Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտվանից հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողներին ասաց, որ հարցաքննության ինտենսիվությունը պայմանավորված է այս գործի ծավալով։
«Արդեն հայտարարել ենք, թե ինչի վերաբերյալ է նախաձեռնված վարույթը, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուն, առհասարակ սպառանիզնությունը Ադրբեջանին հանձնելու եւ այլ գործողություններին։ Բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ 1-2 օր տեւողությամբ իրադարձություններն իրենցից ենթադրելու են բազմամյա կամ երկար տարիներով վարույթի տեւողություն։ Այսինքն՝ այս վարույթը տեւելու է բավականին երկար, եւ դեռեւս շատ մարդիկ են հարցաքննվելու, շատ գործողություններ են կատարվելու»,- ասաց Երիցյանը։
Հարցին, թե քաղաքական ենթատեքստ չի տեսնո՞ւմ այս գործում, փաստաբանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ ես դեռեւս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալուց։ Ինչո՞ւ, որովհետեւ ինքս կարեւորում եմ այս վարույթի նշանակությունը եւ գտնում եմ, որ, այո, ՀՀ իրավասու մարմիններն այս ամենին պետք է արձագանքեին։ Ես այստեղ խնդիր եմ տեսնում միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025 թվականին»։
Ռոման Երիցյանն ասաց, որ Սամվել Շահրամանյանն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ «Այն բոլոր տվյալները, որոնք մենք հայտնում ենք վարույթն իրականացնող մարմնին, դրանց մասին Արցախի Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է։ Մարդն ընդամենը ներկայացնում է այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց նա։
Ռոման Երցիայնը նաեւ չբացառեց, որ Շահրամանյանին այս գործով կարող են մեղադրանք առաջադրել։ Նա ասաց, որ հայաստանյան իրավապահ համակարգի պայմաններում թե այս վարույթով, թե ընդհանրապես ոչնչից երաշխավորված չեն։ «Այս պահին դրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր քննիչը չունի։ Այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ»,- հավելեց նա։
Նա նշեց, որ Արցախը հանձնել են Հայաստանի իշխանությունները․ «Ցանկացած արցախցու համար, կարծում եմ՝ նաեւ ցանկացած հայ բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է ՀՀ իշխանությունների դիտավորության, թե անփութության գործողություններով»։ «Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը, այլ իրականացվում է նշածս հոդվածներով վարույթ, մասնավորապես, խոսքը վերաբերում է զինվորական անփութության եւ զենք-զինամթերք ու ռազմամթերք թշնամուն հանձնելուն»,- հավելեց փաստաբանը։