Ձերբակալված յոթ դաշնակցականներից միայն երկուսը կմնան կալանքի տակ

Հուլիսի 10-ին ձերբակալված յոթ դաշնակցական երիտասարդներից հինգը ազատ են արձակվել ձերբակալության առավելագույն`74 ժամը լրանալու հիմքով, «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից: Նախաքննությունը շարունակվում է:

Օրեր առաջ իրավապահները խուզարկել էին ՀՅԴ մի շարք անդամների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարանները։ Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին:

Դատարանը նրանցից միայն երկուսին՝ 18–ամյա Անդրանիկ Չամիչյանին և Ալեքսան Ասատրյանին է կալանավորել՝ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով։

Վերջիններս մեղադրանքը չեն ընդունում։

Հայաստանում վերջապես ամառ է

Լորի

Հիդրոմետոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Մինչև հուլիսի 14-ը ամբողջ երկրում սպասվում է հիմնականում չոր, առանց տեղումների եղանակ։

Որոշ շրջաններում հնարավոր են փոթորկային ուժգնության քամիների պոռթկումներ՝ 18-ից մինչև 22 մ/վրկ։

Միաժամանակ, հուլիսի 13-ից 14-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Այսպիսով, Շիրակում հուլիսի 13-ին սպասվում է + 31°C, Կոտայքում՝ + 35°C, Գեղարքունիքում՝ + 29°C, Լոռիում՝ + 32°C, Տավուշում և Արագածոտնում՝ + 37°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ + 39°C։

Երևանում հուլիսի 13-ից 17-ը սպասվում է չոր եղանակ։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև + 38°C։

Ազատության հրապարակում արցախցիների նստացույցը շարունակվում է

Step1.am-ի հետ զրույցում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը նշել է, որ երեկ հայտարարված նստացույցը շարունակվում է։

Խորհրդի անդամներն ու մի շարք արցախցիներ երեկվանից մեկնարկած նստացույցին մասնակցում են հավատով, որ կվերանայվեն որոշումները եւ 12 կետից բաղկացած պահանջագրի ոչ թե մեկ, այլ մի քանի կետ կկիրառվի՝ ապահովելով արցախցիների արժանապատիվ կյանքը ՀՀ-ում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները արգելել են մասնակիցներին քնապարկեր կամ վրաններ բերել հրապարակ, նշելով, որ միայն ծածկոցներ ունենան իրենց հետ

Այս հավասարման միայն մեկ լուծում կա՝ ինչպես է կառավարությունը տեսնում Արցախի ժողովրդի ապագան

2025 թվականի հուլիսի 12-ին՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից 1988 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու մասին հայտարարությունից ուղիղ 37 տարի անց, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ իրենց հողերից վտարված և Հայաստանում այդպես էլ ապաստան չգտած արցախցիների հանրահավաքը։

Այն պայմանները, որոնցում արցախցիները ավելի քան 1.5 տարի ապրում են Հայաստանում, ցույց են տալիս, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը փորձում է փակել Արցախյան հարցը և նրա բնակիչներին պահել սոցիալական ճգնաժամի մեջ՝ կանխելու համար համերաշխությունը, քաղաքական իրավունքների առաջխաղացումը և հիմնական հարցի բարձրացումը։

Իսկ հիմնական հարցն այն է, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անտեսում ՀՀ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետության հռչակման ժամանակ հաշվի է առնվել 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման մասին Հայաստանի և Արցախի խորհրդարանների որոշումը։ Այսինքն՝ քանի դեռ գոյություն ունի Երրորդ Հանրապետությունը, 1989 թվականի որոշումը ուժի մեջ է մնում։

Քաղաքական ուժերն ու համաշխարհային կենտրոնները, որոնք այս որոշումից վախեցած են ինչպես ատոմային ռումբից, տարբեր ձևերով փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես նման որոշում երբեք տեղի չի ունեցել և այժմ ուժի մեջ չէ։ Նույնիսկ Արցախի Հանրապետության «ինքնալուծարումից» հետո աննկատելիորեն աջակցում են Արցախի խորհրդարանի գոյությանը, որը կարող է դեռ անհրաժեշտ լինել՝ 1989 թվականի որոշումը չեղարկելու համար։ Միևնույն ժամանակ, «արտաքին քաղաքականությունը», այսինքն՝ իրավունքների միջազգային մակարդակով առաջխաղացումը կամ առնվազն շփումները Հայաստանի իշխանությունների հետ, գտնվում են խորը արգելքի տակ։

Մի կողմից, արցախցիները չեն համարվում փախստականներ և ատոմացված են, բաժանված «փախստական ընտանիքների», մյուս կողմից՝ արցախցիների անմիջական շփումները միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ ճնշվում են։

Հայաստանի կառավարությունը, որը մեղադրում է արցախցիներին «չկռվելու և Արցախը լքելու» համար, նախ իր վրա վերցրեց արցախցիների «ժամանակավոր պաշտպանությունը», չտրամադրելով նրանց փախստականի միջազգային կարգավիճակ, իսկ հիմա ասում է, որ արցախցիները պետք է մոռանան վերադառնալու մասին և ինտեգրվեն։ Սոցիալական և բնակարանային օգնության ծրագրերը նպատակ ունեն վերաբնակեցնել արցախցիներին Հայաստանի տարբեր մասերում, վերացնել նրանց որպես քաղաքական իրավունքներ ունեցող համայնք, որպեսզի բոլորը մոռանան, որ Արցախը 1989 թվականից ի վեր Հայաստանի մաս է կազմում։

Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը ժողովրդի քաղաքական կամքի և ուժի բարձրագույն գագաթնակետն է, և այն չի կարող անտեսվել միջազգային կազմակերպությունների կողմից, քանի դեռ ժողովրդավարությունը՝ ժողովրդի իշխանությունը, ներկայիս աշխարհակարգի հիմքն է։ Այս որոշումը կարող է չեղյալ համարվել միայն հայ ժողովրդի կամքով, այդ իսկ պատճառով Բաքուն և Մոսկվան պահանջում են, որ այս որոշման հղումը հանվի Հայաստանի Սահմանադրությունից։

Ահա թե ինչու Ալիևը չի «հավատում» Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ 1989 թվականի որոշումն ուժի մեջ չէ. Ալիևը ուղղակիորեն ասում է՝ վաղը Հայաստանում կգա մեկ այլ կառավարություն, և այս որոշումն անմիջապես ուժի մեջ կմտնի։

35 տարի շարունակ այս որոշումը և դրա հիշատակումը Հայաստանի անկախության հռչակագրում որևէ միջազգային կազմակերպության կողմից չեն վիճարկվել։ Եվ միայն այս որոշումը կարող է հիմք հանդիսանալ արցախցիների խնդիրների լուծման համար, այդ թվում՝ սոցիալական։ Եթե այս որոշումը ճանաչվի վավեր, արցախցիները ավտոմատ կերպով կդառնան «ներքին տեղահանված անձինք» Հայաստանում՝ սոցիալական և իրավական երաշխիքների ամբողջական համալիրով։

Հիմա Արցախի ժողովուրդը ոչ մի կարգավիճակ չունի, նրանք ոչ ոք են, ինչը նշանակում է, որ բոլոր սոցիալական և այլ երաշխիքները կախված են գործող կառավարության քմահաճույքներից։

Արցախի խորհրդարանը պետք է հայտարարի, որ 1989 թվականի որոշումը ուժի մեջ է։ Այս հավասարման այլ լուծում չկա։

Սա խորհրդանշական օր է. 1988 թ․ հուլիսի 12-ին ԼՂԻՄ-ը հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ-ից դուրս գալու մասին

Արցախցինրի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գարիկ Ավանեսյանը, հայտարարելով հանրահավաքի մեկնարկը հուլիսի 12-ին, իր ելույթում հիշեցրեց, որ սա խորհրդանշական օր է, քանի որ այն կապված է կարևոր պատմական որոշման հետ, որը արտահայտել է Արցախի ժողովրդի կամքը։

«1988 թվականի հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածաշրջանային խորհրդը որոշում կայացվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու մասին։ Չնայած այս որոշումը իրավական ուժ չուներ, այն դարձավ Ղարաբաղի ժողովրդի կամքի հստակ դրսևորում։ Ցավոք, ժամանակի ընթացքում այն ստվերվեց այլ իրադարձություններով։ Հանրահավաքի այսօրվա ամսաթիվը պատահականորեն չի ընտրվել. մենք ուզում ենք հիշեցնել Արցախի ժողովրդի կամքի մասին», – ասաց Ավանեսյանը։

«Կեղծ փաստաթղթի հիմքով է օրվա իշխանության կողմից Արցախը ճանաչվել Ադրբեջանի մաս»․ Լարիսա Ալավերդյան

«Կեղծ փաստաթղթի կամ կեղծված փաստաթղթի հիմքով օրվա իշխանության ղեկավարության կողմից
Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Փաստաթուղթը, որի անունը հնչեցնում են, դա Ալմա Աթայի
հռչակագիրն է, որտեղ չկա որեւէ խոսք այն մասին, որ անկախ պետությունները, այն է՝ նախկին
սովետական հանրապետությունները ճանաչվում են սովետական սահամաններով։ Սուտ է, այդ փաստաթղթի մեջ պարզ գրված է՝ ճանաչվում են գոյություն ունեցող սահմանները»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն իրեն համարել է իրավահաջորդ այն հանրապետությանը, որի կազմում Արցախը չի եղել։

«Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Սովետական Ադրբեջանի ժամանակ նա ընդամենը Ադրբեջանի մաս է կազմել բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի հանցավոր պայմանավորվածության
համաձայն։ Եվ դրանից հետո, մինչեւ Ադրբեջանի ճանաչումը, Արցախն արդեն դուրս էր եկել ահա այդ
սովետական Ադրբեջանից։ Ո՞վ է հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբ է դա տեղի ունեցել՝ 6-
ը հոկտեմբերի 2022 թվականի»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախցին պետք է վերադառնա Արցախ, եւ Արցախի բոլոր նվիրյալները
պետք է պայքարեն այս կարեւոր իրավունքի իրացման համար։

Նա նշեց, որ արցախցիները պետք է համարվեն ցեղասպանություն վերապրած անձինք։ Ո՞վ է
պատասխանատու նրանց իրավունքների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու
իշխանությունը։

«Այո, հենց այս իշխանությունը բոլոր միջազգային հարթակներում պետք է պայքարի արցախցիների վերադարձի համար եւ Արցախը վերադարձնի արցախցիներին ու Արցախի նվիրյալներին։ Այսօր մենք հստակ պահանջում ենք այնպիսի պայմաններ ստեղծել արցախցիների համար Հայաստանում, որ
որեւէ մեկը չլքի Հայաստանը, որովհետեւ Հայաստանն է պարտավոր դա անել»,- ասաց Ալավերդյանը։

«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, կտեսնենք, թե կառավարությունից ինչպիսի ազդակներ կլինեն»․ Նժդեհ Իսկանդարյան

«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, միաժամանակ կքննարկենք, թե կառավարությունից ինչպիսի ազդակներ կլինեն կառավարությունից, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։ Այս պահին ասել, թե ինչպիսի պայամաններ կառաջարկեն կառավարությունից, որպեսզի դադարերցնենք նստացույցը, դա ճիշտ չի լինի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանն էլ ասաց, որ խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարել, թեպետ իրենց արգելել են վրան տեղադրել։ «Մեր հնարավորությունն այս պահին սա է, եւ խորհրդի ամբողջ կազմն այս պահին պայքարը շարունակում է
հրապարակում։ Ես կոչ եմ անում հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներին՝ միանալ մեզ եւ կանգնել մեր կողիքին, որպեսզի ոստիկանությունը չփորձի ուժ կիրառել կամ մտքով անամ չանցնի»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Արցախցիները նստացույց են սկսել Ազատության հրապարակում։

«Հայտարարում եմ նստացույց, եւ բոլորս միասին մնում ենք այստեղ՝ մինչեւ կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին»,- Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը

«Ճնշումներ են գործադրում, որպեսզի մենք մեր ձայնը չբարձրացնենք»․ արցախցիներին հրավիրել են ոստիկանություն

«Այս հանրահավաքի միջոցով ցույց ենք տալիս, որ կողմ չենք իշխանությունների քաղաքականությանը
արցախցիների վերաբերյալ։ Դա վերաբերում է եւ ներքին, եւ արտաքին հարցերին։ Այն պահանջագիրը, որը
մենք հրապարակել ենք մարտի 29-ին, ուժի մեջ է, եւ այդ պահանջագրի կետերից միայն սոցիալական
բնույթի կետերին են անդրադարձել, որոնց շատ քիչ մասին են իրենք քիչ թե շատ լուծումներ տվել»,-
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողներին
ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ նախքան հանրահավաքի մեկնարկը բազմաթիվ արցախցիներ են
հրավիրվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Բեգլարյանն
ասաց․ «Բնականաբար, ճնշումներ են գործադրում, որպեսզի մենք մեր ձայնը չբարձրացնենք, մեր
իրավունքների համար չպայքարենք։ Ճնշումները տարբեր ձեւերով են արտահայտվում, դա կլինի զրույցի
տեսքով, տարբեր տեղեր, այդ թվում՝ ոստիկանություն հրավիրել, ուղիղ կամ անուղղակի սպառնալիքներ
հնչեցնել, աշխատավայրերում զգուշացումներ անել եւ այլն։ Սա տեղեկատվական դաշտում արցախցիներին
թիրախավորման դեպք էր, որը նոր չէ, երբ մենք ակտիվ ենք լինում, այդ ժամանակ ճնշումներն ավելի
ակտիվ են լինում մեր հանդեպ»։
Երեւանի քաղաքապետարանը միայն արցախցիների հանարահավաքն է արտոնել, երթի ացնակցումն ու
նստացույցն արգելել են։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ մերժման համար չհիմնավորված հիմքեր են
ներկայացրել։ «Իրենք խոսքով՝ դրանք անհնազանդության գործողություններ են, որոնք սպառնում են
հասարակական կարգին։ Այնինչ, անհնազանդության գործողությունները մեր քաղաքացիական իրավունքն
են, եւ այդ գործողություններն անահամաչափ կերպով չեն խախտելու կամ չեն սահմանափակելու այլ
անձանց իրավունքներն ու ազատությունները։ Սրանք Հավաքների մասին օրենքով եւ պրակտիկայով
կարգավորված են, որ մենք մեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, մեր ձայնը
բարձրացնելու համար իրավունք ունենք համապատասխան գործողություններ կատարել, այդ թվում՝ երթ
իրականացնել»,- նշեց Բեգլարյանը։
Նա ասաց, որ հանրահավաքի կազմակերպիչները պատրաստ են ամեն ինչ անել օրինականության ու
ոստիկանության հետ պատշաճ համագործակցության սահմաններում։ Հարցին, թե նստացույցն Ազատության
հրապարակո՞ւմ են նախատեսում անցկացնել, Բեգլարյանը պատասխանեց, որ տարբեր գաղափարներ են
քննարկվել, հնարահավաքի վերջում կազմակերպիչները հարթակից կհայտարարեն, թե որտեղ են
անցկացնելու նստացույցը։

«Մեզ ոստիկանություն էին հրավիրել, թույլ չենք տալու, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մազը ծռվի»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդմաներին այսօր հրավիրել են
ոստիկանություն։ Այս մասին լրագրողներին ասաց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։ «Նրանց թվում
նաեւ ես էի, արդեն ազատ են արձակել, ուղղակի զրույցի էին հրավիրել։ Իրենց մտահոգությունները մեզ էլ
են մտահագում, եւ այս պահին մենք այնպիսի բան չենք անելու, որպեսզի հանրահավաքի մասնակիցներից
որեւիցե մեկի մազը ծռվի»,- ասաց Սայիդա Պողոսյանը։
Սայիդա Պողոսյանը հավելեց, որ ոստիկանություն էին հրավիրել Արցախի պետնախարար Նժդեհ
Իսկանդարյանին, խորհրդի անդամ Ապրես Մարգարյանին եւ իրեն։ «Սահմանափակումների մասին ենք
խոսել եւ սպասվելիք իրադարձությունների մասին։ Հուսով եմ՝ իրենք էլ աչալուրջ կլինեն, եւ մենք էլ
օրենքի սահմաններում ինչ նախատեսված է, դա ենք անելու»,- նշեց նա։

«Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում եւ չի պլանավորվում»․ Գագիկ Բաղունց

«Ես անձամբ, ինչպես արցախցիներից շատերը, առնվազն երկու պատերազմի մասնակից ենք։ Եվ վախենալու բան չկա, առավել եւս մենք հակասահմանադրական եւ հակաօրինական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, օրենքի շրջանակներում մեր իրավունքներն ենք պաշտպանում»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Նա անդրադարձավ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին առաջադրված մեղադրանքին եւ նրա կալանավորմանը․ «Կարա՞ք մի փաստ ասեք, որ էդ մարդը հակաօրինական բան է արել կամ ահաբեկչական գործունեություն է ծավալել։ Օրինակ՝ ես չգիտեմ։ Արցախիցներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում եւ չի պլանավորվում»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի խորհրդարանը Արցախի նախագահ չընտրեց՝ Բաղունցն ասաց, որ այս պայմաններում հնարավոր չէր անցկացնել նախագահի ընտրություններ։ Եվ հարցը սառեցված է։