ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանին, բայց բանակցությունները ճանապարհների հարցով շարունակվում են

  • 20:12 05.07.2025

Էրդողանը, օկուպացված Արցախից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, պատմել է «հնարավորությունների» մասին, որոնք կբացվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է, որ Հայաստանի տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։

Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, ըստ Էրդողանի, Հայաստանը «ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, սակայն այժմ «ավելի ճկուն դիրքորոշում է զբաղեցնում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։

«Մենք այս գիծը դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական զարգացում կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները կհատեն Կասպից ծովը և ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան գնացող ապրանքները նույնպես կսկսեն անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է նաև Չինաստանից եկող ճանապարհին», – ասել է Թուրքիայի նախագահը։

«Այս գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով Զանգեզուրի գծի նշանակությունը բեռնափոխադրումների ոլորտում աճում է և կշարունակի աճել։ Միջին միջանցքն իր ողջ հզորությունն ստանում է հենց այստեղից։ Կարևոր է, որ Միջին միջանցքն ինտեգրվի Զանգեզուրի գծին և դրան ինտեգրվելուց հետո նման գործառույթ ունենա բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրան մեծ նշանակություն է տալիս… Սա կլինի մի գիծ, որը կանցնի Իգդիրով և կշարունակվի՝ ինտեգրվելով Նախիջևանին», – հայտարարել է Էրդողանը։

Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

-Թուրքիայի նախագահն այսօր անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային և հիշատակելով «միջանցք» եզրույթը՝ նշել է, որ որ Հայաստանն այդ հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։