Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորեցին

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, գրում է news.am-ը։

«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները որոշման հրապարակումից հետո։

Դատարանի բակում հավաքված քաղաքացիները «ամոթ, ամոթ» են վանկարկում։ Ներկաներն արտասվում են։

Բազմաչարչար «իմպիչմենտ»՝ Փաշինյանի դե՞մ, թե՞ օգտին

Մի քանի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը սկսեց իմպիչմենտի ընթացակարգը Հայաստանում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին առաջադրելով որպես վարչապետի տեխնիկական թեկնածու։

Մինչ այդ, չորս անկախ պատգամավորներից երկուսը՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, սկսեցին իրենց իմպիչմենտը՝ Էդմոն Մարուքյանին առաջադրելով վարչապետի պաշտոնում։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը թեկնածուներ չառաջադրեց, սակայն այսօր՝ Էջմիածնում «հակաահաբեկչական գործողությունից» հետո, հայտարարեց, որ պաշտոնապես միանում է իմպիչմենտին։

Էդմոն Մարուքյանը անմիջապես հրաժարվեց վարչապետի պաշտոնում առաջադրվելուց, եթե բոլորը աջակցեն Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը անմիջապես աջակցեց սրբազանի թեկնածությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս պատրաստակամություն հայտնեց միանալ Աղազարյան-Ասլանյան նախաձեռնությանը և առաջադրել Սրբազան Միքայելի թեկնածությունը, բայց միայն այն դեպքում, եթե սրբազանն ինքը համաձայնվի։ Հակառակ դեպքում խմբակցությունը ենթադրում է, որ մնացած բոլորը կմիանան «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։

Սրբազան Միքայելը խնդրեց շահարկումներ չանել իր անվան շուրջ որպես վարչապետի թեկնածու, նամակ հղելով դատարանի շենքից, որտեղ որոշվում է նրա ձերբակալման հարցը։

Իմպիչմենտ սկսելու  համար անհրաժեշտ է առնվազն 54 ձայն, և առանց «անկախ» պատգամավորների՝ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանա այդքան ձայն ստանալ։ Հետո էլ կարիք կլինի իշխող ՔՊ-ի ձայների, ինչը խնդրահարույց է։

Մինչ այսօր «Հայաստան» խմբակցությունը նախընտրում էր ժամանակ ձգել մինչև հաջորդ ընտրություններ, որոնք տեղի կունենան մեկ տարի անց։ Այսինքն՝ 5 ամիս անց կսկսվի նախընտրական շրջանը, և իմպիչմենտն այլևս օրենքով թույլատրելի չի լինի։

Իմպիչմենտից բացի, շատ ընդդիմադիրներ խոսում են ուժայիններին ժողովրդի կողմը գրավելու անհրաժեշտության մասին, թեկուզ  ներկայումս նրանք մոնոլիտ հավատարմություն են ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ճիշտ է, ԱԱԾ նախկին ղեկավար Արմեն Աբազյանը մի փոքր հիասթափեցրեց՝ կամ հրաժարվելով կատարել անօրինական հրամանները, կամ պատրաստելով Փաշինյանի պարտությանը։

Իշխող կուսակցությունը ուշադիր հետևում է «իմպիչմենտի» գործընթացին և փորձում է թաքցնել իր վախը ընդդիմության հասցեին ուղղված սուր ծաղրի տակ, արդարացիորեն ասելով, որ այն անկարող է համախմբվել։

Եթե իմպիչմենտը ձախողվի, և հնարավոր չլինի ուժայիններին ժողովրդի կողմը գրավել, ապա Փաշինյանը կկարողանա ներկայիս գործընթացները հաշվարկել որպես ակտիվ և նույնիսկ հայտարարել արտահերթ ընտրություններ։ Գուցե, հենց դա՞ է նպատակը։

«Ասկերան» հուշապատում-տարեգրություն գրքի շնորհանդեսն էր

Այսօր կազմակերպվել է «Ասկերան» հուշապատումտարեգրություն գրքի նոր տարբերակի շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, զոհված զինծառայողների հարազատներ, ասկերանցիներ, հյուրեր։

Գրքի համալրված տարբերակը վերահրատարակվել է «Լուսարար» կրթամշակութային ՀԿ հովանավորությամբ։

Գրքում արցախցի Վերա Գասպարյանի հուշագրությունն է` սկսած արցախյան առաջին պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները։ Այն բովանդակում է մի ուրույն հատված արցախյան պատմությունից և, անշուշտ, հետագա ուսումնասիրողների համար կարևոր տվյալներ է պարունակում:

Կիմ Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ «Ասկերան» հուշապատումտարեգրություն գրքի նոր տարբերակը մեծ աշխատանքի արդյունքում է կյանքի կոչվել

 -Անահիտ Պետրոսյանի համահեղինակությամբ վերահրատարակված Վերա Գասպարյանի գիրքը հուշարձան է բոլորի համար։ Գրքի առաջին տարբերակը լույս է տեսել 2022-ին՝ Ասկերանում։ Սակայն Արցախի բռնատեղահանությունից հետո Վերա Գասպարյանը և գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանը նպատակահարմար գտան վերահրատարակել գիրքը՝ նոր տարբերակում ավելացնելով 2023-ի սեպտեմբերի զոհերին ու բռնագաղթից հետո դժբախտ պատահարների զոհ դարձած ասկերանցի զինծառայողներին։

Այսօր մեզ համար ցավալի է, որ չենք կարողանում այցելել մեր հերոսների շիրիմներին ու հարգանքի տուրք մատուցել։ Մնացել են հուշերը, որոնք ամբողջ կյանքում կլինեն մեզ հետ։ Այս գիրքը պատմություն է, որը պետք է փոխանցվի սերնդեսերունդ։ Շնորհակալություն հեղինակներին կատարված մեծ աշխատանքի համար։

«Ասկերան» հուշապատումտարեգրություն գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանը ներակայացրեց գրքի ստեղծման պատմությունը

-Գիրքը լույս պիտի տեսներ դեռևս 2020 թվականին, սակայն 44-օրյա պատերազմը խանգարեց այդ նպատակի իրագործմանը։ Հեղինակի հաստափոր տետրերը գիրք դարձնելու գաղափարը հղացել էր երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանի մոտ, երբ օրերից մի օր «Բերդ» շրջանային թերթի խմբագրություն եկավ Վերա Գասպարյանը և ներկայացրեց իր օրագրային գրառումները։ Մինչ այդ նրա հեղինակած թղթակցությունները ժամանակ առ ժամանակ տպագրվում էին «Բերդ»-ում։

Վերա Գասպարյանի Հուշապատում-տարեգրությունն արիության ու սխրանքի իրական պատմություն է՝ նվիրված Ասկերանի քաջարի զավակներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենի հողի, կամ էլ զոհ են գնացել պատուհասած արհավիրքներին։ Գիրքը գրվել է հեղինակի աղոթքի ու մայրական սիրո լեզվով։ Համոզված ենք, որ այն կդառնա արցախցիներին ուժ ու հավատ ներշնչող մի յուրօրինակ աղոթագիրք, որտեղ ամփոփված է ցավի վերածված հայի երազանքը։

Հուշերն ավելի երկար են ապրում, քան իրական կյանքում՝ մարդը։ Եթե չես մոռանում անցյալդ, կարողանում ես գտնել ապագայի ճիշտ արահետը։ Վստահ լինենք, որ այդ արահետով երբևէ կվերադառնանք Արցախ՝ խնկարկելու մեր հերոսների շիրիմներն ու շենացնելու հող հայրենին։

Ներկաներն իրենց սրտի խոսքն ասացին՝ կարևորելով այն առաքելությունը, որ իրականացրել են գրքի հեղինակն ու խմբագիրը։ Միաժամանակ հույս հայտնեցին, որ նման հուշագրություններ կգրվեն նաև շրջանի մյուս բնակավայրերի զոհված տղաների մասին։

Միջոցառման վերջում մասնակցիները փոխանակվեցին հուշերով ու ցանկություններով․ բոլորի երազանքը մեկն էր՝ հետվերադարձ Արցախ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Պայթյունից տուժածները աջակցության դադարեցման պարագայում շատերի պես կհայտնվեն փողոցում

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում սկսել է հրապարակել նյութերի շարք: Դրանց մեջ կներկայացվեն տարբեր շահառուների կյանքի պատմություններ, որոնցով կենրոնը սիրով կկիսվի նաև Step1.am ի հետ:

Առաջին պատմությունը Խաչատրյան եղբայրների մասին է․ 2023 թվականի սեպտեմբերին Հայկազովի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ դեպքի վայրում էին նաև Վիտալին և Եգորը։ Նրանք երկուսն էլ տուժեցին, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ։

Սակայն ամենացավալի օրն անգամ չի կարող խամրեցնել կյանքի հանդեպ նրանց սերը։

Վիրավորումները պահանջեցին երկարատև բուժում ու հոգատար մոտեցում։ 2023 թվականից մինչ այսօր Վիտալին և Եգորը վերականգնողական բուժում են ստանում։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնագետների հետևողական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ եղբայրներն արդեն դրական արդյունքներ ունեն։ Նրանք ինքնուրույն են հաղթահարում առօրյա խնդիրները, ինտեգրված են համայնքում, ու ամենակարևորը՝ վերադարձրել են իրենց մանկության ժպիտը։

Այս պատմությունը կյանքի հաղթանակի մասին է։ Վիտալին ու Եգորը ապացուցում են, որ նույնիսկ ամենամութ օրերից հետո հնարավոր է քայլել դեպի լույսը՝ սիրով, համառությամբ ու աջակցությամբ։

Պայթունից տուժած հայրենակիցների բուժման հետ միաժամանակ անհրաժեշտ է լուծել նաև նրանց սոցիալական խնդիրները: Step1.am-ի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ պայթունից տուժածներից շատերը չունեն մշտական հաշմանդամության կարգ: Որոշները դեռևս լիովին չեն ապաքինվել և հնարավորություն չունեն աշխատելու, իսկ ովքեր ի վիճակի են, հիմնականում չունեն մշտական աշխատանք:

Այս պայմաններում արցախցիներին տրամադրվող ամենամսյա աջակցության դադարեցման պարագայում նրանք և նրանց ընտանիքները, ինչպես և արցախցիների ճնշող մեծամասնությունը, կմնան դրսում:

Արսեն Աղաջանյան

«Պետք է ցույց տալ, որ մեր պետականությունը պաշտպանելու համար մենք նույնպես կանգ չենք առնելու»

«Այն, որ օրվա իշխանությունները նպատակաուղղված գնում են բոլոր ազգային հենասյուների, ազգային արժեքների ոչնչացմանը, արդեն գաղտնիք չէ։ Առաջինն Արցախն էր, հետո բանակն էր, հետո սկսեցին ցեղասպանության թեման շահարկել։ Եվ այժմ անցել են ամենահին ու ամենաամուր հենասյանը՝ փորձում են վերացնել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այս հարձակումները հենց այդ համատեքստում են, այսինքն՝ ցանկացած ազգային արժեքի, ցանկացած ազգային միավորի օրվա իշխանությունները նայում են որպես սպառնալիք։ Այն բոլոր մարդիկ, միավորները, հատկապես կազմակերպված ինստիտուտները, որոնք ազգային արժեքներն են պաշտպանում, օրվա իշխանությունների համար որպես սպառնալիք են ընկալվում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

Այս գործողութուններով իշխանությունները թիրախավորում են նաեւ արցախցիներին։ Նարե Սիմոնյանի խոսքով՝ արցախցիների նկատմամբ ճնշումներ եղել են պաբերաբար, այդ թվում՝ 2024 թվականի սեպտեմբերին, «Սրբազան շարժման» ժամանակ։ Նրա խոսքով՝ արցախցիներն իրենց մաշկի վրա զգացել են գործող իշխանությունների հակահայ տրամադրությունները։ Եվ այժմ արցախցիները շատ վճռական են մայր հայրենիքը պաշտպանելու գործում եւ ակտիվրեն մասնակցում են ցանկացած պրոցեսի, որն ուղղված է ազգային ինստիտուտների ու հայկական պետականության պահպանմանը։

«Դրա տակ կարելի է բացատրել նաեւ այս յուրահատուկ “վերաբերմունքը”, որն ունեն այս իշխանությունները ինչպես արցախցիների, այնպես էլ հոգեւորականների եւ ընդհանրապես ազգային ինստիտուտների նկատմամբ։ Ահաբեկչություն անվանել այս ամենը, ինչպես իրենք են անվանում, շատ անհեթեթ է։ Եթե խոսենք ահաբեկչության մասին, շատ ավելի ահաբեկչության նման է այն ամենը, ինչը 7 տարի տեղի է ունենում մեր պետության հետ՝ քանդում, հանձնում, կործանում, արժեզրկում եւ ահաբեկում են։ Եվ դա տեղի է ունենում իշխանության կողմից»,- հավելեց  նա։

Նարե Սիմոնյանի խոսով՝ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը լրացուցիչ ճնշում է արցախցիների նկատմամբ՝ հաշվին առնելով նաեւ արցախցիների վերջին շրջանի ցույցերը, ակտիվությունն ու իրենց իրավունքների համար պահանջատեր լինելը։ Սա քաղաքական ճնշման լրացուցիչ լծակ է։ Նա հիշեցնում է՝ դեռեւս 2024 թվականից շարունակվող գործեր կան արցախցիների նկատմամբ՝ հորինված մեղադրանքներով։ Դրանց հաջորդել են «Սրբազան շարժմանը» մասնակցած Արցախի տարբեր համայնքապետերի քաղաքական հետապնդումները։

«Եվ արդեն օրերս տեսանք՝ եւս մեկ կարմիր գիծ հատեցին՝ (իսկ իրականում նրանք կարմիր գծեր չունեն) ձերբակալեցին Արցախի գործող ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Իրենք ուզում են հենց դա ցույց տալ, որ իրենց համար օրենքի, բարոյականության, արժեհամակարգի ոչ մի կարմիր գիծ չկա։ Կարող են կալանավորել զոհված հերոսի ծնողներին, կարող են կալանավորել իրենց իրավունքները պաշտպանող կանանց ու աղջիկներին, հոգեւորականներին, կարող են կալանավորել գործող պատգամավորներին եւ այլն։ Այսինքն՝ սրանով ի ցույց են դնում իրենց «ուժը», որը բարոյականության բացարձակ բացակայությունն է։ Ես համոզված եմ, որ սա հենց առանձին խմբերին տրվող մեսիջ է՝ եւ արցախցիներին, եւ հոգեւորականներին, եւ կանանց։ Տարբեր խմբերի քաղաքական ճնշումների ենթարկելով՝ փորձում են ցույց տալ, որ կանգ չեն առնելու ոչնչի առաջ»,- նշեց նա։

Անդրադառնալով այս իրավիճակում հասարակության անելիքին՝ Նարե Սիմոնյանն ասաց, որ պետք է ցույց տալ, որ մեր պետականությունը պաշտպանելու համար մենք նույնպես կանգ չենք առնելու․ «Օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու ենք մեր պետությունն ու մեր հայրենակիցներին եւ առաջին հերթին՝ մեր հազարմյա ազգային կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցին»։

Ռոզա Հովհաննիսյան

Օրենքը Նիկոլ Փաշինյանի ձեռքում` որպես «պարապ վախտի խաղալիք»

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը, որը Նիկոլ Փաշինյանը սիրում է բնութագրել որպես «ժողովրդավարության բաստիոն», իրականում ոչ այլ ինչ է, քան իշխանության կենտրոնացման, այլակարծության ճնշման, պոպուլիզմի և անձնապաշտական կառավարման գռեհիկ դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրավունքի գերակայության գաղափարը ոչ միայն խեղաթյուրել է տարատեսակ պոպուլիստական մեկնաբանություններով, այլև վերածվել է այն բութ գործիքի՝ ուղղված իր իրական և իր կողմից ենթադրյալ քաղաքական օպոնենտների ու հոգևոր դասի դեմ։

Շոու-արդարադատություն

Փաշինյանի իշխանությունը ստեղծել է յուրօրինակ շոու-արդարադատության մոդել, որի էությունն այն է, որ հասարակությանը պարբերաբար ներկայացվեն «սենսացիոն բացահայտումներ» պետական հեղաշրջումների, ահաբեկչության կամ իշխանության բռնազավթման փորձերի վերաբերյալ։ Սակայն այդ «բացահայտումները» շատ հաճախ հանգում են իրավական կեղծիքների, ապացույցների պակասի ու հասարակական մանիպուլյացիայի։

Այս շատ հաճախ շինծու գործերով հիմնականում հետապնդվում են ընդդիմադիր գործիչներ, իշխանության լոյալությունը հարցականի տակ դնող գործարարներ, ինչպես Սամվել Կարապետյանը, կամ հոգևոր առաջնորդներ, ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եվ այս տեսակ քաղաքական պատվերով գործերը, ինչպես տեսնում ենք, նաև բարձր մակարդակով խրախուսվում են, ինչպես, օրինակ, «հեղաշրջման փորձի վնասազերծման» գործը, որը դեռ չբացահայտված, վարչապետն արդեն առաջարկում է պետական պարգևներով խրախուսել գործը «բացահայտած» իրավապահներին: Եվ որպեսզի ավելի տեսանելի լինի այս խայտառակ շոուի ողջ սպեկտրը, հիշեցնենք, որ իրավապահները առանց ձեռնոցների էին աշխատում «դեպքի վայրում»՝ իրեղեն ապացույց համարվող առարկաներին դիպչելով, դրանք ձեռքի վատ որակի հեռախոսով նկարելով ու հրապարակելով:

Իհարկե, մեկ այլ ծաղրի առարկա են հենց «իրեղեն ապացույցները», որոնք հիմնականում, մեղմ ասած, չէին կարող օգնել բռնի հեղաշրջում իրականացնելուն, ինչպես, օրինակ, «գենդեր փարթիների» ժամանակ օգտագործվող վարդագույն և կապույտ ծխարձակները:

Այս ամենի նպատակը մեկն է՝ հասարակությանը մոբիլիզացնել վախի շուրջ՝ առաջարկելով մշտական «թշնամու» կերպար։ Այդ թշնամին կարող է լինել և՛ նախկին իշխանությունը, և՛ եկեղեցին, և՛ նույնիսկ Արցախի հրացը հիշեցնող ցանկացած լեգիտիմ կերպար։ Օրենքը և պետական մարմինները ծառայեցվում են հիմնականում այս նպատակի համար, կարծես դրանք ոչ թե հանրային կյանքը կազմակերպող ինստիտուտներ են՝ իրենց բազմաթիվ ֆունկցիաներով ու մարտահրավերներով, այլ իշխող վերնախավի «կապրիզների» կամակատար։

Սա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդողները ավելի ժողովրդավար էին, սակայն այն հանրային բարոյազրկման տեսարանները, որ այսօր թելադրում է ՔՊ-ն, երբեք այսքան «թրենդային» չէր եղել:

Ազգային ինքնության ապամոնտաժման փորձ

Հայ Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության առանցքային հիմքերից մեկը, դարձել է Փաշինյանի ռեժիմի թիրախներից մեկը։ Հոգևոր դասի դեմ ուղղված արշավը արտահայտվում է ինչպես պետական քարոզչությամբ, այնպես էլ իրավական և բարոյահոգեբանական ճնշումներով։

Փաշինյանը ձգտում է փոխարինել Հայ Առաքելական եկեղեցին՝ հնազանդ և կառավարելի կրոնական ինստիտուտով։ Սա ոչ միայն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքին, այլև վտանգում է պատմականորեն ձեւավորված ազգային ինքնության հիմքերը։ Այս գործընթացում տեղ է գտել նաև արժեքների փոխատեղում. ժողովրդավարության և աշխարհիկության անունից մերժվում է այն ամենը, ինչ կրում է ազգային և հոգևոր բնույթ։

Ըստ այդմ՝ հոգևորականության դեմ հարձակումներն իրականում պատժիչ գործողություններ են՝ ուղղված եկեղեցու հեղինակության չեզոքացմանը, քանի որ վարչապետի էգոցենտրիզմը անհամատեղելի է եկեղեցու բարձր վարկանիշի հետ. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում պատրաստ է հանդուրժել բացառապես մեկ հեղինակության գոյություն, և դա հենց ինքն է ու իր քաղաքական ուժը, որը լծված է գիշեր-ցերեկ վարչապետի, մեղմ ասած, անբռնազբոս տեքստերն արդարացնելով՝ ԱԺ ելույթների, ստատուսների և, ինչու չէ, Աննա Հակոբյանի նախաձեռնած «կրթարշավի» շրջանակներում:

Խաղաղության օրակարգի ֆիկցիան և «քաղհասարակությունը»

Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը նույնպես գործում է ներքաղաքական ճնշումների տրամաբանության մեջ։ Իր դժգոհությունն ընդդիմադիրների, մտավորականների կամ եկեղեցու նկատմամբ նա արդարացնում է՝ իբր «խաղաղության օրակարգին խոչընդոտելու» մեղադրանքով։ Փաշինյանը նաև օգտագործում է թշնամու երկակի պատկերը։ Ռուսական ազդեցությունը ներկայացվում է որպես գլխավոր սպառնալիք, մինչդեռ թուրքական ազդեցությունը ներկայացվում է որպես «խաղաղության նոր հնարավորության պատուհան»։

Այս բոլոր գործընթացները միանշանակ վկայում են՝ Հայաստանի գլխին կախված սպառնալիքները ոչ միայն հարևան ագրեսոր պետության կողմից են, այլ երկրի ներսում կայացած միահեծան, ռեպրեսիվ ռեժիմը։ Հանրության մի մասի լռությունն ու մյուս մասի լոյալությունը միայն խրախուսում է Փաշինյանի բռնապետական վարքագծի խորացումը։ Իրենց եվրոպական արժեքների կրող ներկայացնող իրավապաշտպանների ու առաջադեմ համարող շրջանակների մի մեծ մասը, որոնք ամեն կերպ փորձում են եկեղեցու, ազգային մշակույթի և/կամ ընդդիմադիրների նկատմամբ տարվող ռեպրեսիվ քաղաքականությունը արդարացնել կամ ավելի ճկունների պարագայում՝ չտեսնելու տալ, իրականում մեղանչում են իրենց իսկ կողմից դավանվող հումանիստական արժեքները և փաստացի միայն ՔՊ-ի ջրաղացին են ջուր լցնում՝ դառնալով բռնապետ-պոպուլիստի օրակարգի սպասարկուներ:

Տաթևիկ Խաչատրյան

Ի՞նչ է կատարվում Բաքվի և Թեհրանի միջև. պատերազմն ավարտվել է, «ռազբիրատի» ժամանակն է

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը կոչ է արել իր ադրբեջանցի գործընկերոջը մանրակրկիտ հետաքննել այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչուները և ինքնաթիռները կարող էին ներխուժել Իրանի օդային տարածք Ադրբեջանով։

Ի պատասխան՝ Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել իսրայելական հարձակումների և դրանց պատճառած քաղաքացիական զոհերի համար՝ վերահաստատելով Ադրբեջանի հարգանքը Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ալիևը նաև հերքեց այն մեղադրանքները, որ իսրայելական անօդաչուները օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը Իրանին հարվածելու համար։

Ուրբաթ, 13-ից Ալիևը սպասում էր Իրան-Իսրայել պատերազմի արդյունքին՝ հուսալով, իհարկե, որ Իրանը կպարտվի։ Մենք գրել էինք, որ հենց որ իրանական ռեժիմը կրիտիկականորեն թուլանար, Բաքուն կսկսեր մասնատել Իրանն ու Հայաստանը։ Սակայն դա տեղի չունեցավ, և հիմա Իրանը սկսում է ներկայացնել իր պահանջները՝ “ռազբիրատ է”։

Ինչպես գրում է հայտնի վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ նախագահ Ալիևը մեկ շաբաթ առաջ ձայնագրել էր իր ազգին ուղղված ուղերձը. «Եղբայրներ և քույրեր։ Ես դիմում եմ ձեզ, իմ ընկերներ։ Թեհրանում հանցավոր ռեժիմի անկումը Իրանի մեծ մասում ստեղծել է անարխիայի և քաոսի մթնոլորտ։ Այս իրավիճակում որպես Ադրբեջանի պետության ղեկավար իմ գլխավոր մտահոգությունը մեր 25 միլիոն սիրելի հայրենակիցների անվտանգությունն է։ Ես հենց նոր խոսեցի իմ ընկերոջ և եղբոր՝ նախագահ Էրդողանի հետ…»։

Սակայն դա տեղի չունեցավ, և Բաքուն սկսեց արդարանալ Իրանի առջև։

Ադրբեջանը առաջին երկրներից մեկն էր, որը արտահայտեց իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ, ասաց Ալիևը՝ ընդունելով Իրանի նոր դեսպանի հավատարմագրերը։ Հայտարարելով, որ Իրանի և Իսրայելի միջև լարվածության կապակցությամբ որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են լուրերի և ստերի վրա հիմնված տեղեկատվություն՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններին վնասելու համար, Ալիևն ասաց, որ այս ամենը լիակատար անհեթեթություն է։

Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը նույնպես բացարձակապես վստահ է, որ Ադրբեջանի տարածքը երբեք չի կարող օգտագործվել Իրանի դեմ, ադրբեջանական պետությունը երբեք դա թույլ չի տա: Բայց սա հայտնի արևելյան դիվանագիտությունն է։

Իրանի մեկ այլ դեսպան, որն արդեն գտնվում էր Հայաստանում, նույն օրը հայտարարել է, որ Իրանի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ։

Մեկնաբանելով այն հրապարակումները, որ Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվել է նաև Ադրբեջանի տարածքը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նշել է. «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ հարևան երկրների տարածքից Իրանի տարածք են մտել անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն: Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ: Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին», – ասել է նա՝ հավելելով, որ համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից:

Իրանի արձագանքը, շարունակեց դեսպանը, մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։ «Հնարավոր է, որ մեր թշնամին՝ սիոնիստական ​​ռեժիմը, օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք սիոնիստական ​​ռեժիմը. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից», – ասաց նա։

Իրանի դեսպանը նաև ասաց, որ Իրանը չի մոռացել Զանգեզուրի միջանցքի մասին։

«Միջանցքը, որը կոչվում է «Զանգեզուրի», չի բխում Հայաստանի և Իրանի շահերից։ Մեզ համար սա կարմիր գիծ է։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին և շարունակում ենք հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը», – ասաց Սոբհանին՝ ընդգծելով, որ իրանական կողմը տեղեկացրել է գործընթացին ներգրավված բոլոր երկրներին այս միջանցքի անընդունելիության մասին։ Դիվանագետը ընդգծեց, որ Իրանը չի մտադիրվում շեղվել իր կարմիր գծերից։

Նա նշեց, որ Իրանը դիմակայել է երկու միջուկային երկրների, ուստի դժվար չի լինի դիմակայել «մյուսներին»։

Արդյո՞ք Իրանը մտադիր է այլ պահանջներ ներկայացնել Բաքվի դեմ, օրինակ՝ նախագահ Ռաիսիի ուղղաթիռի պայթյունի, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ։ Պատահական չէ, որ որոշ փորձագետներ կասկածում են, որ երեկ և այսօր Բաքվում հնչած պայթյունների հետևում արտաքին մտադրություններ կան։

Արմեն Աբազյանը գիտե՞ր այս ամենի մասին

Միքայել Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Այս մասին Մայր աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մենք գնում ենք Վեհարան, այնտեղ մեր քննարկումները կանցկացնենք և մեր եզրականգումը կանենք մեր հետագա գործողությունների։

Միանշանակ է, որ բոլորս ամեն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց, մեր հոգեւորականների, սրբազանների և երկրի, բնականաբար»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Միքայել Սրբազանից հետո կարող է իր հետեւից էլ գան, նա արձագանքեց. «Մենք էլ կգնանք»։

Դրանից հետո նա ողջագուրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ։

Հավաքված քաղաքացիները կոչ էին անում Շիրակի թեմի առաջնմորդին չգնալ ԱԱԾ–ականների հետ։

Դրանից առաջ Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ ԱԱԾ–ականները եկել են իր հետեւից եւ ինքը կգնա նրանց հետ, չի թաքնվելու իր ընկերների հետեւում։

Հետաքրքիր է, ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը գիտե՞ր այս “օպերացիայի” մասին։ Իսկ ուժայինները գո՞հ են իրենց կատարած առաքելությամբ։ 

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4°-ով

Հիդրոմետոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնը հաղորդում է, որ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում ամբողջ Հայաստանում։

Հունիսի 27-ին սպասվում է չոր եղանակ։ Արևմտյան քամի՝ 2-5 մ/վ արագությամբ։

Միևնույն ժամանակ, հունիսի 27-28-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Այսպիսով, Շիրակում հունիսի 26-ին սպասվում է +28°C, Կոտայքում՝ +31°C, Գեղարքունիքում՝ +26°C, Լոռիում՝ +29°C, Տավուշում և Արագածոտնում՝ +33°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +35°C, Սյունիքում՝ +36°C։

Երևանում հունիսի 27-ին սպասվում է չոր եղանակ։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +35°C։

Բաքվում հզոր պայթյուն է որոտացել

Բաքվում՝ «Ադրբեջանֆիլմ» ստուդիայի տարածքում, հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Report-ը։ Պայթյունը տեղի է ունեցել կինոստուդիայի հին պիրոտեխնիկական տարածքում։

Ըստ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության նախնական տվյալների՝ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։

Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։

Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են, քանի որ ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»։

15 կալանավորվածների “կազմը” ցույց է տալիս, որ “ահաբեկչության” մեղադրանքը դրվում է եկեղեցու, ՀՅԴ-ի և արցախցիների վրա։ 

««Կըսեի` ես քեզ շատ ում սիրում ու վստահ ում իլալ, վար տու տա զգացալս»

«Կըսեի` ես քեզ շատ ում սիրում ու վստահ ում իլալ, վար տու տա զգացալս, ես քեզ շատ սիրումմ ու գիդում, վար հասկանումս: Աչքերդ փակե ու տեմ կաց, էտ գույները քունդ չն, տու մեզ մեր գույներավ հիշի: Սիրումմ քեզ»,- Նարեն այսպես է խոսում իր քաղաքի՝ Մարտակերտի հետ, որն արդեն շուրջ 2 տարի է իր կարոտի կարեւոր հասցեն է։

Մարտակերտը լի է խորհրդանիշներով, որոնք տպավորվել են մարտակերտցիների սրտերում։ Կարուսելը, որ երբեք չի գործել, սակայն քաղաքի կարեւոր «հերոսներից» մեկն է, ազատագրման խորհրդանիշ սուրը, որը կարծես լուռ հսկում էր ողջ քաղաքը՝ այդ պատկերներն անջնջելի հիշողություններ են։

Հունիսի 28-ը Մարտակերտի ազատագրման օրն էր։ «Մարտակերտի ազատագրման օրը մեզ համար տարվա ամենակարևոր օրերից մեկն էր, այդ օրը միշտ մեծ համախմբման իմաստ ուներ»,- պատմում է Նարեն, ով հիշում է, թե ինչպես ամեն տարի տասնյակ հյուրեր էին գալիս քաղաք։

Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներն ու քաղաքի բնակիչները, ինչպես նաև արդեն վաղուց Մարտակերտում չապրող, բայց ծնունդով մարտակերտցիները, օրվա առիթով միշտ վերադառնում էին տուն՝ Մարտակերտ։

Պատմական տեսանկյունից Մարտակերտի ազատագրումը ազատագրական պայքարի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ «Եվ քանի որ տասնամյակներ շարունակ օրը մեր ինքնության կարեւոր մասն է եղել, որոշել ենք, որ որտեղ էլ լինենք, ինչ հանգամանքներում էլ ապրենք՝ օրվա խորհուրդը պետք է պահպանենք ու այդ կարևոր իրադարձությունը չջնջենք մեր հավաքական հիշողությունից ու կյանքից»,- ասում է Նարեն, ով մի խումբ մարտակերտցիների հետ նախաձեռնել է Երեւանում Մարտակերտի օրվան նվիրված միջոցառումներ՝ քաղաքացիներին նորից մեկտեղելու ջերմ ու կարևոր առիթ ստեղծելու համար։

«Ծրագիրը շարունակական է, և մենք մեզ ու մեր սերունդներին հիշեցնելու ենք մեր պատմության մասին։ Միայն վերջին դեպքերը չէ, որ պետք է հիշենք։ Հաղթանակներն ու պարտություններն էլ պետք է ընկալենք ու ընդունենք՝ պատճառահետևանքային կապերով»,- վստահ է Նարեն։

Մարտակերտի ազատագրման օրը ինքնության պահպանման, անցյալի հիշողությունների, ներկայի ու ապագայի սերունդների՝ հայրենի քաղաքի կարոտով ու վերադարձի հավատով լցվելու օր է։

Մարիամ Սարգսյան