Մարտակերտի և Ակնայի անտառներում հրդեհը չի ստացվում մարել

Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվում տեղայնացնել օկուպացված Արցախում ծագած անտառային հրդեհները։ Մարտակերտի և Ակնայի շրջաններում նախօրեին ծագած հրդեհների դեմ պայքարում երկու ուղղաթիռ է ներգրավվել։

Ըստ APA գործակալության՝ հրդեհների հիմնական օջախները Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Աղդամի շրջանի Յենի Ղարալար ու Էլիաղալի գյուղերի մերձակայքում են։

«Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում են բարդ ռելիեֆը և ուժեղ քամին», – հայտարարել են Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Սամվել Կարապետյանը միջազգային արբիտրաժում շահել է ՀԷՑ-ի պատկանելիության մասին գործը

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Հայտարարությունում ասվում է. «Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»:

Իհարկե, որոշ ՀՀ բնակիչներ գոհ են արցախցիներին տրվող օգնությունից, քանի որ իրենք էլ են օգտվում

Լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումը, ըստ որի՝  ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված սոցիալական ծրագրերից գոհ է հարցվածների 55 տոկոսը։ Ըստ հարցման տվյալների՝ լիովին գոհ է հարցվածների 19 տոկոսը, ավելի շուտ գոհ է 36 տոկոսը։ Հարցվածների 23 տոկոսն ասել է, որ ընդհանրապես գոհ չէ, իսկ 13 տոկոսը՝ ավելի շուտ գոհ չէ։ Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով` 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։

Արցախցիները կարծում են, որ այս հարցման պատկերը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը դժգոհ են իրենց սոցիալական վիճակից։ Սոցիալական ցանցում արցախցիները գրառումներ են անում՝ նշելով, որ հարցման արդյունքները արժանահավատ չեն համարվում, քանի որ չի արտացոլում իրենց կարծիքը։ Հարցումն անցկացնելով ՀՀ քաղաքացիների շրջանում՝ հնարավոր չէ իրական պատկեր արձանագրել, կարծում են արցախցիները։ «էս ի՞նչ ստեր եք տարածում, իբրեւ թե 55 ոտոկոսը գոհ է, սկի 1 տոկոսը գոհ չի»,- գրել է արցախցիներից մեկը։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն անդրադարձել է այս հարցին։ «Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին ճիշտ ու օբյեկտիվ գնահատական կարող ենք տալ միայն մենք՝ տեղահանվածներս»,- գրել է նա։

«Վստահաբար կարող եմ արձանագրել, որ տեղահանվածների 55 տոկոսը չէր կարող գոհ լինել իրականացվող ծրագրերից, իսկ թե ինչու են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցհարցման արդյունքներն այդպիսին, հուշում է այն հանգամանքը, որ հարցվածների մեծ մասը ոչ թե հենց շահառուներն են, այլ տեղաբնակները։ Վերջիններիս պատկերացմամբ ՀՀ կառավարությունն անսահմանափակ աջակցություն է տրամադրում արցախցիներին։ Սրա պատճառն էլ բնականաբար կառավարության կողմից պարբերաբար թմբկահարվող «լայնածավալ փոփոխությունները», «լավարկումները» եւ այլ «մեծածավալ» ծրագրերն են, որոնցից, չգիտես ինչու, տեղահանվածներս չենք օգտվում եւ չենք զգում դրանց դրական ազդեցությունը մեր մաշկի վրա»,- նշում է Լիաննա Պետրոսյանը։

Կարելի է նաև նշել, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, որոնք արցախցիներին վարձով տրված բնակարաններ ունեն, գոհ են արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունից, քանի որ այդ աջակցությունը ուղիղ տեղափոխվում է իրենց տները աստղաբաշխական գումարներով վարձով տվողների գրպաններ։ Բազմաթիվ մարդիկ նաև գոհ են, որ շուտով բնակշուկայում ոչ մրցունակ իրենց տները կվաճառեն արցախցիներին, որոնց ստացած աջակցությունը կհերիքի հենց նման բնակարաններ գնելու համար։   

Խափանումներ բանկային և այլ էլեկտրոնային համակարգերում

ARCA համակարգում խափանումներ են. հնարավոր չէ փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարել։
Չի գործում նաև Telcell–ը, մարդիկ չեն կարողանում վճարել տրանսպորտի ուղեվարձը։
Խնդիրներ կան և այլ էլեկտրոնային համակարգերում, մասնավորապես, դոմոֆոնների կառավարման։

Թրամփը «չի նկատել», որ Արցախում քրիստոնյաներ չեն մնացել. Արտակ Բեգլարյանի նամակը

Artak Beglaryanդիմել է Դոնալդ Թրամփին, նրա անձնական «Truth» սոցիալական ցանցում Ալիևի` օկուպացված Ստեփանակերտում ունեցած ելույթի հղման հրապարակման կապակցությամբ։ Թրամփին դուր է եկել, որ Ալիևը գովեստի խոսքեր է ասել ԱՄՆ նախագահին և ասել, որ Թրամփը պատերազմներ չի սկսել։ Թրամփը չի «նկատել», որ Հայկական Արցախում քրիստոնյաներ չեն մնացել։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին։ Այն ժմանակ իր գրառման մեջ Թրամփը, մասնավորապես ասել է«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ:

Արցախում քրիստոնյաների ցեղասպանությունից ընդամենը երկու տարի անց Թրամփը մեջբերում է Ալիևին, ով իրականացրել է ցեղասպանությունը։

Արտակ Բեգլարյանը գրել է.

Ամենայն հարգանքով ուզում եմ արտահայտել իմ դժգոհությունը մեր ժամանակների ամենահանցավոր և բռնապետական առաջնորդներից մեկի՝ Իլհամ Ալիևի տեսանյութը կիսելու ձեր որոշման կապակցությամբ։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր փաստերին.

1. Ալիևը ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է կատարել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ, որի գագաթնակետը 100,000-ից ավելի մարդկանց բռնի տեղահանումն էր 2023 թվականի սեպտեմբերին, մի գործընթաց, որը լայնորեն համարվում է էթնիկ զտում։

2. 2024 թվականի հոկտեմբերի 23-ին դուք ինքներդ այս գործողությունները անվանեցիք «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում»՝ խոստանալով աշխատել դրանց կանխարգելման ուղղությամբ: Ձեր կարծիքով, ո՞վ է կատարել այս հանցագործությունները, եթե ոչ այն անձը, որի տեսանյութը դուք տարածել եք։

3. Ալիևը տանջում է հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին պարզապես նրանց ազգային և կրոնական ինքնության համար, ինչը հաստատում են անկախ միջազգային կազմակերպությունները: Սրանք քաղաքական մեղադրանքներ չեն, այլ մարդու հիմնարար իրավունքների խախտումներ։

4. Նա հրամայել է ոչնչացնել, քանդել կամ ձևափոխել տասնյակ հայկական քրիստոնեական եկեղեցիներ և հուշարձաններ՝ որպես տարածաշրջանի դարավոր հայկական ժառանգությունը ջնջելու ծրագրի մաս։

5. Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ Ադրբեջանի երիտասարդությունը պետք է ատի հայերին, և կառուցել է մի գրոտեսկային «այգի», որը ծաղրում է զոհված հայ զինվորներին։

6. Նրա զորքերը գրավել են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ բացահայտորեն սպառնալով նոր ագրեսիայով իրենց խաղաղ ժողովրդավարական հարևանի դեմ։

7. 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Ալիևը ձեր վարչակազմին խոստացավ հրադադար, որը նա խախտեց մի քանի ժամվա ընթացքում՝ խաթարելով ձեր խաղաղության ջանքերը նախագահական քարոզարշավի ընթացքում։

8. Ձեր կիսած ելույթը հնչել է օկուպացված Շուշիում՝ հայկական ամենասուրբ և պատմական քաղաքներից մեկում։ ԱՄՆ օրենսդիրներն ու վարչակազմերը տասնամյակներ շարունակ ճանաչել են Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Պարոն նախագահ,

Որպես Ալիևի ցեղասպանական ագրեսիայի զոհերից մեկը և բոլոր փախստականների ձայն բարձրացնողը, ես կոչ եմ անում ձեզ. մի՛ օրինականացրեք մի բռնապետի, որը անչափելի տառապանքներ և ավերածություններ է պատճառել հին քրիստոնյա ժողովրդին։

Փոխարենը, մենք խնդրում ենք, որ դուք հարգեք ձեր սեփական խոսքերը՝ օգնելու դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները և դուք անձամբ կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։

Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը՝
• Իմ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի հայրենիք,
• Մեր կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար, որն այժմ սպառնալիքի տակ է,
• Ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ազատ արձակման համար,
• Եվ Ադրբեջանում ատելության և ֆաշիստական ​​քաղաքականության վերացման համար։

Խնդրում ենք թույլ չտալ, որ բռնապետի «խաղաղության» հռետորաբանությունը մթագնի մեր ժողովրդի իրական և շարունակվող ողբերգությունը։

https://truthsocial.com/@ArtakBe…/posts/114898647830768673 

Թուրքիան բացահայտ խոսում է Սիրիայի մասնատումից

Եթե Սիրիայում խմբավորումները շարժվեն դեպի բաժանում և անկայունացում, Անկարան դա կհամարի իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և կմիջամտի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Զգուշացումը հնչել է Սիրիայի Սուվեյդա քաղաքում անցած շաբաթ սրված բախումներից հետո, որոնց թիրախում էր հայտնվել տեղի դրուզ փոքրամասնությունը։ Նրանց պաշտպանելու համար Իսրայելը կրակ էր բացել Սիրիայի ուղղությամբ՝ հարվածելով նաև Դամասկոսում գտնվող պաշտպանության նախարարությանն ու նախագահական նստավայրին։

«Իսրայելը քաղաքականություն է որդեգրել, որն ուղղված է տարածաշրջանը թուլացնելուն և այն քաոսի մեջ պահելուն», – ասել է Հաքան Ֆիդանը, պնդելով, թե եթե շարունակվեն քայլերն այդ ուղղությամբ, Անկարան կմիջամտի։

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ազատ արձակել Կարապետյանին, Սրբազաններին և հրաժարվել դեպի Էջմիածին արշավից

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, եւ հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դրա համար նրանցից պահանջվում է անմիջապես դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները եւ, Հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։

Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։ Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերը արտաքին հարաբերությունների բնագավառում»։

Փաշինյանը գնում է Ռուսաստան․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մե՞ջ է

24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ վերջերս Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Ռուսաստան։ Պետք է ենթադրել, որ կարևոր թեմաներից մեկը հայկական Սյունիքի հարցն էր, որը վերջին մի քանի տարիների ընթացքում տարօրինակ մետամորֆոզներ է ապրել։

Հիշեցնենք, որ 44-օրյա արյունալի ագրեսիայից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին անսպասելիորեն ընդունվեց հայտարարություն, որի 9-րդ կետի համաձայն՝ ռուսական զորքեր մտցվեցին Արցախ։ Արցախի Ակնայում բացվեց ռուս-թուրքական հետախուզական կենտրոն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը կբացվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար։ Տրանսպորտային կապերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»։

Դրանից անմիջապես հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին, ադրբեջանական զորքերը փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, ապա ռուսական զորքերը տեղակայվեցին Սյունիքի մարզում՝ «Հայաստանի խնդրանքով»։

2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Ջերմուկի ուղղությամբ, որտեղից մինչ այդ  նահանջեցին ռուսական զորքերը։ Վերլուծաբանները սա գնահատեցին որպես անհաջող փորձ՝ ներխուժելու Հայաստանի խորքը՝ Ջերմուկ-Երասխ-Մարգարա միջանցքը ճեղքելու համար։

2022 թվականի դեկտեմբերին փակվեց Բերձորի միջանցքը, որի երկայնքով տեղակայված էին ռուսական զորքերը։ 2023 թվականի ապրիլին Ադրբեջանը Բերձորի միջանցքում անցակետ տեղադրեց Հայաստանի հետ սահմանին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, ամբողջ բնիկ բնակչությունը տեղահանվեց։ Վեց ամիս անց Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերը Արցախից, և Ակնայում կենտրոնի փակման ժամանակ ռուս գեներալը հպարտությամբ հայտնեց, որ Թուրքիայի հետ համատեղ առաջադրանքները հաջողությամբ կատարվել են՝ Լեռնային Ղարաբաղում «խաղաղություն» է հաստատվել։

Այս իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հաջողությամբ խլեց Արցախը Հայաստանից և հանձնեց Թուրքիային։ Եվ հետագա իրադարձությունները նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, այդ թվում՝ Մեղրիի ճանապարհի հարցը։

Նույնիսկ ռուսական զորքերի դուրսբերումից հետո ստորագրողներից ոչ մեկը նոյեմբերի 9-ի հայտարարությունը սպառված չհայտարարեց։ Մոսկվան դեռևս պնդում է «եռակողմ համաձայնագրերի» վրա, չնայած որ առանձնապես չի մտահոգվում Մեղրիի ճանապարհը վարձակալության վերցնելու ամերիկյան առաջարկով, թեկուզ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս սահմանապահները պետք է վերահսկեին այս ճանապարհը։ Եթե «ամերիկյան վարձակալությունը» նշանակում է միջանցքը հանձնել թուրքերին, ապա սա լիովին համապատասխանում է ռուս-թուրքական ծրագրերին։

Որքանո՞վ է սա ձեռնտու Իրանին։ Եվ ինչո՞ւ, իրանցի բարձրաստիճան անձանց Մոսկվա կատարած այցից հետո, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստան։ Արդյո՞ք Իրանը պնդում է միջանցքում ռուսական վերահսկողության վրա։ Թե ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, եթե հանկարծ Մեղրիի ճանապարհը ուժով վերցնելու փորձ արվի, կարելի է ենթադրել, վերհիշելով նրանց պահվածքը Արցախը հանձնելու ժամանալ։ 

Մի անգամ նրան ցույց տվեցին Թաղավարդի արբանյակային լուսանկարը։ Նրա տունը հիմնահատակ ավերված էր

2023 թվականի սեպտեմբերը կոտրեց վերջին հույսերն ու հավատը, որ ժողովրդի կամքը ինչ-որ բան է նշանակում այս աշխարհում

Մի անգամ նրան ցույց տվեցին Թագավարդ գյուղի արբանյակային լուսանկարը։ Նրա տունը հիմնահատակ ավերված էր։ Այն տունը, որտեղ նա մի ժամանակ երջանիկ էր իր ամուսնու հետ, որտեղ լսվում էր իր երեխաների ծիծաղը, որտեղից հացի հոտ էր գալիս։

«Ես ամենաշատը անհանգստանում եմ այն գերեզմանների համար, որոնք մենք ստիպված էինք լքել։ Ի՞նչ կլինի նրանց հետ հիմա։ Արդյո՞ք թշնամին կպայքարի նույնիսկ մեռյալների դեմ՝ կքանդի գերեզմանները այնպես, ինչպես նա ավերեց մեր տները։ Այս միտքը հետապնդում է ինձ։ Կուզեմ ապրել մինչև վերադարձի օրը՝ ծնկի իջնել իմ հարազատների գերեզմանների, իմ ամուսնու գերեզմանի մոտ»։

Միլա Թևոսյան-Դանիելյանը արցախցի է, 46 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհի է։ Թագավարդ գյուղի դպրոցի միջանցքներում նրան հարգանքով անվանում էին «ընկեր Թևոսյան»։

1992 թվականին նա կորցրեց ամուսնուն, որը զոհվեց Շուշիի ազատագրման մարտերում։ Կինը միայնակ մեծացրեց չորս երեխա՝ գտնելով ուժ ուրիշներին աջակցելու համար։ Վերապրեց 90-ականների առաջին շրջափակման սովն ու ցուրտը, հարազատների ողբերգական կորուստը, քանի որ հավատում էր, որ այլևս պատերազմ չի լինի՝ հայրերը նվաճեցին խաղաղությունը սեփական կյանքի գնով։ Բայց հետո ոչ միայն ամեն ինչ կրկնվեց, այլև ավարտվեց մեծ ողբերգությամբ՝ տեղահանությամբ և հայրենիքի կորստով։

Այսօր Միլան և նրա հարազատները փախստական են և բախվում են սոցիալական և հոգեբանական խնդիրների, ինչպես հազարավոր այլ ներքին տեղահանված անձինք, որոնք լքեցին Արցախը 2023 թվականի սեպտեմբերին։

«Արդյո՞ք արդարությունը չի հաղթի։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր այդքան ցավ պատճառեցին Արցախի ժողովրդին։ Արցախի ավերածությունները շարունակվում են, և ոչինչ չի արվում դրա դեմ։ Ես իսկապես ուզում եմ վերադառնալ տուն, բայց հիասթափությունս ավելի մեծ է։ Մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները՝ ապացուցելու մեր հայրենի հողում ապրելու իրավունքը, բայց 2023 թվականի սեպտեմբերը կոտրեց վերջին հույսերն ու հավատը, որ ժողովրդի կամքը ինչ-որ բան է նշանակում այս աշխարհում»։

Տիկին Միլան բանաստեղծություններ է գրում։ Իր համար, երեխաների համար, հուզական ապրումները հաղթահարելու համար։ Իսկ մի օր նա մատիտ վերցրեց ու սկսեց նկարել։ Ծաղիկներ, թռչուններ… Առանց տեխնիկայի, առանց կանոնների, այնպես, ինչպես ինքն է զգում, մելամաղձությամբ ու լռությամբ։

«Ինչո՞ւ վատը նկարել։ Այն առանց դրա էլ չափազանց շատ է։ Իսկ ծաղիկներն ու թռչունները՝ նրանք իմ հույսի պես են։ Ես պարզապես մայր եմ, տատիկ, հարյուրավոր աշակերտների խորհրդատու, Արցախից հազարավոր ներքին տեղահանվածներից մեկը։ Ես ապրում և ուրախություն եմ գտնում իմ թոռների մեջ»։

Ալվարդ Գրիգորյան

Ներկայացնում ենք արցախցի Միլա Թևոսյան-Դանիելյանի աշխատանքները

Լիաննա Պետրոսյանը առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել նախարարություն

Արցախից բռնի տեղահանված անձինք վերջին օրերին սոցիալական ցանցում ավելի ակտիվ են հարցադրումներ անում ՀՀ կառավարության բանակապահովման ծրագրի մասին։ Հետաքրքրվում են ծրագրին դիմելու պայմանների, օգտվելու հնարավորությունների մասին։ Step1.am-ն արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք աճե՞լ է բնակապահովման ծագրով հետաքրքրվող արցախցիների թիվը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունն էապես կրճատել է սոցիալական աջակցության ծրագիրը։ Նկատվում է միտում, որ մարդիկ կարծես ստիպված դիմում են բնակապահովման ծրագրից օգտվելու համար։

Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ բնակապահովման ծրագրում վերջին փոփոխությունները կատարվել են հուլիսի 3-ին, երբ ծրագրին դիմելու հնարավորություն է տրվել բոլոր ընտանիքներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 10-ի դրությամբ դիմել եւ հավաստագիր է ստացել 1879 ընտանիք, որից իրացվել են 441-ը։ Սա նշանակում է, որ դիմելիությունն այնուամենայնիվ շատ ցածր է, քիչ է նաեւ իրացված հավաստագրերի թիվը, եւ ոչ ոք ստիպված չպենք է դիմեն ծրագրին։ Հակառակը, մարդիկ պետք է շահագրգռված լինեին դիմել այն ժամանակ, երբ կարող էին նաեւ զուգահեռ ստանալ բնակվարձ»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Գույքագրելով արցախցիցների խնդիրները՝ Լիաննա Պետրոսյանը նամակ-պահանջագիր էր հանձնել ՀՀ կառավարությանը։ Օրերս ստացել է այդ նամակի պատասխանը։ Մեր հարցին՝ կառավարության պատասխանն իրենց գոհացնո՞ւմ, թե առաջիկայում դարձյալ բողոքի ակցիաներ կիրականացնեն, Լիաննա Պետրոսյանը պատասխանեց․ «Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի եւս ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք էր, ինչը նորություն չէր։ Միակ փոքր «դրական» նորությունը եւ սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման եւ տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը»։

Նամակում նաեւ հստակ ներկայացվել է, որ բնակվարձի ծրագրին վերադարձ կամ այլ փոփոխություն կառավարության օրակարգում չկա։ Սակայն, ըստ Լիաննա Պետրոսյանի, սա չի նշանակում, որ արցախցիների խնդիրները լուծվել են։ «Եվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, օրերս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել առաջարկների նոր փաթեթ՝ ընդլայնելու բնակվարձի ծրագրով առանձնացված խոցելի խմբերի ցանկը։ Պատասխանի մասին կտեղեկացնեմ առաջիկա օրերին։ Միաժամանակ, գործող ծրագրերի հետ կապված կատարվել են հարցումներ, ըստ այդ պատասխանների կներկայացվեն լրացուցիչ առաջարկներ»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախի խորհրդարանի խոսնակը երախտագիտություն է հայտնել Բելգիայի պատգամավորներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին
Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։
Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների կողմից դրսևորված սկզբունքային մոտեցման վկայությունն է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, մասնավորապես՝ հայրենիք վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ճանաչման ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում բանաձևում տեղ գտած շեշտադրումներն ուղղված Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը, բռնի տեղահանված անձանց անվտանգ վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։ Հատուկ կարևորում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ հնչեցված կոչերը։
Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ու տրամադրվածությունը համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների և կառույցների հետ՝ ուղղված արդարության վերականգնմանը, խաղաղության հաստատմանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը։
Արցախի իշխանությունների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների առկայության պայմաններում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված միջազգային կառույցների և պետությունների կողմից նմանօրինակ սկզբունքային նախաձեռնությունները ստանում են շեշտակի կարևորություն և արժեք։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, ճշմարտության և արժանապատիվ խաղաղության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր խորին երախտագիտությունը Բելգիայի բարեկամ ժողովրդին և օրենսդիր մարմնին՝ արդարության ձայնը լսելի դարձնելու և մարդկության դեմ հանցագործությունների կոծկման փորձերին հակազդելու համար։

Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով արցախցիների բնակապահովման հարցերով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։

Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։
Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝
☑️ դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,
և/կամ
☑️ դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։
📌 Դիմումներն ընդունվում են e-request.am հարթակի միջոցով կամ ք․ Երևան, Կառավարական տուն 3 հասցեով։