Արցախի ժողովուրդը երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը. Արցախի ԱԺ նախագահ

Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» գերմանական պարբերականին տված հարցազրույցում կրկին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։ Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ աղավաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և համոզելու միջազգային հանրությանը դրա օրինականությունը։

Անհերքելի իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը։ Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը մարդկանց կանգնեցրել են հստակ ընտրության առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկվել ֆիզիկական ոչնչացման։ Եվ սա էր Արդբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքի:

Այս հանցավոր վարքագիծը շարունակվում է նաև այսօր․ 23 հայեր՝ ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես պատանդ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ենթարկվելով կեղծ և շինծու դատավարությունների։ Սա վրեժխնդրության քաղաքականությամբ առաջնորդվող բռնապետության դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրությունը դրսևորում է լռություն ու անգործություն։ Սա հանցավոր լռություն է, որը միայն նպաստում է ապօրինությունների շարունակությանը։ Երբ պատերազմական հանցագործությունները մնում են անպատիժ, դրանք վերածվում են քաղաքական գործիքի։

Այսօր հազարավոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկված ամեն ինչից, բայց ոչ հիշողությունից և արժանապատվությունից։ Պատմությունը մաքրվում է ճշմարտությամբ, ոչ թե քարոզչությամբ։ Արցախահայության ձայնը չի լռելու՝ ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- ասվում է հայտարարությունում։

«Ես այլևս հետաքրքրված չեմ խոսելով»։ Թրամփը կրճատել է Ռուսաստանի դեդլայնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրճատում է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր վերջնագիրը մինչև 10-12 օր՝ մոտ երկու շաբաթ առաջ իր ասած 50 օրվա փոխարեն։ Թրամփի խոսքով՝ նա «շատ հիասթափված է նախագահ Վլադիմիր Պուտինից»։

«Ես այլևս չեմ հետաքրքրված խոսելով», – ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շոտլանդիայում, որտեղ նա գտնվում է։ Նա ասել է դա ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է օգնել երկու նախագահների հարաբերություններին և հասնել հրադադարի Ուկրաինայում։

Թրամփը բացատրել է, որ արդեն բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց բանակցություններից հետո Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի վրա։

Նա նաև ասել է, որ «շատ առատաձեռն» է եղել Պուտինի հանդեպ՝ Ռուսաստանի նախագահին 50 օր տալով Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Եթե նշված ժամանակահատվածում այս հարցում առաջընթաց չլինի, Թրամփը սպառնացել է «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա այժմ մտադիր է կրճատել վերջնագրի ժամկետը։ «Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ այն կլինի 10-12 օր», – պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին, թե որքան ժամանակով է մտադիր կրճատել 50 օրը։

Արցախցիները կարող են հանձնաժողով դիմել բնակապահովման ծրագրով մերժում ստանալու 2 դեպքում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղակացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով արդեն իսկ ստեղծվել եւ գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած եւ շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Step1.am-ը զրուցել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ՝ պարզելու, թե միջգերատեսչական հանձնաժողովն ինչ աշխատանք է իրականացնելու։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը բացառապես երկու հիքմով մերժումների դիմումներն է ուսումնասիրելու։ Առաջինը դա այն դեպքն է, երբ ընտանիքի բոլոր անդամների կամ առնվազն մեկ անդամի տվյալները բացակայել են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում, եթե խոսում ենք 2023 թվականի տեղահանվածնբերի մասին, կամ Օպերատիվ շտաբի տվյալների շտեմարանում, եթե խոսում ենք 2020 թվականի տեղահանվածնբերի մասին։ Այսինքն՝ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով տվյալը դուրս է մնացել բազայից։ Օրինակ, մարդիկ տեղահանումից օրեր առաջ են տարբեր հանգամանքների բերումով լքել Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար, տեղահանման ժամանակ չեն հաշվառվել կամ տեղահանվել են, բայց հաշվառվելու ձեւը չեն իմացել։

«Պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց փաստը եւ արդյունքը դրանից չի փոխվում՝ տվյալ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների տվյալները բացակայում են տեղահանվածների շտեմարանում։ Իսկ մեր ծրագրի շահառուի կարգավիճակ տալու հիմնական պայմաններից մեկը դա է, որ տվյալը պետք է լինի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կամ Օպերատիվ շտաբի տվյալների շտեմարանում՝ որպես տեղահանված։ Եվ եթե այդ հիմքով շահառուների դիմում հայտարարությունը մերժվում է, մերժումը ստանալուց 2 ամսվա ընթցաքում իրենք կարող են դիմել հանձնաժողովին՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր, այն է, որ տեղահանումից առնվազն 12 ամիս առաջ իրենք բնակվել են ԼՂ-ում, այսինքն՝ 2020 թվականի տեղահանվածների դեպքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ, իսկ 2023 թվականի տեղահանվածների դեպքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ։ Այստեղ հաշվի է առնվել նաեւ բլոկադան՝ 2022 թվականի բլոկադայից առաջ նախորդ մեկ տարվա կտրվածքով տվյալ անձի ԼՂ-ում բնակված, աշխատած լինելու հանգամանքը։ Այսինքն՝ որեւէ փաստաթուղթ պետք է ներկայացնեն՝ աշխատավարձ ստանալու, կենսաթոշակ կամ դրան հավասարեցված այլ վճարներ ստանալու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ, ինչը կվկայի, որ տվյալ անձը տեղահանումից առնվազն մեկ տարի առաջ ապրել է Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Մերժված շահառուների երկրորդ խումբը, ովքեր կարող են դիմել հանձնաժողովին, գույք ունենալու հիմքով մերժվածներն են։ «Մասնավորապես, որպես ծրագրի պայման դիտարկում ենք ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ, այնպես էլ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գույքի առկայությունը։ Եվ մեզ հասած բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են գնման իրավունքներ, այսինքն՝ տարաժամկետ վճարման մեխանիզմով կառուցապատողների հետ կնքել են պայմանագրեր ամենամսյա վճարման մեխանիզմով, բայց տեղահանումից հետո, չկարողանակով կատարել այդ վճարումները, չեղարկել են կառուցապատողի հետ իրենց պայմանագրերը։ Եվ արդյունքում ստացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ մենք կադաստրով ստանում ենք, որ տվյալ մարդկանց անունով կա գնման իրավունք, բայց փաստացի այս պահին իրենք չունեն ոչ գույք, ոչ գնման իրավունք եւ զրկված են ծրագրի շահառու դառնալու իրավունքից։ Այս դեպքերում էլ, եթե մեր հայրենակիցները կներկայացնեն համապատասխան կառուցապատողների հետ պայմանագրերի լուծարման վերաբերյալ հիմնավորումներ, որ լուծարվել է, քանի որ չեն կարողացել վճարել, հանձնաժողովն իրավասություն կունենա տվյալ ընտանիքներին, ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում, ծրագրի շահառուի կարգավիճակ շնորհել։ Կլինեն մարդիկ, ովքեր այդ գույքն օտարել են ու գումարը դրել իրենց գրպանը, սա այդ դեպքերին չի վերաբերում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ ժամկետ է սահմանված հանձնաժողով ներկայացված դիմումներն ուսումնասիրելու ու խնդրին լուծում տալու համար։ Նրա խոսքով՝ սահմանված է առվելագույնը 45-օրյա ժամկետ, քանի որ հանձնաժողովում հասկանում են՝ բավականին շատ փաստաթղթերի հետ են գործ ունենալու։ Հանձնաժողովը պետք է գումարի նիստեր, մանրակրկիտ ուսումանասիրի բոլոր փաստաթղթերը։ «Հաշվի առնելով այդ ծավալը՝ մեկ դիմումի ընթացքի համար նախատեսված է առավելագույնը 45-օրյա ժամկետ։ Միաժամանակ սահմանված է, որ հանձնաժողովն ըստ անհաժեշտության է գումարում նիստերը, բայց դրանք պետք է գումարվեն ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ։ Եվ այդ նիստի օրակարգում ներառված բոլոր դիմումների մասով հանձնաժողովը պետք է կայացնի որոշում՝ բավարարել կամ մերժել։ Եթե կլինի լրացուցիչ տեղեկատվության պահանջի կարիք, արդեն ընթացքը ցույց կտա, որովհետեւ հնարավոր է, որ ներկայացված փաստաթղթերը բավարար չլինեն, այստեղ հավելյալ տեղեկատվության պահանջ կլինի»,- նշեց Գայանե Ղարագյոզյանը։

Նա ասաց, որ այս խնդիրները, որոնք ծագում են, հիմնականում սուբյեկտիվ են։ Օրինակ՝ անձը Արցախից տեղահանվելուց հետո չի իմացել, որ պետք է մոտենա ու հաշվառվի Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում։ Կամ փաստաթուղթ չի ունեցել այն պահին, որ իրեն հաշվառեն, հետագայում արդեն հաշվառման ժամկետն է ավարտվել։ «Բայց ամենահաճախ հանդիպած դեպքերը տեղահանումից առաջ տարբեր պատճառներով ԼՂ-ն լքած մեր հայրենակիցների վերաբերյալ են։ Մեկի հետ դժբախտ դեպք էր պատահել, պիտի գնար Ռուսաստան, մասնակցեր իր բարեկամի հուղարկավորությանը, մեկը առողջական խնդիրներով էր դուրս եկել եւ այլն։ Իրենք ԼՂ-ն լքել են ավելի վաղ, քան պատերազմը կամ բլոկադան, կամ էլ բլոկադայի պատճառով չեն կարողացել վերադառնալ։ Բայց փաստացի իրենք հանդիսանում են ԼՂ քաղաքացի անձ՝ այնտեղ ծնված, ապրած, արարած, ուղղակի հանգամանքների բերումով ավելի վաղ են այնտեղից դուրս եկել»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Ինչպես ոչնչացնել հայկական Արցախը. Հրդեհ

Օկուպացված Արցախում արդեն մեկ շաբաթ է, ինչ մոլեգնում են հրդեհներ, և օկուպացիոն ռեժիմը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում դրանք մարելու համար: Մասնագետների կարծիքով՝ հրշեջների նշանակված թիվը հեռու է աղետի մասշտաբներին համապատասխանելուց, ինչը վկայում է միտումնավոր գործողությունների մասին:

Այսօր Արցախի մշակույթի նախարարությունը մտահոգիչ հայտարարություն է տարածել, որ անտառներից բացի, վտանգի տակ է հայտնվել ավելի քան 100 մշակութային հուշարձան: Տեղեկատվության պակասը թույլ չի տալիս դատել հրդեհների ուղղության և վնասի մասին, սակայն դատելով արդեն իսկ կատարված բարբարոսական գործողություններից և «նվաճում բուլդոզերով» համաշխարհային միտումից՝ Բաքվի ռեժիմը, հնարավոր է, օգտագործում է կրակը՝ հանցագործությունները թաքցնելու համար:

«Բուլդոզերով նվաճման» միտումը հստակ երևում է Ուկրաինայում և Գազայում, որտեղ բնակչությունը դիմադրում է հարկադիր տեղահանմանը: Վերջին ամիսներին Ռուսաստանը սաստկացրել է ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերի հրետակոծությունը: Վերլուծաբանների կարծիքով՝ քաղաքների երկարատև «գրավումը» պայմանավորված է հենց նրանով, որ Ռուսաստանը սկզբում պարզապես ոչնչացնում է դրանք՝ տուն առ տուն, հաղորդակցություններ առ հաղորդակցություն: «Նվաճվող» քաղաքները ավերակների են վերածվում, չկա ոչ մի տեղ և ոչ ոք, ով կվերադառնա:

Նույն «բուլդոզերային» քաղաքականությունը Գազայում իրականացնում է Իսրայելը՝ ԱՄՆ-ի օգնությամբ։ Բնակչությանը քշում են այստեղ-այնտեղ՝ ոչնչացնելով ամեն ինչ, ինչը կարելի է հարմարեցնել բնակարանի համար։ Իսկ մարդասիրական օգնության տրամադրումը վերածվել է նվաստացման և անմարդկայնացման ծեսի. օգնությունը մատակարարվում է պարաշյուտով, հետո նվաճողները նայում են, թե ինչպես են քաղցած մարդիկ միմյանցից սնունդ խլում։

Նույն անմարդկայնացումը պարտադրվել է Արցախի ժողովրդին 9 ամիս շարունակ։ Հետո զարմանում էին, թե ինչպես քաղցած ժողովուրդը կտրականապես մերժում է Աղդամից «մարդասիրական օգնությունը» և չի հանձնվում։ Հետո հասկացան, որ սա անարդյունք ճանապարհ է և պարզապես դատապարտեցին ժողովրդին տեղահանության։

Վերջին գրեթե 2 տարիների ընթացքում հայտնի են դարձել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի հարյուրավոր դեպքեր՝ ոչնչացվել են ամբողջ գյուղեր, Ստեփանակերտի թաղամասեր, հուշարձաններ, մի քանի եկեղեցիներ։ Բայց կա մի բան, որը Ալիևի ռեժիմին հետ է պահում «բուլդոզերային քաղաքականությունից»։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը «ճանաչել է» Արցախը որպես Ադրբեջանի մաս, այնտեղ գտնվող հոգևոր հուշարձանները պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցուն։ Փաշինյանը կարող է Վանք գյուղը «տալ», բայց Գանձասարը ոչ մեկին չի կարող տալ։

Հենց սա է պատճառներից մեկը Փաշինյանի հակամարտության կաթողիկոսի հետ, ով, ըստ կանոնադրության, եկեղեցական ողջ ունեցվածքի սեփականատերն է։ Գարեգին Բ-ի Շվեյցարիայում ունեցած ելույթը և միջազգային կազմակերպությունների աջակցությունը ցույց տվեցին, որ Արցախին և նրա հազարամյա ժառանգությանը «տիրանալու» համար բավարար չէ պարզապես այն գրավել և բնակչությանը վտարել։

Քանի դեռ կան Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը, բոլոր արցախյան գյուղերում հին եկեղեցիները, Ալիևը կհամարվի օկուպանտ և քրիստոնեական եկեղեցիների զավթիչ։

Ալիևը հույս ունի, որ Արցախը կուլ տվող կրակը «դուրս կգրի» նրա վանդալիզմը և Արցախը կվերածի «սև այգու», որին քոչվորները բազմիցս ցանկացել են վերածել հայկական Արցախը։ Այդ ժամանակ այնտեղ ապրում էին տերերը, ովքեր, որքան հնարավոր էր, պահպանել էին իրենց սրբավայրերը։ Հիմա ոչ ոք չկա, որ պաշտպանի դրանք։

Ժամանակն է, որ Հայ եկեղեցին և Արցախի ղեկավարությունը տագնապ հնչեցնեն՝ զգուշացնելով աշխարհին առաջիկա աղետի մասին։ Արցախը կրկին կբարձրանա մոխրից՝ մաքրելու այն աղե սյուները, որոնց կվերածեն վանդալները։

Նաիրա Հայրումյան

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» ընդլայնում է Արցախի տարեցների համար նախատեսված Աջակցության սրճարանների ծրագիրը

Ալցհայմերի խնամք Հայաստանն (Alzheimer’s Care Armenia) ընդլայնում է «Աջակցության սրճարաններ Արցախի տարեցների համար» ծրագիրը՝ դրանում ընդգրկելով նաև Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերը։

Ծրագիրն իրականացվում է «Հայ Կանանց Բարօրության Միության» (AWWA) աջակցությամբ և հիմնված է տարեսկզբին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) ֆինանսավորմամբ մեկնարկած փորձնական նախագծի հաջողության վրա:

Աջակցության սրճարանը զգալի դրական ազդեցություն է ունեցել Արցախից տեղահանված տարեցների հոգեկան առողջության վրա՝ դառնալով անվտանգ տարածք, որտեղ նրանք կարող են շփվել, վերականգնվել և սփոփել կարոտի զգացումը հայրենի վայրից հարկադիր տեղահանումից հետո։

«Տարեցների համար, որ կորցրել են գրեթե ամեն ինչ, Աջակցության սրճարանները միայն հանդիպման վայր չեն, այլ ապաքինման, արժանապատվության ու պատկանելության զգացումի վերագտման հնարավորություն։ Ամեն մի կիսված պատմության ու ժպիտի մեջ մենք տեսնում ենք դիմացկունություն, հույս և մարդկային շփման և կարեկցանքի կարևորությունը»,-ասում է ACA-ի հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դեմենցիա ունեցող մարդիկ կկարողանան գտնել մխիթարություն և ընկերակցություն:

Արցախի ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված անվճար սրճարանները գործելու են հետևյալ քաղաքներում՝ Վանաձորում (Տիգրան Մեծ 24, հեռ. 093 623 042), Էջմիածնում (Մովսես Խորենացի 2/41, հեռ.043 777-905), Աբովյանում (Հանրապետության 30, հեռ. 093 488-055) և Արարատում (Շահումյան 58/4, հեռ. 094 642-606): ACA-ի թիմի խոսքով՝ սրճարանները կարևոր դեր կխաղան Արցախի տարեցների հոգեբանական վիճակի բարելավման հարցում՝ տրամադրելով անվտանգ տարածք՝ շփման, փորձի փոխանակման և անհրաժեշտ աջակցություն ստանալու համար։

Ծրագրի այս նոր փուլը Ալցհայմերի խնամք Հայաստանի առաքելության կարևոր հանգրվաններից է՝ միտված Հայաստանի տարեց բնակչության հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ամրապնդմանը և ուղղված հատկապես տրավմայի ու տեղահանության հետևանքով տանջվող մեծահասակներին:

«Ալցհայմերի խնամք Հայաստանի» մասին

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։ Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։ Նա նաև Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների համար նախատեսված «Ես լսում եմ քեզ» գործնական ուղեցույցի հեղինակն է։
Հավելյալ տեղեկատվության և նկարահանումների համար կարող եք կապվել Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 41 66 03 58, [email protected]

«Հայ Կանանց Բարօրության Միության (AWWA) մասին

1915 թվականից սկսած՝ Հայ Կանանց Բարօրության Միությունը (AWWA) հանդիսանում է ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն, որն իրեն նվիրել է տարեց անձանց կյանքի որակի բարելավմանը՝ թե՛ համայնքի ներսում, թե՛ արտասահմանում։ AWWA-ն հիմնադիրն է Մասաչուսեթս նահանգի Ջամայկա Փլեյն քաղաքում գործող Հայկական Հոգատարության և Վերականգնման Կենտրոնի (ANRC) և աջակցում է միջազգային ծրագրերին՝ նպաստելով ԱՄՆ-ից դուրս ապրող հայկական ծագմամբ տարեցների խնամքի և կյանքի որակի բարձրացմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.awwainc.org

Տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

«Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- նշել է ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված բովանդակության լուրը տարածել էր «Երկիր» հրատարակությունը՝ նշելով, որ դիրքը «զբաղեցվել է 8 օր առաջ»։ Նշվել էր, որ «դա Ջերմուկ քաղաքին գրեթե կպած բարձունք է»։

«Մարտունու վերջին լուսանկարները». Անին ու Վաչագանը՝ քաղաքից փրկված հիշողությունների պահապաններ

Արցախի Մարտունի քաղաքի երկու երիտասարդներ՝ Անին եւ Վաչագանը, սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ դեռ պարզ չէր՝ ինչ է սպասվում, որոշեցին լուսանկարել քաղաքի փողոցները։ «Վատագույն դեպքում՝ գոնե ջերմ հուշեր կունենանք», – ասում են նրանք։

Այս լուսանկարները, որոնք ի սկզբանե պարզապես հիշողություններ պահելու փորձ էին, հետագայում դարձան իրենց հայրենի քաղաքի վերջին վկայությունները։

«Չհասցրինք նկարել ամբողջ Մարտունին։ Լուսանկարեցինք Ավոյի արձանի ձախ հատվածից մինչեւ «Ուշառի թաղ» կոչվող տարածքը։ Ընդհանուր՝ 75 նկար։ Երբեք չէինք պատկերացնի, որ դրանք կդառնան այսքան թանկ հուշեր», – պատմում է Անին։

«Ֆոտոխցիկի մարտկոցն ամբողջությամբ լիցքավորված չէր, ու որոշեցինք սկզբում նկարել մի քանի փողոց, հետո լիցքավորել ու շարունակել։ Բայց պարզվեց, որ շարունակել չենք կարող։ Նկարներն արվել են 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Քաղաքում տագնապն ու մարդկանց հարցական հայացքներն ստիպեցին մեզ դադարեցնել՝ չնայած մեր բացատրություններին՝ շատերը պարզապես չէին հասկանում մեր նպատակը», – հիշում է Վաչագանը։

Նրանց պատմելով՝ կեսօրից հետո արդեն հայտնի էր դարձել, որ Արցախը հայաթափվելու է։ Խուճապը մեծ էր, եւ նկարահանումն այլեւս անհնար դարձան։

Տեղահանությունից հետո այդ 75 լուսանկարները դարձան սուրբ մասունքներ։

Նրանց նախագծի գաղափարն իրականություն է դառնում մարտունեցի դարձած սփյուռքահայ Շանթի շնորհիվ, ով հայտարարեց նախաձեռնությունների հավաքագրում։

Ներկայումս լուսանկարներն արդեն տպագրման փուլում են։ Ապագա ալբոմի կազմին պատկերված են Անին, Վաչագանը եւ մարտունեցիներին հայտնի ցուցանակը, որն այսօր այլեւս ֆիզիկապես հասանելի չէ, բայց շարունակում է սպասել՝ որպես վերադառնալու խորհրդանիշ։

Մարիամ Սարգսյան

Արցախի մշակույթի նախարարություն․ հրդեհներից վտանգված են Տիգրանակերտը և Ամարասը

Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար, հայտարարել է Արցախի մշակույթի նախարարությունը:

Ըստ այդ հայտարարության՝ հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան, կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։

Արցախի մշակույթի նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն, պարտավոր է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։

Նախարարությունը հավելել է, որ միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները ևս պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի տարածքում բռնկված հրդեհը օրեր շարունակ մարել չի հաջողվում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն բռնկվել է Մարտակերտի տարածքում, վերջին օրերին ընդգրկել նաև Թալիշը:

Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում

russia-artsakh.ru

Սկզբում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները վարվում էին Բաքվի և Ստեփանակերտի միջև։

1993 թվականի հուլիսի 28-ի բանակցությունների փաստը, որը տեղի ունեցավ Բաքվի նախաձեռնությամբ՝ թելադրված ռազմաճակատում ռազմական անհաջողություններով և, առաջին հերթին, Աղդամի՝ Լեռնային Ղարաբաղի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի գլխավոր հենակետի անկմամբ, պատասխանում է այն հարցին, թե արդյոք Արցախը հակամարտության կողմ է։

Միևնույն ժամանակ, հակամարտության երկու հիմնական կողմերի միջև հաստատվեց մշտական ուղիղ կապ։ Այնուհետև Մոսկվայում տեղի ունեցան հանդիպումներ. նախ՝ ԼՂ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը ԱՀ Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Աֆիաթդին Ջալիլովի հետ՝ 1993 թվականի սեպտեմբերի 15-ին, ապա՝ ԼՂ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱՀ նախագահ Հեյդար Ալիևի հետ՝ սեպտեմբերի 25-ին։

Բաքվի քաղաքագետ Ա. Հասանովը խոստովանեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ նշել Բաքվի ակնհայտ անհետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ բանակցությունների նկատմամբ»։ Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի (1991-1994) ժամանակ Բաքուն, հատկապես ռազմական պարտություններ կրելիս, բազմիցս բանակցություններ է վարել Արցախի Հանրապետության հետ։ Վ.Ն. Կազիմիրովը նշում է. «Մինչև 1993 թվականի աշունը Երևանը մասնակցել է միայն երկու համաձայնագրի ստորագրմանը. մնացած բոլոր դեպքերում ադրբեջանցիները բանակցություններ են վարել անմիջապես ղարաբաղյան կողմի հետ։ Բոլոր հրադադարի համաձայնագրերը Բաքվի և Ստեփանակերտի միջև ստորագրվել են առանց Երևանի մասնակցության»։

1993 թվականին Ադրբեջանը տասը անգամ համաձայնագրեր է կնքել հրադադարի կամ դրա երկարաձգման մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ 1993 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը ստորագրել է մի փաստաթուղթ, որում ասվում էր. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի փոխնախագահ Ա. Ջալիլովին բանակցություններ վարել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»։ Այդ ժամանակ Ադրբեջանը փաստացի ճանաչեց Արցախի Հանրապետությունը։

Եռակողմ ձևաչափով Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որով նրանք հաստատել են «հրադադարի պահպանման իրենց պարտավորությունները մինչև խոշոր քաղաքական համաձայնագրի կնքումը»։ 1995 թվականի փետրվարի 4-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, ԵԱՀԿ հովանու ներքո, համաձայնագիր են կնքել հրադադարի ամրապնդման մասին։

(https://russia-artsakh.ru/node/2972)

Բանակցություններ Ստեփանակերտ-Բաքու, 1993թ.։ Նշանավոր դիվանագետների վկայություններ

Վլադիմիր Ստուպիշին, Ռուսաստանի Դաշնության առաջին դեսպանը Հայաստանի Հանրապետությունում 1992-1994 թվականներին։

«Աղդամի անկումը։ Ուղիղ բանակցություններ»։

… Ռաֆաելլին հազիվ էր լքել հակամարտության գոտին, երբ Ադրբեջանը կրկին հրետանային և օդային ռմբակոծության ենթարկեց Լեռնային Ղարաբաղի զորքերի և բնակավայրերի դիրքերը, հատկապես Աղդամի շրջանում, որը գտնվում է Ստեփանակերտին ամենամոտ։ Ամենազվարճալին այն է, որ այս գործողությունները կատարելիս, որոնք հատկապես ինտենսիվացան հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին, ադրբեջանցիները ամբողջ աշխարհին գոռում էին, որ «ագրեսիվ հայերը» արդեն գրավել են Աղդամը, ղարաբաղցիները հերքեցին այս ապատեղեկատվությունը, հակահարված տվեցին և, ի վերջո, իրականում գրավեցին Աղդամը։ Սա տեղի ունեցավ հուլիսի 24-ի սահմաններում։ Եվ հետո հանկարծ հնարավոր դարձան ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղիղ շփումները, այլև որոշ չափով նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ղարաբաղցի պաշտոնյաների ճանաչումը։ Հետաքրքիր է, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց «հայկական զինված կազմավորումներին»՝ «Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող Աղդամի» գրավման համար (պարզվեց, որ ԼՂ-ն իսկապես ունի իր սեփական «սահմանները». մինչ այժմ ոչ ոք իրականում ոչինչ չէր ասել դրա մասին): Հաջորդ օրը Վահան Փափազյանը նամակ ուղարկեց Կոզիրևին: Նա տարակուսանք հայտնեց «Հայկական կողմի» դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ: Եվ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ կապ հաստատվեց հենց այդ օրերին, ինչը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարողացավ չնկատել: Կամ դիտավորյալ անտեսեց, ինչն ավելի վատ է: Սակայն երկուսն էլ բավականին համապատասխանում էին մեր այդ ժամանակվա դիվանագիտության բնույթին:

Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը նամակ է ուղարկել հետևյալ հասցեով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար պարոն Ս. Աբիև։ Ահա դրա ամբողջական տեքստը.

«Երկու կողմերի կողմից նմանատիպ պարտավորության դեպքում մենք պարտավորվում ենք դադարեցնել ցանկացած հարձակողական գործողություն, հրթիռային և հրետանային կրակոցներ և օդային ռմբակոծություն 3 (երեք) օրվա ընթացքում, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպման վերաբերյալ։

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հուլիսի 25-ին, ժամը 00:00-ին՝ կողմերի կողմից վերոնշյալ պարտավորությունները ստանալուց հետո։ Վերոնշյալ հանդիպման վերաբերյալ համաձայնության գալուց հետո հրադադարը ավտոմատ կերպով կերկարաձգվի մինչև այս հանդիպման օրը՝ ժամը 21:00-ն, եթե դրա ընթացքում այլ պայմաններ չհամաձայնեցվեն»։

Հուլիսի 25-ին, «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն բանակի հրամանատար պարոն Ս. Բաբայանին» հասցեին ուղղված նամակի վրա՝ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն բանակի հրամանատար պարոն Ս. Բաբայանին», Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարը (այս բոլոր դիմումներն ու կոչումները ձևաթղթի տեքստում են), Ս. Աբիևը պատասխանել է բացարձակապես նույնական տեքստով, որը միջազգային լեզվով նշանակում է նամակների փոխանակման միջոցով համաձայնագրի կնքում: Այս համաձայնագիրը անմիջապես Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչություն է փոխանցվել Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Ստարիկովի կողմից (դեսպանը արձակուրդում էր):

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակայնորեն հաստատեց այս համաձայնագիրը։ Ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լռեց։

Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերում տեղի ունեցավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպում։ Բաքվի կողմից չեզոք գոտում էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետնախարար Ալիևը, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զուլֆուգարովը և ռազմագերիների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի փոխնախագահ Քյազիմովը։ Ստեփանակերտի կողմից բանակցություններին մասնակցել են նորանշանակ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն, որը դեռ չէր մեկնել Երևան, ԼՂ ազգային անվտանգության գլխավոր վարչության պետ Աբրահամյանը և ռազմագերիների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Աղասարյանը։

Հանդիպումը, ինչպես պնդում էին Երևանում, անցել է ոչ միայն կառուցողական, այլև շատ բարեկամական մթնոլորտում։ Ղարաբաղցիները առաջարկել են երկու համաձայնագրի նախագիծ։ Ադրբեջանի ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել դրանք և պատասխանել։ Պաշտպանության նախարարները համաձայնության եկան և ստորագրեցին փաստաթուղթ՝ հրադադարը ևս յոթ օրով երկարաձգելու վերաբերյալ, որի ընթացքում պետք է տեղի ունենա գագաթնաժողով։ Հայտնվեց նաև ռազմագերիների և պատանդների հարցի լուծումը սկսելու փոխադարձ մտադրություն։

(«Իմ առաքելությունը Հայաստան։ 1992-1994թթ. Ռուսաստանի առաջին դեսպանի հուշերը» գրքից, «Ակադեմիա» հրատարակչություն, Մոսկվա, 2001թ.)

Դեսպան Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրով, Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Լեռնային Ղարաբաղում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից 1992-1996 թվականներին։

1993 թվականի հուլիսի 28-ին՝ Ադրբեջանի արևմուտքում գտնվող խոշոր քաղաքի՝ Աղդամի անկումից 4 օր անց, Մարտակերտի մոտ գտնվող առաջնագծում տեղի ունեցան Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ռազմական-կառավարական պատվիրակությունների հանդիպումներն ու առաջին բանակցությունները։ Դրանք գլխավորում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանն։ Ձեռք բերվեցին աննշան համաձայնություններ, և հրադադարը երկարաձգվեց 7 օրով՝ «ամենաբարձր մակարդակով» ԱՀ-ԼՂ հանդիպումը նախապատրաստելու համար։ Ճիշտ է, նման հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը մեկից ավելի անգամ երկարաձգվել է, բայց Բաքուն սկզբում այն հետաձգել է, ապա «մոռացել» դրա մասին։

Ռուսաստանի միջնորդական առաքելությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը աջակցել են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև այս շփումներին։ Հատկապես Մոսկվան, որտեղ 1992 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի են ունեցել հակամարտության այս կողմերի ներկայացուցիչների միջև առաջին գաղտնի շփումները։

Ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանը սկզբում ճանաչել է դրա անսովոր, եռակողմ կազմաձևը։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են Ժելեզնովոդսկում կայացած հանդիպմանը 1991 թվականի սեպտեմբերի 23-ին։ Մինսկի խումբը մոտեցել է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչելուն միայն 1993 թվականի սեպտեմբերին՝ Հռոմից դուրս կայացած առաջին հանդիպմանը՝ Մոսկվայում։

Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականին լավ համակարգված աշխատանքի օրինակ են ծառայում՝ ճանաչելով 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի փետրվարի 4-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը։ Սակայն այդ տարիներին արևմտյան տերությունները չէին շտապում ճանաչել, թե ինչի էր հասնում Մոսկվան, և նույնիսկ հակառակը։

Ես չեմ բերի փաստարկներ այս հակամարտության երեք կողմերի մասին, բայց հիմա դա ակնհայտ է։ Բոլորը, բացի Բաքվից, որը, երբ անհրաժեշտ էր, առաջինը կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, զանգահարեց և գրեց նրան, առաջարկեց չհրթիռակոծել Աղդամը և «Խանքենդին», հանդիպել Մարտակերտի մոտ։ Ավելին, նա արդեն 1994 թվականի մայիսի 9-ին զինադադար էր կնքել միայն Լեռնային Ղարաբաղի հետ՝ նախքան Երևանը համաձայնեց ստորագրել այն։ Ի՞նչպես կարելի է անվանել այն, եթե ոչ հակամարտության կողմի հետ շփում։ Ես չգիտեմ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը գիտի՞ սա, թե՞ ամեն ինչ՝ իր սեփական փորձագետները, պատմաբանները, արխիվագետները ամեն ինչ թաքցնում էին նրանից։

(https://russia-artsakh.ru/node/669)

Մասիս Մայիլյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար 2017-2021 թվականներին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը 1992 թվականի ամռանից մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի նախագահության ներքո ընթացող բանակցություններին։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը 1993 թվականի սեպտեմբերին ԵԱՀԿ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը։ Հետագայում, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության կողմ։ Մասնավորապես, 1995 թվականի մարտին ԵԱՀԿ գործող նախագահը իր Պրահայի ամփոփագրում հաստատել է «կողմերի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ-ում նախկինում ընդունված որոշումները, այսինքն՝ հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղ) մասնակցությունը ողջ բանակցային գործընթացին, այդ թվում՝ Մինսկի կոնֆերանսին»։ Նշենք, որ մինչև 1994 թվականի դեկտեմբերը, Մինսկի գործընթացին զուգահեռ, եռակողմ բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության միջնորդությամբ: Եռակողմ բանակցություններից բացի, 1993 թվականին Արցախի և Ադրբեջանի միջև տեղի ունեցան մի շարք երկկողմ բանակցություններ, այդ թվում՝ 1993 թվականի սեպտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովը: Բանակցություններից մի քանիսի արդյունքում Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրվեցին փաստաթղթեր:

Բացի 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից և 1994 թվականի մայիսի 12-ի եռակողմ և անժամկետ հրադադարի համաձայնագրից, կան բազմաթիվ օրինակներ, որոնցով պաշտոնական Բաքուն և միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը օրինական է և անվիճելի։

Մինչև 1997 թվականի ապրիլը տեղի ունեցած եռակողմ բանակցությունները ապացուցեցին իրենց առավել օպտիմալ ձևաչափը բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցում էր իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի շուրջ և պատասխանատվություն էր կրում դրանց իրականացման համար: Հենց այս ձևաչափում էլ ձեռք բերվեցին բանակցությունների ամենաշոշափելի արդյունքները՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերը։

Ադրբեջանի կողմից Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց փաստացի հրաժարվելը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կամք, և որ այս երկիրը գոհ է ներկայիս ստատուս քվոյից, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակ շահել ինքնիշխան Արցախի դեմ նոր զինված ագրեսիայի նախապատրաստվելու համար։

Դրա մասին է վկայում, ի թիվս այլ բաների, Ադրբեջանի իշխանությունների անպատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու Վիեննայում (2016 թվականի մայիսի 16), Սանկտ Պետերբուրգում (2016 թվականի հունիսի 20), Ժնևում (2017 թվականի հոկտեմբերի 16) և Կրակովում (2018 թվականի հունվարի 18) ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը օրինական հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի բանակցային հնարավորության վերաբերյալ»։

News.am-ի հետ 2018 թվականի հունիսի 3-ին տված հարցազրույցից։

(https://russia-artsakh.ru/index.php/node/543)

Видео:  переговоры Степанакерт-Баку на линии фронта 28 июля 1993 года — http://russia-artsakh.ru/node/793

Նյութը պատրաստել է

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

“Доля воровская”-ն էլ չի հնչի Գյումրիում

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ։

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար։

Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- ասված է քաղաքապետարանի։

Մինչև պարզաբանումը Նիկոլ Փաշինյանն է հասցրել գրել այդ մասին Ֆեքսբուքում։

Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Գյումրու երգող շատրվանների տեսանյութին, որի ժամանակ քրեական ենթամշակույթ կրող երգ է միացված (Доля воровская):

«Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»,- գրել է Պապոյանը։

Անգամ որոշել ենք, որ իմ արհեստանոցը Ասկերանի որ թաղամասում եմ բացելու

Մարատ Սարգսյանն Արցախի Ասկերան քաղաքից է։ Բռնատեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Երիտասարդ տղան թեև չի կարողանում հաշտվել արցախահայության հետ կատարված դառն իրականության հետ, սակայն գիտակցում է, որ, անկախ ամեն ինչից, պետք է ոտքի կանգնել և հույսը դնել սեփական ուժերի վրա։ Մարատը հավատում է, որ մարդ կարող է հասնել իր նպատակին, եթե գնա այդ նպատակի հետևից ու երբեք չհանձնվի։

Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 4/3 հասցեում 20-ամյա երիտասարդը բացել է իր սեփական ավտովերանորոգման արհեստանոցը։

-Իհարկե, իմ քայլը համարձակ քայլ է, որովհետև Երևանը մեծ քաղաք է՝ բազմաթիվ ավտովերանորոգման արհեստանոցներով։ Սակայն կարծում եմ՝ կկարողանամ հաջողել գործունեությունս, որովհետև պատրաստ եմ քրտնաջան աշխատել և ամենկարևորը՝ որակյալ ծառայություններ մատուցել։ Ոտքի կանգնելու, հարազատներիս աջակցելու և մարդկանց օգտակար լինելու հնարավորություն եմ ինքս ինձ տվել։ Իմ արհեստանոցը նաև հավաքատեղի է արցախցի երիտասարդների համար, ովքեր կարիք ունեն իրար հետ շփվելու, անցյալը հիշելու և ապագայի մասին խորհելու։ Արցախցիներս շատ դժվար ժամանակներ ենք ապրում, առանձնապես երիտասարդների համար հեշտ չէ կողմնորոշվել, որովհետև նրանց կյանքի նոր փուլը նոր միջավայրում է սկսվել, իսկ դրա համար համարձակություն, ինչու չէ նաև աջակցություն է հարկավոր,-ասում է Մարատը և ավելացնում,- ինձ ուժ ու եռանդ են տալիս իմ հարազատները, ընկերները։ Զգում եմ թիկունքս ու պարտավորվում եմ ավելի պատասխանատու լինել, որպեսզի հուսախաբ չանեմ ոչ ոքի։ Այս կյանքում մարդ պետք է աշխատի, որ կարողանա օրվա հացը վաստակի։ Փոքրուց իմ մեջ դա է սերմանվել, թե՛ տանը, թե՛ դպրոցում։

Արցախցի երիտասարդն աշխատելու ընթացքում նաև մտորում է կյանքի մասին։ Նա չի կորցնում հույսը, որ վերադառնալու է իր ծննդավայրը, որտեղ անցել է մանկությունն ու պատանեկությունը։

<< Տեղահանությունից հետո չեմ դադարել շփվել իմ ընկերների հետ։ Գրեթե ամեն օր հանդիպում ենք իրար, հաճախ խոսում վերադարձի մասին, երազում, որ այդ օրը շուտ գա։ Անգամ որոշել ենք, որ իմ արհեստանոցը Ասկերան քաղաքի որ թաղամասում եմ բացելու>>,-ասում է Մարատը, ու այդ մտքից նրա ձեռքերն ավելի եռանդուն են աշխատում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ամբողջ Հայաստանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Միևնույն ժամանակ, եղանակը կլինի չոր։ Արևմտյան քամի՝ 2-5 մ/վ արագությամբ, հնարավոր է՝ մինչև 17-20 մ/վ (փոթորիկ)։

Մինչև հուլիսի 29-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Այսպիսով, Շիրակում և Լոռիում հուլիսի 28-ին սպասվում է +32°C, Կոտայքում՝ +36°C, Գեղարքունիքում՝ +30°C, Տավուշում՝ +37°C, Ագարարոտնում՝ +38°C։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքում՝ +39°C։

Երևանում հուլիսի 28-ին և 29-ին նույնպես տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +39°C։