Արարատ Միրզոյանը զանգել է ԵԱՀԿ․ Հայաստանն այլևս ապավինում է Թուրքիային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

“Վերջին զարգացումների” մասին օրերս Պրահայում խոսել է Նիկոլ Փաշինյանն, ով հայտարարեց, որ Հայաստանը կփորձի մինչև տարվա վերջ Բաքվի հետ ստորագրի “խաղաղության համաձայնագիր” և հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Ըստ երևույթին, իրան-իսրայելական հակամարտությունը արագացրեց գործընթացները, և Հայաստանը ավելի շուր կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Մինչ օրս այդ կառույցը ինչ-որ չափով Հայաստանի պաշտպանն է, սակայն պաշտոնական Երևանը այլևս ապավինում է Թուրքիային։

Հունիսի 20-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Անգորա, որտեղ նա հաստատ չի գնում պայմաններ առաջարկելու։

Արդեն այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X–ում։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Այդ հարցերից մեկն է՝ հրաժարվել Մինսկի խմբից։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հաստատ դեմ չի լինի։

Նեթանյահու․ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը «կավարտի հակամարտությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը «չի սրի հակամարտությունը», այլ «կավարտի այն»։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է ի պատասխան ABC News-ի հարցման՝ մեկնաբանելու այն հաղորդագրությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագիրը՝ վախենալով, որ դա կսրացնի հակամարտությունը։

««Հավերժ պատերազմ» է ուզում Իրանը, և դա մեզ հասցնում է միջուկային պատերազմի եզրին։ Իրականում Իսրայելն ամեն ինչ անում է դա կանխելու, այս ագրեսիան վերջ տալու համար, և մենք դա կարող ենք անել միայն չարի ուժերին դիմակայելով», – ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին, թե արդյոք Իսրայելը իրականում պատրաստվում է հարձակվել Իրանի գերագույն առաջնորդի վրա, Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելը «անել է այն, ինչ պետք է անի»։ Առանձին, վարչապետը նշել է, որ Իսրայելը թիրախավորում է առաջատար միջուկային գիտնականներին։

«Արդեն ակնհայտ է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ցույց»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այս օրերին հանդիպումներ է անցկացնում մարզերում բանկվող արցախցների հետ։ Իսկ հունիսի 23-ին հայտարարելու են պայքարի նոր փուլ սկսելու մասին։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին հանդիպումները շարունակելու են այն համայնքներում, որտեղ բնակվում են մեծ թվով արցախցիներ։ «Այնուհետեւ կամփոփենք արդյունքները, հետագա քայլերը մանրամասն կներկայացնենք։ Բայց արդեն ակնհայտ է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ցույց, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ մնացել են անբավարար»,- ասաց նա։

Օրերս խորհրդի անդամները հանդիպում են անցկացրել Մասիս համայնքում, ըստ Սայիդա Պողոսյանի, արցախցիները բոլորն էլ հասկանում են, որ այն հարցերը, որոնք առաջ են քաշվել, արդար են եւ պետք է ստանան լուծումներ։ Այսինքն՝ մարդիկ պատրաստ են պայքարի։ Սայիդա Պողոսյանն ասաց, որ միայն սոցիալական հարցերը չէ, որ հետաքրքրում են մարզերում բնակվող արցախցիներին։ Խորհրդի առաջ քաշած 12-13 կետերի ուղղությամբ մարդիկ պատրաստ են աշխատանք տանել ու պայքարել իրենց իրավունքների իրացման համար։

Սոցիալական աջակցության ծրագրերի կրճատման հետեւանքով, Սայիդա Պողոսյանի խոսքով, արցախցիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնում։ «Իրենք միշտ էլ աշխատում են, այն աջակցությունը, որը ստանում էին, դրանով վճարում էին տան վարձը, իսկ աշխատած գումարով ապրում էին։ Իսկ հիմա, եթե աջակցությունից զրկվեն, չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում։ Մեր միակ մտահոգությունն այն է, որ արցախցիները Հայաստանը չլքեն, որովհետեւ Հայաստանը լքելու դեպքում կփակվի նաեւ Արցախ վերադարձի խնդիրը։ Չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Միայն Մասիսի շրջանում ապրում է մոտ 7500 արցախցի։ Իսկ դա մեծ թիվ է, քիչ չէ։ Ասացին, որ փորձում են աշխատել, ամեն աշխատանք էլ կատարում են, միայն թե գիտեն, որ իրենց ընտանիքն են պահում, իրենց հայրենիքում են մնում, իրենց եղբայրների գերեզմաններին են այցելում»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանի հարևան Հայաստանը ոչ մեկին չի հետաքրքրում, չնայած սպառնալիքներն աճում են

Աշխարհի առաջնորդները ակտիվորեն զանգահարում են միմյանց՝ քննարկելու Իսրայելի հարձակումը Իրանի վրա, որը, ինչպես պարզվում է, այլևս դաշնակիցներ չունի: Ամեն դեպքում, ոչ մի երկիր պաշտոնապես չի հայտարարել, որ պատրաստ է կռվել Իրանի կողմից։

Հակառակը՝ վերջերս Իրանի հետ ռազմավարական համաձայնագիր ստորագրած Պուտինը զրուցում է Էրդողանի հետ, ով հետո զանգահարում է Ալիևին և Թրամփին, Թրամփը ինքը զրուցում է Պուտինի հետ, ով հետո զանգահարում է Նեթանյահուին և Պեզեշկիանին: Միայն Հնդկաստանի արտգործնախարարն է զանգահարել Հայաստան, մնացածը անհրաժեշտ չեն համարել հրապարակայնորեն հարցնել, թե ինչպես են ընթանում գործերը մի երկրում, որը չափազանց կախված է Իրանի հետ կապերից։

Հայաստանի չորս սահմաններից միայն երկուսն են բաց՝ Իրանի և Վրաստանի հետ: Դեռ Իրանի դեմ ագրեսիայից առաջ լուրջ խնդիրներ էին սկսվել հայկական արտադրանքի Վրաստան, իսկ այնտեղից՝ Ռուսաստան արտահանման հետ կապված: Խնդիրներ առաջացան ծաղիկների, կոնյակի և մրգերի հետ: Մասնավորապես, ինչպես պարզվեց, հայկական ծիրանով բեռնատարները 10 օր է, ինչ կանգնած են Ռուսաստանի սահմանին:

Այսօր հայ պաշտոնյաները խոստովանեցին, որ հայկական բեռները մնացել նաև են Իրանի Բանդար Աբբաս քաղաքում։

Իրան-Իսրայել հակամարտության հետ կապված՝ Հայաստանը քննարկում է տնտեսական զարգացման տարբեր, այդ թվում՝ ռիսկային սցենարներ, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բարձր ռիսկի դեպքում դիտարկվում է տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղելու հավանականությունը։

«Իհարկե, մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրում են, թե ինչպես կարող է իրավիճակը ազդել լոգիստիկ երթուղիների վրա, չասած ավելի բացասական սցենարների մասին։ Օրինակ, եթե իրավիճակը այնքան սրվի, որ միջազգային ներդրողները սկսեն ռիսկային համարել Հայաստանում ներդրումները հակամարտության պատճառով։ Սա նաև կարտացոլվի մեր տոկոսադրույքների վրա», – ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, կառավարությունը որևէ դժվարություն չի գրանցում Իրանի հետ մաքսային անցակետերի աշխատանքում և որևէ ուշացում չի տեսնում Հայաստանում պայմանագրային աշխատանքներ կատարող իրանական ընկերությունների աշխատանքում: Սա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը և այլ նախագծերին։

Վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի կարծիքով, եթե Հայաստանի սահմանները Վրաստան-Ռուսաստանի և Իրանի հետ փակվեն, Թուրքիան կարող է «առաջարկություններ» անել Հայաստանին և ներկայացնել իր պայմանները։

Սակայն ոչ միայն Հայաստանի լոգիստիկան կարող է վտանգի տակ լինել։ Մասնագետները խոսում են ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու և Հայաստանի հարավը անեքսիայի ենթարկելու շատ հավանական փորձերի, միջուկային արտահոսքի հնարավորության, այնպես էլ փախստականների հոսքերի մասին, որոնք կարող են հոսել դեպի Հայաստան։

Խոսքը ինչպես Իրանում բնակվող էթնիկ հայերի, այնպես էլ Իրանական Ադրբեջանից եկած էթնիկ թուրքերի մասին է, ովքեր կարող են օգտվել առիթից և ներխուժել Հայաստան։ Ավելին, շատ իրանցի ադրբեջանցիների համար Հայաստանը փակ երկիր չէ, շատերը հաճախ են լինում, իսկ ոմանք նույնիսկ ապրում են այստեղ։

Հատկանշական է, որ նման հեռանկարների ֆոնին Նիկոլ Փաշինյանը նույնպես չի զանգահարում իր գործընկերներին, չնայած կարող էր զանգահարել Մակրոնին կամ Իրանի նախագահին։ Ամեն դեպքում, նման զանգերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Փաշինյանը ինտենսիվորեն պատրաստվում է Անգորա այցելելուն՝ Էրդողանին տեսնելու համար։

Պետք է հրաժարվել սերտիֆիկատների ծրագրից և անցնել փոխհատուցման՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա

Ստեփանակերտ

Արցախից տեղահանվելուց հետո Ժորա Հայրապետյանը ընտանիքով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Նա սովորում է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության բաժնում անընդունելի է համարում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունն Արցախից բռնատեղահանված բնակչության հանդեպ։

 – 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեցին ավելի քան 100000 արցախցիներ։ Նրանք ստիպված եղան լքել իրենց օրինական բնակության և սեփականության վայրերը՝ տներ, հողամասեր, անձնական տնտեսություններ, որոնք իրավական տեսանկյունից գրանցված էին Արցախի կադաստրային համակարգում։

Այսօր այդ անձինք զրկված են ոչ միայն իրենց գույքից, այլև՝ սոցիալական ապահովվածությունից և բնակարանային անվտանգությունից։

Մինչդեռ, ՀՀ կառավարությունը ոչ միայն ուշացած և ոչ ամբողջական է արձագանքում այս ճգնաժամին, այլ նաև որդեգրել է մի շարք հակասական և խտրական մոտեցումներ, որոնք չեն նպաստում փոխհատուցման իրականացմանը։

Առավել խնդրահարույցներից է կառավարության կողմից ներդրված բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը, որը անընդունելի է ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իրական կիրառման հնարավորություններով։ Այս ծրագիրն առերևույթ ներկայացվում է որպես փոխհատուցման մեխանիզմ, սակայն իրականում չունի գույքային իրավունքի համարժեքության երաշխիք, չի ապահովում շուկայական արժեքով փոխհատուցում և չի դիտարկվում որպես փոխհատուցում բռնի կերպով կորցված անշարժ գույքի համար։ Բացի այդ, այն ենթադրում է՝ պայմանավորվածություններ, որոնք մերժում են բռնի տեղահանման ենթարկված անձանց ամբողջական իրավունքների վերականգնումը՝ դարձնելով նրանց ապագան կախված շուկայի տատանումներից և փաստացի դնում պետական վերահսկողությունից դուրս։

Ժորա Հայրապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի ապահովել բռնի տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարանների վարձավճարների, կոմունալ և կեցության ծախսերի փոխհատուցման համակարգված, համապարփակ ծրագիր, ինչը սոցիալական լուրջ լարում է առաջացրել տեղահանված բնակչության շրջանում։

 -Այս խնդիրները կրկնակի մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ Արցախի կադաստրի կոմիտեի էլեկտրոնային գույքային շտեմարանը փոխանցվել է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ինչն իրավական լիարժեք հիմք է՝ պետական փոխհատուցման գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ հստակ նշվում է աջակցության տրամադրման շարունակականության անհրաժեշտությունը ավելի երկար ժամկետներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այսօր չունեն կայուն սոցիալական կարգավիճակ։

Այս կարծիքը փաստում է, որ պետական մոտեցումն առայժմ չի ապահովում այդ մարդկանց իրավունքների, արժանապատվության և կենսապահովման նվազագույն երաշխիքները։

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պարտավոր է՝ անհապաղ հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ և ձևական ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա, առանց քաղաքացիության պարտադրանքի փոխհատուցման ծրագիր մշակել Արցախցիների բնակարանային ապահովման համար և համապատասխանեցնել իր գործողությունները ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերին։

Արցախցիները Հայաստանի Հանրապետության մասնիկ են, և որևէ պետական որոշում չպետք է անտեսի նրանց արժանապատվությունը, իրավունքը և պատմական կապը հայրենիքի հետ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Իրանի դեմ ագրեսիայի ֆոնին Մակրոնը մեկնել է պաշտպանելու Գրենլանդիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կիրակի՝ հունիսի 15-ին, Դանիայի ինքնավար մարզի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ համերաշխություն հայտնեցին Գրենլանդիայի ժողովրդին և իրենց հանձնառությունը նրա ինքնիշխանությանը։

Ֆրանսիայի առաջնորդը շարունակեց. «Ֆրանսիայում և Եվրամիությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիան չի կարելի գնվել կամ պարզապես բռնագրավվել»։

Մակրոնը չի բացատրել, թե ինչու կարող է բռնագրավվել Արցախը, ինչու կարող է Ռուսաստանը բռնագրավել Ուկրաինայի գրեթե մեկ երրորդը, ինչու կարող է Սիրիան դառնալ Թուրքիայի պրոքսի, Գազան կարող է ոչնչացվել, ինչու կարող է Իրանը ենթարկվել Իսրայելի հրթիռային կրակի, և ինչու չի կարող Գրենլանդիան գնվել կամ բռնագրավվել։ Կասկած չկա, որ Էստոնիայի հավանական բռնակցումից առաջ Մակրոնը կհայտնվի Բալթիկայում և կհայտարարի, որ բռնագրավումը թույլատրելի չէ։

Անհավանական է, որ Մակրոնը և որևէ մեկը 2020-2023 թվականներին չեն հասկացել, որ Արցախի բռնակցման «օրինականությունը» ճանաչելը Պանդորայի արկղի բացումն է։ Հիմա ոչ ոք ապահովագրված չէ բռնագրավումից, իշխանափոխությունից կամ բնիկ բնակչության  տեղահանությունից։ Նույնիսկ միջուկային տերություն Ֆրանսիան։

36-ամյա Հենրիխ Մխիթարյանը կմնա՞ ակտիվ ֆուտբոլում

«Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։

Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտեր»-ի վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ «Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությամբ»,-ասել է նա։

Մայիսի 31-ը «Ինտեր»-ը Մյունխենում խոշոր՝5:0 հաշվով պարտվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ին, սա եվրոպական եզրափակիչների 70-ամյա պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր, ինչից երեք օր անց «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռացավ։

Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբասի նավահանգստում, իսկ մի մասը՝ Վերին Լարսում

Հայկական որոշ բեռներ մնացել են Բանդար Աբբասի նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խորհրդարանական տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ հույս ունենալով հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել։ Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

«Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հետ կապված՝ ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։ Սրանք գործոններ են, որոնք գործնականում մեր վերահսկողությունից դուրս են, բայց մենք հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել բարեկամ Իրանի միջոցով, ինչպես նախկինում», – ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ունի չլուծված խնդիրներ Վրաստանի հետ՝ կապված ծաղիկների և կոնյակի արտահանման հետ։ Բացի այդ, վրաց-ռուսական սահմանով հայկական բեռնատարների երթևեկությունը կտրուկ դանդաղել է։ Մասնավորապես, նշվում է, որ 10 օր է՝ հայկական ծիրան տեղափոխող բեռնատարները չեն կարողանում հատել Ռուսաստանի հետ սահմանը։

Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը շուտով չի գործի

Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից չի գործի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց զբաղվել այս հարցով։
«QR կոդերի թղթային տարբերակի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում»,– ասաց նա։
Ավինյանն ընդգծեց, որ թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։
Նշենք, որ QR կոդերի և՛ թղթային տարբերակը, և՛ հավելվածով տարբերակը հաճախ չեն աշխատում տեխնիկական պատճառով։ Երբեմն էլ որոշ քաղաքացիներ ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակն օգտագործում են տարբեր տրանսպորտներից մի քանի անգամ օգտվելու համար` պատճառաբանելով, որ սարքը չի աշխատում։

Այսօր լրագրողին հարվածած ոստիկանը հեռացվել է ծառայությունից

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորը մտածված, նպատակային հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Քասախցիներն ակցիա են իրականացնում. բնակչները դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից: Նրանք որոշեցին փակել Երևան- Աշտարակ ճանապարհը, ոստիկաններն ուժի կիրառմամբ փորձեցին բացել այն:

11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարաելու, հայտնում են ոստիկանությունից

Տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել

«Աշխարհում քաղաքական վերադասավորումներ են սկսվում, նաեւ՝ մեր տարածաշրջանում։ Հայաստանը եւ բոլոր երկրները կամա-ակամա կներքաշվեն այս գործընթացներում։ Ցավալի է, որ այս զարգացումներն սկսվեցին Արցախի դեմ 44-օրյա պատերազմից»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով իրսայելա-իրանական հակամարտությանը։ Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ուժերի հավասարակշռությունը սկսեց խախտվել տարածաշրջանում։ Այսինքն՝ տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել, մենք՝ որպես հավասարակշռող գործոն, վերացանք։

Կարաբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանը հայտնվել է երկու կրակի արանքում՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի։ «Բնական է, որ Արեւմուտքը փորձելու է երկու հենարան ունենալ։ Եթե Ադրբեջանը նույնիսկ մերժի ցամաքային օպերացիա սկսել Իրանի դեմ կամ իր տարածքն օգտագործել՝ Իրանին հարվածելու համար, շատ հնարավոր է մեզ օգտագործեն, եւ մենք մտնենք այդ հորձանուտի մեջ, ինչպես դա եղել է 1918-1920 թվականներին։ Մենք այն ժամանակ չկողմնորոշվեցինք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ տուժեցինք»,- ասաց նա։

Կարաբեկյանի խոսքով՝ վտանգավոր խաղեր են խաղարկվում։ Եթե Վերին Լարսի ճանապարհը փակվի, իսկ Իրանում իրավիճակը վատթարանա եւ ՀՀ հետ բեռնափոխադրումները դադարեցվեն, Թուրքիան կարող է կախվածության մեջ դնել Հայաստանին եւ նոր պահանջներ թելադրել։ «1993 թվականին մենք առաջ էնք գնում, Ցեղասպանության հարց էինք դնում, դրա համար Թուրքիան մեզ շրջափակման մեջ պահեց։ Թուրքիայի համար դա ընդամենը պատրվակ է էր, ոչ թե պատճառ, եւ ինքը ցանկացած պահի կարող է ավելի խիստ պահանջներ դնել, ինչը հիմա Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Նույնիսկ փորձում են Հայաստանին թելադրել հրաժարվել որոշ տեսակի սպառազինությունից։ Վտանգը դրանում է։ Այդ սխալ ստրատեգիան շատ դեպքերում մեծ պետությունների՝ օրիանկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար է ցավալի հետեւանքներ ունենում, իսկ մեզ նման փոքր երկրի համար դա կարող է շատ վատ ճակատագրական հետեւանքներ ունենալ»,- ասաց նա։ Դավիթ Կարաբեկյանը նշեց, որ այս պայմաններում Հայաստանը պետք է վիրաբույժի ճշգրտությամբ քայլեր կատարի։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի ուղղությամբ։ Դա են վկայում Ադրբեջանից ՀՀ-ին ուղղված պահանջները։ «Մենք դրա մասին պետք է մտածենք։ Ռազմաքաղաքական առումով վիճակը բավականին բարդ է։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի 5 մարզ դարձել է Ադրբեջանի հետ սահմանակից։ Իսկ Թուրքիան ցանկացած պահի աջակցելու է Արդբեջանի ագրեսիան»,- նշեց նա։

Կարաբեկյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։ «Սխալ է մտածել, թե Թուրքիա գնալով եւ Անկարային ռեվարանսներ անելով՝ մենք որեւէ բանով մեզ կապահովագրենք, ագրեսիայից զերծ կմնանք։ Դրանով իրականում մենք ցույց ենք տալիս, թե ինչքան թույլ ու խոցելի ենք, իսկ մեր հաշվարկներն ինչքանով են կանխատեսելի եւ պրիմիտիվ։ Եվ կարծես թե այդ վտանգը բազմապատկվում է։ Թուրքիայի խորհրդանիշը գորշ գայլն է, ինքը զոհի թուլությունը զգալով՝ հոշոտում է։ Ոչ պայմանավորվածություն, ոչ միջազգային իրավունք Թուրքիային չի կարող զսպել ու զերծ պահել ագրեսիվ պլաններից։ Դրանով է վիճակը բարդ, մանավանդ, որ ներքին ուժ չկա, որը պատասխանատվությունը կվերցնի, մարդկանց կկարողանա հստակ ասել, որ վտանգի աստիճանը շատ մեծ է»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Խամենեիի ճակատագիրը. Թրամփն արգելում է սպանել, Պուտինը կարող է ապաստան տրամադրել

Իսրայելի և Իրանի միջև պատերազմը, որը սկսվեց ուրբաթ 13-ին, գտնվում է փոխադարձ հարվածների փուլում: Ըստ տեղեկությունների, Իսրայելին հաջողվել է գլխատել Իրանի զինված ուժերի հրամանատարությունը, գիտական ​​միջուկային համայնքը, ինչպես նաև վնասել ՀՕՊ-ը և մի շարք արտադրական օբյեկտներ: Իրանը, իր հերթին, ցույց տվեց, որ կարող է հասնել թիրախների ամբողջ Իսրայելում, որի «երկաթե գմբեթը» խոցելի է։

Այնուամենայնիվ, Իսրայելը որպես իր հիմնական նպատակ խոսում է ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման, այլև ռեժիմի փոփոխության մասին: Պատերազմի արդյունքը կախված կլինի նրանից, թե արդյոք այաթոլլաների ռեժիմը կգոյատևի։

ԶԼՄ-ները արդեն հաղորդում են Թեհրանից ճանապարհներին խցանումների մասին, չնայած մարդիկ ասում են, որ չգիտեն, թե որտեղ է անվտանգ փախչել:

Բացի այդ, արդեն գրում են, որ Իրանի ղեկավարության ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են սկսել Ռուսաստանի Դաշնության հետ երկրում իրավիճակի վատթարացման դեպքում հնարավոր փախուստի ուղիների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Մասնավորապես, նման բանակցություններ է վարում Գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալի Ասղար Հեջազին: Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունն արդեն «հավաքում է իր ճամպրուկները»։

Նման տեղեկատվությունը, իհարկե, պարունակում է վախեցման և քարոզչության տարրեր, սակայն ռեժիմի հրաժարականը որպես խնդրի լուծման միջոց չի բացառվում, ինչպես դա արվեց Սիրիայում: Այն ժամանակ Ռուսաստանը չի կանխել թուրք պրոքսիների կողմից Սիրիան գրավելը, բայց համաձայնել է ապաստան տալ Բաշար ալ-Ասադին։

Հնարավոր է, որ Թրամփի և Պուտինի միջև 2025 թվականի հունիսի 14-ին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հենց այս թեմայով: Պուտինը առաջարկել է իր ծառայությունները որպես բանակցող: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը և Իրանը վերջերս ստորագրել են ռազմավարական համաձայնագիր, որը, սակայն, չի նախատեսում ռազմական օգնություն երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում, Պուտինը կարող էր ապաստան առաջարկել Իրանի ղեկավարությանը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Պուտինը զանգահարել է Թրամփին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խնդրանքով և Թրամփի հետ զրույցից հետո զգուշացրել է Թեհրանին Իրանի ներկայիս ռեժիմի գոյության սպառնալիքի մասին, քանի որ Միացյալ Նահանգները մտադիր չէ զսպել Իսրայելին: Այս մասին գրում է «Իսրայել Հայոմ»-ը: Հրատարակության տվյալներով՝ Պուտինը Խամենեիի հետ զրույցում հայտարարել է, որ իր ռեժիմը վտանգի տակ է և խստորեն խորհուրդ է տվել անհապաղ սկսել բանակցություններ:

Թեհրանում իշխանության փոփոխությունը «անկասկած կարող է լինել» Իրանի հողի վրա Իսրայելի հարվածների արդյունքը, քանի որ «իրանական ռեժիմը շատ թույլ է», – Fox News-ին ասել է Նեթանյահուն: Հունիսի 14-ի երեկոյան Իսրայելի զինվորականները հայտարարել են Թեհրանի և արևմտյան Իրանի երկնքում լիակատար գերիշխանության մասին: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն Fox News-ին ասել է, որ Իսրայելը գործում է «լիակատար համակարգված» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Վերջին օրերին Իսրայելը նաև քննարկել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել այդ ծրագրի վրա, Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։

«Իրանցիները ոչ մի ամերիկացի չեն սպանել, այնպես չէ՞… Մինչև դա չանեն, մենք չենք քննարկում քաղաքական ղեկավարության վրա հարձակվելու հարցը», – ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Երբ Reuters-ը հարցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այս հարցի մասին, Նեթանյահուն չհերքեց լուրը, բայց ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին։

«Կարծում եմ՝ ժամանակն է համաձայնության, և կտեսնենք, թե ինչ կլինի։ Երբեմն նախ պետք է կռվել, բայց կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը, հաղորդում է Reuters-ը։

«Շուտով մենք խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Այս պահին շատ հեռախոսազանգեր և հանդիպումներ են ընթանում։ Ես շատ բաներ եմ անում, և երբեք չեմ ստանում դրանց համար գովասանք, բայց դա նորմալ է. մարդիկ հասկանում են», – գրել է նա։

Իրանը Կատարին և Օմանին, որոնք միջնորդում են իր շփումները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, ասել է, որ «բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար, քանի դեռ գտնվում է Իսրայելի հարձակման տակ», – հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այաթոլլա Խամենեին ներկայումս գտնվում է խորը բունկերում, որը իսրայելական հրթիռների հասանելիությունից դուրս է։ Սակայն ԱՄՆ-ն կարող է Իսրայելին տրամադրել բունկեր պայթեցնող սարքեր, որոնք կարող են թափանցել տասնյակ մետր բետոնի շերտ։ Վերլուծաբանները վստահ չեն, թե արդյոք Խամենեիի հավանական սպանությունը կամ փախուստը կլուծի խնդիրը։