Միջազգային ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքում» և հայ-իրանական սահմանի վերացման մեջ Իսրայելի դերի մասին

Մեղրիի ճանապարհը բացելու և հայ-իրանական սահմանը 100 տարով “վարձակալությամբ” ԱՄՆ-ին հանձնելու մասին խոսակցությունների համատեքստում ընդգծվում է հիմնական շահառուների ցանկը: Եթե այս ճանապարհի բացումը օգտակար չէ Հայաստանի համար, ապա ի՞նչը կարող է նրան ստիպել զիջել: Եւս մեկ հարց. ինչո՞ւ ԱՄՆ-ն պարզապես ճնշում չի գործադրում Բաքվի վրա և չի ասում, որ կամ ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, կամ այն չի բացվի։

«Գործարքի» տրամաբանության մեջ, որի “ուստան” Թրամփն է, ակնհայտ է, որ ճանապարհը, և դրա հետ մեկտեղ՝ ամբողջ Սյունիքը, «տրվում է» Բաքվին և Անկարային՝ որպես երախտագիտության նշան Իսրայելա-Իրանական պատերազմի ժամանակ ճիշտ դիրքավորման համար։

Իսրայելցիները ոչ միայն օգնեցին Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դաժան պատերազմում, այլև Բաքուն փոխադարձաբար թույլ տվեց իսրայելցիներին ուղղորդել իրենց անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումներ իրանական հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի սկզբում: Այս մասին հաղորդում է The National Interest-ը։

«Եթե Ադրբեջանը կարողանա լիովին տիրանալ Հայաստանի միջանցքին, ապա կկարողանա կառուցել խողովակաշար, որը կկապի իր գազային հանքավայրերը թուրք սպառողների հետ։ Հենց այս համատեքստում տեղի ունեցան Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Այս բանակցությունները երկարատև կրոնական վեճը լուծելու փորձ չէին, այլ Եվրասիայի խորքում և ավանդաբար Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի իրավասության տակ գտնվող տարածքների նկատմամբ գերիշխանության համար մեծ աշխարհաքաղաքական խաղ», – նշում է The National Interest-ը։

Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև եռակի դաշինքի ամրապնդումը փոխում է ուժերի հավասարակշռությունը Արևմտյան Ասիայում և Հարավային Կովկասում։ Ահա թե ինչ է գրում է The Cradle Türkiye-ն։

«Այս առանցքը, որը ձևավորվում է տասնամյակներ շարունակ, բայց հիմնականում գործում է կուլիսներում, դարձել է հզոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական լոկոմոտիվ, հատկապես Սիրիայի պատերազմներում, Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սադրանքների աճին զուգընթաց։

Իսրայելցիների համար Ադրբեջանը Իրանի հյուսիսային սահմանին գտնվող ռազմավարական առաջխաղացման բազա է: 1990-ականներից գործող «Մոսսադի» էլեկտրոնային հետախուզական կայանները Իրանին հետևում են Ադրբեջանի տարածքից։

Չնայած պաշտոնապես հաստատված չէ, կան հաղորդագրություններ, որ Ադրբեջանը նպաստել է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումներին Իրանի վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ավիաբազաների միջոցով։

Բաքվի և Անկարայի միջև կապերը զարգանում են նաև վիճելի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ: Երևանը դիմադրել է դրան՝ այն համարելով իր ինքնիշխանության խախտում: Սակայն վերջերս արտահոսած տեղեկությունները ենթադրում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական համաձայնության է հասել 2025 թվականի հունիսին Թուրքիա կատարած իր չհայտարարված այցի ժամանակ:

Բաքվի անզուսպ նկրտումներով սնվող Ադրբեջան-Իսրայել-Թուրքիա առանցքը բազմակողմանի մարտահրավեր է ներկայացնում Իրանի տարածաշրջանային ազդեցությանը։ Սակայն, Թեհրանը, կարծես, դեռևս չի մշակել դրան հակազդելու համար համապարփակ ռազմավարություն։ Իրանցիները շարունակում են դրականորեն վերաբերվել Ադրբեջանին, ինչի մասին վկայում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի անցյալ շաբաթ Բաքու կատարած ջերմ այցը։ Հաշվի առնելով հրապարակային ենթադրությունները, որ Ադրբեջանը օգնում է Իսրայելին Իրանի վրա հարձակումներում, Թեհրանի «եղբայրական» մոտեցումը Բաքվում կարող է մեկնաբանվել որպես թուլություն և միամտություն», – գրում է թերթը։

Վերջերս օկուպացված Ստեփանակերտում կայացած իսլամական գագաթնաժողովից հետո մենք գրել էինք, որ Բաքուն և Անկարան կարող էին Իրանի նախագահին որոշակի բոնուսներ առաջարկել հայ-իրանական սահմանից հրաժարվելու դիմաց։ Պաշտոնական Թեհրանի լռությունը Զանգեզուրի միջանցքը «վարձակալելու» ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ ցույց է տալիս, որ Թեհրանը դարձել է գործարքի մաս։

Իրանցի քաղաքագետները և Հայաստանում Իրանի դեսպանը դեռևս խոսում են «կարմիր գծերի» մասին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվում։

«Ադրբեջանի Հանրապետությունը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Հաջողության դեպքում այն կարող է մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր կնքել։ Բայց անհաջողության դեպքում այն ստիպված կլինի վճարել այս արկածախնդրության համար Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ իր սեփական տարածքում», – այս մասին գրել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին։

Քաղաքական բազար առանց միջազգային իրավունքի թզենու տերևի. Ուկրաինա և Հայաստան

Հուլիսի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հանդիպումը։ Եզրափակիչ մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ արվեցին ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որոնց տոնայնությունը արտացոլում է այն քաղաքական իրավիճակը, որում ներկայումս կայացվում են միջազգային որոշումներ։

Հայտարարություններում միջազգային իրավունքին հղումների բացակայությունը և բացառապես ուժի և գործարքների միջոցով որոշումները վկայում են, որ դարեր շարունակ գոյություն ունեցող քաղաքական բաց շուկան, որը վերջին 100 տարիների ընթացքում ծածկված է եղել լիբերալ-դեմոկրատական թզենու տերևով, կրկին բացվել է իր ողջ մերկությամբ։ Հարցն այն է, թե ով է վաճառողը, ով է ապրանքը և ով է սահմանում «կարմիր գինը»։

Ահա Թրամփի մի քանի մեջբերումներ.

«Մենք այսօր գործարք կնքեցինք ՆԱՏՕ-ի հետ, որ մենք նրանց զենք կտանք, և նրանք կվճարեն դրա համար։ ՆԱՏՕ-ն կկարողանա Միացյալ Նահանգներից միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն գնել, որն ամբողջությամբ արագ կհասցվի մարտադաշտ։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ուկրաինան կանի այն, ինչ պետք է անի։ Բայց գուցե Ուկրաինան այնքան ոգեշնչվի, որ դադարի գործարք ցանկանալ»։

«Եթե Ռուսաստանը չհամաձայնի գործարքի, ապա 50 օր անց ԱՄՆ-ն նրա առևտրային գործընկերների համար կսահմանի 100% երկրորդական մաքսատուրքեր»։

«Եվրոպայում շատ բարձր տրամադրություն կա շարունակելու [Ուկրաինային աջակցելը – խմբ.]: Երբ ես առաջին անգամ ներգրավվեցի այս գործում, չէի կարծում, որ տրամադրությունը այսպիսին կլինի: Բայց այդպես է: Եվ ես անցյալ ամիս նրանց ասացի. ձեր տրամադրությունը զարմանալի է: Նրանք իսկապես կարծում են, որ սա շատ, շատ կարևոր բան է: Տեսեք, հիմա նրանք վճարում են ամեն ինչի համար: Եվ մենք այլևս չենք վճարում: Ես խոսել եմ Գերմանիայի և այլ երկրների հետ, և նրանք պատրաստ են շատ հեռու գնալ: Նրանք չեն ուզում, որ սա շարունակվի: Այնպես որ, կարծում եմ, որ Պուտինը պետք է… Նրա տնտեսությունը շատ վատ վիճակում է: Նա պետք է փրկի իր տնտեսությունը, փրկի երկիրը: Եվ, գիտեք, նա ունի հիանալի երկիր, որով կարող է առևտուր անել, եթե այդ ակտիվները ծախսի ինչ-որ այլ բանի վրա՝ պատերազմի փոխարեն»:

«Մենք շատ զրույցներ ենք ունեցել Պուտինի հետ։ Ես անջատում եմ հեռախոսը և ասում. «Դա լավ զրույց էր», իսկ հետո հրթիռներ են թռչում Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ։ Եվ ես ասում եմ. «Դա տարօրինակ է»։ Եվ երբ դա տեղի է ունենում երեք կամ չորս անգամ, դու հասկանում ես, որ այդ զրույցները ոչինչ չեն նշանակում։ Ես տուն եմ գնում և ասում եմ առաջին տիկնոջը (Մելանիա Թրամփին – խմբ.). «Գիտե՞ս, ես այսօր խոսեցի Վլադիմիրի հետ, մենք հիանալի զրույց ունեցանք»։ Նա ասում է. «Օ՜, իրո՞ք։ Նրանք կրկին հարվածեցին մեկ այլ քաղաքին»։ Այնպես որ, չեմ ուզում ասել, որ նա մարդասպան է, բայց նա կոշտ տղա է։ Այդպես է եղել երկար ժամանակ։ Նա շատ մարդկանց խաբել է, նա խաբել է Քլինթոնին, Բուշին, Օբամային, Բայդենին, բայց նա ինձ չի խաբի։ Գիտեք, որոշ պահի զրույցը բավական չէ, պետք է գործողություններ լինեն։ Չորս անգամ նա ասաց. «Այո, մենք կարող ենք գործարք կնքել, այն լավ տեսք ունի»։ Եվ հետո ռումբերը սկսում են կրկին թռչել։ Մենք մտածեցինք, և ես մտածեցի, որ մենք պետք է գործարքի գայինք վաղուց։ Բայց դա ձգձգվեց ու շարունակվեց։ Ամեն գիշեր մարդիկ են մահանում։ Շատ մարդիկ։ Ի դեպ, շատ ռուս զինվորներ են մահանում։ Նաև շատ ուկրաինացի զինվորներ»։

Թրամփը երեկ հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ը հասել է մեկ այլ «լուծման»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, բայց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է 100 տարով «վարձակալել» Մեղրիի ճանապարհը, այսինքն՝ հայ-իրանական սահմանը։ Եվ չնայած Փաշինյանի մամուլի քարտուղարը չի համաձայնել «վարձակալել» բառի հետ, Թրամփի և Ռյութեի շուկայական բառապաշարը ենթադրում է, որ Սյունիքի հարցում նույնպես կառաջարկվի մի տարբերակ, որը որևէ կապ չունի միջազգային իրավունքի հետ և հիմնված է գործարքի վրա։

Կոնսենսուս Սյունիքի հարցում. Հայաստանը ոչինչ չի ստանա

Մեղրիի ճանապարհի հարցը դառնում է համաշխարհային քաղաքականության գլխավոր թեմա, ինչպես դա եղավ 100 տարի առաջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհի ուժային կենտրոնները որոշեցին, որ թյուրքական և ռուսական աշխարհների միավորումը չպետք է թույլատրվի, և Իրանին սահմանակից Հայաստանը խցկեցին իրենց միջև։ Ավելի քան 100 տարի անց «Զանգեզուրի» միջանցքը կարող է դառնալ Անկարայի և Բաքվի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության բոնուսը։ «Զանգեզուրի խցանի վերացման» վերաբերյալ կոնսենսուսը, կարծես թե, ձեռք է բերվել։

Վերջերս Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից և Մեղրիի ճանապարհի աութսորսինգի թույլատրելիության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարություններից հետո տեղեկատվական և քաղաքական դաշտում իսկական փոթորիկ սկսվեց՝ Սյունիքի մոտալուտ կորստի կանխատեսումներով։ Այս տրամադրությունները սնուցվեցին փորձագիտական ​​գնահատականներով առ այն, որ Միացյալ Նահանգները իր ծառայություններն է առաջարկել որպես Ադրբեջանից մինչև Նախիջևան միջանցքի «կառավարիչներ»։

Հայկական քաղաքական դաշտը հաշտվել է այն փաստի հետ, որ պաշտոնական Երևանը կզիջի ինքնիշխանությունը Հայաստանի հարավում, և Հայաստանում այդպես էլ դիմադրության կետեր չեն առաջացել իշխանությունների կողմից Մեղրիի ճանապարհը օտարերկրացիներին հանձնելու մտադրության դեմ: Դիմադրության բացակայությունը համաձայնության նշան է, և Փաշինյանը, հասարակական կարծիքի «զոնդաժից» հետո, հանգիստ գնաց Բրյուսել և Փարիզ՝ քննարկելու մեծ կոնսենսուսի վերջնական մանրամասները: Ու հուլիսի 16-ին նշանակեց մեծ մամուլի ասուլիս Երևանում, որտեղ, ըստ երևույթին, կհայտարարվի հայ-իրանական սահմանի վերաբերյալ համաշխարհային կոնսենսուսի մասին:

Այսօր տեղեկատվություն հայտնվեց, որ «Միացյալ Նահանգները առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը»: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում է Middle East Eye-ը:

«Եվ այդ պահին Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք դա կվերցնենք մեր վրա: Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ հարյուր տարով, և դուք բոլորդ կարող եք օգտագործել այն», – նշել է դեսպանը:

«Հայկական կողմը պահանջել է, որ կառավարող ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչը անընդունելի էր Բաքվի համար», – ասել է թերթի աղբյուրը։ Այսինքն՝ Հայաստանը ոչինչ չի ստանա։

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության համատեքստում։ Հայաստանը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը որևէ երրորդ կողմի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ինչ վերաբերում է «վարձակալությանը», Բաղդասարյանը նման բառերը անվանել է անընդունելի։

Սակայն Բաղդասարյանի հայտարարություններում կա «մանրուքների մեջ թաքնված սատանա». մինչ այժմ Փաշինյանի կառավարությունն ասում էր, որ պետք է գործի խաչմերուկրի և բոլոր հաղորդակցությունների բացման տրամաբանությունը, բայց հիմա խոսքը միայն մեկ ճանապարհի բացման մասին է։ Վիճարկվում է միայն այդ ճանապարհի իրավասության հարցը։

Արա Պապյանը Step1.am-ի հետ հարցազրույցում հարցնում էր, թե արդյոք նույն աութսորսինգային ընկերությունը կվերահսկի՞ հայերի կողմից օգտագործվող ադրբեջանական ճանապարհները, թե՞ մյուս ճանապարհները չեն բացվի։ Ըստ երևույթին, դրանք չեն բացվի, ինչը նշանակում է, որ «խաչմերուկ» չի լինի։

Օկուպացված Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցելուց հետո Իրանը, որը նախկինում Հայաստանի հետ սահմանը անվանում էր «կարմիր գիծ», տարօրինակ լռություն է պահպանում։ Ռուսաստանը, որը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է վերահսկի «միջանցքը», նույնպես չի առարկում։ Կա զգացողություն, որ Հայաստանի հարավի վերաբերյալ ձեռք է բերվել մեծ կոնսենսուս, ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ գաղտնի հանդիպմանը, որտեղ որոշում էր կայացվել օկուպացնել և հայաթափել Արցախը։

Նաիրա Հայրումյան

«Մենք ևս մեկ հարց լուծեցինք, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի հարցը»․ Թրամփ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ևս մեկ հարց լուծեցինք, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ Ըստ երևույթին, դա (հարցը – խմբ.) մոտ է ավարտին։ Հաջող ավարտին»,- ընդգծել է նա։

ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ 

Պատասխան. Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաեւ՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։

Հարց. Իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը։ 

Պատասխան. ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս։

 

Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան

Լորի

Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի:

Այս մասին գրել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտշտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Կենտրոնի կանխատեսումների համաձայն, Երևանում հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ

Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։ Դրա մասին ուրբաթ լրագրողներին հայտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։

Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

32 կմ երկարությամբ միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», -նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։

«Եվ ահա Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք այն մեզ համար կվերցնենք։ Տվեք մեզ ճանապարհ 32 կիլոմետրը որպես վարձակալություն՝ հարյուր տարով, և բոլորդ կկարողանաք օգտագործել այն», – նշել է դեսպանը։

Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել մասնավոր ամերիկյան առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա իբրև չեզոք երաշխավոր։

Քարնեգի հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ արված առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերություն կպատասխանատու լինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի համար, որը թափանցիկ կերպով կփոխանակվի տվյալներով բոլոր կողմերի հետ։

Հաշվետվության մեջ նշվում է, որ առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա և նպատակ ունի բավարարել Բաքվի պահանջները՝ հուսալի երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալու համար՝ միաժամանակ պահպանելով միջանցքի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը մասնավոր ընկերության կողմից կառավարելու գաղափարը, որին հավանություն են տվել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ այդ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար», – ասել է աղբյուրը։

Թուրքական իշխանությունները Հայաստանը դիտարկում են որպես այսպես կոչված «Միջին միջանցքի» հիմնական օղակ, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ։ Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են մասնակցել Հայաստանում հնարավոր ենթակառուցվածքային նախագծերին։

Բաքվի առարկություններին չնայած, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ամիս ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դա հայ ղեկավարի առաջին պաշտոնական այցն էր Թուրքիա։

Արցախի Ազգային ժողովի պատգավավորներն իրենք պետք է զբաղվեին այս հարցերով

Ինչպես տեղեկացրել ենք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հայտարարեց այս փուլում փողոցային պայքարը դադարեցնելու մասին։ Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը լրագրողներին նաև ասաց, որ որոշել են դուրս գալ Արցախի ներկայացուցչությունից։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակի վրանի ապամոնտաժումից հետո խորհրդի անդամներն իրենց աշխատանքը շարունակում էին Արցախի ներկայացուցչությունում։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են որոշել դուրս գալ ներկայացուցչությունից, Ապրես Մարգարյանը պատասխանեց. «Նպատակահարմար չենք գտնում մեր գործունեությունը շարունակել Արցախի ներկայացուցչությունում։ Մենք կոչով դիմել ենք, եւ Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն իրենք պետք է զբաղվեին այս հարցերով։ Այսինքն՝ այս մարդիկ՝ շարքային քաղաքացիները, այդքան պատասխանատվություն չունեն, մենք վերցրեցինք այդ պատասխանատվությունը, բայց այստեղ պետք է կանգնած լինեին Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները, ովքեր իրենց համարում են Արցախի ԱԺ պատգամավորներ»։

Կառավարությունը կտրուկ հրաժարվեց երկարացնել 40 հազ․ աջակցության ծրագիրը

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ բնակվարձի աջակցության ծրագիրը, որը սկզբում 40+10 հազար էր, իսկ վերջին ամսիներին՝ 40 հազարական դրամ, չի շարունակվելու։ Այսօրվա հանդիպումն արդյունք չի տվել։

Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ ի սկզբանե գիտեր՝ այդպես էլ լինելու էր։ «Բոլոր քննարկումների ժամանակ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ գիտեն, այսինքն՝ տիրապետում են բոլոր խնդիրներին, եւ մեր բարձրացրած խնդիրներն իրականությանը չեն համապատասխանում։ Բայց թե ինչի համար են տասնյակ հազարավոր արցախցիներ ամեն օր սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտում, այդ հարցի պատասխանը չունեն։ Այսինքն՝ կամ այլ մոլորակում ենք ապրում, կամ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ չեն տեսնում, թե մարդիկ ինչ ծանր իրավիճակում են»,- նշեց Ստեփանյանը։

Ըստ նրա՝ արցախցիներն այդ աջակցության կարիքն ունեն, քանի որ դա իրենց բնակվարձի գումարն է։ Թեպետ բնակապահովման ծրագիրը կա, բայց ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից։

Ստեփանյանը նշեց, որ արցախցի 25 հազար ընտանիքներից այս պահի դրությամբ 1900 ընտանիք է սերտիֆիկատ ստացել, որից իրացվել են ընդամենը 300-400-ը։ Ինչ վերաբերում է փոքր կազմով ընտանիքներին, նա ասաց, որ կառավարությունում քննարկում են այս ընտանիքներին երկարաժամկետ բնակվարձի գումար վճարելու տարբերակը, բայց այդ հարցով էլ դեռ կառավարությունում կոնսենսուս չկա։

Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարի այս փուլը․ Ապրես Մարգարյան

Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարի այս փուլը։ Այս մասին կառավարությունում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Այս փուլում փողոցային պայքարի փուլը դադարեցնում ենք, կփորձենք ավելի մանրամասն քննարկել ու ներկայացնել, թե ինչ ձեւաչափով ենք անելու։ Այն օրակարգը, որը հայտարարեցինք համահայկական օրակարգ Արցախի շուրջը, փաստորեն չստացվեց»,- նշեց նա։

Ապրես Մարգարյանը նաեւ ասաց, որ դուրս են գալիս Արցախի ներկայացուցչության շենքից։

«Մենք նպատակահարմար չենք գտնում այս պահին շարունակել մեր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում։ Նստացույցը դադարեցվում է, քանի որ հանրային աջակցություն չկա փողոցային պայքարին»,- ասաց նա։

Ապրես Մարգարյանը նշեց, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը կվերակազմակերպվի։ Երբ լինի հանրային մեծ պահանջարկ, իրենք պատրաստ են փողոցային պայքարի մասով պատասխանատվությունը ստանձնել։

Արտակ Բեգլարյան․ արցախցիների 80 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, և այդ թիվը կտրուկ աճում է

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե որ դեպքում արցախցիները բավարար կհամարեն կառավարության քայլերը եւ կդադարեցնեն բողոքի ակցիաներն ու նստացույցը։

«Ես գոհացած կլինեմ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ վարչապետ կամ փոխվարչապետ, կիջնեն ու կասեն, որ Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի, եւ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու ՀՀ հայցերի հիման վրա կայացված միջազգային դատական ատյանների որոշումների կատարմանը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ։ Եթե ոչ, ապա գոհացած չեմ լինի»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին հրավիրել են կառավարություն՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման։ Արտակ Բեգլարյանն ասաց՝ ինքը կարծիք էր հայտնել, որ չպետք էր գնալ այդ հանդիպմանը, բայց կոլեգիալ որոշմում կայացվեց, որ խորհրդի ներկայացուցիչները պետք է բարձրանան քննարկման։

Հարցին, եթե սոցիալական հարցերին լուծում տրվի, դա իրենց չի բավարարի՞, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Օրինակ՝ 40 հազարական դրամների վերականգնումն այս փուլի համար կարող եմ համարել լուծում, քանի որ այս պահին կա հրատապ խնդիր՝ այն է Արցախի ժողովրդին ՀՀ-ում պահելն ու արտագաթը կանխելը։ Բնակվարձի դադարեցման հետեւանքով մենք ունենք խորացող չքավորություն, մեր տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ արցախցիների շուրջ 80 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ։ Քանի որ բնակվարձի աջակցության ծրագիրը դադարեցվել է, այս ամիս եւ հաջորդող երկու-երեք ամիսների ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է, իսկ աղքատության շեմից ներքեւ գտնվողների թիվը մեծանալու է։

Հետեւաբար, պետք է բնակվարձի ծրագիրը շարունակել, դրան զուգահեռ հիմնարար վերանայման ենթարկել բնակարանային ապահովման ծրագիրը։ Խոշոր առումով մենք բնակվարձ չենք ուզում, մենք ասում ենք՝ մեր բնակարանային խնդիրներին կայուն եւ արժանապատիվ լուծում տվեք, կարող եք հենց հիմա էլ բնակարանային խնդիրը լուծել եւ բնակվարձ չտրամադրել»,- ասաց նա։

Ըստ Բեգլարյանի՝ գործող բնակարանային ծրագիրն արդյունավետ եւ արդար կարգավորում չի տալիս բնակարանային խնդիրներին։ «Կներեք արտահայտությանս՝ իրենք իրենց արեւին գրասենյակներում նստած մտածել են, որ եթե բնակվարձի աջակցության ծրագիրը կտրեն, արցախցիները ստիպված կգնան եւ բնակարանային ծրագրից կօգտվեն։ Բայց իրենք սխալվում են, որ թվերն էլ նայում ես, մարդիկ ուղղակի լուծում չեն գտնում, ուզում են բնակարան գտնել ու գնել, բայց աջակցության ծրագրի շրջանակներում բավարար գումար չկա, որպեսզի իրենք կարողանան պատաճ լուծում տալ իրենց հարցին»,- ասաց նա։

Ւնչ են շտապ պահանջել արցախցիները ՀՀ Կառավարությունից․ տեքստ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտապ պահանջագիրը՝ ուղղված ՀՀ կառավարությանը

Հիմք ընդունելով 2025թ. մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հրապարակված համապարփակ պահանջագիրը,

Հաշվի առնելով այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված խիստ սահմանափակ պատրաստակամությունը ներառական կերպով քննարկելու և լուծում տալու պահանջագրում ներկայացված հարցերին,

Ընդհանրապես բավարարված չլինելով գործող բնակարանային ծրագրում կառավարության կողմից իրականացված կամ խոստացված մասնակի բարելավումներով,

Խիստ մտահոգված լինելով ՀՀ կառավարության վերջին որոշումների պատճառով բռնի տեղահանված արցախցիների ահագնացող չքավորությամբ ու արտագաղթի ծավալներով՝

 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջում է ՀՀ կառավարությունից հետևյալ հրատապ ու անմիջական միջոցները՝

  1.  Անվերապահ կերպով վերականգնել բնակվարձի աջակցության ծրագիրը բոլոր բռնի տեղահանված արցախցիների համար, որոնք չունեն բնակարան Հայաստանում՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը:
  2.  Բնակարանային գործող ծրագրում իրագործել մի շարք նշանակալի բարելավումներ, այդ թվում՝ տրամադրել համապատասխան լրացուցիչ աջակցություն փոքրակազմ, զոհվածների ու այլ խոցելի ընտանիքներին, ինչպես նաև էականորեն մեծացնել աջակցությունը տուն կառուցելու բաղադրիչի համար՝ խթանելով ու օգնելով շահառու ընտանիքներին կառուցել տուն՝ անընդհատ ու անհիմն կերպով թանկացող երկրորդային շուկայից գնելու փոխարեն:
  3.   Ներդնել ներառական ու արդյունավետ մեխանիզմ՝ Խորհրդի մարտի 29-ի պահանջագրի մնացած կետերի քննարկման ու իրականացման համար, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը՝ թե ներքին և թե՛ արտաքին քաղաքական հարցերում:

 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդ

 14 հուլիսի, 2025թ.