Ղրիմը ռուսական ճանաչելու Թրամփի որոշումը հաջողվե՞լ է կասեցնել

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը Welt-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։

«Ուկրաինան խաղաղություն է ուզում, Ռուսաստանը՝ ոչ։ Եթե [նախագահ Վլադիմիր] Պուտինը իսկապես հետաքրքրված լիներ խաղաղությամբ, նա արդեն կսկսեր հրադադարի շուրջ բանակցությունները։ ԱՄՆ նախագահ Թրամփը, ըստ էության, Պուտինին էր նվիրում Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ արծաթե սկուտեղի վրա, նաև բացառելով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին», – ասաց նա։

Մասնագետները նշում են, որ ԱՄՆ-Ռուսաստան գործարքը, որի համաձայն պատերազմը դադարում է առաջնագծում, և Ռուսաստանը ստանում է Ուկրաինայի մի մասը, կասեցվել է եվրոպական երկրների ջանքերով, որոնք ստանձնել են Ուկրաինային աջակցելու պարտավորությունը։ Թրամփը նույնիսկ նշել է, որ զարմացած է Եվրոպայի վճռականությամբ, «բայց եթե Եվրոպան պատրաստ է, թող օգնի Ուկրաինային», – ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը «կորցնում է համբերությունը» Ուկրաինայում խաղաղության գործընթացի ձգձգումների պատճառով, բայց դեռևս հետաքրքրված է կարգավորմամբ։ Նա ցանկանում է տեսնել այն ավարտին հասցնելու կոնկրետ քայլեր, նշել է դիվանագետը։ Ինչպես նշեց Ռուբիոն, պետության ղեկավարը հիասթափված է, որ Ռուսաստանի հետ իր շփումները «ոչ մի արդյունքի չեն հանգեցնում»։

Նույն հարցազրույցում ավստրիացի դիվանագետը հայտարարեց Ավստրիայի կողմից չեզոքությունից հրաժարվելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին, ինչը կարող է ենթադրել ՆԱՏՕ-ին անդամակցություն։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել. 15%-ով ավելի լավ, քան 30%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային համաձայնագիրը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն «համաձայնության են եկել», որը նախատեսում է 15 տոկոս մաքսատուրքի սահմանում Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա։ Բանակցությունները տեղի են ունեցել կիրակի՝ հուլիսի 27-ին, Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Թըրնբերիում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահի գոլֆի հանգստավայրը։ Հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահը խոստացել է օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԵՄ-ն նաև խոստացել է լրացուցիչ ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսությունում՝ նշված առևտրային համաձայնագրի շրջանակներում՝ 600 միլիարդ դոլարի (510 միլիարդ եվրո) չափով։ Բացի այդ, Բրյուսելը Միացյալ Նահանգներից կգնի էներգետիկ ռեսուրսներ 750 միլիարդ դոլարի (638 միլիարդ եվրո) չափով, ասել է Թրամփը։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից գնել ռազմական տեխնիկա։

«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով», – ասել է ֆոն դեր Լեյենը։

ԵՄ-ի համար մաքսատուրքերը կարող էին ավելի բարձր լինել, քան վերջնական 15%-ը՝ սպառնացել էին 30%։ Չնայած Մեծ Բրիտանիայի համար տուրքերը կազմում են 10%-ը։

Իսկ ԱՄՆ-ի համար, անցյալ տարվա ցուցանիշների հիման վրա, սա խոստանում է մաքսատուրքերից 90 միլիարդ դոլարի եկամուտ, գումարած 600 միլիարդ դոլարի ներդրումներ։

Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից էր

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 27–ին, Ազատի ջրամբարում 16–ամյա պատանու ջրահեղձ լինելու դեպքից։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում են, որ տղան չորս ընկերներով միասին եկել են այստեղ ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։

Նախնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում և ժամը 17:00-ի սահմանում տղայի մարմինը ջրամբարից հայտնաբերել են։

Նշենք, որ ջրահեղծ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված ընտանիքից էր, ապրում էին Ազատավան գյուղում, ընտանիքում հինգ եղբայր են։

 

Թուրքիայում անտառային հրդեհներ են

Թուրքիայում սաստիկ շոգերի պատճառով մի շարք շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք ընդհուպ մոտեցել են Անթալիային և այլ ափամերձ հանգստավայրերի, հայտնում է Ազատությունը։

Այսօր թուրքական իշխանությունները հայտնել են, թե որոշ շրջաններում հաջողվել է մարել կրակը։ Ստամբուլից հարավ գտնվող Բուրսա նահանգում, սակայն, գրանցվել են հրդեհների նոր բռնկումներ։

Անթալիայում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասնում է մինչև +35°C-ի, քամու արագությունը՝ մինչև 27 կմ/ժ։ Թուրքիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև +50°C-ի։

Ընդհանուր առմամբ, երկրով մեկ տարհանվել է ավելի քան 1500 մարդ, այսօր հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը մարելիս զոհվել է 10 հրշեջ։

BBC. Ալիևը կարծում է, որ կարող է ագրեսիվ լինել բոլորի նկատմամբ և անպատիժ մնալ

Բրիտանական BBC-ն հրապարակել է ընդարձակ հոդված, որի էությունն այն է, որ «ռուսներին Ադրբեջանը և Կասպից ծովը անհրաժեշտ են Հյուսիս-Հարավ տարանցման, Հարավային Կովկասում ազդեցության համար: Եվրոպային Ադրբեջանը անհրաժեշտ է էներգամատակարարման, ինչպես նաև Արևելք-Արևմուտք տարանցման համար: Ադրբեջանի ղեկավարության մոտեցումը բնութագրվում է կարճաժամկետ, ակնթարթային մտածողությամբ. նրանք կարծում են, որ կարող են ագրեսիվ վարվել բոլորի նկատմամբ և անպատիժ մնալ»:

Ալիևն իսկապես մինչ այժմ ինչից անպատիժ է մնացել, և մեծ մասամբ՝ Թուրքիայի, Իսրայելի և Ռուսաստանի աջակցության շնորհիվ: BBC-ն փորձում է հասկանալ, թե ինչպես է Ալիևը կարողանում մնալ իշխանության գլուխ՝ խախտելով բոլոր հնարավոր նորմերը, չնայած այժմ ալիևները կառավարում են ամենուր՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում:

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիության առաջնորդները խաղադրույք են կատարել Ադրբեջանի վրա որպես էներգետիկ գործընկերոջ՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար: Քննադատները նշում են, որ արդյունքում Ադրբեջանում լայնածավալ ներքին ճնշումներ և հետապնդումներ են եղել, և ԵՄ-ն դավաճանել է իր սկզբունքները՝ չկարողանալով լուծել իր գազային խնդիրները, հաղորդում է BBC-ն:

Անցյալ դեկտեմբերին Եվրախորհրդարանը ճանաչեց այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անձնական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և «վերջ դնել ադրբեջանական գազի ներմուծումից կախվածությանը»։ Սակայն Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթի են և չեն պարտավորեցնում միության միջազգային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին որևէ բան անել։

ԵՄ մասշտաբով Ադրբեջանի գազի ներմուծման բաժինը մնում է համեստ՝ 4.3%։ Միևնույն ժամանակ, երեք երկրներ մի փոքր տարբերվում են. Բուլղարիան իր գազի մոտ 40%-ը ստանում է Բաքվից, Հունաստանն ու Իտալիան էլ՝ ավելի քան 15%։

BBC-ն նշում է, որ Արևմուտքն Ալիևին ամեն ինչ ներում է Ուկրաինային աջակցելու մասին իր խոսքերի համար։

Մոսկվան, իր հերթին, շատ բան է ներում Բաքվին, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի՝ Ադրբեջանի միջով անցնելու համար, որը Ռուսաստանին կապ է ապահովում Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, ինչը հատկապես կարևոր է Եվրոպայի հետ առևտրի նվազման համատեքստում։ Անցյալ տարի միջանցքով տարանցումն աճել է 28%-ով։

BBC-ին հարցազրույց տված դիվանագետի խոսքով՝ 2020 թվականին Ադրբեջանի իշխանությունները կարծում էին, որ գուցե «կարող են գնել Արևմուտքը, և Արևմուտքը կփակի աչքերը, երբ նրանք շարժվեն դեպի Լեռնային Ղարաբաղ»։

Արևմուտքը ոչ միայն աչք է փակել, այլև այժմ սատարում է Բաքվին, որը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ փորձելով միջանցք բացել Հայաստանի հարավով՝ ըստ էության անեքսիայի ենթարկելով հայ-իրանական սահմանը։

Միևնույն ժամանակ, BBC-ն գրում է, որ այսօր ադրբեջանցիներն ունեն Հարավային Կովկասում ամենացածր աշխատավարձերը, իսկ ցամաքային սահմանները փակ են քաղաքացիների համար. դրանցով կարող են անցնել միայն Ադրբեջանի միջով տարանցնող ապրանքները։ Սահմանները փակվել են 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով, և այդ ժամանակվանից ի վեր կարանտինը պարբերաբար երկարաձգվել է։

Վրաստանի և Հայաստանի համեմատությամբ՝ Ադրբեջանն ունի առաջին անհրաժեշտության ապրանքների ամենաբարձր գնաճը և ամենացածր մարդկային զարգացման ինդեքսը, որը հաշվի է առնում կենսամակարդակը, գրագիտությունը, կրթությունը և երկարակեցությունը։

Ռուսաստանում ծիծաղում են. ադրբեջանցիներին անվանել են ՌԴ հնագույն էթնիկ խումբ

Ռուսական լրատվամիջոցները բացահայտ իրոնիայով են հրապարակում ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը այս պաշտոնը զբաղեցրել է 1998-1999 թվականներին, ասել է, որ էթնիկ ադրբեջանցիները Դերբենտի ամենամեծ ազգային խմբերից մեկն են։

«Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է։ Նրա բնակչության մոտ 40%-ը էթնիկ ադրբեջանցիներ են», – ասել է նախկին նախարարը (մեջբերում է Minval.az-ը)։

Զուլֆուգարովի խոսքով՝ Ռուսաստանի որոշ ներկայացուցիչներ անտեղի կոչեր են անում՝ «մեկնել իրենց Ադրբեջան»։ «Ի՞նչ են նրանք նկատի ունենում։ Ռուսաստանի հնագույն բնիկ բնակչությունը պետք է լքի՞ իր երկիրը», – հարցրել է նա։

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց Կաթողիկոսական դամբարան

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց Կաթողիկոսական դամբարանի, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտնել է՝ հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու նախաձեռնությունը ծրագրվել էր դեռ1955 թ.՝ Վազգեն Ա-ի օրոք։

Շարականների ու սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ սեղանները, ապա Ամենայն հայոց կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։
Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար, լուսահոգի Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ Դադիի մասունքները, որը Թադեոս առաքյալի աշակերտն էր, թաղված են Դադիվանքում: Թադեոսն ու Բարդուղոմեոսը քրիստոնեություն են քարոզել Հայաստանում: Նորագույն պատմության 1-ին դարում՝ 60-70-ական թվականներին, Դադին եկել է քրիստոնեություն քարոզելու հայկական երկրի Արցախյան մասում, նահատակվել և թաղվել է այստեղ: 

Արցախը կորցնելու հետ ես կորցրի նաև ինձ։ Մնացին միայն հիշողությունները

Արցախյան առաջին պատերազմից հետո տարիներ են անցել, սակայն վերքերը շարունակում են մխալ մարդկանց սրտերում։ 1994-ին Նաիրա Արզումանյանին կյանքն Արցախից հասցրել է հեռավոր Ուկրաինա, ապա՝ Ռուսաստանի Դաշնություն։ Տարիներ շարունակ նա ապրել է Արցախի կարոտը սրտում, իսկ 2023-ի սեպտեմբերի տեղահանությունը աղ է լցրել նրա դեռևս չսպիացած վերքերին։

1992 թվականի սեպտեմբերի 25-ը Արզումանյանների համար ճակատագրական օր էր

 -Արցախում պատերազմ էր, ծանր մարտեր էին գնում։ Մեր ընտանիքն Ասկերանից տեղափոխվել էր Ստեփանակերտում ապրող բարեկամի տուն, որովհետև Ասկերանում մնալը շատ վտանգավոր էր։ Ես ու քույրս՝ Էլմիրան մեկնել էինք Հայաստան, իսկ ծնողներս, տատիկս ու փոքր քույրս՝ Աիդան, Ստեփանակերտում էին։ Այդ օրը նրանք տանն էին, սովորականի պես ինչ որ գործեր էին անում։ Հանկարծ Ստեփանակերտը սկսվում է ռմբակոծվել։ Մինչ նրանք կվազեին որևէ տեղ պատսպարվելու՝ ռումբերից մեկն ընկնում է հենց այդ տան վրա (Սիմոնի աղբյուրից քիչ ցածր)։ Ալիքը քրոջս մի կողմ է շպրտում՝ փրկելով նրան, իսկ հայրս ու մայրս զոհվում են մեկ վայրկյանում։ 80-ամյա տատիկս ողջ է մնում։

Ճակատագիրը շատ դաժան է գտնվել մեր ընտանիքի հանդեպ։ Տատս, որ միայնակ է մեծացրել իր մինուճար զավակին (պապս զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում), չէր ցանկանում ապրել, անընդհատ կրկնելով, որ որդին ու հարսն իր տեղն են զբաղեցրել։ Սակայն միթե՞ հնարավոր է փոխել այն, ինչ որոշված էր ի վերուստ։ Այդ ժամանակ հոգեբանական մեծ ցավ տարավ քույրս, ով մտնելով սենյակ, տեսավ մեր ծնողների անշնչացած մարմինները։ Փառք Աստծո, արդեն թոռան տեր է, սակայն մինչև այսօր մղձավանջները նրան հանգիստ չեն տալիս։

Երեք քույրերով սկսեցինք շարունակել ապրել՝ գիտակցելով, որ տատիկի խնամքը մեզ վրա է։ Առանց ծնողների շատ ծանր էր։ Բարեբախտաբար մեզ շրջապատեցին հոգատար մարդիկ, որոնց թվում էին նաև իմ ընկերները։ Պարտական ենք իմ համադասարանցի, երջանկահիշատակ Յուրա (Ուկա) Աղաջանյանին․ առանց նրա աջակցության մենք պարզապես չէինք կարող ապրել։ Որոշ ժամանակ հետո մեր հաղթանակով ավարտվեց պատերազմը։ Արցախում հետզհետե նոր կյանք սկսվեց։ Իր բոլոր դժվարություններով հանդերձ այն հիասքանչ էր։ Երբևէ չէի կարող մտածել, որ կապրեմ իմ ծննդավայրից հեռու ու ստացվեց այնպես, որ կյանքի անիվն ինձ ու քույրերիս տարավ Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու։

Գրեթե ամեն տարի Նաիրան գալիս էր Արցախ, այցելում հարազատների շիրիմներին, տիրություն անում հայրական օջախին։ Ասկերանի քաղաքապետարանում վստահ էին Արզումանյանները պետության հանդեպ իրենց հարկային պարտավորությունները կատարելու են ժամանակին։

2018-ին Նաիրայի մինուճար զավակն իր ժամկետային ծառայությունն անց է կացրել ԱՀ ՊԲ շարքերում։

-Չեմ կարող ասել, թե ինձ համար հեշտ էր, երբ տղաս որոշեց, որ ծառայությունն Արցախում է անցկացնելու։ Սահմանները հանգիստ չէին, սակայն չփորձեցի նրան հակառակը համոզել, գիտեի՝ որոշումն անխախտ է։ Երկու տարի ծառայեց սահմանում ու երբեք չդժգոհեց։ Ներքուստ հպարտանում էի, որ որդիս Արցախս է պաշտպանում։ Ծնվել է Ուկրաինայում, մեծացել Ռուսաստանում, ոչ մի տեղանքի ծանոթ չէր, ընկերներ չուներ, սակայն կարողացավ օրինակելի իրականացնել իր ծառայությունն ու վերադառնալ տուն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հոգեպես աջակցել են ինձ այդ երկու տարիների ընթացքում։ Մինչև որդուս վերադարձը ես իմ տեղը չէի գտնում։ Մոսկվա վերադառնալուց առաջ նա այցելեց հարազատներիս շիրիմներին, իմ հայրական Քյաթուկ գյուղի սրբավայրերը։ Այդ ժամանակ չէինք պատկերացնում, որ երեք տարի հետո Արցախը մերը չի լինելու։

Նաիրա Արզումանյանը գրեթե 30 տարի Արցախից դուրս էր ապրում, սակայն նա ապրում էր Արցախի դարդ ու ցավերով, երջանկանում, երբ տարեցտարի հզորանում էր երկիրը։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը, վառելիքի պահեստի պայթյունն ու դրանց հաջորդած Արցախի հայաթափումն իսկական ողբերգություն էր նրա համար։

-Վերջին անգամ Արցախ եմ գնացել 2020-ին։ Նախապատրաստվում էի նորից այցելել, որովհետև ամեն տարի այնտեղ գնալն իմ պարտականությունն էի համարում։  Երբ լսեցի կատարվածի մասին, չէի կարողանում հավատալ։ Անմիջապես զանգահարեցի ընկերուհիներիս՝ ճշտելու լսած գույժը․ հաստատվեց։ Ասես երկինքը փուլ եկավ․ վերապրեցի ողջ կյանքս ու այդ պահին ես վերստին համոզվեցի, որ թեև ֆիզիկապես Արցախում չէի ապրում, սակայն իմ սիրտն ու հոգին այնտեղ էին։ Արցախը կորցնելու հետ ես կորցրի նաև ինձ։ Մնացին միայն հիշողությունները, որոնք մինչև իմ կյանքի վերջին վայրկյանն ապրելու են ինձ հետ։ Հավատում եմ՝ մի գեղեցիկ օր լսելու եմ, որ իմ ժողովուրդը վերադառնում է Արցախ։ Ու այդ օրն իմ կյանքի ամենաերջանիկ օրն է լինելու։

Արցախի կորստից և արցախահայության աշխարհով մեկ սփռվելուց հետո Նաիրան չի հանգստանում։ Նա շարունակում է ապրել արցախցիների կյանքով ու օգնում շատերին իր հնարավորության սահմաններում՝ չմոռանալով համադասարանցիընկերներին, ովքեր թիկունք էին նրա համար Արցախում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան

Թուրք լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը մայիսի 21-ից 25-ը մի լուսանկարիչների խմբով այցելել է Հայաստան, գրում է Ermenihaber.am–ը։

Խմբի ղեկավարը՝ Աքբաշը, Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել Թուրքիայում հրապարակվող միակ հայկական «Ակոս» թերթի համար:

Նշվում է, որ Աքբաշը հայտնի է աշխրահի տարբեր երկրներում 40 տարի ի վեր իրականացված լուսանկարչական գործունեությամբ:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հանդիպումներ է ունեցել Լոռու մարզում

Հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության փոխնախագահներ Գոռ Պողոսյանը և Սևակ Հակոբյանը, ինչպես նաև կազմակերպության անդամները ՀՀ Լոռու մարզում հանդիպում ունեցան մարզում ժամանակավորապես ապաստանած բռնի տեղահանվածների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունում։
Քննարկման ընթացքում տեղահանված անձինք բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք խնդիրներ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտներից։
Շեշտվեց փոխօգնության, փոխընկալման և շարունակական խորհրդակցությունների կարևորությունը՝ խնդիրների հասցեագրման և լուծման ուղիների ձևակերպման նպատակով։
Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին «ԼՂ փախստականների իրավապաշտպան միության» հետևողական գործունեությունը՝ ուղղված տեղահանվածների խնդիրների վերհանմանն ու բարձրաձայնմանը, դրանց կարևորության ընդգծմանը, ինչպես նաև միջազգային կառույցների հետ հետևողական համագործակցությունը՝ տեղահանվածների հիմնախնդիրները միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ։

Սուտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է Հայաստանից անվերապահորեն դուրս բերել զորքերը Արցախից, պահանջն ուղղված էր տեղի հայկական ուժերին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերից 2-ը հենց Ադրբեջանն է մերժել, քանի որ հայկական զորքերի դուրս բերումը պայմանավորվում էր հրադադարով եւ Մինսկի խորհրդաժողով հրավիրելով։ Այս մասին այսօր լրագրողներւի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իր հեղինակած գրքում տեղ գտած փաստերի մասին։

Լույս է տեսել Արթուր Խաչատրյանի հեղինակած «Արցախյան բանակցությունները» գիրքը՝ երկու հատորով։

Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակն Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց այն բացահայտումներով, որոնք արել է այս աշխատությունը գրելու ժամանակ։

«Շատ պարադոքսալ իրավիճակ է՝ Ադրբեջանը 20 տարի մարդկանց ուղեղը լվանում էր այն կեղծ պնդումով, թե ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է Հայաստանից անվերապահորեն դուրս բերել զորքերը Արցախից։ Բայց նման բան գոյություն չունի, նախ պահանջն ուղղված էր տեղի հայկական ուժերին։ Երկրորդ, վերջին երկու բանաձեւերն Ադրբեջանն է հրաժարվել ընդունել, որովհետեւ այնտեղ պահանջ կար՝ ԼՂ հայկական ուժերը դուրս են գալիս, օրինակ, Ակնայից, իսկ ադրբեջանցիները դուրս են գալիս Շահումյանից եւ Մարտակերտից։ Եվ պետք է հրավիրվեր Մինսկի խորհրդաժողով, որտեղ պետք է քննարկվեր Արցախի վերջնական կարգավիճակը։ Այսինքն՝ այդ բանաձեւերում չկա հայկական զորքերի դուրս բերման անվերապահ պահանջ։ Դուրս բերումը պայմանավորվում է հրադադարով եւ Մինսկի խորհրդաժողով հրավիրելով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խեղաթյուրել ու նենգափոխել են բանակցային գործընթացը, այդ պատճառով էլ չեն հրապարակում 2019 թվականին համանախագահներից ստացած առաջարկությունը։