Պուտինին զինադադար է պետք մայիսի 9-ի շքերթի համար. ի՞նչ կարող է պատահել այդ օրը

Պուտինը հայտարարեց Ուկրաինայում մայիսի 9-ի պատվին ևս մեկ միակողմանի հրադադարի մասին։ Միաժամանակ նա հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջարկը՝ 30-օրյա հրադադարի վերաբերյալ։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները վերլուծել են Պուտինի առաջարկը՝ Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ ռազմական գործողություններ չանցկացնելու վերաբերյալ։ Մայիսի 8-11-ը Պուտինը հայտարարեց միակողմանի զինադադարի մասին։

Մայիսի 9-ին Պուտինը պլանավորում է «մեծ» հաղթանակի շքերթ Մոսկվայում, որին պետք է մասնակցի նաև Սի Ծինպինը։ Այսպիսով, Ռուսաստանի նախագահը պարզապես որոշեց պաշտպանել իրեն և իր միջոցառումը՝ Ուկրաինայից հարձակումների հետ կապված անհարմար իրավիճակներից խուսափելու համար։

Ինչի՞ց է վախենում Պուտինը։ Կարո՞ղ են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կդառնան շրջադարձային Ռուսաստանի ղեկավարության համար։

Նախագահ Զելենսկին ի պատասխան Պուտինին ասաց, որ Ուկրաինան անընդհատ խոսում է զինադադարի, լիակատար հրադադարի իր պատրաստակամության մասին, որն առաջարկել էր Միացյալ Նահանգները։ Սակայն այս գաղափարները անընդհատ մերժվում են Կրեմլի կողմից։ «Հիմա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ է։ Ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն դրանից հետո դադարեցնեն կրակը՝ շքերթի ժամանակ Պուտինին լռությունն ապահովելու համար։ Մենք կարևորում ենք մարդկանց կյանքը, այլ ոչ թե շքերթները», – ասաց Ուկրաինայի առաջնորդը։ Նա առաջարկեց, որ Մոսկվան հիմա սկսի զինադադար։ Եվ ոչ թե երեք օրով, այլ ավելի երկար ժամանակահատվածով՝ առնվազն 30 օրով։

Հաջորդ 8-10 օրվա ընթացքում միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ իրեն հաջողվել է համոզել Վաշինգտոնին ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, այդ թվում՝ խստացնել պատժամիջոցները։ Մակրոնը շեշտեց, որ այժմ «մենք ավելի մոտ ենք հրադադարին, քան երբևէ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Կրեմլին սպառնացել էր նոր պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցությունները հետաձգվեն։ Պուտինի գործողությունները մտածելու տեղիք են տալիս, որ «գուցե նա չի ուզում դադարեցնել պատերազմը, այլ պարզապես ինձ խաբում է», – նշել է Թրամփը։

Արտակ Մկրտչյան․ մենք պատրաստվում ենք վերադառնալ հայկական Արցախ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի կողմից Երեւանի Ազատության հրապարակում տեղադրված վրանում քննարկումների ժամանակ միտք է հնչել, որ ոչ թե արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այլ Արցախը պետք է վերադարձնենք հայերին։

Մեկնաբանում է Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը․  

Քարտեզագրելով մարտունեցիներին

«Մարտունու երիտասարդական կենտրոնը» քաղաքից քաղաք քարտեզագրում է իր բնակիչներին՝ հավատով, որ մի օր կունենան կենտրոն, որը կհամախմբի համաքաղաքացիներին։

«Մենք՝ որպես ՄԵԿ՝ Մարտունու երիտասարդական կենտրոն, հիմնադրել էինք «Հավասար հնարավորություն» ՀԿ, որն իրականացնում էր տարբեր բնույթի միջոցառումներ՝ Մարտունու շրջանի երիտասարդների առօրյան հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար։ ՀՀ տեղահանվելուց հետո ՀԿ-ի հիմնադիրները տարբեր ձևաչափերով իրականացնում էինք Մարտունու շրջանի բնակիչների հետ կապված կամավորական աշխատանքներով, սակայն հասկացանք, որ անհրաժեշտ է կրկին գրանցել ՀԿ-ն ու մեր գործունեությունն իրականացնել այդ անվան տակ՝ առաջինը՝ վստահելի լինելով բնակչությանը, երկրորդը՝ ճանաչելի դառնալու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»,- ասում է Վաչագան Դադայանը՝ «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հասարակական ՀԿ-ի համահիմնադիրը։

Վաչագանի խոսքով՝ վերջին շրջանում, իրականացնելով համաքաղաքացիների քարտեզագրում, պարզել են, որ Երևան քաղաքում ու աշխատանքի հնարավորություն տրվող բնակավայրերում են մարտունեցիների մեծամասնությունը բնակեցված։

«Աշխատանքի արդյունքում ամենամսյա աշխատավարձ ստանալը ինչ-որ չափով կայունություն է տալիս ընտանիքին՝ որոշակի բնակավայրում մնալու համար։ Ցավով պետք է նշել, որ մի մասը տեղահանվելու պահին, իսկ մի մասը, որն ավելի ցավալի է, դրանից հետո է որոշել լքել հայրենիքը՝ հայրենիքից դուրս աշխատանք գտնելու և այնտեղ ապրելու պատճառով»,- ասում է Վաչագանը։

Վերջին երեք այցերի ժամանակ, որոնք դեպի Տաշիր, Գյումրի և Վանաձոր քաղաքներն էին, ՀԿ ներկայացուցիչները նկատել են, որ արցախցիները միավորված են և առցանց հարթակում գոնե փորձում են պահպանել միասնությունը։

«Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ նշածս երեք քաղաքներից Վանաձորում մարտունեցիները հատկապես ավելի կայուն են։ Թեև բոլորը վարձով են ապրում, բայց զբաղվածության հարցը քիչ թե շատ լուծված է։ Լոռու թեմը՝ դասընթացների միջոցով, ներգրավվածություն է ապահովում վանաձորցիների և տեղահանված արցախցիների միջև»,- նշում է Վաչագանը և ավելացնում․ «Հանդիպումները նաև առիթ են հանդիսացել, որպեսզի ծանոթանանք ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, հասկանանք՝ ինչպիսի տրամադրվածություն կա։ Ու պետք է ուրախությամբ նշել, որ մարտունեցիները գոհ են բնակիչներից՝ հեշտությամբ են կարողացել լեզու գտնել նրանց հետ»։

ՄԵԿ-ը, որ Մարտունու համար դարձել էր գիտելիքի, ժամանցի և համայնքի ակտիվացման կենտրոն, այսօր էլ՝ որպես ՀԿ, ունի ֆինանսական խնդիրներ, բայց նաև հույս, որ կշարունակի իրականացնել ծրագրեր, որոնց շնորհիվ, թեև հայրենի քաղաքից հեռու, սակայն կմնան միասնական ու համախմբված։

Մարիամ Սարգսյան

Ընտրությունները 2026 թ․ ավելի վաղ են լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ իր ՔՊ-ով փոխել ՀՀ Սահմանադրությունը

Step1.amզրուցակիցն է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։

-Տիկին Դիլբարյան, այս իշխանությունն անթաքուց խոսում է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրին հղումը եւ թեզ են դնում շրջանառության մեջ, որ դա է Հայաստանի գոյատեւման միակ հնարավորությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, եւ ի՞նչ վտանգ է պարունակում այս քաղաքականությունը Հայաստանի համար։

-Ես համոզված եմ, որ այս դրույթը եւ պնդումը Նիկոլ Փաշինյանը ոչ թե հենց հիմա է երկնել ու ձեւակերպել, այլ թերեւս շատ ամուր նստած է եղել իր մեջ։ Դրա ապացույցը «Երկրի հակառակ կողմը» գրքի մի շարք դրվագներն են։ Եվ պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքը, անկազմակերպվածությունը, խառնակությունը, այնուհետեւ բանակի վարկաբեկման, կազմափոխման գործընթացը, որն ինքը ծավալեց, ուներ մեկ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին ապացուցել, որ մենք՝ իբրեւ պետություն ունեցող ժողովուրդ, չենք կարող ունենալ մարտունակ, անհրաժեշտության դեպքում հարձակվողական, իսկ հիմնականում պաշտպանողական մարտավարություն, որ մենք պետք է ամբողջովին կախման մեջ լինենք մեր ռազմավարական թշնամուց՝ թուրք-ադրբեջանական տանդեմից։

Այսինքն՝ այս դրույթի հիմնական գաղափարախոսության կրողն ու շահառուն Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ ապացուցել, որ գոյություն չունի Արեւմտյան Հայաստան։ Արցախը շատ կարեւոր դրվագ էր՝ կոտրելու համար հայ ժողովրդի մարտունակությունը եւ ինքնիշխանության ու անկախության հանդեպ հավատը։ Բայց հիմնական նպատակը հրաժարվելն է հայկական պետականության հիմնական հիմքերից, ինչպիսին Արեւմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության ճանաչումն ու դրա համար փոխհատուցման մեխանիզմների ձեռք բերումն է։

Դրա համար տեղի ունեցավ երկրորդ գործողությունը՝ ցեղասպանական ակտն Արցախում, որպեսզի այնտեղից բռնի տեղահանված 150 հազար փախստականների հոսքն առավել մեծացնի հուսահատությունը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը դարձել է այդ խոսույթի հիմնական իրականացնող գործիքը։ Կամովի է դարձել, թե ոչ, հիմա բարդ է դա ասել, ժամանակը կգա, դա կբացահայտվի։ Մենք գիտենք տարբեր դեպքեր ՔՊ շրջանակում գտնվող գործիչների՝ Թուրքիայում լինելու եւ հիմնադրամների կողմից ֆինանսավորվելու մասին։ Իսկ այդ հիմնադրամները սովորաբար պատրաստում են իրենց գաղափարախոսությունը կրողների։

Երկրորդ հարցը՝ բնականաբար, այս քաղաքականությունը չի հանգեցնելու Հայաստանը պահպանելուն։ Այսինքն՝ այդ դրույթը, որ Արցախը հանձնելով, մեր մյուս ինքնիշխան տարածքները հանձնելով՝ մենք կկարողանանք պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, դա կեղծիք է։ Դա այն նույն կեղծիքն է, որով 2018 թվականին իրենք եկան եւ բղավում էին «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Վերջում պարզվեց, որ «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ» եւ նաեւ կարող է պարզվել, որ ընդհանրապես մեր տարածասշրջանում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանը» պետք է իրականություն դառնա, որը հայ ժողովուրդը երբեք չի կարող թույլ տալ։

Հետեւաբար, սա վտանգավոր խուսույթ է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականությունը կազմալուծելն է։ Բայց, իհարկե, շատ ընդունված քարոզչական գործիք է՝ իսկական նպատակը թաքցնելու համար խոսել այն արժեքների մասին, որոնց դեմ դու պայքարում ես։ Դրա համար իրենք խոսում են ժողովրդավարության, Հայաստանը փրկելու մասին։ Ընդհանրապես պետք է հեռու մնալ մարդկանցից, որոնք գոռում են՝ «փրկենք Հայաստանի պետականությունը»։ Հայաստանի պետականությունը նման մարդկանց կարիքը չունի, նրա փրկվելու հիմնական երաշխիքը ազգային պետական մտածողություն ունեցող նոր իշխանության ձեւավորումն է։

Այսինքն՝ այս խոսույթն ուղղված էր ոչ միայն Արցախի Հանրապետության կազմալուծմանը, այլեւ ՀՀ-ն իր ինքնիշխանությունից եւ ժողովրդավարությունից զրկելուն։ Ոչ թե Հայաստանի քաղաքացուն պաշտպանելուն, այլ Հայաստանի քաղաքացուն թուրքական հպատակ դարձնելուն եւ նրան պետական քաղաքացիությունից զրկելուն։

Հայաստանի քաղաքացին դիմադրո՞ւմ է այս ծրագրերին, տեսանելի՞ է, դիմադրության ներուժ կա՞։

-Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացին դիմակայում է այդ գաղափարախոսությանը։ 2018-2019 թվականներին բոլորովին այլ խոսույթներ էին շրջանառվում, եւ մարդկանց մի մասը գուցե հավատում էին այդ կարգախոսներին, հավատի որոշ ծվեններ կային 2021 թվականի ընտրության ժամանակ, որովհետեւ, եթե կարդաք, թե ինչ ծրագրերով էր ՔՊ-ն գալիս իշխանության, ինչի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, ապա դուք եւս կարող էիք դրան հավատալ կամ տուրք տալ։

Դրանից հետո Հայաստանում պարբերաբար եղել են դիմադրության տարբեր շարժումներ, եւ դիմադրությունը միշտ էլ շարունակվել է։ Պարզապես բավական դժվար է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բավական ծանր իրավիճակում միանգամից հասնել հաջողության, որովհետեւ հասարակության մի զգալի մասն ընկճախտի մեջ է։

Բայց դիմադրությունը կա, եւ ես կարծում եմ, որ ընտրությունները 2026 թվականից ավելի վաղ են լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ իր ՔՊ խմբակցությամբ փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Նրանք պետք է գնան հանրաքվեի, եւ հիմա ՀՀ թիվ մեկ օրակարգն է Սահմանադրությունը փոխելու եւ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեն վերածել Նիկոլ Փաշինյանի դեմ վստահության հանրաքվեի, որը կավարտվի բացարձակ «ոչ»-ով։

Ռոզա Հովհաննիսյան

Պուտինը հայտարարեց Ուկրաինայի հետ պատերազմում հրադադարի մասին, իսկ Լավրովը հրապարակեց Ռուսաստանի պայմանները

Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմում հրադադար հայտարարեց. «Մարդասիրական նկատառումներից ելնելով՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշեր, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։

Ռուսական կողմը կրկին հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառների վերացմանը, և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ռուսաստանի նախնական պայմանները»։

«Մենք ելնում ենք այն փաստից, որ Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելը և Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության մասին 1990 թվականի հռչակագրին համապատասխան իր չեզոք կարգավիճակի հաստատումը ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման երկու հիմքերից մեկն է, որը համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին։ Երկրորդը՝ Կիևում 2014 թվականի փետրվարին հեղաշրջման արդյունքում ձևավորված նեոնացիստական ​​ռեժիմի կառավարման հետևանքների հաղթահարումն է, ներառյալ նրա գործողությունները՝ օրենսդրորեն և ֆիզիկապես ոչնչացնելու ռուսական ամեն ինչը՝ լեզուն, լրատվամիջոցները, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը», – ասել է Լավրովը բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է նախարարը, պարտադիր պայման պետք է լինի նաև Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը և Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ռուսական պատկանելության միջազգային ճանաչումը։ Ռուսաստանը նաև հայցում է հուսալի երաշխիքներ ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և «մեր արևմտյան սահմաններին գտնվող առանձին անդամ պետություններից» բխող սպառնալիքների դեմ», հավելեց նա։

Մենք կորցրել ենք տուն, հող, գերեզմաններ, բայց չենք կորցրել մեր արժանապատվությունը

Արցախի տեղահանությունից հետո, բազմաթիվ ընտանիքներ, Մայր Հայաստանում չկարողանալով հաղթահարել մի շարք խնդիրներ, բռնել են արտագաղթի ճանապարհը։ Այդ մարդկանց շարքին է պատկանում Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը։

Պարզապես հայտնվել էի դրսում: Մեկ տարի հյուրընկալվելով բարի մարդկանց տանը՝ հասկացա, որ չեմ կարող իմ ունեցած միջոցներով տուն վարձել, իսկ չարաշահել մարդկանց բարի կամեցողությունը այլևս չեմ կարող։ Իմ տարիքում աշխատանքի տեղավորվելը պարզապես թանկ հաճույք կհամարվեր, իսկ աշխատանքային փորձն էլ մեզ համար արդեն փորձանք էր, առողջական խնդիրներն էլ մի կողմից ինձ կանգնեցրել էին փակուղու առաջ։

Ես չեմ լքել իմ Հայրենիքը, պարզապես ժամանակավորապես հեռացել եմ: Երբ ինքնաթիռը բարձրանում էր օդ՝ կտրելով ինձ Մայր Հայաստանից, ես ինձ լրիվ որբացած զգացի և հասկացա՝ Հայրենիքը Մայր է, որին լքել չի կարելի, նա մեր կարիքն ունի, ինչպես նաև մենք՝ իր: ՌԴ-ում ես ոչ մի ծրագրեր չունեմ իրագործելու, մենք այստեղ ընդամենը ցածր վարձատրվող աշխատուժ ենք՝ կտրված Հայրենիքից, ժողովրդից ու մշակույթից: Առաջիկայում ես կլինեմ Մայր Հայաստանում և կմասնակցեմ իմ Հայրենիքի վերակերտմանը։

ՀՀ կառավարության արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրում ապրիլի 1-ից փոփոխություն է կատարվել, որից հետո մարդիկ ակամա հայտնվելու են դրսերում։ Սոցիալական խնդիրները, քանի գնում, ավելի են արտահայտվում:

-Ես միշտ էլ դեմ եմ եղել այդ աջակցությունների՝ արցախցիների կենսաբանական գոյությունն ապահովող ողորմելի միջոցներին: Մեր սխալը առաջին հերթին կայանում էր նրանում, որ, կառչելով այդ չնչին միջոցներից, մենք քաղաքական լուծում չենք տվել մեր կարգավիճակին։ Հենց սկզբից էլ մեր բողոքի ցույցերով պետության ուշադրությունը պետք է սևեռեինք մեր ցավոտ խնդիրների վրա։

Հիմա իշխանությունները կայուն իմունիտետ են ձեռք բերել մեզ տանջող ցավի նկատմամբ, և ժամանակն էլ մեր օգտին չի գործել։ Մենք կորցրել ենք տուն, հող, գերեզմաններ, մշակութային բազմադարյա արժեքներ, բայց չենք կորցրել մեր արժանապատվությունը։ Արցախցին իր վերջին կոպեկը դրել է արժանապատիվ կյանքի, իր երեխաների ուսուցման, իր բնակարաննների բարենորոգման վրա։ Նրանք արժանի են արժանապատիվ վերաբերմունքի։

Մեկուկես տարի է անցել, բայց արցախցիների կարգավիճակն ավելի է սրացել, բնակծրագրերը դարձել են հերթական մանիպուլյատիվ գործողությունների արգասիք, իսկ ապրիլի 1-ի փոփոխությունը, ըստ էության, ուղղակի սպառնալիք էր այդ մարդկանց գոյության, ինչու չէ նաև ազգային անվտանգության համար։ Պետությունը պարտավոր է ոչ թե մոռացության տալ արցախցիներին, այլ ձևավորել ամբողջական քաղաքականություն՝ վերաինտեգրման, աշխատանքի, կրթության, կացության ապահովման ուղղությամբ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Տիկին Սահակյանը ցավով է խոսում վերջին ժամանակահատվածում Հայաստանում արցախահայության դեմ սկսված ատելության, թշնամանքի, Արցախի հողը չպահելու, չկռվելու մեղադրանքների մասին:

-Ցանկացած երևութ դիտարկելիս, նախ պիտի ինքնահարցադրում անես՝ ու՞մ է դա ձեռնտու։ “Բաժանի՛ր, որ տիրես”։ Խարխլվում են բռնատիրության հենասյուները, մարդիկ վաղուց հասկացել են, որ “թագավորը մերկ է”․ երբեմնի պատմական Հայաստանը դարձել է մոլագարների ձեռքին խաղաքարտ, և վտանգված է ՀՀ անվտանգությունը, ու ասպարեզ է նետվում վերջին խաղաթուղթը՝ ազգային ատելության սերմանումը ժողովրդի երկու հատվածների միջև։ Ես չեմ արդարանում, որ կռվել ենք, կամ չենք կռվել, ես խայծը կուլ չեմ տալիս և ջուր չեմ լցնում իմ ժողովրդին տարանջատողների ջրաղացին, որովհետև մեկ տարուց ավելի է ապրում էի “հայաստանցու” տան, իսկ այդ “հայաստանցին” ծառայում էր Արցախում և բնակվում էր իմ՝ “արցախցու”  տանը։

Հիմա երևի կհարցնեք՝ ի՞նչն է հենց իշխանությունների կողմից իրականացվող տարանջատման նպատակը. պարզից էլ պարզ է, շուտով ընտրություններ են, մեր հայրենակիցները ևս սոցիալական ծանր պայմաններում են գտնվում, և ո՞վ է մեղավորը՝ իհա՜րկե “արցախցիները”, ովքեր ձեր հարկերի հաշվին են ապրում հեչ հերիք, դեռ իշխանափոխություն էլ են ուզում իրականացնել։ Արդյունքում այդ մանիպուլյատորները հայտնվում են “զոհի” կարգավիճակում և կարիք ունեն հանրային աջակցության։ Սա ամենավտանգվոր քայլն է, հենց դա էլ հաղթեց 2018, 2021 թվականներին։ Չեմ ուզում նախօրոք կանխատեսումներ անել, բայց մանիպուլյացիայի իններորդ ալիքը լինելու է ընտրությունների նախօրյակին։ Իմ ժողովրդին կամք ու համբերություն։

Արցախցին պետք է համախմբված լինի, ապրի արժանապատիվ կյանքով

 -Արցախահայությանը համամախմբված տեսնելու համար նախ սոցիալական ցանցերից պիտի իջնենք իրականություն, պիտի կերտենք մեր ներքին միասնականությունը՝ հիմնելով այն կրթության, մշակույթի և ազգային արժեքների վրա։ Մեր ժողովդին անհրաժեշտ է է արժանավոր ու նվիրյալ առաջնորդ, որը հենց մեր, “Աքիլլեսյան գարշապարն”  է։ Մենք պիտի քանդենք մեր և մեր հայրենակիցների միջև ծառացած ատելության և թշնամանքի անջրպետը և ստեղծենք հզոր ու կազմակերպված համայնք։ Այսօր մեր խնդիրը ոչ միայն վերադառնալը, այլ նաև ներկայումս արժանապատիվ կյանքով ապրելն է, որովհետև երբ սոցիալական խնդիրները դռնով ներս են մտնում, հոգևորն ու գաղափարայինը պատուհանով դուրս են գալիս։ Պիտի լեթարգիական քնից արթնացնել սփյուռքահայ մեր հայրենակիցներին և ամրապնդելուվ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ստեղծել միասնական ուսումնական ծրագրեր, սոցիալական փոխօգնություն և զարգացնող մշակութայն նախագծեր։ Այդժամ արցախցիները չեն արժանանանա ավելորդության, բեռ լինելու հանդիմանանքին, և կվերանան դրանից բխող տհաճ երևույթները։

Նելլի Սահակյանը հավատում է, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է։

-Այո, հավատում եմ։

Ճիշտ է, շատ եմ հիասթափություններ ու դառնություններ ապրել, բայց դա երբեք չի խարխլել իմ հավատը։ Ու երբ տեսնում եմ՝ թշնամին ինչպես է ավերում մեր քաղաքներն ու գյուղերը, ավելի եմ համոզվում, որ մեր վերադարձն անխուսափելի է, այլապես ինչու է ավերում, երբ նրա բնակչության զգալի մասը կեցության խնդիր ունի. Աստծո գործերն անքննելի են։ Պարզապես միայն երազելով Հայրենիք հետ չես բերի, պիտի ունենանք համազգային տեսլական, և մեր արժանապատվությունը, մշակույթն ու պատմությունը բարոյական հենարան են դառնալու Արցախ աշխարհիս վերակերտման համար, պարզապես համախմբվել ու գործել է պետք։ Արցախը հող չէ միայն, այն հոգի է ու սիրտ, որ կարոտով սպասում է մեզ։ Թող Աստված իրականացնի մեր տառապած հայրենակիցների երազանքը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից. CivilNet

Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում:

«ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում է այլընտրանք՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում է ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), ուստի քաղաքացու դիմումի հիման վրա կարող է նշվել նաև ծննդյան վկայականում առկա այլ տվյալ, սակայն կարող է խնդրահարույց լինել սահմանային անցման կետերում»,- հայտնում են ծառայությունից։

2023-ի Արցախի բռնի տեղահանումից հետո՝ ապրիլի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 568 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Արցախցիների մտահոգությանը, թե ինչու է ՀՀ քաղաքացու իրենց անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից արձագանքել են՝ ասելով, որ անձնագրերում ծննդավայրի նշումը կարգավորվում է միջազգային ICAO և ISO 3166 ստանդարտներով, իսկ դրանցից դուրս ցանկացած նշում ՆԳՆ-ի կողմից խնդրահարույց է համարվում սահմանային անցակետերում:

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խորհուրդ տվեց կենտրոնանալ սոցիալական հարցերի վրա և առաջարկել Արցախի ներկայացուցչության շենքը որպես շտաբ-վրանի այլընտրանք։

Ոմանք այս առաջարկները ընկալեցին որպես Հայաստանի կառավարության ուղերձներ և պայքարի ավարտ։

Սաիդա Պողոսյանը պատմեց, թե ինչով է ներկայումս զբաղվում Խորհուրդը և ինչ ծրագրեր ունի մոտ ապագայում։

Ալվարդ Գրիգորյան

Գորիսում 18 ընտանիք, այդ թվում արցախցի, նշել է բնակարանամուտը

Ինչպես հայտնում է Syunik News-ը, ապրիլի 26-ին տեղի ունեցավ բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը։ Տասնութ ընտանիք ստացավ հիմնովին վերանորոգված և կահավորված նոր բնակարաններ՝ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ջանքերով կյանքի կոչված ծրագրի շնորհիվ։
Նախկինում երկու հարկ ունեցող պետական ենթակայության շենքը ենթարկվել է համապարփակ վերակառուցման. հիմնովին վերանորոգվել են առաջին և երկրորդ հարկերը, իսկ երրորդ հարկը կառուցվել է նորից՝ ամբողջությամբ նոր շինարարական լուծումներով և ժամանակակից ստանդարտներին համապատասխան։
Բնակարանները կահավորվել են անհրաժեշտ տեխնիկայով և խոհանոցային կահույքով՝ բնակիչներին առաջարկելով հարմարավետ և արժանապատիվ կենսապայմաններ։
Բնակարանները հանձնվել են հիմնականում Արցախից տեղահանված և Գորիսի սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց համար այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի՝ որպես նոր կյանքի սկիզբ խաղաղ և ապահով միջավայրում։
Բնակարանամուտի ժամանակ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորեց նոր բնակիչներին՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է ծրագրեր իրականացնել՝ նպատակ ունենալով բարելավել բնակչության կենսապայմանները և ամրապնդել Գորիսի սոցիալական կայունությունը։

Ի՞նչ պայմաններում է շտաբ-վրանը հանվելու Ազատության հրապարակից

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այցը Ազատության հրապարակում գտնվող Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբ-վրան հանրության շրջանում տարաբնույթ կարծիքներ է առաջացրել։

Խորհրդի անդամների հետ զրույցում Շահրամանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ակտիվիստներին, պայմաններ չթելադրել։ Նա խորհուրդ տվեց կենտրոնանալ սոցիալական հարցերի վրա և պատրաստակամություն հայտնեց Խորհրդին տարածք տրամադրել Արցախի ներկայացուցչության շենքում, եթե վրանը հրապարակից հանվի։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Ապրես Մարգարյանը Step1.am-ի հետ զրույցում նշել է, որ նախկինում էլ հանդիպումներ են եղել նախագահ Շահրամանյանի հետ, որտեղ խորհուրդը, ինչպես վերջին հանդիպման ժամանակ, ներկայացրել է մարտի 29-ին ՀՀ իշխանություններին ուղղված դիմումում ներկայացված պահանջները։ Ինչպես նախկինում, նախագահը հավաստիացրել է իր աջակցության մասին։

Վրանային ակցիայի վերաբերյալ Մարգարյանը հավելեց, որ «մենք ընտրեցինք այս ձևաչափը, քանի որ բռնատեղահանումից հետո Արցախի պետական ​​ինստիտուտները լիարժեք գործելու հնարավորություն չուեցան, ինչը խոչընդոտ դարձավ արցախցիների խնդիրների լուծման համար»։

Ապրես Մարգարյանը Step1-ի հետ կիսվեց, թե արդյոք շտաբի վրանը կհեռացվի հրապարակից։

Ալվարդ Գրիգորյան

Ժենգյալով հաց Արցախից։ Երջանիկ օրեր մեկ բլիթում

Ընդունված է, որ ժենգյալով հաի բաղադրատոմսը բաղկացած է 12 տեսակի կանաչեղենից։ Կամ 20: Սակայն արցախցի մասնագետները կարող են թվարկել 32-ը, և սա սահմանը չէ:

2015 թվականին Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում կայացած ժենգյալով հացի փառատոնի ժամանակ այցելուներին ներկայացվեց տեսողական բաղադրատոմսով պաստառ։ Ամեն ինչ, որ թվարկված էր, աճում է Արցախում։

Ժենգյալով հածի վառարանը դարձել է Հայաստանում բռնի տեղահանված արցախցիների բազմաթիվ ընտանիքների եկամտի միակ աղբյուրը։ Եվ Հայաստանի ժողովուրդը սիրեց ուտեստը. պարզվեց, այն համեղ, կշտացնող և առողջարար է։

Ժենգյալով հացը Արցախի անվիճելի ապրանքանիշն է։ Այն պատրաստելու համար հայ կանայք հատուկ դասընթացների չեն մասնակցում․ նրանք հմտությունները ձեռք են բերում ծննդյան օրվանից և մեծ վարպետության հասնում տարիքի հետ։

Այս ուտեստը հատկապես տարածված է վաղ գարնանը, երբ բոլոր ձմեռային պաշարները կերված են, և դեռ թարմ բանջարեղեն և մրգեր չկան, բայց կանաչեղենը սկսում է աճել, և ժենգյալով հացը դառնում է գրեթե հիմնական ուտեստը։

Ծաղկաշատի փառատոնը կազմակերպվել էր Նիկոլ Դումանի տուն-թանգարանում։ Համեստ տոն էր, բայց հայկական Արցախի ազգային ավանդույթներով։ Բնականաբար, մրցակցություն կար. Արցախի 7 շրջանների և Ստեփանակերտի վարպետուհիները պայքարում էին լավագույն տաղավարի համար, այլ փորձում էին ժենգյալով հաց թխել բազմաթիվ տեսակի կանաչեղենով, այն էլ դասական տեսքով՝ երկրաչափական ճշգրտությամբ։

Ալվարդ Գրիգորյան

Իրանի նախագահը հայտարարել է, որ Նախիջևանի հետ կապը կիրականացվի Իրանի միջոցով

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, ադրբեջանական պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, նշել է, որ կողմերը չպետք է աչք դնեն միմյանց տարածքին։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Արտեմ Տոնոյանը։

Իրանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն դեպքում, երբ հաստատվեն քաղաքական և առևտրային հարաբերություններ՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։

«Այս խնդիրը լուծելուն նպաստելու համար մենք այժմ աշխատում ենք Իրանով անցնող ճանապարհի նախապատրաստման վրա, որպեսզի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը Ադրբեջանից կարողանան Նախիջևան հասնել Իրանի տարածքով», – ասաց Պեզեշկիանը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Թեհրանն ու Բաքուն արդեն համաձայնության են եկել այս հարցի շուրջ, և Պեզեշկիանը հույս է հայտնել, որ որևէ խոչընդոտ չի առաջանա։

Իրանի նախագահին նաև հարցրել են Թեհրանի դիրքորոշման մասին Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Հակամարտությունը սկսվում է, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողություն հաստատել մյուսի սահմանների կամ տարածքի նկատմամբ։ Հետևաբար, մենք միշտ աջակցել և կարծում ենք, որ պետք է շարժվենք երկրների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ», – ասաց Պեզեշկյանը։

Բոլոր երկրները, ըստ նրա, ճանաչել են այդ սկզբունքները, և Թեհրանը հույս ունի, որ հնարավոր կլինի կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները միջազգային իրավունքի շրջանակներում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Թեհրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և նույն սկզբունքով կպաշտպանի նաև Հայաստանի իրավունքները։ Իրանը կձգտի ապահովել, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հիմնվելով խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ցանկության վրա։