Лилит Аванесян-ը գրում է․
Month: Հունիս 2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Նաթանզի իրանական օբյեկտում ճառագայթման արտահոսքի մասին
Իրանի Նաթանզի ուրանի հարստացման հիմնական օբյեկտում Իսրայելի հարձակումներից հետո ալֆա ճառագայթում է արտանետվել, ուրբաթ՝ հունիսի 13-ին, հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Նաթանզի օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնացել է անփոփոխ։ Օբյեկտի ներսում առկա ռադիոակտիվ աղտոտվածության տեսակը, հիմնականում ալֆա մասնիկները, կարող են վերահսկվել համապատասխան պաշտպանիչ միջոցառումներով», – Գրոսիի խոսքերն է մեջբերում գործակալության մամուլի ծառայությունը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, իր հերթին, պնդում է, որ իսրայելական հարձակումները լուրջ վնաս չեն հասցրել Նաթանզի օբյեկտին կամ ճառագայթման արտահոսքի չեն հանգեցրել։ «Լավ է, որ վնասը եղել է գետնի մակարդակում, և մենք զոհեր չենք ունեցել։ Նաև ճառագայթման արտահոսք չի եղել, որը կարող է մտահոգություն առաջացնել բնակչության մոտ։ Մենք ներկայումս գնահատում ենք վնասը», – ասել է նա։
Ինչ պիտի անի Հայաստանը․ երկրի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա
Մեղրի
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
«Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»,- X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարը։
Պաշտոնական տեղեկույուններ ՌԴ, ԱՄՆ, եվրոպական և այլ երկների ղեկավարների՝ Հայաստանի չինովնիկների հետ զրույցերի մասին չկան։ Թեկուզ Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին Հայաստանի վիճակը ավելի խոցելի է դարձել։ Համենայնդեպս, հայ վերլուծաբաններն արդեն ակնհայտ խոսում են, որ Իրանի կրիտիկական թուլացման պարագայում Սյունքը կարող է հայտնվել վտանգի տակ։ Հատկապես, որ մի քանի օր առաջ բարձրաստիճան իրանցի պաշտոնյան ասել է, որ միայն Իրանի շնորհիվ է պահպանվել հայ-իրանական սահմանը և չի բացվել “Զանգեզուրի միջանցքը”։
Ֆրանսիայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Սակայն հայտնի չէ, արդյո՞ք քննարկվել է Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհի ճակատագիրը։
Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան երեկ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին, հարցին Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»:
Նա խոստովանել է, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև, բայց Հայաստանի կշարունակի ջանքներն ուղղել խաղաղության օրակարգի առաջ մղմանը:
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին.
հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով, միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար: ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին, անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները»:
ՀԱԿ-ը կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից, համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը իր հերին հայտարարել է․ «Կոչ ենք անում ՀՀ Զինված ուժերին` բարձրացնելու զգոնությունը և խափանելու այս խառնակ իրավիճակում առիթից օգտվելու` թշնամական բոլոր ծրագրերը»։
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։
Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։
30 հազար զորակոչիկներից 20 հազարը չի ծառայել, այսինքն՝ մոտ 70 տոկոսը
Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում շուրջ չորս ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:
Վիճահարույց օրինագծով իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:
Սակայն թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական պատգամավորները բազմաթիվ խնդիրներ են տեսնում այս օրինագծում, պնդելով, որ այն չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը, ինչպես նաև արմատախիլ չի անի այս ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիան: Պատգամավորների համոզմամբ՝ օրինագծն ավելի է խորացնելու առկա խնդիրները:
Օրինագծի հեղինակը, մինչդեռ, պնդում է՝ հանրությունը կողմ է, որ 24 միլիոնով մեկ ամիս ծառայելու հնարավորություն տրվի, դա, ըստ պատգամավորի, պարզել են հարցումների միջոցով: Հարցումը պատվիրել է վարչապետի աշխատակազմը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: Իշխանական պատգամավորը պնդում է՝ դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները ևս հետաքրքրված են ավելի քան 60 հազար դոլարի դիմաց մեկ ամիս բանակում ծառայելու հնարավորությամբ:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մտադիր է քվոտա սահմանել այս օրինագծից օգտվողների համար, այսինքն՝ Կառավարության որոշմամբ ֆիքսվելու է դիմումների առավելագույն քանակը: Այս դեպքում էլ պարզ չէ՝ եթե տեղերը սահմանափակ են, ինչպե՞ս են ընտրվելու քաղաքացիները, ո՞ւմ է տրվելու առաջնահերթություն, և այլն:
Չնայած պաշտպանության փոխնախարարի առարկությանը՝ պատգամավորը տեղեկացրեց, որ 2022-23 թվականներին 30 հազար զորակոչիկներից 20 հազարը չի ծառայել, այսինքն՝ մոտ 70 տոկոսը չի զորակոչվել, նրանցից 80 տոկոսը՝ առողջական խնդիրների պատճառով, 4 տոկոսն ուղղակի խուսափել են ծառայությունից, 2 հազարն էլ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով անարդարություն է առաջացնում, պատգամավորը հակադարձեց՝ այդ անարդարությունն այսօր էլ կա:
Ի դեպ, պատգամավորը այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց. 2008-ին ծնված՝ զորակոչի ենթակա տղաների 7 տոկոսը, որը հաջորդ տարի պետք է զորակոչվի, այլևս Հայաստանի քաղաքացի չէ, 2009-ին ծնվածների 8 տոկոսն է հրաժարվել արդեն Հայաստանի քաղաքացիությունից: Նաև այս նպատակով է պատգամավորն առաջարկում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամի տուրք:
Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագիծը հետ չի քաշելու և փորձելու է այն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայի օրակարգ: Կընդգրկվի, թե ոչ՝ կորոշվի լիագումար նիստում՝ հունիսի 17-ին պատգամավորների քվեարկությամբ:
Երևանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35 աստիճան
Օդի ջերմաստիճանը ամբողջ Հայաստանում կշարունակի բարձրանալ, հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Այսպիսով, հունիսի 14-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Միաժամանակ, հունիսի 14-ի կեսօրին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, սակայն քամու պոռթկումները կարող են ուժեղանալ մինչև փոթորկի մակարդակի (18-ից մինչև 22 մ/վ)։
Հունիսի 14-ին Շիրակում և Տավուշում օդը կտաքանա մինչև +29°C, Կոտայքում՝ +32°C, Գեղարքունիքում՝ +27°C, Լոռիում՝ +25°C, Արագածոտնում՝ +33°C, ԱՐԱՐԱՏՈՒՄ, Վայոց ձորում, Արմավիրում և Սյունիքում՝ մինչև +36։
Հունիսի 14-ին նաև կարճատև անձրևներ են սպասվում։
Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +35°C։
Թրամփ. Մեր հետ բանակցություններ վարած իրանցիները չկան, և նրանք գրիպից չեն մահացել
Իսրայելական գործողության արդյունքում զոհվել են ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին մասնակցող անձինք։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Դանա Դաշը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լրագրողը պատմել է, որ հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հարցրել նրա կարծիքը Իսրայելի կողմից Իրանին հարվածների վերաբերյալ։
Դաշը հայտնել է, որ Թրամփը իրեն ասել է, որ այն մարդիկ, որոնց հետ նա «գործ ուներ, մահացած են»։ Հանրապետականը նրանց անվանել է «կոշտ գծի կողմնակիցներ»։
Լրագրողը խնդրել է ԱՄՆ նախագահին պարզաբանել, թե արդյոք բանակցողները զոհվել են Իսրայելի գործողությունների հետևանքով։ «Եվ նա շատ հեգնական ասաց. նրանք չեն մահացել գրիպից, նրանք չեն մահացել կորոնավիրուսից»։
Թրամփը գովաբանել է Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով «շատ հաջողված»։ Լրագրողի խոսքով՝ նա նաև աջակցել է Իսրայելի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին։
Արցախի օկուպացիայի ճանաչումից հետո Իրանի և այլ երկրների մասնատումը դառնում է ժամանակի հարց
Իրանը երեկ երեկոյան հակահարված հասցրեց Իսրայելին, և չնայած ասվում է, որ օգտագործվել է 100 բալիստիկ հրթիռ, որոնցից մի քանիսն է տեղ հասել, Իսրայելը պնդում է, որ վնասը նվազագույն է և նա կշարունակի ռմբակոծել Իրանը երկու շաբաթ, մինչև Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվի և Իրանի կառավարությունը փոխվի։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել իրենց կառավարության դեմ։ «Ռեժիմը չգիտի, թե ինչ է հարվածել իրեն կամ ինչ կհարվածի իրեն։ Այն երբեք այսքան թույլ չի եղել։ Սա ձեր հնարավորությունն է կանգնելու և ձեր ձայնը լսելի դարձնելու», – ասել է Նեթանյահուն հունիսի 13-ի ուշ երեկոյան Իրանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ Նա նաև կրկնել է «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը, որը հնչել է 2022 թվականին Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
«Իսլամական ռեժիմը, որը ձեզ ճնշել է գրեթե 50 տարի, սպառնում է ոչնչացնել մեր երկիրը», – ասել է Նեթանյահուն։
Իրանի վերջին շահի որդին՝ Փեհլևին, որը բնակվում է Փարիզում, նույնպես կոչ արեց փոխել իսլամիստական ռեժիմը։
Վերլուծաբանների կարծիքով, այժմ շատ բան կախված է նրանից, թե արդյոք իրանցիները դուրս կգան փողոցներ և կպահանջեն փոխել իսլամիստական ռեժիմը։ Եվ արդյոք Իրանի ազգային ծայրամասերում կսկսվեն անկարգություններ, որոնք կհանգեցնեն այս երկրի մասնատմանը։
Դատելով Իսրայելի հարձակմանը համաշխարհային հանրության երեկվա արձագանքից՝ գրեթե բոլոր արևմտյան երկրները դեռևս Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը համարում են անձեռնմխելի։ Իսրայելի այդ իրավունքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված և Յալթայի կոնֆերանսի արդյունքների վրա հիմնված ներկայիս իրավական կարգի հիմքն է։
Աշխարհակարգի փոփոխությունը, որի մասին խոսում էր Բայդենը, ենթադրում էր միջազգային իրավունքի հրեակենտրոնության վերացում, որտեղ հակասեմիտիզմը առանձնացված է քսենոֆոբիայից, իսկ Հոլոքոստը՝ այլ ցեղասպանություններից: Իրանը տարիներ շարունակ դիմադրել է այս կարգին՝ փորձելով արաբական և այլ երկրները դարձնել իր դաշնակիցները: Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Իսրայելի և արաբական երկրների միջև Աբրահամյան համաձայնագրերի ստեղծումը խաթարեց Իրանի և արաբական միապետությունների դաշինքը Իսրայելի դեմ։
Իսկ Թրամփի երկրորդ ժամկետը սկսվեց Իրանին Սիրիայում, Պաղեստինում, Լիբանանում, Եմենում պրոքսիներից զրկելով։
Մեկ այլ կարևոր գործոն է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Իրանի հյուսիսային սահմանների թուլացումից և Թեհրանի կողմից համաշխարհային կարգի խախտումը չդատապարտելուց և հայկական տարածքի բռնի նվաճումը ճանաչելուց հետո Իրանի մասնատումն ինքնին ժամանակի հարց դարձավ։
Այժմ Իրանին մնացել է միայն մեկ զենք՝ միջուկային, սակայն դրա կիրառումը և նույնիսկ փորձարկումը կարող է պատրվակ դառնալ Իրան միջազգային զորքեր մտցնելու և այս հազարամյա պետության լիակատար փլուզելու համար։
Հազարամյա իրավական կարգը, որը հիմնված է էքսպանսիայի և տեր ունեցող հողերի բռնագրավման վրա, ուղղված է հողերի նկատմամբ ժառանգական իրավունք ունեցող նստակյաց ժողովուրդների, այդ թվում՝ Իրանի դեմ։ Այս իրավունքը հրապարակայնորեն ոտնահարվեց Արցախում, և Իրանը ճանաչեց Ադրբեջանի իրավունքը հայկական Արցախի հանդեպ։ Այժմ աշխարհը կարող է ճանաչել Ադրբեջանի իրավունքը Իրանի հյուսիսային նահանգների, Թուրքիայի իրավունքը՝ իրանական Քրդստանի, Աֆղանստանի իրավունքը՝ իրանական Բելուջիստանի և այլնի նկատմամբ։
Հայ հանրությունը խոսում է բումերանգի օրենքի մասին, բայց ոչ միայն Իրանի դեմ, որը ոտնահարեց հայերի իրավունքը Արցախում, այլև Իսրայելի դեմ, որը օգնեց օտարերկրացիներին նվաճել հայկական Արցախը։ Իրանի մասնատումը չի ենթադրում Իսրայելի պահպանում։
Նաիրա Հայրումյան
Սյունիքի սահմանային համայնքներում խուճապ չկա, սովորական իրավիճակ է
Մեղրի
Իրանի վրա Իսրայելի հարձակման պայմաններում Սյունիքի սահմանային համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հանգիստ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում փոխանցեցին Իրանի հետ սահմանակից Մեղրի խոշորացված համայնքի կազմում գտնվող համայնքների ղեկավարները։
Մեր հարցին, թե սահմանային համայնքներում իրավիճակը փոխվե՞լ է, միջոցներ ձեռնարկվո՞ւմ են, համայնքապետերին հանձնարարականներ տրվե՞լ են, Մեղրի խոշորացված համայնքի կազմում գտնվող Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Արա Ազիզյանը պատասխանեց․ «Մեր մոտ սովորական վիճակ է, ամեն օրվա պես մեր գործին ենք։ Ոչ մի հանձնարարական չունենք, մեր սովորական առօրյան է»։
Մեղրիի կազմում գտնվող Տաշտունի վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանն էլ ասաց, որ գյուղում իրավիճակը նորմալ է, հանգիստ է։ «Պոստերը կան դեպի վերեւ, մեր զինվորներն այնտեղ են, հլա որ հանգիստ է։ Հլա որ հանձնարարական չունենք, եթե այդպիսի բան է լինում, քաղաքապետը հանձնարական է տալիս, այսօրվա դրությամբ հլա որ այդպիսի տվյալներ չենք ստացել»,- նշեց Կարապետյանը։
Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանն էլ step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում իրավիճակ չի փոխվել։ Համայնքապետերը հանձնարարակականներ չեն ստացել արտակարգ միջոցներ ձեռնարկելու մասին։ «Ոնց եղել է, նույն ձեւով ժողովուրդն ապրում են, այլ խնդիրներ չկան, տագնապ չկա։ Մի քիչ Իրանի խորքում են հարվածները, սահմանամերձ հատվածներում չկան։ Եթե մեր սահմանի մոտ լինեին հարվածները, հնարավոր է մեզ մոտ խուճապ լիներ, բայց Թեհրանը բավականին հեռու է մեզանից։ Թավրիզում էլ են եղել հարվածներ, բայց Թավրիզն էլ մեզանից մոտ 200 կմ հեռու է»,- ասաց Շվանիձորի վարչական ղեկավարը։
Ռոզա Հովհաննիսյան
Որոշում կայացնելիս՝ մտովի հետ եմ գնացել Արցախ ու հիշել, թե ոնց էին մեր ժողովրդին մոլորեցնում, խաբում, դավաճանում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախկին անդամ Անաստաս Իսրայելյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Խորհրդից դուրս գալու իր պատճառները, արցախահության առջև ծառացած խնդիրները և անելիքները։
Նա նշել է Խորհրդից հեռանալու երկու հիմնական պատճառները՝ նախ անձդրադարձ կատարելով Խորհդրի ստեղծման կարևորությանն ու կատարած աշխատանքներին։
Անաստաս Իսրայելյանը շեշտել է այն մեծ աշխատանքը, որն ի սկզբանե իրականացրել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
-Երբ ստեղծվել է խորհուրդը, գիտեինք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, ամեն մեկիս ներգրավվածությունը կարևոր էր։
Բոլորս միասին իրականացրել ենք բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցել են ինչպես արցախցիները, այնպես էլ հայաստանաբնակ մեր հայրենակիցները, ովքեր անտարբեր չէին անելանելի իրավիճակում հայտնված արցախահայության խնդիրներին։ Մեր կողմից առաջադրվել է 12 կետից բաղկացած պահանջներ, որոնց մեջ ընդգրկված էին ամենակարևոր հարցերը՝ արցախահայության իրավունքների, հետվերադարձի, գերիների, անհետ կորածների հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ։ Հանրության առաջ ներկայացրել ենք մեր ծրագիրը, տվել խոստումներ, որոնց պատասխանները ներկայիս իշխանություններից պետք է պարբերաբար ներկայացնեինք ժողովրդին։ Քանի որ այս ամենի հիմքում իշխանությունների վերաբերմունքն է։ Մեր շարժման նախաձեռնող խմբի տեսակետն էր՝ գնալ վճռական քայլի, քանի որ մենք մարտի դաշտում ենք, որտեղ հետդարձ չպետք է լինի։
Կառավարությունը արձագանքնեց, ստացանք հանդիպելու և արցախահայության խնդիրները համատեղ քննարկելու առաջարկներ։ Խորհրդի կազմից ստեղծվեց խումբ, որը պարբերաբար հանդիպում էր կառավարության հետ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկար, և ես որպես Խորհրդի անդամ գտա, որ անիմաստ է շարունակել հանդիպումները, որովհետև դրանք ոչինչ չեն տալիս։ Առաջինն իմ անձնական մոտցումն էր՝ չշարունակել բանակցությունները։ Մյուս պատճառն այն էր, երբ Խորհրդի անդամներից մեկը պետնախարարի առաջարկ է ստացել ու համաձայնել՝ առանց Խորհրդին տեղյակ պահելու և քննարկելու։ Դա իր անձնական որոշումն էր, որն իմ համար անընդունելի է և ոչ ճիշտ։ Լինել Խորհրդի անդամ և միաժամանակ պաշտոն զբաղեցնել ես ճիշտ չեմ համարում։ Այդ 2 պատճառներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ գործունեությունը Խորհրդի կազմում։
Անաստաս Իսրայելյանը նշեց նաև, որ Խորհուրդը սկզբնական շրջանում հանրության շրջանում ձեռք է բերել վստահություն, հավատ, սակայն հետագայում կորել է այդ հավատը։ Իր տեղեկությամբ, Խորհրդի կազմից դուրս են եկել ևս 5 հոգի։
Լրագրողների հարցին, թե ինչ է նախապատրաստվում անել հետագայում և կշարունակի՞ արդյոք պայքարը, Անաստաս Իսրայելյանը պատասխանել է, որ անպայման շարունակելու է իր գործունեությունը հանուն արցախահայության իրավունքների։ Առաջին քայլը լինելու է ակցիայի կազմակերպումը ՀՀ կառավարության առաջիկա նիստի ժամանակ՝ արցախահայության խնդիրները լուծելու պահանջով։
“Իմ պայքարը շարունակվելու է, և ես ակնկալում եմ ժողովրդի աջակցությունը։ Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տասնյակ արցախցիներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ինձ հետ միասին շարունակել պայքարը։ Մենք պայքարելու ենք մեր իրավունքների, խնդիրների, հայ ապրելու համար։
Պարտավոր ենք գնալ մեր իրավունքների հետևից, և դա կանենք հանրային ճնշման միջոցով։
Որպես արցախցի և տուժված այս իշխանության կողմից, դառնալով անտուն ու անհայրենիք, իրավունք չունեմ լռելու”, ասել է նա։
“Որոշում կայացնելով՝ մտովի հետ եմ գնացել Արցախ ու հիշել, թե ոնց էին մեր ժողովրդին մոլորեցնում, խաբում, դավաճանում, և Արցախը կորցնելուց հետո ինքս ինձ խոսք եմ տվել, որ այսօր պետք է ամեն ինչ արվի անկեղծ, առանց ստելու։ Պատրաստ եմ իմ կյանքի մնացած տարիները նվիրել Արցախին։ Ամեն ինչ հաշվի եմ առել, մտածել ու բոլորի համար հասանելի եմ լինելու։ Ես ամաչում եմ, որ Արցախը կորցնելուց և այս կարգավիճակում հայտնվելուց հետո կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն բարձրաձայնելու խնդիրները և անտարբեր են շուրջն իրականացվող ամոթալի իրողությոնների հանդեպ”, ասել է Անաստաս Իսրայելյանը։
Նա կոչ արեց ժողովրդի վստահության քվեն ստացած Արցախի ԱԺ պատգամավորներին, արցախահայությանը չլռել, մշտարթուն պահել արցախցիների հիմնահարցերը, պայքարել միասին՝ չկորցնել հավատը։
Խորհդրի ներկայացուցիչների հանդեպ որևէ անձնական հարց չունեմ, բոլորին հարգում եմ․ պարզապես իմ ուղին այլ է՝ անզիջում՝ ուղղված արցախահայության իրավունքների լիարժեք պաշտպանությանը և ազգային շահերի անվերապահ սպասարկմանը, ասել է նա։
Կարինե Բախշիյան
Հայաստանը դատապարտում է Իսրայելի հարձակումը․ քննարկվում են տարբեր սցենարներ
Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Ազատությունը:
«Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», – ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»։
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։
«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։
«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու», – հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Փաշինյան. Մենք չենք լքի ԵԱՏՄ-ն, բայց ԵՄ-ից գումար կստանանք բարեփոխումների համար
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով: