Ինչպես արցախցիները կարող են դիմել Եվրոպական դատարան․ տեսանյութ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունների մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գերակշիռ մասը կորցրել են բնակարաններ, առանձնատներ, գյուղատնտեսական և արտադրական նշանակության հողեր, գործարաններ, արտադրամասեր և այլ սեփականության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքեր, որոնց նկատմամբ սեփականության իրավունքից բխող որևէ իրավազորություն իրականացնելն այս պահի դրությամբ փաստացի դարձել է անհնար:
Տեսանյութում ներկայացվել են ՄԻԵԴ դիմելու միջոցով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունները, որոնք իրապես կարող են արդյունավետ լինել՝ խախտված սեփականության իրավունքի վերականգնման համատեքստում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Embassy of the Netherlands in Armenia

Խոզնավարում կրակոցներից վնասվել է տան սանհանգույցը և խոցվել է մանր եղջերավոր կենդանի․ ՊՆ

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

«Եթե ԼՂՀ-ն լուծարված է, մնում է 1989 թվականի որոշումը, այսինքն՝ Արցախը Հայաստանի մաս է եւ օկուպացված Ադրբեջանի կողմից»

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի նոր Ազգային ժողովի նախագահի ու Արցախի նախագահի ընտրության գործընթացին։

Հայրյանը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում անընդհատ հայտարարում էին, թե Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն Հայաստանում, եւ Հայաստանում միայն մեկ իշխանություն կարող է լինել։ Բայց օրերս Արցախի խորհրդարանը նոր նախագահ ընտրեց, առաջիկայում էլ Արցախի նախագահի ընտրության մասին են հայտարարելու։ Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին այս գործընթացին։

«Ուշագրավը ոչ թե ընտրությունն է, այլ ընտրության ձեւը ու արդյունքները։ Մենք գիտենք, որ եւ Արցախի վերջին օրերին, երբ դեռ տեղահանված չէին, եւ տեղահանվելուց հետո Ազգային ժողովն անընդհատ կռիվների մեջ էր, բեւեռացված էր։ Մանավանդ, երբ Շահրամանյանին նախագահ ընտրեցին, 22 հոգի կողմ ձայն տվեցին, մնացած 10-ը սկսեցին հայտարարել, որ այդ 22-ը դավաճան են։ Այստեղ էլ չէին կարողանում լիագումար նիստ անցկացնել, պատգամավորներին բերել ընտրության եւ ապահովել քվորում։ Եվ հանկարծ հավաքվում են 28 պատգամավորներ եւ միաձայն ձայն են տալիս մեկ թեկնածուի։ Այդպիսի միահամուռ որոշումը ուրախացնելու փոխարեն մեզ վախենալու տեղիք է տալիս, որովհետեւ արդեն պարզ հասկացվում է, որ արտաքին ազդակներն են դեր խաղացել։ Ի՞նչ արտաքին ազդակների մասին է խոսքը՝ Հայաստանի իշխանությունները կարող են այս ամենը կազմակերպած լինել կամ էլ, ինչն ավելի վատ է, Հայաստանի իշխանություններն այդ ամենը կարող են կազմակերպած լինել ռուսների թելադրանքով»,- ասաց Լեւոն Հայրյանը։

Նա հիշեցնում է՝ Արցախի հարցի շուրջ կա երկու իրավաքաղաքական որոշում։ Առաջինը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումն է։ Երկրորդը 1991 թվականին ընդունված Արցախի Հանրապետության ստեղծման որոշումն է։ Չնայած շատերին թվում է, թե այս երկու որոշումներն իրար հակասող են, բայց իրականում չկա հակասություն։

«Որպեսզի երկար-բարակ բացատրությունների մեջ չմտնենք, ասեմ, որ միացման շարժման հիմնադիր հեղինակ եւ իրականացնող Իգոր Մւորադյանն ինքն անձամբ միաժամանակ 1990-ականների սկզբին հանդիսանում էր երկու Ագային ժողովների պատգամավոր՝ եւ Արցախի ԱԺ-ի, եւ Հայաստանի։ Այսինքն՝ երկրորդ տարբերակն առաջացել է արտաքին ճնշման պատճառով եւ ճանապարհ է առաջինի համար, դրանք իրար հակասող չէին, իրար լրացնում էին։ Այսինքն՝ Արցախի անկախությունն ամրապնդելով, պիտի ճանապարհ հարթվեր դեպի 1989 թվականի միացումի որոշումը։

Մեզ համար շատ ծանր ու դժվար պայմաններում պատերազմի հետեւանքով ինչ-որ ուժերի կողմի ինչ-որ որոշմամբ ԼՂՀ-ն լուծարվել է։ Եթե ԼՂՀ-ն լուծարվում է, մեզ մնում է միակ իրավաքաղաքական որոշումը, որն Արցախի միավորումն է Հայաստանի հետ։ Եթե ԼՂՀ-ն լուծարված է, մնում է 1989 թվականի որոշումը, այսինքն՝ Արցախը Հայաստանի մաս է եւ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Սա շատ լավ հասկանում են մեր թշնամիները եւ նրանց կոլոբորանտ գործակալները, որոնք այսօր զավթել են Հայաստանի իշխանությունը, սրանից են սարսափում Պուտինը, Ալիեւը եւ Նիկոլը։ Ուստի, նրանք ցանկանում են վերացնել նաեւ այդ որոշումը, Ալիեւն արդեն երկար ժամանակ է՝ պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, եւ հատկապես 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման համար են պահանջում այդ փոփոխությունը»,- նշեց Հայրյանը։

Նա հավելեց․ «Քանի որ Հայաստանի իշխանությունների լոյալությունը մեզ միայն վախեցնում է, մտավախություն կա, որ Հայաստանի իշխանությունները փորձում են այս սցենարն իրականացնել՝ համոզել Արցախի իշխանություններին, որ նրանք անկախ են։ Արցախի իշխանություններն էլ հայտարարեն, որ իրենք խիստ անկախ են եւ իրենց ստորագրությունը՝ որպես Արցախի Ազգային խորհրդի իրավահաջորդ, վերամիավորման որոշման տակից հանեն, թողնեն միայն անկախ Արցախը, որն էլ այսօր լուծարված է»։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ եթե Արցախի այսօրվա իշխանությունները գնան այդ քայլին, «իրենց դագաղի վերջին մեխը կխփեն եւ հայ ազգին կդնեն շատ դժվար կացության մեջ, որից հարյուրավոր տարիներ չենք կարողանա դուրս գալ։ Իսկ եթե նրանք ունենան քաջություն՝ հայտարարելու, որ տեր են այդ ստորագրությանը եւ Հայաստանի հետ վերամիավորմամը, ըստ Հայրյանի, ապագայի շատ լավ ճանապարհ կբացեն։

«Եթե Արցախի իշխանությունները պնդում են, որ Արցախի լուծարման այդ թուղթը ստորագրել են հայ ժողովրդին փրկելու համար, ուրեմն պետք է սահմանն անցնելու անմիջապես հետո՝ Երեւան չհասած, Գորիսում ժողով հրավիրեին եւ հայտարարեին, որ չեղարկում են։ Բայց պահել են, թաքցրել են, այսօր հանկարծ հանել են։ Պարզ է, որ հանել են երկու պայմանով, նախ, որպեսզի Շահրամանյանը կարողանա բարոյապես նորից առաջադրվել, երկրորդ՝ Հայաստանի իշխանությունների դրդմամբ դա հիմա հանել են լույս աշխարհ՝ ցույց տալու, որ անկախ են, որպեսզի գնան իրենց սեւ գործերի հետեւից»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Հայ ժողովուրդը մնում է ժառանգորդ եւ տեր բնության ու Աստծո կողմից իրեն տրված հայրենիքին

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, Առաջին Հանրապետության օրվա համատեքստում միշտ բարձրացվում է այն հարցը, որ այն ժամանակ էլ մեծ հնարավորություններ չկային, բայց հայ ժողովուրդը կարողացավ կերտել իր անկախությունը։  Հիմա ի՞նչ վիճակ է, վերջին տարիների այս պարտվողական քաղաքականությունն ի՞նչ հետեւանք է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ի՞նչ ներուժ ունենք՝ հաղթահարելու այս մարտահրավերները։

-Գլխիկոր ու ծնկելով պետություններ չեն ստեղծում կամ դրանք հզորացնում, իսկ խաղաղությունը մուրալով երբեք չեն ստանում, այն էլ թուրքից կամ ռուսից։ Եվ դիվանագիտությունն առաջին հերթին ազգային ռազմաքաղաքական կոմպլեքսի շարունակությունն է, որը չի ստեղծվում Հայաստանի Հանրապետությունում։ Բազմիցս ասվել է, որ մեր ժամանակներում հայ ժողովուրդն իր համաշխարհային ներուժով անկախ ու միացյալ Հայաստան ստեղծելու մի քանի անգամ ավելի մեծ ներուժ ունի, քան ուներ 1918 թվականին։ Պետք է բոլոր կարող ուժերն անհետաձգելիորեն կենտրոնացնել նախ հարցերի հարցը հանրապետությունում անհապաղ լուծելու համար՝ Երեւանում վայրկյան առաջ ձեւավորել հայկական ազգային իշխանություն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 29 743 քկմ միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված»,- ասաց նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, ո՞ւր է տանում սա, եւ արդյոք հնարավո՞ր է հրաժարվելով մեր իրավունքներից՝ պահպանել Հայաստանը։

-Եթե թերուս Փաշինյանի համար թիֆլիսցի նեղճակատ կինտոյի (Չարենց 1937թ․ բանտ) գծած 29,743 քառակուսի կիլոմետրն է համարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ ինքը ոչ ծանոթ է Ազգերի լիգայի պատմությանը, ոչ Լոնդոնի համաժողովի (1920թ․ փետրվար-ապրիլ), Սան-Ռեմոյի համաժողովի (1920թ․ ապրիլ), Սեւրի միջազգային պայմանագրի (1920թ․ օգոստոս) եւ ոչ էլ 1920թ․ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ստորագրած ՀՀ սահմաններին վերաբերվող եւ միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերին, բայց մարտնչող տգիտությամբ (1920-30-ականներին հայ բոլշեւիկների վարքին ժամանակին տրված համարժեք բնորոշում) խուսափում է ընդունել մասնագետների կարծիքները եւ մեր ժողովրդի ու հայրենիքի համար գոնե այս օրհասական պահին չի ցանկանում դարձի գալ, ապա մեզ մնում է միայն դիմադրելու անհուն վճռականությամբ ու անհողդողդ կամքով վայրկյան առաջ հեռացնել Կայենին վարչապետական աթոռից։

Փաշինյանը դեռ չմարսած ամենուր իրեն տրվող «Նիկոլ, ո՞ւր է քո եղբայր Աբելը» հարցումը, քանի դեռ գրիչ ունի, շտապում է բացել մահվան դարպասները մեր ինքնության, մեր հիշողության ու ազգային արժեքների դեմ, դրանով դավաճանում Աղձնիքին, Վասպուրականին, Ուտիքին, Մոկքին, Տայքին, Ծոփքին, Բարձր Հայքին, Արցախին, մեր մյուս նահանգներին։ Ու հենց մայիս 28-ի խորհրդանշական օրը իր ելույթով դավաճանում է Մովսես Սիկիկյանին, Դանիել Բեկ-Փիրումյանին, Արամ Մանուկյանին, Դրոյին, Ռուբեն Տեր-Մինասյանին, Նժդեհին, Ավետիս Ահարոնյանին, Պողոս Նուբար փաշային, Գաբրիել Ղորղանյանին, Կարո Սասունուն, Միքայել Վարանդյանին ու մեր բոլոր ազգաշեն դյուցազուններին։

Օլեգ Կալուգինի ուղիղ հրահանգներով (տես Oleg Kalugin. Spymaster: My Thirty-two Years in Intelligence and Espionage Against the West, Publisher: Basic Books; Revised Edition, 2009) Հայաստանի Հանրապետությունը կառավարող Հիդրային՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր փոքրաթիվ, բայց խիստ հմուտ թիմին ընդամենը երեք տասնամյակում ցավոք հաջողվեց լռելյայն ու գաղտագողի պատրաստել քաղաքական դաշտի մի քանի թերամիտ խաղացողներ, ովքեր նախ հեշտությամբ պղծեցին հայրենի մահիճը, ապա անվարան գնացին հայոց պատմության հետ վերջնական ապահարզանի։ Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատը խարանվեց Կայենի կնիքով, նույն կնիքով կխարանվեն նրա հոգեւոր զավակների ճակատները, ու հավիտենաբար։

Մեր թշնամիները պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ նշվում է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է գնալ սահմանադրական հանրաքվե անցկացնելու ճանապարհով։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ճանապարհով գնալը։

-Հայ ժողովուրդը մնում է ժառանգորդ եւ տեր բնության ու Աստծո կողմից իրեն տրված հայրենիքին ու նրա տարածքում իր կողմից արարված նյութական ու հոգեւոր արժեքներին, ուստի աշխարհում որեւէ ուժի կամ առավել եւս պաշտոնիայի իրավունք չի տրված նոր քաղաքական խաղերով կամ հեքիաթածին քարտեզներով վերաձեւել հայոց հայրենիքի սահմանները։ Կայենը՝ ՀՀ ներկա վարչապետը եւ ձկնկիթի ու նավթի նորաթուխ վաճառականը փորձում են դեմ գնալ բնության ու Աստծո օրենքներին, ուստի բնականորեն կպատժվեն նույն բնության ու Աստծո օրենքներով։

Բնության ու Աստծո ստեղծած համաչափությունն ու ներդաշնակությունը հնարավոր չէ խախտել։ «․․․նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, ստրկացնել է ուզում մեզ, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը» (Մովսես Սիլիկյան, 1918 թ․ մայիս)։ Ուստի հասկանում ենք, որ դեպի Հադրութ, Շուշի եւ Արաքսի հովիտ տանող մեր ճանապարհները անցնում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի կամուրջներով։ Իսկ հայոց մայրերը՝ հայրենիքում, թե սփյուռքում, իրենց բալիկներին ամեն օր դպրոց ճանապարհելիս պետք է պատգամեն՝ «Զավակս, գտի՛ր, որն է ճամփեն Բինգյոլի»․․․

Ռոզա Հովհաննիսյան

Սյունիքի շուրջ բորբոքվում են միջազգային կրքեր, բայց քչերն են խոսում Սյունիքի բնակիչների մասին

Մեղրի

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնում է Սյունիք, բայց ոչ թե հերթական «մոդայիկ դասն» անցկացնելու, այլ այնտեղ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու և ցույց տալու, որ Սյունիքի հասարակությունը լիովին իր կողքին է։

Սյունիքի հարցը ներկայումս քննարկվում է ամենաբարձր միջազգային մակարդակով. Էրդողանը նշում է, որ հույս ունի, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» հարցում, որը կկապի թյուրքական աշխարհը։ Սակայն Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում պնդում է, որ թույլ չեն տա Հայաստանի սահմանները փոխվեն։

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը խոսում են Հայաստանում անվտանգության սպառնալիքների մասին: «Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային երկրների ակտիվության աճ կա, լարվածությունը պահպանվում է Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ», – ասաց Անդրեյ Բելոուսովը: Այս «զգուշացումներից» հետո ոչ տարածաշրջանային Ֆրանսիան, խոստացած գլխավոր հյուպատոսության կամ գոնե հյուպատոսական գործակալության փոխարեն, պատվավոր հյուպատոսություն է բացում Գորիսում, որը գրեթե դիվանագիտական ​​առաքելություն չէ: Այնուհետև Զախարովան բողոքում է, որ Հայաստանը Ռուսաստանին թույլ չի տալիս գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում:

Մի խոսքով, կրքերը բորբոքվում են, բայց այս ամենում քչերն են խոսում հենց Սյունիքի բնակիչների մասին, այն մասին, թե ինչպես կվարվեն նրանք որոշակի աշխարհաքաղաքական որոշումների դեպքում։ Այդ որոշումները տատանվում են «Զանգեզուրի միջանցքի» ուժային «բացումից» և, համապատասխանաբար, հայ-իրանական սահմանի վերացումից մինչև Հնդկաստանից դեպի Եվրոպա տանող ճանապարհի «բացումը» Հայաստանով՝ Իրան-ԱՄՆ գործարքի դեպքում։

Սյունիքի գյուղերի հրետակոծությունը, Բաքվի և Անկարայի անընդհատ զորավարժությունները Հայաստանի հետ սահմանին, Բաքվի հայտարարությունները «300 հազար ադրբեջանցիների Զանգեզուր վերադարձի» մասին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին «լարվածության» մասին նախազգուշացումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության զիջումների գնալու հակվածությունը ցույց են տալիս, որ Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» պարտադրելը լոկալ ռազմական էսկալացիայի միջոցով ավելի իրատեսական է թվում։

Ինչպե՞ս կարձագանքի Սյունիքի ժողովուրդը այս տարբերակին։ Կլինի՞ «Արցախ-2» գործողություն, երբ մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց տները ցեղասպանության սպառնալիքի տակ։ Պատրա՞ստ են Սյունիքի ժողովուրդը մեծ թվով ադրբեջանցիների մուտքին, շարիաթի դատարաններին և նույնիսկ ինքնավարությանը Սյունիքի տարածքում։ Կխոսե՞ն նրանք այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ։ Թե՞ Սյունիքում կլինի ռազմական դիմադրություն՝ բաց կամ ֆիդայական։

Ուժային լուծման հարցում պարզ չեն մյիայն ժամկետները, որոնք, ի թիվս այլ բաների, կախված է ԱՄՆ-ի բանակցություններից Թուրքիայի և Իրանի հետ։ Սակայն շատ բան կախված է նաև Սյունիքի ժողովրդից, ովքեր դարերի փորձ ունեն աշխարհաքաղաքական կաթսայում գոյատևելու։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 30-ին, հունիսի 2-3-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 30-ին և հունիսի 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 30-ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։

Էդուարդ Սպերցյանը ճանաչվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալի կողմից Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն խաղացող։

Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 խաղ բոլոր մրցաշարերում։ Սպերցյանը խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

«Կրասնոդարը» վերջերս առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Վավերագրված հիշողություններ. Ծրագիրը սկսվել էր դեռ Արցախում

Այսօր կայացավ «Ստեփանակերտ» մեդիա ակումբի հրատարակած «Արցախ. շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գրքի շնորհանդեսը։

Գիրքն ընդգրկում է պատերազմի, շրջափակման և տեղահանության ծանր փորձը անցած արցախցիների անձնական վկայությունները՝ վավերագրված նրանց համերկրացի լրագրողների կողմից։

Ծրագիրը սկսվել էր Արցախում՝ դեռ տեղահանությունից առաջ, սակայն հետագայում վերաֆորմատավորվել և հարմարեցվել է տեղահանված արցախցիների կարիքներին։ Ինչպես նշում է ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Խաչատրյանը․ «Քանի որ լրագրողական ՀԿ ենք, որոշեցինք աջակցել արցախցի լրագրողներին ոչ թե պարզապես աջակցության համար, այլ՝ իրականացնելու լրագրության կարևոր առաքելություններից մեկը՝ վավերագրել ու փաստագրել»։

Ամիսների ընթացքում պատմությունները հրապարակվել են Step1․am հարթակում՝ իրական պատմություններ, որոնք երբեմն թվում են անիրական՝ հույզերի ուժգնությամբ՝ կորստի, կարոտի, հույսի։

«Ցանկացած վավերագրող, ով հետաքրքրված է արցախյան պատմությամբ, կարող է օգտվել այս նյութերից՝ ճշմարտությունը լսելու և տարածելու համար։ Թեև այս պահին միջազգային հետաքրքրությունը մարած է, հնարավոր է՝ մի օր այս թեման կրկին արդիական դառնա, ու այս նյութերը կարևոր փաստաթղթեր լինեն՝ պատմությունը վերականգնելու համար», – հավելում է Տաթևիկ Խաչատրյանը։

Գրքում ներառված են ավելի քան 100 վավերագրված պատմություններ՝ արցախցիների թարմ հուշեր շրջափակման, պատերազմի և տեղահանության մասին։

Ծրագրի մասնակիցներից է լրագրող Ասպրամ Ավանեսյանը, ում համար այս հարթակը դարձել է միակ հնարավորությունը՝ պատմելու պատմություններ, որոնք այլ տեղ չէր կարող ներկայացնել։

«Տեղահանությունից հետո ինձ համար շատ կարևոր էր գրել։ Ամեն ինչ շատ թարմ էր, ու ես ունեի այդ ամենը պատմելու, ինձնից դուրս հանելու կարիք։ Սա նաև իմ բախտակիցների խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն էր», – ասում է նա։

Այս նախաձեռնությունը ոչ միայն փաստագրում է արցախցիների փորձառությունները, այլև փորձում է պահպանել հիշողությունները՝ որպես ապագա սերունդների համար արժեք կրող վկայություններ ու պատմական աղբյուրներ։

Մարիամ Սարգսյան

Լույս է տեսել “Ստեփանակերտ” մեդիա ակումբի՝ «Արցախ՝ շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գիրքը

“Ստեփանակերտ” մեդիա ակումբի կողմից լույս է ընծայվել «Արցախ՝ շրջափակումն ու բռնատեղահանությունը մարդկային պատմություններում» գիրքը, որը տպագրվել է եվրոպական գործընկերների աջակցությամբ և արտացոլում է շրջափակման, արցախահայության բռնագաղթի ողջ ողբերգությունը մարդկային պատմությունների միջոցով:

Գրքում ամփոփված են ավելի քան 100 արցախցիների պատմություններ: Ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի խոսքով, գլխավոր նպատակը ցույց տալն էր, որ վիճակագրությունից, թվերից, փաստերից զատ կան նաև իրական մարդկանց պատմություններ, անձնական ողբերգություններ, որոնք պատմագրության տեսանկյունից կարևոր են և հետագայում անպայման պետք է լինեն պատմական հետազոտությունների, ուսումնասիրությունների առարկա:

Գիրքը հրատարակվել է 300 օրինակով՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, որոշ պատմություններ թարգմանվել են անգլերեն և հասանելի են առցանց տարբերակով: Պատմությունները վավերագրվել են լրագրողների խմբի կողմից և թե նրանք, թե ծրագրի ղեկավարները և մյուս մասնակիցները փաստացի պատմության վավերագրման մաս են դարձել:

Խոսելով “Ստեփանակերտ” մեդիա ակումբի մասին, Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ չնայած իրավական առումով այն չի հանդիսանում Ստեփանակերտի մամուլի ակումբի իրավահաջորդը, սակայն նպատակները մնում են նույնը, գործընկերները ևս, ինչի արդյունքում կարողացել են իրականացնել այս կարևոր ծրագիրը:

Ալվարդ Գրիգորյան

Էրդողանը Մեղրիի ճանապարհի հարցով դիմում է Իրանին, այլ ոչ թե Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բերձորից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները», – թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդողանը և հավելել, – «մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Հիշեղնենք, որ Մեղրիի ճանապարհով “Զանգեզուրի միջանցք՞ բացելու ամբողջ իմաստը՝ հայ-իրանական սահմանի ոչնչացումն է․ եթե լինի միջանցք, չի լինի սահման։ 

Իրանը կատեգորիկ դեմ է միջանցքային տրամաբանությանը և պարզ ասում է, որ եթե որևէ մեկը ուզենա սահման փոխել, Իրանը կոշտ կպատասխանի։ Եւ Իրանի զգուշացումն է, որ մինչ օրս պահում է հայ-իրանական սահմանը։ 

Սակայն Իրանն ու ԱՄՆ-ը հիմա պատրաստվում են հաշտեցման, ընդ որում, Իրանը ստիպված է որոշ զիջումների գնալ։ Էրդողանը շուտով կգնա ԱՄՆ, և նրա խոսքերը Զանգեզուրի մասին վկայում են, որ նա Թրամփին կփորձի համոզել՝ որպես պայման Իրանին ներկայացնել նաև “զանգեզուրի միջանցքի” բացումը։ 

Հայաստանի մասին այս համատեքստում արդեն չի խոսվում։   

 

Լուսէ ապրանքանիշը՝ շոկոլադի վայելքի և գիտելիքի ձեռքբերման հրաշալի համադրում

Նարինե Հակոբյանը 4 տարեկան էր, երբ  ընտանիքի հետ Գառնիից տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջան ու վերաբնակեցվել Դրախտաձոր համայնքում։ Մի քանի տարի հետո տեղափոխվել են Ղազարապատ գյուղը, որտեղ բնակվել են մինչև 2020 թվականը։ Ղազարապատի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նարինեն ընդունվել է Երևանի ԽԱբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Վերջին կուրսում դիմել է <<Դասավանդիր Հայաստան>> ծրագրին և որպես շահառու գործուղվել Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի դպրոց։ 2019 թվականին ընտանիք է կազմել զինվորականի հետ և բնակություն հաստատել Աղավնոյում։ 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում, իսկ 2023-ի սեպտեմբերին կրկին բռնել բռնագաղթի ճանապարհը։

Տեղահանությունից հետո Նարինեն շոկոլադներ է պատրաստում և շարունակում իր սիրած գործը, որն անում էր նաև Արցախում։ <<Լուսէ>> կրթական շոկոլադներն արդեն ճանաչում են գտել Երևանում։

Նարինեի արտադրանքը շոկոլադի վայելքի և գիտելիքի ձեռքբերման հրաշալի համադրում է։ Նարինեին օգնում է քույրը՝ Թեհմինեն

-Արտադրում ենք խաղ-շոկոլադներ և կրթական սալիկներ։ Ձեռագործ շոկոլադները պատրաստում ենք առանց արհեստական հավելումների՝ օգտագործելով միայն բնական չրեր և ընդեղեն։ Զարգացնող խաղ-շոկոլադները նախատեսված են երեխաներին ծանոթացնելու Արցախի տեղանուններին, պատմական հուշարձաններին, մոլորակներին, ինչպես նաև ընտանի և վայրի կենդանիներին։ Շոկոլադի և գիտելիքի համադրումը նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը՝ զարգացնելով նրանց ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և լեզվական կարողությունները։

Կրթական սալիկները կրում են Արցախի տեսարժան վայրերի պատկերները և պատմության նկարագրությունները, որոնք նպաստում են փոքրիկների հայրենասիրությանն ու հայրենաճանաչությանը՝ ձևավորելով արժեքավոր գիտելիքներ հայրենիքի վերաբերյալ։ Մեր ապրանքանիշն իրենից յուրահատուկ և հետաքրքիր մոտեցում է ներկայացնում՝ համատեղելով շոկոլադի վայելքն ու գիտելիքի ձեռքբերումը։ Մենք կենտրոնացած ենք ոչ միայն բարձրորակ, առողջ և բնական բաղադրիչներով շոկոլադ արտադրելու վրա, այլև այն դարձնելու կրթական փորձ՝ երեխաների համար՝ նպաստելով նրանց համակողմանի զարգացմանը և գիտելիքների հարստացմանը։

Նարինեն պատմում է, թե ինչպե՞ս է ծագել շոկոլադ պատրաստելու գաղափարը։

-Գաղափարն առաջացել է փոքրիկ աղջկաս շնորիվ։ Նա շատ էր սիրում կոնֆետներ, իսկ խանութից գնած կոնֆետները պարունակում են չափից շատ քիմիական հավելումներ և վնասակար նյութեր, որոնք ես չէի կարողանում հեռացնել իմ աղջկանից, և այդ պատճառով իմ մեջ միշտ մեղավորություն էի զգում։ ​Որոշեցի ինքս շոկոլադ պատրաստել և երկար ուսումնասիրություններ կատարելուց հետո վերջապես գնեցի համապատասխան հումքն ու առաջին անգամ պատրաստեցի շոկոլադե կոնֆետներ։ Ընտանիքիս անդամներին շատ դուր եկան իմ կոնֆետները, ու ես սկեցի մեծացնել արտադրանքիս ծավալը։

Հյուրասիրում էի նաև ընկերներիս, ծանոթներիս, և նրանք սկսեցին պատվերներ տալ։ Հենց այդ ժամանակ ինձ մոտ միտք ծագեց հոբբիս վերածել բիզնեսի։ Մտածեցի նաև, որ կարելի է շոկոլադները կապել ինչ-որ բան սովորելու հետ և համադրեցի կրթական տարրերը շոկոլադների հետ։ Այդպիսով ստեղծվեցին <<Լուսէ>> կրթական շոկոլադները։

Կրթական շոկոլադների գաղափարով մասնակցել եմ Արցախում իրականացված <<Խթան>> բիզնես ինկուբատոր ծրագրին, որտեղ ծրագիրը արժանացել է դրամաշնորհի և կյանքի կոչվել 2022 թվականին։ Արցախում ստեղծված կրթական շոկոլադները շատ արագ սիրվեցին հաճախորդների կողմից, որոնք ներկայացված էին մի շարք խանութներում։ Սակայն շրջափակման պատճառով Արցախում իմ գործունեությունը կարճ տևեց, որովհետև չէի կարողանում հումք ձեռք բերել։

Երբ տեղահանվեցինք Արցախից ու հաստատվեցինք Հայաստանում, որոշեցի նորից զբաղվել իմ սիրած գործով։  2023-ի դեկտեմբերից քրոջս հետ վերսկսեցինք  գործունեությունը Երևանում։ Ունենք պատվիրատուներ, որոնց դուր են գալիս մեր յուրահատուկ շոկոլադները։ Մեզ հաջողվում է մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է շոկոլադն ու գիտելիքը համատեղել և օգտագործել որպես սովորեցնելու միջոց։

Նարինեն հիացմունքով է պատմում, թե ինչպես է որոշել ապրանքանիշը Լուսէ անվանել․

-Անունն ընտրվել է՝ արտացոլելու այն լույսն ու ուրախությունը, որ երեխաները զգում են՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և վայելելով առանց հավելումների, բնական չրերով շոկոլադներ։ Շոկոլադները, կրթական և համեղ լինելով, երեխաների մոտ դրական հույզեր և ժպիտներ են առաջացնում։ Ապրանքանիշի անվանումն ընդգծում է գիտելիքի և լույսի համադրությունը, որն իր մեջ կրում է մեր արտադրանքը։ Լուսէ է նաև աղջկաս անունը։ Երբ ծնվեց շոկոլադ պատրաստելու իմ գաղափարը, ես փոքրիկի էի սպասում, ու հենց այդ ժամանակ իմացանք, որ մեր երեխան աղջիկ է լինելու։ Այդ պահին ես լույսով լցվեցի և աղջկաս ու ապրանքանիշի անունը անվանեցի Լուսէ։

Արցախից տեղահանվելուց հետո Նարինեն Երևանում պարապ չի նստել։ Շոկոլադներ պատրաստելու գործում նա ավելի է հմտացել՝ մասնակցելով տարբեր դասընթացների, ինչպես նաև իր արտադրանքն է ներկայացել մի շարք ցուցահանդեսվաճառքների, որտեղ ձեռք է բերել նոր հաճախորդներ ու ծանոթություններ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանը պատրաստ է կատարել Բաքվի բոլոր պահանջները

Հայաստանը դիվանագիտական խողովակով խորհրդակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է, եւ միայն մնացել է, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,- նշեց նա։

Գիրգորյանն ասաց, որ Ադրբեջանը հրապարակային ներկայացրել է իրենց մոտեցումները։ «Մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ, պարբերաբար խոսում ենք այդ մասին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագիրը ստորագրման նույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Ինչպես նաեւ Սահմանարդության մասով գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքի համայնքների ուղղությամբ արձակվող կրակոցներին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ինքն ասելիք չունի այդ մասին։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, որ հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, Արմեն  Գրիգորյանն ասաց․ «Ամերիկան ունի իրավիճակին իր գնահատակնները, մենք ունենք մեր գնահատականները։ Երբեմն կարող են այդ գնահատականները համընկնել, երբեմն՝ չհամընկնել»։

Հարցին՝ մինչեւ ե՞րբ են «խաղաղության օրակարգով» խաբելու ժողովրդին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել։ Խաղաղություն ասելով՝ դուք ի՞նչ եք ուզում, որ լինի։ Նայեք սահմանազատման գործընթացին, սահմանազատման արդյունքում հիմա մենք ունենք 13,7 կմ սահմանազատված հատված եւ հավելյալ սահմանային գիծ, որտեղ երկու կողմ էլ գտնվում են սահմանապահ զորքերը, եւ վերջին 5 տարվա ընթացքում որեւէ միջադեպ չի եղել, կներեք, մեկ միջադեպ է եղել այն հատվածում, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած։ Եվ մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք, որպեսզի կայունություն լինի։ Ես կարծում եմ՝ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, մեր բոլոր խնդիրները չենք լուծել, չենք կարող ասել, որ ամբողջովին խաղաղության օրակարգն իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»։