Ангелина Исаханян-ը գրում է․
Month: Հուլիս 2025
Հուլիսի 1-ից ավտոմեքենաների տեխզննման համար գույքահարկ վճարելու պարտավորությունը հանվել է
Հայաստանում հուլիսի 1-ից տրանսպորտային միջոցների տեխզննման համար գույքահարկ վճարելու պարտավորությունները հանվել են։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններն առաջարկվել են անցյալ տարվա վերջին։
«Նախկինում, երբ մարդիկ իրենց մեքենան տանում էին տեխնիկական զննման, նրանք պարտավոր էին մարել գույքահարկի պարտքը։ Եվ ոչ միայն նախորդ տարվա պարտքը, այլև ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը։ Սակայն հետագայում օրենքը փոփոխվել է, որի համաձայն քաղաքացիներին հնարավորություն է տրվել վճարել միայն կուտակված պարտքը և անմիջապես անցնել տեխնիկական զննում։ Այսօր մեքենայի տեխնիկական զննում անցնելու համար ընթացիկ տարվա գույքահարկ վճարելու պարտավորություններ չկան», – բացատրեց Թունյանը։
Հայաստանը հայտարարել է ՇՀԿ-ին անդամակցելու իր ցանկության մասին
Հայաստանը ցանկություն է հայտնել դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Պեկինը նախկինում բազմիցս հայտարարել է ՇՀԿ-ի շրջանակներում գործնական համագործակցությանը հայկական կողմի ավելի ակտիվ մասնակցության կարևորության մասին։
«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել դառնալ ՇՀԿ անդամ», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս է վերադարձել Չինաստանից։
Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական անցակետը կարող է վերանվանվել Թալեաթի անունով
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավորները երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։
Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ մեջբերելով կուսակցության առաջնորդ Մուսավաթ Դերվիշօղլուի խոսքերը․ – «Այն փաստը, որ «Ալիջան» սահմանային անցակետը կկրի Թալեաթ փաշայի անունը, ցուցանակի պարզ փոփոխություն չի լինի։ Դա թուրքերի ազգային կամքի հզոր հռչակագիր կդառնա՝ վկայելով, որ մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր պատմությունը, հերոսներին և իր սեփական հիշողությունը», – նշել է ազգայնական գործիչը։
Կառավարության որոշումը չի լուծում արցախցիների հիմնարար խնդիրները, զրկելով կոլեկտիվ իրավունքից
Ստեփանակերտ
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արցախցիների բնակարանային ծրագրի իրականացման կարգը փոխելու մասին: Կատարված որոշ փոփոխություններ իսկապես կարելի է դրական համարել: Սակայն դրանք չեն պատասխանում արցախցիների հիմնարար հարցերին, ուղղված չեն նրանց կոլեկտիվ իրավունքների իրականացմանը, այլ զուտ սոցիալական աջակցություն են, որոնք ուղղված են արցախցիների քաղաքական իրավունքների չեզոքացմանը:
Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են սերտիֆիկատների համար դիմումների փուլային ներկայացման վերացմանը. հուլիսի 1-ից առաջին փուլը համարվում է ավարտված, սկսվում է երկրորդ և վերջին փուլը, որը կտևի մինչև 2027 թվականի դեկտեմբերը:
Այլ կերպ ասած, բոլոր արցախցիները, ովքեր իրավունք ունեն ստանալ բնակարանային վկայականներ և ովքեր կրկին ստացել են ՀՀ քաղաքացիություն, կարող են այսօրվանից դիմել վկայականի համար:
Ի դեպ, ինչպես պարզվեց, մոտ 10 հազար արցախցիներ արդեն ստացել են նորՀՀ անձնագրեր, իսկ նրանց հետ՝ 4400 անչափահասներ այլևս քաղաքացի են համարվում: Սա նշանակում է, որ արցախցիների ավելի քան 10%-ն արդեն ստացել է քաղաքացիություն: Ավելին, ինչպես ասաց Ներքին գործերի նախարարը, եթե այլ դեպքերում քաղաքացիություն տրամադրելը տևում է 4-5 ամիս, ապա արցախցիները կարող են նոր անձնագրեր ստանալ ընդամենը մեկ ամսում։
Ինչ վերաբերում է վկայականներին, ապա դրանք արդեն ստացել է 1.5 հազար ընտանիք, ավելի քան 350-ը արդեն իրացրել է։
Այսօր կառավարությունը նաև ընդլայնել է այն համայնքների ցանկը, որտեղ արցախցիներին բնակարան գնելու համար կտրամադրվի 4 միլիոն դրամ՝ նախկին 3 միլիոն դրամի փոխարեն։
Բացի այդ, կառավարության նիստում ճանաչվել է, որ կան բազմաթիվ մասնավոր խնդիրներ, որոնք դժվար է լուծել ավտոմատ կերպով, և որոշում է կայացվել, որ եթե ընտանիքին մերժվում է վկայական տրամադրելը որոշ պահանջներին չհամապատասխանելու պատճառով, ապա քաղաքացիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին, որը կտա իր կարծիքը։ Սա չի փոխարինի վկայական տրամադրելու որոշմանը, բայց կարող է դեր խաղալ փախստական ընտանիքների իրավունքների վերականգնման գործում։
Մասնավորապես, սա վերաբերում է այն ընտանիքներին, որոնցում բացակայում է առնվազն մեկ անդամ, որոնք ունեն անշարժ գույք կամ դրա բաժնեմասը Հայաստանում, ինչպես նաև այլ մասնավոր դեպքերին։
Հուլիսի 12-ին հանրահավաք հրավիրած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պնդում է, որ կառավարության որոշումները պայմանավորված են նրանով, որ արցախցիները ընդհանուր առմամբ և Խորհուրդը մասնավորապես հստակ արտահայտել են իրենց դժգոհությունները, մատնանշել խնդիրներն ու բացթողումները։ Թեկուզ նշվում է, որ կառավարությունը որոշումն ընդունել է հիմա՝ հանրահավաքի մասնակիցների թիվը սահմանափակելու համար։
Սակայն այսօրվա որոշումը չի լուծում արցախցիների նույնիսկ տարրական սոցիալական խնդիրները, չխոսելով հիմնարար իրավունքների մասին։
- Կառավարությունը չի նշել, թե ինչպես են լուծվելու փոքր ընտանիքների, միայնակների, հիվանդների կամ տարեցների խնդիրները, կառուցվե՞լու են սոցիալական բնակարաններ, թե՞ այդ մարդկանց կտրամադրվի բնակարանային օգնություն։
- Ինչպե՞ս են արցախցի ընտանիքները վճարելու վարձակալության վճարը, եթե արցախցիների մոտ 70%-ը հուլիսի 1-ից չի ստանալու բնակարանային աջակցություն։
- ՀՀ կառավարությունը, սոցիալական օգնությունից բացի, կզբաղվի՞ արցախցիների քաղաքական և իրավական խնդիրներով։
- 2027 թվականից հետո արցախցիները կհամարվե՞ն փախստականներ, թե՞ այս հարցը մեկընդմիշտ կփակվի։
- Այս աջակցությունը տրամադրվում է որպես սոցիալական օգնությո՞ւն արցախցիներին, թե՞ որպես կորցրած ունեցվածքի և հայրենիքի փոխհատուցում։
Step1.am-ի հետ զրույցում Արցախցինրի իրավունքների խորհրդի անդամները նշում են, որ հուլիսի 12-ի հանրահավաքում կբարձրացվեն խնդրագրում արձանագրված հարցերը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու և արցախցիների հայրենիք վերադարձի հարցերը։ Լևոն Հայրիյանն ասում է, որ արցախցիների միակ օրակարգը պետք է լինի Արցախ վերադառնալը Հայաստանի ինքնիշխանության ներքո, և այդ հարցերը պետք է առաջին հերթին ներկայացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Ինչպե՞ս կլուծվեն այս հարցերը, եթե կառավարությունը, արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար միջոցներ հատկացնելով, փորձում է հնարավորինս շուտ «ինտեգրել» նրանց, զրկելով նրանց անգամ փախստականի կարգավիճակից։ Հենց որ արցախցիները դադարեն լինել կոլեկտիվ իրավունքների կրողներ, նրանց իրավունքները կվերանան, այդ թվում հայրենիքի և սեփականության իրավունքը։ Այս իրավունքները կարող են պաշտպանվել միայն կոլեկտիվ կերպով, և կառավարության կողմից արցախցիներին «ընտանիքների» բաժանելը, որոնցից յուրաքանչյուրը ստիպված հետապնդում է իր շահերը, նպատակ ունի խախտել կոլեկտիվ իրավունքները։
Նաիրա Հայրումյան
Մենք ունենք մեկ պահանջ՝ հայերի վերադարձը հայկական սուվերենիտետով Արցախ
Levon Hayryan-ը գրում է․
Նախարարը դեռ չգիտի՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռ որոշում չկա՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ։
«Եթե հարցնում եք՝ որոշում ունե՞ք, թե ի՞նչ եք անելու նախաբանի հետ, նույն պատասխանն եմ տալու՝ մինչեւ քննարկումներ տեղի չունենան, որոշում չունենք»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը պատրաստ չէ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է հրավիրեն խորհրդի նիստ եւ տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ քննարկում անցկացնեն։
«Երբ կունենանք համապատասխան որոշումներ նաեւ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստը»,- հավելեց նա։
Գալյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ասել էր՝ փորձելու են 10 ամսվա ընթացքում ամփոփել Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները։ Նա այսօր ասաց, որ կփորձեն այս ժամկետի մեջ տեղավորվել։
Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ խնդիրները միայնակ չեն կարող լուծել, պայքարը անխուսափելի է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանի հարցազրույցը Step1.am-ին:
(Հարցազրույցը տեղի է ունեցել մինչև արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ մտցնելու մասին ՀՀ Կառավարության այսօրվա որոշումը)։
-Պարոն Ավանեսյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվել հուլիսի 12-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրել։ Արդյո՞ք պատճառը բանակակցությունների միջոցով արդյունքների չհասնելն է:
-Այնպես չէ, որ բանակցությունները ընդհանրապես արդյունք չեն տվել, բայց այդ արդյունքերը լրիվությամբ չեն բավարարում մեր պահանջները: Այս մասին խորհուրդը հայտնեց ասուլիսի ժամանակ։
Բնակապահովման հարցում պետք է հենվենք 2023 թ. որոշմանը, որը ենթադրում է տեղահանված անձանց բնակարաններով պարտադիր ապահովում: Սակայն ինչպես տեսանք, այսօրվա իշխանությունը գնացել է այլ ճանապարհով, գոտիավորելով բնակարանների ձեռք բերման տարածքները: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ 1.5 տարի է անցել, և մարդիկ այնտեղ պետք է ապահովվեն բնակարաններով, որտեղ աշխատանք են գտել:
-Կառավարությունը որոշել է հանել ծրագրին դիմելու փուլային պահանջները, արդյո՞ք հնարավոր է, որ դրական փոփոխություններ լինեն:
-Միջանկյալ դրական՝ այո, թեկուզ որոշումը պետք է հրապարակվեր մինչև հունիսի կեսը: Բայց հրապարակեցին այն ժամանակ, երբ մենք կոչ արեցինք դուրս գալ հանրահավաքի։ Կարծում եմ, կառավարությունը կհրապարակի նաև այն բնակավայրերի անունները, ուտեղ 3 մլն. աջակցությունը դարձել է 4 մլն., դրանով փորձելով սահմանափակել հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակը: Բայց ես կոչ եմ անում անկախ ամեն ինչից միանալ հանրահավաքին: Քանի որ եթե ձեր հարցը ինչ-որ չափով արդեն լուծվում է, մյուս հայրենակիցների ճակատագիրը օդից կախված է մնում:
Նաև կցանկանայի հիշեցնել, որ այս հանրահավաքի հիմնաքարերից մեկը, որ ամփոփված է նաև մեր ծրագրի կետերում, հավաքական վերադարձն է Արցախ: Ինչպես նաև վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
-Հաշվի առնելով ընդհանուր լարվածությունը, բնակվարձերի փոխհատուցման ծրագրի ավարտը ու օր օրի սրվող սոցիալական խնդիրները, մտավախություն կա՞, որ քիչ մարդ է մասնակցելու հանրահավաքին:
-Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ ոչ մեկ իր հարցերը չի լուծելու միայնակ, պետք է հասկանալ, որ պայքարը անխուսափելի է:
Ես ևս ունեմ իմ կարմիր գծերը, և եթե ավելի քիչ մարդ հավաքվի, քան նախորդ անգամ (մարտի 29-ին), ես դուրս եմ գալու գործընթացից, քանի որ անիմաստ է պայքարել, եթե մարիկ չեն ցանկանում մասնակցել:
-Այսինքն, եթե մոտ 10.000 մարդ հավաքվի, Խորհրդի գործունեությունը անիմա՞ստ է:
-Դա իմ անձնական որոշումն է: Նաև նշեմ, որ Խորհուրդի ծնունդը ինքնին հեշտ գործընթաց չէր և այսօր Խորհուրդը այն եզակի լեգետիմ միավորներից է, որը կարողանում է բարձրացնել արցախցիների խնդիրները:
-Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու հանրահավաքի ժամանակ:
-Այս պահին դեռ չենք կարող նշել, քանի որ որոշ հարցեր քննարկման փուլում են, բայց առիթից օգտվելով ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել՝ մեր պայքարը լեգետիմ և իրավական դաշտում է:
Ալվարդ Գրիգորյան
Որ համայնքներում բնակարանային աջակցությունը կկազմի 4 մլն․ դրամ (ցանկ)
Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունն այսօր ընդունեց արցախցիների բնակապահովման պետական ծրագրի փոփոխված տարբերակը։ Ըստ այդմ՝ սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։
Այդ 57 խոշորացված համայնքներն են՝
Արագածոտնի մարզ – Ապարան, Թալին, Ալագյազ, Արևուտ Ծաղկահովիտ, Մեծաձոր, Շամիրամ համայնքներ։
Արարատի մարզ – Արարատ, Վեդի, Վերին Դվին համայնքներ։
Արմավիրի մարզ – Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Ֆերիկ համայնքներ։
Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներ։
Լոռու մարզ – Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Թումանյան, Լերմոնտովո, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Փամբակ, Ֆիոլետովո համայնքներ։
Կոտայքի մարզ – Բյուրեղավան, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Ակունք, Արզնի համայնքներ։
Շիրակի մարզ – Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Ամասիա, Աշոցք համայնքներ։
Սյունիքի մարզ – Կապան, Մեղրի, Սիսիան, Քաջարան համայնքներ։
Վայոց ձորի մարզ – Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Արենի, Եղեգիս համայնքներ։
Տավուշի մարզ- Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներ։
Վերոնշյալ 57 խոշորացված համայնքների կազմում ներառված բոլոր 611 բնակավայրերում տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ընտանիքի յուրաքանչյուր անձի կհատկացվի 4 մլն դրամ գումար։
3 մլն․ դրամ միայն Երեւանում եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքներում
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ արցախցիների բնակապահովման ծրագրում կատարված փոփոխություններին եւ հարցին, թե որ բնակավայրերն են ներառվել 4 մլն դրամանոց բնակավայրերի ցանկում։
«Մենք հենց սկզբից առանձնացրել էինք մարզեր, բնակավայրեր, որտեղ ունենք առավելագույնը 5 մլն դրամ աջակցության չափ։ Կային նաեւ այնպիսիք, որ 4 մլն դրամ էր սահմանված։ Եվ Երեւանում հատկապես ու հարակից մարզերում 3 մլն դրամ էր սահմանված։ Մենք երկար քննարկումներից հետո եկանք նրան, որ միայն Երեւանը եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները թողեցինք 3 մլն դրամ, մնացած ամեն ինչը, եթե 5 մլն չէ, ապա 4 մլն է։ Այսինքն՝ մենք ունենք հիմա աջակցության 5 մլն դրամի չափով բնակավայրեր, դրանք առավելապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում են։ Ունենք 4 մլն, որոնք 600-ից ավելի բնակավայրեր են, եւ Երեւանն ու Երեւանին անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները 3 մլն դրամ աջակցության գոտում են»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրինակ՝ Արարատի կամ Վայոց ձորի մարզերում 6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամ է ստանում բնակարան ձեռք բերելու համար։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ 30 մլն դրամով իրատեսորեն կարելի է կառուցել տուն, ձեռք բերել հող եւ կահույք։ Այսինքն՝ դա իրատեսորեն կարելի է կառուցել եւ ապրել։ Երեւանի դեպքում 6 հոգանոց ընտանիքը 18 մլն դրամ կստանա, բայց էլի ընտրության հարց է։ Կարող է ընտանիք կա, որը խնայողություններ ունի եւ ուզում է ավելացնել, Երեւանում ձեռք բերել, մենք բացարձակապե դեմ չենք դրան»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 արցախցի, նաև 4400 անչափահաս
ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 արցախցի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Դիմումները մենք արտահերթ վերցնում ենք, ընդ որում, վերջին ժամանակահատվածում բավականին ինտենսիվացել են դիմումները։ Եթե վիճակագրությանն անդրադառնամ, արդեն իսկ հանրապետության նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Ընդ որում, չունենք մերժումներ։ Զուգահեռաբար, եթե դիմումները նայենք, 10 961 դիմում ունենք այս պահին։
Ի տարբերություն այլ անձանց՝ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4,5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքը եւ ներկայացնում ենք։ Այդ թվում՝ դիմումներն ընդունվում են նաեւ շրջիկ սպասարկման գրասենյակներում։ Այսօր, օրինակ, Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ։ Եվ եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ եւ դիմումները ներկայացնել»,- ասաց նապժխարարը։
Արփինե Սարգսյանը հավելեց, որ ծնողների քաղաքացիություն ստանալու ուժով նաեւ 4400 անչափահաս է անձնագրավորվել ՀՀ քաղաքացու անձնագրով։
Արցախցիները 10 տարի չեն կարողանալու վաճառել ծրագրով գնված բնակարանները
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադրաձավ արցախցիների բնակապահովման ծրագրում, որում այսօր փոփոխություններ կատարվեցին։
«Քանի որ հարցեր շատ են տալիս, ես ենթադրում եմ, որ մենք նաեւ երաշխավորել ենք համակարգը, որ չի կարող լինել այնպիսի իրադրություն, որ, ամենայն հարգանքով որեւէ ընտանքի նկատմամբ, բնակարանը կառուցի, վաճառի եւ Հայաստանից արտագաղթի։ Այդ մեխանիզմները բացառաված են, ճի՞շտ է»։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց․
«Մենք առաջին իսկ օրվանից տնօրինման իավունք ենք տալիս՝ կառուցեց, ապրեց ընտանիքը, 10-րդ տարին կլրանա, այդ ժամանակ արդեն իրավունք կունենա անսահմանափակ ձեւով, այսինքն՝ առանց պայմանի որոշել այդ գույքի հետագա ճակատագիրը՝ վաճառել, ավելի լավը գնել եւ այլն։ Այսինքն՝ մենք առաջին 10 տարին կառուցված կամ գնված բնակարանում բնակվելու պայմանը սահմանում ենք ի սկզբանե։ Բոլորը դա գիտեն ի սկզբանե, գիտեն, որ դա իրենց տունն է, այնտեղ ապրելու են, 10 տարին լրանալուց հետո նաեւ կարողնաալու են փոխել»։