ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված մոտ 9300 անձ

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված մոտ 9300 անձ, նրանցից 8350-ին արդեն շնորհվել է քաղաքացիություն։ Այս մասին step1.am-ին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նշենք, որ նախորդ տարեվերջին՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ քաղաքացիությասն համար դիմել էր 6649 արցախցի։ Այսինքն՝ վերջին 5 ամիսների ընթացքում քաղաքացիություն ստացող արցախցիների թիվն աճել է ընդամենը 2600-ով։ Նելլի Դավթյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր՝ սպասվում է, որ այս տարվա ընթացքում քաղաքացիության դիմումների աճ կլինի։ Step1.am-ի հարցին, թե հիմա սպասված աճը կա՞, Նելլին Դավթյանը պատասխանեց․ «Քիչ, բայց ակտիվացում կա։ Նախկինում օրական 30-40 քաղաքացիության դիմում էինք ստանում, հիմա այդ թիվը կազմում է 50»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքները պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն։ Բայց անգամ այս ծրագրից օգտվելու համար արցախցիները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Խնդիրն այն է, որ արցախցիների մեծ մասը կարծում են, որ իրենք ՀՀ քաղաքացի են, քանի որ նախկինում ստացել են ՀՀ անձնագիր՝ «070» կոդով։ Եվ մարդիկ նշում են, որ Հայաստանի կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ խախտել է իրենց իրավունքները։

Ռոզա Հովհաննիսյան

Շատ արցախցիներ դեռ չեն ստացել 40 հազ․ դրամ աջակցությունը

ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար 40-ական դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվել է եւս երկու ամսով։ Սակայն, պարզվում է, որ ապրիլ ամսվա համար նախատեսված աջակցության գումարն արցախցի ընտանիքների մի մասը դեռ այսօրվա դրությամբ չեն ստացել։ Այս մասին արցախցիները գրառում են կատարել «Աջակցման միասնական ինֆորամացիոն ալիք» ֆեյսբուքյան էջում։

Արցախցիները գրել են, որ որոշ բանկերի միջոցով ստացել են աջակցության գումարը, իսկ որոշ բանկեր էլ ասել են՝ դեռ փոխանցում չկա։

Օգտատերերից մեկն էլ գրել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, խնդրում ենք ձեզ այսօր փոխանցումները ավարտին հասցնեք, դեռ շատ շատերը չեն ստացել աջակցությունները, իսկ տան տերերն էլ չեն սպասում։ Ամենայն հարգանքներով ` ԼՂՀ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքների կողմից»։

Հիշեցնենք, որ 40-ական դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց այն պայմանով, որ արցախցիները հանեցին Ազատության հրապարակում տեղադրված վրանը։ Դրանից հետո հայտարարվեց, որ ՀՀ կառավարությունը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ համատեղ աշխատանքային խմբեր է ստեղծել՝ սոցիալական խնդիրները քննարկելու համար։ Մասնավորապես, քննարկումների հիմքում արցախցիների բնակապահովման պետական ծրագրի վերանայմանը վերաբերող հարցերն են։

Մեկնարկել է Սամվել Թավադյանի անհատական ցուցահանդեսը

Օրերս Դիզակ Արտ կենտրոնում մեկնարկել է շուշեցի նկարիչ Սամվել Թավադյանի <<Անավարտ զրույց>> անհատական ցուցահանդեսը։ Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի մշակույթի տարածման և պահպանման գործում ավանդ ունեցող արցախցի գործիչներ, շուշեցիներ, արվեստասեր մարդիկ։

Միջոցառմանը օրհնության խոսք է ասել ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ցուցահանդեսը համեմվել է <<Դիզակ Արտ>> կենտրոնի սաների գեղեցիկ կատարումներով, որոնք լի էին արցախյան շնչով։

Սամվել Թավադյանի անհատական ցուցահանդեսը կտևի 10 օր՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ծանոթանալ արվեստագետի ստեղծագործական աշխարհին։

Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Այդ օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Ասկերանի օրը․ ինչպես ստեղծվեց և մարտնչեց շրջանը

Ասկերանի շրջանը ձևավորվել է 1978 թվականի մայիսի կեսերին։ Հերոսական ու փառավոր էր շրջանի ձևավորման ակունքներում կանգնած անհատների արարումի ուղին, շրջանի կազմավորման ժամանակ ծագած խնդիրները, դժվարություններն ու խոչընդոտները պատվով հաղթահարելու պատրաստակամությունը, ինչը հաճախ հաջողվել է բազում զրկանքների գնով` դեմ գնալով ադրբեջանական իշխանությունների հայատյացությանն ու Լեռնային Ղարաբաղը Դաշտային Ղարաբաղի ճակատագրին արժանացնելու ծրագրերին։

Շրջանի կազմավորման պահից կուսշրջկոմի առաջին քարտուղար է աշխատել Վաչագան Գրիգորյանը, շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ Վլադիմիր Զաքիյանը, այնուհետև շրջխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվել Վիլեն Քոչարյանը։ Ազատամարտի տարիներին շրջանը ղեկավարել են Գուրգեն Մանգասարյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Սամվել Հակոբյանը։

Տարբեր տարիների շրջանի վարչակազմի ղեկավարներ են աշխատել Էդուարդ Ասլանյանը, Սամվել Հակոբյանը, Արմո Ծատրյանը, Սամվել Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Գեղամ Բեգլարյանը, Հակոբ Ղահրամանյանը, Աշոտ Դադայանը, Սասուն Բարսեղյանը, Արմեն Ղահրամանյանը, իսկ 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև Արցախի հայաթափումը շրջանը ղեկավարում էր Համլետ Ապրեսյանը։

Նորաստեղծ շրջանում անելիքները շատ էին, կային դժվարություններ, տարբեր խնդիրներ, սակայն կար նաև աշխատանքին ուժով, եռանդով ու պատրաստակամությամբ լցված աշխատողների մի մեծ թիմ

 Ալյոշա Գաբրիելյան

-1978 թվականի մայիսին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից կայացրած որոշումը հավանության արժանացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից և ստեղծվեց ԼՂԻՄ Ասկերանի շրջանը։ Եթե Ադրբեջանի իշխանությունը իմանար, որ իր այդ որոշմամբ կնպաստի նոր շրջանի հզորացմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, երբեք չէր գնա այդ սխալ քայլին։ Շրջկենտրոն դառնալով՝ Ասկերանը տնտեսական և մշակութային առումով, սկսեց շատ արագ զարգանալ, ինչպես նաև ավելացավ բնակչության թվաքանակը։ Ասկերանը դարձավ վարչական կենտրոն, որտեղ ձևավորվեցին բոլոր կառույցները՝ համալրվելով լավագույն մասնագետներով։

Որպես Արցախի դարպաս, շրջկենտրոն դառնալով, Ասկերանն ավելի անառիկ դարձավ։ Հետագա իրադարձություններն այդ ամենի վառ ապացույցն էին։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ապա՝ Գոյապայքարը, Ասկերանն անառիկ էր՝ քան երբևէ։ Առաջին լայնածավալ բախումը եղավ 1988-ի փետրվարի 22-ին, երբ ադրբեջանական խառնամբոխը շարժվեց դեպի Ասկերան ու հանդիպեց մեծ դիմադրության։ Շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի բնակիչներն արժանի հակահարված հասցրին ադրբեջանցիներին։ Թշնամին, չնայած իր բազմակի գերակշռությանը, այդպես էլ չկարողացավ ճեղքել Ասկերանի դարպասը։ Երբեք չհանգստանալով՝ նա շարունակեց Ասկերան ներխուժելու և Ստեփանակերտ հասնելու իր փորձերը նաև 1992-ին, սակայն դա նրան երբեք չհաջողվեց՝ շնորհիվ մեր կուռ պաշտպանությանը։

Պատմական առումով Ասկերանի շրջանի ձևավորումը մեծ նվեր էր մեզ համար։

 

Մելորդ Ջհանգիրյան

-1970-ական թվականներին, կարելի է ասել, հանրապետությունում լայն թափ էր ստացել շինարարությունը, և հասարակական-քաղաքական կյանքում զգալի փոփոխություններ էին կատարվում: Ստեղծված իրադրությունը կազմակերպչական մեծ աշխատանքներ էր պահանջում, որպեսզի ավելի արդյունավետ լինի ղեկավարման մակարդակը շրջաններում և հանրապետությունում: Այդ ժամանակահատվածում Ասկերանի շրջանը, որպես առանձին միավոր, գոյություն չուներ, ինչն էլ կաշկանդում էր գյուղերի հետ աշխատանքներն արդյունավետ իրականացնել: Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել առանձին շրջան:

1978 թվականի մայիսի 15-ն Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի շրջանից ընտրված քաղաքային կոմիտեի անդամների պլենում, որը վարում էր կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Կևորկովը: Օրակարգում դրված էր նորաստեղծ շրջանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտե կազմավորելու, շրջկոմի քարտուղարներ և բյուրոյի կազմ ընտրելու հարցը: Միաձայն շրջկոմի քարտուղարներ ընտրվեցին Վաչագան Գրիգորյանը, Վիլեն Քոչարյանը, Վլադիմիր Ասլանյանը: Այդ օրն էլ դառնում է շրջանի ստեղծման օրը: Շրջկոմի Բյուրոյի անդամ է ընտրվում նաև Վլադիմիր Զաքիյանը, ով մինչ այդ աշխատում էր ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում:

ԼՂԻՄ վարչական քարտեզի վրա նոր շրջանի երևան գալը ուներ նաև ռազմավարական նշանակություն` այս տարածքում սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման ու դրանց արդյունավետ լուծման առումներով: Կյանքը ցույց տվեց, որ դա իսկապես ճիշտ որոշում էր հատկապես շրջանի գյուղերի զարգացման տեսանկյունից:

 

Ռոմելա Գրիգորյան

-Ասկերանի շրջանի տասնամյակների տարեգրությունը լի է փառավոր էջերով, հերոսական դրվագներով, արժանահիշատակ գործերով, նաև դարակուտակ փորձով։

Հեշտ ու դյուրին չէր շրջանի անցած ճանապարհը: Ժամանակի և պատմության հոլովույթում մեզ միշտ ուղեկցել են պատերազմները։

Բայց հայը կարողացել է աշխարհին ապացուցել իր կամքի ոգեղենությունը, աշխարհին պարզել իր գոյության խորհուրդն ու լինելիության քվեն: Այդպես էր բոլոր ժամանակներում։ Այդպես էր 1988-ին, ազգային զարթոնքի տարիներին: Ալեկոծվեց Արցախը, որի առաջամարտիկն Ասկերանի շրջանն էր: Հող հայրենիի փրկության վեհ գործին զինվորագրվեցին շատերը: Նրանք զինվորագրվեցին ցուրտ ու խոնավ խրամատներին, զինվորագրվեցին բնության անսանձ ու քմահաճ տարերքին, դարձան աստանդական կյանքով ապրող մարդիկ, իսկ մի մասն էլ հավերժ զինվորագրվեց մայր հողին։ Խոնարհում ու խնկարկում նրանց: Լռեցին համազարկները, ունեցանք վերելքներ, մարդիկ նորից զգացին հողի շունչը, արարեցին բերք ու բարիք։

Կերտեցինք պետություն, պետականություն, ունեցանք կանոնավոր բանակ, գերբ ու դրոշ, օրհներգ:

2016 թվականին նորից զարկվեցինք: Շրջանը կրկին առաջամարտիկների շարքում էր։ Կարողացանք հաղթահարել կորստի ցավը, տառապանքը, հայրենիք կորցնելու վտանգը; Կյանքն ընթանում էր իր հունով, սակայն 2020-ին Արցախին պատուհասած մահասփյուռ պատերազմը ամեն ինչ տակնուվրա արեց: Փշրվեցին մեր երազները, մեր արժեքները, հաղթանակները, սակայն մենք մնացինք մեր հողում: Իսկ 2023-ի սեպտեմբերը ամեն ինչ ոչնչացրեց ու վտարանդի դարձրեց մի ողջ ժողովուրդ։

Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ուժեղ լինի, հպարտանա իր պատմությամբ, որը ոչ ոք չի կարող ջնջել․․․

 

Սվետլանա Ասրյան

-Շրջանի պատմությունը լի է հերոսական դրվագներով ու փառահեղ հաղթանակներով։ Եվ այդ պատմությունը գրվել է շրջանի կազմավորման ակունքներում կանգնած անհատների կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ։ Գտնվեցին մարդիկ, ովքեր խիզախություն ունեցան դեմ գնալու ադրբեջանական իշխանությունների հայակործան որոշումներին։ Մեծ է նորաստեղծ շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանի անմնացորդ նվիրումը շրջանի ձևավորման և կայացման գործում։ Պատահական չէ, որ <<Կղզիացող երկիր և նրա շուրջ>> գրքում Վ․Գրիգորյանի մասին գովեստով է խոսել գրող Բակուր Կարապետյանը և մեկ նախադասությամբ բնութագրել նրան՝ նա շա՜տ է ղարաբաղցի։ Մեր շրջանը՝ չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ ներդրում ուներ Արցախի կայացման գործում, և դա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Բավական է նշել Ավետարանոց գյուղի Իվան Աթայանի անունը, ով Արցախում առաջին ու միակ ԽՍՀՄ ժողովրդական կոչումն է ստացել։ Շրջանի ավելի քան 16 մանկավարժներ արժանացել են 20-րդ դարի <<Լավագույն ուսուցիչ>> կոչմանը։

Արցախում ապրելը սխրագործության էր նման և ամենամեծ սխրագործությունը մեր տղաները գրել են իրենց հերոսությամբ՝ կյանքի գնով պաշտպանելով Հայրենիքը։

Ցավոք, մենք կորցրել ենք մեր երկիրն ու այնտեղ թողել բոլոր մեր հաղթանակները և ապրում ենք հիշողություններով։ Ես ցանկանում եմ, որ իմ ժողովուրդը ուժ հավաքի ու դիմակայի բոլոր դժվարություններին և երբեք չկորցնի հետվերադարձի հավատը։

Յուրի Բալայան

Ասկերանի շրջանի կազմավորումը պատմական մեծ ու անգնահատելի դերակատարություն ունեցավ արցախահայության հետագա ճակատագրի վրա։ Այն լրջագույնս ազդել է ոչ միայն շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նպաստել ադրբեջանական ծանր լծից, նվաստացուցիչ ենթակայությունից վերջապես ձերբազատվելուն, իսկ հետագայում նաև հուսալի ինքնապաշտպանություն կազմակերպելու և անկախ պետականություն ստեղծելու սուրբ գործն իրականացնելիս։

Շրջխորհրդի գործկոմի և շրջկոմի բազմաթիվ ղեկավարներ է ունեցել Ասկերանի շրջանը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նորաստեղծ շրջանի համբավը մարզում բարձրացնելու համար։ Բոլորիս մոտ պատասխանատվություն, կամքի ուժ և համախմբվածություն կար, ինչի շնորհիվ 1978 թվականից սկսվեց վերելքի մեծ շրջան, ինչպես Ասկերանի շրջանում, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղում: Հիշում եմ՝ մինչև շրջկենտրոն դառնալն Ասկերանը մի փոքրիկ ավան էր: Չուներ ոչ մի հարմարավետություն, բնակչությունն ապահովված չէր խմելու ջրով: Սակայն այդպիսի պայմաններում պետք է ստեղծեին շրջկոմի, շրջսովետի գործկոմի և շրջանային մյուս կազմակերպությունների համար շինություններ և աշխատողներին ապահովեին համապատասխան աշխատասենյակներով: Այդ օրերին պետք է շահագործման հանձնվեր ութ բնակարանոց երկհարկանի մի շենք և կասեցնելով որոշումը՝ այն տրամադրվեց շրջկոմի, շրջսովետի գործկոմի աշխատակազմերին: Նույն շենքում տեղավորվեցին նաև հետագայում կազմավորված շրջդատախազությունը և ժողդատարանը:

1982-83թթ. շահագործման հանձնվեցին կուսշրջկոմի և շրջսովետի գործկոմի նորակառույց շենքերը, որոնք ունեին հարմարավետ և գեղեցիկ աշխատասենյակներ։ Կարճ ժամանակաշրջանում կյանքը սկսեց ծաղկունք ապրել։ Սկսվեցին շինարարական բուռն աշխատանքներ, ստեղծվեցին հիմնարկ-ձեռնարկություններ, բնակչությունն սկսվեց ավելանալ։ 1985 թվականին բնակչության թիվը հասնում էր գրեթե 2500-ի։ Նորագյուղից, Խրամորթից, Նախիջևանիկից և այլ բնակավայրերից մարդիկ տեղափոխվում էին Ասկերան և աշխատանքի անցնում հիմնարկներում՝ լրացնելով մասնագետների պակասը։ Բնակչության հարցերն արդեն շրջկենտրոնում էին լուծվում, և մարդիկ ստիպված չէին գնալ Ստեփանակերտ։ Ինձ նման շատերը, որպես անհրաժեշտ մասնագետներ, աշխատանքի անցան Ասկերանում, ինչպես նաև ապահովվեցինք բնակարաններով։ Շրջանի ստեղծումը շատ կարևոր  ու անհրաժեշտ էր բոլոր առումներով։ Ցավոք, ամեն ինչ մնաց հետևում․ կորցրինք տարիների մեր վաստակը։

Արտյուշա Հարությունյան

-Կանգնած եմ եղել Ասկերանի շրջանի կազմավորման ակունքներում։ Երկար ճանապարհ եմ անցել, հաղթահարել բազում դժվարություններ՝ կյանքում ունենալով մեկ նպատակ` ծառայել հարազատ ժողովրդին, երկրին ու նրա բարգավաճմանը: Այդ տարիներին Սարուշենի <<Մայիսի 9>> կոլտնտեսության վարչության նախագահը Բենիամին Հայրապետյանն էր՝ նվիրված ու գործունյա ղեկավար: Կուսակցական բյուրոն և կոլտնտեսության վարչությունը համատեղ ջանք ու եռանդ չեն խնայել, որ կոլտնտեսությունը լինի առաջատար: Մեր գործունեությամբ նպաստել ու աջակցել ենք նորաստեղծ Ասկերանի շրջանին՝ մարզում լավագույնների շարքում հայտնվելու գործում։ Երջանկահիշատակ, Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը միշտ բարձր է գնահատել մեր աշխատանքը։

2023 թվականի մայիսի 20-ին՝ Արցախի տեղահանությունից երեք ամիս առաջ, Ասկերանի շրջանը հանդիսավոր նշեց իր 45-ամյակը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ 2023թ․ մայիսի 20

 

 

 

Պուտինը և Թրամփը կզրուցեն «երկուսի համար հարմար ժամին»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է նրա խոսնակ Պեսկովը։ Զրույցը տեղի կունենա երկուշաբթի, մայիսի 19-ին։ Այն կսկսվի ժամը 17:00-ին։

«Թեմաները կլինեն արյունահեղության դադարեցումը, <…> և նաև առևտուրը», – նախկինում նշել էր Թրամփը զրույցի թեմաները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները», – ասել է Պեսկովը։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը կզրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և «ՆԱՏՕ-ի տարբեր անդամների» հետ։

Մոսկվայում ժամը 17:00-ն Վաշինգտոնում ժամը 10:00-ն է։ Զանգելու ժամը չափազանց կարևոր է, քանի որ այն ընդգծում է բաժանորդներից մեկի «գերիշխանությունը»։ Օրինակ, երկար ժամանակ ամերիկացի նախագահները Մոսկվա էին զանգահարում «իրենց համար հարմար ժամին», երբ Մոսկվայում արդեն գիշեր էր։ Սա նպատակ ուներ ընդգծելու, թե ով էր «գլխավորը»։

Մոսկվայում ժամը 17:00-ին և Վաշինգտոնում ժամը 10:00-ին գրեթե հավասարություն է։

Քոչարյանը ասում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն էր

Այո, Սերժ Սարգսյանի հետ տարանջատումը կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի, և քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո, ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Օրինակ, հայ-թուրքական այս արձանագրություններին ես դեմ էի, և հարցազրույցներ էի տալիս, որ չասեն՝ իրենք մեկ է, միասին են։ Այն ժամանակ քաղաքականություն վերադառնալու որևէ նպատակ չունեի, կարող էի հանգիստ և հարցազրույցներ չտայի։ Սկսել եմ հարցազրույցներ տալ՝ ընդգծելու համար, որ այս–այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցում»,– ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ լուրեր կային՝ 2008–ին իր իրավահաջորդի թեկնածուն եղել է Վարդան Օսկանյանը, սակայն ինքը չի կարողացել նրան փոխանցել իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաև Օսկանյանի թեկնածությունը, բայց իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան. այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է: Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց և համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը, տարիներ աշխատած և ՊՆ–ում, և անվտանգությունում, և Ղարաբաղի պատերազմի փորձը ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն է եղել։ Բայց ես երբեք չեմ մտածել, որ կարող են հետագայում այսպիսի զարգացումներ լինել»։

Հիշեցնենք, որ Քոչարյան-Սարգսյան “հակամարտությունը” սրվել է Հանրապետական կուսակցության կողմից իմպիչմենթի գաղափարի առաջարկմամբ։ Քոչարյանի “Հայաստանը” չի միացել Սեր Սարգսյանի նախաձեռնությանը, թեկուզ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքը թեկնածու չունի և կպաշտպանի ցանկացած թեկնածուի։ Անցած շաբաթ Քաղպայմանագրից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարեցին Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու գործընթացի սկիզբ, որպես թեկնածու առաջարկելով Էդմոն Մարուքյանին։ Քոչարյանն ու Սարգսյանը չեն հայտարարել այդ թեկնածուին աջակցելու կամմերժելու մասին։ 

Հիմա Քոչարյանի հայտարարությունը կարելի ընկալել որպես սեփական թեկնածության առաջադրում և առաջարկ Սարգսյանին՝ չմիանալ Աղազարյանի նախաձեռնությանը։ 

102-րդ ռուսական բազայի դուրս բերումը ռուս-թուրքական համատեղ խնդիրների կատարման վերջակետը կլինի

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` Հաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին, նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել: Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ»,-գրել է նա։

Այն, որ Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված տեքստը ներառում է ռուսական 102-րդ բազայի դուրս բերում Հայաստանից, Աբրահամյանից առաջ գրել են նաև հայկական ԶԼՄ-ներ՝ երևի որպես “զգուշացում” է Ռուսաստնին։ 

Հայկական քաղաքագիտական-մեդիա շրջանակները չեն ալարում ամեն անգամ Ռուսաստանին “դասեր տալ” և ավելի Պուտին լինել, քան ռուսները։ 

Արդյո՞ք Ռուսաստանը չգիտի, թե ինչ է պարունակում ապագա հայ-ադրբեջանական համաձայնագիրը։ Արդյո՞ք Ռուսաստանը չէ, որ 2020 թ․ պատերազմից հետո, խախտելով ԵԱՀԿ-ում իր պարտավորությունները, զորք է մտցրել Արցախ, թուրքերի հետ համատեղ հետախուզական կենտրոն ստեղծել Ակնայում, ամեն ինչ արել՝ հայկական ուժերի գործողությունները թույլ չտալու և միջազգային ատյանների՝ Արցախ մուտքն արգելելու համար։ Հետո ոչինչ չարեց 10 ամսվա շրջափակումը, ագրեսիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը կասեցնելու համար։ Ռուսները նույնիսկ դրանից հետո որոշ ժամանակ մնացին Արցախում, հետո ռուս գեներալը թուրք գործընկերոջը զեկուցեց, որ բոլոր համատեղ խնդիրները կատարված են, և այլևս Արցախում ռուսական զորքերի ներկայության կարիքը չկա։ Որպես “ավար” ռուսները Արցախից տարան զենքերը և դրանով հետո սպանեցին ուկրաինցիներին, որոնք ծափ էին տալիս ռուս-թուրքական “հաղթանակներին”։ 

Հիմա մոտենում է ռուս-թուրքական խնդիրների կատարման ավարտը մնացած Հայաստանում, և ռուս գեներալն անկասկած կզեկկուցի թուրք գործընկերոջը, որ 100 տարվա համատեղ խնդիրը կատարված է, և ռուսական զարքերը կարող են հանգիստ գնալ։ Հայաստանից էլ զենքը կտանեն ուկրաինական ճակատ։ Թուրքերը դեմ չեն լինի։ 

102-րդ բազայի դուրս բերմամբ անհանգստացած մարդիկ դեռ հնարավորություն ունեն բարձրաձայնել, թե ինչպես են ռուսական զորքերը հայտնվել Հայաստանում, ասել, որ նրանք նույն խնդիրն են կատարում, ինչ 3 տարի Արցախում։ Մեղադրելով Փաշինյանին “սովետական” սահմաններով Հայաստան կառուցելու և Արցախը ուրանալու մեջ, այդ մարդիկ լավ կլինի հիշեն Կարսի պայմանագիրը, անթույլատրելի համարեն այդ պայմանագրի փաստացի ընդլայնումը, որը կբերի Հայաստանի հաայթափման։ Իսկ 102-րդ բազան կսպասի մինչև Հայաստանը հայաթափվի, հետո կգնա։  

 

    

WSJ-ն հաղորդում է կրիպտո էլիտայի ներկայացուցիչների առևանգումների շարքի մասին՝ փրկագնի դիմաց

Վերջերս ամբողջ աշխարհում տեղի են ունեցել մի շարք առևանգումներ և հարձակումներ կրիպտոարժույթային ընկերությունների սեփականատերերի վրա՝ կրիպտոարժույթով փրկագին ստանալու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Հրատարակության կողմից նկարագրված վերջին միջադեպը տեղի է ունեցել Փարիզում անցյալ շաբաթ։ Այնտեղ անհայտ անձինք փորձել են առևանգել Paymium կրիպտոարժույթային բորսայի ղեկավարի դստերը և նրա երկու տարեկան երեխային։ Կնոջ ամուսինը և հարևանները կարողացան փրկել նրանց։ Զոհի ամուսինը, ինչպես երևում է տեսանյութում, վիրավորվել է։

Մի քանի այլ դեպքերում հանցագործներին հաջողվել է առևանգել իրենց զոհերին։ Օրինակ՝ ձմռանը Ledger ընկերության համահիմնադիրներից մեկը՝ Դեյվիդ Բալանը, հայտնվեց հանցագործների ձեռքում։ Դեպքը ևս տեղի է ունեցել Ֆրանսիայում։

Շորթողները պահանջել են 10 միլիոն եվրո գործարարի և նրա հետ առևանգված մեկ այլ անձի համար։ Ընկերությանը ուղարկվել են Բալանի տեսանյութեր, որոնցից մեկում նրա մատը կտրված է։

Ոստիկանությունը կարողացավ գտնել Բալանային այն բանից հետո, երբ ընկերությունն արդեն վճարել էր փրկագնի մի մասը։ Երկրորդ պատանդը հետագայում գտնվել է այլ վայրում՝ մեկ այլ վճարում կատարելուց հետո։ Ընդհանուր առմամբ, Ledger-ը հանցագործներին փոխանցել է 3 միլիոն եվրո, բայց կարողացել է հետ ստանալ գրեթե ամբողջ գումարը, քանի որ կրիպտոարժույթը կարող էր սառեցվել։

Ընդհանուր առմամբ, ըստ WSJ-ի, վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի է ունեցել հինգ առևանգում, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել են տասնյակ նման դեպքեր։

ՄԻՊ-ը հանդիպել է Արցախի պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կորած անձանց հարազատներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ:

Հավաքագրվում են տվյալներ Արցախի բռնազավթված բնակավայրերում քանդված կամ յուրացված տների վերաբերյալ

Արցախ Միությամբ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ միասին, հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար: Այս մասին իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) հատկապես քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Այլ իրավախախտումների վերաբերյալ տվյալների զանգվածային հավաքագրումը կկազմակերպվի հաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով մեր կարողությունների խիստ սահմանափակվածությունը:

Պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կայացվելու են տարիներ անց: Հնարավոր որոշումները կարող են վերաբերել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը և այլ առնչվող ուղղությունների:

Եթե Դուք արդեն մեկ անգամ մեզ եք տրամադրել Ձեր տվյալները, ապա այլևս կարիք չկա նորից լրացնելու այս հարցաթերթիկը:

https://forms.gle/qNHx4wzxTayQDzpG7