«Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը»․ Ապրես Մարգարյան

«Ներքին հարցերում մեր նպատակն է Հայաստանում ապահովել Արցախի ժողովրդի արժանապատիվ եւ կայուն կեցության պայմանները՝ կանխելով արտագաղթը եւ խորացող աղքատությունը։ Իսկ հրատապ նպատակը հատկապես սոցիալական վիճակի կայունացումն է, որպեսզի արցախցի ընտանիքները բավարար ժամանակ ու պատշաճ պայմաններ ունենան իրենց խնդիրները լուծելու համար»,- Ազատության հրապարակում ացկացվող հանրահավաքում ասաց Արցախիցների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նշեց, որ կառավարությունը սոցիալական ծրագրերում որոշ փոփոխություն իրականացրել է, բայց հայտարարել, որ տեղի են ունեցել լայնածավալ փոփոխություններ, աբսուրդ է։ «Այն բոլոր էական հարցերը, որոնք ներկայացրել ենք, անտեսվել են։ Իսկ կատարված փոփոխություններն էլ հիմնականում մասնակի ու կոսմետիկ բնույթ են կրում։ Այո, եթե թեկուզ մեկ արցախցու հարց լուծում է ստանում, դա մեզ համար արդեն արդյունք է։

Սակայն մեր պայքարը մեկ կամ երկու անհատի համար չէ, մենք պահանջում ենք համակարգված, ինստիտուցիոնալ լուծումներ տեղահանված ողջ ժողովրդի համար։ Դրանից բացի, մենք պահանջում ենք, որ մեր վերադարձի իրավունքը հարգվի եւ հաշվի առնվի հակամարտության կարգավորման ջանքերում։ Դրան առնչվող մի շարք այլ պահանջներ հրապարակել ենք՝ գերիների վերադարձի, մեր սեփականության ու մշակութային ժառանգության պաշտպանության, միջազգային գանգատներից չհրաժարվելու, Մինսկի խմբի չլուծարման եւ մի շարք այլ թեմաներով»,- ասաց նա։

Ապրես Մարգարյանը կոչ արեց միանալ այս պայքարին, ասաց, որ վաղը կարող է ուշ լինել։ Նա նշեց, որ այսօր կանգնած ենք մեր պատմության ծանր շրջափուլի առաջ։ «Մենք ժամանակավորապես կորցրել ենք Արցախը, բայց չպետք է կորցնենք մեր ինքնությունը, մեր ձայնը եւ արժանապատվությունը։ Մենք լռելու իրավունք չունենք, լռել նշանակում է հաշտվել, իսկ մենք հաշտվելու բան չունենք։ Այսօր մեզ ուզում են տեսնել խեղճացած, հարմարված, բայց մենք դա չենք ուզում, քանի որ Հայաստանը մեր հայրենիքն է, եւ մենք իրավունքներ ու պարտականություններ ունենք այստեղ։ Այսօր պետք է մի բան հասկանանք՝ սա այլեւս ժամանակ չէ հարմարվելու, սա ժամանակ է կանգնելու, միավորվելու եւ պահանջելու։ Եկեք մի կողմ դնենք հիասթափությունը, բաժանումը, միասնական ու վճռական ժողովրդին անտեսել հնարավոր չէ։

Այս պայքարը ոչ միայն մեր իրավունքների մասին է, այլ նաեւ մեր արժանապատվության։ Ու ես այս հարթակից ասում եմ՝ արցախցին չի արտագաղթելու Հայաստանից, Արցախը չենք մոռանալու, Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը»,- հավելեց Մարգարյանը։

Նա ասաց, որ այսօր նախատեսում էին նաեւ երթ իրականացնել, սակայն ոստիկանություն ու Երեւանի քաղաքապետարանը չեն արտոնել խաղաղ երթի անցկացումը։ «Մենք հորդորում ենք ոստիկանությանը՝ վերանայել իրենց որոշումը։ Մեր համոզմամբ՝ կես ժամը բավարար է, որպեսզի համապատասխան մարմինները վերանայեն իրենց որոշումը եւ թույլ տան իրականացնել մեր երթը դեպի Հանրապետության հրապարակ»,- հայտարարեց Մարգարյանը։

Մոսկվայի մարզում ադրբեջանցիների դեմ ռեյդեր. 35 քաղաքացու կանչել են զինկոմիսարիատ

Ուժայիններն ավելի քան 500 միգրանտի են ստուգել Մոսկվայի մարզի Բալաշիխայում տեղի ունեցած «ռեյդի» ընթացքում, 150-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը:
«Մոսկվայի Ռոսգվարդիայի գլխավոր վարչության «Ավանգարդ» հատուկ նշանակության զորքերի աջակցությամբ իրականացված «ռեյդին» մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնի, զինկոմիսարիատի, տարածքային անվտանգության վարչության, ինչպես նաև Մոսկվայի և Մոսկվայի մարզի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները»,- նշված է Ռոսգվարդիայի հաղորդագրությունում։
Ռոսգվարդիայի տվյալներով ՝ անօրինական միգրանտները տեղափոխվել են ոստիկանություն հավելյալ ստուգումներ անցկացնելու համար։
Ծանուցագրեր են հանձնվել նաև զինվորական հաշվառման մեջ չգտնվող 35 քաղաքացու։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերը մոսկովյան շուկաներից մեկում գործողություն են իրականացրել , որի ընթացքում զանգվածաբար ձերբակալվել են միգրանտներ Ադրբեջանից։

 

Հայտնի չէ՝ սրանք միայն ադրբեջանցիներ էին, թե ոչ, բայց Մոսկվան խստացնում է իր վերաբերմունքը միգրանտների նկատմամբ, և բոլոր համայնքները, այդ թվում՝ հայերը, սպասում են իրենց հերթին։

Սա ինչի՞ հետևանք է՝ ոչ կոմպետենտ լինելո՞ւ, թե՞ կոռուպցիայի. ով է շահում արցախցիների ծրագրերից

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանի հարցազրույցը Step1.am-ին:

-Պարոն Ավանեսյան, հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է հանրահավաք։ Քաղաքական իրավունքներից բացի, ժողովուրդը մտահոգված է սոցիալական հարցերով, մասնավորապես՝ ֆինանսական աջակցության դադարեցմամբ կամ կրճատմամբ։ Հազարավոր փախստական ընտանիքներ կարող են անօթևան մնալ։ Իսկապե՞ս խնդրահարույց է կառավարության համար աջակցության ծրագիրը շարունակելը, փող չկա՞։

Բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ 2024 թվականին Հայաստանի բյուջեից մոտ 58.5 միլիարդ դրամ է ծախսվել արցախցիներին աջակցության համար, բոլոր ծրագրերով։ Նույն թվականին միայն ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 միլիոն եվրոյի (մոտ 6.6 միլիարդ դրամ) բյուջետային աջակցություն՝ արցախցիներին օգնելու համար։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում արցախցի աշխատողների թիվը կազմում է մոտ 27 հազար մարդ։ Եթե հաշվարկվեն նրանց վճարած հարկերը միջինը 160 հազար դրամ աշխատավարձից՝ ամսական մոտ 40 հազար դրամ, ստացվում է, որ արցախցիները տարեկան վճարում են գրեթե 12 միլիարդ դրամ հարկ։

– Իսկ միջազգային հանրության աջակցությո՞ւնը արցախցիներին։

-Եթե 58.5 միլիարդից հանենք ԵՄ-ի տրամադրված փողերը և Արցախի ժողովրդի հարկերը, ստացվում է, որ տարեկան 100 միլիոն դոլար է հատկացվել 110 հազար ամեն ինչ կորցրած արցախցիների համար։ Այսինքն՝ միջինում արցախցի յուրաքանչյուր փախստականի համար մի փոքր ավելի քան 900 դոլար։

– Այսինքն՝ եթե 2025 թվականին արցախցիներին օգնելու ծրագիրը շարունակվի, կառավարության ծախսերը չե՞ն ավելանա։

-2025 թվականին անհրաժեշտ է 58.5 միլիարդից ավելի քիչ գումար բյուջեից, հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարությունը վերջին 2 ամսվա ընթացքում նվազեցրել է բնակարանային աջակցության գումարի չափը 20%-ով, այսինքն՝ 1 մլրդ դրամ ամսվա և 12 մլրդ տարվա կտրվածկով։ Եվրամիությունը տրամադրել է արցախցիների օգնության համար ուղիղ բյուջետային աջակցություն 25 մլն եվրո (11 մլրդ դրամ)։ Եթե հաշվի առնենք և ընդհանուր գումարից հանենք նաև արցախցիների մուծած հարկերը, ապա կպարզվի, որ ՀՀ բյուջեից արցախցիների բնակարանային վարձի աջակցության և այլ սոցիալական աջակցության համար ՀՀ ի բյուջեից անհրաժեշտ կլինի ծախսել 23.5 մլրդ դրամ, մոտավորապես 60 մլն դոլար 110 հազար մարդու համար։ Երկու բանկի թալանված փոխերը փակելու համար ՀՀ Կառավարությունը ավելի քան 9 անգամ ավել՝ 220 մլրդ դրամ գումար է պատրաստ ծախսել, մեր համար 23.5 մլրդ դրամ՝ ոչ։

Հիմա փորցենք պարզել, թե ինչ բնակարանային ծրագիր է առաջարկում ՀՀ կառավարությունը արցախցիներին, մերժելով մեր կողմից առաջարկված միջազգային դոնոր կոնֆերանս անցկացնելը, և ինչ ֆինանսավորմամբ։ Թեկուզ ասվում է, իբր դա արվում է բյուջեի հաշվին, դա այդքան էլ այդպե չէ, այսինքն, բյուջեի վրա պարտավորություններ է վերցվում, այդ պարտքը պիտի սպասարկի հաջորդ կառավարությունը (մեզ հասած տեղեկությունների համաձայն, նույն մեխանիզմով իրականացվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ոց ծրագիրը)։

– Ի՞նչ կասեք կառավարություն-բանկեր տանդեմի մասին։

-Արտաքին աղբյուրներից ՀՀ Կենտրոնական բանկը, մեր տվյալներով, տարեկան 5 տոկոսով գումար է վերցնում, տրամադրում թվով երեք «գործընկեր» բանկերին, որոնց միջոցով և իրականացվում է բնակարանային ծրագիրը։ Բայց!!! «Գործընկեր» բանկերին կառավարությունը, մինչև մայր գումարը փակելը, բյուջեից մուծելու է տարեկան 13 տոկոս։ Այսինքն՝ 8 տոկոսով ավելին, քան վերցրել են!!!! Տարեկան!!!

Պարզաբանեմ։ 5 հոգանոց ընտանիքը ստանում է 20 մլն դրամի սերտիֆիկատ։ Դա դառնում է բյուջեի պարտք 10 տարով։ Տարեկան բյուջեից վճարվում է 2 մլն 600 հազար դրամ (բնակվարձի ծրագրով այդ ընտանիքը տարեկան կստանա 2 մլն 400 հազար դրամ), որից 1 մլն դրամ՝ փողատերերին, իսկ 1մլն 600 հազար դրամ՝ «գործընկեր» բանկերին, որոնց թվում է նաև արցախցիներին չկռված համարող Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկը։ Եւ դա ընդհամենը նրանց միջոցով գումարը շահառուներին փոխաանցելու համար։ 10 տարվա մեջ 20 մլն դրամ սերտիֆիկատ ստացած մեկ ընտանիքի հաշվին «գործընկեր» բանկը ստանալու է 16 մլն դրամի մաքուր շահույթ։

– Ի՞նչպես կարելի է այս ամենը կոչել։

-Հարց է՝ սա ինչի՞ հետևանք է՝ ոչ կոմպետենտ լինելո՞ւ, թե՞ կոռուպցիայի, հանցավոր գործարքի՝ ծրագիրը մշակողների և բանկերի սեփաականատերերի միջև, արցախցիների անվան տակ բյուջեից միլիարդներ հափշտակելու պլան։

Ալվարդ Գրիգորյան

Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել բռնազավթված Ստեփանակերտում իսլամական ժողովին մասնակցած երկրներին

Օկուպացված Ստեփանակերտ

Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցած երկրների կառավարություններին։ Այս մասին տեղեկանում ենք միության տարածած հաղորդագրությունից։

«Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել այն երկրների կառավարություններին, որոնց նախագահները կամ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ անցած շաբաթ բռնազավթված Ստեփանակերտում մասնակցել են Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Նշված երկրներն են՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Պակիստան, Թուրքմենստան, Աֆղանստան, Ղազախստան, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան Տարածաշրջանի Տնտեսական և Սոցիալական Հանձնաժողով (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ), Նիգերիա։

Բողոքի նոտայում, մասնավորապես, ասված է.

«Արցախ միությունը, որպես առաջատար համայնքային կազմակերպություն, խստորեն դատապարտում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի անցկացումը հուլիսի 3-4-ին Ստեփանակերտում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաքում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի բռնազավթման ներքո։ Մենք նաև արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն ու դատապարտումը Ձեր կառավարության՝ այս միջոցառմանը բարձր մակարդակով անօրինական մասնակցության կապակցությամբ։

2020-2023 թվականներին Ադրբեջանը իրականացրել է Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության համակարգված արշավ։ Այս քաղաքականության հետևանքները ողբերգական ակնհայտությամբ դրսևորված էին Ձեր այցի ընթացքում՝ բնակչությունից ամբողջությամբ զրկված հայրենիք, գույքի համատարած ոչնչացում և մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգություններ։

Բռնազավթված Արցախում պաշտոնական միջազգային միջոցառումների անցկացումը դիտավորյալ փորձ է Ադրբեջանի կողմից լեգիտիմացնելու ուժի անօրինական կիրառման, զանգվածային տեղահանության և մշակութային բնաջնջման հետևանքները։

Թեև պաշտոնական հաղորդագրություններում գագաթնաժողովի նպատակը նկարագրվում էր որպես տնտեսական համագործակցության և տարածաշրջանային զարգացման խթանում, սակայն հարկ է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու զարգացումը չեն կարող ձեռք բերվել առանց Արցախի ժողովրդի ներառական մասնակցության և հավաքական վերադարձի։

Նրա անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ, կայուն և անհապաղ վերադարձը իր հայրենիք պետք է ապահովվի միջազգային իրավական նորմերին համապատասխան, ներառյալ՝

Արդարադատության միջազգային դատարանի վճիռը (2023 թ. նոյեմբերի 17), և

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը (2023 թ. հոկտեմբերի 11)։

Բռնազավթման և ուժի կիրառման միջոցով պարտադրված ստատուս քվոյի փաստացի լեգիտիմացմանը նպաստող ցանկացած գործողություն կամ այց ուղղակիորեն խարխլում է արդարության, հաշտեցման և տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը։ Հետևաբար, Ձեր մասնակցությունն այս միջոցառմանը կարող է մեկնաբանվել որպես միջազգային իրավական սկզբունքներից շեղում և, անկախ դիտավորությունից, կարող է ընկալվել որպես Ադրբեջանի ռասայական խտրականության և մշակութային ոչնչացման քաղաքականությանը համահունչ գործողություն։

Մենք նաև շեշտում ենք, որ նման միջոցառման անցկացումը բռնազավթված Ստեփանակերտում՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման, զեղծարարության և յուրացման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մարդու իրավունքների այլ փաստահավաք առաքելություններին թույլտվություն չտալու պայմաններում՝ առանձնապես սադրիչ և մտահոգիչ է։

Հիշեցնում ենք Ձեզ, որ Արցախում մշակութային և կրոնական վայրերի շարունակվող վանդալիզմը, եկեղեցիների պղծումը և սեփականության իրավունքների խախտումները ոչ միայն միջազգային հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, այլև խախտում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած պարտադիր կատարման ենթակա որոշումը, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել և պատժել նման գործողությունները։

Վերոշարադրյալի լույսի ներքո մենք խստորեն կոչ ենք անում Ձեր կառավարությանը հրապարակայնորեն պարզաբանել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա բռնի տեղահանված բնակչության վերաբերյալ, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի բռնազավթման և ցեղասպանության քաղաքականության ճանաչում կամ հաստատում

Ավելին, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ապահովել մշակութային ցեղասպանության շարունակվող գործողություններին հստակ, սկզբունքային և համակարգված արձագանք, ինչպես նաև պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքները»»։

Լիաննա Պետրոսյան․ պատասխանի միակ դրականը՝ սոցիալական բնակարանների մասին խոսքն է

Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի և ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։

Այս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։

Բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման՝ ևս Կառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։

Իսկ Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցն այդպես էլ մնաց անպատասխան»,- գրել է նա:

ԵՄ-ն պատրա՞ստ չէ հետ քաշել դիտորդներին ՀՀ սահմանից

ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մեր պարեկային խմբերը շուրջօրյա հսկողություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանը հայկական կողմից` հանձնառու լինելով տեղում հետևել իրավիճակին և աջակցելով տարածաշրջանում կայունությանը»:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև ԱՄԷ-ում կայացած հանդիպումից հետո ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել առ այն, որ “խաղաղության պայմանագրի” ստորագրման պահանջներից մեկը՝ ԵՄ դիտորդներին ՀՀ սահմանից հեռացնելն է։

Իշխանությունները նախկինում չեն բացառել, որ ԵՄ դիտորդները կտեղակայվեն այլ տեղ Հայաստանում՝ ոչ սահմանին։

ԵՄ առաքելության գրառոմը հուշում է, որ նրանք իրենց գործունեության վայր են համարում սահմանը։

Թայմ-աութ. Փաշինյանը պետք է ավարտի «ռևանշիստների» չեզոքացումը

Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո վերլուծական տարածքում հնչել են տարբեր գնահատականներ և ենթադրություններ, քանի որ տեղեկատվությունը շատ քիչ էր:

Հանդիպումից հետո բանակցությունների վերաբերյալ նույնական մամուլի հաղորդագրություններ են հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքերում: «Որոշվել է շարունակել արդյունքի վրա կենտրոնացած երկխոսությունը», – ասվում է հաղորդագրության մեջ: Փաշինյանն ու Ալիևը «նշել են սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը» և «հանձնարարել են համապատասխան պետական ​​հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը այս ուղղությամբ»: «Կողմերը նաև համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Վերլուծաբանները նշում են, որ այս հանդիպումը հնարավորություն էր «ժամանակ շահելու» և «հետաձգելու» պատերազմը, իսկ ժամանակն անհրաժեշտ է բոլոր կողմերին: Մասնավորապես, Փաշինյանը կարող է սկսել ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները, արագացնել Սահմանադրության փոփոխության գործընթացը և վերացնել «ռևանշիստական ​​ուժերի» ազդեցությունը, որոնց թվում են ՀՅԴ-ն, Եկեղեցին, արցախցիները և սփյուռքի լոբբին:

Ալիևն, իր հերթին, կարող է բացատրել իր հասարակությանը, թե ինչու դեռևս չեն վերցվել հայկական Սյունիքն ու իրանական Ատրպատականը։

Միջազգային միջնորդներն էլ կարող են օգտագործել ժամանակը (ասում են՝ մոտ մեկ տարի) «Մեծ Մերձավոր Արևելքի» ընդհանուր հայեցակարգ մշակելու համար, որի շրջանակներում կլուծվեն ողջ մնացած պետությունների սահմանային հարցերը։

Հայկական մամուլը, մեկնաբանելով Դաշնակցության անդամների նկատմամբ վերջին ճնշումները, ասում է, որ սա «համաձայնագրի» կետերից մեկն է՝ կողմերը պետք է իրենց երկրներում պայքարեն ռևանշիստական ​​տրամադրություններ կրողների, այդ թվում՝ Ալիևին հակառակվողների դեմ։ Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն կարող են մամլիչի տակ հայտնվեն, գրում է մամուլը։ Իշխանամետ պատգամավորներն արդեն խոսում են Դաշնակցությունը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու և այն Հայաստանում արգելելու անհրաժեշտության մասին։

Բացի այդ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Փաշինյանը հրամայել է լռեցնել արցախցիների ձայնը, ովքեր, ի դեպ, վաղը մեծ հանրահավաք են հրավիրել: «Նրանք կորցնելու ոչինչ չունեն, նրանք ամեն ինչի ընդունակ են», – իբր ասել է Փաշինյանը իրավապահ մարմիններին՝ հրամայելով խեղդել արցախցիների գործունեությունը օրորոցում։

Կշարունակվեն նաև Եկեղեցու և ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանի դեմ դատավարությունները, ով այժմ փորձում է իր շուրջը մոբիլիզացնել սփյուռքի լոբբինգը։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ Աբու Դաբիում «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իսկ բուն համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին:

Հարցն այն է, թե ինչպիսի համաձայնության են եկել կողմերը Մեղրիի ճանապարհի աութսորսինգի վերաբերյալ։

Եթե Կարսի պայամանագիրը չի գործում, Նախիջևանը պետք է վերադարձվի Հայաստանին

Եվ այս ամենը տեղի է ունենում արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ Նախիջևանում բնիկ հայության կոտորածների, էթնիկ զտումների, հայկական մշակութային սպանդի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների անարգել իրականացման ու պատժի ու պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում։
Խմբ․ Եթե Կարսի պայամանագիրը այլևս չի գործում, ապա Նախիջևանը ոչ թե պետք է ադրբեջանանականցի, այլ վերադարձվի իրական տիրոջը՝ Հայաստանին՝ Կարսի, Արդահանի և Արարատ լեռան հետ միասին։ Իսկ եթե Կարսի պայմանագիրը գործում է, ապա Հայաստանը պետք է առարկի Նախիջևանի ադրբեջանանականցումը։

Չինաստանն ու Թուրքիան գնացք են գործարկել դեպի Եվրոպա՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջով. նահա՞նջ Զանգեզուրից

«Жэньминь Жибао» -ն հայտնում է․

Չորեքշաբթի, ժամը 12:00-ի սահմաններում, Չունցին /Հարավարևմտյան Չինաստան/ մեգապոլիսից Չինաստան-Եվրոպա միջազգային երկաթուղային բեռնափոխադրման երթուղով մեկնեց արագընթաց գնացք՝ բեռնված հեռահաղորդակցության սարքավորումներով, ավտոպահեստամասերով և այլ ապրանքներով, որը նշանավորեց այս երթուղով կանոնավոր արագընթաց բեռնափոխադրումների մեկնարկը։

Ինչպես հայտնի դարձավ, նոր ծառայությունները Չունցինում գտնվող մատակարարման շղթայի կառավարման Yuxinyou ընկերության և թուրքական Pacific Global Logistics ընկերության համատեղ մշակած նոր լոգիստիկ արտադրանք են։

Գնացքը կհատի Չինաստանի պետական ​​սահմանը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի /Հյուսիսարևմտյան Չինաստան/ Խորգոս անցակետում, կանցնի Ադրբեջանով և Վրաստանով և, ի վերջո, կհասնի Թուրքիա, ապա՝ եվրոպական քաղաքներ։

Նման արագընթաց գնացքի կանոնավոր շահագործումը Չունցինից Եվրոպա Միջին միջանցքով /Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով/ ապրանքների առաքման ժամանակը կկրճատի մինչև 25-30 օր, ինչը առնվազն տասը օրով ավելի արագ է, քան ավանդական մեթոդով, ասաց վերոնշյալ թուրքական ընկերության խորհրդի նախագահ Ասկար Սադիկը։

Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Փաշինյանի առաջարկած «խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ Միջին միջանցքի մաս։ Միևնույն ժամանակ, Թուրքիան պնդում է հակառակը՝ ասելով, որ միայն Հայաստանի իրավասության սահմաններից դուրս գտնվող Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Միջին միջանցքի մաս։

Խնդիրն այստեղ լոգիստիկան չէ, այլ Հայաստանը մեկուսացնելու և թյուրքական գոտի կառուցելու բազմամյա փորձերը։

Թուրքիան և Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մարսել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն, որը կառուցվել է մեկ նպատակով՝ Հայաստանը մեկուսացնելու համար։ Այժմ, նույնիսկ Իրանի միջոցով հաղորդակցության ուղիների առկայության դեպքում, Բաքուն և Անկարան կրկին պնդում են հայկական Սյունիքի տարածքով ճանապարհի վրա՝ պնդելով, որ սա շահավետ տարբերակ է Չինաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Լոգիստիկան սակայն այլ բան է ասում. Չինաստանը, որը 2020 թվականի պատերազմից հետո գրեթե բացահայտ հայտարարեց Բաքվին աջակցելու մասին և հույսը դրեց «Զանգեզուրի միջանցքի» մոտալուտ բացման վրա, այժմ այլ ճանապարհներ է փնտրում։ Դա պայմանավորված է նրանով, որ «Զանգեզուրի միջանցքը» այդքան էլ հեշտ չի բացել։ 20-րդ դարի սկզբին Սյունիքը թուրքերի կողմից չվերահսկելուն կողմնակից ռազմավարագետները լավ էին հասկանում տարածաշրջանը և քաղաքակրթական պայքարը։ Այս պատկերացումները չեն փոխվել։

Ակնհայտ է, որ համաշխարհային տերությունները չեն աջակցում թուրքական վերահսկողությանը Զանգեզուրի հավանական միջանցքում։ Մոսկվան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ պնդել է ռուսական վերահսկողությունը, Եվրոպան առաջարկում է վերահսկողության հանձնումը շվեյցարական ընկերության, ԱՄՆ-ն՝ ամերիկյան, իսկ Իրանը պնդում է Հայաստանի իրավասության վրա։

Չինաստանն ու Թուրքիան գոհ չեն չորս տարբերակներից ոչ մեկից, ինչը նշանակում է, որ կամ թուրքերը ուժով կվերցնեն «միջանցքը», ինչը այս պահին իրատեսական չի թվում, կամ նրանք ժամանակավորապես կնահանջեն և կզարգացնեն այլ լոգիստիկ ուղիներ։ Նման երթուղիներից մեկն արդեն գործարկվել է։

 

Իսկ իրենք մեզ Նախիջևանով ճանապարհ կտա՞ն դեպի Իրան

«Դեռեւս շատ մանրամասներ չգիտենք, բայց դատելով նրանից, թե ինչ է քննարկվել մինչեւ հիմա, կարող ենք եզրակացնել հետեւյալը։ Ադրբեջանն իր այն պահանջները, որոնք բաձրաձայնել է նախորդ շրջանում, կրկնել է։ Այն է՝ ԵՄ դիտրոդների՝ սահմանից հեռացում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն։ Իսկ վերջերս Ալիեւը նաեւ խոսեց 150 մլրդ դոլար փոխհատուցման եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այս բոլոր հարցերն ուղղակի կամ անուղղակի շոշափվել են այդ հանդիպման ընթացքում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ կտրվի, որը կարտապատվիրակվի երրորդ կողմին, որպեսզի վերահսկի, Արա Պապյանն ասաց․ «Սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի իշխանություններն ասում էին՝ միջանցք չենք տալու, բայց տալու են։ Ուղղակի անունն են ուրիշ դնելու, ինչպես պարտությունը կոչում են հաղթանակ, նույնն էլ միջանցքը կոչելու են խաչմերուկ կամ մեծ ձեռքբերում։ Այս հարցում կարեւորը մանրամասներն են, որոնք մենք չգիտենք։ Ի՞նչ է նշանակում՝ արտապատվիրակել երրորդ կողմին։ Արդյոք ո՞վ է այդ երրորդ կողմը, ի՞նչ լիազորություններ է ունենալում, Հայաստանի ինքնիշխանությունն ինչքանո՞վ է գործելու։ Արդյոք այդ տարածքը դադարելո՞ւ է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածք, այսինքն՝ մեր օրենքները չեն գործելո՞ւ դրա վրա»։

Ըստ Պապյանի՝ ամենակարեւոր հարցն այն է, թե Հայաստանը դրա դիմաց ի՞նչ է ստանում։ «Եթե մենք տալիս ենք Զանգեզուրի միջանցք, նրբանցք, անցում, չգիտեմ՝ ինչ ուզում եք կոչեք, բա իրենք մեզ գոնե չեն տալո՞ւ, օրինակ, Երեւանից Երասխով դեպի Ջուլֆա ու Իրան այդ ճանապարհը։ Դա համարժեք ճանապարհ է, թե՞ միայն մենք ենք իրենց տալու։ Այսինքն՝ եթե խոսում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, մենք իրենց տալիս ենք 42 կամ 50 կմ ճանապարհ, մի այդքան էլ իրենք թող մեզ տան։ Ես չեմ լսել, որ Հայաստանի իշխանությունը գոնե այդ հարցը բացի։ Զանգեզուրը վտանգված է, բայց մենք գոնե Նախիջեւանի կողմից չունենա՞նք ճանապարհ։ Թող Ադրբեջանը դա պատվիրակի այն նույն օտարերկրյա կազմակերպությանը, որը սպասարկելու է զանգեզուրյան միջանցքը, թող նաեւ սպասարկի նախիջեւանյան միջանցքը։ Այդ դեպքում մենք գոնե համարժեք բան կստանանք, իսկ այս դեպքում ոչ մի համարժեքություն չկա»։

Պապյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մինչեւ տարեվերջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ասաց, որ չեն կարող ստորագրել, որովհետեւ անգամ մեծ ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարող Ադրբեջանի բոլոր ցանկությունները մինչեւ տարեվերջ բավարարել։ Ակնհայտ է, որ Ալիեւի պահանջներն օրեցօր աճում են։

«Օրինակ՝ պահանջում են Սահմանադրության փոփոխություն, սահմանադրական փոփոխության համար հնարաքվե է պետք, հանրաքվեն ընթացակարգ ունի։ Հայտարարվել է, որ դա պետք է արվի ընտրությունների հետ զուգահեռ։ Հետերաբար, Ալիեւն ասելու է՝ մինչեւ Սահմանադրություն չփոխեք, ոչինչ չի ստորագրվի, Սահմանադրություն փոխելն էլ հնարավոր է մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Մյուս հարցը՝ Ալիեւն արդեն պաշտոնապես խոսում է 150 մլրդ դոլար փոխհատուցման մասին, եթե այդ թեման բարձրացնելու է, Հայաստանը 150 մլրդ դոլար ո՞նց է տալու։ Դա Նիկոլ Փաշինյանի պատճառով է, Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Ալիեւը դա կարող է հիմք համարել, Հայաստանին «օկուպացիայի» մեջ մեղադրել եւ դիմել միջազգային դատարաններ։ Ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս եւ հայտարարել, թե Ալմա-Աթիի հռչակագրից է դա բխում։ Այսինքն՝ Ալիեւը կասի՝ «1991 թվականից Արցախն օկուպացրել ես, վնասները 150 մլրդ դոլար է կազմում, բեր մուծվի»։ Եվ էլի շատ նման պահանջներ կան»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Գլխի հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսաական ռազմաբազայի զինծառայող

Երեկ ժամը 18։30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ռուսական 102-րդ ռազամաբազայի 23-ամյա զինծառայող՝ գլխի հրազենային վնասվածքով։

«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ ռուս զինծառայողին վիրահատել են, բայց նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Պարզ չէ, թե ի՞նչ հանգամանքներում է զինվորը ստացել հրազենային վիրավորումը ռուսական ռազմաբազայի տարածքում: Դա, ըստ ամենայնի, ռուսական կողմը կքննի, հայտնում է Ազատությունը։

Օդը կտաքանա ևս 6-9 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Հուլիսի 11-ից 14-ը տեղումներ չեն լինի, այս օրերին ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով։ Որոշ շրջաններում քամու պոռթկումները կարող են ուժեղանալ մինչև փոթորկի մակարդակի (18-ից մինչև 22 մ/վ)։

Կանխատեսման համաձայն՝ հուլիսի 11-ին Շիրակում սպասվում է +28°C, Կոտայքում՝ +33°C, Գեղարքունիքում՝ +26°C, Լոռիում՝ +30°C, Տավուշում՝ +35°C, Արագածոտնում՝ +34°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +37°C և Սյունիքում՝ +36°C։

Հուլիսի 11-ին Երևանում տեղումներ չեն լինի։ Հայաստանի մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +36°C