Մոնթեն Մարտունուց հեռու, բայց մարտունեցիների սրտում

Այսօր՝ հունիսի 12-ին, նշվում է Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը։ Մարտունու համար այս օրը տասնամյակներ շարունակ եղել է խոնարհման, պարտքի զգացումով լցված հիշողության և մաքառման խորհրդանիշ օր։

Արցախի հերոսի արձանը՝ կանգնած քաղաքի սրտում, կարծես զգուշացում էր ու լուռ վկայություն անցած ու դեռ սպասվող պայքարի մասին։

Արդեն երկրորդ անգամ, մարտունեցիները խնկարկում են Մոնթեի հիշատակը իրենց հայրենիքից հեռու՝ արտահայված ցավով ու կորուստով։ Մոնթեի արձանի մարմարի մի կտորը, ձեռագրով մի թուղթ, որն արժեքով հավասար է անձնագրի, ու մարդկային հիշողությունը՝ դառնում են այն սակավ, բայց ծանրակշիռ բաները, որոնք մարտունեցիներն այսօր սրորեն պահպանում են։

Մարտունուց բերած եզակի իրերի մեջ մարտունեցի Արթուր Դադայանը առանձնացնում է Մոնթեի ձեռագիրը, որը սրբորեն պահում է արդեն 30-ից ավել տաիներ։

«Հարյուրավորները կերազեին գոնե մի անգամ տեսած լինեին Ավոյին, ձեռքը սեղմած լինեին․․․ Այս գրությունը, որով թույլ էր տալիս գնայի որդուս հետևից, սրբորեն պահում էի ծոցագրպանում։ Հետո դարձավ ամենանվիրական փաստաթուղթը, որը միշտ անձնագրիս մեջ էի պահում»- պատմում է Արթուր Դադայանը։

Մարիամ Նալբանդյանը, ով Մարտունուց դուրս եկած վերջին քաղաքացիներից է Մարտունում տեղադրված Մոնթե Մելքոնյանի արձանի մարմարից մի կտոր է բերել։ Արձանը ապամոնտաժվել եւ թաքցրել են, որպեսզի ադրբեջանական վայրագության զոհ չդառնա։

Մարտունուց բռնի տեղահանվածների համար Մոնթեն այլևս միայն պատմություն չէ. նա կենդանի հիշողություն է, որը շարունակում է առաջնորդել անգամ հայրենի հողի կորուստից հետո։ Եռաբլուրում այսօր նրանք լուռ խոսում են Մոնթեի հետ՝ որպես վերջին զինակցի, ում չեն լքում անգամ փախստական դարձած։

Մարիամ Սարգսյան

Շվեյցարական գործընթաց․ Հայաստանի կառավարության դիրքորոշումն անորոշ է, եթե ոչ մերժողական

Step1.am-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

-Պարոն Շահինյան, Շվեյցարայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները բանաձեւ ընդունեցին՝ Արցախի համար խաղաղության համաժողով կազմակերպելու հարցով։ Այնուհետեւ շվեյցարացի պատգամավորներից բաղկացած հանձնախումբ ձեւավորվեց, որն այս հարցով աշխատանք է իրականացնում։ Կներկայացնե՞ք, ի՞նչ աշխատանք է տարվում։

-Ինչ վերաբերում է օրենսդիրի գործունեությանը, այն օժանդակ մարմինը, որը հիմնվեց մայիսի 26-ին՝ 19 պատգամավորների ներկայությամբ, նպատակ ունի բաց չթողնել այս հարցը եւ պետք եղած ձեւով հետեւել դրան։ Պատգամավորներն ունեն որոշ հնարավորություններ, որոնք հասարակ անձինք չունեն, այսինքն՝ նախ խոհրդարանի ներսում գործել։ Այնուհետեւ զանազան մակարդակի հայցերով պետք է փորձեն այս խնդրին հետեւել։ Մյուս կողմից, կա հնարավորություն, որ խորհրդարանական այն պատվիրակությունները, որոնք արտաքին քաղաքականության մեջ ընդգրկված են, իրենց ձայնը լսելի պետք է դարձնեն անհրաժեշտ ատյաններում, օրինակ՝ ԵԱՀԿ-ում, Եվրոպական խորհրդում։ Այդ հնարավորությունները պետք է գործածվեն, մինչեւ կարողանանք հասնել նպատակին։ Միեւնույն ժամանակ, իրենք նաեւ լրատվամիջոցների հասանելիությունը պետք է օգտագործեն, որպեսզի կարողանան անհրաժեշտ հոդվածներ հրապարակել։ Սա մի աշխատանք է, որն իրենք նախատեսում են իրականացնել։

Միեւնույն ժամանակ, չպետք է բաց թողնվի հնարավորությունը՝ կապեր ստեղծելու այլ երկրների խորհրդարանների հետ, որոնք կարող են նպաստել հակամարտությանը, որը, սակայն, բավականին վտանգի տակ է, քանի որ առաջինը՝ ուժի հարաբերակցությունը շատ մեծ է։ Երկրորդ՝ Հայաստանի պետական դիրքորոշումը մեղմ ասած հստակ չէ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի գործոնը բարձր պահելու հարցին։ Սա մի կետ է, որը հստակ չի հզորացնում մեր դիրքերը, որովհետեւ նույն անձնավորությունները, որոնք դեմ են, առաջին արգումենտը, որը ներկայացնում են, հենց Հայաստանից եկող անորոշություն է, եթե չասեմ՝ ժխտողական դիրքորոշումը։ Եվ այս հակառակորդների մեջ ընդգրկված է նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, որն այս պահին հետաքրքրված չէ այս խնդիրն առաջ տանելու հարցով։

-Այսինքն՝ իրենք ասում են՝ եթե Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այս հարցերը, Շվեյցարիայի գործադիր մարմինը եւս շահագրգռվա՞ծ չէ։

-Դա, իհարկե, մի մեկնաբանություն է, որը ձերն է, եւ չեմ կարծում, որ իրականությունից հեռու լինի։ Կարեւոր է, որ դուք կարդաք Շվեյցարիայի արտգործնախարարության երեկվա պատասխանը, որը տրվել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Վոնտոբելի հարցին։ Ինքը, լինելով այդ հայցի հեղինակներից մեկը, հարց է ուղղել արտգործնախարարությանը, որ պարզի, թե ինչ քայլեր են նախաձեռնվել մարտի 18-ից հետո։ Հիշեցնեմ, որ մարտի 18-ն այն օրն է, երբ Վերին պալատը վերջնականապես ընդունեց այդ բանաձեւը։

Ինչո՞ւ է կարեւոր Արցախի հարցով խաղաղության համաժողովի անցկացումը, ի՞նչ հնարավորություն կտա դա։

-Եթե այդ համաժողովը կազմակերպվի, հսկայական նշանակություն կունենա, որովհետեւ դրա շնորհիվ հստակեցվում է, որ Արցախի հայության իրողությունը չպետք է թաղվի։ Չպետք է լինի այն նույն ճակատագիրը, որն ունեցավ Նախիջեւանի հայությունը։ Նկատի ունեմ՝ թե Նախիջեւանի հայաթափումը, թե մշակութային կոթողների ոչնչացումը։

Ի՞նչ հնարավորություն եք տեսնում արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցում։

-Հնարավորությունը, իհարկե, կա, եւ նույնիսկ Ադրբեջանը չի ժխտում, որ այդ հնարավորությունը կա։ Իհարկե, իրենց պայմաններն են դնում, որոնք արցախցիների համար անընդունելի են կամ առնվազն իրենց կենցաղի պահանության համար ընդունելի չեն կարող լինել։ Եվ սա ոչ միայն Ադրբեջանը պետք է հասկանա, այլ բոլոր այն երկրները, որոնք մտահոգված են տեղաշրջանի ճակատագրով։ Հետեւաբար, անհրաժեշտ քաղաքական քայլեր պետք է ցուցաբերվեն, որոնք եղան։ Մայիսի վերջին երկու կարեւոր նախաձեռնություններ տեղի ունեցան, որոնք անտարբեր չթողեցին հետաքրքիր ձեւով առաջին հերթին Ադրբեջանին, իսկ խնդիրը բարձրացնելուց հետո՝ նաեւ Հայաստանին։

Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային հարության համար Արցախի հարցը փակ չէ, եւ եթե ՀՀ իշխանությունն աշխատանք տանի այդ ուղղությամբ, հնարավոր է հայանպաստ լուծումների հասնել։

– Դա քաղաքականության օրենքն է։ Եվ եթե դուք աշխատեք եւ խելացի աշխատեք, նույնիսկ չնչին հնարավորություն ունեցող մի առարկա կարող է մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվել։ Ինչպե՞ս պետք է դա արվի, այս հարցին չեմ կարող պատասխանել։ Կան որոշ հնարավորություններ, կան որոշ կանալներ, պետք եղած ուժը պետք է հայթայթել եւ գործի դնել։ Պետք է նաեւ ձեզ շատ անկեղծ ասեմ, որ առաջին գործոնը, որը կարեւոր է, որպեսզի այդ հարցում համախոհ լինի, դա հայկական պետականությունն է։

Ռոզա Հովհաննիսյան

Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը հայտարարել են «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից» դուրս գալու մասին

Արցախցիների սոցիալական և քաղաքական իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ակտիվ քաղաքացիական գործիչներ Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը հունիսի 11-ին հայտարարել են, որ դուրս են գալիս «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից»՝ հիմնավորելով որոշումը խորհրդի ներսում ձևավորված անվստահության մթնոլորտով, ոչ թափանցիկ որոշումներով և արցախցիների խնդիրների լուծման արդյունավետության պակասով։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարիամ Աբրահամյանը և համահիմնադիր Տաթեւիկ Խաչատրյանը պարզաբանել են, որ իրենց մասնակցությունը խորհրդին բխում էր հավատից, որ հնարավոր է համատեղ ուժերով բարձրաձայնել արցախցիների սոցիալական խնդիրները։

«Երբ միացանք խորհրդին, կանգնած էինք կարևոր որոշման առաջ։ Չնայած խորհրդի որոշ անդամներին չէինք ճանաչում, իսկ մյուսների՝ Արցախում նախորդ գործունեությունը հարցեր էր առաջացնում, այնուամենայնիվ կարծում էինք, որ պետք է փորձենք օգտակար լինել», — նշել է Տաթեւիկ Խաչատրյանը։

Մարիամ Աբրահամյանի խոսքով, վրանն Ազատության հրապարակից հեռացվել էր այն պայմանով, որ կառավարությունը պետք է ձեռնարկեր սոցիալական ծրագրերի բարելավում՝ արցախցիներին հնարավորություն տալով ձեռք բերել սեփական տներ։ Սակայն, ինչպես նշում է նա, երկու ամսվա ընթացքում ակնկալվող փոփոխություններ տեղի չունեցան, իսկ պայքարը փաստացի կանգ առավ։

«Ես բավականին կոռեկտ ձևով բարձրաձայնեցի, որ կառավարության առաջարկած ծրագրերը բավարար չափով կարիքահեն չեն։ Սակայն դա ընկալվեց որպես պրովոկացիա։ Նույնիսկ լսեցի արտահայտություն, թե փոխվարչապետի հետ հանդիպումը պետք է համարել «երազանքի իրականացում», — պատմում է Աբրահամյանը։

Ըստ Խաչատրյանի, ընթացքում սկսեց խաթարվել նաև ներքին աշխատանքային փոխվստահությունը։ «Շատ հաճախ նախաձեռնությունների և հանդիպումների մասին տեղեկանում էինք մամուլից կամ ասուլիսներից։ Մարիամին սկսեցին չհրավիրել գործընթացներին, իսկ որոշ անդամների պահվածքը մեզ համար դարձավ առաջին մեծ հիասթափությունը»։

Համալիր հիասթափության ֆոնին լրացուցիչ վրդովմունք առաջացրեց խորհրդի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունը՝ այն մասին, որ խորհրդի անդամներից մեկին առաջարկվել է Արցախի պետնախարարի պաշտոնը, և նա համաձայնել է։

Աբրահամյանը և Խաչատրյանը նշում են՝ նման որոշումները պետք է ընդունվեն թափանցիկ և հանրային քննարկման արդյունքում, հատկապես երբ խոսքը գնում է կառույցի մասին, որը ներկայացնում է հանրային շահը։

Մարտ ամսին Խորհուրդը կազմակերպել էր 10 հազարանոց ցույց, ինչը մեծ հույսեր էր արթնացրել՝ կարծես թե սկսվել էր մի գործընթաց, որը կկարողանար լուծել կամ գոնե բարձրաձայնել արցախցիների ամենահրատապ խնդիրները։ Սակայն այս սպասումները, ինչպես նշում են ակտիվիստները, չեն արդարացել։

Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը վստահեցնում են, որ խորհրդից դուրս գալը չի նշանակում պայքարի դադարեցում։ «Մենք կարող էինք մնալ չեզոք, բայց եթե ազնիվ ես մղումներումդ, չես կարող աչք փակել։ Երբ տեսնենք, որ կան առողջ ուժեր, պատրաստ ենք համագործակցել եւ օգտագործել մեր լծակները՝ առանց ստվեր գցելու հանրային նախաձեռնությունների վրա։ Սակայն այս պահին մենք այլևս չենք հավատում խորհրդի արդյունավետությանը», – եզրափակել են «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» ներկայացուցիչները։

Մարիամ Սարգսյան

Դեսպան. Մոսկվան պատրաստ է Սյունիքը հանձնել «իմաստուն» Ալիևին, ինչպես արեց Արցախի հետ

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է», – ասել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջեւ սահմանազատման շարունակման համար։

Բաքուն բազմիցս հայտարարել է, որ իր համար «տրանսպորտային ուղիների զարգացում» նշանակում է «Զանգեզուրի միջանցքի» բացում: Ռուսաստանի դեսպանը, ըստ էության, հայտարարում է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ խլել Մեղրիի ճանապարհը Հայաստանից՝ հայ-իրանական սահմանի հետ միասին, և «ազնվորեն» բաժանել այն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանազատումը» կարող է իրականացվել Երասխ-Նախիջևան-Մարգարա գծով կամ, լավագույն դեպքում, Զանգելան-Մեղրի-Նախիջևան գծով:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները օրերս հայտարարեցին, որ Թեհրանին հաջողվել է կանխել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կոչված է Հայաստանը մասնատելու, հայ-իրանական սահմանը վերացնելու, Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա փակելու և, ինչպես Իրանում են ասում, «Ռուսաստանը հարավից մեկուսացնելու»։ Չնայած ակնհայտ է, որ Ռուսաստանը այս նախագծում Իրանի և Հայաստանի կողմից չէ, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, և Ռուսաստանի դեսպանը դա ուղղակիորեն ասում է։ Սակայն դեսպանի «առաջարկը» ենթադրում է, որ ոչ ոք այլևս Ռուսաստանին չի հարցնում։

Տարածաշրջանում իրավիճակը սրվում է. Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններում գրեթե փակուղու մասին, Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, Թեհրանը խոստանում է հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, Թրամփը դուրս է բերում իր քաղաքացիներին Իրաքից, Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում՝ չթաքցնելով իրենց մտադրությունները՝ անաղմուկ օկուպացնել ինչպես հայկական Սյունիքը, այնպես էլ հյուսիսային Իրանը։

Եվ այս ֆոնին ռուսները Ալիևին առաջարկում են Սյունիքում կրկնել այն, ինչ նրանք հաջողությամբ արեցին Արցախում՝ ագրեսիա, ռուսական զորքեր, իսկ մի քանի ամիս անց՝ բաղձալի Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին։ Բայց Ռուսաստանը ավելի լավ կանի մտածի իր սեփական հարավի՝ Դաղստանի մասին։

Հայաստանի հավաքականը առաջին տեղը գրավեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Վրաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ երրորդը։

Հայ ըմբիշները նվաճեցին ընդհանուր առմամբ 5 մեդալ՝ 2 ոսկե (Մարատ Աճեմյան և Հայկ Մանուկյան), 2 արծաթե (Մարտին Մանջիկյան և Ջանես Նազարյան) և 1 բրոնզե (Արարարտ Ավետիսյան)։

Նշենք, որ Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը տեղի է ունեցել Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա)՝ 31 թիմի մասնակցությամբ։

«Արցախցի կանանց կարողությունների զարգացում» նաև յոգայի միջոցով

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակներում օրեր առաջ Արցախից բռնի տեղահանված կանանց մասնակցությամբ կազմակերպվեց մասնագիտական եռօրյա դասընթաց:

«Հունիսի սկզբին տեղի ունեցավ մասնագիտական եռօրյա դասընթաց «Կրթություն և վերականգնում. Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառու կանանց համար։

Հանդիպման առաջին օրը հոգեբան Նարինե Խաչատրյանի հետ ողջ օրվա ընթացքում հոգեբանական տրավմաների հաղթահարման խմբային թերապիա եւ յոգա իրականացրեցին, սովորեցին, թե ինչպես հաղթահարել հոգեբանական դժվարությունները յոգայի միջոցով, ինչպես հետագայում յոգայի միջոցով ինքնուրույն կարողանան կառավարել սթրեսային իրավիճակներն ու դրանց հետեւանքները հասցնել նվազագույնի։

Երկրորդ օրը շահառուները ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ քննարկեցին ֆինանսական գրագիտության առանձնահատկությունները, ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։

Երրորդ օրը մասնակիցները շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում ունեցան հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ։ Արդյունքում կանայք ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման մեթոդաբանությանը։

«Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ»:

Այս մասին հաղորդում է «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը:

Ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդի իրավունքները․ առանց նախագահի, բայց խորհրդարանի նոր խոսնակով և պետ​​նախարարով

Երեկ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հաստատեց, որ նշանակվել է Արցախի պետական ​​նախարար։ Հայտնի չէ՝ պետական ​​նախարարը կունենա՞ արդյոք կաբինետ, ասենք՝ արտաքին գործերի նախարար։ Սակայն ակնհայտ է, որ Նժդեհ Իսկանդարյանի նշանակումը Հայաստանի իշխանությունների հետ որոշակի փոխզիջման արդյունք է, որոնք արցախցիների հետ հարաբերությունները սահմանափակել են բացառապես սոցիալական խնդիրների լուծմամբ։ Եվ այդ խնդիրները քննարկելու համար անհրաժեշտ է «լիազորված», բայց ոչ «քաղաքական անձ»։

Դժվար է ասել, թե ով ում է լիազորել հիմա լիազորում։ Արցախի խորհրդարանը նիստեր է անցկացնում գաղտնի. մայիսի սկզբին խորհրդարանը խիստ գաղտնիության պայմաններում փոխեց Սահմանադրությունը և նույնքան գաղտնի որոշում ընդունեց իր լիազորությունները երկարաձգելու մասին մայիսի 21-ից հետո, երբ լրացել էին խորհրդարանի և երկրի նախագահի լիազորությունների ժամկետը։ Խորհրդարանը խոսնակ ընտրեց Աշոտ Դանիելյանին, որը նույնպես «քաղաքական անձ» չէ։

Արցախի նախագահ պետք է ընտրվեր 10 օրվա ընթացքում, սակայն Սամվել Շահրամանյանը զբաղված էր հարցաքննություններով Հայաստանի քննչական կոմիտեում և չառաջադրեց իր թեկնածությունը, իսկ այլ թեկնածու չգտնվեց։ Սամվել Շահրամանյանի օրերս փաստաբանը հայտարարեց, որ նա այլևս նախագահ չէ։ Այսպիսով, Արցախը նախագահ չունի և, ամենայն հավանականությամբ, չի էլ ունենա։

Միևնույն ժամանակ, ապրիլի 29-ին մեծ հանրահավաք հրավիրած և ՀՀ կառավարությանը 12 իրավա-քաղաքական կետից բաղկացած կարևոր պահանջագիր ներկայացրած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներկայումս ՀՀ կառավարության հետ քննարկում է միայն սոցիալական հարցեր, մասնավորապես՝ բնակարանային ծրագրի փոփոխությունը և 40 հազար դրամ օգնությունը ևս մի քանի ամսով երկարաձգելը։ Խորհուրդը խոստացել է հետագա քայլերի մասին հայտարարել հունիսի 23-ին և չի բացառել բողոքի ակցիաների շարունակությունը։

Այսպիսով, Հայաստանում արցախցիների իրավունքները կներկայացնի Նժդեհ Իսկանդարյանը, որը կսահմանափակվի սոցիալական հարցերով։ Իսկ Արցախի խորհրդարանը կպահպանվի՝ հետ կանչելու 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Մեկ այլ մարմին, որը լիազորված էր զբաղվել արցախցիների խնդիրներով՝ Օսկանյան կոմիտեն, մասնակցեց Շվեյցարիայում արցախցիների իրավունքների վերաբերյալ ֆորումի անցկացմանը, որտեղ ելույթ ունեցավ Գարեգին II կաթողիկոսը՝ հայտարարելով Արցախի օկուպացիայի մասին: Դրանից հետո Հայաստանի իշխանությունները պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը՝ հանկարծ հիշելով, որ նա ապօրինի դուստր ունի, չնայած Աննա Հակոբյանը ուղղակիորեն հարցրեց՝ ի՞նչ էր անում կաթողիկոսը Շվեյցարիայում։

Արցախի նոր խորհրդարանը հրապարակայնորեն չհաստատեց արցախցիների իրավունքները ներկայացնելու Օսկանյան կոմիտեի մանդատը, որը առաջ էր ըանում մասնավորապես վերադարձի իրավունքը: Ավելին, թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ ընդդիմությունը պնդում են, որ վերադարձը անիրատեսական է, այսինքն՝ գրեթե մեկ տարի Օսկանյանի կոմիտեն զբաղված էր ի սկզբանե փակուղային գործով՝ վատնելով սփյուռքի հսկայական ներուժը:

Հունիսի սկզբին Երևանում տեղի ունեցավ միջազգային իրավապաշտպանների չորրորդ համաժողովը, որին նախկինում ակտիվորեն մասնակցել էին Օսկանյանի կոմիտեի անդամները և ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Օկամպոն։ Սա մի հարթակ էր, որը ստեղծվել է արցախցիների իրավունքները միջազգային դատարաններում ներկայացնելու համար։ Վերջին համաժողովին ներկա չէին ո՛չ Օսկանյանը, ո՛չ էլ Օկամպոն, և Կալիֆոռնիայի դաշնային դատավոր Գասիա Աբգարյանի նախագահությամբ անցկացված համաժողովի գլխավոր թեման այն էր, որ մինչև «ագրեսիան» Հռոմի կանոնադրությամբ չճանաչվի որպես հանցագործություն (պարզվում է, որ այն այժմ հանցագործություն չէ), իմաստ չունի խոսել արցախցիների իրավունքների մասին։

Միևնույն ժամանակ, ոչ ոք չի թաքցնում այն ​​փաստը, որ արցախցիների իրավունքներին վերաբերող արդեն իսկ ներկայացված դատական ​​հայցերը հետ կկանչվեն միջազգային դատարաններից, եթե ստորագրվի «խաղաղության պայմանագիր»։

Իսկ Հայաստանի քննչական մարմինները շարունակում են քննել դասալքության, զենքի հանձնման և Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ անփութության հետ կապված գործերը, որոնցում մեղադրվում է արցախցի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այդ ղեկավաչոիթյան մեծ մասը հակառակի համար դատվում են Բաքվում։

Այսպիսով, ստացվում է տխուր պատկեր. արցախցիների խնդիրներով «զբաղվում է» Արցախի խորհրդարանը, որը վախենում է բացահայտ նիստեր հրավիրել, պաշտոնապես հայտարարել իր որոշումների մասին և, առավել ևս, պնդել 1989 թվականի Միացումի որոշման իրականացումը: Արցախցիների խնդիրներով զբաղվում է նոր պետական ​​նախարարը, որը, հավանաբար, կսահմանափակվի բնակարանային ծրագրի մանրամասների շուրջ Հայաստանի կառավարության հետ բանակցություններով: Միաժամանակ, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը «նոր կառավարություն» է դարձել, իսկ Օսկանյանի հանձնաժողովը խորը թաքնվել է «շվեյցարական» նախագծի հակառակ էֆեկտից հետո։

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Հայաստանում և միջազգային ասպարեզում գործնականում ոչ ոք չի ներկայացնում արցախցիների իրավունքները։ Արցախցիներն իրենք մասամբ հուսահատության մեջ են, մասամբ էլ չեն կարողանում դուրս գալ փոխադարձ մերժման և ատելության կապանքներից, որոնց մեջ ընկել էին դեռևս Արցախում գտնվելու ժամանակ: Բողոքի ցույցերը կորցրեցին իրենց իմաստը այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ փորձարկեց 40 հազար դրամի չափով օգնության տրամադրումը՝ որպես արցախցիներին հանգստացնելու միջոց:

Թրամփը հայտարարեց Չինաստանի հետ գործարքի մասին

Բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները համաձայնության եկան փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մեր գործարքը Չինաստանի հետ պատրաստ է և ենթակա է իմ և նախագահ Սի Ցզինպինի վերջնական հաստատմանը: Հարաբերությունները հիանալի են: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», – գրել է Թրամփը։

Համաձայնագրի շրջանակներում Վաշինգտոնը չինական ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 55%, իսկ Պեկինը կնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 10%: Բացի այդ, ԱՄՆ-ն կրկին թույլ կտա չինացի ուսանողներին սովորել ամերիկյան համալսարաններում, ասել է Թրամփը։

Հայաստանում NVIDIA-ի հետ կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան

news.am 
Firebird ընկերությունը, որը մասնագիտանում է ամպային արհեստական բանականության (AI) լուծումների մշակման մեջ, ՀՀ կառավարության և NVIDIA կորպորացիայի հետ համատեղ հայտարարում է նորարարական նախագծի մեկնարկի մասին՝ Հայաստանում AI-ի ամպային հարթակի ստեղծումը: Այս նախագիծը նպատակ ունի զարգացնել Հարավային Կովկասի տեխնոլոգիական ներուժը և Հայաստանը դարձնել AI ոլորտի առաջատար կենտրոններից մեկը:

Նախագծի մասշտաբն ու հնարավորությունները

2026 թվականին նախագծի շրջանակներում կտեղադրվեն հազարավոր NVIDIA Blackwell պրոցեսորներ, որոնց էներգիայի սպառումը կարող է հասնել 100 մեգավատտի և ավելի: Այս հզոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա իրականացնել բարձր արդյունավետությամբ հաշվարկներ և մշակել առաջատար AI կիրառություններ:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն դոլար: Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանը՝ միավորելով բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածք, որակյալ մասնագետներ և նորարարական գիտական հետազոտություններ: Այս ամենը ստեղծում է նպաստավոր պայմաններ բիզնեսի, ստարտափների և գիտական հաստատությունների համար՝ համընթաց քայլելու AI ոլորտի համաշխարհային միտումներին:

Հայաստանի և տարածաշրջանի համար նշանակությունը

AI կենտրոնը կարևոր քայլ կլինի Հայաստանի՝ տեխնոլոգիական առաջատար դիրքեր զբաղեցնելու ճանապարհին՝ ամրապնդելով NVIDIA-ի ներկայությունը երկրում:

Նախագծին աջակցում են խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Team Telecom Armenia-ն և իռլանդական Imagine Broadband-ը, որոնք տրամադրում են տեխնիկական փորձաքննություն և ենթակառուցվածք՝ տվյալների կենտրոնների արագ տեղադրման համար:

Firebird նախագիծը միավորում է ձեռնարկատիրական տեսլական, համաշխարհային կարգի ենթակառուցվածք և միջազգային համագործակցություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական ընկերությունների և ստարտափների համար՝ օգտվելու AI-ի առավելություններից:

Բացի այդ, նախագիծը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական կապերը միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով տարածաշրջանի ինտեգրմանը համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգերում:

Firebird-ի գլխավոր ներդրողն է Afeyan Foundation for Armenia հիմնադրամը, որի ղեկավարն է Նուբար Աֆեյանը՝ նախագծի ռազմավարական խորհրդատուն: Նա ընդգծել է. «Երկարաժամկետ ներդրումները և միջազգային համագործակցությունը բանալիներ են Հայաստանի՝ AI ոլորտում համաշխարհային առաջատար դիրքեր գրավելու համար»:

Հունիսի 23-ին արցախցիները կհայտարարեն պայքարի երկրորդ փուլի մասին

Հունիսի 23-ին արցախցիները կհայտարարեն պայքարի երկրորդ փուլի մասին։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ ՀՀ կառավարության հետ։ Մեր նախապայմանն այն էր, որ կենսական նշանակության սոցիալական խնդիրները պետք է լուծվեն։ Եվ դիրքորոշումը հստակ է, որ մինչեւ արցախահայությունը բնակարանով չապահովվի, մինչեւ բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակվարձի աջակցության ծրագիրը շարունակվի»,- նշեց նա։

Ապրես Մարգարյանն ասաց, որ կառավարությունում իրենց ասել էին, թե 1-2 ամսում բացթողումները կկարողանան շտկել։ «Բանակցությունները շարունակվում են, այսինքն՝ փակուղի չեն մտել, բայց մենք ունենք հետեւյալ խնդիրը՝ մեկ ամիս հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների։ Այսինքն՝ բնակվարձը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առջեւ են կանգնելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում՝ կառավարության հետ քննարկումների այս արդյունքները բավարար չեն, մենք հունիսի 23-ին հայարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին եւ ասելու ենք՝ ինչ ճանապարհով ենք պայքարելու։ Այն հրապարակային հայտարարությունները, որոնք արել ենք, եթե կառավարությունն իր խոստումը չկատարի, դա ուժի մեջ է։ Բայց եկեք մի բան արձանագրենք՝ խորհուրդը կարող է հաջողության հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արցախցիների իրավունքների, Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախմբվածություն»,- հավելեց նա։

Մարգարյանը նշեց, որ մինչեւ հունիսի 23-ը քննարկումներ են անցկացնելու արցախցիների, նաեւ այն միավորումների հետ, որոնք աջակցում են իրենց օրակարգը։ Այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ «Այսինքն՝ եթե կարճ ամփոփենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն եւ հավաստիացնում ենք, որ պայքարելու վճռականություն ունենք»,- նշեց նա։

 

 

Ավստրիայում դպրոցականների վրա կրակողի հայրը հայկական ծագում ուներ

Հունիսի 10-ի առավոտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կոտորածի մեջ կասկածյալի [անունը չի նշվում – խմբ.] մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գրաց քաղաքում տեղի ունեցած կրակոցները երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն էին, ողբերգությունը խլեց տասը մարդու կյանք՝ 14-ից 17 տարեկան երեխաներ, ինչպես նաև 59-ամյա ուսուցչուհի։ Ներկայումս Գրացի հիվանդանոցներում հարձակումից հետո մնում է 11 մարդ։ Հարձակվողը՝ այս դպրոցի նախկին 21-ամյա աշակերտը, ով իրեն համարում էր «բուլինգի զոհ», ինքնասպան է եղել։ Նրա գործողությունների դրդապատճառները պարզ չեն։

Ինչպես հաղորդում է ավստրիական «Kronen Zeitung» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, կասկածյալը ապրել է իր ավստրիացի մոր հետ, ով նրան մենակ է մեծացրել։ Հրատարակության տվյալներով՝ նրա հայրը Հայաստանից է, և նա ամուսնալուծությունից ի վեր նրա հետ նույն տանը չի ապրել։

Հրաժեշտի նամակից բացի, հարձակվողը նաև տեսաուղերձ է թողել մորը։ Այնտեղ նա ներողություն է խնդրում «այն բանի համար, ինչ հիմա պատրաստվում է անել»։ Այնուհետև նա շնորհակալություն է հայտնում մորը իրեն ցուցաբերած «խնամքի» համար։

Քննիչների խոսքով՝ մայրը տեսանյութը բացել է այն ստանալուց 24 րոպե անց, երբ կոտորածն արդեն կատարվել էր։

Այս պահին գործով հարցաքննվում է մի քանի հարյուր մարդ։