Այն, ինչ պետք է իմանալ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Այսօր Հայաստան են ժամանել Իրանի պաշտպանության նախարարը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ խոշոր հանդիպում՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԵՄ դեսպանների մասնակցությամբ։ Այսօր Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Բորոյի հետ։

Միևնույն ժամանակ, ՀՀ Ներքին գործերի նախարարությունը կազմակերպել է Ռուսաստանի հետ համատեղ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Համագործակցություն հանուն փրկության» խորագրով, որը նվիրված է ռուս-հայաստանյան մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին։

Հայաստանի կառավարությունը սա անվանում է «հավասարակշռված» քաղաքականություն, չնայած այս հավասարակշռության ամբողջ իմաստն է՝ համոզել աշխարհի ուժային կենտրոններին չխառնվել Հայաստանի դեսուվերենիզացիայի «խաղաղ գործընթացին» և չսադրել էսկալացիա։

ՀՀ իշխանությունները մերժել են դոնոր համաժողով կազմակերպելու բոլոր առաջարկները

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Պարոն Բեգլարյան, տեւական ժամանակ է՝ դուք բարձրացնում եք արցախցիների համար միջազգային դոնոր համաժողով կազմակերպելու հարցը։ Բայց Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այս առաջարկից, ինչո՞ւ, ի՞նչ տեղեկություներ ունեք։

-Արցախիցների բռնի տեղահանությունից հետո տարբեր շրջանակների կողմից առաջարկներ եղել են ՀՀ կառավարությանը, որպեսզի կազմակերպեն միջազգային դոնոր համաժողով։ Նույնիսկ մի քանի ամիս շարունակ սփյուռքյան մի քանի խոշոր կազմակերպություններ համատեղ այդ հարցի շուրջ անընդհատ հաղորդակցություն են ունեցել կառավարության բարձրագույն ներկայացուցիչների հետ, գրավոր առաջարկություններ էին ներկայացրել։ Նույնիսկ այդ կազմակերպությունները պատրաստ էին հիմնական կազմակերպչական ծանրությունն իրենց վրա վերցնել, նախապատրաստել, բայց, բնականաբար, քաղաքական համաձայնություն եւ որոշակի աջակցություն էին ակնկալում։ Չեմ կարող ասել, թե ինչ պատճառով ՀՀ իշխանություններն ուղղակի մերժել են այդ բոլոր առաջարկները՝ ժամանակ ձգելով, որոշում չկայացնելով, վերջում ասելով, որ ամեն դեպքում նպատակահարմար չեն գտնում։

Թե ինչո՞ւ, ուղղակի կարող ենք ենթադրել, բայց ես համարում եմ, որ շատ մեծ սխալ են գործել, եւ որեւէ տրամաբանական պատասխան ես չեմ տեսնում։ Պատասխանները հավանաբար կամ քաղաքական են, կամ բյուրոկրատական ծուլության շրջանակներում են գտնվում։ Սա մեծ հնարավորություն է, որն իրենք բաց են թողել։ Միգուցե ուշ չէ, բայց ժամանակաշրջանը շատ ավելի բարենպաստ էր տեղահանության սկզբի ամիսներին։ Ինչո՞ւ էր դա կարեւոր, քանի որ առաջին հերթին հնարավոր կլիներ շատ մեծ ռեսուրսներ ներգրավել, ընդ որում, եւ տարբեր պետություններից, միջազգային կառույցներից ու դոնոր կազմակերպություններից, եւ նաեւ սփյուռքյան շրջանակներից։ Վստահ եմ՝ եթե միջազգային դոնոր կոնֆերանս լիներ, տարբեր երկրներում ապրող հայ մեծահարուստներ կամ ազդեցիկ սփյուռքյան կառույցներ բավականին մեծ ներդրում կունենային այդ դոնոր կոնֆերանսի կազմակերպման եւ կայացման գործում։

-Ի՞նչ խնդիր կլուծի դոնոր համաժողովի անցկացումը, ինչո՞ւ է դա կարեւոր։

-Ես վստահ եմ, որ հնարավոր կլիներ այնքան ռեսուրս հավաքել, որ Հայաստանում գտնվող արցախցիների ներկա հումանիտար կարիքները հնարավոր կլիներ բավարարել եւ կայուն հուն մտցնել արցախցիներին, որպեսզի կայանային ու ամրանային Հայաստանում եւ իրենց ներդրումն ունենային նաեւ Հայաստանի կայացման ու ամրացման գործում։ Այդ հնարավորությունը բաց թողնելով՝ հիմա Հայաստանի կառավարությունը բանկերից է գումարներ վերցնում, եւ այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ այդ գումարները բնականաբար տոկոսով են, բավականին բարձր տոկոսներ են։

Իրենց հայտարարած թվերը հաշվի առնելով՝ փաստորեն բնակարանային ծրագրի համար մի քանի տարվա ընթացքում նախատեսում են 400-500 մլրդ դրամ գումար ներգրավել, որի տոկոսներն էլ եւս 300-400 մլրդ գումար կկազմեն 10 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը շուրջ 70-80 տոկոս ավելորդ գումար է ծախսելու, որպեսզի բանկերին ֆինանսավորի։ Եվ քանի որ այնպիսի ծրագիր են նախատեսել, որը հիմնականում շեշտադրում է երկրորդային շուկայից բնակարանի գնում, այս գումարի զգալի մասն ուղղակի դուրս է գալու Հայաստանից, քանի որ արցախցիները երկրորդային շուկայից կգնեն բնակարաններ, այդ բնակարանների տերերի մի մասը կարտագաղթի եւ ֆիզիկապես, եւ իր կապիտալը կհանի ՀՀ-ից։ Այն դեպքում, որ եթե միջազգային դոնոր կոնֆերանս լիներ, եւ դրա ժամանակ հավաքագրված գումարները ներդրվեին նոր բնակավայրեր եւ համալիներ կառուցելու մեջ, կստացվեր, որ այդ գումարներն ավելացված արժեք էին ստեղծելու ՀՀ-ում, եւ բավականին լուրջ մուլտիպլիկատիվ էֆեկտ կլիներ տնտեսության համար։ Չհաշված, որ արցախցիների խնդիրներն էլ կլուծվեին։

Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, իսկ այլ խողովակներով փորձ արվո՞ւմ է կազմակերպել դոնոր համաժողովը։

-Այդ ուղղությամբ այլ աշխատանք չի տարվում ոչ մեկի կողմից, որովհետեւ բոլորը, այդ թվում՝ սփյուռքյան կազմակերպությունները կարծում են, որ առանց կառավարության չի կարող արդյունավետ դոնոր կոնֆերանս լինել։ Հիմնական դոնորները պետք է լինեն գործընկեր պետություններ եւ միջազգային կառույցներ, իսկ իրենք չեն ներգրավվի, քանի դեռ Հայաստանի կառավարության կողմից այդ ուղղությամբ դրական դիրքորոշում չկա։ Եթե Սփյուռքի մակարդակով դա լինի այս պառակտված, հիասթափված պայմաններում, արդյունքները շատ փոքր կարող են լինել։ Դրա համար չեմ էլ կարծում, որ ողջամիտ կլինի նույնիսկ Սփյուռքի մակարդակով դոնոր կոնֆերանս կազմակերպել՝ առանց պետական ներգրավվածության։

Ռոզա Հովհաննիսյան

Իմ շրջապատում շատերն են կանգնած այս խնդրի առաջ․ տանտերերը պահանջում են ազատել բնակարանները

Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են նույն խնդրի առաջ

Կինը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը ամաչում է իր աշակերտներից, ընկերներից։ Ուսուցչուհի էր Արցախում՝ հարգված, ճանաչված։ Երանությամբ է հիշում դպրոցական տարիները և չի կարողանում զսպել հույզերը։ Շուտով ավարտվում է ուսումնականը, ամենուր <<Վերջին զանգի>> արարողություններ են լինելու և իր սաների կողքին կանգնելու փոխարեն, արցախցի ուսուցչուհին մտածում է օրախնդիր հարցերի մասին։

-Տեղահանվելուց հետո երեք անգամ բնակարան ենք փոխել ու վերջապես գտել ինչ որ չափով հարմար տուն, որի բնակվարձը կազմում է 150 հազար դրամ։ Աղջիկներս ուսանող են և արդեն իսկ պարզ է, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում։ Տան միակ աշխատողը ես եմ և, ցավոք, ոչ իմ մասնագիտությամբ եմ աշխատանք գտել։ Երևանի ռեստորաններից մեկում սպասք եմ լվանում։ Ստիպված եմ գնացել այդ աշխատանքին, որպեսզի կարողանամ իմ ու դստրերիս հոգսերը հոգամ,- պատմում է արցախցի կինը, երկար լռում և շարունակում,-  երբեք չեմ կարող մոռանալ այն նվաստացումը, որ զգացի այս օրերին մեր տանտիրոջ կողմից։

Արցախցիներին տրվող բնակվարձերի ուշացման պատճառով չէի կարողացել տան վարձը վճարել մայիսի 15-ին։ Ըստ պայմանավորվածության այդ օրը պետք է վճարեի։ 4 օր ուշացումով տվեցի վարձը՝ ստացված 120000 դրամ աջակցությանն ավելացնելով իմ աշխատավարձից 30000 դրամ ևս։ Տանտերը, սակայն, իմ առջև պահանջ դրեց՝ հետագայում ուշացում լինելու դեպքում, չեմ հանդուրժելու և կարող եք ուրիշ բնակարան փնտրել։ Վերջում էլ ավելացրեց՝ գնացեք գյուղեր։

Այժմ կանգնած եմ մեծ խնդրի առաջ։ Մի ամիս հետո մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը աջակցություն չի ստանալու և, բնականաբար, հայտնվելու ենք դրսում։ Չեմ կարողանում նայել երեխաներիս աչքերին և անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է սպասվում իմ երկու ուսանող աղջիկներին, ովքեր երազում են հմուտ մասնագետներ դառնալ։ Ես, մանկավարժ լինելով, ուզում եմ, որ իմ երեխաները պատշաճ կրթություն ստանան և կարողանան իրենց տեղը գտնել այս դժվար կյանքում։

Առանց սոցիալական աջակցության ես չեմ կարող բնակարանի վարձավճար տալ։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են նույն խնդրի առաջ։ Տանտերերը պահանջում են ազատել բնակարանները։

Ես ցանկանում եմ, որ մեր ձայնը լսելի լինի և պատկան մարմինները ըմբռնումով մոտենան արցախցիների սոցիալական խնդիրներին։ Այլապես շատ տխուր իրավիճակ կլինի, թեև արդեն իսկ ակնհայտ է։ Տեղահանությունից հետո արցախցիներից շատերի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, և զգալի մասը չի դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով։ Նույնը կարլեի է ասել հանկարծակի մահացությունների մասին։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ամեն ինչ ծանր ապրումներից ու դժվար կյանքից է։

Արցախցի ուսուցչուհու խնդիրն այսօր շատշատերին է ծանոթ։ Նման իրավիճակում է մեր հայրենակիցների մեծ մասը, ովքեր չգիտեն՝ ինչպե՞ս են հաղթահարելու, ինչպե՞ս են դուրս գալու այս դժվարություններից։ Գյուղական բնակավայրեր ոչ բոլորը կարող են տեղափոխվել, որովհետև ունեն ուսանողներ և միայն Երևանում կարող են ապահովվել աշխատանքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների Շվեյցարիայի խորհրդարանում մեկնարկում է հարթակ

2025 թվականի մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային

վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:

www.swisspeacekarabakh.com հասցեով գործում է հանձնախմբի պաշտոնական կայքը։

Երևանում է Իրանի պաշտպանության նախարարը

Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրանական պատվիրակությունը Երևանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով:

Կիպրոսի խորհրդարանի նախագահը հանդիպել է արցախցիներին և ընդգծել նրանց օգնելու Կիպրոսի պատրաստակամությունը

Սույն թվականի մայիսի 19-ին Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած ճեպազրույցում խոսելով Բաքվում հայ գերիների ու քաղաքացիական անձանց պահման պայմանների մասին նշել է, որ անընդունելի է 21-րդ դարում տեսնել մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ բացահայտ խախտումները։
Անիտա Դիմիտրիուն այցելել է նաև Արագածոտնի մարզ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և ընդգծել նրանց օգնելու Կիպրոսի պատրաստակամության մասին։ Նա նաև նշել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի եռակողմ համագործակցության շարունակականության մասին։
Հատկանշական է նաև Դիմիտրուի հայտարարությունն առ այն, որ միջազգային հանրությունը ևս պետք է միանշանակ հստակ դիրքորոշում դրսևորի մարդու իրավունքների բացահայտ խախտումների վերաբերյալ և չառաջնորդվի երկակի ստանդարտներով։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը ողջունում և միանում է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի հայտարարությանը և կոչ անում միջազգային հանրությանը բարձրաձայնել հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները՝ դատապարտելով Ադրբեջանի անօրեն գործողությունները։

Կայացել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդիպումը շվեյցարիացի պատգամավորի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։
Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն
է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։

Եթե ​​Լավրովը գալիս է, նշանակում է՝ Հայաստանն իր «տնային աշխատանքը» կատարել է

Պուտինի և Թրամփի միջև երեկվա զրույցից հետո վերլուծաբանների կարծիքները բաշխվեցին 180 աստիճանի դիապազոնով՝ Թրամփի՝ Պուտինի վրա ազդելու կարողության բացահայտ ծաղրից մինչև հունիսին խաղաղության պայմանագրի կնքման կանխատեսումներ։

Սակայն լավագույն գնահատականը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն էին, ով կրկին բացառեց ուկրաինական զորքերի դուրս բերումը Ռուսաստանի կողմից մասամբ օկուպացված 4 մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող շրջաններից։

«Ոչ ոք չի ստիպի մեր զորքերը դուրս բերենք մեր տարածքներից», – AFP-ն մեջբերում է Զելենսկիի խոսքերը, երբ նրան հարցրել են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից ամբողջությամբ հրաժարվելու ենթադրյալ պահանջների մասին։

Կոստանդնուպոլսում Ռուսաստանը Ուկրաինային վերջնագիր ներկայացրեց՝ լքել այն տարածքները, որոնք Ռուսաստանը դեռ չի կարողանում ուժով նվաճել։ Ուկրաինան չի համաձայնվում։ Սա նշանակո՞ւմ է, որ Կիևը համաձայն է Ռուսաստանի կողմից արդեն գրավված տարածքների կորստին։ Եթե ​​Մոսկվան փափկացնի իր վերջնագիրը, ապա «խաղաղությունը», սկզբունքորեն, հնարավոր է՝ առանց Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի և Դնեպրի երկայնքով Խերսոնի մարզի մասի։

Միաժամանակ Իսրայելը հայտարարեց Գազան ամբողջությամբ օկուպացնելու և Պաղեստինի ստեղծումը կանխելու իր մտադրության մասին, որը, ի դեպ, ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Իսրայելը չի ​​բացառում Սիրիայի բաժանումը, բայց արդեն Թուրքիայի, այլ ոչ թե Իրանի հետ։

Այսպիսով, աստիճանաբար սկսում է ձևավորվել աշխարհի նոր քարտեզ, որտեղ սահմանները կփոխվեն՝ կախված նրանից, թե ով է ավելի ուժեղ։ Չինաստանն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, և Ռուսաստանի սահմանները նույնպես կարող են վերանայման ենթարկվել։ Բայց առայժմ Թրամփը Պուտինին ընդունել է նրանց ակումբ, ովքեր կգծեն աշխարհի նոր քարտեզը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Երևան։ Մոսկվան ակնկալում է, որ իր նոր հարավային «սահմանները» կանցնեն Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի ներկայիս սահմանների երկայնքով։ Դրա համար Մոսկվային անհրաժեշտ է վերահսկել առաջին հերթին Հայաստանի հարավը՝ կանխելու համար Իրանի կապերի ամրապնդումը Եվրոպայի հետ Հայաստանի միջոցով։

Լավրովի այցը կարող է նախորդել Հայաստանի ինքնիշխանության կորստին հարավում և հյուսիսում։ Սա կարող է լինել կամ «խաղաղության համաձայնագրի», կամ ագրեսիայի հերթական ակտի միջոցով, որից հետո ռուսները կգան «փրկելու» Սյունիքի և Շիրակի հայերին։ 102-րդ բազայի հավանական դուրսբերման վերաբերյալ հարցերը միամիտ չեն «վերակենդանացվել»։ Պետք է ապացուցել այդ բազայի “անհրաժեշտությունը”։

Լավրովի այցից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերեց հերթական ակտիվությունը՝ նշելով, որ ինքը փորձ ունի ճգնաժամային իրավիճակների կառավարման գործում։ Մարդկանց մի փոքր խումբ հայտարարեց Լավրովի այցի կապակցությամբ ՀՀ արտգործնախարարության մոտ բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին, իսկ Երևանում հայտնվեց Պուտինի դիմանկարով և «մարդասպան» գրությամբ պաստառ։ Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում գրեթե բացահայտ խոսում են Հայաստանում արցախյան սցենարի կրկնության հնարավորության մասին։

Եթե ​​Պուտինի և Թրամփի միջև սահմանների բաժանման վերաբերյալ կա հիմնարար համաձայնություն, ապա Հայաստանի դեսուվերենիզացիայի և Կարսի պայմանագրի երկարաձգման հարցը տեղափոխվում է գործնական որոշումների ոլորտ, ինչի համար էլ Լավրովը գալիս է։ Նա հենց այնպես չի գա, ինչը նշանակում է, որ Հայաստանը կատարել է իր տնային աշխատանքը։

Թրամփի հետ զրույցից հետո Պուտինը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ընտրությունից ի վեր արդեն երրորդ անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեկ օր առաջ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման մասին խոսել էր Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ։

Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ երկու ժամ։ Դրանից հետո Պուտինը լրագրողներին ասաց, որ «շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ ուղիղ բանակցությունների վերսկսման հարցում ԱՄՆ աջակցության համար»։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել «Ուկրաինայի վերաբերյալ ապագա խաղաղության պայմանագրի մասին հուշագրի» շուրջ։

«Գլխավորն այն է, որ Կիևը և ուկրաինական կողմը ցուցաբերեն խաղաղության առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին», – ասաց Պուտինը։

Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր զրույցի «տոնն ու ոգին» անվանել է «գերազանց»։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը «անմիջապես» կսկսեն բանակցություններ հրադադարի և զինադադարի վերաբերյալ։

«Ես հենց նոր ավարտեցի երկու ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ավելի կարևորը, պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Դրա պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնց մասին ոչ ոք չգիտի», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ բանակցությունները կսկսվեն «անմիջապես», ինչի մասին Թրամփը արդեն տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։

Վենս. Ռուսաստանի հետ բանակցությունները «փակուղում են». Պուտինը, կարծես, չգիտի, թե ինչպես դուրս գալ պատերազմից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան կանխելու փորձերը անհաջող են եղել։ Խաղաղության բանակցությունները «մի փոքր» փակուղի են մտել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ Սպիտակ տունը գիտակցում է, որ խաղաղության գործընթացը փակուղի է մտել։

«Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի փակուղի է։ Պուտինը, կարծես, չգիտի, թե ինչպես դուրս գալ այս պատերազմից», – ասաց փոխնախագահը։

Նա պարզաբանեց, որ եթե Ռուսաստանը շարունակի խաթարել խաղաղության ջանքերը, Ամերիկան ​​կասի, որ սա «իր պատերազմը չէ» և կդուրս գա բանակցություններից։

Վենսը հայտարարությունն արել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հեռախոսազրույցից մի քանի ժամ առաջ։ Ամերիկացի առաջնորդը մտադիր է կրկին փորձել համոզել Կրեմլին դադարեցնել արյունահեղությունը և բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։

Հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի QR կոդ

Հունիսի 30-ից Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների (ներառյալ Հայաստանի) քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս պետք է թվային գրանցում անցնեն Պետական ​​ծառայությունների RuID հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունները։ Գրանցումը պետք է ավարտվի ժամանումից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։

Արդյունքում, քաղաքացին կստանա QR կոդ, որը անհրաժեշտ կլինի ներկայացնել սահմանը հատելիս։ Գրանցվելու համար անհրաժեշտ է հավելվածում ստեղծել անձնական հաշիվ, վերբեռնել լուսանկար և անձնական տվյալներ, ինչպես նաև նշել մնալու սպասվող ամսաթվերը։

Արտակարգ դեպքերում (հիվանդություն, ազգականի մահ) դիմումը կարող է ներկայացվել ժամանումից առնվազն 4 ժամ առաջ։ Գրանցման պահանջը վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բացառությամբ Բելառուսի։

6 տարեկանից փոքր երեխաները, ինչպես նաև վիզայով կամ ժամանակավոր բնակության թույլտվությամբ (TRP) կամ մշտական ​​բնակության թույլտվությամբ մուտք գործող քաղաքացիները ազատված են գրանցումից։ 6-ից 18 տարեկան երեխաների համար դիմումը պետք է ներկայացնեն ծնողները կամ օրինական խնամակալները, եթե նրանք իրենք ունեն մուտքի թույլտվություն։

Իսրայելը մտադիր է ամբողջությամբ գրավել Գազայի հատվածը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Այս մասին նա ասել է իր Telegram ալիքում երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հրապարակված տեսաուղերձում։

«Ընթանում են լարված մարտեր, մենք առաջ ենք շարժվում։ Մենք կվերահսկենք ամբողջ շրջանը։ Բայց դա անելու համար մենք պետք է այնպես գործենք, որ ոչինչ չկարողանա մեզ կանգնեցնել», – ընդգծեց Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ բանակը ստիպված կլինի պահպանել կարգուկանոնը Գազայում և, մասնավորապես, կանխել մարդասիրական օգնության թալանը։

Գազայի հատվածն արդեն ավերակների է վերածվել, որտեղ դեռևս ապրում է մեկ միլիոնից ավելի մարդ։ Վերջին տարիներին ագրեսորները ընտրել են լիակատար ոչնչացման ուղին՝ սա է տեղի ունենում Գազայում, Ուկրաինայում, Արցախում։ Այս մեթոդը ոչ մի դեպքում չի դատապարտվել միջազգային հանրության կողմից։ Ավելին, աշխարհը կոչ է անում օրինականացնել բնիկ բնակչության լիակատար տեղահանությունը Արցախից։