քրիստոնեությունն Ադրբեջանում» թեմայով «գիտական ​​կոնֆերանսի» մասին։ Ավելին, Սուրբ Աթոռի Հայրապետական ​​Գրիգորյան համալսարանն այդ նպատակով ընդամենը դահլիճ է տրամադրել վարձով։ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիաների՝ օգտագործելով Վատիկանի անունը, որն ըստ էության ոչ մի կապ չունի աբշերոնյան վհուկների հավաքի հետ, գրում է russia-artsakh.ru.-ն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը․

Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։

Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։

Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում, ասված է Էջմիածնի հայտարարության մեջ։

Իրանը գոհ է Հայաստանի հետ համատեղ աննախադեպ զորավարժություններից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Սեյեդ Մորթազա Միրիանը բարձր է գնահատել ապրիլի 9-10-ը Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Գեներալը նաև ընդգծել է բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի քաղաքականությունը։

Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել երկու երկրների սահմանին, գործողություններ են իրականացվել սահմանային անցակետերի վրա գրոհող ահաբեկչական խմբավորումների վնասազերծման ուղղությամբ։ Զորավարժությունները տեղի են ունեցել Ագարակի անցակետի երկու կողմից։

Կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել սեփական տարածքում, կիրառվել է թեթև և ծանր զինատեսակներ, փորձարկվել են դիպուկահար գործողություններ։

Բաքուն վաղուց սպառնում էր ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը», և Թեհրանն այս համատեքստում պարբերաբար հայտարարում է, որ դեմ է միջազգային սահմանի ցանկացած փոփոխության։

Փորձագետները հայ-իրանական զորավարժություններն աննախադեպ են համարում. նախորդ տարիներին նմանատիպ համատեղ վարժություններ չեն հիշում։

Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Ալիևն ասել է, որ թքած ունի Եվրախորհրդի վրա

«Եվրախորհրդի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին։

«Երկու օր առաջ Ալիևը ամենացինիկ ձևով ասաց, որ թքած ունի Եվրախորհրդի վրա, և որ կարծում է, որ մենք նրա կարիքն ավելի շատ ունենք, քան ինքը՝ մերը, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր տարածեց՝ հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի և կռվի պատճառով, որում հաղթել է իր երկիրը։

Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել էինք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք անընդհատ թույլտվություն էինք խնդրում, որպեսզի մեր դիտորդները դիտարկեն երկրում ընտրությունները։ Մենք նաև թույլտվություն խնդրեցինք, որպեսզի զեկուցողները այցելեն Ալիևի քաղաքական հակառակորդներին, որոնք բանտում են։

Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի իր քաղաքական հակառակորդներին բանտարկել։ Եվ նրանք երբեք չէին պատասխանում մեր կոչերին, նրանք միշտ մերժում էին մեզ։ Եվ այսպես, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները հարգելուց երկու տարի հրաժարվելուց հետո, թեև դա շարունակվում է շատ ավելի երկար, հրաժարվելով հարգել Եվրախորհրդի պահանջները, վեհաժողովը արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Քանի որ Ալիևը հայտարարել է, որ թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, սա նրա կարծիքն է։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա: Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել հաջորդ չորեքշաբթի դեսպանների, գլխավոր նախարարի առաջ, ինչպես արել եմ նախկինում։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին հետ բերելու համար, խոսել եմ օրենքի գերակայությունը հարգելու, ժողովրդավարական ընթացակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին։

Սկզբում պատասխանեցին, որ միջոցներ են ձեռնարկելու, ինչը մենք այդպես էլ չտեսանք։ Նրանք ազատ են արձակել մեկ կալանավորի, իսկ հետո կալանավորել են ուրիշների։ Այնպես որ Վեհաժողովը կատարել է իր աշխատանքը: Եվ միանգամայն պարզ է, որ Վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները, և դա այսօր հաստատվում է Ալիևի այս հայտարարություններով։ Մենք չենք ափսոսում և կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել»,- նշել է նա։

Խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց Ալիևի վերջնագրի տոնով մերժման մասին՝ Ռուսոպոլոսը նշել է. «Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել ԵԽ-ին։ Եվրոպայի խորհուրդը չի վախենում այդպիսի հայտարարություններից, քանի որ Եվրոպայի Խորհուրդը  իր Վեհաժողովում ընդունել և ընդունում է որոշումներ, որոնք համապատասխանում են իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական ընթացակարգերին։ Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, Նախարարների կոմիտեին, ես հատկապես հիշատակեցի Վրաստանը՝ ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընդունելի է ընտրովի մոտեցումը, քանի որ վաղը, և դա հենց այն է, ինչ ես ասել եմ դեսպաններին, կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն Մարդու իրավունքների դատարանից։

Երեք ամիս էլ չէր անցել, որ Ալիևը հաստատեց իմ մտավախությունները։ «Վախ» բառը փակագծերում դրեք, քանի որ մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, որն իրեն բռնապետի պես է պահում։ Այնպես որ, հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ Նախարարների կոմիտեն պետք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել՝ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, այդ ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։

ԵԽԽՎ նախագահ Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները։

Արցախի տեղեկատվական շտաբի կոչը

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։

Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած այսպես կոչված որոշ գործիչներ։ Նպատակը մեկն է՝ պառակտել և թույլ չտալ, որ հանուն սեփական իրավունքների պաշտպանության արցախցիները հանդես գան միասնական ճակատով։

Այս համատեքստում հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ 2023 թվականի նոյեմբերին 8-ին, հաշվի առնելով հանրային պահանջը և համացանցում հայտնված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։

Համաձայն այդ գրության՝ ՀՀ իրավապահ մարմիններում, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ։ Դրանց շրջանակում առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային սերվերներն ու տրամադրվել պահանջվող տեղեկությունները։

Վերոնշյալ վարույթների շրջանակում նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա։

Եվս մեկ անգամ դիմում ենք ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն, ցուցաբերել խոհեմություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները»:

Ինձ մեծ գումարներ են առաջարկել, որ հայերի դեմ ֆիլմեր նկարեմ, բայց մերժել եմ. Կուստուրիցա

Ինձ շատ են մեծ գումարներ առաջարկել, որ հայերի դեմ ֆիլմեր նկարեմ, բայց մերժել եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Դուք գիտեք՝ ես սիրում եմ ձեր երկիրը։ Ինձ բազմիցս մեծ գումարներ են առաջարկել այնպիսի ֆիլմեր նկարահանելու համար, որոնք ձեր դեմ էին լինելու, բայց ես մերժել եմ, որովհետև գիտեի, որ Սերբիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում ապրող մարդկանց զգալի մասը հայեր են, չգիտեիք այդ մասին։ Շատ հայեր մեր ազգի մի մասն են կազմում։ Ես գիտեմ, թե որքան են տառապել, ինչ մեծ ցեղասպանություն է կատարվել ձեր ժողովրդի նկատմամբ։ Ես իսկապես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ ձեր արվեստագետների, գրողների՝ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ձեր փոքր ազգը խոշոր են դարձնում աշխարհում»,- ասել է Կուստուրիցան։

Հայաստանում քամու հետեւանքով վնասվել են թիթեղներ, սյուներ, տապալվել են ծառեր

Ապրիլի 10-ին, ժամը 06:59-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի,  Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Հերհեր գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում և Դալար գյուղում վնասվել են թիթեղներ, անձրևատար խողովակներ, ցուցանակներ, էլեկտրական լարեր, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման, խողովակների, սյուների ամրացման, ալեհավաքների հեռացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Առցանց հանդիպում․ Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է

Այսօր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն առցանց քննարկում են ունեցել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջյանի հետ։

Խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու, հայ պատանդների ազատ արձակման եւ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացվող Հայ դատի գրասենյակների աշխատանքները։ Նա ԱՄՆ Հայ դատի ներկայացուցչին է ներկայացրել Արցախի ժողովրդի պահանջները, ակնկալիքներն ու խորհրդի առաջիկա քայլերը։ Արցախի ժողովուրդը ցանկանում է արժանապատիվ կեցություն ունենալ Հայաստանում և ակնկալում է, որ իր իրավունքները չեն ոտնահարվի։

Գեւ Իսկաջյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համախմբված պայքարը, որն ուղղված է սեփական իրավունքների պաշտպանությանը։ Նա նշել է, որ Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է, եւ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակում են միջազգային ասպարեզում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար ձայնը։ Սփյուռքը պատրաստ է աջակցել Արցախի ժողովրդին եւ նրա իրավունքների համար պայքարին։

 

Ալիևը կճանաչի՞ Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը

Ալիևը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ և «գոհունակություն հայտնել Սիրիայում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ»։ Բացի այդ, Ալիևը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի անջատողական ռեժիմի առաջնորդ Էրսին Թաթարի հետ։