Month: Ապրիլ 2025
Պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին
Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ Օկամպոն բազմաթիվ անգամներ ասել է, որ դա այն դուռն է, որը մենք պետք է ծեծենք։ Այս մասին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ես հիշում եմ՝ 2023 թվականի դեկտեմբերին Օկամպոն ասաց, որ հայերը պետք է հայցերով հեղեղեն Միջազգային քրեական դատարանը։ Ինձ հայտնի է, որ բավականին շատ դիմումներ գնացել են Միջազգային քրեական դատարան, բայց դրանք բավարար չեն։ Մենք չկարողացանք ապահովել այդ հեղեղը, եւ մեզ մնում է, որ այս տարին չվատնենք, չպետք է հույսներս դնենք իշխանության, Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի վրա, պետք է հավաքենք մեր ուժերը ու աշխատանք իրականացնենք Սփյուռքի աջակցությամբ, քանի որ դա մեծ ռեսուրս է պահանջում»,- ասաց նա։ Ալավերդյանը նշեց, որ խնդիրն ավելի խորքային պետք է դիտարկել՝ պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամենօրյա աշխատանք պետք է տանել Արցախ վերադառնալու քաղաքական իրավունքն ակտիվ պահելու ուղղությամբ, քանի որ վերադարձը կապված է թե Արցախի Հանրապետության վերականգնման, թե անօրինական Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցերի հետ։
Ըստ Ալավերդյանի՝ հայտնի է եւ ապացուցված է, որ չկա առանձին Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարց։ Եվ դրա համար կազմվել է միասնական անվտանգության ռազմավարությունը։ Իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի մերժել են այդ ռազմավարությունը։ «Մենք պետք է հստակեցնենք՝ ինչո՞ւ է միասնական այդ անվտանգությունը կարեւոր։ Եվ ինչո՞ւ է այսօր Հայաստանը վտանգված ավելի, քան երբեւէ։ Մենք ոչ թե պետք է արձագանքենք իրենց ասածներին կամ հակադարձենք, այլ պետք է կարողանանք մեր մոտեցումները հստակ ասել, առաջ քաշել հիմնավոր ու ձեւակերպումներով շատ հստակ տարբերակը։ Այսօր Հայաստանն ամբողջովին վտանգված է, քանի որ նրանք հրաժարվել են Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորից՝ Արցախից»։
Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրիի քաղաքապետը չէ, բայց նրա դեմ գործ են հարուցել
Գյումրիի նախկին քաղաքապետ, Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով:
Վարդան Ղուկասյանը բավական շանսեր ունի Գյումրիի քաղաքապետ ընտրվելու, եթե “Պատիվ ունեմ” ֆրակցիայի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայնվի քվեարկել Ղուկասյանի կողմ։ Սակայն մինչ Մարտուն Գրիգորյանը հայտարարի իր որոշման մասին, Ղուկասյանի դեմ գործ են հարուցում։
Վարդան Ղուկասյանը հաստատ գիտի ,որ իրեն կձերբակալեն, դրա համար պահանջում է, որ փոխքաղաքապետը եւս լինի իր կուսակցությունից։
Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու
«Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու։ Նաեւ գիտի, որ պատերազմի իրական դրդապատճառը, որը ռասիզմն էր, ջրի երես է դուրս գալիս»,- այսօր հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգայի իրավունքի մասնահետ Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում հասկանում են, որ իրենք մարդկայնության դեմ հանցագործություն են գործել, եւ եթե անգամ քաղաքական մարմինները չեն ֆիքսել դա, միջազգային դատարանն է առաջնահերթ ֆիքսելու։ Այնպես, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ ֆիքսեց, որ Լաչինի միջանցքը փակ է։
Նույնիսկ, եթե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանից հետ վերցնի իր գանգատը, դատական ակտը դառնում է պատմական փաստ։
Նրա խոսքով՝ երբ «խաղաղության պայմանագրի» տեքստը հրապարակեն, պարզվի, որ հայցերը հետ են վերցնում, անհատական գանգատներով միջազգային դատարաններ դիմելու շատ մեխանիզմներ կլինեն, որովհետեւ միջպետական գանգատը դուրս է եկել, բայց հո մարդու իրավունքը չի՞ դադարել գոյություն ունենալ։
Մարդու իրավունքների տեսանկյունից դա ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը
«Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված Ադրբեջանի տարածք է, ապա մարդու իրավունքների տեսանկյունից այլ կերպ է դա ձեւակերպված․ ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Անդրադառալով հարցին, թե ինչքանո՞վ է վերադարձի իրավունքը կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, Արա Ղազարյանն ասաց․ «Եթե մենք այս հարցին մոտենանք մարդու իրավունքի տեսանկյունից, այստեղ շատ հետաքրքիր լուծում կա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրում։ Այնտեղ իրենք ունեն 12-րդ հոդվածը՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Իսկ ազատ տեղաշարժը երեք ձեւաչափով է՝ երկրի ներսում տեղաշարժ, երկրից դուրս գալը եւ իր սեփական երկիր վերադառնալը։
Այս արտահայտությունը՝ «իր սեփական երկիր», մեկնաբանվում է որպես հայրենիք։ Չի մեկնաբանվում որպես այն տարածք, որի քաղաքացի ես դու, դա Ալիեւի թեզն է, որն ասում է՝ քաղաքացիություն ունեք եւ վերադարձեք։ Իրավաբանորեն «քո սեփական երկիր» ձեւակերպման տակ մեկնաբանվում է այն ամենը, ինչը մարդու համար հայրենիք է։ Օրինակ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Եվրոպական դատարանն արդեն որոշել է, որ Սարգսյանն իրավունք ունի վերադառնալ ոչ միայն իր տուն՝ Գյուլիստան գյուղ, այլ նաեւ այցելել հարազատների շիրիմներին։ Սա շատ հետաքրքիր նախադեպ է, այն փոքր մոդելն է, որն այսօր Ադրբեջանի դեմ ենք դնում իրավական հարթությունում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված իր տարածքն է, ապա մարդու իրավունքի տեսանկյունից դա ձեւակերպված է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը։ Երբ մենք հիմա, երբ գանգատներ ենք ներկայացնում, հենց այս բանաձեւով ենք ներկայացնում, որի դեմ չեն կարող ներկայացնել հակաթեզ»։
Արա Ղազարյանի խոսքով, երբ Ալիեւն այսօր ասում է, թե իբր արցախցիների կառուցածն անօրինական է, կարող են նրանցից խլել այդ գույքը, նման հասկացություն չկա միջազգային իրավունքում։ «Ոչ, դու քո սեփական օրենքներն ես հորինում, քո սեփական իրավաբանությունը, նման իրավաբանություն չկա։ Եթե արցախցին կառուցել է, կառուցելու ուժով ինքն արդեն ստանում է սեփականության իրավունք, դա մարդու իրավունքի բանաձեւն է» ,- հավելեց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են արցախցի կանանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտնում է․
Արցախցիների գույքային իրավունքը հավիտյան պահպանվում է, բայց արցախցին գոնե պետք է դիմում ուղարկի միջազգային ատյաններ
«Արցախցիների գույքային իրավունքը, որը վերադարձի իրավունքի կոմպոնենտներից մեկն է, շարունակում է հավիտյան պահպանվել։ Եվ արցախցին պետք է տեր կանգնի իրավունքին՝ անելով նվազագույնը, գոնե դիմում ուղարկի միջազգային ատյաններ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցվող այս պայմանագիրը հրապարակվի, եթե տեսնենք, որ այնտեղ ընդհանրապես մեխանիզմ չկա, դա արդեն շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսի դեպքը շատ նման է Արցախի դեպքին։ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 1974 թվականին 230 հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ թողնելով այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։ Այդ օրենքները, որոնցով այդ գույքը հանրայնացվել էր, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի անցել էր, բայց դատարանները որոշումներ էին կայացնում, որ այսինչ մարդը շարունակում է իր գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնա ապրի այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ եթե արցախցին այսօր Երեւանում է, Հայաստանում է ու չի կարողանում իր գույքն օգտագործել, 5 տարի էլ անցնի, 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց Արա Ղազարյանը։
Մասնագետի խոսքով՝ այս իրավունքն արցախցիներն ունեն նաեւ այն գույքի նկատմամբ, որն այսօր ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա գործողությունները միջազգային հանցագործություն է։ «Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի, իսկ որոշումը հետեւյալն է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ կյանքով, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է եւ լուծում չունի, որովհետեւ ինչ լուծում էլ առաջարկեն իրենք, համարվելու է անօրինական։ Միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի Ադրբեջանի այդ լուծումներն ընդունելու»,- հավելեց նա։
Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել Սիրիայում գտնվող T4 ավիաբազան, որտեղ ռուսներն էին
Tiyas (T4) ռազմական ավիաբազան, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կգրավվի թուրքական զորքերի կողմից։ Անկարան նախատեսում է այդ օբյեկտում տեղակայել հակաօդային պաշտպանության իր համակարգերը։ Այս մասին հայտնում է Middle East Eye հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Սիրիայում Ասադի տապալումից հետո իշխանության եկան թուրքամետ ուժերը։ «Անկարան և Դամասկոսը ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ են վարում դեկտեմբերից: Դրանք սկսվել են Բաշար ալ-Ասադի տապալումից հետո: Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան օդային ծածկույթ և ռազմական պաշտպանություն կտրամադրի Սիրիայի նոր կառավարությանը…
Մինչ թուրք պաշտոնյաները նախկինում նսեմացնում էին Սիրիայում սեփական ռազմական ներկայության հնարավորությունը՝ վաղաժամ անվանելով նման ծրագրերը, բանակցությունները հանգիստ շարունակվում էին»,- ասվում է հոդվածում: Ենթադրվում է, որ Թուրքիան վերահսկողության տակ կառնի ռազմավարական T4 օբյեկտը և «Հիսար” համակարգեր կտեղադրի։
Անկարան նաև նախատեսում է այնտեղ տեղակայել հետախուզական և անօդաչու թռչող սարքեր: Ըստ Անկարայի պլանների՝ բազան և շրջակայքը կհամալրվեն բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով՝ հակազդելու օդային լայն սպառնալիքներին: Հաղորդվում է, որ ավիաբազայում արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ:
Անկարան ձգտում է կայունացնել երկիրը՝ օգտագործելով իր ռազմական հնարավորությունները և լրացնելով ռուսական և իրանական զորքերի դուրսբերման հետևանքով առաջացած ուժային վակուումը»,- ասվում է հոդվածում։
Ապրիլի 3-ին Եվրախորհրդարանը կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում
Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Վատիկանը սրբադասել է Ցեղասպանության ժամանակ սպանված եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին
Sputnik. Վատիկանը վավերացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «Vatican News»-ը։
Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Օսմանյան կայսրության Մարտին քաղաքում։ 1883թ. ընդունվել է Լիբանանի Զմմառու վանք: 1896թ. ձեռնադրվել և ուղարկվել է Ալեքսանդրիա, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել արաբերեն և թուրքերեն քարոզների շնորհիվ:
Ավելի ուշ Հայոց պատրիարք Պողոս Պետրոս XII-րդը նրան Կոստանդնուպոլիս է հրավիրել որպես անձնական քարտուղար, սակայն շուտով Մալոյանը վերադարձել է Ալեքսանդրիա` հովվական գործունեության։ 1904 թվականին նշանակվել է Մարտինի պատրիարքական փոխանորդ, ապա ստացել է եպիսկոպոսի աստիճան։
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Մալոյանը փորձել է քրիստոնյաներին զերծ պահել Օսմանյան իշխանությունների հետապնդումներից։ 1915 թվականի հունիսի 3-ին նրան և ևս 13 քահանաների ու շուրջ 600 հավատացյալների ձերբակալել են և տարել Դիարբեքիրի մոտ գտնվող Կարա-Քենպրու գյուղ։ Հունիսի 11-ին Մալոյանին սպանել են, քանի որ հրաժարվել է ուրանալ քրիստոնեությունը։
Հիշեցնենք` Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2021 թվականին Սուրբ Պետրոս հրապարակում հավատացյալների և բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարեց Մալոյանին երանելիների շարքը դասելու արարողությունը։
Առաջին գիշերն է 2025-ի, երբ Ռուսաստանը անօդաչուներով չի հարձակվել Ուկրաինայի վրա
Երեքշաբթի՝ ապրիլի 1-ի գիշերը 2025 թվականին առաջինն էր, երբ Ռուսաստանը չկիրառեց հարձակողական անօդաչու սարքերի զանգվածային հարձակում Ուկրաինայի տարածքում, ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Telegram ալիքի ամենօրյա առավոտյան հաղորդագրության մեջ։ Զեկույցում նշվում է նաև Զապորոժիայի շրջանում ռուսական հակահրթիռային հարվածի մասին. «2025 թվականի ապրիլի 1-ի գիշերը (մարտի 31-ի ժամը 21:00-ի սահմաններում) հակառակորդը մարտավարական ինքնաթիռներից երկու հրթիռ է խոցել Զապորոժիայի ուղղությամբ”։
Միաժամանակ, ըստ Դնեպրոպետրովսկի շրջանային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկի, ռուսական զորքերը հարձակվել են Նիկոպոլ քաղաքի վրա։ «Օկուպանտներն օգտագործել են հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Քաղաքում վնասվել են երեք առանձնատներ, ենթակառուցվածքներ և վարչական շենք», – գրել է նա Telegram-ում տեղական ժամանակով առավոտյան ժամը 7։30-ին՝ նշելով, որ ոչ ոք չի տուժել։
Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում
Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։