Հունիսից կտրուկ աճել է արցախցիների դիմելիությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Հունիս ամսից սկսած կտրուկ աճել է Արցախից բռնի տեղահանված անձանց դիմելիությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա նշեց, որ սա կայուն աճ է, հունվարից սկսած թվերն աճել են․ եթե հունվարին ՀՀ քաղաքացիության համար դիմել էր մոտ 400 արցախցի, ապա փետրվարին դիմողների թիվը կազմել էր մոտ 550, մարտին՝  540, ապրիլին՝ մոտ 650, մայիսին՝ 850։ «Իսկ հունիսին արդեն մենք ունեինք 1500 դիմում՝ կրկնակի ավելի։ Հուլիսի ամբողջ տվյալները դեռ չունենք, հուլիսի 22-ի դրությամբ 1400-ի չափ դիմում արդեն ունենք։ Այսինքն՝ իսկապես մենք օրական կտրվածքով էլ ենք արձանագրում, որ դիմումների թիվն անգամներով ավելացել է։ Ընդհուպ, մենք հերթերի կառավարման իմաստով մեր գործողություններում որոշակի փոփոխություն կմտցնենք»,- ասաց Նելլի Դավթյանը։

Նա նշեց, որ ներկայում Երեւանում միայն Դավթաշենի անձնագրային գլխամասային գրասենյակում են արցախցիներից ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմում վերցնում։ Սպասարկող երկու անձից բաղկացած անձնակազմի թիվն ավելացվել է, բայց երկուշաբթի օրվանից հավանաբար նաեւ Զաքյանի մասնաճյուղում կգործի քաղաքացիության դիմումների ծառայությունը։ «Եվ եթե տեսնենք, որ աճը շարունակական միտում ունի, Երեւանում բոլոր անձնագրային բաժիններում այդ հնարավորությունը կբացենք, դա որոշման հարց է, տեխնիկական առումով խնդիր չէ։ Իսկ մարզերում ի սկզբանե ընդունել ենք դիմումներ, մինչեւ հիմա շարունակում ենք ընդունել եւ նույն աշխուժացումը նկատում ենք նաեւ մարզերում»,- նշեց Նելլի Դավթյանը։

Անդրադառնալով հարցին, որ արցախցիներին արագացված կարգով են փորձում ՀՀ քաղաքացիություն տրամադրել, որպեսզի շատ երկար չսպասեն, նա ասաց, որ քաղաքական հանձնառություն ունեն ավելի արագ վարելու այն դիմումները, որոնք ստացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։ «Մենք արցախցիների պարագայում ամենաշատը երկու ամսում արդեն ունենում ենք պատրաստի որոշում՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստացվող քաղաքացիության գործընթաց։ Ընդ որում, մինչեւ օրս որեւէ մերժում չենք ունեցել։ Եվ պետք է նկատի ունենալ, որ մենք այստեղ միայնակ չենք գործում, միջգերատեսչական համագործակցությունն այնուամենայնիվ դանդաղեցնում է ընթացքը։ Երբեմն մեր հայրենակիցների ակնկալիքը մեկ ամիսն է, երբ ձգվում է երկու ամիս, որոշակի դժգոհություն առաջանում է։ Փորձում ենք որքան հնարավոր է՝ օպերատիվ աշխատանք կազմակերպել»,- հավելեց Նելլի Դավթյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիների կյանքը միտումնավոր դժվարացվում է. եվրոպական դոնորները հետևո՞ւմ են իրենց գումարներին

Տեղահանությունից անմիջապես հետո, երբ միջազգային դոնորները ցանկություն հայտնեցին օգնել հայրենիքը կորցրած արցախցիներին, մենք առաջարկեցինք ստեղծել միասնական օգնության հիմնադրամ, ընտրել հոգաբարձուների խորհուրդ, որի մեջ կներառվեին ՀՀ կառավարության, դոնորների և արցախյան կառույցների ներկայացուցիչներ։ Այս հիմնադրամում կարող էին կենտրոնացվել բոլոր միջոցները՝ թե՛ միջազգային դոնորներից, թե՛ ՀՀ բյուջեից և թե՛ բարերարներից ստացվածները։ Իսկ ծրագրերը, որոնց կուղղվեին այդ միջոցները, կառաջարկվեին հոգաբարձուների խորհրդի կողմից՝ կարիքները գնահատելուց և խոչընդոտները վերացնելուց հետո։

Սակայն դա չարվեց. միջոցները հիմնականում գնում են ՀՀ բյուջե, և չնայած արցախցիներին գրեթե 2 տարի աջակցելուն, մարդկանց հիմնական խնդիրները մնում են չլուծված։ Չնայած կառավարությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցների մասին, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեին տեղահանությունից հետո, հատկացված միջոցների ծախսման նպատակահարմարության մասին խոսակցությունները գնալով ավելի սրվում են։

Դիտարկենք մի քանի ծրագրեր։

Զբաղվածության ծրագրից, որի շրջանակներում բյուջեից միջոցներ են հատկացվում արցախցիներին աշխատանքի ընդունել ցանկացող գործատուներին, հիմնականում օգտագործվում են պետական մարմինները և կառավարամետ կազմակերպությունները: Այս ծրագրի շրջանակներում աշխատանքի են ընդունվել մի քանի հարյուր արցախցիներ, սակայն հիմնական միջոցները, ըստ էության, գնում են «յուրային» գործատուներին և վերադարձվում բյուջե հարկերի տեսքով։

Բնակարանային ծրագրի շրջանակներում, որի սուբսիդավորման համար հատկացվել են եվրոպական երկրներից միջոցներ և որոնք հավաքվել են Համաշխարհային բանկի կողմից վերահսկվող հիմնադրամում, մեկնարկից մեկ տարի անց իրացվել է ընդամենը 400 ընտանեկան սերտիֆիկատ, չնայած արցախցի ընտանիքների ընդհանուր թիվը մոտ 20-25 հազար է։

Այս ծրագիրն ավելի արդյունավետ կլիներ, եթե միջոցները ուղղվեին նոր բնակարանների կառուցմանը՝ թե՛ սոցիալական, թե՛ սովորական: Սոցիալական բնակարանները կտրամադրվեին սոցիալապես անապահով ընտանիքներին վկայականների միջոցով: Իսկ “սովորական” ընտանիքները հնարավորություն կունենային վկայականին գումարել բանկից ստացած վարկը: Սակայն որոշվեց միջոցները տրամադրել ամենաէժան, խարխուլ բնակարանների գնման համար, որոնց սեփականատերերը, վաճառելով իրենց տները, լքում են Հայաստանը։

Այսպիսով, եվրոպական միջոցները չեն լուծում ոչ միայն Արցախի փոքր ընտանիքների, այլև այն արցախյան “սովորական” ընտանիքների բնակարանային խնդիրը, քնի որ նրանք չեն կարողանում վարկ վերցնել բանկից և, հետևաբար, չեն կարողանա օգտվել վկայականից։ Բացի այդ, խթանվում է տեղի բնակիչների արտագաղթը Հայաստանից։

Եվրոպացի դոնորների կողմից սուբսիդավորվող արցախցիների բիզնեսի աջակցության ծրագիրը նույնպես մեծ օգուտ չի բերում՝ միտումնավոր սահմանված խոչընդոտների պատճառով։ Օրինակ՝ «մաքուր էներգիա» ծրագիրը, որի շրջանակներում արցախցիները կարող են վարկ վերցնել «մաքուր» սարքավորումներ գնելու համար իրոք շատ բարենպաստ պայմաններով, ունի պայման՝ բիզնեսը պետք է առնվազն 6 ամսվա պատմություն ունենա։ Դժվար է ասել, թե որտեղից պետք է բիզնես ունռնային արցախցիները, ովքեր դեռևս չեն վերականգնվել սարսափելի աղետներից և չեն գտել իրենց տեղը։ Չնայած ակնհայտ է, որ այս խոչընդոտը սահմանվում է ոչ թե դոնորների, այլ բանկերի կողմից, այնուամենայնիվ, կան տեղեկություններ, որ այս ծրագրերի շրջանակներում գրեթե հաստատված վարկեր չկան։ Չնայած այդ ծրագրի իմաստը հենց արցախցիների բիզնեսի խթանումն է։

Պարզվում է, որ ՀՀ կառավարության և միջազգային դոնորների կողմից հատկացված միջոցները, որոնք կարող էին զգալի և արագ ազդեցություն ունենալ, «քնացվում» են բանկերում՝ մնալով անհասանելի նրանց համար, ում համար դրանք նախատեսված են։ Եվ պարզ չէ՝ արդյոք եվրոպացի դոնորները հետևում են հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությանը, արդյոք նրանք մոնիթորինգ են անցկացնում Արցախի ժողովրդի շրջանում և արդյոք գիտեն, թե քանի մարդ է օգտվել իրենց կողմից սուբսիդավորվող ծրագրերից։

Սա տեղի է ունենում ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրները միտումնավոր սրելու մտադրության պատճառով, այլև այն պատճառով, որ շահառուներին թույլ չի տրվում մասնակցել այդ միջոցները կառավարմանը, կարիքների գնահատում չի կատարվում, և խոչընդոտները չեն վերացվում։ Եթե վերացվեն, հատկացված միջոցները չէին հոսի պետական բյուջե, բանկեր կամ անբարեխիղճ կազմակերպություններին, այլ կուղղվեն այն մարդկանց կարիքներին, ովքեր ոտքի կանգնելուց հետո կարող են դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման խթան։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեվորները զոհվել են

Անհետ կորած Ան-24 ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Որոնողական աշխատանքների ընթացքում Դաշնային օդային տրանսպորտի գործակալության Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի ֆյուզելյաժը, հրդեհ է բռնկվում։ Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայր», – հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ինքնաթիռը անհետացել է նշանակման վայրի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Փրկարարներ են ուղարկվել դեպքի վայր՝ որոնումներ կատարելու համար։ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ մնացորդները հայտնաբերվել են Թինդայից 15 կմ հեռավորության վրա։ «Ինքնաթիռը ոչնչացված է», – ասել է գործակալության աղբյուրը։

Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի վեց անդամ։ Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թթուն կերել է Հայաստանի հիմքերը. բնակչության ավելի քան 60%-ը ոչ մեկին չի վստահում

Մի հին կատակ կա. «Այս հայերը այնքան համառ են. վերապրել են ամեն ինչ՝ ցեղասպանություն, պատերազմներ, երկրաշարժեր և փախստականների հոսք»։ Եվ ինչ-որ մեկը կամաց հարցնում է. «Իսկ թթու փորձե՞լ եք»։

Թթուն քայքայում է հիմքերը, և հիմա, դատելով հարցումների արդյունքներից, Հայաստանում ազգային պետության հիմքը՝ մարդկանց վստահությունը պետական ինստիտուտների, ազգային արժեքների և հերոսության համակարգի նկատմամբ, վերածվել է ծակ լաթի։

Խորհրդարանական կառավարման ձևի լիակատար քայքայումը՝ վարչապետի ավտորիտար իշխանությամբ, դատա-իրավական համակարգի փլուզումը, որը վերածվել է քաղաքական ճնշման բութ գործիքի, հակազգային որոշումների և պարտվողականության՝ որպես խաղաղության ցանկության ներկայացման, հանգեցրել են նրան, որ Հայաստանում մարդիկ ոչ մեկին չեն վստահում։

Դատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից, հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։ Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության առնվազն 62%-ը մտադիր չէ քվեարկել քաղաքական կուսակցությունների օգտին։

Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանն, ապա առաջին տեղում են բանակն ու եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։

Պարզվում է հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը դրական է գնահատում Ֆրանսիայի, 90-ը Հնդկաստանի և 85 տոկոսը Իրանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայաստանցիների 55 տոկոսի համոզմամբ, վատ են։ Հարցվածների միայն 43 տոկոսն է կարծում, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է դրական որակել։ Իսկ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի հետևյալն է՝ Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։

ՌԴ-ում հայտնել են Ամուրի մարզում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռի անհետացման մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Ան-24 ինքնաթիռը անհետացել է Ամուրի մարզի Տինդայի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Չվերթը կատարվել է «Անգարա» ավիաընկերության կողմից։

Ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից և չի արձագանքել զանգերին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է մոտ 40 ուղևոր։ ՏԱՍՍ-ի և «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է մոտ 50 մարդ՝ 40 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։

Ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդայի ուղղությամբ։

Թրամփ «Ամենակարողը» կարող էր հարցնել՝ Ալիև, դու չե՞ս ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը։ Գուցե չես ճանաչում նաև ԱՄՆ ինքնիշխանությո՞ւնը

Մեղրիի ճանապարհը վարձակալության վերցնելու ամերիկյան առաջարկը, որը ակտիվորեն լոբբինգ են անում Հայաստանի և նրա սահմաններից դուրս որոշ ուժեր, ներկայացված է տարօրինակ փաթեթավորմամբ. «Ալիևը պահանջում է անհպում անցում, իսկ Փաշինյանը չի համաձայնվում ինքնիշխանությունը զիջել Ալիևին, ուստի առաջարկվում է ինքնիշխանությունը զիջել Միացյալ Նահանգներին»:

Սա սպիտակ թելով կարված քարոզչական հնարք է, որը չի պատասխանում մեկ կարևոր հարցի՝ ինչո՞ւ է ճանաչվում Ալիևի իրավունքը՝ պահանջելու անհպում անցում Հայաստանի տարածքով: Ի՞նչ պատճառով և ի՞նչ իրավունքով է Ալիևը պահանջում դա: Եթե 44-օրյա պատերազմի «հաղթողի» և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողի իրավունքով, ապա այդ հայտարարության մեջ ոչ մի ամերիկյան ուժ չկա, Ադրբեջանից դեպի Նախիջևան տանող ճանապարհը պետք է վերահսկվի է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից:

Եթե ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա ի՞նչն է Ալիևին իրավունք տալիս պահանջել անհպում ճանապարհորդություն ինքնիշխան երկրի տարածքով: Եվ ինչո՞ւ են ամերիկացիներն ու մյուս եվրոպացիները Ալիևի քմահաճույքը ճանաչում որպես վերջնական ճշմարտություն, նույնիսկ առաջարկում կեղծավոր տարբերակներ՝ Հայաստանի ինքնիշխանությունը «արտահանձնելու» տեսքով։

«Ամենակարող» Թրամփը, որը կիսվում է ամենավերջին բռնապետերի կողմից իրեն ուղղված շողոքորթություններով, կարող էր հարցնել. Ալիև, դու չե՞ս ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը: Գուցե դու չե՞ս ճանաչում նաև Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը: Եվ ո՞վ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը։

«Ամենակարողը» այս հարցերը չի տալիս, քանի որ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը ներկայիս աշխարհակարգը քանդել փորձող ուժերի գլխավոր նպատակն է: Հայաստանը աշխարհակարգի բանալին է, և նրա ինքնիշխանությունից զրկվելը դոմինոյի էֆեկտ կառաջացնի ամբողջ աշխարհում։

Թուրքիան և Իսրայելն արդեն խոսում են Սիրիայի, Լիբանանի առաջիկա «բաժանման» և Պաղեստինի վերացման մասին: Եթե Հայաստանը ինքնիշխանությունից զրկվի, Իրանը նույնպես կներառվի բաժանման ենթակա երկրների ցանկում։ Զանգեզուրի սեփը խրված է։

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։
Մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։
Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադեոն։ Նրանց ուղերձում նշվում է. «Մենք կոչ ենք անում Ձեզ ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայերի համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնօրրան։ Այս քայլը համահունչ է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանը»։
Նամակում փաստագրվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման և ռազմական հարձակման հետևանքները, որոնց արդյունքում «բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120000 քրիստոնյա հայ բնակչությունը»։ Հավելվում է նաև, որ հարձակմանը հաջորդել է Ադրբեջանը «համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները» և «թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն և հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը»։
Նամակում հիշեցվում է՝ «պատերազմի հետևանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Նշվում է նաև 2023թ․ Միջազգային Արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։
Կոնգրեսականները հատուկ կոչ են անում ԱՄՆ վարչակազմին՝ աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված խաղաղության նախաձեռնությանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգային երաշխիքներով վերադարձը»։
Շվեյցարական այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվեց հուլիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացած հատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին Կոնգրեսի ավելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքական վերլուծաբաններ։ Միջոցառմանը ելույթ էին ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռայմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկահայ ակտիվիստները և համախոհները՝ Հայ դատի հանձնախմբի ազգային, տարածաշրջանային և տեղական հարթակների միջոցով, Կոնգրեսի անդամներին ուղարկել են ավելի քան 40․000 էլ․ նամակ և կատարել բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կոչ անելով ստորագրել այս նամակը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի երիտասարդական կրթական ծրագրերի մասնակիցներն այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակներ և ներկայացրել հայկական շահերի տեսանկյունից կարևոր քաղաքական առաջնահերթություններ։
Նամակում օրենսդիրները վերահաստատում են նաև ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ»։
Կոնգրեսականների ուղերձը եզրափակվում է հետևյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը և պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր և արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Ռոմանոսը չի հանձնվում. նա Ստոկհոլմի դատարանի որոշումը պետք է հաստատի Հայաստանի դատարանը

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը Հայաստանում պարտադիր կդառնա միայն այն դեպքում, եթե այն հաստատվի ազգային դատարանի կողմից։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Դատական քննարկման ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն իրենց գործողությունների բոլոր հիմնավորումները (ինչու է նշանակվել ժամանակավոր կառավարիչը)։ Այսօրվա հայտարարության մեջ կառավարությունը նշել է, որ կառավարչի նշանակումը պայմանավորված է եղել ՀԷՑ-ում էներգետիկ ճգնաժամ դիտավորյալ ստեղծելու և չարաշահումները բացահայտելու ռիսկերը կանխելու անհրաժեշտությամբ։

«Եթե մեր դատարանները այլ կերպ որոշեն, ապա կասկած չունեք, որ դատարանի որոշումը կկիրառվի։ Բայց վստահ եմ, որ կառավարությունը կներկայացնի իր բոլոր փաստարկները, որոնք ես նշեցի», – ասել է Պետրոսյանը։

Թուրքիան առաջարկեց իր ծառայությունները, սակայն Մոսկվան և Կիևը դեռևս համաձայնության չեն եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները ավարտվեցին չորեքշաբթի երեկոյան՝ հուլիսի 23-ին։ Դրանք սկսվեցին պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկու և Ռուստեմ Ումերովի հանդիպումով։

Մոտ 40 րոպե է անցել պատվիրակությունների միջև լիարժեք բանակցությունների մեկնարկի և ավարտի մասին հայտարարությունների միջև։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին, երրորդ փուլը շարունակելու ծրագրեր չկան։

Ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ իր կողմը առաջարկել է մինչև օգոստոսի վերջ պետությունների ղեկավարներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպում անցկացնել։ Նա հավելել է, որ Կիևն արդեն պատրաստ է հրադադարի և կոչ է արել Ռուսաստանին կառուցողական մոտեցում ցուցաբերել, հաղորդում են գործակալությունները։

Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանմանը հետևելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերջնական նպատակը հրադադարի հասնելն է:

Ռուսական կողմը առաջարկել է, որ ուկրաինական կողմը ստեղծի երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ռեժիմով, ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Մեդինսկին ասել է, որ Մոսկվան առաջարկել է, որ Կիևը քննարկի կարճաժամկետ հրադադարների հնարավորությունը վիրավորներին և զոհվածներին հավաքելու համար։

Նրա խոսքով՝ առաջարկվել է մոտ ապագայում սկսել առնվազն 1200 մարդու նոր փոխանակման գործընթաց: Ռուսաստանը նաև առաջարկել է Կիևին փոխանցել ևս 3000 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել զինվորական և քաղաքացիական անձնակազմի նոր փոխանակումների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, ընդհանուր գնահատականն այն է, որ հանդիպումը անարդյունք է եղել։

Փաշինյանը հայտարարել է Էջմիածինը «գրավելու» ծրագրի մասին

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Էջմիածնի Մայր Աթոռի զավթման ծրագիրը, որը ենթադրում է Գարեգին Բ-ին գահից հեռացնելը, տեղապահ նշանակելը, Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնադրությունը փոխելը, ապա նոր կաթողիկոս ընտրելը։

Այս ամբողջի սյուրռեալիզմը վաղուց դադարել է զարմանալի լինել, քանի որ մակերեսին մնացել է միայն երկու հարց՝ ի՞նչ է Փաշինյանը ցանկանում փոխել Եկեղեցու Կանոնադրության մեջ և ի՞նչ պետք է անի տեղապահը, երբ նա բարձրանա գահը։

Այս երկու հարցերն ունեն մեկ պատասխան՝ այն կետը, որ եկեղեցական ողջ ունեցվածքի սեփականատերը կաթողիկոսն է, կհեռացվի Եկեղեցու Կանոնադրությունից, և տեղապահը պաշտոնապես կհրաժարվի եկեղեցական ունեցվածքի մի մասից՝ այլ պետությունների օգտին։

Հիշեցնենք, որ կաթողիկոսի պատմությունն ավելի ակտիվացավ այս տարվա մայիսի վերջին Շվեյցարիայում անցկացված «Հայկական ժառանգության շաբաթից» հետո, որի ընթացքում կաթողիկոս Գարեգին Բ-ն հիմնական ելույթ ունեցողներից մեկն էր։ Նրա ելույթում դատապարտվեց Արցախի օկուպացիան, եկեղեցական և այլ ունեցվածքի ոչնչացումը և կոչ արվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ։

Քանի որ, ըստ ՀԱԵ կանոնադրության, կաթողիկոսը եկեղեցական ողջ գույքի սեփականատերն է, ապա Արցախի եկեղեցիները նույնպես նրա սեփականությունն են։ Եվ կաթողիկոսը բարձրացրեց Արցախում եկեղեցական գույքի հարցը որպես դրա օրինական սեփականատեր։

Մեկը կարող է ասել, որ Արցախում անշարժ գույքը «ոչ մեկինը չէ», քանի որ ԱՀ-ի կողմից տրված սեփականության վկայականները «հաշվի չեն առնվում», չնայած Միջազգային դատարանի առաջին որոշումը պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել սեփականության իրավունքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Սակայն ոչ ոք չի կարող վիճարկել Հայ Առաքելական Եկեղեցու սեփականության իրավունքը Արցախում գույքի՝ եկեղեցիների և այի վերաբերյալ։

Երբ արցախցիներն ասում են, որ իրենց գույքը օկուպացված է, իսկ հողը՝ բռնագրավված, նրանց պատասխանում են, որ ոչ ոք չի ճանաչել ձեր սեփականության իրավունքը (չնայած դա այդպես չէ)։ Բայց երբ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս «ճանաչելու» ֆոնին Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարում է, որ իր գույքը բռնագրավվել է, սա հնչում է որպես օկուպացիայի մեղադրանք։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ կաթողիկոսը չպետք է տիրապետի եկեղեցու ամբողջ ունեցվածքին, այդ թվում՝ արտասահմանում։

Սա այն կետն է, որը կփոխվի կանոնադրության մեջ, և «տեղապահը» կստորագրեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Դրանից հետո նույնիսկ հնարավոր է ներկայիս կաթողիկոսին վերադարձնել գահին, քանի որ եկեղեցու ունեցվածքն արդեն կփոխանցվի նրանց, ովքեր վաղուց են այն պահանջում։

Դժվար է ամեն օր լսել երեխաների նույն հարցը՝ ե՞րբ ենք տուն գնալու

Մեծամոր քաղաքում է բնակություն հաստատել Սասուն և Քրսիտինե Հայրապետյանների ընտանիքը չորս երեխաների մայր Քրիստինեն փառք է տալիս Աստծուն ամեն մի բացվող լուսաբացի համար։ Նա վերհիշում է Արցախում ապրած ամեն մի օրը, դողացող ձայնով պատմում վերջին ամիսներին անցկացրած դժվարությունների մասին։

 

Շրջափակված Արցախում Քրիստինեն երեխայի էր սպասում

-Երբ իմացա, որ սպասում եմ 4-րդ բալիկիս, շատ ուրախացա։ Արցախն արդեն շրջափակված էր, լրիվությամբ կտրված աշխարհից։ Յուրաքանչյուր արցախցու համար ամեն մի օրը յուրովի պայքար էր՝ ապրելու համար։ Ես, որպես քրիստոնյա հայ, մտածում էի, որ իմ երեխան, անկախ ամեն ինչից, անպայման պետք է ծնվի։ Գիտակցում էի, որ դժվարություններ են սպասվում, սակայն կրկին մայրանալու երջանիկ զգացումներն արդեն իմ մեջ էին:

Վերջին ամիսներին Արցախում ամեն ինչի պակաս կար՝ թե՛ սննդի, թե՛ կենցաղային ապրանքների։ Փորձում էինք դիմանալ։ Շրջապատված էի լավ մարդկանցով։ Երբեք չեմ կարող մոռանալ այն մարդկանց, ովքեր իմ հանդեպ բարի ու սրտացավ գտնվեցին։ Աշխատավայրում, թե հարևանության մեջ ուշադրության կենտրոնում էի։ Մարդիկ իրենց եղածից բաժին էին հանում՝ ասելով, որ երեխայի մայրը պետք է առողջ լինի, որ բալիկն էլ առողջ ծնվի։ Երբ հիշում եմ այդ օրերը, սիրտս ջերմությամբ է լցվում։ Շրջափակման ժամանակ, երբ գոյության պայքար էր, յուրաքանչյուրն աշխատում էր իր եղածը կիսել մյուսի հետ․ այդ ամիսները երբեք չեն ջնջվի ոչ ոքի հիշողությունից։

Չեմ մոռանա մեր ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ Իվան Հարությունյանի բարեգութ վերաբերմունքն իմ ընտանիքի հանդեմ։ Նա հաճախակի ալյուր և քաղցրավենիք էր ուղարկում երեխաներիս համար։ Նույնը կարող եմ ասել Խնապատից Սամվել Բեգլարյանի մասին։ Աստված օրհնի բոլորին։

Անգնահատելի է Ռուբեն Վարդանյանի արածը, երբ սննդով ու հիգիենայի պարագաներով պարբերաբար օգնում էր հղիներին, տրամադրում էլեկտրոմոբիլ, որ կարողանանք բժշկական հետազոտությունների գնալ։ Հղիները հավաքվում էին Ասկերանի ՇԲՄ-ում և այնտեղից շարժվում Ստեփանակերտ՝ ստուգումների։ Ամեն օր Աստծուց խնդրում եմ, որ Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին ուժ տա դիմանալու փորձություններին, շուտափույթ ազատվեն ու վերադառնան։

 

2023-ի սեպտեմբերի 19-ին Քրիստինեն աշխատավայրում էր

-Այդ օրը սովորական օր էր արցախցիներիս համար։ Ես ու ամուսինս գնացինք աշխատանքի, ավագ երեխաներս՝ Անին ու Լյովան՝ դպրոց, իսկ փոքրիկ Գարենը՝ մանկապարտեզ։ Ժամը 11-ի կողմերն ասացին, որ Հարավի ուղղությամբ կրակոցներ են լսվում։ Մտածում էինք, որ թշնամու հերթական սադրանքն է՝ կլռեն․ առաջին անգամը չէ։ Սակայն քիչ հետո ամեն ինչ ավելի թեժացավ։

Ժամը 1-ի մոտ միանգամից սկսվեցին հրետակոծություններն Արցախի բոլոր բնակավայրերի ուղղությամբ։ Այդ պահին ես կորցրել էի ինձ․ գետինը չէի զգում։ Անկարող ինչ որ բան անել, չոքեցի գետնին ու սկսեցի աղոթել, աղերսել Աստծուն՝ երեխաներիս ողջ պահի։ ‘

Քիչ հետ ամուսինս փոքրիկին մանկապարտեզից վերցրեց, բերեց իմ մոտ, որ գնա մեծերին էլ դպրոցից բերի։ Երեխաները, սակայն, այնտեղ չէին։ Նրանք դպրոցից դուրս էին եկել, որ տուն գնան։ Ճանապարհին անցորդ մարդիկ նրանց տարել են մոտակա շենքերից մեկի նկուղը։ Իմ գործընկերը՝ Գառնիկը, տեսնելով ծանր վիճակս, առանց ինձ ասելու, վազում է նկուղ, գտնում երեխաներիս, հասցնում ինձ։

Այդ ընթացքում հրետակոծությունները չէին դադարում անգամ մեկ րոպե։ Ժամը տարի էր թվում։ Որոշ ժամանակ անց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի օգնությամբ բոլորս գնում ենք դպրոցի նկուղը, այդտեղից էլ ռուս խաղաղապահների միջոցով հասնում Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ մեծ բազմություն էր հավաքվել՝ տարբեր շրջաններից։ Շատերն արդեն իրենց հարազատների մահն էին ողբում։ Սարսափելի տեսարան էր։ 9 օր մնացինք այդտեղ։ Այդ օրերը մեր կյանքի ամենածանր օրերն էին, իսկ հետո եղավ վատթարագույնը:

Սեպտեմբերի 27-ին բոլոր հարազատներիս հետ միասին բռնեցինք գաղթի ճամփան։ Վերջին երեք պատերազմների ժամանակ, երբ Արցախում կանայք ու երեխաներն ստիպված էին տարհանվել, միշտ իմ ընտանիքի կողքին էր ամուսնուս քույրը՝ Մարիաննան։ Սեպտեմբերի 27-ին՝ առանց նրա օգնության, դժվար կլիներ կազմակերպել մեր անվտանգ տեղահանությունն Արցախից։ Հատեցինք Հակարին, նայեցինք թշնամու աչքերի մեջ ու կոտրված սրտով հետևում թողեցինք մեր Հայրենիքը։ Եկանք Հայաստան ու ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով։

Տեղահանությունից հետո Հայրապետյանները մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն, սակայն մեկ ամիս հետո վերադարձան Հայաստան

-Մեկ ամսից ավել չկարողացանք մնալ այնտեղ։ Օտար ու միայնակ էինք զգում մեզ, թեև բարեկամների մոտ էին գնացել, միևնույն է՝ երկիրը մերը չէր։ Վերադարձանք, հաստավեցինք Մեծամորում։ 2023-ի դեկտեմբերի 23-ին ծնվեց ինձ հետ միասին պատերազմ ու բլոկադա հաղթահարած 4-րդ զավակս՝ Էդգարը։ Արցախում անցկացրած վերջին օրերին, երբ օդանավակայանի վրաններում էինք ապաստանել, Մարիաննայի հետ որոշեցինք, որ տղայիս Էդգար եմ կոչելու՝ ի պատիվ մարտական դիրքերում գտնվող հորեղբոր։

Սկսեցինք ապրել նոր միջավայրում, հնարավորինս հարմարվել իրականությանը։ Այստեղ ևս լավ մարդկանցով ենք շրջապատված։ Մեծամորում են հաստատվել նաև մեր հարազատները՝ ասես Արցախում լինենք․ բոլորս իրար մոտ, իրար հարեհաս։ Երեխաները հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ձեռք են բերել նոր ընկերներ։ Սկզբնական շրջանում արցախցի երեխաների համար բարեգործական տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են նաև իմ բալիկները, ինչի համար շնորհակալ եմ նախաձեռնողներին։

Քրիստինեն չի կարողանում համակերպվել մտքին՝ ինչպես կարելի է հայրենիք կորցնել ու շարունակել ապրել

-Միայն հույսն ու հավատն է մեզ ուժ տալիս։ Միտքը, որ կվերադառնանք տուն, ապրեցնում է մեզ։ Հավատում եմ, որ հավաքական վերադարձ լինելու է, ու մենք կրկին շենացնելու ենք մեր հայրենիքը։ Դժվար է ամեն օր լսել երեխաների նույն հարցը՝ ե՞րբ ենք տուն գնալու։ Ամեն անգամ ցավ եմ ապրում այդ հարցից, որի պատասխանը չեմ կարողանում տալ։ Իհարկե, ծանր է կտրվել քո հողից, որտեղ ծնվել, սովորել, ընտանիք ես կազմել, երազանքներ ու նպատակներ ունեցել, այնուհանդերձ չպետք է կոտրվել, պետք է հավատալ՝ լույսի դուռ, անպայման, կբացվի մի օր։

Չեմ կարող ասել, թե այստեղ հարմարվել ենք, սակայն փորձում ենք գտնել մեր տեղը։ Ամուսինս աշխատում է, իսկ ես երեխաներիս եմ խնամում։ Պետության կողմից աջակցություն ենք ստանում, հասցնում տան վարձ տալ ու պահել մեր երեխաներին։ Միշտ մտածում եմ, որ մեզանից ավելի վատ վիճակում գտնվողներ կան ու հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ մի լույս կբացվի արցախահայության համար։

Զրույցի ընթացքում Քրիստինեն երբեմն լռում է, հառաչում, իրենից անկախ գրկում երեխաներին, ասես ցանկանում է պաշտպանել այն սարսափելի հրետակոծություններից, որոնք դեռևս ականջներում են։ Իսկ փոքրիկ Էդգարը, աշխարհից անտեղյակ, վազվզում է մոր շուրջն ու թոթովախոս լեզվով բառեր ասում, ու այդ բառերն արցախյան բարբառով են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄն-ում երկու հիմնական հայ լոբիստական կազմակերպությունների նախաձեռնությունները

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։«

Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած գոյության սպառնալիքների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի էթնիկ զտումների ճանաչումը»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով բանաձևերին:

Բանաձևերում անդրադարձ է կատարվում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում ապրող քրիստոնյաների իրավունքներին՝ ընդգծելով, որ դրանցում ապրող նաև հայ քրիստոնյա բնակչությունը շարունակում է բախվել համակարգային հալածանքների։ Բանաձևերը նաև հիշեցնում են 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների մասին՝ մատնանշելով, որ ոչնչացվում է նաև տեղի հայկական մշակութային ժառնագությունը։

Թուրքիայի վերաբերյալ բանաձևում նշվում է, որ քրիստոնյաները դժվարանում են գտնել համապատասխան պաշտամունքի վայրեր, միսիոներները ստիպված են լքել երկիրը՝ ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների կեղծ մեղադրանքներով, իսկ օտարերկրյա հոգևորականները բախվում են երկրում մնալու խոչընդոտների։

«Քրիստոնյա փոքրամասնությունը շարունակում է անհետանալու վտանգի տակ լինել զինյալների և ահաբեկիչների հարձակումների պատճառով»,-ասված է բանաձևում՝ արծարծելով Սիրիայում քրիստոնյա բնակչության շուրջ տիրող իրավիճակը։

Ջոշ Հոուլիի և Ռայլի Մուրի ներկայացրած 327-րդ և 594-րդ բանաձևերում պաշտոնյաները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջնահերթություն տալ հալածված քրիստոնյաների պաշտպանությանը՝ որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգի մաս:

«Բանաձևերը կոչ են անում վարչակազմին դիվանագիտորեն ներգրավվել մուսուլմանական մեծամասնություն կազմող երկրների հետ և օգտագործել բոլոր հասանելի գործիքներն, այդ թվում՝ առևտրային և ազգային անվտանգության բանակցությունները՝ կրոնական ազատությունը խթանելու նպատակով»,-ասված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Զեկույցը նշում է կրոնական ճնշումները՝ սկսած բռնությունից և բանտարկությունից մինչև հարկադիր կրոնափոխություն և մշակութային ոչնչացում, այդ թվում՝ Թուրքիայում, Սիրիայում և Ադրբեջանում:

Հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսի 15-ի ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Սպիտակ տանն իր հանդիպման ժամանակ, որտեղ նա ենթադրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մոտ լինել, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախորդ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը» և ապահովել վերադարձի իրավունքը։
Նամակում ընդգծվում էր, որ արցախահայության «վերադարձի և մշակութային գոյատևման իրավունքը» «չլուծված է մնում» և կոչ էր արվում Միացյալ Նահանգներին «քարոզել արդար և անաչառ լուծման օգտին», որը ներառում է «անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձ»։
Բացի այդ, նամակում ընդգծվում էր, որ «լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է ներառի Հայաստանի Հանրապետության համար հուսալի անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի լիակատար դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և ցանկացած համաձայնագրի խախտման համար հստակ հետևանքներ»։
Համանախագահները եզրափակեցին՝ ընդգծելով «տարածաշրջանային կայունության, մարդու իրավունքների, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան տնտեսական զարգացման և անվտանգության կապերի ամրապնդման» կարևորությունը։