«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին օրերին Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը պարզաբանում ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի  որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ:

Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են  ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ «Վեոլիա Ջուր»-ը  գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար:

Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար»:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է հետագա քայլերը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վարչական դատարան ներկայացված հայցը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջով։ ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ։ Հստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար։
Խորհուրդն իր գործունեության առաջին իսկ օրերից ընդգծել է պետական ինստիտուտների պահպանման առաջնահերթությունը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՀ Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցություններից։ Նույն սկզբունքով է կազմվել նաև մարտի 29-ի մեր Պահանջագրի 12-րդ կետը, որը վերաբերում է լեգիտիմ ներկայացուցիչների դերին։ ՀՀ կառավարության հետ բանակցությունների ընթացքում Խորհուրդը հանդես է եկել առաջարկով՝ Արցախի խորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ ներգրավելու մասնագիտական աշխատանքային խմբերում։ Այս բոլոր քայլերի հիմքում ընկած է եղել մեկ գերակա գաղափար՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։
Արցախի պետական ինստիտուտների գոյության և շարունակականության կարևորությունը մեզ համար անսակարկելի արժեք և կարևոր նպատակ է։ Մենք խորապես կարևորում ենք Արցախի մշտական ներկայացուցչության շենքի պահպանությունը Երևանում և վստահեցնում ենք, որ շարունակելու ենք անել ամեն հնարավորը պետական ինստիտուտների ու Ներկայացուցչության շենքի պահպանման ուղղությամբ՝ անկախ այդ շենքից մեր գրասենյակը հանելու վերաբերյալ որոշումից։
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարը։ Խորհուրդը նախատեսում է՝
1. Վերակազմավորում, ինչը ենթադրում է թե՛ կառուցվածքային, թե՛ ռազմավարական վերանայում։
2. Համագործակցություն արցախահայության իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կառույցների հետ։
3. Մարզային այցելությունների շարունակություն և տեղերում ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի ձևավորում։
Այս որոշումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ երկրում առկա ներքաղաքական իրավիճակով և ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան առնչվող զարգացումների վրա:
Խորհուրդն ամիսներ շարունակ գործադրել է ջանքեր Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախ վերադարձի հարցերի շուրջ համահայկական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ցավոք, այդ նախաձեռնությունը լայն արձագանք չստացավ։ Չհաջողվեց ստանալ համապատասխան աջակցություն ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ԱՀ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև մտավորական և հանրային ակտիվ շրջանակներից։
Խորհուրդը՝ դադարեցնելով բանակցությունները ՀՀ կառավարության հետ և նախաձեռնելով հանրահավաք, բախվեց ուժեղացված ճնշումների։ Հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառվեցին մի շարք խոչընդոտներ՝ սկսած Խորհրդի անդամների դեմ բռնաճնշումներից, Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում կենտրոնացված մեծաքանակ ոստիկանական ուժերից, մինչև երթի անցկացման անօրինական արգելքը։ Բացի այդ, արձանագրվեցին խափանման դեպքեր, երբ մարզերից Երևան ժամանող մեր հայրենակիցների մասնակցությունն արհեստականորեն խոչընդոտվեց։
📌Այնուամենայնիվ, Խորհուրդը հավատում է, որ անգամ այս բարդ փուլում մեր միասնական ջանքերը կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պետական ինստիտուտների պահպանումը: Ուստի, չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ չբացառելով համագործակցությունը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի հետ:

Ալիևը Բերդիմուհամեդովին ցույց տվեց Շուշիի մզկիթը, որը վերականգնվել էր Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից 2019 թվականին

Shahverdyan Sergey-ը գրում է․

Ալիևը և Բերդիմուհամեդովը այցելել են Շուշիի Վերին մզկիթ, որը վերականգնվել է Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված Արևելյան ժառանգության պաշտպանության հիմնադրամի կողմից: Մզկիթ-թանգարանի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: Մզկիթը վերականգնվել է Արցախի Հանրապետության կառավարության աջակցությամբ՝ իրանական ճարտարապետական ​​բյուրոյի նախագծի համաձայն և իրանցի մասնագետների մասնակցությամբ։

Լուսանկարում՝ Բերդիմուհամեդովը ուշադիր լսում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից 2021 թվականին «հայ վանդալների» կողմից ավերված մզկիթի միֆական վերականգնման մասին անհեթեթությունները:

Կյանքից հեռացել է Արցախի այան

Կյանքից հեռացել է Արցախի ժողովրդական արտիստ, պարուհի, երգչուհի, <<Մենք ենք մեր սարերը>> համույթի մենակատար Անահիտ Հովսեփյանը՝ Արցախի այան։

Անահիտ Հովսեփյանը ծնվել է 1951 թվականին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում՝ արվեստագետների ընտանիքում: Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխաներից 9-րդն էր նա։ Հայրը զուռնա-դուդուկ էր նվագում, եղբայրը` դհոլ: Տաղանդաշատ աղջնակը դեռ մանկուց երգում էր Կարմիր Շուկայի ինքնագործ խմբում, մասնակցում տարբեր միջոցառումների։ 10 տարեկան էր, երբ Ստեփանակերտից նրան հրավիրեցին ձայնագրման, որտեղ նա պատմեց իրենց ինքնագործ խմբի մասին։ Այդ օրը վճռորոշ դարձավ ապագա արտիստուհու համար։ Բեմերն այլևս նրանն էին:

Նա ընտանիք է կազմել հայտնի քամանչահար Հենրիխ Առստամյանի հետ։ Նրանք այն երջանիկներից էին, որ հյուրախաղերով շրջագայել են ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում՝ ամենուր հնչեցնելով Արցախի անունն ու արժանանալով պատվոգրերի։ Անահիտը կարողացել է  համատեղել աշխատանքն ու ընտանիքը՝ լինելով լավ երգչուհի ու մայր։

Անահիտ Հովսեփյանը 2000 թվականից աշխատում էր Արցախի <<Մենք ենք մեր սարերը>> երգի-պարի պետական համույթում: 2018 թվականին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է Արցախի <<Վաստակավոր Արտիստ>> կոչմանը:

Շատերս ենք պատիվ ունեցել անձամբ ճանաչելու Անահիտ Հովսեփյան-մարդուն։ Նրա հետ անցկացրած ամեն մի պահը դաս էր՝ հայրենասիրության, ազնվության, ընկերասիրության։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանային Պիոներ տանը և երգ ու երաժշտություն սովորեցրել մատաղ սերնդին։ Նրա անուշ ձայնը միշտ կհնչի մեր սրտերում:

Դերասանուհու համար՝  արվեստն իր ընտանիքն էր, առանց որի նա չէր կարող ապրել, ինչպես չէր կարող ապրել առանց Արցախի։

Քանի՜, քանի՜ սերունդների է օրհնանքներ տվել Արցախի այան, Նախշուն բաջին․

-Աստված օրհնե ծըզ, ա՛ ժողովուրդ,

Տաշտըտ հացավ լիգյը ինի,

Տոնըտ լիգյը բալա ինի,

Երգիրը միշտ խաղաղ ինի,

Ըստուծեն սերն էլ ծըզ հալալ ինի․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սեփականության վերաբաշխում. ո՞ւմ կհասնի եկեղեցու գույքը, ՀԷՑ-ը և Արցախի ներկայացուցչությունը

Հայաստանում սկսվել է սեփականության վերաբաշխում, և արդեն կարելի է հետևել սեփականության բռնագրավման մի քանի խոշոր քեյսերի, միայն պարզ չէ, թե ում է փոխանցվելու այդ սեփականությունը։

Քեյս առաջին 

Հայաստանն ընդդեմ սփյուռքի. Հայկական էլեկտրական ցանցեր

Երեկ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայկական էլեկտրական ցանցերը պետք է ազգայնացվեն։

Սամվել Կարապետյանն ինքը մի քանի շաբաթ է, ինչ ձերբակալված է Հայաստանում, և ձերբակալման օրը նա ասել է, որ թքած ունի Էլեկտրացանցերի վրա։ Այսինքն՝ պարզ էր, որ Էլեկտրական ցանցերի հարցը նրա հետ քննարկվել է սկանդալային ձերբակալությունից առաջ։ Ռուսաստանի իշխանությունները որևէ հայտարարություն չեն արել Հայաստանի կառավարության կողմից ռուսաստանյան գործարարից սեփականություն բռնագրավելու մտադրության վերաբերյալ։ Ավելին՝ դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու Կարապետյանի հսկայական անշարժ գույքի հետ Ռուսաստանում։ Մասնագետները, հիմնվելով ադրբեջանական սփյուռքի առաջնորդների նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունների վրա, ասում են, որ Ռուսաստանը սկսել է «քամել» չափից դուրս հարստացած ազգային փոքրամասնությունների սեփականությունը։

«Հայկական էլեկտրական ցանցերը» սփյուռքի ներկայացուցիչների կողմից տիրապետվող քիչ հայկական ակտիվներից մեկն է: Այս ակտիվի բռնագրավումը կնշանակեր սփյուռքի կապիտալի գրեթե զրոյացում Հայաստանում։

Բացի այդ, պարզ չէ, թե ում են փոխանցվելու այդ ակտիվները. Փաշինյանը միայն ասաց, որ դա չեն կարող լինել երկրներ, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը, բայց դա կարող է լինել վրացական կամ այլ ընկերություն՝ նույն թուրքական կապիտալով։

Քեյս երկրորդ 

Հայաստանն ընդդեմ եկեղեցու. Հայկական եկեղեցու սեփականությունը պետք է կառավարի կառավարությունը 

Երեկվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն հայտարարեց, որ կաթողիկոսի դեմ սկանդալային պատմությունը կապված է եկեղեցու տիրապետած հսկայական գույքի հետ: Փաշինյանն ասաց, որ քանի որ այս սեփականության պաշտոնական սեփականատերը կաթողիկոսն է, նրա զավակը կարող է դառնալ այդ սեփականության ժառանգորդը։

Այս հայտարարության անհեթեթությունը քննարկելու արժանի չէ, բայց սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը անառողջ հետաքրքրություն է ցուցաբերում եկեղեցական սեփականության նկատմամբ։ Նա նախկինում էլ դժգոհում էր, թե ինչ իրավունքով պետք է Եկեղեցին տիրապետի սեփականության, հատկապես արտասահմանում, որը գտնվում է ՀՀ կառավարության իրավասությունից դուրս։

Խոսքը, օրինակ, Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում, Անթիլիասում գտնվող սեփականության մասին է, որը պաշտոնապես պատկանում է Եկեղեցուն։

Հստակ չէ, թե ինչպես է Փաշինյանը մտադիր լուծել այս հարցը՝ արդյոք նա փոխարինելու է կաթողիկոսին, պայմանագիր կնքելու նոր պատրիարքի հետ և դառնալու այդ գույքի համասեփականատեր։ Եվ ինչպե՞ս է նա տնօրինելու սեփականությունը Հայաստանից դուրս՝ փոխանցելու հայկական եկեղեցական կալվածքները Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի և այլ երկրների իշխանությունների՞ն։

Քեյս երրորդ 

Հայաստանն ընդդեմ Արցախի. Վերջին սեփականությունը

ՀՀ դատախազությունը սկսել է վարույթ՝ 2017 թվականից ի վեր Արցախի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքը ՀՀ-ին վերադարձնելու համար։

Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ չպետք է լինի պետություն պետության մեջ և այլն, բայց չասաց, թե ինչպես է Հայաստանը մտադիր տնօրինել վերադարձված գույքը։

Ինչպես հայտնի է, այս շենքում մինչև 1988 թվականը գտնվել է ադրբեջանական թատրոն, և կասկած չկա, որ շենքը գտնվում է այն անշարժ գույքի ցանկում, որը Բաքվի իշխանությունները պահանջում են Հայաստանից։

Իհարկե, անհրաժեշտ է պարզել, թե ինչու է 2000-ականների սկզբին Արցախի ներկայացուցչությունը Մոսկովյան փողոցի հարմար շենքից տեղափոխվել ներկայիս շենք և ինչու է դրա համար ընտրվել նախկին ադրբեջանական թատրոնի շենքը։ Ի՞նչ էին ուզում դրանով ասել այդ ժամանակվա ՀՀ իշխանությունները։

Այնուամենայնիվ, Արցախում մնացած հայերի մասնավոր և կոլեկտիվ սեփականության հարցը «հաջողությամբ» ցրվեց. կորցրած սեփականության փոխհատուցման հարցը նույնիսկ չի բարձրացվում, իսկ Հայաստանի կառավարության քաղաքականությունը սահմանափակվում է միայն արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցով։ Այսինքն՝ Արցախում թողնված հսկայական գույքի սեփականության Բաքվի ռեժիմին պատկանելիությունը այլևս ոչ մեկի կողմից չի վիճարկվում։

Մնացել է միայն նախկին ադրբեջանական թատրոնը Երևանում։

Լևոն Արոնյանը երկու բլից պարտիաներում հաղթեց Մագնուս Կարլսենին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասի ազատ ոճի Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթեց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենին։

Արոնյանը հաղթեց երկու խաղից բաղկացած բլից պարտիաում և որակավորվեց մրցաշարի վերին խմբի համար։

Արդյունքում, Արոնյանը կկարողանա պայքարել հաղթանակի համար, իսկ Կարլսենը՝ առավելագույնը երրորդ տեղի համար։

«Սիրիայի բաժանումը». Ինչո՞ւ Փաշինյանը դադարեց խոսել «խաղաղության համաձայնագրի» մասին

Նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ «դրուզ բնակչության պաշտպանության համար», ըստ էության հրթիռային հարվածներով ոչնչացնելով Դամասկոսում գտնվող Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

Սիրիայի թուրքամետ նախագահ Ահմեդ ալ-Շաարան արտակարգ հայտարարություն արեց, որում բացահայտ հայտարարեց արտաքին ուժերի կողմից Սիրիան մասնատելու մտադրության մասին: «Դամասկոսը չի վախենում պատերազմից, բայց այս պահին առաջնահերթությունը երկրի միասնության պահպանումն է: Հին ժամանակներից Սիրիան դեմ է եղել ցանկացած բաժանման, ուստի թույլ չի տա բաժանում արտաքին ճնշման տակ: Դրուզները մեր հայրենիքի անբաժանելի մասն են կազմում, և նրանց պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է», – ամփոփեց Սիրիայի նախագահը:

Հիշեցնենք, որ դրուզները համարվում են Իսրայելի բարեկամներ, և նրանց պաշտպանելու պատրվակով Իսրայելը, Թուրքիայի հետ միասին, ակնհայտորեն պատրաստվում է բաժանել Սիրիան: Օրերս Բաքվում հանդիպում տեղի ունեցավ Սիրիայի նախագահի և Իսրայելի ներկայացուցիչների միջև, և, ինչպես նշվում էր, որոշակի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:

Սիրիայի բաժանումը կարող է դառնալ նոր աշխարհակարգի կառուցման սկիզբ, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում, որտեղ գլխավոր գործող անձինք կլինեն Թուրքիան և Իսրայելը։ Այս նախադեպը կտարածվի ամբողջ տարածաշրջանում, որտեղ կարող են ի հայտ գալ նոր սահմաններ։ Էրդողանի մտադրությունը՝ փոխել սահմանադրությունը և երկիրը դաշնության վերածել՝ քրդական ինքնավարության ստեղծմամբ, տարածաշրջանը բաժանելու ծրագրի մի մասն է։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա բազմաժամյա մամուլի ասուլիսի ժամանակ գրեթե ոչինչ չասաց «խաղաղության պայմանագրի», «Բաքվի պայմանների» կատարման, Սահմանադրության փոփոխության և Երրորդ Հանրապետության հետ կապված այլ ծրագրերի մասին։ Մասնագետների կարծիքով՝ Երրորդ Հանրապետությունը վերացնելու համար լիարժեք նախապատրաստություն է ընթանում, և դրա համար խաղաղության պայմանագրեր կամ Սահմանադրություն չեն պահանջվում։

Հայտնի չէ՝ կստեղծվի՞ Չորրորդ Հանրապետությունը, թե՞ ոչ, բայց Սիրիայի հավանական բաժանումը, տարածաշրջանում նոր սահմանների վերաբերյալ համաշխարհային գործարքն, ըստ սահմանման չեն ենթադրում հայկական պետականության գոյություն։

Սա չափազանց ցավոտ է զգացվում նաև Իրանում, որտեղ բացահայտ խոսում են այն մասին, որ սիրիական ճակատից զինյալները՝ Բաքվի, Անկարայի և Թել Ավիվի միջև համաձայնությամբ, կարող են տեղափոխվել իրանական սահման՝ Ղարաբաղ, որտեղ կստեղծվեն թուրքական և իսրայելական բազաներ։

Իրանում գրում են, որ զինյալները Սիրիայից կարող են տեղափոխվել Միացյալ Նահանգների խնդրանքով՝ որպես Իսրայելի համար պոտենցիալ սպառնալիք և որպես տարածաշրջանում նոր սահմանների երաշխավորներ։

Նրանք կարող են վերաբնակեցվել Ղարաբաղում, ինչպես, ի դեպ, Ռուսաստանից վտարված ադրբեջանցի գործարարները։

Մեղրիի ապագա ճանապարհի աութսորսինգը կարող է նաև լավ հիմք դառնալ Իրանի սահմանին թուրքական և իսրայելական ռազմականացված ստորաբաժանումների տեղակայման համար։

Իրականում «Ռուսաստանն ու Թուրքիան բարդ գործողություն են իրականացնում»

Նիկոլ Փաշինյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը ավելի շուտ դուրս գալ ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները կազմակերպության հետ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ սա Հայաստանի ինքնիշխան գործն է, բայց հավելեց. «Միևնույն ժամանակ, նրանք [հայաստանի ղեկավարությունը – խմբ.] հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, վարում են բազմավեկտոր քաղաքականություն»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և հետաքրքրված է առավելագույն փոխգործակցությամբ։ «Բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները, և մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», – հավելեց Պեսկովը։

Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը դարձավ քաղաքական մանիպուլյացիաների ևս մեկ վարպետության դաս, որի արդյունքում հասարակությունը վերջնականապես կորցրել է իր կողմնորոշումը։

Փաշինյանը չասաց՝ արդյոք կփոխի՞ Սահմանադրությունը և կստորագրվի՞ «խաղաղության համաձայնագիր», չասաց բոլոր հաղորդակցությունները բացելու մասին, այլ միայն ճանապարհի, չասաց՝ արդյոք Իրան-Հայաստան սահմանը կպահպանվի Մեղրիի ճանապարհի «աութսորսինգի» արդյունքում։ Նա չասաց նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որի համաձայն «աութսորսինգը» պետք է փոխանցվեր Ռուսաստանի ԱԴԾ-ին։ Փաշինյանը չասաց՝ արդյոք Հայաստանը կդիմի ԵՄ անդամակցության՝ սահմանափակվելով 20 տարի հետո ԵՄ-ին միանալու խոստումով, բայց այս ամբողջ ընթացքում «եվրոպական չափանիշների» համար ԵՄ-ից գումար ստանալու պայմանով։ Նա չասաց պաշտպանության ամրապնդման, այն մասին, թե որտեղից է զենք գնելու, չասաց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնպես է, ինչպես ասում են Պեսկովն ու Շոյգուն. Փաշինյանին թվում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն, բայց իրականում «Ռուսաստանն ու Թուրքիան իրականացնում են բարդ գործողություն»։ Այս գործողության իմաստը Մեծ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նախկին ազդեցության գոտիները Թուրքիային փոխանցելն է՝ Արևելյան Եվրոպայի մի մասի դիմաց։

Ահա թե ինչու Պեսկովը չմեկնաբանեց Մեղրիի ճանապարհը «վարձակալելու» ամերիկյան առաջարկը և չհիշատակեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Չէ՞ որ Արցախը գրավելուց և 2023 թվականին թուրքերին հանձնելուց հետո Ռուսաստանը պետք է վերահսկողություն հաստատեր Մեղրիի ճանապարհի նկատմամբ և այն ևս փոխանցեր Թուրքիային։ Հիմա այդ նույն  խնդիրը կատարվում է ամերիկացիների ձեռքով։

Ահա թե ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը։

Մենք չորս ընկեր էինք՝ երկուսը զոհվեցին 44-օրյա պատերազմում, և մենք չգիտեինք, թե ինչ էր սպասվում

Շատ հաճախ, հատկապես երևանյան 40 աստիճան շոգին, հիշում եմ Ստեփանակերտի մեր ընդարձակ պատշգամբը, որից բացվում էր Բովուրխանի ցնցող տեսարանը։

Մեր տունը գտնվում է Իսահակյան փողոցում, Նոր Արմենավան թաղամասում, Շուշիի ստորոտում, այնպես որ նույնիսկ ամենատաք եղանակին զգացվում էր Շուշիի զովությունը։ Ամռանը ընտանիքեվ նստում էինք պատշգամբում մինչև ուշ գիշեր՝ խոսելով տարբեր թեմաների մասին՝ քաղաքականությունից մինչև առօրյա խնդիրներ։

Դա իսկապես անհոգ ժամանակ էր, երբ կարելի էր ապագայի համար ծրագրեր կազմել՝ առանց մտածելու անվտանգության գործոնի մասին։ Վաղ առավոտից պապիկս սկսում էր աշխատել այգում՝ աճեցնելով բազմազան բանջարեղեն։ Ես կհիշեմ մեր այգու թարմ բանջարեղենի զարմանալի բույրը ողջ կյանքում։

Թթենու սեզոնին մենք առավոտից ուտում էինք աներևակայելի համեղ սև թութը, որը պապիկս հավաքում էր մեկ-մեկ։ Տան առջև աճում էր մուսկատ խաղող, որից պապիկիս հետ գինի էինք պատրաստում։ Կար նաև մի մեծ խուրմայի ծառ, որը առատ բերք էր տալիս, և հարևանների երեխաները ցանկապատի վրայով քաղում էին դեռ չհասած պտուղները, որոնք ուտելը այդքան էլ հեշտ չէր։

Տատիկս ու պապիկս բարկանում էին նրանց վրա, բայց երբ խուրման հասնում էր, հյուրասիրում էին բոլոր հարևաններին և հարազատներին։

Տեխնիկական առաջընթացին չնայած, Իսահակյան փողոցում, ինչպես հին ժամանակներում, միշտ ակտիվ օֆլայն մթնոլորտ էր տիրում. երեխաները խաղում էին մինչև ուշ, իսկ մեծահասակները նստում-զրուցում։

Մեզանից ոչ հեռու կար մի փոքրիկ մատուռ, որը ես և ընկերներս հաճախ էինք այցելում։ Մենք չորս ընկեր էինք՝ երկուսը զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ամեն ամառ մեզ այցելության էին գալիս Ռուսաստանի հարազատները, որոնց հետ հասցրել էինք այցելել Արցախի բոլոր տեսարժան վայրերը։

Հաճախ եմ հիշում մեր գիշերային զբոսանքները Ստեփանակերտում։ Վերածննդի հրապարակը, որը միշտ լի էր ուրախ, անհոգ բնակիչներով և զբոսաշրջիկներով։ Գեղեցիկ գունավոր շատրվաններ Պյատաչոկում։ Այս այգին Ստեփանակերտի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրն էր։

Իմ ամենավառ հիշողություններից մեկը Դադիվանք կատարած հերթական ուղևորությունն ու Թարթառ գետի մոտ անցկացրած պիկնիկն է։ Քարվաճառի ապշեցուցիչ բնապատկերները դեռ աչքերիս առաջ են։

Մենք երջանիկ ապրում էինք մեր հազարամյա հայրենիքում՝ չմտածելով, որ երկար, տանջալից պայքար է սպասվում, որ մենք կբռնենք բռնի տեղահանության ճանապարհը՝ թողնելով ամեն ինչ և նույնիսկ չհասցնելով հրաժեշտ տալ մեր հարազատների գերեզմաններին։ Իսկ հետո ստիպված կլինենք պայքարենլ մեծ հայրենիքում տարրական իրավունքների համար։

Ժողովրդի ուժը միասնության մեջ է, և ես հավատում եմ, որ մեր պայքարը կավարտվի հաղթանակով, եթե միավորվենք ընդհանուր նպատակի շուրջ։

Արսեն Աղաջանյան

Հերքում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը տնից զրկվելու վտանգի առաջ են․ Փաշինյան

«Ես Ազգային ժողովի ամբիոնից ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ դա իմ պաշտոնական դիրքորոշումն է։ Ես նաեւ ասել եմ՝ եթե քաղաքացիները համաձայն չեն, ես կոչ եմ անում, որ իրենք հեղափոխություն անեն։ Մինչեւ հիմա այդ հեղափոխությունը տեղի չի ունցել, նշանակում է՝ քաղաքացիներն առնվազն չեն առարկում դրա դեմ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանին հարց ուղղվեց նաեւ արցախցիների սոցիալական խնդիրների սրման մասին։ Հիշեցնենք, որ աջակցության գումարներից, որոնք արցախցիների բնակարանային վարձերն են, զրկվել են մեծ թվով արցախցիներ։ Աջակցությունն այսուհետ հատկացվում է միայն խոցելի խմբերին։

«Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովուրդը հերթական անգամ տնից զրկվելու վտանգի առաջ է կանգնած։ Բացարձակապես հերքում եմ, չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քույրերի ու եղբայրների համար կառավարության վերջին որոշմամբ ծրագիրը բացված է, եւ մարդիկ կարող են ծրագրից օգտվել»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատին ունենալով կառավարության բնակապահովման ծրագիրը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հիմա էլ փորձում արցախցիներից խլել Արցախի ներկայացուցչության շենքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ գույքը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Առավել եւս, ես չեմ էլ ուզում սեթեւեթեմ, ես ուղիղ ասել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ եւ հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը։ Մեկ, երկու, երեք, չորս, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ »

 

Ռուսաստանը կհրաժարվի՞ Հարավկովկասյան երկաթուղուց

Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցով հետաքրքրված են եւ ԱՄՆ-ն, եւ Եվրամիությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հարց հնչեց՝ Միացյալ Նահանգները հեաքրքրվա՞ծ են, այո, հետաքրքրված են։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԱՄՆ հետաքրքրածությամբ, այո, հետաքրքրված ենք։ Բայց ես ձեզ մի բան ասեմ՝ միայն Միացյալ Նահանգները չեն հետաքրքրված, Եվրամիությունն էլ է հետաքրքրված։ Մենք ԵՄ հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք, այո։ Ի՞նչ մոդելներ կարող են լինել․ կարող է լինել, օրինակ, հետեւյալ մոդելը, որ «Հարավկովկասյան երկաթուղու» դերի մեջ, օրինակ, կարող է լինել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ քննարկումներ ու առաջարիկներ կան այս հարցով, բայց դեռ վերջնական որոշում չկա։ Ասաց, որ ինչ էլ լինի, իրենք դա դիտարկում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում։

«Խաղաղության խաչմերուկը, որը մենք առաջարկել ենք, ոչ մեկի համար սահմանափակում չենք դրել, բայց կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է քմնարկվեն, եւ պետք է որոշում կայացնենք մեր շահերին համապատասխանելիության տեսակետից։ Հիմա այս պահին այդ առաջարկը արմերիկյան է, եւ մենք քննարկում ենք այդ առաջարկները, մենք հետաքրքրված ենք այդ առաջարկներով։ Կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է լինել, հենց լինի, դրա մասին կտեղեկացնենք։ Եվրամիությունն էլ ունի հետաքրքրություն, եւ մենք վերջին այցի ընթացքում քննարկել ենք դա»,- ասաց նա։

Մահացել է աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդը։ 114-ամյա Ֆաուջա Սինգհին մեքենա է հարվածել

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մեղադրվում է աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդ Ֆաուջա Սինգհի մահվան պատճառ դարձած վթարի մեջ։

Սինգհը ամբողջ աշխարհում հայտնի էր որպես մարաթոնյան վազորդ՝ տարբեր տարիքային խմբերում, այդ թվում՝ 100 տարեկանից բարձր մարդկանց շրջանում ռեկորդակիր։ Նա սկսել է վազել 89 տարեկանում և 2000-ից 2013 թվականներին մասնակցել է ինը լիարժեք մարաթոնի։ Այնուհետև նա 102 տարեկանում թոշակի է անցել պրոֆեսիոնալ վազքից։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալ Ամրիտպալ Սինգհ Դհիլոնը վարել է արագընթաց ամենագնաց, երբ վրաերթի է ենթարկել 114-ամյա բրիտանա-հնդիկ վազորդին, որը կեսօրից հետո զբոսնում էր։