Համերգ՝ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուների մասնակցությամբ

Այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է խորհրդանշական համերգ՝ նվիրված բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուներ Գևորգ Պետրոսյանը (կլարնետ) և Արսեն Սաֆարյանը (շեփոր)։

Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու /Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։

Համերգի ընթացքում ներկաները դիտել են բարերար Էդվարդ Ավետիսյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմ։ Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև բարերարի կինն ու զարմուհին։

Նշենք, որ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որի շրջանակում նրանց հնարավորություն է տրվում գեղարվեստորեն ավելի աճելու, զարգանալու և ճանաչում գտնելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես գալու որպես Արցախի մշակութային դեսպաններ։

5 տարվա համապարփակ երաժշտական կրթական ծարգիրը կապահովի երաժիշտների ռեսուրսները և բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը։ Արցախցի 23 երաժիշտների համար անց են կացվում մասնագիտական դասեր Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ, այցելություններ Հայաստանի թանգարաններ, վարպետության դասեր աշխարհի լավագույն արտիստների հետ, օտար լեզուների դասեր, ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական ծախսերի համար։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է և իրականացվում է Արվեստ 23 ՀԿ-ի կողմից։

Մոտ ապագայում արցախցի երաժիշտներ Գևորգ Պետրոսյանը և Արսեն Սաֆարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես կգան արտասահմանում։

Կարինե Բախշիյան

Լիաննա Պետրոսյան․ հունիսի 20-ին ժամը 11-ին եկեք Կառավարության մոտ

Lianna Petrosyan-ը հունիսի 20-ին արցախցիներին հրավիրում է Կառավարության մոտ 

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, տեղահանված արցախցիների խնդիրներով մտահոգ բոլոր անձանց ու կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք ՀՀ Կառավարության մոտ, որտեղ տեղի կունենա բողոքի ակցիա և կհանձնվի օրեր առաջ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակը, որին միացել են հազարավոր Արցախից բռնի տեղահանվածներ։
Տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությունը ցանկալի է։
Միասին ներկարացնենք մեր պահանջները։
Նամակի տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով⤵️
Կիսվելն ու տարածելը խրախուսվում է։

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի դատավճիռը. նա 5,5 տարի կազատազրկվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։

Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5,5 տարի ազատազրկման։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։

Ներգաղթի և անօթևանության խաչմերուկում. Իսրաել-Իրան հակամարտությունը` նոր մարտահրավեր

Իսրաել-Իրան հակամարտությունը նոր մարտահրավերներ է առաջացրել Հայաստանի առաջ։ Իրան-Հայաստան սահմանի հատվածում Իրանի արդեն հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվում են Հայաստան, նրանց այստեղ գալը նոր խնդիրների առաջ է կանգնեցնում սոցիալական վճարներից զրկված արցախահայերի համար։

Լիանա Պետրոսյանը, ով բավական ժամանակ բանակցություններ էր վարում ՀՀ կառավարության հետ՝ արցախցիների անունից, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Հունիսի 18… Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն… Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։ Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։ Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու… Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը…»։

Այս իրադրությունը բացահայտում է մի շատ խորը ճգնաժամ՝ ոչ միայն սոցիալական ապահովության համակարգի արդյունավետության հարցում, այլ նաև պետական ռազմավարության բացակայությունը՝ միաժամանակ մի քանի ճակատով արձագանքելու նմանատիպ ճգնաժամերին։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները գնալով սրվում են՝ վարձավճարների վճարման անորոշությունից մինչև առօրյա գոյության հնարավորությունների սահմանափակում։ Իսկ այդ ֆոնին Իրանից ներգաղթող նոր ալիքը կարող է էլ ավելի խորացնել սոցիալական լարվածությունը։

Պետությունը պարտավոր է հստակ լուծումներ առաջարկել՝ չմոռանալով իր առաջնահերթ պատասխանատվությունը Արցախի փախստականների նկատմամբ։ Այժմ, երբ հանրային ռեսուրսների բաշխման շուրջ մրցակցությունը թափ է առնում, պետք է գործել հավասարակշռված, արդար և երկարաժամկետ ռազմավարությամբ՝ կանխելու համար և՛ հումանիտար, և՛ ազգային անվտանգության ոլորտում առաջացող նոր մարտահրավերները։

Խնդիրը ժամանակավոր օգնության մեջ չէ միայն․ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, պետական կամք և հստակ քաղաքականություն՝ պաշտպանելու համար այն մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ կորցրել են իրենց տունը։ Այսօր նրանք կրկին վտանգի տակ են՝ այս անգամ արդեն պետական անգործության պատճառով։

Մարիամ Սարգսյան

Նախարարությունը հստակ չի ասում, երբ կփոխանցվի արցախցիների 40 հազ․ նպաստը

Արցախից բռնի տեղահանված անձինք դեռեւս չեն ստացել մայիս ամսվա աջակցության գումարը, որը նրանց բանկվարձի գումարն է։ Սոցիալական ցանցերում արցախցիները ահազանգում են, որ վարձով բնակարանների տերերը չեն սպասում, պահանջում են իրենց գումարը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունից մարդկանց հստակ պատասխան չեն տալիս, թե որ օրը կփոխանցվի գումարը։ Նախարարության «թեժ գիծ» զանգած արցախցիներին տեղեկացրել են, որ հաջորդ շաբաթ անպայման կլինի։ Հստակ չեն ասել, թե որ օրը։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը նույնպես անդրադաձրել է այս հարցին։ «Հունիսի 18… Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն։ Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։ Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։ Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու։ Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիաննա Պետրոսյանը։

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ մայիս ամսվա աջակացության գումարը կփոխանցվի հունիսի 18-ից հետո։ Այս մասին տեղեկացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս իրավիճակը հարուցել է արցախցիների դժգոհությունը։ «Չեք տալիս, բարի, վերադարձրեք մեզ մեր երկիր կամ դուք տանտերերի հետ բանակցեք, կամ մեզ ապահովեք բնակարանով»,- գրել է օգտատերերից մեկը։

Նմանօրինակ մեկնաբանություններ շատ են, արցախցիներն ընդգծում են, որ դա իրենց բնակվարձի գումարն է։ «Էս շաբաթ չի լինելու, ասել են Սոցապից։ Ու չեն էլ գիտակցում, որ շատ տանտերեր ժամանակ են տվել մարդկանց՝ կամ մուծել, կամ ազատել բնակարանը։ Ու շատերը իրոք մեծ խնդրի առաջ են կանգնած»,- գրել է արցախցիներից մեկը։

Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն էլ է ահազանգում, որ արցախցիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնել։ Հայրապետյանը ՀՀ կառավարության առաջարկում է 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը շարունակել մինչեւ տարվա վերջ։ Նա սոցիալական ցանցում գրել է․ «Նիկոլ Փաշինյան, բերեք քարերը փեշիցդ թափեք, էդ 40 000 ՀՀ դրամ բնակվարձի փոխհատուցումը շարունակեք գոնե մինչև Նոր տարի։ Իրոք ես և ինձ դիմած բազմաթիվ բռնի տեղահանված մեր հայրենակիցներ լուրջ խնդրի առջև ենք կանգնել»։

Հիշեցնենք, ապրիլի կեսին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է երկու ամսով երկարաձգել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը՝ պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեին պայքարի նպատակով տեղադրված վրանը։ Արցախցիները վրանը հանել էին, ի պատասխան կառավարությունը ապրիլ-մայիս ամիսների համար նույնպես արցախցիներին 40 հազարական դրամ հատկացնելու որոշում է կայացրել։ Բայց փաստացի մայիս ամսվա համար վճարումներն ուշանում են։

Արդեն պարզ է, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու հաջորդ ամիս, երբ աջակցություն այլեւս չի լինի։ Առավել եւս, որ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ Իրանից դեպի Հայաստան հոսքով պայմանավորված՝ Հայաստանում կարող են թանկանալ բնակարանների վարձավճարները։

Անշարժ գույքի ոլորտի մասնագետ Անդրանիկ Հարությունովը մի քանի խորհուրդ է տալիս վարձակալությամբ բնակվող անձանց․ «Իրանից կանխատեսվող հնարավոր միգրացիոն հոսքի ֆոնին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը։ Եթե վարձակալության պայմանագիր չունեք, անպայման կնքեք։ Եթե արդեն ունեք պայմանագիր, ոչ մի դեպքում մի համաձայնեք բնակարանի վարձավճարի միակողմանի թանկացմանը սեփականատիրոջ կողմից։ Նման դեպքերում անպայման դիմեք իրավաբանի։

Մենք ցավալի փորձ ենք ունեցել թե՛ ռուս-ռւկրաինական պատերազմի և թե՛ Արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ, երբ մարդկանց ընտանիքներով վտարում էին բնակարաններից՝ վարձակալներին ավելի թանկ հանձնելու ակնկալիքով։ Շեշտում եմ՝ խոսքը հավանական և կանխատեսելի միգրացիոն հոսքի մասին է։ Չեմ ասում, որ դա պարտադիր տեղի է ունենալու, բայց պետք է հաշվի առնել, որ իրադարձությունները զարգանում են շատ արագ»։

Ռոզա Հովհաննիսյան

Անաստաս Իսրայելյանը արցախցիներին հավաքի կոչ է անում

Հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը, ով վերջերս նշել է, որ հեռացել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ից, հայտարարությամ է հանդես եկել՝ վաղը՝ հունիսի 19-ին կառավարության դիմաց հավաքվելու կոչով։

Նրա խոսքով, մարտի 29-ի բազմահազարանոց հավաքի պահանջները մինչ օրս կատարված չեն, ինչը արտագաղթի նոր ալիք կարող է բարձրացնել։

«Սոցիալապես այսքան վատ վիճակում գտնվող ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն այստեղ։ Մեր հարցերի պատասխանները պետք է ստանանք, սոցիալական աջակցությունները կտրել են եւ արհամարհում են ցեղասպանությունից մի կերպ փրկված ժողովրդին»,- տեաուղերձի ընթացքում նշել է նա։

Իսրայելյանը նշում է, որ արցախցիների նպատակը հավաքական վերադարձն է, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արցախահայերը մնան հայրենիքում եւ պայքարեն վերադարձի իրավունքի համար։ Զրկվելով սոցիալական՝  բնակարանային վարձակալության համար տրվող նպաստից, շատերը ստիպված են արտագաղթել։

Հիշեցնենք, որ պայքարի խորհրդանիշ համարվող վրանի՝ Օպերայի հրապարակից հեռացնելու պայմաններից մեկը 2 ամսով սոցիալական վճարների երկարաձգումն էր, որից հետո առաջարկվում է սոցիալական այլ ծրագիր, որը սակայն ոչ մի կերպ չի կարղ փոխարինել նախորդ՝ 40+10 ծրագրին։

Արցախի նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։
Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.
• Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը,
• Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը,
• Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։
ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
18.06. 2025թ
Երևան

Սյունիքի հետ կապված վտանգի մասին հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված. Փաշինյան

«Վերջին մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում երևի անվտանգության խորհրդի 4, 5, 6 նիստ է հրավիրվել, բայց հաղորդագրություններ չեն լինում», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար», – հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, և «ինչպես ասել եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:

Վերականգնվել է Արցախի զոհված զինվորների թանգարանի կայքը. kniga.am

Armenian Global Community-ն հայտարարում է «ԼՂՀ զոհված զինվորների փառքի տարեգրություն» (kniga.am) կայքի վերականգնման մասին, որը նվիրված է ազգային-ազատագրական պայքարում զոհված և անհետ կորած Արցախի պաշտպանների, ինչպես նաև Հայրենիքի համար զոհված քաղաքացիական անձանց և կամավորների հիշատակին։

Կայքը անհասանելի էր Արցախի բոլոր պաշտոնական ռեսուրսների փակումից հետո, որտեղ այն նախկինում տեղակայված էր։ Ռեսուրսի վերականգնումը հնարավոր դարձավ բացառապես հոգատար մարդկանց ջանքերի շնորհիվ՝ առանց պաշտոնական մարմինների հետ կապվելու։ Նախաձեռնությունը և տեխնիկական իրականացումը իրականացվել են Armenian Global Community-ի աջակցությամբ։

Նախագիծը հիմնված է Գալյա Առուստամյանի կողմից հավաքված և կազմված համանուն գրքի վրա, որը Գարիկ Պողոսյանի նախաձեռնությամբ ռուսերեն է թարգմանել Նաիրա Ստեփանյանը։ Սա պարզապես կենսագրական ժողովածու չէ, այլ պայքարի և անձնազոհության կենդանի տարեգրություն, լեգենդ դարձած հերոսների ձայնը։

Կայքը հասանելի է նախկին հասցեով՝ kniga.am՝ առանց բովանդակության փոփոխությունների։

Հավերժ փառք Ազատության և Անկախության համար զոհվածներին։

ԱԺ–ում կա ՀԷՑ–ն ազգայնացնելու օրինագիծ, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում կա իրավակարգ եւ դրա շրջանակներում կարծում եմ՝ ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է.մեր մասնագետները քննարկում են, ԱԺ–ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է. ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործողություններ է անելու Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ ինչպես է վեհարանից դուրս բերելու կաթողիկոսին։

«Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն։ Կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է»,–ասաց նա։

Մինչդեռ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել:

Բոլորը բացում են աչքերը, ԱԱԾ պետը ազատվել է աշխատանքից, իսկ Սամվել Կարապետյանը դեռ չի հրաժարվել ՀԷՑ-ից

Հայաստանում իրադարձությունները զարգանում են լիովին կանխատեսելի սցենարով. ինչ-որ բան տալու համար նախ պետք է տիրանալ դրան։ Ինչպես դա արվեց Արցախի հետ, երբ Փաշինյանը նախ ասաց, որ Արցախը Հայաստան է՝ ստանալով իշխանություն Արցախի նկատմամբ, ապա, որպես “սեփականատեր”, հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Նույն գործընթացն այժմ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու կալվածքների և ազգային ակտիվների, մասնավորապես՝ ՀԷՑ-ի հետ։ «Իր» կաթողիկոսին նշանակելուց հետո Փաշինյանը կարող է տիրանալ եկեղեցու հսկայական ունեցվածքին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, այդ թվում՝ Երուսաղեմում։

Պետության մոտ գրանցված եկեղեցիների և վանքերի մոտ մեկ քառորդը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախ պետք է տիրանալ դրանց, ապա հանձնել ում պետք է։

Նույնը կատարվում է նաև «Հայկական էլեկտրական ցանցերի» հետ։ «Էլեկտրական ցանցերի» և «Տաշիր խմբի» սեփականատեր, Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի առաջատար Սամվել Կարապետյանը դեռևս ազատ չի արձակվել։ Նրա եղբայրն ու եղբորորդին լքել են ոստիկանության շենքը, իսկ Սամվելի տեղը անհայտ է։

Բայց առավոտը եկավ, բոլորը բացեցին աչքերը, և պարզվեց, որ Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը ազատվել է աշխատանքից։ Ըստ երևույթին, նրան չի հաջողվել համոզել Սամվել Կարապետյանին ինքնակամ հրաժարվել «Էլեկտրական ցանցերից»։ Իսկ մինչ այդ նա չի հասցրել Կարապետյանի դեմ գործ հարուցել, և ստացվել է, որ Սամվել Կարապետյանին պարզապես անօրինական կերպով առևանգել են։

Անկարա այցի նախօրեին. Ում համար են «մասնավորեցվելու» Հայաստանի էլեկտրացանցերը

Ռուս միլիարդատեր և բարերար, «Տաշիր» խմբի և «Հայկական էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանը գիշերը ձերբակալվել է։ Երբ նա դուրս էր գալիս իր տնից՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետi ուղեկցությամբ (ԱԱԾ-ն այդպես էլ դուրս չի եկել ռուսական ԿԳԲ-ի համազգեստից), Կարապետյանը իր բազմաթիվ կողմնակիցներին ասել է, որ շարունակելու է մնալ եկեղեցու հետ և որ թքած ունի «նրանց և իրենց Էլեկտրական ցանցերի վրա»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր հանկարծակի հարձակումները պայմանավորված են հայ քահանաների անարատության մասին մտահոգությամբ, իսկ խորհրդարանում նրա խմբակցության ղեկավարը նշում է, որ Կարապետյանի դեմ հարձակումները կապված են այն փաստի հետ, որ ժամանակն է մտածել «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ազգայնացման մասին։

Սակայն իշխանամետ պատգամավորներն ու պաշտոնյաները չեն թաքցնում իրենց գրառումներում, որ խոսքը Հայաստանի Ռուսաստանից անջատման մասին. Փաշինյանի մամուլի քարտուղարը ուղղակիորեն ասում է, որ Հայ եկեղեցու կողմնակիցները գործում են «հյուսիսից եկած մետոդիչկաներով»։ Իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալության և «Էլեկտրական ցանցերից» նրա հավանական հրաժարման վերաբերյալ պնդում են, որ սա իբր Հայաստանի ցանկալի ազատագրումն է Ռուսաստանից։

«Ռուսաստանից ազատագրումը» ինքնիշխան Հայաստանի օգտին ենթադրում է մի փոքր այլ մեթոդներ, օրինակ՝ Կարսի պայմանագրի վերանայման պահանջը, «Գազպրոմի» հետ ստրկական պայմանագրերի, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ միջպետական ​​համաձայնագրերի վերանայումը, ինչպես նաև Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին գրված հայտարարության ռեվիզիան։

Սակայն այս քայլերի փոխարեն Ռուսաստանից «խլում» են այն, ինչը սահմանմամբ չի կարող ռուսական լինել՝ Հայկական եկեղեցին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող օլիգարխին պատկանող ազգային ակտիվները։ Նույնիսկ Գարեգին կաթողիկոսի Ռուսաստանի հետ սերտ կապերի պայմաններում Հայ Առաքելական եկեղեցին մնում է միակ ազգային ամրոցը, որը մինչ օրս պահպանում է հայկական պետականությունը։

Կասկած չկա, որ Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի Հայկական էլեկտրացանցերից հրաժարվելուց հետո, և Մոսկվան դա չի համարի ոտնձգություն ռուսական կապիտալի նկատմամբ Հայաստանում։ Ինչպես որ արձագանք չեղավ Մոսկվայից այն փաստին, որ Բաքվի բանտում նստած մեկ այլ ռուսաստանյան միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ամերիաբանկի նկատմամբ իր իրավունքներից, և այն անցավ Լոնդոնում գրանցված վրացական ընկերությանը, որը, ենթադրաբար, ուներ ադրբեջանական կապիտալ։

Հատկանշական է, որ եկեղեցու վրա հարձակումները և հայկական էլեկտրացանցերի «կուլակաթափումը» տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի Անկարա հաստատվելիք այցից մի քանի օր առաջ։ Տեղի է ունենում Հայաստանի «հանձնումը» Ռուսաստանից Թուրքիային, որը փաստագրվել էր Արցախի Ակնայի ռուս-թուրքական կենտրոնում։ 2024 թվականի գարնանը, բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, կենտրոնը փակելով՝ ռուս գեներալը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ռուսական զինվորականները կատարել են իրենց առաջադրանքը և «ազատագրել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»։

Սա հայկական պետականության առաջին ամրոցի՝ Արցախի հանձնումն էր, որը հազարամյակներ շարունակ եղել է հայերի՝ իրենց հողի հանդեպ իրավունքների ամրոց։ Հիմա եկել է այլ ամրոցների հանձնման ժամանակը՝ հայկական եկեղեցու և ազգային ակտիվների։

Եկեղեցու հետ կապված՝ Պոկսո պատրիարք Սահակ Մաշալյանն արդեն արտահայտվել է․ իմիջայլոց նրան նշանակել է Էրդողանը և նրան անվանում են ապագա նոր Հայոց կաթողիկոս՝ Հայ եկեղեցու կենտրոնը Էջմիածնից Պոլիս տեղափոխելով։ Արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ եթե ընտրություն լինի պետությանը կամ եկեղեցուն աջակցելու միջև, նա կանցնի եկեղեցու կողմը։ Նա նաև ասաց, որ Գարեգին Բ կաթողիկոսը շատ է հոգնել այս ամենից։ Այնպես որ, կաթողիկոսի հրաժարականը բացառված չէ։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա արևելյան դիվանագիտության մեջ ընդունված է թանկարժեք նվերներով գնալ սուլթանի մոտ, և հնարավոր է, որ շուտով հայկական էլեկտրական ցանցերը կկառավարվեն, ասենք, «Չալըք Էներջի»-ի կողմից։ Իսկ հայկական ԱԷԿ-ը, Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցված Աքքույու ԱԷԿ-ի հետ միասին, կդառնան տարածաշրջանային թուրքական միջուկային «խաղաղ» ծրագրի մաս։

Ինսայդերները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամանակն ու տեղը կքննարկի Անկարայում՝ կամ աշնանը ԱՄՆ-ում, կամ դեկտեմբերին ԱՄԷ-ում։ Ասում են, որ Փաշինյանին հաջողվել է օրակարգից հանել Սահմանադրության փոփոխությունների հարցը՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել իր իշխանության կորստի։

Բացի այդ, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, նա խոստացել է մինչ այդ «մասնավորեցնել» Հայ եկեղեցին, իսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո բարձրացնել 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Մինսկի խմբից հրաժարվելու հարցը։

Նման քայլերի հետևանքները որևէ կապ չեն ունենա Հայաստանի ինքնիշխանության և Ռուսաստանից նրա ազատագրման հետ։ Իսկ Մինսկի խմբի մերժումը կնշանակի միջազգային անվտանգության համակարգից հրաժարում և տարածաշրջանային, այսինքն՝ թուրքական անվտանգության հովանոցի նախապատվություն։