Արցախի հունական համայնք՝ Մեհմանայից մինչև… Յաղդան

Արցախի հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսը Step1.am-ին պատմեց Հայաստանում գտնվող արցախցի հույների իրավիճակի մասին։

-Տիկին Իվանիդիս, ինչպես գիտենք, Արցախի անբաժանելի մասն էր կազմում փոքրիկ հունական համայքը, որը կոմպակտ բնակեցված էր Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում: Որպես համայնքի ներկայացուցիչ կարող եք նշել, որքա՞ն էր համայնքի անդամների ընդհանուր թվաքանակը: 

-Մի փոքր ավելի հետ պետք է գնանք և նշենք, որ մինչ 90-ակաների պատերազմը Արցախում թվով ավելի մեծ հունական համայնք կար, սակայն առաջին պատերազմի ժամանակ Հունաստանի հանրապետության կողմից հրավեր ստացվեց, և Արցախի հույների մեծ մասը տեղափոխվեց Հունաստան: Արցախում մնաց համայնքի մոտ 10%-ը։ Եվ այստեղ պետք է շեշտել, որ հիմանականում հունա-հայկական ընտանիքները շարունակեցին ապրել Արցախում: 2020 թվականի պատերազմից հետո ես հավաքագրում իրականացրեցի և պարզվեց, որ ընտանիքների թիվը 30 է: Հատկանշական է, որ 2023 թվականի հայրենազրկումից հետո թվի փոփոխություն գրեթե չի եղել:

–Կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչպե՞ս է համայնքը տեղահանվել 2023-ին, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։

–Ինչպես բոլորի համար՝ շրջափակումը, տեղահանումը դժվար էր, իհարկե մյուսների հետ հավաասար անցել ենք բոլոր զրկանքների, արտագաղթի ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների միջով, բայց արդեն Հայաստանում մեծ աջակցություն ենք ստացել հենց Հունաստանի դեսպանատան կողմից՝ թե հոգեբանական, թե նաև սոցիալական՝ սնունդ, հագուստ։ Այս ամենը իհարկե մեզ մի քանի ամսով ապահովության զգացում է տվել։ Այստեղ նաև պետք է առանձնակի նշեմ, որ Արցախի հունական համայանքը, նամանավանդ 2020 թ․ պատերազմից հետո, միշտ ուշադրության կենտրոնում էր Հունական համայնքների միության կողմից՝  Մարիա Լազարևայի գլխավորությամբ, որի հետ մենք միշտ կապի մեջ ենք։ Մենք փորձում ենք այս ամենով գոնե չկտրվել մեր արմատներից, կազմակերպում ենք տարբեր գիտամշակութային միջոցառումներ, փորձելով պահպանել մշակույթը, լեզուն, ավանդույթները:

-Ձեր խոսքի մեջ նշեցիք նաև Արցախի հունական համայնքին բաժին հասած կորուստների մասին, ինչը շատ ցավոտ թեմա է։

-Ցավոք, այո, մեր համայանքը ևս ունեցել է կորուստներ ինչպես պատերազմի, այնպես էլ բենզինի պահեստի հայտնի պայթյունի հետևանքով: Իհարկե այս պահին թիվ նշել չեմ կարող, հաշվի առնելով թեմայի ցավոտ լինելու աստիճանը։

-Որպես հունական փոքրամասնություն արդյո՞ք ձեր համայքն ունի ինչ-որ արտոնություններ, մասնավորապես սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

–Եթե խոսենք ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության մասով, ապա, որպես փոքրամասնության, ոչ, մենք օգտվում ենք նույն ծրագրերից, ինչ որ մյուս արցախցիները: Բոլոր ընտանիքները այս պահին սփռված են ամբողջ Հայաստանով, մեծամասնությունը չունի աշխատանք, ապրում են վարձով: Այս ամենը իհարկե դժվարացնում է միասին հավաքվելու, քննարկումներ իրականացնելու միտումները: Եթե 90-ականերին Հունաստանի կողմից հրավեր կար, ապա այս անգամ դա չկա։ Տարբերակներից մեկը՝ որպես աշխատուժ Հունաստան տեղափոխվումն էր, բայց համայնքի կողմից արձագանք չկար:

-Բնակապահովման ծրագրի մեջ նաև նշված է Լոռու մարզի հունական Յաղդան գյուղը և ինչքան տեղյակ ենք, առաջարկ է եղել, որ ձեր համայնքը կարող է բնակություն հաստատել հենց այդտեղ:

-Յաղդանն այսօր գտնվում է հունաթափման վտանգի առաջ և գյուղը սակավանում է, դրական կողմերից այն է, որ այն ընդգրկված է բնակարանային ապահովման ցանկի մեջ, որի համար տրամադրվում է 4 մլն․ դրամ: Ես մեր համայնքին ներկայացրել եմ գյուղը, այն ամենը, ինչով նրանք կարող են զբաղվել գյուղում, բայց բնականաբար վերջնական որոշումն նրանցն է: Իմ կողմից պետք է ավելացնեմ, որ գյուղի տեղակայությունը, բնությունը բավականին լավն է, ամենակարևորը՝ ամբողջը պատված է հունականով, հունական մշակույթով, ավանդույթներով, ինչը եկել է խորը արմատներից և ինչը մոռանալը այդքան էլ լավ չէր լինի: Միևնույն ժամանակ, գյուղում պակասում են ներդրումները, տները գտնվում են խարխլված վիճակում: Այս ամենը իհարկե պետք է հաշվի առնենք, նամանավանդ, երբ հիշում ենք ենթակառուցվածքների թույլ զարգացումը, որոշ դեպքերում նույնիսկ բացակայությունը:

Ալվարդ Գրիգորյան

Արցախցի ընտանիքը վերսկսել է իր արտադրությունն Աբովյանում

Վիտալի և Լիանա Գրիգորյանների ընտանիքն Արցախի Ասկերան քաղաքից տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Արցախում նրանք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ էին զբաղվում Ասկերանում ունեին իրենց սեփական արտադրամասը, անգամ շրջափակման ամիսներին այն չէր դադարում գործել և քաղցր ու զովացուցիչ ըմպելիքով բավարարել բնակչությանն ինչպես Ասկերանում, այնպես էլ հարակից բնակավայրերում։

Տեղահանությունից հետո Վիտալին Աբովյան քաղաքում տարածք է վարձակալել և վերսկսել ընտանեկան բիզնեսը։

-Արդեն բավական ժամանակ է, ինչ զբաղվում ենք զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ։ Այդ գործում մենք հմտացել ենք Արցախում և կարելի է ասել, որ մեզ դուր է գալիս ըմպելիք արտադրելու գործընթացը։ Արցախում, երբ շրջափակման ժամանակ քաղցրի պակասն ակնհայտ էր, մեր պատրաստած զովացուցիչ ըմպելիքները կարծես փրկություն լինեին մարդկանց, առանձնապես՝ երեխաների համար։ Դա ոգևորում ու միաժամանակ պարտադրում էր մեզ՝ չդադարեցնել արտադրությունը։ Քանի որ ունեինք փորձ, համապատասխան հմտություններ՝ որոշեցինք շարունակել մեր գործունեությունն այստեղ, որը մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ Ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումներն ու սկսել աշխատել։ Իհարկե, սկզբից դժվարություններ կային, սակայն մենք դրանք կարողացանք հաղթահարել, որովհետև աշխատող մարդը ոչնչից չպետք է վախենա,-ասում է Վիտալին։

Արցախյան առաջին պատերազմում զոհվածների զավակներ են Վիտալին ու Լիանան։ Նրանք, ինչպես ոչ ոք, լավ գիտեն՝ ինչ է ցավը, դժվարությունը և դրանց հաղթահարելու կամքի ուժը։ Ցանկացած խնդիր լուծման ենթակա է, եթե կա դրա լուծման բանալին։ Իսկ Գրիգորյանների հաջողության բանալին իրենց ձեռքին է։ Դա իրենց ընտանիքն է՝ մոր՝ Սուրբիկի գլխավորությամբ և եղբայրների աջակցությամբ

-Փորձություններ հաղթահարելով ենք միշտ առաջ շարժվել ու երբևէ չենք վհատվել։ Մենք սովոր ենք ապրել մեր հալալ քրտինքով ու այդպես էլ մեր երեխաներին ենք դաստիարակում։ Աղջիկս սովորում է Հերացու անվան բժշկական համալսարանում։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ ապրում ենք վարձակալությամբ և ունենք մի շարք խնդիրներ, սակայն հույս ունենք, որ Հայաստանում կյանքի կոչված մեր բիզնեսը կտա իր բարի պտուղները, ու մենք ինքներս կկարողանանք օգնել մեր անկարող հայրենակիցներին։ Ես ուզում եմ, որ արցախցիները, ովքեր բնակվում են Աբովյանում կամ մոտակա բնակավայրերում, տեղյակ լինեն մեր արտադրության մասին և ցանկալի է, որ նպաստեն մեր արտադրանքի իրացմանը։ Հավաստիացնում եմ՝ խմելով մեր բազմահամ ըմպելիքները, մեր հայրենակիցները կառնեն Արցախի համը, նրանց մոտ կարթնանան քաղցր հիշողությունները,- հուզմունքը մի կերպ է զսպում Լիանան։

Գրիգորյաններն աշխատանքի ընթացքում չեն դադարում երազել ու հուսալ, որ մի գեղեցիկ օր անպայման կվերադառնան Արցախ, որտեղ նրանց սպասում են  հարազատների շիրիմները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Բաքուն և Երևանը բանակցում են «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմանների շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում՝ խաղաղության պայմանագրի պայմանները համաձայնեցնելու, ինչպես նաև որոշ հանգամանքներ պարզաբանելու համար։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Սարդարապատում Առաջին Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների ժամանակ ելույթ ունենալով։

«Համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, դրա շուրջ բանակցություններն ավարտվել են», – պարզաբանել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է մյուս հարևանների հետ հարաբերություններին. ակտիվ երկխոսություն է հաստատվել Թուրքիայի հետ, աննախադեպ բարձր մակարդակի փոխգործակցություն՝ Իրանի հետ, իսկ ռազմավարական գործընկերություն՝ Վրաստանի հետ։

Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է, երկիրը հաղթահարել է կորուստների փուլը, և հավասարակշռված քաղաքականության իրականացումը դարձել է իրականություն։

Այսպիսով, Հայաստանը շարունակում է զարգացնել սերտ համագործակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ, ռազմավարական գործընկերություն է հաստատվել Միացյալ Նահանգների հետ, փոխգործակցությունը խորանում է Հնդկաստանի հետ, իսկ Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։

Սարդարապատից Արամ Մանուկյանի տուն․ այսպիսին է հայ ժողովրդի վերաբերմունքը Առաջին հանրապետության

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը.

Հայ ժողովրդի վերաբերմունքը իր անկախ պետության նկատմամբ կարելի է դիտարկել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից մեկի՝ նրա խորհրդանիշ Արամ Մանուկյանի տան միջոցով։

Այս բոլոր տարիների ընթացքում Արամ Մանուկյանի տանը այդպես էլ չի ստեղծվել տուն-թանգարան, որտեղ Հայաստանի քաղաքացիները և հյուրերը կարող էին ուսումնասիրել Առաջին Հայկական Հանրապետության ստեղծման պատմությունը։ Այս պատմությունը խնամքով թաքնված է պատմական կլիշեների և տարբեր մեկնաբանությունների հետևում՝ խորապես թաղելով գլխավոր իմաստը՝ հայ ժողովրդի քաղաքական կամքը՝ վերստեղծելու պետականությունը Հայկական լեռնաշխարհ կոչվող հողի վրա։

Ցանկացած այլ երկրում, որտեղ պետականությունը համարվում է բարձրագույն արժեք, Արամ Մանուկյանի տունը կվերածվեր խորհրդանիշի, ուխտատեղիի։

Սակայն Հայաստանի պետականության վերականգնումից ավելի քան 100 տարի անց, միայն վայրի աճած ծառեր կարելի է տեսնել Երևանի կենտրոնում գտնվող Արամ Մանուկյանի տան կոտրված պատուհաններից, իսկ նրա ստեղծած Հայաստանի պետականությունը՝ ոչնչացման սպառնալիքի տակ։

Իսրայելը ակնարկում է, որ Հայաստանը չի գոյատևի առանց ինքնության համար պայքարի

Իսրայելի անկախության 77-ամյակի կապակցությամբ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով երեկ Երևանում անցկացվել է դիվանագիտական երեկույթ՝ Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի ու Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի համատեղ ջանքերով։

Իսրայելի դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ–իսրայելական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության իրական հնարավորություն կա։

«77 տարի առաջ չնայած բոլոր փորձություններին, հրեա ժողովուրդը հառնեց աքսորի եւ ոչնչացման մոխիրներից՝ վերագտնելու իր ինքնիշխանությունն իր հայրենիքում։ Այս դժվար ժամանակներում մենք նաեւ ուժ ենք գտնում ամբողջ աշխարհում մեր ունեցած բարեկամանական կապերից եւ այդ բարեկամների շարքում է Հայաստանը։ Թեեւ մեր երկկողմ հարաբերությունները դեռեւս զարգացման փուլում են եւ ոչ առանց բարդությունների, ես համոզված եմ, որ համագործակցության իրական հնարավորություն կա։ Միշտ չէ, որ մենք համակարծիք ենք, բայց միշտ էլ կարող ենք խոսել իրար հետ եւ խոսելը կարեւոր է։ Մեր երկու ժողովուրդները, լինելով հինավուրց ազգեր եւ պատմականորեն ենթարկվելով հալածանքների, գիտեն՝ ինչ է նշանակում գոյատեւել՝ չնայած բոլոր փորձություններին, եւ ինչ է նշանակում պայքարել ինքնության, արժանապատվության եւ ազատության համար։ Հենց սա է հիմք ձեւավորում փոխադարձ հարգանքի համար»,– ասաց Յոեյ Լիոնը։

Իսրայելի դեսպանի պայքարի անհրաժեշտության մասին խոսքերը հնչում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ հայկական իստեբլիշմենթի պարտվողական քաղաքականության հետևանքով կորսվեց հայկական հողերի մի մասը, իսկ հայկական պետականությունը սպառնալիքի տակ է։ Իսրայելի դեսպանը, իհարկե, չի նշել, որ իր երկիրը նրանց կողքին է, ովքեր չեն թաքցնում Հայաստանը ոչնչացնելու իրենց նպատակը։

Նշենք, որ դեսպանատան կազմակերպած միջոցառմանը Կառավարությունից ներկա էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՔՊ խմբակցությունից Արմեն Խաչատրյանը, Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց։ «Հայաստանը պատրաստ է քննարկել Իսրայելի հետ ցանկացած երկխոսության, հարաբերությունների խորացման հնարավորություն, մարդկային կապերի ամրապնդման, տնտեսական, հումանիտար եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղություններով։ Այսօր մենք այստեղ ենք՝ վերաարժեւորելու մեր հարաբերությունները եւ նայելու ապագային, թող այսօրը լինի նոր սկզբի հնարավորություն՝ երկու հինավուրց, փորձություններով անցած ժողովուրդների համար»։

Ուկրաինան հարձակվել է Դուբնայի, Զելենոգրադի և Տուլայի ռուսական ռազմական գործարանների վրա

Այսօր՝ մայիսի 28-ին, վաղ առավոտյան, անօդաչու սարքերը կրկին զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի մարզի տարածքում: Այս անգամ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության կարևոր պաշտպանական օբյեկտներին՝ էլեկտրոնիկա և անօդաչու սարքեր արտադրող ձեռնարկություններին, հաղորդում է Dialog.UA ռեսուրսը։

Դուբնայի տեղի բնակիչները ականատես են եղել Կրոնշտադտի գործարանի վրա անօդաչու սարքերի հարձակմանը: Նրանք առցանց տեսանյութեր են տեղադրում՝ մեկնաբանություններով, որ «գործարանը կրկին հարված է ստացել»:

«Լավ» անօդաչու սարքերը հարձակվել են նաև Զելենոգրադի Էլմա տեխնոլոգիական պարկի վրա: Տուլայի բնակիչները արդեն երրորդ գիշերն անընդմեջ բողոքում են «հարվածներից»:

Գերմանիայի իշխանությունները խստացնում են քննադատությունը Իսրայելի գործողությունների նկատմամբ Գազայում

DW

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է կառավարությունում բանակցություններ վարելու ծրագրերի մասին՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Երեքշաբթի՝ մայիսի 27-ին, Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ «շատ, շատ քննադատաբար է մոտենում վերջին օրերին տեղի ունեցածին»: «Մենք ցնցված ենք քաղաքացիական բնակչության ճակատագրից և սարսափելի տառապանքներից», – նրա խոսքերն են մեջբերում AFP-ի լրագրողները:

Նրանց խոսքով՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը խոստացել է «ակտիվացնել» բանակցությունները Իսրայելի իշխանությունների հետ այս հարցի շուրջ: Նա չի մանրամասնել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Իսրայելի դեմ. «Հարցը, թե ինչ կձեռնարկվի, կառավարությունում ներքին խորհրդակցությունների առարկա է», – ասել է նա և մանրամասնել, որ որոշումները «չեն հրապարակվի», նույնիսկ եթե դրանք հաստատվեն, հաղորդում է AFP-ն:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նույնպես միացավ Իսրայելի Գազայի հատվածի նկատմամբ քաղաքականության քննադատությանը: WDR-ին տված հարցազրույցում նա ասաց, որ Բեռլինին չի կարելի ստիպել համերաշխություն ցուցաբերել հրեական պետության հետ. «Մեր վճռական պայքարը հակասեմիտիզմի դեմ և Իսրայել պետության գոյության իրավունքի ու անվտանգության մեր լիակատար աջակցությունը չպետք է օգտագործվի Գազայի հատվածում ներկայումս մղվող հակամարտության և պատերազմի շահերից ելնելով», – ասաց նա՝ հավելելով, որ մտահոգված է պաղեստինյան անկլավի քաղաքացիական բնակչության իրավիճակով: «Մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ պետք է շատ ուշադիր մտածենք մեր հաջորդ քայլերի մասին», – շարունակեց քաղաքական գործիչը:

Գերմանիայի ֆինանսների նախարար և սոցիալ-դեմոկրատների փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող կոալիցիան նախատեսում է մեծացնել քաղաքական ճնշումը Իսրայելի վրա: Նրա խոսքով՝ Բեռլինը պետք է հստակեցնի, որ տեղի ունեցողը «այլևս անընդունելի է»:

Ինչպես հաղորդում է AFP-ն երեքշաբթի՝ մայիսի 27-ին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները Գազայի հատվածում որակել է որպես «նողկալի»: «Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների սրացումը, որը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տեղահանված պաղեստինյան ընտանիքների համար ապաստան ծառայող դպրոցը, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, նողկալի է», – ասել է նա:

Ֆոն դեր Լեյենը պարզաբանեց, որ ԵՄ-ն «միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Իսրայելի անվտանգության և ինքնապաշտպանության իրավունքին», սակայն «այս սրացումը և քաղաքացիական բնակչության դեմ ուժի անհամաչափ կիրառումը չեն կարող արդարացվել մարդասիրական և միջազգային իրավունքով»։ Քաղաքական գործիչը նաև պահանջեց, որ Իսրայելը «անհապաղ վերսկսի մարդասիրական օգնության մատակարարումը՝ համաձայն մարդասիրական սկզբունքների, ՄԱԿ-ի և այլ միջազգային մարդասիրական գործընկերների մասնակցությամբ»։

Արցախի նախագահին մեքենայի գործերով մեկ տարի է՝ որևէ մեկին չեն հարցաքննում

Ռոման Երիցյան-ը գրում է․

Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները յուրացնելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։

Երեկ նաև հիշեցի, որ այդ գործերով տեղի է ունեցել նախադեպը չունեցող դեպք։ Մասնավորապես՝ մեկ քննիչ իր վարույթի շրջանակում մեկ այլ քննիչից առգրավել է արդեն իսկ առգրավված ավտոմեքենան։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև առաջին առգրավումը ճանաչվում էր ոչ իրավաչափ և կար վտանգ, որ մեքենան պետք է վերադարձվի։ Ուստի նախաձեռնվեց նոր վարույթ և տեղի ունեցավ «առգրավում քննիչից» գաղտնի օպերացիան, որի մասին մեզ անգամ չեն իրազեկել։

Է՜, այնքան ասելու բան կա, որ գրեմ՝ շատ երկար կստացվի։

Բերդաշեն․ Արցախի տարեգրություն

Արցախի յուրաքանչյուր գյուղ քարտեզի վրա պարզապես մի կետ չէ, այլ հայկական մշակույթի կենդանի պահոց։ Եվ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը բացառություն չէ։

Այստեղ պահպանվել են բազմաթիվ պատմական սրբավայրեր՝ եկեղեցիներ, խաչքարեր և հին շենքերի մնացորդներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է դարերի հետքը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի հուշարձաններից մինչև 18-րդ դարը և մեր օրերը՝ դրանք բոլորը Արցախի տարեգրություն են։

Արցախի գրավումից հետո ադրբեջանական իշխանությունները անմիջապես սկսեցին լիակատար վանդալիզմ։ Ամեն ինչ, որ վկայում է հայ ժողովրդի դարավոր ներկայության մասին այս հողի վրա, ենթարկվում է ոչնչացման, պղծման կամ կեղծման։

Հնարավոր է, որ շուտով հայ համայնքը սկսի տագնապ հնչեցնել Բերդաշենի վերաբերյալ։

Step1.am-ը ներկայացնում է Բերդաշենի եզակի ժառանգության միայն մի փոքր մասի լուսանկարներ։

Ալվարդ Գրիգորյան

Էրդողանն ու Պակիստանի վարչապետը վաղը կմեկնեն Բերձոր

Թուրքիայի և Պակիստանի առաջնորդներ՝ Ռեջեփ էրդողանը և Շահբազ Շարիֆը, Իլհամ Ալիևի հետ միասին վաղը կմասնակցեն Լաչինում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքական պետական լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախագահ Էրդողանը ավելի վաղ մասնակցել էր նաև Ֆիզուլիիի և Զանգիլանի օդանավակայանների բացման արարողությանը։

2020-ից ի վեր Ալիևը երեք օդանավակայն է կառուցել բռնազավթած տարածքներում, խոսում են նույնիսկ Ստեփանակերտի օդանավայկայանի շահագործման մասին։

eurasianet.org -ի տվյալներով, 2020-ից միայն 13 հազ. մարդ է բնակություն հաստատել Արցախում, թեկուզ “վերականգնման և վերադարձի ” համար Ալիևն արդեն 10 մլրդ․ դոլար է ծախսել։

Նորագույն պատմության մութ էջերից. ինչ է կատարվել 1990-ի այս օրը Էրեբունիում

Taron Hakobyan-ը գրում է.

Ուղիղ 35 տարի առաջ այս օրը՝ 1990-թվականի մայիսի 27-ին, ժամը 8:30-ի կողմերը Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում զինված բախում տեղի ունեցավ խորհրդային զորքերի և հայկական ինքնապաշտպանական կազմավորումների մարտիկների միջև։
Սպանվեցին 6 հայորդի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։
Այնուհետեւ երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակից ավել ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային զորքերը նույնպես տվեցին կորուստներ:
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին
Հ. Գ. Երկու օր անց «Հայք» թերթը գրել է, որ խորհրդային զինվորները Երեւանի թաղամասերից մեկում անկանոն կրակ են բացել բնակելի շենքերի ուղղությամբ։ Ավելի ողբերգական հետևանքներից խուսափել են տեղի ղեկավարության և խորհրդային զորքերի հրամանատարության միջև ուղիղ բանակցությունների շնորհիվ։
Ըստ պաշտոնական՝ Կոմկուսի տեսակետի` սպանվածները փորձել էին Կապան-Երևան գնացքն ուղեկցող զինվորական պահակախմբից խլել զենքը: Կայարանից հեռանալուց հետո զինվորականները շրջապատում են Էրեբունի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել էին սպանվածների մարմինները:
Նույն օրը զինված մի խումբ փորձում է փակել Նուբարաշենից Երևան տանող խճուղին: Զրահապատ մեքենաները գրոհում են դեպի Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ բացում. սպանվում է 17, վիրավորվում մի քանի տասնյակ քաղաքացի, զոհվում է նաև մեկ սպա: Մայիսի 28-ին գնդակոծվում է ՀՀՇ-ի շենքը, սպանվում է մի հայ երիտասարդ:
«Խորհրդային Հայաստան» օրաթերթը մայիսի 29-ի համարում գրել է․ «Մայիսի 27-ին Երևանում անպատասխանատու անձանց հրահրած ողբերգական իրադարձությունների հետևանքով, նախնական տվյալների համաձյան, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մեկ սպա: Կան մեծ թվով վիրավորներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմը Գերագույն խորհրդի նախագահությունը և Նախարարների խորհուրդը խորը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին: Մայիսի 29-ին հանրապետությունում սուգ հայտարարել»:

Փաշինյանը բաց խոսում է Սահմանադրությունը փոխելու և 1989 թվականի որոշումից հրաժարվելու մասին

Երեկ «Երևանի երկխոսության» ֆորումի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ «խաղաղության պայմանագիրը» հակասում է Սահմանադրությանը, ապա ինքը կնախաձեռնի Սահմանադրության փոփոխություն և կհամոզի հասարակությանը, որ դա անհրաժեշտ է երկարատև խաղաղության համար։

Փաշինյանի խոսքերը վերնագրեր դարձան բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներում, որոնք, ըստ երևույթին, սա համարեցին դեպի ինքնիշխանություն ձգտման աննախադեպ դրսևորում։

Հիշեցնենք, որ Բաքուն և Մոսկվան բացահայտ պահանջներ են ներկայացնում Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, մինչդեռ Անկարան դիվանագիտորեն հորդորում է, որ Հայաստանը «կատարի Բաքվի պայմանները» խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Սահմանադրության փոփոխությունը, նախևառաջ, նշանակում է հրաժավել Անկախության հռչակագրին հղում անելուց, որտեղ որպես Հայաստանի ինքնիշխանության հիմքերից մեկը նշվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունները՝ կապված Ցեղասպանության հետևանքների վերացման հետ։

Դատելով Բաքվի և Մոսկվայի պահանջներից, նրանց տարածաշրջանային էքսպանսիայի ամենամեծ խոչընդոտը՝ 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումն է։ Նույնիսկ Արցախի տարածքի օկուպացիան և բնակչության տեղահանությունը չնվազեցրեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման նշանակությունը Բաքվի և Մոսկվայի համար, քանի որ դա, ըստ էության, բարձրագույն իրավունքի՝ ժողովրդի իր հողի նկատմամբ իրավունքի իրականացումն է։

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ձևացնի, թե ինքը որևէ կապ չունի Արցախի հետ, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կապ չունի 1989 թվականի որոշման հետ, և ընդհանրապես՝ որտե՞ղ է Քուրը, որտե՞ղ է իմ տունը։

Նույն ֆորումի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը վերջերս բախվել է «էթնիկ զտումների իր սահմանների մոտ»։ Այսինքն՝ 1988 թվականից ի վեր հայկական պետական ​​տարածքի մաս կազմող Արցախը պաշտոնական Երևանի կողմից հանկարծ սկսվել է դիտվել որպես «Հայաստանի սահմաններին մոտ» գտնվող մի բան։

Միևնույն ժամանակ, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Միրզոյանը հետ չեն կանչում Փաշինյանի ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տակ և չեն ասում, որ Փաշինյանն իրականում ստորագրել է փաստաթուղթ այն տարածքների հանձնման մասին, որոնք Հայաստանի սահմանների մեջ չեն։ Ավելին, Հայաստանի դատարանները հազարավոր հայ զինվորների ավելի քան 4 տարի դատում են Արցախում դիրքերը հանձնելու մեղադրանքով։

1989 թվականի որոշումը հիմք է հանդիսանում ոչ միայն Հայաստանի պետականության, այլև մեծ տարածաշրջանի կառուցվածքի համար, քանի որ այն հայ ժողովրդի՝ իր տարածքներին տիրապետելու իրավունքի հռչակման առաջին նախադեպն էր։ Այս իրավունքն անօտարելի է և անվիճելի, այդ իսկ պատճառով Բաքուն պնդում է, որ Հայաստանը կամավոր հրաժարվի այս իրավունքից։ Ավելին, սա վերաբերում է ոչ միայն Արցախին, Նախիջևանին, Կարսին և Արարատ լեռան շրջանին, այլև Սյունիքին և Գեղարքունիքին։ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը Հայաստանի տարածքի 60%-ը համարում է «արևմտյան ադրբեջան»։

Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելուց հետո այս տարածքներին սպառնում է ֆիզիկական ոչնչացում, և հիմա Հայաստանի կառավարությունն, ըստ էության, ասում է. եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, խաղաղություն չի լինի և Հայաստան էլ չի լինի։

Իմաստուն վերլուծաբանները նշում ենսակայն, որ հենց Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի Հայաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկին, արդեն “լեգիտիմ”։