Բալայան. Արցախն ազատագրելը միայն պատերազմով հետ վերցնելը չէ

«Արցախյան էջը փակված չէ, որովհետեւ արցախահայությունը հայ ժողովրդի օգնությամբ իր պետականությունը վերակերտեց միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվ արցախահայությունը վաստակել է ազատ ապրելու իրավունքը, պարզապես պետք է փորձել համահայկական միասնակամությամբ հասնել արդյունքի։ Ինչպես 1993-94 թվականներին մենք հաղթանակ կերտեցինք, այդ նույն միասնակամությամբ ուժերը մեկտեղել, նորից վերագտնել մեզ ու ինչու չէ, նաեւ ազատագրել Արցախը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ագզային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Նա նշեց, որ միջազգային փորձը եւս հուշում է, որ արցախցիները պետք է շարունակեն իրենց պայքարը։ «Ցավոք սրտի, այսօր աշխարհում ամեն ինչ դրված է ուժի հիմքերի վրա, բայց դա ինչ-որ ձեւով մեզ չպետք է հուսալքի։ Կարծում եմ, որ այդ հնարավորությունը մեր ժողովուրդն ունի՝ նորից իր արժանապատվությունը , իր ազատ ապրելու իրավունքը վերականգնելու եւ, ինչու չէ, մեր հայրենիքի մի հատվածը ազատագրելու»,- նշեց նա՝ հավելելով, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում առկա փաստաթղթերը եւս այս հնարավորությունը տալիս են։

Ըստ Բալայանի՝ Արցախն ազատագրելը միայն պատերազմով հետ վերցնելը չէ, դա ենթադրում է նաեւ դիվանագիտական ու քաղաքական աշխատանք։

Ֆրանսիայի դեսպան․ «Բարի գալուստ Զանգեզուր, Հայաստանի ինքնիշխան տարածք»

«Ազատություն» ռադիոկայանը X-ի իր էջում հոլովակ է տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին` «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր» վերնագրով:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին տարածել է այդ գրառումը և կից գրել. «Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»:

Ինչո՞վ են վախեցնում արցախցի պաշտոնյաներին

Երեկ Հայաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության պետ Նելլի Դավթյանը Step1.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող արցախցիների թիվը կտրուկ աճել է։

Դիմորդների թվի աճը տեղի է ունեցել բնակարանային ծրագիրը բոլոր արցախցիների համար բացվելուց հետո։ Մի շարք հանրահավաքներից և ինքնակազմակերպման փորձերից հետո ակնհայտ դարձավ, որ ՀՀ կառավարությունը չի փոխի իր մոտեցումը, վարձակալության աջակցություն չի լինի, Արցախի ղեկավարությունը գտնվում է անգործության մեջ, և պետք է մտածել, թե ինչպես ինքնուրույն դուրս գան փոսից։ Հատկապես այն պայմաններում, երբ հայկական անձնագրեր ունեցող արցախցիներին վերաբերվում են նույնիսկ ոչ թե որպես փախստականների, այլ որպես անօրինական և վտանգավոր միգրանտների։

ՀՀ կառավարությունը չի ճանաչել արցախցիներին ո՛չ որպես այլ երկրից եկած փախստականների, ո՛չ էլ որպես ներքին տեղահանվածների, ինչը իրեն մանևրելու լայն դաշտ է թողել։ Նման պայմաններում բավական է ապահովել նվազագույն սոցիալական աջակցություն և դրա սակավությունը հիմնավորել հատուկ մշակված խոսույթներով. արցախցիները չեն կռվել, նրանք պետք է մնային և ապրեին Արցախում, և քանի որ Ստեփանակերտը աջակցում էր Ռուսաստանին, ապա թող արցախցիները օգնության համար դիմեն իրենց ռուսամետ առաջնորդներին, ովքեր թալանել են Արցախը և չեն ցանկանում օգնել իրենց հայրենակիցներին։

Այս նարատիվների մեջ մեծ ճշմարտություն կա, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում Հայաստանի կառավարության մոտեցումը արցախցիների իրավունքների նկատմամբ։ Այդ ճշմարտությունը չի փոխում այն փաստը, որ Արցախը օկուպացվել է Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի աջակցությամբ, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Հայաստանի վարչապետը։

Չնայած Հայաստանում Արցախի ղեկավարությունը զրկված է գործադիր իշխանություններից, այնուամենայնիվ, արցախցի պաշտոնյաների վարքագիծը չի դիմանում ոչ մի քննադատությանը։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արցախցի պաշտոնյաների համար ավելի հեշտ կլիներ համատեղ լուծել, և ոչ ոք չէր կարող արգելել նրանց դա անել։

Օրինակ, Անաիտ Պետրոսյանը գրում է, որ արցախցիները ստիպված են վերականգնել և թարգմանել իրենց  փաստաթղթերը Հայաստանում, իսկ մեկ փաստաթղթի թարգմանության արժեքը 5000-6000 դրամ է։ Մի՞թե Արցախի ներկայացուցչությունը չէր կարող ապահովել փաստաթղթերի անվճար կամ գոնե էժան թարգմանություն։ «Մի՛ թողեք արցախցիներին մենակ նման փոքր, բայց կարևոր հարցերում», – գրում է Անաիտ Պետրոսյանը։

Փետրվարին Արցախի խորհրդարանն ընդունեց արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին օրենք, սակայն այս օրենքը անտեսվեց Հայաստանի կառավարության կողմից: Արցախի խորհրդարանը ՀՀ կառավարությանը պարզ հարց չտվեց. եթե դուք կուտակային ֆոնդերի արցախցի շահառուներին չեք համարում Հայաստանի քաղաքացիներ, ապա ի՞նչ իրավունքով եք նրանց միջոցները ուղղորդում հայկական ֆոնդեր: Եվ եթե դուք նրանց համարում եք Հայաստանի քաղաքացիներ, ինչո՞ւ նրանց բնակարանային աջակցություն չի տրամադրվում՝ որպես կորցրած գույքի փոխհատուցում: Օրինակ, ինչպես եղավ Կիրանցի դեպքում, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ օտարված գույքի դիմաց մարդկանց վճարվեց պատշաճ փոխհատուցում:

Արցախի բնակիչների քաղաքացիության հարցը քննարկվում է միայն մասնավոր հայցերի կարգով: Օրինակ՝ Մարատ Եգանյանի կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ հարուցված դատական ​​գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս: Սահմանապահները ՀՀ անձնագիր (070 կոդով) ունեցող Եգանյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը առանց փախստականի վկայականի: Դատարանը հիմա չի կարող որոշել, թե արդյոք ՀՀ անձնագիրը քաղաքացիության անվիճելի ապացույց է:

Այս հարցերը չպետք է լուծվեն մասնավոր կերպով, այլ կոլեկտիվ՝ արցախյան վերնախավի ակտիվ աջակցությամբ։ Սակայն արցախցի շատ նախկին պաշտոնյաներ աշխատում են շատ չերևալ, որ ոչ ոք չհիշի հին դեպքերի մասին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և դրանից շատ առաջ սկսեցին լուրեր տարածվել, որ արցախյան ղեկավարությունը վաճառում է որոշ ակտիվներ՝ հիդրոէլեկտրակայաններ և այլ օբյեկտներ, որոնք հնարավոր չէր դուրս բերել։ Կրկին, լուրերի մակարդակով, ասում էին, որ բյուջետային մնացորդ միջոցները բաշխվել են որոշակի անձանց միջև։

Այս փաստերը, հավանաբար, հայտնի են Հայաստանի իշխանություններին, և դրանք օգտագործվում են նրանց վախեցնելու համար, ովքեր պարտավոր են կազմակերպել գործողություններ արցախցիների իրավունքները պաշտպանելու համար։ Նրանց վախեցնում են դեռ մասնավոր անձանց բերանով։

Վերջերս ՀՀ քաղաքացի Բարդուխ Գալստյանը Հ-1-ի եթերում հայտարարեց, որ այն արցախցիները, ովքեր կոչ են անում հանրահավաքների, թալանել են ամբողջ Արցախը և տվել ռուսներին։ Այլոց թվում նա նշեց Արտակ Բեգլարյանին, ով պահանջեց ներողություն խնդրել և խոստացավ դատի տալ։ Բարդուխ Գալստյանը պատասխանեց՝ նշելով, որ մտադիր չէր անձնավորել կամ անուններ տալ, բայց այնուամենայնիվ ասաց, որ Արտակ Բեգլարյանը, ուրիշների հետ միասին, «ունեին հսկայական միջոցներ Արցախում, դրանց մեծ մասը դուրս էր բերել Արցախից և այժմ այդ միջոցները կառավարում է հիմնականում Ռուսաստանում»։

Չկա նման փաստերի գոնե մեկ դատական ապացույց։ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը բազմիցս դիմել է քննչական մարմիններին՝ խնդրելով պարզել, թե ով ինչ է գողացել Արցախում, բայց մինչ այժմ մեղադրանքներ են ներկայացվել միայն Ստեփանակերտի քաղաքապետի դեմ, ով մեղադրվում էր քաղաքային մեքենաները դուրս բերելու թույլտվություն տալու մեջ։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի կողմից երեք արցախյան շրջաններից հրաժարվելը առանց մեկ կրակոցի, օկուպացված Արցախում ակտիվները թշնամիներին փոխանցումը չի համարվում «կողոպուտ», իսկ արցախյան ղեկավարության գործողությունները համարվում են բոլոր խնդիրների պատճառը։

Ակնհայտ է, որ անապացուցելի կոռուպցիայի և կողոպուտի թեման և արցախցի հարուստներին դիմելու կոչերը արվում են, որ  արցախյան էլիտան հանկարծ չակտիվանա, իսկ Հայաստանի կառավարությունը՝ արցախցիներին կարճ սոցիալական կապանքի տակ պահի։ Միևնույն ժամանակ, կարելի է պառակտել արցախյան հասարակությունը՝ «ականջին» պատմելով, թե ով ումից որքան է գողացել։

Արցախցիներին տրամադրվել է 2113 հավաստագիր, որից 484-ն արդեն իրացվել է

Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվա դրությամբ հատկացվել է բնակարանի գնման 2113 հավաստագիր, որից 484-ն արդեն իրացվել է։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

«Ակտիվությունն ավելի քան ակնհայտ է, եւ դա ամեն օր ենք մենք արձանագրում։ Այսօրվա դրությամբ մենք արդեն տրամադրել ենք 2113 հավաստագիր, որից 484-ն արդեն իրացվել է։ Այսինքն՝ հավաստագրով մարդիկ արդեն ձեռք են բերել անշարժ գույք կամ մի քանի դեպքեր ունենք, երբ կառուցապատման բաղադրիչից են օգտվել եւ կառուցում են բնակելի տուն»,- ասաց նա։

Արցախցիները դժգոհում են, որ կառավարության կողմից բնակապահովման ծրագրում կատարված վերջին փոփոխություններից հետո Հայաստանի մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ, բնակարանների գները թանկացել են։

Գայանե Ղարագյոզյանն ասաց, որ իրենք եւս նման բողոքներ ստացել են։ «Նման ահազանգեր մենք մեր բոլոր բնակապահովման ծրագրերի գործարկումից հետո ենք ստանում, բայց եւ այնպես պետք է գիտակցենք, որ այստեղ գործում է տնտեսագիտության առաջարկի եւ պահանջարկի օրենքը, որն այդ պահին կառավարելի չէ, եւ որեւէ կառույց դրան վերահսկողությամբ չի կարող զբաղվել։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացն ինքնակարգավորվող է, որոշ ժամանակ անց ամեն ինչ կընկնի իր տեղը։ Դա նորմալ է, եթե կա պահանջարկ, հասկանալի է, որ առաջարկը մի փոքր թանականում է»,- նշեց նա։

Ստեղծված պայմաններում, երբ բնակարանների գները թանկանում են, բնակապահովման ծրագրի շրջանակներում արցախցիներին հատկացվող գումարները չեն բավարարում նորմալ բնակարաններ ձեռք բերել։ Մարդիկ ֆինանսական մասնակցություն պետք է ունենան, որպեսզի կարողանան նորմալ բնակարան ձեռք բերել, բայց ոչ բոլոր արցախցիներն ունեն գումար, բանկերը նրանցից շատերին վարկեր չեն տրամադրում։

Գայանե Ղարագյոզյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Ես ձեզ ասացի, որ մենք ունենք 484 ընտանիք, ովքեր վերջին մի քանի ամսվա ընթացքում կարողացել են իրացնել իրենց հավաստագրերը։ Եվ նրանցից ոչ բոլորն են գումար ավելացրել, գումար հիմնականում ավելացնում են այն ընտանիքները, ովքեր Երեւանում կամ, օրինակ, Աբովյանում են նախընտրում բնակարան ձեռք բերել։ Իսկ եթե նախընտրում են մյուս մարզային բնակավայրերը, եւ խոսքը բնավ սահմանամերձ բնակավայրերի մասին չէ, ապա գումարը բավականացնում է անշարժ գույք ձեռք բերելու համար։ Մի փոքր խնդիր ունենք շատ փոքր կազմով ընտանիքների հետ, ովքեր նախընտրում են 3 մլն-ոց բնակավայրերը։ Բայց իրենց էլ մենք առաջարկում ենք, որ կարող են 5 մլն-ոց բնակավայրում գույք ձեռք բերել։ Իսկ եթե պնդում են, որ 3 մլն-նոց բնակավայրն են ուզում, խոսքը Երեւանի մասին է, ուրեմն պետք է ունենան ֆինանսական մասնակցություն, որովհետեւ հասկանում ենք, որ Երեւանում տուն ունենալն այնքան էլ հեշտ բան չէ»։

Ռոզա Հովհաննիսյան

Վերստեղծվել են Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգները

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, թվայնորեն վերստեղծվել են հետևյալ թանգարանների հավաքածուները․
Շուշիի պրոֆեսոր Գրիգոր Գաբրիելյանցի անվան Արցախի երկրաբանության պետական թանգարան
 Շուշիի քանդակի միջազգային պուրակ
Շուշիի դրամիթանգարան
Արցախյան գորգի թանգարան
Այս նախաձեռնությունը շարունակությունն է Արցախի Հանրապետության Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից իրականացված աշխատանքների, որի արդյունքում նախկինում արդեն իսկ վերստեղծվել էին 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի ևս վեց թանգարանների կատալոգները։
Վերականգնված բոլոր կատալոգները հանրայնորեն հասանելի են և ներկայացվել են հատուկ շնորհանդեսի ժամանակ։
Մշակութային հիշողությունը չի կարող բռնազավթվել։
Դիտեք կատալոգները հետևյալ հղմամբ.

Մակրոնը կճանաչի Պաղեստինը սեպտեմբերին. երբ վերջին հայը լքեց Արցախը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Հավատարիմ լինելով Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հանդեպ մեր պատմական հանձնառությանը, ես որոշել եմ ճանաչել Պաղեստինի պետությունը Ֆրանսիայի կողմից։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում՝ կցելով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին ուղղված նամակը։

«Անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել, ազատ արձակել բոլոր պատանդներին և զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի ժողովրդին։ Անհրաժեշտ է նաև երաշխավորել Համասի ապառազմականացումը, ապահովել անվտանգությունը և վերականգնել Գազան», – հավելել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը երեկ օրենք է ընդունել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի մասին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված միջազգային նորմերի խախտում է։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Պեկինում կայացած ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից հետո Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանն ու Եվրոպան պետք է պահպանեն ներկայիս աշխարհակարգը։

Այս աշխարհակարգը սկսեց փլուզվել 2020 թվականին Արցախում Հայաստանի դեմ պատերազմից և ավելի վաղ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի բռնակցումից հետո։ Աշխարհակարգի կործանումը, ինչպես նշում են վերլուծաբանները, ենթադրում է «թույլ» երկրների ինքնիշխանությունից զրկում և մի քանի տերությունների «ազդեցության գոտիների» ստեղծում։ Այժմ Թուրքիան և Իսրայելը «բաժանում» են Մեծ Մերձավոր Արևելքը, իսկ ԵՄ-ն՝ Չինաստանի հետ, խոսում են անհամաձայնության մասին։

Չինաստանի և ԵՄ-ի, առաջին հերթին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, փորձերը պահպանելու նախկին աշխարհակարգը բախվում են Միացյալ Նահանգների կոշտ դիրքորոշմանը։ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգները չկարողացավ իր «արբիտրաժը» պարտադրել աշխարհին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների պատճառով։ Այժմ Միացյալ Նահանգները ավելի վճռական է, բայց արդյունքը դեռևս անկանխատեսելի է, քանի որ կարող է հանգեցնել ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի փլուզմանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ֆրանսիայի քայլը կլինի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումից հետո  «ահաբեկչության համար պարգև»։ «Այս պայմաններում պաղեստինյան պետությունը կլինի Իսրայելի ոչնչացման, այլ ոչ թե նրա հետ խաղաղ համակեցության ցատկահարթակ։ Պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին, նրանք պետություն են փնտրում նրա փոխարեն», – ասել է Նեթանյահուն հայտարարության մեջ։

Պաղեստինյան պետությունն այժմ ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Լեհաստանը։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան չեն ճանաչում պաղեստինյան պետությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ ուրբաթ օրը արտակարգ բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ քննարկելու, թե ինչպես «դադարեցնել սպանությունները Գազայում և ապահովել մարդկանց այն սնունդը, որի կարիքն այդքան ունեն»։

Նրա խոսքով՝ պետականությունը «պաղեստինյան ժողովրդի անօտարելի իրավունքն է», և Գազայում հրադադարը «մեզ կդնի Պաղեստինյան պետությունը ճանաչելու ճանապարհին»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Վաշինգտոնը մերժում է Մակրոնի՝ Պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։

«Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է Համասի քարոզչությանը և խաթարում է խաղաղության գործընթացը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերի դեմքին», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն էլ 2020 թվականին ընդունել են չորս բանաձև, որոնք կոչ են անում ճանաչել Արցախը և վերադառնալ 1994 թվականի իրականությանը։ Ֆրանսիայի կառավարությունը մերժել է այդ բանաձևերը։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Սակայն ուշագրավ է, որ Համասի հարձակումը Իսրայելի վրա և Գազայի հատվածի ոչնչացումը Իսրայելի կողմից սկսվել են բառացիորեն վերջին հայի՝ Արցախը լքելուց հաջորդ օրը։

Հյուսիսային Կովկասի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել

«Գորգ» ծրագիր է մտցվել է Հյուսիսային Օսիայում, իր Telegram ալիքում հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա խոսքով՝ միջոցառումները վերաբերում են նաև Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի (ՀԿԴՇ) մյուս շրջաններին։

Հյուսիսային Օսիայից բացի, ՀԿԴՇ-ի մեջ են մտնում նաև Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչայ-Չերկեսիան, Ստավրոպոլի երկրամասը և Չեչնիան։

«Գորգ» ծրագիրը կիրառվում է սահմանների անօրինական հատման, ինչպես նաև օդային տարածքում անհայտ օբյեկտների հայտնվելու դեպքում։ Դրա ներդրումից հետո բոլոր ինքնաթիռները պետք է լքեն նշված գոտին կամ անմիջապես վայրէջք կատարեն։ Այս ծրագիրը հայտարարվում է Ռուսաստանի ՀՕՊ գործակալությունների կողմից։ Այնուհետև քաղաքացիական ինքնաթիռները ռեժիմի մասին հաղորդագրություն են ստանում մոտակա օդանավակայանի դիսպետչերից, իսկ ռազմական ինքնաթիռները՝ ՀՕՊ հերթապահ սպայից։

Մինչ այդ անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք էր հայտարարվել Հյուսիսային Օսիայում, Դաղստանում և Ստավրոպոլի երկրամասում։ Անօդաչուների հարձակման վտանգ կա նաև Մորդովիայի, Բելգորոդի, Պենզայի, Լիպեցկի, Վորոնեժի շրջաններում, ինչպես նաև Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջանում։

Հայաստանը մերժել է միջանցքի վարձակալության մասին ամերիկյան առաջարկը

Ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացրիներն ունեին, բայց մեզ համար ընդունելի չի եղել։ Այս մասին Factor TV–ի եթերում ասել է ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– ասել է Արման Եղոյանը։

Զախարովան Գորդոնի` Ստեփանակերտում հայտնվելու համար չմեղադրեց Ալիևին

Մոսկվան Արևմուտքի միջամտությունն է տեսնում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի Ստեփանակերտում կայացած ֆորումում հայտնվելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ծայրահեղական «կուկուն» առանց պատճառի չի նետվել։ Հետևաբար, ես բացարձակապես համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեսնում են Արևմուտքի ձեռքը ամեն ինչում, ինչ տեղի է ունենում, մեր տարածքում, մեր երկրներում խաղաղության և կայունության ատողների արևմտյան ձեռքը», – ասել է Զախարովան։

Միայն էրոտիկ ֆանտազիաներում Զախարովան կարող էր պատկերանել մի սցենար, ըստ որի «արևմտյան ատողները» կուկու Գորդոնին նետել են ռուս «խաղաղապահների» կողմից լքված Ստեփանակերտ՝ Մոսկվային նյարդայնացնելու համար։ Ալիևն ու Էրդողանը դրա հետ կապ չունեն, նրանց չի կարելի մեղադրել, քանի որ հենց Ռուսաստանն էր, որ Բաքվի և Անկարայի հետ միասին ստեղծեց համատեղ հետախուզական կենտրոն Արցախում։ Եվ հենց նրանց հաջողությամբ հանձնեցին Ղարաբաղը՝ «ազատագրված» հայերից։

Հիշեցնենք, որ ուկրաինացի քարոզիչ Դմիտրի Գորդոնը մասնակցել է օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված ֆորումին՝ մի շարք հայտնի մեսիա-դեմքերի հետ միասին։ Նա Ադրբեջանն անվանել է իր երկրորդ տունը և բաց չի թողել Ալիևին շոյելու հնարավորություն։

Մոսկվան նաև չի տեսնում Զելենսկիին կապը Ալիևի հետ, չնայած որ 2020 թվականի ընտրություններից հետո Զելենսկին գնացել է «նշելու» իր հաղթանակը ոչ այլ տեղ, քան SOCAR-ի բենզալցակայան, որտեղ քյաբաբ է կերել ադրբեջանցի հովանավորների հետ։

Ալիևին քնքշանքով են վերաբերվում և՛ Մոսկվայում, և՛ Կիևում։ Ոչ ոք նրան չի հանդիմանում այն բանի համար, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից երկու օր առաջ Պուտինը և Ալիևը ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր։ Ոչ ոք չի ասում, որ Ալիևի ղարաբաղյան քմահաճույքները, որոնց ծափահարում են Կիևը և Մոսկվան, դոմինոյի էֆեկտ կտան ոչ միայն Ռուսաստանու և Ուկրաինայում։ Այս երկրների «ղարաբաղացման» գործընթացն արդեն սկսվել է։

Արցախցի կանանց համար հաշվապահական անվճար դասընթաց

Սիրելի՛ գործընկեր,
«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամն իրականացնում է արցախցի կանանց համար նախատեսված անվճար դասընթաց։ Դասընթացի նպատակն է բարձրացնել կանանց մասագիտական կարողությունները՝ հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ և ստանալ բարձր պահանջարկ ունեցող հաշվապահի մասնագիտություն։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք հետևյալ առարկաները՝
1. Հաշվապահական հաշվառում և հաշվային պլան
2. ՀՀ Հարկային համակարգ
3. Տնտեսական Իրավունք
4. Հաշվապահական ծրագիր
Մեր ծրագրի հիմնական պատակն է՝ աջակցել Արցախից տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
🚀 Մասնակցելով ծրագրին դուք կկարողանաք․
 ձեռք բերել նոր, պահանջարկ ունեցող մասնագիտություն
 ստեղծել նոր կապեր ու դառնալ գործարար համայնքի ակտիվ անդամ
 եվ իհարկե՝ հետևողական աշխատանքի արդյունքում գտնել լավ վարձատրվող աշխատանք
Ինչպե՞ս դիմել
📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 20 օգոստոսի, 2025 թ.
Եթե հետաքրքրված եք մասնակցելու, ապա զինվեք համբերությամբ և լավատեսությամբ և լրացրեք առցանց դիմում-հայտն այստեղ։
📞 Կոնտակտային տվյալներ
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
📱 +374 55 57 59 40 | +374 99 57 59 40 | +374 10 57 59 40
Ձեռք բերեք նոր հնարավորություններ, գիտելիքներ և աջակցություն՝ ձեր անձնական աճի ճանապարհը սկսելու համար։

Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը. Փեզեշքիան

Ազատություն

Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, ճգնաժամը կարող է ստիպել 15 միլիոն բնակչությանը տեղափոխվել, այս մասին, ըստ Asr-Iran լրատվական կայքի, հայտարարել է Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը։

«Իրավիճակը լուրջ է, և Թեհրանն իրականում այլևս ջուր չունի», – ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ որպես արտակարգ լուծում չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը։

Իրանում ջրային ճգնաժամ կա երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA գործակալության համաձայն՝ երկրի խոշորագույն ջրամբարներից մեկը կարող է լիովին չորանալ առաջիկա մի քանի շաբաթներին։

Երկրի յոթ ջրամբարներում ջրի մակարդակը նվազել է մինչև 10 տոկոսից պակաս, հարավային Հորմոզգան և Ֆարս նահանգներում գտնվող երկու ամբարտակներ լիովին չորացել են, իսկ երկրի ջրամբարների 80 տոկոսը գրեթե դատարկ է։

Փեզեշքիանը ճգնաժամի պատճառներից է համարում վերջին տարիների երաշտը, միաժամանակ քննադատել է նաև նախորդ կառավարությանը, որն ըստ նախագահի՝ անտեսել էր խնդիրը։

Ջրի պակասի պատճառով Իրանում պետական գրասենյակներն ու դպրոցները փակ կմնան առնվազն մինչև շաբաթ օրը, փակվել են գործարաններ, սպասվում են զանգվածային կրճատումներ։

Մոսկվա. Թող Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ-ն վարձակալի, այն միևնույն է կտրվի Թուրքիային

Զանգեզուրի միջանցքի հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։

Ռուս պաշտոնյաները միտումնավոր օգտագործում են «միջանցք» տերմինը, չնայած ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ էլ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ խմբի դիրքորոշման մեջ Մեղրիի ճանապարհը միջանցք չի անվանվում։

Ի դեպ, Պեսկովը չի հիշել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անարգել» հաղորդակցության բացումը պայմանավորված էր Հայաստանին մի շարք զիջումներով։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է երեք շրջանների՝ Ակնայի, Քաշաթաղի և Քարվաճառի հանձնմանը՝ առանց որևէ կրակոցի։ Բացի այդ, Մեղրիի ճանապարհի բացումը պետք է լիներ Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության տակ, չնայած ակնհայտ է, որ Ռուսաստանը պարզապես վերահսկողությունը կփոխանցեր Թուրքիային, ինչպես արեց Արցախը։

44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի հայտարարության և ռուսական զորքեր մտցնելու նպատակն էր՝ գրավել Արցախը և Հայաստանը հարավը և հանձնել դրանք Թուրքիային՝ որպես Ռուսաստանի և Թուրքիայի 1921 թվականի Կարսի պայմանագրից «անցավ դուրս գալու» մաս։

Այժմ Պեսկովն ասում է, որ «Զանգեզուրի միջանցքը» Երևանի և Բաքվի գործն է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկյան «աութսորսինգը» նույնն է, ինչ ռուսական առաջարկը՝ Սյունիքը Հայաստանից խլել ու հանձնել Թուրքիային։

Թող ով ուզում է վարձակալի «միջանցքը», գլխավորն այն է, որ վերջում այն հասնի Թուրքիային, այլ ոչ թե Հայաստանին։ Ռուսաստանի համար նույնիսկ ավելի լավ է, եթե ամեն ինչ անի ԱՄՆ-ն։

Մարիա Զախարովան իր հերթին այսօր հայտարարեց, որ «Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը դուրս բերել տարածաշրջանային համատեքստից և ենթարկել իր սեփական շահերին»։

«Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են կառուցողական և փոխադարձաբար ընդունելի լուծումների՝ տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի օգնությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այս գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը», – հավելեց նա։

Ռուսաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ միասին 2020 թվականին հետախուզական կենտրոն է ստեղծել Արցախի Ակնայում, Թուրքիային համարում է «յուրային», իսկ հիփոթետիկ «Արևմուտքը»՝ օտար։

Զախարովան ընդգծեց, որ Մոսկվան արձանագրում է Վաշինգտոնի փորձերը՝ միջամտելու տարածաշրջանում տրանսպորտի ապաշրջափակման հարցի քննարկմանը։ Միացյալ Նահանգները ներկայացրել է լուծման իր «յուրօրինակ» տեսլականը, սակայն, ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը համոզված է, որ Վաշինգտոնը ի վիճակի չէ առաջարկներ անել, որոնք չեն տեղավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ։

Այսինքն՝ Զախարովան խոստովանում է, որ Վաշինգտոնի առաջարկը նույն «նոյեմբերի 9»-ն է, բայց այս անգամ «կեղտոտ աշխատանքը» կկատարի ոչ թե Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները։