Ինչ է Շուշին հայոց աշխարհի համար

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշին, որպես Արցախի և ընդհանրապես Հարավային Կովկասի կարևորագույն պատմամշակութային և քաղաքակրթական կենտրոններից մեկը, բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Իր պատմության ընթացքում Շուշին դարձավ հայ ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային ինքնության կերտման առանցքային կենտրոններից մեկը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ բարձունքի վրա, նպաստեց ոչ միայն նրա ռազմական կարևորության, այլև՝ մշակութային և կրթական կենտրոն դառնալուն։

Շուշիի դերը և նշանակությունը

  • Բերդաքաղաքը, որպես Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ։

Դեռևս վաղ միջնադարից Շուշին կարևոր դերակատարություն է ունեցել Մեծ Հայքի տարածքում հայակական պետական միավորների անվտանգության պահպանման, իսկ ուշ միջնադրարում՝ հայ ժողովրդի ազգային -ազատագրական պաքարի կազմակերպման գործում:

  • Մշակութային կենտրոն. 19-րդ դարի վերջից Շուշին դարձավ Հարավային Կովկասի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ գործել են թատրոններ, տպարաններ, հրատարակվել են թերթեր և գրքեր, ձևավորվել է հայկական մշակույթի ինքնատիպ հոսք, որը միավորում էր ժողովրդական և դասական արվեստը։
  • Կրթության կենտրոն. քաղաքում հիմնադրվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, գիմնազիաներ, ուսումնական հաստատություններ, որոնք նպաստել են հայ մտավորականության ձևավորմանը։
  • Հոգևոր կենտրոն. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը դարձել է Արցախի և ամբողջ Կովկասի հայկական համայնքի հոգևոր խորհրդանիշներից մեկը։ Բացի այդ, Շուշիում գործել են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք արժեքավոր մշակութային հուշարձաններ են։
  • Քաղաքական և հասարակական կենտրոն. Շուշին նաև եղել է հայկական քաղաքական և հասարակական կյանքի կիզակետ՝ նոր հասարակական միտումների և ազգային շարժումների ձևավորման վայր։
  • Տնտեսական զարգացում. 19-րդ դարում Շուշին հայտնի էր զարգացած արհեստագործությամբ, առևտրով և արդյունաբերությամբ՝ իր շուկաներով և ձեռնարկություններով կարևոր տեղ զբաղեցնելով տարածաշրջանում։

Շուշին Արցախում և Կովկասում հայ ինքնության, կրթության և մշակույթի խորհրդանիշն էր և ունեցել է համամարդկային նշանակություն՝ հանդիսանալով համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության կարևոր բաղադրիչ։

Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում և յուրացում

Արցախյան հակամարտության սրման և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանությունները որդեգրել են Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները.

  • Ֆիզիկական ոչնչացում և վնասում. Շուշիի հայկական եկեղեցիները և հուշարձանները ենթարկվել են վնասման և ավերման։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերին հրթիռակոծվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ պատճառելով ծանր վնասներ դրա ճարտարապետական ամբողջականությանը։
  • Մշակութային յուրացում. հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական» կամ «ադրբեջանական քրիստոնեական» մշակույթ՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ինքնության հետքերը։ Այս գործընթացը հաճախ իրականացվում է եկեղեցիների վերանորոգման անվան տակ՝ հայկական դիմագիծը փոխարինելով «ադրբեջանական» տարրերով։
  • Պատմության ռևիզիա. Շուշիի հայկական պատմությունը խեղաթյուրվում է, հայկական տեղանունները ադրբեջանացվում են, և հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկատվությունը վերացվում է պաշտոնական աղբյուրներից։
  • Քաղաքային միջավայրի ձևափոխում. ավերվում են հայկական ոճի կառույցները՝ փոխարինվելով ադրբեջանական կամ իսլամական ճարտարապետական տարրերով՝ նպատակ ունենալով վերափոխել քաղաքի պատմական դիմագիծը։
  • Միջազգային հանրության մոլորեցում և քարոզչություն. Շուշին միջազգային հարթակներում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակույթի մայրաքաղաք», կազմակերպվում են միջոցառումներ և փառատոններ՝ շրջանցելով քաղաքի հայկական ինքնության մասին հիշատակումը։

Վերը նշված գործողությունները լիովին համապատասխանում են մշակութային ցեղասպանության սահմանումներին և միջազգային իրավունքի լուրջ խախտում են՝ հակասելով մասնավորապես 1954 թվականի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք որոշումներին։

Այսպիսով՝ Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության անբաժանելի մասը, որի դերը համամարդկային մշակույթի զարգացման մեջ չի կարելի թերագնահատել։ Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված ոչնչացման և յուրացման գործողությունները վտանգում են ոչ միայն հայկական, այլև՝ ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խումբը և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ են անում միջազգային հանրությանը.

  • Ակտիվ միջամտել Շուշիի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և վերականգնման ուղղությամբ,
  • Ադրբեջանից պահանջել դադարեցնել ինչպես՝ Շուշիում, այնպես էլ՝

ողջ Արցախի տարածքում մշակութային ցեղասպամնական քաղաքականությունը,

  • Սահմանել Ադրբեջանի նկատմամբ համապատասխան իրավական և քաղաքական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքին համահունչ։

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Տուժածներ չկան:

Ամենահարազատները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նստած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին, լսում է «Ինչից է սկսվում հայրենիքը» («С чего начинается Родина») երգը, որը Կրեմլում կատարում է մանկական երաժշտական ​​խումբը։

Լուկաշենկոն նստած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձախ կողմում։

Պուտինի կողքին՝ աջ կողմում, նստած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, իսկ ՉԺՀ առաջնորդի կողքին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վատիկանում ավարտվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի ընտրությունները։ Քիչ առաջ Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել՝ վկայելով քվեարկության հաջող ավարտի մասին։

Վատիկանը հայտարարել է, որ 69-ամյա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը ընտրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Նա հայտնի կլինի որպես Հռոմի պապ Լևոն XIV:

Կարդինալ Դոմինիկ Մամբերտին դուրս եկավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ և լատիներեն հայտարարեց. «Habemus Papam!», որը նշանակում է «մենք ունենք պապ»։ Այնուհետև նա ներկայացրեց նոր պապին և հայտարարեց նրա անունը որպես եկեղեցու ղեկավար։

Մի քանի րոպե անց պատշգամբում հայտնվեց նոր պապը։

Իր ելույթում Լևոն XIV-ը շնորհակալություն հայտնեց նախորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և խոսեց մարդկանց միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին։ «Մարդիկ Քրիստոսին կարիք ունեն որպես կամուրջ, որով կարող են մոտենալ Աստծուն և նրա սիրուն։ Օգնեք մեզ և թույլ տվեք, որ մենք օգնենք միմյանց կամուրջներ կառուցել», – ասաց պապը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես արձագանքեց իր ընտրվելու լուրին։ «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, ով նոր է դարձել Հռոմի պապ։ Մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի պապն է։ Դա շատ ուրախալի է և մեծ դեր ունի մեր երկրի համար», – գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում։

Ադրբեջանի կեղծ դատավարությունները՝ որպես քաղաքական գործիք Հայաստանի դեմ

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունների ընթացքում վերջերս Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների դեմ ներկայացվեցին պատերազմի ժամանակ նկարահանված կադրեր և արխիվային նյութեր, որոնք իբր ապացուցում են նրանց «մեղքերն» ու ծառայում են որպես փաստական հիմքեր։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վստահ է․ «Ադրբեջանը, 23 հոգու պահելով, քաղաքական խնդիրներ է լուծում՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինվորականների, թե՛ Արցախի նախկին ղեկավարության միջոցով։ Այդ պատճառով այս հարցերը չի կարելի դիտարկել միայն մարդկանց ազատ արձակման տեսանկյունից, թեև դա, իհարկե, շատ կարևոր է», – նշել է Arman Թաթոյանը Step1.am-ի հետ զրույցում։

Թաթոյանի խոսքով՝ այս դատավարությունների հիմքում թիրախավորվում է Հայաստանը։

«Պայքարը պարտադիր է մղել նաև այդ տեսանկյունից, որովհետև նրանք արհեստական ցուցմունքներ են ներկայացնում։ Մարդիկ են տարել, որոնք պատմում են իբր հայերի կատարած դաժանությունների մասին։ Դաժանություններ, որոնք կազմակերպվել են իբր ոչ միայն Արցախից, այլև՝ Հայաստանից։ Ամբողջ աղբյուրը փորձում են տեղափոխել Հայաստան», – ընդգծում է իրավապաշտպանը։

Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլ իր հասարակությանը նախապատրաստում է հնարավոր նոր ագրեսիայի ու պատերազմի՝ ցույց տալով, թե իրենց հարցերը դեռ լուծված չեն Հայաստանի հետ, իսկ նպատակը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացումն է։

«ՀՀ քաղաքական իշխանությունը կոպիտ սխալներ է անում՝ հայտարարելով, թե պետք է չխոսենք այս մասին, լռենք, թե չէ գերիները հետ չեն գա։ Դա սխալ հաշվարկված մոտեցում է՝ իրականությանը չհամապատասխանող։ Պետք է հրապարակայնություն մտցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է իրավական գործընթացները՝ վերածելով ամեն ինչ քաղաքական հարցի», – շեշտում է Արման Թաթոյանը։

Թաթոյանի համոզմամբ՝ այս կեղծ դատավարությունների արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանը կստեղծի ֆորմալ փաստաթուղթ՝ Հայաստանի վրա շանտաժի համար, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտագործի այն որպես հիմք՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու համար։

Մարիամ Սարգսյան

Ալեն Սիմոնյան․ Մենք նույն տրամադրությամբ էինք ապրում, ինչ 30 տարի, այսինքն՝ որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի

«Մեր քաղաքական ամոթն այն է, որ թույլ տվեցինք, որ պատերազմը գցեցին մեր ջեբն ու թռան։ Սերժ Սրագսյանին 2020 թվականի հունվարին տանում էին դատեին կոռուպցիայի համար, մեգաֆոնը վեցրել ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ես էլ ասում եմ՝ էս ինչի՞ մասին է խոսում, իրեն տարել են, Ղարաբաղի հարցո՞վ են դատում։ Իրենք շատ լավ գիտեին, ապրիլյան պատերազմի ժամանակ էդ ամեն ինչը գիտեին։ Այ էդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին ու հայ ժողվորդին վերաբերվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ 2018 թվականին, գալով իշխանության, իրենք Ղարաբաղի հարցով նույն տրամաբանության մեջ էին ապրում եւ մտածում։ «Հավատում էինք, վստահում էինք էն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի։ Եվ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար, մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի պատերազմը։ Այ էդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մտածում էինք՝ դե լավ, եթե էդ համակարգը գործել է, եկեք էդ համակարգին ձեռ չտանք։ Բայց պատերազմը գցեին մեր ջեբն ու թռան»,- հավելեց նա։

Շուշիի ազատագրման տոնը

Տարիներ շարունակ Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն իրականացրել է «Հարսանիք լեռներում» միջոցառումը։

Սա իրական ու կարևոր դաս էր, երբ Շուշիի ազատագրման մասնակիցները նոր սերնդի հետ միասին՝ երեք ուղղությամբ բարձրանում էին դեպի Շուշի։ Միայն այդ բարձունքը հաղթահարելը արդեն դժվարություն էր, իսկ նպատակին հասնելը՝ երազանք։

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, երբ անգամ հեռախոսներն են հիշեցնում անցած երջանիկ օրերը, մենք կմոռանա՞նք։

Հավատով՝ որ մի օր, թեկուզ այլ ճանապարհով, բայց՝ երազանքի ու նպատակի հետքերով, նորից կհասնենք Շուշի, Արցախ։

Մարիամ Սարգսյան

Սեպտեմբերի 19․ Արժանապատվության մարտ, որը տվեցին՝ ինչպես երբևէ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում անհրաժեշտություն էր առաջացել նոր ձևավորված սահմանների ապահովման համար ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ։ 2021-ին ձևավորվեց Ասկերանի բրիգադը, որի կազմում, բացի 3 կանոնավոր գումարտակից, գործում էին նաև 2 աշխարհազորային գումարտակ և մեկ աշխարհազորային վաշտ։ Վաշտի հրամանատարն արցախյան պատերազմների մասնակից Սեյրան Ավագիմյանն էր։ Նրան էր վերապահված 414 մարտական դիրքի և նրա մոտակա տարածքի պաշտպանությունը։

2023-ի սեպտեմբերի 19-ին վաշտը 414 մարտական դիրքում էր։

Դիրքը գտնվում էր Ակնա տանող ճանապարհի եզրին և հայտնի էր դեռևս Արցախյան առաջին պատերազմից։ Այդ դիրքն ականատեսն էր մեր տղաների սխրագործություններին և, ցավոք, նաև շատերի հերոսաբար զոհվելուն։ Մինչև 2020 թվականը դիրքը չէր գործում, քանի որ հակառակորդը շատ հեռու էր։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո թշնամին արդեն գտնվում էր Ասկերանից շատ մոտ՝ 100 մետր հեռավորության վրա։ 414 դիրքի վերականգնումն անհրաժեշտ էր։ Որոշակի ինժեներական աշխատանքներ կատարելուց հետո ասկերանցի տղաներն վերսկսեցին հերթապահությունը։

2023-ի սեպտեմբերի 19-ին այդ դիրքում զոհվել են 2 հոգի՝ Վրեժ Ստեփանյանը և Ռազմիկ Խաչատրյանը։ Վիրավորվել են 3 աշխարհազորային՝ Արմեն Գաբրիելյանը, Վահան Բեգլարյանը, Արթուր Հովսեփյանը։

414 մարտական դիրքը հնարավոր է եղել պահել  ընդամենը մի քանի ժամ։ Անձնակազմը նահանջել է և դիրքավորվել հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու համար։

Վաշտի հրամանատար Սեյրան Ավագիմյանը պատմում է

-Ասկերանի մարզադաշտի սենյակներից մեկը, որպես զորանոց, ծառայում էր աշխարհազորի վաշտին, որի կազմում ընդգրկված էին ավելի քան 55 աշխարհազորային։ Այդտեղից էլ կազմակերպվում էր հերթափոխը։ 7 օրը մեկ տղաները փոխարինում էին իրար։ 10 հոգանոց դիրքապահները մարտական հերթապահություն էին իրականացնում։ Տղաների համար արժանապատվության հարց էր պաշտպանել հարազատ քաղաքի ու մոտակա տարածքի անդորրը։ 2020-ից մինչև 2023-ի սեպտեմբերը թշանմին հաճախակի էր ոտնձգություն անում մեր դիրքերի ուղղությամբ, տղաները, սակայն, արժանվույն հակահարված էին տալիս։ Եթե թշնամուն հաջողվեր գրավել 414 դիրքը, ապա Ասկերանը լրիվությամբ կհայտնվեր վտանգի տակ։

Սեպտեմբերի 19-ին դիրքի ավագը Արմեն Գաբրիելյանն էր․ նա մասնակցել է նաև Արցախյան մյուս պատերազմներին։ Հրետակոծություններն սկսելուց անմիջապես հետո բոլորս շտապեցինք դեպի առաջնագիծ՝ նախ հավաքվելով մեր շտաբում։ Երբ տեղ հասանք, արդեն տղաներից 2-ը վիրավորել էին։ Բարեբախտաբար ՊԲ շտապօգնության մեքենան շուտ օգնության հասավ։ Հենց այդ պահին ես 4 հոգով մոտենում եմ դիրքին և տեղավորվում հարակից տարածքում, որովհետև հնարավոր չէր մտնել դիրքը։ Թշնամու ականանետն անընդհատ հարվածում էր և լսվում էր մեր գնդացրի ձայնը։ Քիչ անց լռում է մեր գնդացիրը, ու մենք հասկանում ենք, որ գնդացրորդը զոհվեց։ Տղաները 10 հոգով երկար դիմադրում էին, քաջաբար կռվում։ Ասկերանի գնդի հրետանին մեզ հետ միասին պայքարում էր։ Ցավոք, զոհեր ու վիրավորներ տվեցինք, իսկ օրեր հետո սկսվեց Արցախի հայաթափումը։  Ամեն ինչ զրոյացավ, մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված մեր թանկ հողը։

Դիրքի ավագ Արմեն Գաբրիելյանը պատմում է այդ օրվա իրադարձությունների մասին։ Ասում է՝ ճակատագրի բերումով են ողջ մնացել

 -10 հոգի էինք։ Հանկարծ տեսա, որ մոտ 15 ադրբեջանցիներ ներքևից պատրաստվում են մտնել մեր դիրքը։ Քիչ հետո թշնամին խփում է մեր ուղղությամբ, ու ես տեսնում եմ, թե ինչպես է Ռազմիկը գլուխը դնում գնդացրի վրա․ հասկանում եմ, որ նա զոհվեց։ Ինքս էլ վիրավորվեցի մեջքից ու զգացի, որ մարմինս խոցվեց բեկորներից։ Չէի պատկերացնում, որ ողջ կմնամ։ Հավաքելով բոլոր ուժերս՝ կապ հաստատեցի Սեյրանի հետ։ Նա պատասխանեց, որ արդեն հասնում են։ Գիտակցում էի, որ այլևս չենք կարող պահել դիրքը։

Փորձում եմ գլորվելով իջնել և նորից եմ վիրավորվում, այս անգամ՝ գնդակային։ Սակայն ինքնաձիգը բաց չեմ թողնում, թեկուզ ձեռքս գրեթե չէր աշխատում։ Մի կերպ հասնում եմ տղաներին։ Սեյրանն ասում է՝ դու մի կերպ դուրս արի, ես կշարունակեմ խփել ու շեղել թշնամուն։ Եթե տղաները օգնության չհասնեին, ապա մենք ողջ չէինք մնա։

Մանվել Թավադյանն այդ օրվա մասին մեծ ցավով է խոսում նրա աչքի առաջ են զոհվել տղաները։ Նա չի կարողանում զսպել իր ապրումները

-Այդ պահին խրամատում էի՝ հանգստի ժամս էր։ Ձայները լսելուն պես վեր թռա ու գնացի դեպի դիրքը։ Վահանն ու Արթուրը վիրավորվել էին արդեն։ Նրանց օգնեցի, որ տանեմ մինչև շտապօգնության մեքենան, սակայն չկարաղացա հասցնել մինչև վերջ, որովհետև վտանգավոր էր, ու չէի կարող երևալ․ անընդհատ խփում էին։ Կես ճանապարհին Վահանին, ում վիճակն ավելի վատ էր, ասացի՝ մի կերպ հասեք, ու նրանք սողալով դուրս եկան։ Հետ եկա ու մտա խրամատը։ Նայեցի՝ տեսնեմ թշնամու զորքը գալիս է դեպի մեզ։ Ռազմիկը զոհվել էր, Արմենն էլ վիրավորվել էր արդեն։

Թշնամին մի 30 մետրի վրա էր գտնվում և ուր որ է մտնելու էր մեր դիրքը։ Արմենը փորձում էր սողեսող դուրս գալ․ հաջողվում է։ Սեյրանը տղաների հետ արդեն օգնության էր հասել։ Ես դիրքի աջ մասում էի գտնվում։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել՝ նույնպես դուրս եկա։ Տղաներից՝ Ասլանը և Դավիթը դիրքի վերևի բարձունքում էին, որտեղից դիտարկում էին թշնամուն։ Մյուս դիրքապահները ձախ մասում էին․ կարողացան անվտանգ դուրս գալ դիրքից։ Մենք ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերն անհավասար էին։ Մնալով այնտեղ՝ բոլորս կզոհվեինք։ Հետո գնացինք մեր շտաբը, որտեղ հավաքվել էին բոլոր աշխարհազորայինները ու սպասում էին հրահանգի, սակայն ամեն ինչ այլևս անիմաստ էր։

Տղաներին եմ ափսոսում․ իմ աչքի առաջ զոհվեցին։ Վրեժը բազմազավակ հայր էր, առաջին անգամ էր դիրք եկել, իսկ Ռազմիկը դեռևս ամուսնացած չէր։

 

Աշխարհազորային Հրայր Գաբրիելյանը սեպտեմբերի 19-ին հիվանդանոցում էր, երբ սկսվեց պատերազմը։

-Այդ պահին հիվանդանոցում էի՝ բուժում էի ստանում։ Վաշտի հրամանատարը զանգեց՝ թե շուտ արի մարզադաշտ։ Հասա զորանոց․ տղաներն արդեն կազմ ու պատրաստ էին։ Զենք ստացա ու տղաների հետ գնացինք դեպի մեր դիրքը։ Սեյրանը, ես, Մհերը, Վահեն, Կարենը մոտեցանք դիրքին, իսկ Պարգևը, Արմենը, Արսենը և Արայիկը թեքվեցին դեպի Ասկերան-Ակնա ճանապարհը․ ենթադրություն կար, որ այդտեղից թշնամին կարող էր հարձակում ձեռնարկել։ Մենք չկարողացանք մտնել դիրքը և դիրքավորվեցինք մոտ 25 մետր հեռավորության վրա։ Այդտեղից սկսեցինք աշխատել։ Մինչև մեր օգնության հասնելը դիրքապահ տղաները կռիվ են տվել ինչպես գնդացրով, այնպես էլ ինքնաձիգներով։

Այդ օրը դիրք էին պահում Արմենը, Ռազմիկը, Վրեժը, Ասլանը, Դավիթը, Մանվելը, Վահանը, Մխիթար ու Ռոբերտ եղբայրները, Ջանիբեկը, նաև Արթուրը՝ որպես դիրքի ավագ ՊԲ-ից։ Ցավալի է, որ զոհ ենք տվել․ 10 հոգուց՝ 2 զոհ ու 3 վիրավոր։ Կենդանի մնացածներս հրաշքով ենք փրկվել, որովհետև ոչ մի հույս չկար, որ կկարողանանք դուրս գալ այդ իրավիճակից։

Վահան Բեգլարյանը դիրքում վիրավորված տղաներից է

-Հարձակմանը սպասում էինք, որովհետև նախօրեին թշնամու կուտակումներ էին նկատվում։ Ամեն ինչ միանգամից սկսվեց, սակայն մենք խուճապի չմատնվեցինք՝ առաջին անգամը չէր։ Նոր էինք անցել 44-օրյա պատերազմի թոհուբոհով։ Իրավիճակը, սակայն, թեժանում էր, զգում էինք, որ օրհասական պահ է, և յուրաքանչյուրիս կյանքը մազից էր կախված։ Երբ վիրավորվեցի, ընկերներս առաջին օգնություն ցուցաբերեցին, հետո շտապօգնության մեքենայով ինձ ու մյուս վիրավորին տեղափոխեցին հոսպիտալ։ Այն արդեն լեցուն էր վիրավորներով, որոնցից մեծ մասը ծանր ու անհուսալի վիճակում էին։ Աննկարագրելի տեսարան էր հոսպիտալում։ Մահու ու կյանքի կռիվ էր։ Բժիշկները պայքարում ու ջանք չէին խնայում տղաների կյանքը փրկելու համար։ Իմ վիճակը մնացածների համեմատ թեթև էր, վիրահատելու կարիք չեղավ։

Ճակատագրի բերումով ողջ մնացած մեր տղաների խոսքում անամոք ցավ ու կսկիծ կար։ Նրանք պատմում էին մեկ օր տևած պատերազմի մասին, սակայն ասելիքը չէր վերջանում։ Այդ մարտը նրանց արժանապատվության մարտն էր, որը նրանք տվեցին՝ ինչպես երբևէ։

Այդ օրը, ցավոք, որոշվեց Արցախի հետագա ճակատագիրը ամեն ինչ կորավ, ամեն ինչ ոչնչացվեց։

Փառք ու պատիվ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հայորդիներին։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը հայրենի հողի անձնուրաց պաշտպաններն էին։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Բարեփոխում․ ինչպես Գերմանիայո՞ւմ, թե՞ Բուրունդիում

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի կիսված այս նյութի նկարը ֆեյսբուքի ֆիդում տեսնելով, կարծեցի, թե Գերմանիա ինչ-որ տեղ է, մինչեւ վերնագիրը կարդացի «ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում»

Նյութում նշվում է նաեւ, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Միայն չեն բացատրում, թե ինչի՞ համար արցախցին պետք է ՀՀ անձնագիրը փոխանակի ՀՀ մեկ այլ անձնագրով։ 

Ի՞նչ խոսք, ուրախալի է, եթե մարդկանց կյանքը մի քիչ հեշտանալու է: Ինձ համար շոկային էր անցյալ տարի մտնել Աբովյան քաղաի անձնագրային բաժին: Ստորացած ղարաբաղցիներ, դպրոցական տետրում գրիչով ցուցակ, որ գիշերն էին կազմում (պատկերացնո՞ւմ եք, գիշերը պետք է գնալ անձնագրային բաժին), իսկեւիսկ բլոկադայի հացի հերթերը, որ բոլոր ղարաբաղցիներին միանգամից դա էր հիշեցնում:

Բայց ի՞նչն է հետաքրքիր Հայաստանանում. այսպես ֆեյսբուքում ամեն ինչ «գերմանական» է (չեմ ուզում փնովել հենց այս բարեփոխումը, գուցե այն իրոք հաջողած է), իսկ երբ գետնի վրա ես առնչում գործին, պարզվում է՝ Բուրունդի ինչ-որ մի տեղ ես:

Տրանսպորտն՝ ամենավառ օրինակն է: Նոր ավտոբուսներ, QR քոդ, փաթեթ եւ այլն, բայց պարզվում է սուզանավը ծակվել է: Դե իհարկե, եղանակային պայմաններն են մեղավոր:

Մարութ Վանյան

Եթե ​​արցախցիները ցանկանային հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, նրանք վայր կդնեյին կապույտ անձնագրերը

Ապրիլի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարը դադար վերցրեց ուղիղ մեկ ամիս անց․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ բանակցություններ է սկսում կառավարության հետ, որ հանում է Ազատության հրապարակի վրան-շտաբը և այն տեղափոխում է Երեւանում Արցախի ներկայացուցչյուն։ Իր հերթին կառավարությունը 2 ամսով երկարաձգեց 40 հազ․ դրամի աջակցությունը արցախցիներին և խոստացավ որոշ ծրագրեր վերանայել։

Պայքարը մտել է «առօրյա» ռեժիմի մեջ, ընդ որում, ՀՀ կառավարության հետ բանակցություններից դուրս է մնում ֆունդամենտալ խնդիրը։

Գրեթե բոլոր մեր կողմից հարցվածները պնդում են, որ այս ամենը չէր լինի, եթե կառավարությունը կատարեր պարզ քայլ՝ ճանաչեր արցախցիների 070 կոդով անձնագրերը որպես ՀՀ լիիրավ անձնագիր։

Ամենակարևոր հարցը՝ քաղաքացիություն է, քանի որ դա է որոշում, թե ինչ քայլեր պետք է կատարի ՀՀ կառավարությունը։ Իսկ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ուղիղ պարտականություն չունենա արցախցիների հանդոպ, իսկ օգնույթյունը իր տեղահանված քաղաքացիներին ներկայացնի որպես գթասիրություն։

Սոցիալական ծրագրերի պատրվակով արցախցիներին ստիպեցին փախստականի կարգավիճակ ստանալ, ստորագրելով մի թուղթ, որտեղ գրված է, որ արցախցին ոչ մի երկրի քաղաքացիություն չունի։ Հետո առաջարկեցին ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Արցախցիներին սկսեցին մեղադրել, որ նրանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, որ բանակում չծառայեն։ Թեկուզ բավական էր մի պարզ քայլ՝ ճանաչել 070 կոդով անձնագրերը, և բոլորը միանգամից զինապարտ կդառնային։

Բացի այդ, եթե ​​արցախցիները ցանկանային հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, նրանք վայր կդնեյին կապույտ անձնագրերը։

Ո՞ր պետության քաղաքացի էին արցախցիները՝ իրենց ՀՀ անձնագրերով հանդերձ։

Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է․ «Ես ստիպված եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Իհարկե, չի ճանաչել, քանի որ դա կլիներ ՀՀ Սահմանադրության խախտում։ Չէ որ 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է։ Այդպես էին ընկալում արցախցինրը, երբ ՀՀ անձնագիր էին ստանում, իրար մեջ խոսալով, որ անկախությունը «ժամանակավոր մանևր է»։ Այդպես էին ընկալում Հայաստանում, բոլոր ոլորտներով ինտեգրվելով Արցախի հետ։ Այդպես է ընկալում նաև Բաքուն, որն առ այսօր պահանջում է Սահմանադրությունից հանել ՀՀ և Արցախի միավորման մասին որոշման հղումը։ Թեկուզ ՀՀ Հռչակագիրը չի վիճարկել և ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն։

ՀՀ կառավարությունը, խախտելով սեփական Սահմանադրությունը և զիջելով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքները, փորձում է ձերբազատվել նաև արցախցի իր 150 հազար քաղաքացիների հանդեպ պարտավորություններից։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կարևոր քայլ կարող է լինել՝ հիշեցնել ՀՀ կառավարությանը ՀՀ արցախցի քաղաքացիների հանդեպ ուղիղ պարտավորությունների մասին։ Իսկ այդ պարտականությունների մեջ են մտնում ոչ միայն սոցիալական աջակցությունն, այլև ՀՀ արցախցի քաղաքացիների գույքի, սեփականության և այլ իրավունքների պաշտպանությունը։

Խորհուրդը որոշել է, որ մեկ ամսվա ընթացքում ինչ նպատակ դրվել էր՝ բոլորը կատարվել են։ Հանրահավաքից հետո համագործակցության միակ եզրն այն էր, որ փոխվարչապետը ընդունեց խորհրդի անդամներին, ասաց ներկայացնել առաջարկները և ասաց, որ պատրաստ են բարելավել։ Սակայն, որևէ ընդառաջ քայլ չկատարեցին։ «Փաստինֆոյի» եթերում ասել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Ո՞րն են լինելու հաջորդ նպատակները։

Նաիրա Հայրումյան

Անին Շուշիում մանկապարտեզի փոխտնօրեն էր, հիմա Վերնաշենի մանկապարտեղի տնօրենն է

Արցախից բռնի տեղահանված Անի Հարությունյանը Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մանկապարտեզի տնօրեն է աշխատում։

Ծնունդով Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքից է, 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Անիի ընտանիքը բռնի տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին՝ Ստեփանակերտից։ Երկու անգամ բռնի տեղահանվելուց հետո այսօր Անին ընտանիքի հետ բնակվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ասում է՝ այստեղ են տեղափոխվել, քանի որ բարեկամ են ունեցել, հետո արդեն հասկացել են՝ Վայոց ձորում մարդիկ հյուրընկալ են ու սրտացավ, նրանց հետ ապրելը պարզապես լավ է։

Անին մասնագիտությամբ մանկավարժ է, Շուշիում մանկապարտեզի փոխտնօրեն է աշխատել։ Աշխատանքի փնտրտուքը նրան բերել հասցրել է Վերնաշենի մանկապարտեզ։ «Մեթոդիստի թափուր հաստիք կար, այս մանկապարտեզում մեթոդիստ էի աշխատում 2023 թվականին, հետո դարձա տնօրեն»,- ասում է նա։

Ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղակայված արցախցիները, Վայոց ձորի մարզում  նույնպես արցախցիները բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն։ Ամենալուրջը զբաղվածության ու բնակարանային խնդիրներն են։

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից Անի Հարությունյանի ընտանիքը չի օգտվել։ Մեր հարցին, թե ինչո՞ւ, պատասխանում է, որ այս ծրագիրը վերանայման կարիք ունի։ «Մեր ընտանիքի կազմը փոքր է՝ 4 հոգի ենք։ Եվ այդ ծրագրի շրջանակներում ինչքան գումար մեզ հասնում է, բավարար չէ այստեղ բնակարան ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուրիս 3 մլն դրամ է հասնում Եղեգնաձոր համայնքում, 4 շնչին՝ 12 մլն դրամ։ Եթե Եղեգնաձորում հետաքրքրվեք, կտեսնեք, որ շուկայական գներն ահագին փոփոխվել են, այդ գնով բնակարան չենք կարողանա գտնել»,- ասում է Անին։

Սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար յուրաքանչյուր անձի 5 մլն դրամ են հատկացնում բնակապահովման ծրագրի շրջանակներում։ Անին ասում է՝ չեն խուսափում սահմանամերձ բնակավայրերում ապրել, սակայն աշխատանքի հարց կա այդ համայնքներում։ «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրել, որ հենց ինքը եղել է սահման։ Նույնն էլ հիմա է, այսօր ամբողջ ՀՀ-ն սահմանամերձ է։ Պարզապես սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի հարց կա, չես կարող այնպիսի աշխատանք գտնել, որ պահես ընտանիքդ»,- նշում է նա։

Անի Հարությունյանի ամուսինն էլ դպրոցում է աշխատում, բայց ասում է՝ բակն իրենց վարկ չի տրամադրի, որպեսզի իրենց ցանկացած բնակարանը ձեռք բերեն։

Անի Հարությունյանը նշում է, որ ՀՀ քաղաքացիություն չի ստացել, քանի որ իրեն համարում է ՀՀ քաղաքացի․ «Մենք բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք, նույն անձնագրերն են, ուղղակի մերը 070 կոդով է։ Մեր անձնագրերում գրված է ՀՀ քաղաքացի։ Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք ՀՀ քաղաքացիությունից, ինձ համար դա զուտ թղթաբանական հարց է»։

Անդրադառնալով արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության ծրագրին, որը եւս երկու ամսով երկարաձգվեց, նա ասաց. «Այս ծրագիրն արդյունավետ է նրանով, որ բնակարանի վարձ ենք տալիս, կոմունալներն ենք վճարում։ Այնպես չէ, որ մենք եկած օրվանից պարապ նստած ենք, հենց երկրորդ ու երրորդ ամսից աշխատում ենք, բայց մեր աշխատանքով միայն կենցաղային հարցերն ենք լուծում։ Իսկ եթե բնակվարձի գումարը չլինի, մեր աշխատածը հազիվ կհերիքի բնակվարձին ու կոմունալներին։ Այս ծրագրի կրճատման հետեւանքով արցախցիների մի մասը լուրջ խնդրի առաջ են կանգնելու, բայց 40 հազար դրամն էլ հարցի լուծում չէ։ Ավելի լավ է վերանայեն բնակապահովման ծրագիրը, այնպիսի ֆորմատ մշակեն, որ արցախցիների հիմնական մասը կարողանա օգտվել ծրագրից։ Մարդիկ, եթե տուն ունենան, կսկսեն աշխատել, ոչ թե կնստեն ու 40+10 հազարներին կսպասեն։ Առաջնահերթը բնակարանի հարցի լուծումն է, այս 40 հազար դրամները, եթե անգամ տարիներով էլ տան, դրանով ոչ կկարողանանք բնակարանի հարց լուծել, ոչ էլ մեր վիճակը բարելավել։ Դրանով զուտ բնակվարձի ու կոմունալի հարց ենք լուծում»,- հավելեց նա։

Անին ասում է՝ ապրում են Արցախ վերադարձի հույսով, այդ հույսը միշտ էլ տեսնում են, մեծ հավատով սպասում են, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան։ «Բայց միայն ու միայն անվտանգ Արցախ կվերադառնանք։ Չեմ կարող ասել, թե ինչպես պետք է ապահովվի այդ անվտանգությունը, բայց կարեւոր է, որ ինչ-որ երաշխիքի լինի, որ կարողանանք հանգիստ ու ապահով ապրել ու մեր երեխաներին պահել»,- նշում է նա։