«Ֆրանսիան պատրաստվում է ավելի լուրջ ներկայություն ունենալ Սյունիքում»․ Արա Պապյան

«Ֆրանսիան Սյունիքում բացեց պատվո հյուպատոսի գրասենյակ, որը հայտարարված գլխավոր հյուպատոսարանից ավելի ցածր կարգավիճակ ունի, բայց այդուհանդերձ կարեւոր է։ Եվ Ֆրանսիայի դեսապանն էլ դա շեշտեց, որ իր գործառույթով դա շատ ավելի կարեւոր է, քան պարզապես պատվո հյուպատոսարանը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ այսպիսով Ֆրանսիան իր ներկայությունն է ապահովում Սյունիքում, դրանով նաեւ զգուշացնում է Ադրբեջանին, որ բոլոր տեղեկություններն առաջնային աղբյուրներից աշխարհին հասանելի կլինեն։ «Նաեւ ես կարծում եմ, որ Ֆրանսիան պատրաստվում է ավելի լուրջ ներկայություն ունենալ Սյունիքում»,- հավելեց Պապյանը։

Անդրանդառնալով ռուսական կողմի հայտարարություններին, որ ցանկանում են Սյունիքում հյուպատոսություն բացել՝ Արա Պապյանն ասաց․ «Հաշվի առնելով Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը՝ Ռուսաստանի նկատմամբ կա որոշակի անվստահություն, զգուշավորություն, որը ճիշտ է, որովհետեւ ռուսական հյուպատոսարանն ավելի շատ վնասելու է, քան օգնելու։ Օրինակ՝ ռուս խաղաղապահները հաստատապես ավելի շատ խանգարել են Արցախի պաշտպանության կազմակերպմանը։ Ես վստահ եմ՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին Արցախում, ապա ոչ մի արցախցի չէր հանդուրժի, որ մի խումբ ինչ-որ բնապահպաններ գային ու փակեին Լաչինի միջանցքը՝ ամիսներով սովի մատնելով ժողովրդին։

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միջանկյալ որոշում են կայացրել՝ ֆրանսիացիներին ասում են՝ տեսեք, մենք ռուսներին թույլ չենք տալիս, իսկ ռուսներին ասում են՝ տեսեք, մենք Ֆրանսիային գլխավոր հյուպատոսարանի կարգավիճակ էինք խոստացել, բայց ընդամենը պատվո հյուպատոսարան բացեցինք։ Սա հերթական խաղն է, որը հիմա չի անցնում, դա 2000-ականների սկզբին աշխատող սկզբունք էր, բայց հաշվի առնելով, որ հիմա Արեւելք-Արեւմուտք դիմակայություն կա, ոչ ոք կիաստություն չի հանդուրժում, երկու կողմն էլ ի վերջո դժգոհ են մնում»,- նշեց նա։

Անդրադառնալով Սյունիքի շուրջ ընթացող զարգացումներին՝ Արա Պապյանն ասաց, որ թշնամիների նպատակը Արցախի օկուպացիան չէ։ «Արցախն իրենց պետք չէ, դա պատրվակ է, Արցախը պետք է այնքանով, որքանով, որ եթե իրենք լուծում են Զանգեզուրի հարցը, լուծում են նաեւ Հայաստանի հարցը։ Այսինքն՝ իրենց համար Հայաստանի գոյությունը՝ որպես ինքնուրույն ու անկախ պետություն, ընդունելի չէ։ Եթե ինչ-որ փոքր չափով Հայաստան պետք է լինի, դա պետք է տարածքով փոքր, Թուրքիայից ու Ադրբեջանից ամբողջովին կախյալ վիճակի մեջ լինի։

Բայց ես չեմ կարծում, որ Ալիեւն այս պահին կգնա պատերազմի, կարող են ինչ-որ բախումներ լինել։ Դիմացն ընտրություններ են, ինքն ամեն ինչ պիտի անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչո՞ւ գնա պատերազմով մի բան վերցնելու, եթե կարելի է հանգիստ այդ ամբողջը վերցնել՝ առանց ծախսեր անելու եւ զոհեր տալու, ինչը մենք տեսնում ենք վերջին տարիներին։ Այն պահին, երբ Ալիեւը կզգա, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերն այնքան սասանված են, որ նա կկորցնի իշխանությունը, այդ ժամանակ նոր ինքը կգնա պատերազմի։ Քանի Նիկոլը կա, Հայաստանն արդեն օկուպացված է առանց մեկ կրակոցի»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Հունիսի 1-ից վերամեկնարկել է արցախցի կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ աջակցության միջոցառումը

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
📌 հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։
Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝
✅ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,
✅ որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),
✅ որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,
✅ որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։
📎 Դիմում ներկայացնելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/945

Հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար

Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։
Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Սա կարող է վկայել նաև այն մասին, որ ադրբեջանական պետությունը , որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանորեն սպանած մարդանման հրեշին, նույն կերպ էլ բացառված չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաև հայկական որևէ հուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշանութային ժառանգության ոչնչացման մեջ ներգրավելով ժողովրդին։
Այն , ինչը հայկական է, պատկանում է հայ մշակույթին, ենթակա է փոշիացման. այսպես է մտածում ու գործում ա’յն պետությունը , որի մեկ դար էլ չձգվող պատմությունը հնագույն քաղաքակրթությունները ոչնչացնելու պատմություն է։ Հիշենք նաև դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը ևս չի մոռացվել։ Ձեռագիրը նույնն է ու անփոփոխ։
Այս ամենը հստակորեն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ։

Սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել

Step1.am-ի տեղեկություններով՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չեն առաջադրել, հետեւաբար, Արցախի նախագահ չի ընտրվել։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավաման ժամկետը լրացել է, եւ հիմա նախագահի պարտականությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել են։ Եվ մայիսի 21-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ԱԺ նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանում ներկայացված խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է Արցախի նախագահի թեկնածու առաջադրեին, սակայն մինչ օրս առաջադրում չի եղել։

Հիշեցնենք, որ վերջերս Արցախի խորհրդարանը հաստատել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ ապահովելու համար Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունը։

Հարց Փաշինյանին․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ արդյունքը լինելու է Արցախի կորուստը

Hovhannes Shamrikyan-ը գրում է․

Ստորև’ հարցերս
Հարց 1․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու
«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ — նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:
Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։
Հարց 2․ Արդյո՞ք ունեիք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ
«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեիք՞ այս նույն տեսակետները»։
Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։
Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․«Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյո՞ք Արցախ ունենալով՝ անկախ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։
Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։
Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա ` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։
Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։ Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր:

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին ուրան հարստացնել. նոր գործարքը վտանգված է՞

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնագիրը բացառում է ուրանի հարստացումը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայումս քննարկվող հնարավոր համաձայնագրի համաձայն՝ Վաշինգտոնը «թույլ չի տա ուրանի որևէ հարստացում», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում երկուշաբթի՝ հունիսի 2-ին։ Հայտարարության պատճառը Axios լրատվական պորտալի հաղորդագրությունն էր, որի համաձայն՝ Վաշինգտոնի առաջարկը թույլ է տալիս Թեհրանին սահմանափակ կերպով հարստացնել ուրանը։

Ապրիլի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը սկսեցին բանակցություններ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր նոր համաձայնագրի շուրջ։ Բանակցությունների առաջին հինգ փուլերը ոչ մի արդյունք չեն տվել։ Երկուշաբթի օրը Թրամփը ներկայիս իրավիճակի համար մեղադրեց իր նախորդին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Նրա խոսքով՝ Բայդենը «պետք է վաղուց կանգնեցներ» Իրանի ուրանի հարստացումը։

Իրանական կողմը ևս ասում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի արգելել Իրանին զարգացնել խաղաղ միջուկային էներգիա։

Հաջիևը հաստատել է՝ Բաքվում բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև. «Ֆրանս պրես»

Ադրբեջանն օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ կապերը՝ Սիրիայում ներքին լարվածությունը մեղմելու համար, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հաստատել է՝ Բաքվում առնվազն երեք փուլով բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև՝ Սիրիայում անվտանգության սպառնալիքները նվազեցնելու հարցով։

«Ադրբեջանը դիվանագիտական ջանքեր է գործադրում համաձայնության հասնելու համար։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը վստահում են մեզ», -թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիևը։

«Սարդարապատից մինչև Արցախ» միջոցառում․ կազմակերպիչ՝ արցախցի զինղեկ

Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Սարդարապատից մինչև Արցախ« խորագրով միջոցառումը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրվան էր նվիրված։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Հրավիրված զինվորականներն անկեղծ զրույց են ունեցել բարձր դասարանցիների հետ, լսել հետաքրքրող հարցերն ու պատասխանել նրանց։ Աշակերտները ոգևորված էին, նրանց մեջ ակնհայտ էր մեծ վճռականություն, ու կամքի ուժ և հարկ լինելու դեպքում պատրաստ էին ատամներով պաշտպանել հայրենիքի սահմանները։ Յուրօրինակ հայրենասիրության դաս-միջոցառումը համեմված էր երգ ու պարով, գեղեցիկ ակնթարթներով։

Վերջում դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ցուցադրական խաղեր, որտեղ աշակերտները ցույց տվեցին իրենց հմտություններն ու բարձր պատրաստվածությունը։ Նրանց համար զինվորական համազգեստ կրելը մեծ պատիվ է, իսկ հայրենիքին ծառայելը՝ սուրբ առաքելություն․․․

Արցախից տեղահանված զինղեկն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Արցախի թեման փակված չէ և հետվերադարձ անպայման լինելու է ու դրա համար պետք է արվի հնարավորը, որպեսզի մարդկանց մոտ երբեք չմարի հույսն ու հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայրենիքից մենք Սփյուռքին շատ դեպքերում ամբողջական ենք ընկալում, իրականում այն շատ բազմազան է

Սիրանուշ Սարգսյանն անցյալ տարի երկու անգամ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է տպավորությունների, բացահայտումների մասին

 -Առաջին անգամ Թավիթյան հիմադրամի կրթաթոշակով մեկնել եմ ԱՄՆ՝ սովորելու <<Թաֆթս>> համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։ Այդ 4 ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումների, քննարկումների եմ մասնակցել, որոնք թե՛ միջազգային մակարդակով էին, և թե՛ հայկական համայնքի կողմից կազմակերպված։

Որպես բանախոս, Բոստոնի Հայկական Ժառանգության Զբոսայգում ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողության ժամանակ հանդես եմ եկել բանախոսությամբ։ Ավելի փոքր կազմով բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայկական համայնքը, հիմնականում Բոսոտոնի և նրա շուրջ, բավական հզոր ու նաև շատ բազմազան է։ Հետաքրքիր է, թե ինչքան տարաձայնություններ ունեն մեր հայրենակիցները։ Նրանց տեսակետները բավական տարբեր են քաղաքական, հասարակական և այլ հարցերի շուրջ։ Հայրենիքից մենք Սփյուռքին շատ դեպքերում ամբողջական ենք ընկալում, իրականում այն շատ բազմազան է՝ իր դրական ու բացասական կողմերով։

Ես Միացյալ Նահանգներ եմ գնացել Արցախի ժամանակավոր կորստից ու տեղահանությունից անմիջապես հետո։ Հայ համայնքի մոտ բավական թարմ էին կորստի զգացողություները։ Մեր հայրենակիցները կոտրված էին, իրենց կորսված ու ինչ որ տեղ նաև անզոր էին զգում։ Տարիներ շարունակ նրանք Արցախով էին ապրում և իրենց մեծ աշխատանքը, նվիրումը կորսված էին համարում։

Միաժամանակ ցավի ու կորստի հետ մեկտեղ նրանք պատրաստակամ են օգնել, ինչպես հայաստանաբնակ , այնպես էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։

Ուսմանս զուգահեռ բազմաթիվ հանդիպումներ էի ունենում թե՛ համալսարանական շրջանակներում, թե՛ նրանից դուրս։ Տեսանելի էր, որ մարդիկ գրեթե տեղյակ չեն, թե ինչ էր տեղի ունեցել Արցախում։ Որպես հակամարտություն՝ ոչ ուսուցանվում էր, ոչ էլ գրեթե խոսվում դրա մասին։

Իհարկե, ինձ համար շատ ցավալի էր դա, ու, երբ խոսք էր գնում այլ հակամարտությունների մասին, ես ամեն մի առիթ օգտագործում էի, որպեսզի բարձրաձայնեմ Արցախի մասին։ Այդ ընթացքում հայկական համայնքի միջնորդությամբ ինձ հրավիրել էին միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, որտեղ էլի հիմնական բանախոսներից մեկն էի։ Ես ներկայացնում էի այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում։ Բարձրաձայնում էի, որ մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, մեր հայրենիքը, այլ այնտեղ ենք թողել մեր հազարավոր մշակութային կոթողները, հարյուրավոր եկեղեցիները։

Առանձին օրինակներով ներկայացնում էի համայնքները, որոնք ձևավորվել են եկեղեցիների շուրջը՝ փաստելով, որ ամեն մի համայնք ուներ իր եկեղեցին, իր բազմադարյա պատմությունը։ Մարդկանց ուշադրությունը սևեռում էի մեր մշակութային հոգևոր արժեքների կորստի և միջազգային հարթակներում այդ հարցերիի բարձրաձայնման վրա։

Այդ հանդիպումների կազմակերպումը, հիմնախնդիրների բարձրաձայնումն ինձ համար, որպես Արցախից տեղահանվածի ու մինչ այդ էլ այդ խնդիրները բարձրաձայնողի, բավական չէր։ Այդ քննարկումների ընթացքում մենք հաճախ խոսում էինք, թե ինչպես կարող ենք օգնել և դրական առումով ազդեցություն ունենալ տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավման համար, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից։

Ես իմ հոդվածներում, ելույթներում շատ էի պատմում արցախցի կանանց մասին, ներկայացնում նրանց անկոտրուն կամքի, ոչնչից մի բան ստեղծելու անհավանական կարողության, աշխատասիրության մասին։ Սփյուռքահայ մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ամերիկացիների մոտ աջակցելու ցանկություն էր առաջանում և նրանք խորհրդակցում էին ինձ հետ՝ ինչպես օգնել այդ կանանց ու երեխաներին։

Իհարկե, արցախահայության կարիքների բարելավման համար առաջնային պատասխանատուն հենց Հայաստանի Հանրապետությունն է, բայց մենք գիտենք, թե ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունը ինչքան անարդյունավետ է այդ առումով և ինչքան քիչ է միջազգային հանրության կողմից տրամադրվող աջակցությունը։ Մեզ ուրիշ տարբերակ չի մնում, քան հաճախ ինքներս լուծենք մեր հարցերը։ Առանձին փոքր ծրագրերով բոլորի խնդիրները, իհարկե, չեն կարող լուծել, սակայն ուրախալի է, որ թեկուզ փոքր քայլերով կարողանում ենք աջակցել տասնյակ ընտանիքների։

Սիրանուշը երկրորդ անգամ հրավիրվեց Միացյալ Նահանգներ և այնտեղ թե՛ հայ համայնքի, թե՛ Ամերիկայի քրիստոնյա համայնքների կողմից պատվիրակությունների մեջ ընդգրկված էին Արցախից այլ ներկայացուցիչներ

-Մեծ կազմով հանդիպում ունեցանք ամերիկյան պաշտոնյաների, հատկապես կոնգրեսականների հետ, ինչպես նաև առանձին քննարկումներ ունեցանք հայկական համայնքի հետ։ Մասնավոր հանդիպումներ ունեցանք կրոնական հարցերով զբաղվող հանձնաժողովի և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ օրակարգում նույն հարցերիի քննարկումն էր` ինչպես օգնել քրիստոնյա հայ բնակչությանը, որ կորցրել են իրենց հազարամյակների բնօրրանը և ինչպես օգնել արցախցիներին ոտի կանգնելու։

Այդ հանդիպումների արդյունքում կարողացա կապեր ստեղծել ու կամուրջ հանդիսանալ հայկական համայնքի և համայնքի բարեկամ ամերիկացիների ու արցախցիների միջև՝ փորձելով տարբեր ծրագրեր իրականացնել։ Այս առումով ամենամեծ և իմ կողմից անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծննդյան տոներին, երբ 100-ից ավելի Արցախից տեղահանված երեխաների համար նվերներ պատրաստեցինք։ Հիմնականում դրանք զարգացնող խաղեր էին, որոնք շատ անհրաժեշտ են փոքրիկներին։

Այդ երեխաների ծնողների հետ ես հարցազրույցներ էի անում դեռևս Արցախում՝ շրջափակման, մեկօրյա պատերազմի, տեղահանության ժամանակ և տեղահանությունից հետո։ Լավ գիտեի նրանց խնդիրների մասին։ Ես ուզում էի, որ այդ ընտանիքներն իմանան, որ իրենց չեմ մոռացել, ու իրենց պատմությունները շատ կարևոր են։

Ամեն մի կին, պատմելով իր կյանքի, կորստի ու պայքարի պատմությունը, բարձրաձայնում է մյուսների մասին։ Պատմությունը, իհարկե, կրկնվելու հատկություն ունի։ Այդ ընտանիքների հետ շփվելով, ես վերհիշում էի, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նույն օգնությունը մենք էինք ստանում սփյուռքահայերից և Հայաստանի ու Արցախի բարեկամ օտարերկրացիներից, և այդ հիշողությունները մինչև այսօր ջերմ են մեր մեջ։

Ես ուզում էի, որ մեր երեխաները նույնպես զգան այդ ուշադրությունն ու հոգատարությունը։ Այդ միջոցներով առավել կարիքավոր ընտանիքների 30-ից ավելի երխաների համար, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, տաք հագուստ ու կոշիկ ենք նաև գնել։ Փորձել եմ աջակցել նաև մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություններից մեկին՝ Դիզակ Արտ-ին, որն աշխատում է Արցախից տեղահանված երեխաների հետ։

Դրսում ապրող մեր հայրենակիցները շատ են կարևորում դա։ Մեծ առաքելություն է մեր բարբառի պահպանումը, տեղահանված երեխաների համախմբումը, տեղահանված ուսուցիչներին աշխատանքով բավարարելը, և նման կազմակերպություններին աջակցելն անհրաժեշտ եմ համարում։ Փորձել ենք նաև աջակցություն տրամադրել առանձին ընտանիքների, որոնք առավել շատ են տուժել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից, սեպտեմբերի 19-ի պատերազմից։ Քանի որ ինքս կազմակերպություն չունեմ, ուղղակի պատմում եմ մարդկանց պատմությունները, և բարերաները իրենք են որոշում ՝ ինչպե՞ս օգնել և ո՞ւմ աջակցել:

Բոլորովին վերջերս Սիրանուշի աջակցությամբ արցախցի կանանց համար կազմակերպվել է մեկամսյա ծրագիր, որն ավարտվել է երկօրյա ցուցահանդեսվաճառքով

 -Ամենաթարմ ու ամենամեծ ծրագիրը, որ իրականացրել ենք, դա մայիս ամսվա <<Dance4Armenia>> ամերիակահայ մի խումբ երիտասարդների կողմից ֆինանսավորված ծրագիրն է։ Ծրագիրը իրականացվել է <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ի նախաձեռնող խմբի միջոցով։

Նրանց գործունեության մասին տեղյակ էի դեռևս Արցախից։ Տեսել եմ, թե ինչպես է այն գործում մինչև շրջափակումը և անգամ շրջափակման ժամանակ։ Փորձել եմ իմ ընկերների միջոցով կամուրջ լինել և նրանց կապել իրար հետ։

Ծրագրում, որի հեղինակն ու համակարգողը Ելենա Սարկիսյանն է, ընդգրկված էին արցախցի 25 կանայք, որոնց համար շատ կարևոր էր ներկայացնել իրենց արտադրանքը, մտնել հայաստանյան և արտասահմանյան շուկա ու ճանաչելի դառնալ։ Ամենակարևոր նպատակներից մեկը նաև այն է, որ մենք կարողանանք պահպանել արցախյան ավանդույթները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մեր հիշողությունները։

Ծրագրի շրջանակում մայիս ամսվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել։ Շատ կարևոր է նաև, որ կանայք օժտված լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու ունակությամբ և կարողանան ավանդականը համադրել ժամանակակից տեխնոլոգիաների հետ։

Պրոֆեսիոնալ լուսանկարչուհի Արմինե Վանյանի միջոցով ծրագրի շրջանակներում անց է կացվել ֆոտո-դասընթացներ, որպեսզի կին արտադրողները կարողանան իրենց արտադրանքը հանել համացանցային շուկա։

Մեր կանանց մասնակցությամբ կազմակերպվել են արցախյան գաթայի, ժենգյալով հացի, փախլավայի, խաշիլի, գուլպագործության ու շապիկների մաղային տպագրության վարպետաց-դասեր։ Մեկամսյա ծրագիրն ամփոփվել է երկօրյա ցուցահանդես-վաճառքով, որը կազմակերպվել է Երևանի ամենաբանուկ վայրերից մեկում։

Կանանց տրամադրվել է անվճար հարթակ, որտեղ նրանք կարողացել են իրենց արտադրանքը ներկայացնել ու վաճառել, ինչպես նաև ձեռք բերել նոր պատվիրատուներ։ Տոնավաճառը շատ աշխույժ էր, ունեինք բավականաչափ հյուրեր, առանձնապես արտասահմանից։

Երբ նրանց պատմում էինք, թե ովքեր են այդ կանայք ու ինչ ճանապարհ են անցել, միանգամից փոխվում էր մարդկանց վերաբերմունքը։ Նրանք ցանկանում էին անմիջապես աջակցել՝ ձեռք բերելով արցախցի կանանց ձեռքի հրաշալի աշխատանքները։

Հույս ունեմ, որ այսպիսի ծրագրերը շարունակական կլինեն, ու մենք կկարողանանք այսուհետ ևս հարթակ տրամադրել՝ մեր սփյուռքահայ հայրենակիցներին քաջալերելով, որ նրանք նմանատիպ ծրագրեր իրականացնեն և իրենց հոգատար ձեռքի տակ պահեն տեղահանված արցախցիներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Խաղաղության օրակարգի» ֆիասկո. կարևոր չէ, թե ով պատասխանատու կլինի պետականության կորստի համար

Հայ Առաքելական Եկեղեցու և նրա բարձրաստիճան պաշտոնյաների դեմ արշավը ստվերել է այսպես կոչված «խաղաղության գործընթացը», որը, դատելով ամեն ինչից, հայտնվել է անմխիթար վիճակում։

ՀՀ իշխանությունները մանրամասն բացատրում են, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ «խաղաղության համաձայնագիրը», պնդելով, որ սա միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է հասնել խաղաղության և պահպանել իր պետականությունը։ Սակայն ոչ ոք չի բացատրում, թե ինչու է Ադրբեջանին անհրաժեշտ այս համաձայնագիրը և հանուն ինչի է Բաքուն սահմանափակելու իր հնարավորությունները ստորագրված փաստաթղթով։

«Խաղաղության գործընթացի» ֆիասկոն նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ազատել իրեն խաղաղության և պետականության պահպանման պատասխանատվությունից։ Հարցն այն է, թե ով է կրելու պատասխանատվությունը խաղաղության և պետականության կորստի համար։

Հայաստանի համար «խաղաղության համաձայնագիրը» նույնն է, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն՝ Արցախի համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունումից և ռուսական զորքերի մուտքից ընդամենը 3 տարի անց իրականացվեց ագրեսիա, Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, բնիկ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց, իսկ պետությունը «լուծարվեց»։

Հայաստանը ոչ միայն ստորագրեց հայտարարությունը, գիտակցելով դրա հետևանքները, այլև մինչ օրս հետ չի վերցրել իր ստորագրությունը և չի մեղադրել Բաքվին ու Մոսկվային փաստաթուղթը խախտելու մեջ։ Հակառակը՝  Երևանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը, «չկռված» զինվորականներին և «չինտեգրված և փախած» քաղաքացիական անձանց՝ Արցախի օկուպացիայի և բնակչության տեղահանության համար։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Եվ քանի որ Եկեղեցին քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են «խաղաղության օրակարգին», որոշվել է ամբողջ մեղքը բարդել Եկեղեցու վրա։

Այսօր Աննա Հակոբյանը, բացատրելով Եկեղեցու դեմ կեղտոտ արշավը, ասաց, որ ամեն ինչ կդադարի, եթե հոգևորականները «լռեն, շշշշշ…»: Այսինքն՝ խնդիրը կաթողիկոսի կողմից կուսակրոնության երդման խախտման մեջ չէ, այլ նրա խոսելու մեջ։

Եկեղեցին չի թաքցնում, որ գործում է որպես վերպետական ազգային ինստիտուտ։ «Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը», – ասված է Էջմիածնի երեկվա հայտարարության մեջ։

Այսինքն՝ աշխարհում Եկեղեցու և հայ ժողովրդի դիրքորոշումը ընկալվում է որպես գերակշռող Հայաստանի կառավարության դիրքորոշման նկատմամբ։

Փաշինյանի փորձերը՝ փոխելու հայկական պետության այս ընկալումը աշխարհում, արդարացված կլինեին, եթե նրա կառավարությունը չվարեր ազգային իրավունքներից հրաժարվելու պարտվողական քաղաքականություն, այլ դառնար հայ ժողովրդի անօտարելի իրավունքների խոսնակը։ Այս դեպքում, Հայ եկեղեցին, որը կհակադրվեր դրան, կդատապարտվեր ամբողջ ազգի կողմից։

Սակայն Հայաստանի կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որը թույլ է տալիս Եկեղեցուն դառնալ հայ ժողովրդի իրավունքների միակ խոսնակը։

Սա լավագույն տարբերակը չէ, քանի որ, ինչպես կառավարության քաղաքականության դեպքում, Եկեղեցու կողմից պետության անտեսումը հանգեցնում է պետականության կորստի, և Եկեղեցին դա չի ժխտում։

«Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում», – ասված է Էջմիածնի հայտարարության մեջ։

Ժամանակակից փիլիսոփաներից մեկն ասել է, որ Հայաստանը կարող է դառնալ նոր աշխարհակարգի ռահվիրա՝ առաջինը հայտարարելով տարածք չունեցող ցանցային ազգային պետության ստեղծման մասին։ Այս նախագիծն այժմ իրականացվում է՝ դերերի բաժանմամբ. Եկեղեցին կարող է դառնալ նոր ցանցային ազգային պետության «հոգևոր կառավարությունը», իսկ Հայաստանի ներկայիս վարչապետը՝ գլխավոր կառավարիչ-պրորաբ Հայաստանի ներկայիս տարածքում, որը կվերածվի «Խաչմերուկ»  բիզնես նախագծի։

Էջմիածինը պատասխանել է Փաշինյանին

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։

Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։

Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։

Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս. Սուրենյան

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։

«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս»,- հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿժի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։