Պատահական չէ, որ թուրքերը փորձում են համաձայնության գալ Իրանի հետ Շուշիում

Երեկ մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան այն տարածաշրջանում, որը սովորաբար կոչվում է Հարավային Կովկաս, որպեսզի չհիշատակվի Հայկական լեռնաշխարհ անվանումը։

Մի շարք իսլամական պետությունների գագաթնաժողով տեղի ունեցավ օկուպացված Ստեփանակերտում, և կենտրոնականը՝  Իրանի նախագահի ներկայությունն էր։ Ի զարմանս շատերին, Պեզեշկիանը ընդունել է օկուպացված Արցախ այցելելու հրավերը, ևս մեկ անգամ գովաբանել Ալիևին «Ղարաբաղը ազատագրելու» համար, խոսել Էրդողանի հետ և ոչինչ չի ասել հայ-իրանական սահմանի, ինչպես նաև Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողության մեջ Բաքվի ու Անկարայի դերի մասին։ Թեհրանը չիջավ այս մակարդակին։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում գագաթնաժողովից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում է ամերիկյան (շվեյցարականի օրինակով) վերահսկողություն ենթադրյալ Զանգեզուրի միջանցքում, և որ բոլոր կողմերը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Բացի այդ, մեդիայից հայտնի դարձավ, որ Կոստանդնուպոլիս կատարած այցի ժամանակ Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը համաձայնության եկան միջանցք բացելու որոշակի ծրագրի շուրջ՝ ևս «առանց Ռուսաստանի»։

Իրանը պաշտոնապես չի մեկնաբանել ԱՄՆ առաջարկը, չնայած նախկինում հայտարարել էր, որ միայն Իրանի շնորհիվ է, որ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվում, և հայ-իրանական սահմանը չի վերացվել: Այսինքն՝ միջանցքի շուրջ բանակցությունները պետք է վարվեն Իրանի, այլ ոչ թե Հայաստանի հետ, ասում է Թեհրանը: Իրանը նաև չի մեկնաբանել Ալիևի՝ Նախիջևանը Ադրբեջանին “կպցնելու” փորձերը, ինչը դեռևս ուժի մեջ գտնվող Կարսի պայմանագրի խախտում է: Թե՞ այդ պայմանագիրն ​​այլևս ուժի մեջ չէ, եթե Ռուսաստանը դուրս է մղվում:

Երբ պարզ դարձավ, որ Իրանը կանգուն է մնացել 12-օրյա պատերազմում, ռուս վերլուծաբանները հանկարծ հիշեցին 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի մասին: Հիշեցնենք, որ այս պայմանագրի համաձայն՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Իրանը Ռուսաստանին զիջեց Արևելյան Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ Ղարաբաղը, Նախիջևանը, Զանգեզուրը, և ներկայիս Ադրբեջանի տարածքները՝ մինչև Դերբենդ:

Սակայն 1921 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագիրը փաստացի չեղարկել է Գյուլիստանի պայմանագիրը, և եթե այժմ Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են փոխել Կարսի պայմանագրի պայմանները, ապա Իրանը կարող է պահանջներ ներկայացնել մինչև 1813 թվականը իրեն պատկանող հողերի նկատմամբ։

Հայերի համար նման «փաստաթղթային վեճը» թվում է աբսուրդ, մասամբ այն պատճառով, որ վերջին դարերում հայերը չեն եղել իրենց հողերի տերը և եղել պայմանագրերի ոչ թե ստորագրողները, այլ դրանց օբյեկտը։ Այդ պատճառով հայերը 1994 թ․ չեն պարտադրել, որ Բաքուն փասրաթուղթ ստորագրի։

Սակայն նրանց համար, ովքեր հաղթում են պատերազմներում, նվաճում հողեր և կարողանում են դրանք քաղաքակրթական առումով յուրացնել, պայմանագրերն ու կարևոր փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն։

Ռուսաստանն ու Թուրքիան ի վիճակի չեն «յուրացնել» Մերձավոր Արևելքի հին քաղաքակրթությունները՝ չնայած զենքի ուժին և բարբարոսական լծին։ Գյուլիստանի և Կարսի պայմանագրերի փլուզումը դրա վկայությունն է։ Եվ հանկարծ հայտնվում է Իրանի նախագահը և սեփականատիրոջ իրավունքով նայում Շուշիի պարսկական մզկիթին՝ թեթևակի շոյելով շիական Ադրբեջանի նախագահի ուսը։

Ղարաբաղի պատկանելությունը հազարամյակներ շարունակ որոշել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, և հայկական պետականության ի հայտ գալը հնարավոր դարձավ 20-րդ դարում միայն այն պատճառով, որ Ղարաբաղում պահպանվել էր հայկական տոհմային հողային իրավունքը։

Եվ պատահական չէ, որ թուրքերը հիմա փորձում են համաձայնության գալ Իրանի հետ հենց Շուշիում։ Հայկական գործոնը ուժեղ էր, երբ Արցախը հայկական էր, և դրա մերժումը կանխորոշեց ներկայիս իրադարձությունները՝ Թուրքիան և Իրանը այլևս բանակցություններ են վարում Շուշիի բարձունքից՝ մնացած Հայաստանի բաժանման շուրջ։

«Ադրբեջանը հորինվել է ԽՍՀՄ-ում». իսկ Կարսի պայմանագիրը դուխը չի՞ հերիքում հիշել

Մոսկվայի և Բաքվի միջև մի քիչ կոպիտ «սիրախաղի» ֆոնին Ռուսաստանում հիշեցին, որ ադրբեջանական ազգ և ադրբեջաներեն լեզու գոյություն չունի, որ դա օղուզական լեզվի բարբառներից մեկն է։

Կրեմլին հավատարիմ քարոզիչ Սերգեյ Մարդանը նույնիսկ կասկածի տակ է դրել ադրբեջանական ժողովրդի գոյությունը և նրա պատմությունը։

«Մտածեցի, գուցե ինչ-որ բան չեմ հասկանում, լավ չգիտեմ տարածաշրջանի պատմությունը։ Գնացի փնտրելու. որտե՞ղ է մեծ Ադրբեջանի պատմությունը, որը ընդհատվել էր Ռուսական կայսրության կողմից։ Ես այն չգտա։ Ադրբեջան գոյություն չուներ։ Եվ ես նույնիսկ չկարողացա գտնել այնպիսի էթնիկ խումբ, ինչպիսին են ադրբեջանցիները։ Ըստ երևույթին, այս ժողովուրդը, ամենայն հարգանքով, ևս հորինվել է խորհրդային կառավարության կողմից», – ասաց նա։

Եկեղեցական խորհուրդը չի պահանջել Գարեգին Բ-ի հրաժարականը. ո՞րն է լինելու կառավարության քայլը

Հայաստանի և սփյուռքի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ ևս մեկ արձագանքելով իշխանության՝ եկեղեցուն և կաթողիկոսին ուղղված հայտարարություններին։
«Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Հայոց եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ հոգևորականները խորապես վրդովված են Հայոց եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ։ Ընդգծում են, որ արշավն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։
«Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին»,- նշված է հայտարարության մեջ։
Անդրադարձ է արվում գործարար, բարերար Սամվել Կարապետյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումներին։
Հորդորում են ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր իրենց եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին, գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։
Հոգևորականները կոչով դիմում են նաև հավատավոր հայորդիներին՝ հաստատուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։
Նշենք, որ Ազգային եկեղեցական խորհուրդը Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինն է և ամենահին ազգային ու եկեղեցական կառավարման կառույցը։ Սա միակ մարմինն է, որը կարող է պահանջել կաթողիկոսի հրաժարականը։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները համոզմունք էին հայտնել, որ կաթողիկոսը շատ շուտով հրաժարական կտա՝ ակնհայտորեն փորձելով ճնշում գործադրել խորհրդի վրա։ Սակայն խորհուրդը աջակցել է կաթողիկոսին, և այժմ պարզ չէ, թե որն է լինելու կառավարության հաջորդ քայլը։

Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը․ նա պատրաստ է պայքարի

Սամվել Կարապետյանը հանդեղ է եկել ուղերձով, որում քաղաքական հայտ է ներկայացնում և ասում, որ պատրաստ է պայքարի։

“Մեր ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ օրվա իշխանությունները, որոնք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից ու Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած: Եվ մենք պետք է միասին ոչ միայն արձանագրենք այս իրողությունը, այլևս քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին:

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ:

Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։
Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը:

Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը:

Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։

Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձևը:

Միքայել և Բագրատ սրբազանները Սահմանադրության օրը հայտարարում են հացադուլ

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
Սիրելիներ.
Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:
Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:
Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:
Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ: 04.07.2025թ.

Մոսկվայում 62 տարեկան հասակում մահացել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը

Մոսկվայում մահացել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ, 62-ամյա Անդրեյ Բադալովը։ Թոփ-մենեջերի մարմինը հայտնաբերվել է Ռուբլևսկոյե մայրուղու վրա գտնվող նրա տան պատուհանների տակ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ուրբաթ, հուլիսի 4-ի առավոտյան՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության ուժերին մոտ Baza Telegram ալիքը գրում է, որ Բադալովը ընկել է վերոնշյալ շենքի 17-րդ հարկի պատշգամբից, չնայած ինքն ապրել է 10-րդ հարկի բնակարանում։ «112» փաբլիկը նաև պնդում է, որ նա հրաժեշտի նամակ է գրել կնոջը։ Նամակի տեքստը չի տրամադրվում։

Բադալովը «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ է դարձել 2021 թվականին՝ այս պաշտոնում նա, ի թիվս այլ բաների, վերահսկել է թվային փոխակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների և արտադրության ավտոմատացման հարցերը։ Պետական ​​կորպորացիային միանալուց առաջ Բադալովը «Վոսխոդ» հետազոտական ​​ինստիտուտի տնօրենն էր, որը մշակում է ավտոմատացված համակարգեր, այդ թվում՝ «Ընտրություններ» պետական ​​ավտոմատացված համակարգը, որը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից օգտագործվող ընտրությունների ավտոմատացման պետական ​​համակարգ է։

Պետական ​​նավթային կորպորացիան Բադալովի «հանկարծակի մահվան» կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նրա ղեկավարությամբ «կարճ ժամանակահատվածում իրականացվել են խոշորածավալ գիտատար նախագծեր», որոնք, ի թիվս այլ բաների, հնարավորություն են տվել «արդյունավետորեն հաղթահարել պատժամիջոցների սահմանափակումների մարտահրավերները, որոնք հատկապես ազդել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա», հաղորդում է DW-ն:

«Տրանսնեֆտը» աշխարհի խոշորագույն նավթատար ընկերությունն է, որը տիրապետում է 68 հազար կիլոմետր մայրուղային խողովակաշարերի, ավելի քան 500 պոմպակայանների և ավելի քան 24 միլիոն խորանարդ մետր պահեստային հզորության: Ընկերությունը տեղափոխում է Ռուսաստանում արտադրվող նավթի 83%-ը և Ռուսաստանում արտադրվող նավթամթերքի 30%-ը:

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում գտնվող Անիի Մայր տաճարը վերանորոգվում է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերանորոգումից հետո Անիի Մայր տաճարը գործելու է որպես մզկիթ։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։ Անիի Մայր տաճարը ներկայացվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Բայց և նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է։

«Մենք Տրդատին ճանաչում ենք նաև որպես Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի գմբեթը վերանորոգած ճարտարապետ։ Տրդատը Անիից հրավիրվել է Ստամբուլ, վերանորոգել է Այա Սոֆիայի գմբեթը, ապա վերադարձել Անի և ավարտին հասցրել այս կառույցը»,- ասում է Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեդ Արսլանը։

 

Ինչպե՞ս անել, որ մշակույթի միջոցով արցախցիների վերադարձի հարցը վառ պահվի

Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Յուրաքանչյուր դեպքի հետեւից պետք է գնալ եւ հայց ներկայացնել Միջազգային դատարան։

Այս մասին այսօր «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մշակութային իրավունքների պաշտպանության հարցը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատների մեջ ներառված է՝ ամբողջ ծավալով։ Այսինքն՝ ներկայացված հայցն ամբողջությամբ փակում է նաեւ մշակութային իրավունքների պաշտպանության հարցը, բայց քանի որ ռիսկ կա, որ մի օր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետ է կանչելու միջպետական գանգատները, եւ մենք հայտնվելու ենք դժվարին իրավիճակում, երկու բանի մասին կուզեի խոսել, որոնք երեւի թե նախադեպային են։

Մեկը Հայ Առաքելական եկեղեցու կողմից Միջազգային դատարան ներկայացված գանգատն է, որը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնաչմանը։ Մենք 2023 թվականից տեսանք, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է, եւ հայցը հիմա փոփոխման փուլում է, որպեսզի ներկայացվի որպես ամբողջական ոչնչացում։ Երկրորդ հայցը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանին, որը տեղադրված էր Արցախում։ Այս հայցը պետք է դատարան ներկայացվի արձանի հեղինակի կողմից։

Մենք կարծում ենք, որ այս գործողությունները պետք է տարբեր ոլորտներում լինեն, քանի որ Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Ամեն դեպքի հետեւից պետք է գնալ ու հայց ներկայացնել Միջազգային դատարան»,- նշեց նա։

Համաժողովի շրջանակներում հնչեց հարցադրում՝ ինչպե՞ս անել, որ մշակույթի միջոցով արցախցիների վերադարձի հարցը վառ պահվի։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ առհասարակ արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանության կողմից այսօր վարվող քաղաքականության հիմքում վերադարձի գաղափարը դրված չէ։ Նա օրինակ բերեց բնակապահովման ծրագիրը, ասաց, որ եթե այդ ծրագրի հիմքում լիներ վերադարձի հարցը, ապա անպայման կուզենային, որ Արցախի համայնքները համատեղ բնակվեին։ Բայց այսօր այնպիսի պայմաններ են ստեղծել, որ համայնքը սփռված է ապրում։

Ստեփանյանը հավելեց, որ արցախցների վերադարձի իրավունքի հարցը շատ հանգիստ կարելի է առաջ մղել նաեւ Արցախի արվեստի գործիչներին ուժեղացնելով, նրանց աշխատանքը միջազգային հարթակ հանելով։ Այլ հարց է, երբ դիվանագետներն են խոսում այդ մասին, բայց ավելի ազդեցիկ է, երբ մշակույթի գործիչներն են բարձրաձայնում հարցը։ Այնինչ, նրա խոսքով, Արցախի մշակութային համայնքները Հայաստանում տարրալուծվել են, սա երեւի ամենավատ երեւույթն է, որը տեղի է ունեցել։

Ցավոք, մեկ գիշերվա մեջ կորցրեցինք Արցախի մշակութային համակարգը

«Բաքվում մենք թողեցինք երկու կահավորված բնակարան, մեքենա և իմ սիրելի եռանիվ հեծանիվը»

Վլադիսլավ Ավագյանը ուրախ, տաղանդավոր և անսահման ուրախ մարդ է։ Չնայած ֆիզիկական սահմանափակումներին՝ նա արժանապատվորեն հաղթահարում է նույնիսկ ամենադժվար փորձությունները։

4 պատերազմ, շրջափակում և էթնիկ զտումների երկու ալիք վերապրած Վլադը ուժ գտավ իր մեջ ուսումնասիրելու հոգեբանություն։ Նա աշխատում է «Կյանքի որակ» հոգեբանական կենտրոնում՝ օգնելով մարդկանց հաղթահարել կյանքի դժվար պահերը։

Step1.am-ի հետ հարցազրույցում Վլադը պատմեց իր ընտանիքի պատմությունը և կիսվեց  հիշողություններով։

«Ծնվել եմ 1983 թվականին Բաքու քաղաքում։ Հայրս Մարտունու շրջանի Ննգի գյուղից է, իսկ մայրս՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից։ 16 տարեկանում հայրս տեղափոխվեց Բաքու։ Նա աշխատում էր նավթարդյունաբերությունում, որտեղ հետագայում դարձավ տեղամասի ղեկավար։ Իմ ընտանիքը տարիներ շարունակ երջանիկ ապրել է այդ քաղաքում։ 1988 թվականին մենք, ինչպես Բաքվի ողջ հայ բնակչությունը, ենթարկվեցինք էթնիկ զտումների և ստիպված եղանք լքել մեր սիրելի ինտերնացիոնալ համարվող քաղաքը։ Քաղաք, որը կառուցվել է ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի, հրեաների, ռուսների, անգլիացիների և այլնի կողմից։

Բաքվում մենք թողեցինք երկու կահավորված բնակարան, մեքենա և իմ սիրելի եռանիվ հեծանիվը։ Բաքվից տեղափոխվեցինք Սանկտ Պետերբուրգ, բայց մեր հայրենի Արցախի հանդեպ սերն այնքան ուժեղ էր, որ մեկ տարի անց՝ 1989 թվականին, տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Այդ ժամանակ հայրենիքում կադրերի մեծ պակաս կար, և հայրս հրավիրվեց որպես ջրամատակարարման ոլորտի մասնագետ։ Այսպիսով, մենք մնացինք մեր հայրենիքում ապրելու և, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, անցանք սարսափելի փորձությունների միջով։

Ես լավ հիշում եմ Արցախյան ազատագրական պայքարի իրադարձությունները։ Մորս ուսերին նստած՝ մասնակցում էի հանրահավաքների և բոլորի հետ միասին գոռում էի «Միացում»՝ առանց իրականում հասկանալու այս բառի իմաստը։ Քնում էի նկուղներում՝ խոնավ հատակին, քաղցած։

1991 թվականին պատերազմի պատճառով ստիպված էի ընդհատել ուսումս՝ չհասցնելով ավարտել առաջին դասարանը։ Եղբայրս՝ Գեորգի Ավագյանը, որը ակտիվ մասնակից էր Արցախյան առաջին պատերազմին, վիրավորվեց Շուշիի ազատագրման ժամանակ։ Հաճախ եմ հիշում արկերի պայթյունների սարսափելի ձայները։ Մի անգամ, մեր գյուղական տան բակում խաղալիս, գրեթե կրակի տակ ընկա։ Մայրս փրկեց ինձ՝ մի քանի րոպե առաջ տուն կանչելով։

Թշնամին ամեն օր ռմբակոծում և հրետակոծում էր մեր քաղաքներն ու գյուղերը։ Դժվար էր, բայց արցախցիները քաջաբար պայքարում էին և հավատում հաղթանակին։

Պատերազմի ավարտից հետո շարունակեցի ուսումս։ Միաժամանակ ընդունվեցի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ​​դպրոց։ Ազատ կյանքը աստիճանաբար վերադառնում էր Արցախ։ Ապրիլյան պատերազմում տարած հաղթանակից և Ալիևի այն հայտարարությունից հետո, որ իրեն ստիպում են կուլիսներում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինձ թվում էր, որ շատ շուտով մեր հայրենի Արցախը վերջապես կհայտնվի աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն։ Կբացվի Ստեփանակերտի օդանավակայանը, որը կընդունի չվերթներ տարբեր երկրներից, բայց, ցավոք, իմ երազանքը  չիրականացավ։

Մի քանի տարի անց հարյուրավոր անմեղ մարդկանց արյունը կրկին թափվեց Արցախի սուրբ հողի վրա։ Իմ բոլոր հարազատներն ու ընկերները ակտիվ մասնակցություն ունեցան 44-օրյա պատերազմին։ Իմ եղբայրը՝ Գեորգին, օգնում էր թիկունքում գտնվող խաղաղ բնակիչներին, քանի որ վնասվածքի պատճառով չէր կարողանում գնալ ռազմաճակատ։

Իմ կյանքի ամենասարսափելի օրը 2020 թվականի նոյեմբերի 9-ն էր։ Հենց այս օրն էր, որ նշանավորեց մեր հայրենիքի օկուպացիայի սկիզբը։ Ես խորապես գիտակցում էի այս փաստը, բայց այնուամենայնիվ, վճռական որոշում կայացրի վերադառնալ տուն՝ հույս ունենալով, որ բարին դեռ կհաղթի չարին։

Արցախ վերադառնալուց հետո շարունակեցի ապրել և աշխատել՝ չպատկերացնելով իմ կյանքը հայրենիքից հեռու։ Սկզբում ինձ թվում էր, որ ամեն ինչ աստիճանաբար կբարելավվի։ Ես մեքենա գնեցի, ապագայի համար մեծ ծրագրեր էի կազմում, իսկ այդ ընթացքում թշնամին աստիճանաբար գրավում էր մեր տարածքները։ Ձմռան կեսին, Բերձորի միջանցքը փակելով, այն ամբողջ բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, տարեցներին և հիվանդներին, զրկեց տարրական կենսապայմաններից։

Իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը, իր առաքելությունը կատարելու փոխարեն, զբաղվում էր բիզնեսով՝ տեղի բնակչությանը վառելիք և սնունդ վաճառելով աստղաբաշխական գներով։

Շրջափակման ժամանակ ես, ինչպես բոլոր արցախցիները, բազմահազար հերթերում կանգնում էի հացի համար, բայց տուն վերադառնում առանց հացի, քանի որ ինձ հերթը չեր հասնում։ Եվ այսպես շարունակվեց 9 երկար ամիս։ Մենք բառացիորեն սովամահ եղանք, որից հետո որոշեցին մեր ժողովրդին վերջ տալ պատերազմով և հրդեհով, բայց մենք գոյատևեցինք և կշարունակենք պայքարել՝ չնայած թշնամուն։

Ամեն ինչից անկախ, ես չեմ դադարում հավատալ, որ բարին անպայման կհաղթի, և մենք շուտով կվերադառնանք տուն։

Արսեն Աղաջանյան

Իրանի նախագահը ժամանեց օկուպացված Արցախ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հուլիսի 4-ին ժամանել է օկուպացված Արցախ՝ մասնակցելու Իսլամական երկրների Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշկիանը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

«Վա՜խ-վա՜խ, ոչ մի հայ, մալադէս». Ստեփանակերտում իսլամական գագաթնաժողովը քննարկում է Զանգեզուրի միջանցքը

Ստեփանակերտը օկուպացիայից առաջ

Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է տարածաշրջանի իսլամական երկրների հերթական գագաթնաժողովը, որին մասնակցում են մի շարք թյուրքական երկրների ղեկավարներ: Ազդարարվել է նաև Իրանի նախագահի մասնակցությունը: Ինչպես նշվում է, գագաթնաժողովում կքննարկվի տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը: «Ռուս-թուրքական հաջող գործողության» ընթացքում Արցախի օկուպացիայից հետո տարածաշրջանի հանձնումը Թուրքիային դառնում է տեխնիկայի հարց:

Մինչ հյուրերը նայում էին զբոսնում էին Ստեփանակերտում, շրթունքները քծծում և մտածում, թե ինչ լավ քարավանատուն ստացվեց հայկական քաղաքի տեղում, հնչեցին մի քանի ինսայդերական հաղորդագրություններ:

Նախ, փորձագետ Օլեսյա Վարդանյանը Քարնեգիի-ում հայտնեց, որ կան տեղեկություններ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ բացելու առաջարկի մասին, և որ այս հարցում ճնշում կգործադրվի Հայաստանի վրա:

Միաժամանակ, CaucasusWarReport-ը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Ըստ այս համաձայնագրի՝ Ռուսաստանը զրոյական վերահսկողություն կունենա միջանցքի նկատմամբ՝ գրեթե ամբողջությամբ անջատված լինելով դրանից»։ Azeri Times-ը ևս գրում է. «Կան բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը մոտենում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, որը պոտենցիալ կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում»։

Իր հերթին, Արարատ Միրզոյանը այցելել է Պեկին, որից հետո Հայաստանը հայտարարել է ՇՀԿ-ի անդամ դառնալու իր ցանկության մասին։ Իսկ «միջանցքի» հավանական բացման մասին տեղեկատվությունը մեկնաբանելով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քննարկվում են տարբեր առաջարկներ, սակայն Հայաստանը պնդում է «խաչմերուկի» տրամաբանության վրա։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ չի նշվել Հայաստանի ինքնիշխանությունը ապագա ճանապարհների հանդեպ։

Այս գործընթացների ֆոնին ուշագրավ է Ռուսաստանի դերը, որը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է վերահսկի ապագա «Զանգեզուրի միջանցքը»։ Բաքվում, Երևանում, Անկարայում և այլ մայրաքաղաքներում բացահայտ խոսում են Ռուսաստանին տարածաշրջանային հաղորդակցություններից հեռացնելու մասին։ Թուրքիան մտադիր է միայնակ վերահսկել «միջանցքը» և պատրաստ է համոզել Իրանին լավ գնով «վաճառել» հայ-իրանական սահմանը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջարկում են ինչ-որ «շվեյցարական» վերահսկողություն, բայց ուրած կլինեն, եթե առանց դրան գործը գլուխ հանվի։ Հայաստանը, ըստ երևույթին, ձևի համար դիմել է Չինաստանի օգնությանը, որ հետո արդարանալու բան լինի։

Գրավված Ստեփանակերտում կարևոր որոշում կկայացվի. եթե Իրանն ու Թուրքիան համաձայնության գան, ապա «միջանցքի» բացման համար որևէ խոչընդոտ չի լինի, Չինաստանը միայն «կողմ» կլինի, ԱՄՆ-ն ու Եվրոպան ևս կծափահարեն։

Ռուսաստանը դեռ երկար կքորի իր «նոյեմբերի 9»-ը, և հնարավոր է, որ Ռուսաստանում ադրբեջանցիների անսպասելի ձերբակալությունները պայմանավորված են Պուտինի և Ալիևի միջև «թյուրըմբռնմամբ»․ Ալիևն այլևս չի պնդում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վրա։ Հարավային Կովկասը Ռուսաստանից Թուրքիային փոխանցելու գործընթացը, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է տեղի ունենար Ռուսաստանի ԱԴԾ-ի հսկողության ներքո, սակայն Պուտինին, ըստ երևույթին, “գցել են” այդ հարցով։ Եվ Թուրքիան տարածաշրջանի բաժանման նոր համաձայնագիր կստորագրի ոչ թե Ռուսաստանի հետ Կարսում, այլ Իրանի հետ Շուշիում։

Գործընթացն արդեն սկսվել է. ինչպես գրում են փորձագետները, Ադրբեջանը փաստացի չեղարկել կամ սառեցրել է Լենին-Աթաթուրքի որոշ համաձայնագրեր, որոնք վերաբերում էին Նախիջևանին, դրանով իսկ թուլացնելով Ռուսաստանի դիրքերը այս զգայուն տարածաշրջանում: Ալիևը փաստացիորեն վերացրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, և Նախիջևանի տարածքում սկսում է ձևավորվել թուրքական զինված ուժերի ռոտացիոն մոդել:

Կարսի պայմանագիրը, որի համաձայն Նախիջևանի ռազմականացումը թույլատրելի չէ, փաստացիորեն դադարում է գործել, և պատահական չէ, որ ռուս-ադրբեջանական սկանդալի ֆոնին Բաքվում հնչեց հիմնական գաղափարը՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական բազան հայտնվի Ադրբեջանում, ապա Ռուսաստանը այլևս ոչինչ չի կարողանա անել:

Այս պայմաններում Հայաստանին պետականությունը պահպանելու համար մնում է միայն մեկ ճանապարհ՝ միջազգային մակարդակով բարձրացնել հարցը, թե արդյո՞ք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 1921 թվականի Կարսի պայմանագիրը վավեր են: Եթե Կարսի պայմանագիրը վավեր չէ, ապա Նախիջևանը, Արարատ լեռը, Կարսը և Արդահանը պետք է վերադարձվեն Հայաստանին: Եթե ​​Կարսի պայմանագիրը ուժի մեջ է, ապա Նախիջևանի հայկական ինքնավարությունը չի կարող վերացվել և ռազմականացվել։