Month: Հուլիս 2025
Իրավապաշտպանները Արցախում մնացած սեփականության պաշտպանության գործընթաց են սկսել
Արցախից ու Հայաստանից մի խումբ իրավապաշտպաններ արցախցիների սեփականության պաշտպանության գործընթաց են սկսել և արդեն ավելի քան 100 դիմումներ են ուղարկել Ստրասբուրգի դատարան:
«Գլխավոր պահանջը վերաբերում է է կանխարգելիչ աշխատանքներին, այսինքն՝ պաշտպանությանը, որ Եվրոպական դատարանը համապատասխան վճիռներ կայացնի Արցախի ժողովրդին, տվյալ դեպքում՝ կոնկրետ անձանց պատկանող գույքի պաշտպանության նպատակով», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:
«Իհարկե, քանդված գույքի մասով արդեն փոխհատուցման պահանջ էլ կա, բայց նաև վերադարձի հետ կապված պահանջներ էլ կան ձևակերպված՝ որպես ընդհանուր կոնտեքստ», – նշեց Բեգլարյանը:
Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ թե՛ ներպետական ու թե՛ միջազգային իրավունքում սեփականության իրավունքը ամենապաշտպանվածն է, և չեն կարող նստել ու դիտարկել, թե ինչպես է Բաքուն հիմնահատակ քանդում Ստեփանակերտի թաղամասերը, ջնջում գյուղական բնակավայրերը կամ ադրբեջանցիների բնակեցնում այն տներում, որոնց սեփականության իրավունքը արցախցիներինն է:
«Նախ՝ Եվրոպական դատարանը արձանագրի այն խախտումները, որոնք Ադրբեջանը կատարում է և կատարել է: Երկրորդը՝ նաև պարտավորեցնի Ադրբեջանին, որ նախ՝ չբնակեցնի մեր բնակարանները ապօրինի կերպով ադրբեջանցիներով, երկրորդը՝ չքանդի մեր բնակավայրերը», – ասաց Բեգլարյանը:
Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ Ստրասբուրգի դատարան ուղարկվող այս դիմումներն ու հետագա վճիռները գուցե զսպեն հայերի ամեն ինչը քանդելու կամ յուրացնելու Բաքվի գործելաոճը: Սակայն, ըստ նրա, այս գործընթացը նաև ռազմավարական նշանակություն ունի. – «Արդյունքում մենք ունենալու ենք շատ լուրջ իրավական ամուր հիմքեր լրացուցիչ, որպեսզի դիվանագիտական, քաղաքական մեխանիզմները գործարկվեն Ադրբեջանի դեմ կիրառելու համար: Մենք չենք կարող ասել՝ այդ ժամանակ ինչ աշխարհաքաղաքական վիճակ կլինի կամ ինչ նոր աշխարհակարգ կլինի, բայց ես վստահ եմ, որ սրանք նոր հնարավորություններ կբացեն մեզ համար»:
Արցախում շուրջ 40 հազար շենք ու բնակելի տուն կա, քանիսն է ավերվել կամ բնակեցվել՝ տեղեկատվության միակ աղբյուրը հենց Բաքվի տարածած տեսանյութերն են:
Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Ստեփանակերտում շուրջ 14 հեկտար բնակելի թաղամաս արդեն քանդվել է: Վեց պատմական թաղամասեր՝ Թումանյան, Հակոբյան, Կնունյանցներ, Փետրվարի 20 փողոցները, Արցախի համալսարանի հարակից տարածքը, Ազատության հրապարակը Բաքուն «Հաղթանակի զբոսայգի» է դարձնում:
Ըստ Շահվերդյանի՝ Ադրբեջանի նպատակը քաղաքի դեմքն ամբողջությամբ փոխելն է, այդ նպատակով նաև վերացրել են բոլոր կիսանդրիները, արձանները, միայն «Տատիկն ու պապիկն» են մնացել, նրանց էլ Բաքուն փորձում է խորհրդային տարիների կերպարներ ներկայացնել:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ այժմ թիրախում նաև եղբայրական գերեզմանն է՝ Ստեփանակերտի հուշահամալիրը, որ արդեն փակված է շինարարական ծածկոցով:
Ինչ իրավիճակ է շրջաններում՝ տեղեկատվություն այս առումով գրեթե չկա, հայտնի է միայն այն, որ Քարինտակ գյուղը ամբողջությամբ քանդել են, ըստ իրավապաշտպան Բեգլարյանի՝ ջնջելու 90-ականների իրենց պարտության ծանր հիշողությունը:
«Սա հարցաթերթիկն է էլեկտրոնային, կայքից կարող են արդեն մտնել այստեղ», – նշեց Արտակ Բեգլարյանը:
«Արցախ» միությունում գործընկեր իրավապաշտպանների հետ շարունակում են տվյալների հավաքագրումը: Արցախում գույք թողած ընտանիքները նախ հարցաթերթիկն են լրացնում, ապա՝ տան փաստաթղթերը ներկայացնում: Ավելի լավ, եթե ադրբեջանական աղբյուրներից տարածված որևէ տեսանյութ կա իրենց տան քանդման կամ յուրացման վերաբերյալ:
Յուլիա Հայրապետյան․ ինչքան էլ ծանր էր, նորից սկսեցի երգել
Յուլիան երգչուհի է՝ Արցախից։ Նա իր առջև նպատակ է դրել Արցախի մասին տեսահոլովակ նկարել և քայ առ քայլ գնում է դեպի այն։
-Իմ կյանքը լի էր երջանկությամբ, երբ Արցախում էի։ Ծնողներիս, ընկերներիս սիրով շրջապատված ապրում էի, ու թվում էր, թե այդ երջանկությունը երբեք չի ավարտվի։ Ինձ համար Արցախն աշխարհի ամենագողտրիկ անկյունն էր, որտեղ ամեն ինչ կատարյալ էր։
Դեռևս փոքր տարիքից էի սիրում երգն ու երաժշտությունը։ Ծնողներս, տեսնելով իմ երգելու շնորհքը, հասկացան, որ երգարվեստի մեջ է իմ ապագան։
Այսօրվա պես հիշում եմ, երբ մայրիկս իմ ձեռքից բռնած մանկապատեզից տարավ Ասկերանի երաժշտական դպրոցը, որտեղ ստուգվեցին իմ երաժշտական ընդունակությունները։ Ու մշակութային այդ օջախում սկսվեցին իմ առաջին քայլերը դեպի երգն ու երաժշտությունը։
5 տարի սովորել եմ վոկալ բաժնում, գերազանցությամբ ավարտել դպրոցը։ Երաժշտական դպրոցում՝ շնորհիվ բանիմաց դասատուների, ես հմտացա երգարվեստում։ Ամենուր երգում էի։ Պարզապես ապրում էի երաժշտությամբ։ Մասնակցում էի բազմաթիվ փառատոնների, մրցույթների, որոնք կազմակերպվում էին Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներում հնչում էր իմ ձայնը։ Այդ տարիներն իմ կյանքի ամենալավ տարիներն էին։ Դպրոցն ավարտելուց հետո, 2020 թվականին ընդունվել եմ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, որը, սակայն, չեմ կարողացել ավարտել 2023-ի բռնատեղահանության պատճառով։
Արցախում ապրած ամեն մի օրս թանկ ու անփոխարինելի է ինձ համար։ Ապրում եմ հիշողություններով, անընդհատ փորփրում եմ հեռախոսիս մեջ պահպանված նկարները։ Անգամ շրջափակման ամիսներին, երբ մեր առջև ծառացել էին մի շարք խնդիրներ, միևնույն է՝ ես շատ երջանիկ էի։ Մենք շատ լավ հարևաններ ունեինք, ասես մեծ ու համերաշխ ընտանիք էինք, ու հենց դա էր օգնում, որ դիմանանք դժվարություններին ու ավելի կոփվենք։ Շատ եմ կարոտում բոլորին և ցավ ապրում, որ ցրված ենք տարբեր տեղերում։
Արցախի տեղահանությունից հետո երիտասարդ երգչուհին չէր կարողանում այլ զբաղմունք գտնել․ երգելու ցանկությունը կորել էր նրա մեջ ։
-Սկզբնական շրջանում շատ ծանր էր բոլորիս համար։ Ամեն ինչ կորցնելուց հետո թվում էր, թե կյանքը կանգ է առել, սակայն պետք էր ինչ որ բանով զբաղվել, որ պարզապես կարողանանք ապրել։ Մտածեցի ուժերս փորձել դիմահարդարման բնագավառում, բայց հետո հասկացա, որ դա իմը չէ․ ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով։ Ինչքան էլ ծանր էր, նորից սկսեցի երգել՝ մտածելով, որ այդպիսով կթեթևացնեմ հոգուս ծանրությունը, և ամենակարևորը՝ ինձ ուրախ տեսնելով, կուրախանան նաև ծնողներս։
Սկսեցի մասնկացել տարբեր միջոցառումների, համերգների։ Հնարավորություն եմ ունեցել մասնակցել նաև Հայ Սուպերսթար նախագծին։
Երբ երգում եմ ուրախ առիթներում, առանձնապես արցախցիների միջոցառումներում, զգում եմ, որ մարդիկ լիարժեք չեն կարողանում ուրախանալ։ Հոգուս խորքում ցավ եմ զգում, որ ճակատագիրն այդքան անարդար ու դաժան գտնվեց մեր հանդեպ։ Ցանկանում եմ, որ իմ համերկրացիներն ուժ հավաքեն, նոր միջավայրում վերագտնեն իրենց ու կարողանան ապրել լիարժեք կյանքով։ Գիտեմ՝ շատ դժվար է։ Երբեմն թվում է, թե անհնարին է, սակայն մենք պետք է անցնենք այս փորձության միջով ու երբեք չկորցնենք տուն վերադառնալու հավատը։ Հորդորում եմ արցախցի երիտասարդներին չվհատվել, կատարելագործվել տարբեր ոլորտներում ու միշտ առաջ նայել։
Յուլիա Հայրապետյանն ասում է, որ Արցախից իր հետ միայն հիշողություններ է բերել, որոնք ապրեցնելու հետ մեկտեղ ուժ են տալիս նրան։ Համոզված է՝ Աստված բարեգութ կգտնվի արցախցիների հանդեպ։ Թեկուզ տարիներ հետո՝ Արցախում կրկին կխոսեն ու կերգեն հայերեն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Հայկական Արցախը չլինելով՝ տարածաշրջանում շատ բան փոխվեց
Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Պարոն Բալայան, մեր տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը հետ է կանչել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի մանդատը։ Ճի՞շտ են այդ տեղեկությունները։
-Ոչ, ճիշտ չեն, հանձնախումբը շարունակում է աշխատել։ Մենք հաճախակի հանդիպում ենք հանձնախմբի հետ, պարոն Օսկանյանի հետ ենք հաճախակի խոսում, քննարկում։ Այդպիսի տեղեկություն ես չունեմ։
Վերջերս նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ։ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները որոշում էին ընդունել կազմակերպել Ադրբեջանի եւ արցախյան կողմի հանդիպումը՝ խաղաղության կոնֆերանս անցկացնել։ Գործող օրենքի համաձայն՝ Շվեյցարիայի արտգործնախարարությունը մեկ տարվա ընթացքում պետք է իրողություն դարձնի այդ քննարկումը։ Համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով Շվեյցարիայի խորհրդարանականները նաեւ կոնսուլտացիաներ են անում տարբեր երկրների ուժային կենտրոնների հետ, որոնք կարող են մթնոլորտ ձեւավորել, որպեսզի այդ քննարկումը կայանա։ Տվյալ պարագայում վերջերս ԱՄՆ-ում նման քննարկում տեղի ունեցավ։ Իսկ Օսկանյանի հանձնախումբն աշխատել է տվյալ դեպքում Շվեյցարիայի խորհրդարանի հետ, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Եվ հիմնականում հանձնախմբի աշխատանքի արդյունքն է, որ Շվեյցարիայի խորհրդարանն այդ որոշումը կայացրեց։ Այդ որոշումն ընդունելու համար մարդիկ ջանք են թափել, որոշումը կայացել է, հիմա պետք է այդ որոշումը փորձել իրողություն դարձնել։ Հնարավորություն է ստեղծվել հարցը միջազգային ատյաններում քննարկման նյութ դարձնել։
-Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ ձեռնտո՞ւ է այն աշխատանքը, որն իրականացնում է հանձնախումը։ Դուք արդյունավե՞տ եք համարում հանձնախմբի աշխատանքը։
-Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այսօր ստեղծված պայմաններում այո, արդյունավետ է։ Շատ բաներ նաեւ տեղեկատվական դաշտում չի սփռվում, որոշակի աշխատանք տարվում է, եւ ամենաէական այն է, որ պետք է փորձել Արցախի հարցը «տաք» պահել, դրա շուրջ զրույցներ ու քննարկումներ ունենալ տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ եւ հնարավորինս մեր շահը պահել։
-Օրինակ՝ արցախիցների վերադարձի հարցն է բաձրացվում հանձնախմբի կողմից, սա ինչպե՞ս պետք է ապահովվի։
-Փաստորեն թե Միաջզգային քրեական դատարանի, թե միջազգային կառույցների, Եվրամիության կառույցների որոշումներում ու բանաձեւերում տեսանելի են այն գնահատականները, որ Արդբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ են կատարվել Արցախի նկատմամբ, եւ այդ ժողովրդին, որոնք հազարամյակներ շարունակ ապրում էին իրենց հայրենիքում, բռնի տեղահանել են։ Հիմա այդ փաստն արձանագրելուց հետո նրանք գտնում են, որ այդ ժողովուրդն ունի իրավունք՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Հետեւաբար, այստեղ մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք։
Իհարկե, հասկանում ենք, եւ այս վերջին զարգացումներն էլ դա են ցույց տալիս, որ անկախ նրանից՝ հարցն արդար է, թե արդար չէ, միշտ ուժի դիրքից են հարցերը լուծվում։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այն զարգացումներին, որոնք առաջիկայում հնարավոր է լինեն։ Նայեք, բավականին թեժ է իրավիճակը տարածաշրջանում, Իսրայել-Իրան պատերազմը, Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը, ուկրաինական ճակատում լայնածավալ պատերազմական գործողությունների շարունակությունը, ԱՄՆ-ի նոր դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն՝ աշխարհը բավականին շիկացած է, եւ մենք պետք է դիրքավորվենք, որպեսզի կարողանանք մեր տեղն ունենալ, այսինքն՝ այս ամենի մեջ մեր շահն ունենալ։
Մեր տարածաշրջանով շատ երկրներ կան շահագրգիռ, նաեւ երկրներ կան, որոնք արցախահայության կարիքը զգում են, որովհետեւ հայկական Արցախը չլինելով՝ տարածաշրջանում շատ բան փոխվեց։ 2023 թվականի պատերազմից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ կարծես աշխարհն ընկղմվել է ավելի խորը ճգնաժամի մեջ՝ Մերձավոր Արեւելքի զարգացումներ, ուկրաինական ճակատում իրավիճակի սաստկացում։ Մեկը մյուսի հետ կապված են։ Օրինակ՝ Իրանը զրկվեց արաքսամերձ այդ 200 կմ տարածքից, որն իր համար անվտանգության գոտի էր։ Այսօր Իրանը դա չունի, և դա իրեն հարվածելու լավ հատված է, այս պատերազմում դա օգտագործեցին Իրանին հարվածելու համար։ Օրինակ՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում ազդեցություն ուներ նաեւ Արցախի հետ կապված հարցով, դա հայտնի փաստ է։ Այսօր հայկական Արցախը չկա, եւ Անդրկովկասում բավականաչափ թուլացած է ռուսական ազդեցությունը, դրա փոխարեն մեծացած է թուրքական ազդեցությունը։ Այսինքն՝ բալանսը փոխվել է, եւ դրա հետեւանքով նորանոր թեժ կետեր ենք տեսնում տարածաշրջանում։
Ես նաեւ «Կիլիկիա» հարթակի անդամ եմ, հաճախակի քննարկումներ ենք իրականացնում եւ տեսնում ենք, որ զարգացումներ կան, որոնք կարող են նաեւ շահեկան լինել մեզ համար։ Դրա համար, վերադառնալով հանձնաժողովի աշխատանքին, կասեմ հետեւյալը՝ պիտի այն կարեւորենք նաեւ այս տեսանկյունից, որ հարցը «տաք» պահելն անհրաժեշտ է։
Ռոզա Հովհաննիսյան
Պայմանավորվել են շարունակել բանակցությունները
Բանակցություններն Աբու Դաբիում տևել են մոտ հինգ ժամ:
Աբու Դաբիում մոտ հինգ ժամ տևած հայ – ադրբեջանական բանակցություններն, ըստ ադրբեջանական աղբյուրների, ավարտվել են:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները», – ասված է հաղորդագրւթյունում:
Ադրբեջանական կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք են մեկնել արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Ադրբեջանական լրատվամիջոցները Աբու Դաբիից փոխանցում են, թե «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:
Ռուսական լրատվամիջոցներն են տեղեկություններ հրապարակում հայ – ադրբեջանական բանակցություններից՝ հղում անելով դրանց կազմակերպմանը մոտ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պետական ՏԱՍՍ-ի, Փաշինյան – Ալիև հանդիպման թեման խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունների հաղթահարումն է: «Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է», – նշել է գործակալության աղբյուրը։
Իսկ դուք ասում եք՝ Ռուսաստանին դուրս են մղում
Կրեմլը հայտարարել է, որ կողջունի, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում համաձայնության գան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, քանի որ դա խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նաև պնդել է, թե Ռուսաստանը լիովին աջակցում է այդ գործընթացին, քանի որ «Նման պայմանագրի ստորագրումը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կավելացնի տարածաշրջանում»։
Նախագահ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում դեռևս չի ավարտվել, իսկ Մոսկվան արդեն շտապում է ողջունել համաձայնությունները: Հանդիպումից առաջ Բաքուն և Երևանը փորձագիտական մակարդակով փորձում էին ձևացնել, թե քննարկվում են ոչ թե ռուս-թուրքական, այլ ամերիկյան համաձայնագիր, և որ ամբողջ գործընթացն ուղղված ր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն: Իսկ Մոսկվան ասում է, որ «խաղաղության պայմանագիրը» հենց այն է, ինչին նա երկար ժամանակ ձգտում էր, կատարելով ամբող “կեղտոտ աշխատանքը”:
Դրանից հետո հայտարարվեց Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Այսօր Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում, որտեղ, ինչպես ասում են, կքննարկվի այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը»։ Մասնագետները նշում են, որ այն տեղի կունենա Միացյալ Նահանգների հովանու ներքո, չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Բրյուսը չի հաստատել դա։
Ուկրաինայում, Պաղեստինում և Իրանում հակամարտությունները լուծելու Թրամփի մինչ այժմ անհաջող նախաձեռնությունների ֆոնին, Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագրի կնքումը կարող է իսկապես պատճառ դառնալ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհելու համար։ Ավելին, հայկական հարցը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքականության «բանալի և նախադեպ» հարց։
Հարցն այն է, թե ինչպիսի խաղաղություն է առաջարկվում Հայաստանին և ինչպես է Միացյալ Նահանգները ձևավորում այս խաղաղությն մասին իր տեսլականը։
Այս հարցում չափազանց կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, որը, առաջին ինքնիշխան ակտից հետո (1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին), հիմնված էր հայերի իրավունքների վրա։ Նույնիսկ հայ կառավարիչների՝ ռուս-թուրքական տանդեմի կողմից թելադրված քաղաքականությունը չէր կարող ստվերել հայերի իրավունքների հսկայական փաթեթը, որը Միացյալ Նահանգները ևս չի կարողանում անտեսել։
Ներկայումս միջազգային իրավական կարգը որպես հակամարտությունների լուծման հիմք փորձում են փոխարինել շահերի հավասարակշռությամբ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում իրավական բազան հիմնարար դեր է խաղում, ուստի հիմնական ջանքերն այժմ ուղղված են իրենց իրավունքներից հայերին կամավոր հրաժարվելու վրա։
Խոսքը ինչպես 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ինքնիշխան որոշման, Վիլսոնի արբիտրաժի, Ազգերի լիգայի Հայաստանի սահմանների վերաբերյալ որոշման մասին է, այնպես էլ ռուս-թուրքական անօրինական Կարսի պայմանագրով և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված սահմանների օրինականացման։
Բաքուն և Անկարան արդեն սկսել են այս գործընթացը՝ վերջերս Նախիջևանի Սահմանադրությունից հանելով Կարսի պայմանագրի հղումը։ Սա որևէ առարկուն չի առաջացրել Հայաստանում, որը պարզ հարց չի տալիս՝ արդյո՞ք Կարսի պայմանագիրը և նոյեմբերի 9-ի հայտարարությունը վավերական են, թե՞ ոչ։
Այս հարցը չեն տալիս ո՛չ Հայաստանի իշխանությունները, որոնք չեն թաքցնում Հայաստանը անհայրենիք «խաչմերուկի» վերածելու իրենց մտադրությունները, ո՛չ էլ համակարգային ընդդիմությունը և արցախյան հասարակությունը, որն ամենից շատ պետք է հետաքրքրված լիներ այս հարցերով։
ԱՄՆ վարչակազմը իր դիրքորոշումը անշուշտ ձևավորում է՝ հիմնվելով իր ռազմավարական շահերի վրա, սակայն դրանում մեծ դեր է խաղում նաև հայ հասարակության դիրքորոշումը, դիմադրողականության մակարդակը և սեփական իրավունքների գիտակցումը։ Ներկայումս այս երկու չափումներն էլ հայ հասարակության մեջ զրոյի են հավասարվել։
Ո՞վ է ներկայացնում հայերի իրավունքները ԱՄՆ-ում։ Իհարկե, Հայաստանի կառավարությունը, որն ինքն է հրահրում ԱՄՆ վարչակազմին իջեցնել հայկական իրավունքների շեմը, ինչպես նաև քաղաքական լոբբիստական խմբերը, որոնց անհասկանալի է, թե ով է իրավասություն տվել։
ԱՄՆ-ն իր դիրքորոշումները ձևավորում է՝ հիմնվելով այդ խմբերի պահանջատիրության մակարդակի վրա։ Մասնավորապես, պատահական չէ, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին լուրը հայտնվեց վերջերս ԱՄՆ Կոնգրեսում կայացած ճեպազրույցից հետո, որը նվիրված էր Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը՝ կազմակերպելու արցախցիների կոլեկտիվ և անվտանգ վերադարձը։
Հայ ազդեցիկ լոբբիստները որպես պահանջներ առաջ են քաշում ոչ թե վերադարձը հայկական սահմանները որոշող օրինական փաստաթղթերին, այլ արցախցի ժողովրդի անհասկանալի վերադարձը, էթնիկ զտումների ճանաչումը և Ադրբեջանի ու արցախցիների միջև երկխոսությունը: Նման պահանջների վրա նույնիսկ հավերն են ծիծաղում, քանի որ պարզ է. արցախցիների վերադարձը առանց հայկական իրավասության անհնար է, էթնիկ զտումների ճանաչումը չի ենթադրում իրավական հետևանքներ, իսկ Բաքուն արդեն մերժել է Բեռնի առաջարկած երկխոսությունը, և չկան մեխանիզմներ, որոնք նրան կստիպեն խոսել արցախցիների հետ։
Եվ պարզվում է, որ հայկական լոբբինգը ոչ միայն վատնում է հսկայական ներուժը, այլև դիտավորյալ շեղում է գործընթացը հիմնական ուղուց՝ հայկական սահմանները որոշող փաստաթղթային և իրավական հիմքից։
ԱՄՆ-ում հայերի իրավունքների հայտնի լոբբիստներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, Կոնգրեսում ճեպազրույցից հետո հրապարակեց զայրացած հարցեր՝ ուղղված Վարդան Օսկանյանին, որը համառորեն խափանում էր Ազգերի լիգայի որոշման, Հայաստանի տարածքային ամբողջականության լեգիտիմ հիմքերի վերաբերյալ հարցերը: Փաստորեն, Օսկանյանը բացահայտորեն աջակցում է հայկական իշխանությունների քաղաքականությանը, բայց թիկունքից։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Արցախի վտարանդի խորհրդարանը Վարդան Օսկանյանին մանդատ տվեց ստեղծելու արցախցիների իրավունքների պաշտպանության կոմիտե։ Սկզբում նրան հաջողվեց այս կոմիտեի շուրջ ձևավորել միջազգային հարթակ, մասնավորապես՝ արևմտյան իրավաբանների և իրավապաշտպանների մասնակցությամբ։ Նույնիսկ անցկացվեցին մի քանի միջազգային համաժողովներ, բայց շուտով Օսկանյանի դիրքորոշումը ակնհայտ դարձավ. նա խոսում է ոչ թե Արցախում հայկական իրավասության վերականգնման, ոչ թե միջազգային որոշման, այլ վերադարձի իրավունքի մասին, որը նույնիսկ Ալիևը չի ժխտում։
Մեր տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը հետ է կանչել իր մանդատը, և ԱՄՆ-ում կայացած ճեպազրույցին արցախցի ներկայացուցիչների բացակայությունը ցույց է տալիս, որ Օսկանյանի կոմիտեն այլևս չի ներկայացնում արցախցիների քաղաքական շահերը։ Տեղեկատվական առումով դրա գործունեությունը նաև ուղղված է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը անտեսելուն, թեկուզ այն դեռևս ուժի մեջ է։ Հենց այս որոշման հղումն է Ալիևը պահանջում հանել Հայաստանի Սահմանադրությունից։
Ճեպազրույցի ժամանակ շվեյցարացի պատգամավորները կոչ արեցին Միացյալ Նահանգներին աջակցել շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը, մասնավորապես՝ վերաակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ճանաչել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և նպաստել «աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի» պաշտպանությանը։ Ու վերջ։
Հուլիսի 7-ին պատվիրակությունը այցելեց ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպեց պետքարտուղարի օգնականի տեղակալներ Ջեյք Մաքգիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
ԱՄՆ-ն հասկացավ, թե ինչ են ուզում հայերը, և դա ակնհայտորեն ազգային իրավունքների վերականգնումը չէ։
Նաիրա Հայրումյան
Շվեյցարացի պատգամավոր․ մի արցախցի կին ինձ ցույց է տվել իր զավթած տան նկարը
Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Բրյուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ խաղաղության գործընթացում «երջանիկ ավարտի» հնարավորության մասին դիտարկումները։
Միաժամանակ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե արդյոք բանակցությունների նոր փուլն այժմ անցկացվում է Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ, թե՞ նրա հովանու ներքո։
ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնել են, որ ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ներկայացրել է նախաձեռնության ծագումը որպես անձնական պարտավորություն, որը նա ստանձնել էր 2024 թվականին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում, հանդիպելով Արցախից տեղահանված անձանց․ «Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ։ Խոստացա նրան ու մյուս փախստականներին, որ կօգնեմ»։
Ֆոնտոբելը ընդգծել է նախաձեռնության չեզոք և համապարփակ բնույթը․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս աջակցել խաղաղությանը՝ առանց անմիջական ռիսկ կրելու։ Մենք՝ շվեյցարացիներս, չեզոք ենք և ունենք փորձ ու վստահություն՝ նման հարթակներ կազմակերպելու գործում։ Այժմ մեզ պետք է միջազգային լայն աջակցություն՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից»։
Պատգամավոր Լուկաս Ռեյմանն ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Նա, մասնավորապես, նկատել է․ «Արցախցի հայերի վտարումը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է։ Շվեյցարիայի արտգործնախարարությունն իր կայքում հստակ նշում է, որ «քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները» և «բնակչության ապօրինի տեղահանումը» պատերազմական հանցագործություններ են»։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ, հատկապես հաշվի առնելով, որ Շվեյցարիան 2026 թվականին ստանձնում է կառույցի նախագահությունը․ «ԱՄՆ-ը կարող է օգնել վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նպաստելով հարկադիր տեղահանվածների վերադարձին։ Սա է կայուն խաղաղության հիմքը»։
Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ․ «Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց՝ որպես ինը ամիս տևած շրջափակման գագաթնակետ։ Շրջափակման նպատակն էր բնակչությանը սովի միջոցով ուժասպառ անելը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Արցախից հայ քրիստոնյաների էթնո-կրոնական զտում»։ Էյբներն ընդգծել է․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս՝ հարգելու իր նախկին խոստումները և նպաստելու կայուն խաղաղությանը։ Դա նաև հնարավորություն է՝ օգնելու կանգնեցնել աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի հանդեպ իրականացված էթնո-կրոնական զտումը»։
Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ներկայումս համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը», շեշտել է․ «միջազգային հանրությունը պետք է հարգի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և առաջ տանի վերադարձի պայմանները՝ հիմնված իրավունքների ու երաշխիքների վրա։ Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։ Նա հավելել է․ «Շվեյցարական հարթակը կողմեր ընտրելու մասին չէ։ Դա չեզոք, սկզբունքային հարթակ է՝ որտեղ լռեցված ձայները կարող են լսվել, և որտեղ Ադրբեջանն ու Արցախի հայերը կարող են համատեղ ելք գտնել»։
Կոնգրեսական բրիֆինգի ամբողջական տեսանյութը հասանելի է Հայ դատի Ամերիկայի գրասենյակի YouTube ալիքում՝ հետևյալ հղմամբ։
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» միջկուսակցական հանձնախումբը, որը բխում է երկրի խորհրդարանի երկու պալատներր ընդունած բանաձևից, ինչը երկրի կառավարությանը մանդատ է տալիս ստեղծել խաղաղության ֆորում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև միջազգայնորեն միջնորդավորված երկխոսությունը խթանելու համար։
Հուլիսի 7-ի, երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալների օգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։
ԱԱԾ-ն ու Քննչականը խուզարկում են Գեղամ Մանուկյանի տունը
ԱԱԾ ու Քննչականը վաղ առավոտից խուզարկում են ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը:
«Ազատության» հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ թիրախում իր որդին է: Ավելի ուշ խոստացավ մանրամասներ հաղորդել:
Հունիսի վերջին իրավապահները խուղարկիություններ էին իրականացրել ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում:
Տաթեւ, Վաչե, Արեն․ աղոթքներից ծնվածները
«Տաթևի վանքից զանգեցի Արմենին, հարցրի՝ կուզե՞ս Տաթև խնդրեմ Տաթևի վանքից։ Ասեց՝ ինչ ուզում ես, խնդրիր։ Խնդրեցի ու ասացի՝ եթե աղջիկ ծնվի, Տաթև կդնեմ ու Տաթևում էլ կկնքեմ»,- Վեներա Սուլեյմանյանի խնդրանքն իրականացավ 11 տարի հետո։ Երազանքներից իրական դարձավ Տաթևը։
«Շատ պատահական, երբ ընդհանրապես կասկածներ չունեի և հերթական բուժում ստանալու համար հետազոտություն էի անցնում, իմացա, որ արդեն սպասում եմ բալիկի», – Արմինե Աբրահամյանը Վաչեին սպասել է 9 տարի։ Այսօր երջանիկ ծնողներ են։
«Ամեն ամիս հույսով, հետո՝ հիասթափությամբ։ Դա մի ընթացք էր՝ լի աղոթքներով ու չհնչեցվող ցավով։ Բայց երբեք չենք կորցրել հավատը, որ մի օր կգրկենք մեր բալիկին ու կասենք՝ մենք քո ծնողներն ենք, բարի գալուստ մեր կյանք»,- Սիրա Ավանեսյանը հինգ տարի անց արդեն շշնջացել է՝ բարի գալուստ, իրենց որդուն՝ Արենին։
Մայրանալու բերկրանքը վայելած այս երեք կանանց հետ ուրախացել են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրանց։ Կարելի է ասել՝ ողջ Մարտունին։ Ամիսների ընթացքում երջանկացնող լուրերը հաջորդել են իրար։ Նրանք բոլորը Մարտունի քաղաքից են։
Երեխաները, եթե չլիներ պատերազմը, կծնվեին Մարտունում։ Հայրենազրկման, ցավի, կորուստների անվերջանալի թվացող շղթան ջարդվեց, երբ տարիների սպասումից հետո ծնվեցին Վաչեն, Արենն ու Տաթևը։ Նրանք, ովքեր երջանկացրին իրենց գերդաստաններին և տարիներ շարունակ աղոթող ծնողներին։
«Ես մեր հարսին եմ պարտական իմ այս կարգավիճակի համար։ Ինքը ինձ համոզեց նորից անցնել այս ճանապարհը։ Ես իրոք ի վիճակի չէի նորից անցնել սպասումի, հույսի ու հուսահատության այդ ճանապարհը։ Հղիության ամբողջ ընթացքը և հիմա ինձ համար դեռ երազ է», – պատմում է Վեներան։
Տեղահանությունից հետո իրարից տեղեկանալու ամենադյուրին միջոցը սոցցանցերն են․ ո՞վ ամուսնացավ, ո՞վ ծնվեց, ո՞վ մահացավ։ Եվ հուրախություն՝ ծնվողները եւս շատ են։
«Սրտի խորքում անդադար ցավ եմ զգում, որ ինքը Արցախում չի ծնվել։ Նրա մանկությունը չի անցնում իր հայրենի հողում։ Այն հողում, որի համար իր պապիկը՝ իմ հայրը, ու մնացած բոլոր հերոսները իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի խաղաղ ապագայի, հանուն իրենց սերունդների։ Ես մեծ հավատ ունեմ, որ մի օր իմ տղան կապրի իր տանը, կսիրի ու կճանաչի իր հայրենիքը, կտեսնի Արցախը», – ասում է Սիրան, ով մեծացել է առանց հոր, բայց ազատագրված հայրենիքում։
Սիրան ընդգծում է, որ Արենի հետ ծնված օրվանից բարբառով է խոսում՝ հավատալով, որ բարբառը կենդանի պահելու միակ միջոցը նույնիսկ նորածին երեխայի հետ այդպես խոսելն է և բարբառը երեխայի մեջ արմատավորելը։
Վեներան, Արմինեն ու Սիրան անցել են սպասման՝ իրար նման, բայց և տարբեր ճանապարհով։ Գիտեն, որ աշխարհում հազարավոր կանայք նույն հույզերն են ապրում, բայց ուզում են, որ իրենց նոր՝ մայրական կարգավիճակը հասու լինի շատերին։
«Երբեմն մտածում էի՝ ինչու հենց ես։ Բայց հոգուս մի խոր անկյունում չէի կորցնում հավատս։ Հիմա, երբ նայում եմ փոքրիկին, ինձ նայող աչուկներին, մոռանում եմ այն բարդ ճանապարհը, որի միջով անցել ենք։ Մենք հիմա ավելի շատ պատասխանատու ենք իր համար», – ասում է Արենի մայրիկը՝ Սիրան։
«Երբեք մի՛ կորցրեք հույսը։ Եվ իմացե՛ք՝ այս դժվար ու երբեմն հիասթափեցնող ճանապարհի վերջում մի սիրուն արևածագ է լինում», — արևի պես շողացող Վաչեի մայրիկը՝ Արմինեն, կիսվում է իր ապրումներով։
«Ես հիմա ավելի եմ հավատում Աստծուն։ Հրաշքներ լինում են, երբ հավատդ արդեն կորցնում ես։ (Ես վառ ապացույց)», — կորսված հավատի փոխարեն իրական դարձած հրաշքին՝ Տաթևին, ամուր գրկած՝ ընդգծում է Վեներան։
Վաչեն, Արենն ու Տաթևը ծնվեցին ոչ միայն որպես երկար սպասված զավակներ, այլ որպես հիշեցում՝ որ նույնիսկ հայրենազրկման ցավի մեջ կյանքը դեռ շարունակվում է։ Նրանք եկան՝ լույս բերելով տարիներ շարունակ լռությամբ աղոթող ընտանիքներին։ Եկան ու հաստատեցին՝ հրաշքներ լինում են։ Պիտի պարզապես հավատալ ու սպասել։
Մարիամ Սարգսյան
Լիաննա Պետրոսյան․ խնդրում ենք ձեր բնակարանները վաճառել արդար և հասանելի գնով
Lianna Petrosyan-ը գրում է․
Քննարկում Արցախի ԱԺ-ում․ ՀՀ կառավարությունը արցախցիների կարևոր առաջարկները չի ընդունում
Արցախի Ազգային ժողովը Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ համատեղ լսումներ է կազմակերպել՝ քննարկելով արցախցիների սոցիալական խդիրները։
Ինչպես տեղեկացնում է Արցախի հեռուստատեսությունը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը չի ընդունել արցախցիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը երկարաձգելու, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն օգտագործելու մասին առաջարկությունները։ Փոխարենը կենսաթոշակի անցնելիս աշխատանքի ստաժը վերականգելու հետ կապված հարցերն են մասնակի լուծում ստանում։ «Պետական եւ համայնքային բոլոր հիմնարկների եւ դրանց հետ կապակցված բոլոր հիմնարկներում աշխատածների պարագայում այդ սոցիալական վճարը կատարելու մասին տեղեկանքի անհրաժեշտություն չի լինելու։ Մնում է մասնավոր հատվածում աշխատածների հարցը, իրենց խնդիրը չի կարգավորվում այս նոր փոփոխությամբ, իրենց համար դեռեւս հասանելի տարբերակը մնում է դատական ճանապարհով ստաժը հաստատելը»,- ասել է Ստեփանյանը։
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել դեռեւս նախորդ տարվանից։ «Առաջարկում էինք համայնքային բնակեցում, բնակարանների կամ բնակելի տների կառուցապատում՝ երկրորդային շուկայից գնելու փոխարեն։ Առաջարկում էինք բնակարանային եւ զբաղվածության ծրագրերի խորը ինտեգրում, բայց այս սկզբունքների առումով իրենք որեւէ էական բարելավումներ կամ փոփոխություններ չեն մտցրել։ Փաստացի իրենք ասել են՝ մենք պատրաստ ենք գործող ծրագրի լավարկման հարցերը քննարկել, ոչ թե հիմնարար բարեփոխումներ անել»,- ասել է Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ գործող բնակապահովման ծրագրի մասին բազմաթիվ առաջարկություն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը, դրանց մի մասը վերջերս ընդունել են եւ ծրագրում փոփոխություններ կատարել։ Բայց կարեւոր առաջարկություններ չեն ընդունվել։
«Մենք առաջարկեցինք նաեւ հավաստագրով տրամադրվող գումարների չափերը վերանայել՝ առաջին գոտում՝ 5 մլն, կառուցապատման դեպքում՝ 5,5 մլն, երկրորդ գոտում՝ 5,5 մլն, կառուցապատման դեպքում՝ 6 մլն, երրորդ գոտում՝ 6 մլն, կառուցապատման դեպքում՝ 6,5 մլն դրամ։ Բնականաբար, համաձայն չէին, այս հարցով որեւէ քննարկում չեղավ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է․ «Անհրաժեշտ է արցախցիների կոմպակտ բնակեցում ապահովել ՀՀ-ում, որ չգործի «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքը։ Ակնհայտ է, որ կառավարության վերաբերմունքը 180 աստիճանով տարբեր է, բայց այս սահմանափակ լծակները, որոնք ունենք, պետք է առավելագույնը օգտագործենք, որպեսզի գոնե այն պայմանները, այն կարիքները, որոնք ուղղակի ֆիզիկապես մնալու եւ արժանապատիվ ապրելու պայմաններ են ստեղծում, դրանք իրացվեն»։
Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանի խոսքով՝ առաջին անգամ փորձել են միավորված գործել, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ ստեղծել են մեկ ընդհանուր պահանջագիր, ներկայացրել Հայաստանի կառվարությանը։ «Այո ներկայացվել է պահանջագիր, բայց մենք բոլորս նաեւ գիտենք, թե ինչ արդյունք կա։ Եվ սուտ կլինի, եթե ասենք, որ այստեղ կա ներկա մարդ, ով ակնկալիքներ ունի, որ դրական լուծումներ ենք ստանալու»,- ասել է Արամ Գրիգորյանը։








