Հայաստանի հարավի բռնագրավման «դաբրո». Թրամփը մեջբերել է Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցի էջում կիսվել է Ալիևի՝ օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիաֆորումի ժամանակ ունեցած ելույթի հատվածով։

Ալիևը նշել է, որ Դոնալդ Թրամփը կիսում է ադրբեջանական ժողովրդի հետ ընդհանուր հիմնարար, այդ թվում՝ ընտանեկան արժեքները և հենց այդ պատճառով ԱՄՆ-ում ցանկանում են նրա վերընտրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Թրամփը միակ ԱՄՆ նախագահն է, ով չի սկսել ոչ մի պատերազմ և ընդհակառակը՝ ձգտել է դադարեցնել դրանք։

Ալիևը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնության հասնելու հարցում անձնական հետաքրքրության համար։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին, Երևանի, Բաքվի և Անկարայի միջև «կարգավորման» համատեքստում, քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը՝ Մեղրիի ճանապարհը 100 տարով վարձակալելու վերաբերյալ: Դոնալդ Թրամփը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը, չնայած մի քանի օր առաջ նա ասել էր, որ «մենք հրաշք ենք գործել», և Երևանն ու Բաքուն շուտով խաղաղություն կկնքեն։

Թրամփը նույն ոգևորությամբ խոսում է և այլ հակամարտությունների մասին, որոնք կարող է դադարեցնել, բայց «մեծահոգաբար» թույլ է տալիս մարդկանց որոշ ժամանակով սպանել միմյանց: Սա վերաբերում է Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի գործողություններին, որոնց Թրամփը «կանաչ լույս» է վառել։

Էքսպանսիոնիստ առաջնորդները խաղում են Թրամփի սնապարծության վրա և գովաբանում նրան, նույնիսկ նրան առաջադրելով Նոբելյան մրցանակի և ստանալով ուժ կիրառելու «դաբրո»։ Ալիևը, ըստ էության, նույնպես իր ներդրումն է ունեցել Թրամփի գովաբանության մեջ՝ փորձելով ստանալ համաձայնություն Մեղրիի ճանապարհի, հայ-իրանական սահմանի և Հայաստանի ամբողջ հարավի՝ մինչև Երասխի բռնի զավթման համար։

Այն փաստը, որ Թրամփը մեջբերում է Ալիևին, նշանակում է, որ եթե ամերիկյան առաջարկը չընդունվի Հայաստանի կողմից, ապա «մեղավորը» Հայաստանը կլինի, և Ալիևն ու Էրդողանը չեն ունենա այլ «տարբերակ», բացի ուժայինից։ Առավել ևս, որ Իրանը շարունակում է պնդել «աշխարհաքաղաքական սահմանների անփոփոխության» վրա։

Փաշինյանի մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ ճանապարհի բացումը հնարավոր է միայն Հայաստանի ինքնիշխանության պահպանման դեպքում, չնայած նա չի բացառել, որ հայ սահմանապահների հետ շփումը կարող է լինել «անհպում»։ Իրանը, իր հերթին, վերջերս կրկին սկսել է խոսել «աշխարհաքաղաքական սահմանների» փոփոխության թույլ չտալու մասին։ Լրատվամիջոցները անմիջապես հայտնեցին, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Իրանի հետ սահմանին, իսկ Թրամփը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կրկին կհարվածի Իրանին։

Թրամփի կողմից Ալիևի հայտարարությանը հղում կատարելը նշանակում է, որ քանի որ Հայաստանն ու Իրանը չեն ցանկանում ամեն ինչ «անել խաղաղ ճանապարհով», Ալիևին տրվել է «կանաչ լույս» ուժային լուծման համար։ Եվ ԱՄՆ-ն կօգնի նրան։

Ժամը 16։00-17-00-ի ժամանակահատվածում կլինի +38․․․+40 աստիճան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
​​​​​​​​​

Երևանում հուլիսի 22-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
​​​​​​​​

Մարզերում հուլիսի 22-ին և 25-ին կեսօրից հետո, 26-27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բնակարանային ծրագիր. իրենց տները արցախցիներին վաճառողները ընդմիշտ լքում են Հայաստանը

Հունիսի 12-ին արցախցիների հանրահավաքից հետո առաջացած անհույս վիճակը, ՀՀ կառավարության կողմից 40 հազար դրամի չափով բնակարանային աջակցությունը շարունակելուց կտրուկ հրաժարվելը և բնակարանային ծրագրում որոշ դրական փոփոխությունները հանգեցրին նրան, որ ավելի ու ավելի շատ արցախցիներ հասկանում են, որ այլընտրանք չկա։

Անձնագրային բաժանմունքներում կրկին նկատվում է արցախցիների մեծ հոսք․ ակտիվացել է քաղաքացիություն ստանալու պրոցեսը՝ գոնե կառավարության առաջարկած գումարը ստանալու համար։ Այլ օգնություն ակնկալելու կարիք չկա, և չնայած բանկերը դեռևս մեծ մասամբ հրաժարվում են արցախցիներին վարկեր տրամադրել, մարդիկ փորձում են լրացուցիչ գումար գտնել, որ “գումարեն” սերտիֆիկատին և բնակարան գնեն։

Նույնիսկ «ավելացումով» սերտիֆիկատի գումարը հազիվ հերիքում է երկրորդային շուկայում բնակարան գնելու համար։ Հայաստանում շատ տանտերեր փորձում են օգտվել իրավիճակից և իրենց անհույս, խարխուլ բնակարանները վաճառել արցախցիներին, վերցնել «օդից ընկած» փողը և լքել Հայաստանը։ Նրանցից շատերը վաղուց ունեն ռուսական կամ այլ անձնագիր, և նախընտրում են իրենց տան վաճառքից ստացված «պետական» գումարը ներդնել Կրասնոդարի կամ Չեռնոգորիայի անշարժ գույքի մեջ։

Եվ պարզվում է, որ կառավարության բնակարանային ծրագիրը նպաստում է ոչ թե Հայաստանի ժողովրդագրության բարելավմանը արցախցիների հաշվին, այլ ՀՀ որոշ բնակիչների հեռանալուն։

Սկզբում և նույնիսկ հիմա շատ փորձագետներ առաջարկում էին կամ նոր բնակարաններ կառուցել արցախցիների համար՝ լինի դա սոցիալական թե այլ հիմունքներով, կամ միջոցները հատկացնելով նոր շենքերում բնակարաններ գնելու կամ նոր տներ կառուցելու համար։ Որպեսզի արցախցիները համալրեն Հայաստանի ժողովրդագրությունը և չզբաղեցնեն նրանց տեղը, ովքեր նստած էին ճամպրուկների վրա և սպասում, թե ով կգնի իրենց անհույս բնակարանները։

Սակայն կառավարությունը չգնաց այս ճանապարհով, և այժմ մնում է վիճակագրական կոմիտեն հաշվի, թե քանի ՀՀ քաղաքացի է վաճառել տները արցախցիներին (իրականում, կառավարությունն ինքն է այդ տները գնում սեփական քաղաքացիներից՝ խրախուսելով նրանց արտագաղթը) և ընդմիշտ լքել Հայաստանը։ Եվ քանի՞ օտարերկրացիներ այն երկրներից, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ, տներ են գնել նոր շենքերում Հայաստանում։

5 երեխա ունեցող ընտանիքը կարող է հայտնվել փողոցում

Սոցիալական աջակցության դադարեցման պատճառով արցախցիների մեծ մասը հայտնվել է հուսահատության եզրին։ Մեր հայրենակիցները չեն կարողանում վճարել աստղաբաշխական գումարներ վարձակալության համար։ Արցախցի բազմազավակ մայր Ռուզաննա Խաչատրյանը շուտով կարող է հայտնվել փողոցում։

Ռուզաննան հինգ երեխա ունի։ Նրանցից երկուսը լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Արցախում նրանք պարբերաբար այցելում էին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։

Բռնատեղահանումից հետո ընտանիքը բնակություն է հաստատել Աշտարակում։ «Ընտանիքում աշխատում է միայն ամուսինս, որը վաստակում է 120 հազար դրամ։ Այս գումարը բավարար չէ նույնիսկ վարձը լիովին վճարելու համար, չհաշված մյուս ծախսերը։ Բոլոր վերականգնողական կենտրոնները կենտրոնացած են Երևանում, և դրանց հասնելը պահանջում է մեզ համար անհասանելի ծախսեր։

Բացի այդ, բնակարանի սեփականատիրոջ որդին շուտով կժամանի Ռուսաստանից։ Նա խնդրել է հնարավորինս շուտ ազատել բնակարանը։ Այլ բնակարան գտնելը նույնպես բավականին դժվար է։ Պարզելով, որ ընտանիքում կան հաշմանդամություն ունեցող անձինք, սեփականատերերը հրաժարվում են մեզ բնակարան տրամադրել։ Հետևաբար, շատ շուտով մեր ընտանիքը կարող է հայտնվել փողոցում։

Ես կցանկանայի դիմել պետությանը և բարի մարդկանց՝ խնդրելով աջակցել մեր մեծ ընտանիքին», – ասել է Ռուզաննան «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։

Ռուզաննայի դեպքը միակը չէ։ Աջակցության դադարեցումից հետո մեր բոլոր հայրենակիցները հայտնվել են ծայրահեղ դժվարին իրավիճակում։ Շատ տանտերեր փախստականներին վերջնագիր են ներկայացնում՝ կամ վճարել հին գինը, կամ փնտրել այլընտրանք։

Քանի որ վարձակալությունն ավելի մատչելի է Հայաստանից դուրս, արցախցիները աստիճանաբար կլքեն Հայաստանը և իրենց ապագան կկառուցեն արտերկրում։

Արսեն Աղաջանյան

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների ԱՄՆ-ի հետ՝ բայց պայմանով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն փորձի գտնել փոխշահավետ լուծում: Այս փուլում Իրանը պարզապես ցանկանում է ամրապնդել վստահությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև, հաղորդում է Fox News-ը։

Արաղչին ասել է, որ ամբողջ Արևմուտքը պետք է հավատա, որ Իրանը չի պատրաստվում ստեղծել միջուկային ռումբ, և որ ամբողջ ծրագիրը «խաղաղ» է։

Եթե Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ, ապա ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ սա յուրահատուկ խաղ է, որից բոլորը կշահեն, բայց այժմ Թեհրանը պատրաստ չէ Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսության։

Բնակապահովման ծրագիրը խախտում է արցախցիների կորցված անշարժ գույքի փոխահատուցման իրավունքը

Ստեփանակերտ

Երիտասարդ իրավաբան, Արցախից բռնատեղահանված Ժորա Հայրապետյանն իր տեսակետներն ու մտահոգություններն է արտահայտում արցախցիների Արցախում թողած անշարժ գույքի և ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շուրջ։

Նրան ընտանիքն Արցախում սեփականության իրավունքով անշարժ գույք է ունեցել․ այժմ զրկված է այն տիրապետելու և տնօրինելու իրավունքից

 -Արցախցիները հազարամյակներ շարունակ ապրել, արարել են իրենց պապենական հողում, սեփականության իրավունքով ունեցել անշարժ գույք: Արցախի օկուպացիայից հետո բազմաթիվ անգամ արձանագրվել է, որ ադրբեջանցիները թալանում, ավերում և հիմնահատակ քանդում են արցախցիների բնակարանները, բնակելի տները, իսկ առանձին դեպքերում՝ ամբողջական թաղամասեր։

Մենք Ստեփնականերտ քաղաքում ունեցել ենք սեփականության իրավունքով բնակելի տուն և տնամերձ հողամաս։ Դեռևս խորհրդային տարիներին, Ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղաքային գործկոմի որոշմամբ այդ հողամասը հատկացվել էր պապիկիս, որտեղ կառուցվել է բնակելի տուն։ Այնուհետև, ԼՂԻՄ Ստեփանակերտի անշարժ գույքի տեխնիկական գույքագրման բյուրոյում անշարժ գույքը ենթարկվել է պետական գրանցման։ ԼՂՀ անկախության հռչակումից հետո փաստաթղթերի փոփոխման հիման վրա Արցախի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կողմից տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական: Ցավոք, ելնելով հայտնի պատճառներից, այս պահին զրկված ենք սեփականության իրավունքով պատկանող մեր անշարժ գույքը տիրապետելու և տնօրինելու հնարավորությունից:

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի մասին Ժորան այն կարծիքին է, որ այն ենթակա է բարելավման, հակառակ դեպքում իր ընտանիքը չի օգտվելու այդ ծրագրից։

-Բռնատեղահանությունից հետո ՀՀ կառավարությունը մշակել է Արցախից տեղահանված անձնանց բնակարանյին ապահովման ծրագիր, սակայն ցանկացած իրավագիտակից անձ հասկանում է, որ դա որևէ կերպ չի կարող լիարժեք լուծել տեղահանված անձնանց բնակարանային ապահովման խնդիրները։ Առաջին հերթին ծրագրի շահառու դառնալու համար սահմանվել է պարտադիր պահանջ։ Շահառու անձը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն, ինչը արցախցիների զգալի մասի համար անընդունելի է հետևյալ պատճառով․ արցախցիները ցանկանում են պահպանել իրենց 070 կոդով անձանգիրը, քանի որ դա միակ փաստաթուղթն է, որը հաստատում է Արցախի քաղաքացի լինելու փաստը:

Դեռևս Խորհրդային տարիներից սկսած մինչև տեղահանությունը արցախցիներն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքի համար վճարում էին ապահովագրական վճարներ, հարկեր, տուրքեր: Ներկայումս արցախցին փաստացի զրկված է իր ծննդավայր-հայրենիքից, նախնիների գերեզմանին այցելելու հնարավարությունից։ Նա կորցրել է ամեն ինչ։ Ինչո՞ւ ՀՀ-ը չի դիմում << քաղաքակիրթ>> Ալիևին, որպեզի նա տրամադրի փոխահատուցում կորցված անշարժ գույքի դիմաց կամ հենց ՀՀ կառավարությունն սկսի տրամադրել կորցված անշարժ գույքի փոխահատուցում առանց որևէ նախապայմանի:

Պապիկս երկար տարիներ աշխատել է խորհրդային տարբեր հիմնարկներում։ ԽՍՀ օրենսդրության հանաձայն իր սեփական միջոցներով ձեռք բերել հողամաս, կառուցել տուն, վճարել հարկեր, տուրքեր, ապահովագրական վճարներ և այլն: Հայաստանի Հանրապետությունը թե՛ միջազգայնորեն, և թե՛ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է փախստական ճանաչված անձանց ապահովել բնակարանով և բնակելի տներով՝ կորցված անշարժ գույքին համապատասխան:

Կառավարության կողմից ընդունված որոշումը խախտում է արցախցիների կորցված անշարժ գույքի փոխահատուցման իրավունքը, ինչպես նաև պատճառված վնասի հատուցումը թե՛ բարոյական, և թե՛ նյութական:

Հասկանալի է՝ ՀՀ կառավարությունն արցախցիներին անտեսում է, չի իրականացնում բավարար սոցիալական ծրագրեր։ Գոնե ժամանակավոր կացարանում բնակվելու համար վարձավճարների փոխահատուցում տրամադրեն և գումարները փոխանցեն անձամբ սեփականատերերին: Կարծում եմ, որ այս տարբերակը ավելի ճիշտ կլինի և կընդունվի արցախցիների կողմից մինչև վերջնական բնակարանային հարցի լուծումը:

Մեք դեռևս չենք դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մեր ընտանիքը հանդիսանում է զոհված զինծառայողի ընտանիք և օգտվում է հավաստագիր ստանալու համար առաջնահերթ դիմելու իրավունքից, սակայն մենք  այդ ծարգրից չենք օգտվելու, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի բարելավել այն, որովհետև հատկացվող գումարը բավարար չէ նորմալ պայմաններով տուն ձեռք բերելու համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Վարչական դատարանը մերժել է Մարատ Եգանյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի

Վարչական դատարանը մերժել է արցախցի Մարատ Եգանյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարատ Եգանյանը հայց է ներկայացրել ԱԱԾ դեմ, քանի որ ԱԱԾ ծառայողներն իրեն թույլ չէին տվել առանց ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայականի հատել հայ-վրացական սահմանը։ Այնինչ, Եգանյանը պնդում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ «070» կոդով անձնագրով իրավունք ունի հատել ՀՀ սահմանը։

Դատական նիստերի ժամանակ Մարատ Եգանյանը նաեւ ընդգծել էր Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են համարվում։ Վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման դրույթներից մեկով Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։

Step1.am-ի հետ զրույցում Մարատ Եգանյանն ասաց, որ դատավորը պնդում է, որ ԱԱԾ-ն պարտավոր է առաջնորդվել ՀՀ կառավարության՝ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմամբ, քանի դեռ այդ որոշումն ուժի մեջ է։

«Մինչդեռ, մեր դիրքորոշումն այն է, որ նույնիսկ եթե այդ որոշումը համարվում է ուժի մեջ, ապա այն չպետք է կիրառվեր, քանի որ առկա է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտ։ Խոսքը ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի մասին է, որտեղ հստակ ձեւակերպված է, որ ինչպես մնացած ՀՀ քաղաքացիները, այնպես էլ 070 կոդով անձնագիր ունեցող անձը պետք է կարողանա հատել սահմանը, եւ չի կարելի խտրականություն կիրառել։ Այսինքն՝ եւ օրենսդրության մեջ, եւ Սահմանադրական դատարանի, եւ Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներում նշված է, որ եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտին հակասում է որեւէ նորմատիվ ակտ, ապա գործում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է օրենքին։

Այդ ակնհայտ պահը արհամարհվել է դատարանի կողմից, այնինչ, Վարչական դատավարության օրենսգրքում հստակ նշված է, որ դատավորը պարտավոր է վճռում նշել, թե ինչու այս կամ այն իրավական ակտը կիրառելի չէ ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասելու պատճառով։ Բայց դատավորն ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել։ Այդ հիմքով իմ կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վարչական վերաքննիչ դատարանում դատավոր է նշանակվել Սամվել Հովակիմյանը, եւ առաջիկայում պետք է կայացնեն մի որոշում։ Այս պահին սպասում ենք այդ ոոշմանը»,- ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ ակնհայտ է՝ դատավորն այս դեպքում անաչառ չէ։ Օրենքների հիերարխիան դա տարրական բան է, եւ դատարանը չի կարող չիմանալ, որ եթե կառավարության որոշումը հակասում է օրենքին, ապա պետք է կիրառվի օրենքը, չպետք է կիրառվի կառավարության որոշումը։ Կառավարության որոշումը կարող է չբեկանվել, բայց չկիրառվել, որովհետեւ հակասում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին։ «Այդ մասին նույնիսկ ՍԴ-ն է մի քանի անգամ նշել, այսիքն՝ այդտեղ որեւէ կասկած չկա։ Այդ տարրական նորմը գիտի անգամ ցանկացած դատավորի օգնական»,- հավելեց նա։

Մարատ Եգանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի համաձայն՝ արցախցիների անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ քաղաքացիության մասին վկայող փաստաթուղթ է։ Այսինքն՝ քաղաքացիությունը դրանով է ապացուցվում, եթե այդ փաստաթուղթն ունես, ուրեմն քաղաքացի ես։

«Իրենք ասացին, որ իմ հայցը մերժում են, որովհետեւ ես քաղաքացի չեմ, ես ասել եմ, որ պահանջում եմ՝ պետք է սահմանը հատեմ, որովհետեւ ես ՀՀ քաղաքացի եմ։ Բայց դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին, մինչդեռ սա ամենակարեւոր հարցն է։ Մի այնպիսի որոշում կայացրեց, որ կարծես թե ասում է՝ կապ չունի, քաղաքացի ես, քաղաքացի չես, եթե կառավարությունը որոշել է, որ այդ փաստաթուղթը պետք է ներկայացնես, ուրեմն պետք է ներկայացնես։ Մի կողմից դատավորն նշում է, որ ես իմ հայցում դրա մասին խոսում եմ, որ կառավարության որոշումը հակասում է օրենքին, բայց մյուս կողմից հրաժարվում է տալ իր գնհատականը՝ արդյոք հակասում է, թե՞ ոչ։ Եվ եթե հակասում է, ուրեմն պետք է չկիրառվի կառավարության որոշումը, իսկ եթե չի հակասում, այդ դեպքում ես սխալ եմ։ Բայց դատավորը խուսափում է դա անել։

Վերաքննիչ ներակայացրած հայցում արդեն հստակ նշել ենք, որ օրենքի հիերարխիայի հարց կա, եւ պարտավոր են ուղղորդվել դրանով։ Բացի դրանից, իմ անձնագիրը տրված է եղել նախքան 2023 թվականը, եւ կառավարության որոշումը հետադարձ բացասական ուժ չպետք է ունենա։ Ես ասում եմ՝ ես ՀՀ քաղաքացի եմ, մինչեւ 2023 թվականի ձեր այդ որոշման ընդունումը ես իմ անձնագրով, առանց որեւէ փաստաթղթի անցնում էի սահմանը։ Հիմա դուք այդ որոշումը, որն ընդունել եք, ինքը չի կարող հետադարձ բացասական ուժ ունենալ»,- նշեց մեր զրուցակիցը։

Մարատ Եգանյանը նշեց, որ ցավալի է, որ դատարանները մտնում են այս ամենի մեջ եւ դառնում են քաղաքական շահեր հետապնդող, անազատ պայմաններում գտնվող մարմիններ։ Եթե դատարանը հրաժարվում է այդ տարրական մեկնաբանությունը կատարելուց, ապա այստեղ խոսք չի կարող գնալ արդար ու ազատ դատարանի մասին։ Դրանով դատարանն արդեն քաղաքական մարմին է դառնում։

«Սա դիտարկվում է որպես արցախցիների նկամամբ պարբերաբար տեղի ունեցող հանցագործության մի մաս, որի անունն է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Կոլափս Ռուսաստանի օդանավակայաններում

DW

Հուլիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:20-ից մինչև հուլիսի 21-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը որսացել կամ ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող 74 սարք։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 21-ին, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի մարզի վրայով որսացվել է 23 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 15 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ Եվս 14-ը՝ Կուրսկի, 12-ը՝ Ռոստովի, 10-ը՝ Բրյանսկի, 10-ը՝ Կալուգայի, 4-ը՝ Տուլայի և 1 անօդաչու թռչող սարք՝ Լիպեցկի մարզերի վրա, հայտնել է պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ «Գորգ» ծրագրի պատճառով Ռոսավիացիան սահմանափակումներ էր հայտարարել մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Շերեմետևոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկում, ինչպես նաև Նիժնի Նովգորոդում (Ստրիգինո), Կալուգայում (Գրաբցևո) և Յարոսլավլում (Տունոշնա)։

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները վերացվեցին միայն վաղ առավոտյան։

Միևնույն ժամանակ, Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Պետրոպավլովսկ-Կամչատկայում և Սախալինում Մոսկվա ինը չվերթ է հետաձգվել նավերի ուշ ժամանման պատճառով, հայտնել է Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունը։

Իր տվյալների համաձայն՝ մեկնմանը սպասում է ավելի քան 2,7 հազար ուղևոր։

Տարվա սկզբից մինչև մայիսի կեսերը Ռուսաստանի օդանավակայանները առնվազն 217 անգամ դադարեցրել են իրենց գործունեությունը ուկրաինական անօդաչուների հարձակման սպառնալիքների պատճառով, գրել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը։ Սա ավելին է, քան ամբողջ 2023 (58 անգամ) և 2024 (91) թվականներին միասին վերցրած։ Մայիսին Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կոլափսից տուժել է ավելի քան 60 հազար մարդ։

Խորխոռունու գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ–ն հուլիսի 18-ին հայտնել էր, որ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է։
Ըստ ԶԼՄ–ների` սպանության մեջ մեղադրվում են Արթուր Առաքելյանը, Սասուն Առուշանյանը (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյանը, Արայիկ Նարիմանյանը:
Սասուն Առուշանյանը եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։

ՀՀ տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։

Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ ՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրներից եւ դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։

Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության  եւ արգելված ապրանքների շրջանառության  անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետևաբար, Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների   առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաեւ կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար։ Նաեւ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։ Երկաթուղու դեպքում դրանք այլ են, խողովակաշարերի դեպքում՝ այլ, ավտոճանապարհներին՝ բեռնատար մեքենաների համար՝ այլ, մարդատար մեքենաների համար՝ այլ, եւ երբեմն երկրները փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների մասին։ Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, եւ ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից։

Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Հայաստանի Հանրապետությունն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների եւ թե, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ ասել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որեւէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ իրավազորությունից անդին։

Խոսելով ադրբեջանական կողմում՝ մինչև Հայաստանի և Իրանի սահման, երկաթուղու կառուցման մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, և, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որևէ աշխատանք չի տարվել, այդ հարցը իբր դիտավորյալ հանվում է օրակարգից։ Ալիևի խոսքով՝ այս դեպքում «Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար և եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ քաղաքական մեկուսացման մեջ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պնդումները։

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդուղիները ապաշրջափակելու վերը շարադրված առաջարկները Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ադրբեջանին արել է շարունակաբար։ Ավելին, նախորդ տարի նոր առաջարկ է արվել Ադրբեջանին, ըստ որի՝ Հայաստանի լոկոմոտիվները հայաստանցի մեքենավարներով եւ վերը նշված սկզբունքների իրագործմամբ կարող են ապահովել երկաթուղային բեռնափոխադրումները Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաեւ Սյունիքի մարզի եւ Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների միջեւ։ Այս առաջարկի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային խոսել է «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում։ Ադրբեջանը, սակայն, այդ առաջարկները կամ լռության է մատնում կամ մերժում է։ Լիազորված եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վերը շարադրված բոլոր լուծումները իրագործելու պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարությանը, Ադրբեջանում կառուցվող երկաթուղին ունի նաեւ ներքին նշանակություն (Բաքուն եւ Ադրբեջանի Արեւմտյան շրջաններ կապում է իրար)։ Հայաստանի Հանրապետությունը Սյունիքի մարզում 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու շարժառիթ կունենա միայն Ադրբեջանի հետ համաձայնության պարագայում, քանի որ այդ երկաթուղին առանց Ադրբեջանի հետ համաձայնության չի կարող օգտագործվել նույնիսկ Հայաստանի ներքին բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը օրակարգից հանելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը հիմնավոր չէ։ Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո նշված երկաթուղու շինարարությունը կմեկնարկի, իսկ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են, օրինակ՝ Նռնաձոր գյուղի համար նոր ճանապարհի կառուցումը, որի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը այժմ տեղի է ունենում նախկին երկաթուղու շերտով։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հարեւանների հետ բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, եւ դրա ապացույցը ՀՀ կառավարության ստեղծած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում են գրեթե ամենուր։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն ավելի քան մոտ են դրա ստորագրմանը։ Միևնույն ժամանակ, նա համաձայնագրի նախաստորագրման կոնտեքստում շարունակել է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը։ Արդյոք հայկական կողմի համար ընդունելի՞ տարբերակ է այս փուլում համաձայնագրի նախաստորագրումը։

Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնպես հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը եւ Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, Հայաստանի Հանրապետության համար դա հասկանալի օրակարգ է, եւ հիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մինչ այդ դրա պատճառ չկա, որովհետեւ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է, որ մեր Սահմանադրության մեջ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Այս թեմաներին վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին Զեկույցի քննարկման եւ «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ընդարձակ ելույթներում։

Հայտնի է նաև, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քննարկումներ է  մեկնարկել դեռևս 2018-2020 թվականներին եւ այժմ այդ հարցն ակտիվ ինստիտուցիոնալ քննարկման փուլում է։ Բայց դա ՀՀ ներքին օրակարգի հարց է եւ կապ չունի Ադրբեջանի հետ բանակցությունների հետ։

Իսկ արդյոք Խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման համատեքստում քննարկվում է գերիների ազատ արձակման եւ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցը։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցերին անդրադարձ կատարվում է բոլոր քննարկումներում, եւ ընթացիկ բանակցությունները բացառություն չեն։

Այս շաբաթ Թուրքիայում տեղի կունենան երկու կարևոր հանդիպումներ

Հուլիսի 23-ին կամ 24-ին Ստամբուլում կարող է տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը։

Այս շաբաթ Թուրքիան կդառնա Իրանի և ԵՄ-ի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի դիվանագիտական ասպարեզը։

Սրանք երկու առանձին հանդիպումներ են, բայց դրանք մեծ նշանակություն ունեն միջազգային դիվանագիտության համար, հաղորդում է Independent Türkçe ռեսուրսը։

Մասնագետները նշում են, որ սեպտեմբերի 2-ին Պեկինում պատրաստվում է նաև Թրամփ-Պուտին-Սի հանդիպում։

Mediamax. Լույս է տեսել «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը

Մեդիամաքս

Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայերեն հրատարակել է բրիտանացի լրագրող, Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը:

Գաբրիել Գեւինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:

«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», – ասել էր հեղինակը Մեդիամաքսին տված հարցազրույցում:

Գիրքն արդեն հասանելի է Մեդիամաքսի առցանց գրախանութում՝ այն կարելի է 4 500 դրամով ձեռք բերել այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/ashes 

Գիրքը կարող եք գնել նաեւ «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:

Գրքի հրատարակությանն աջակցել են «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկությունն ու Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը:

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ: Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ», – ասել է Գաբրիել Գեւինը: 

Hurst Publishers հրատարակչության ավագ խմբագիր Լարա Վայսվելեր-Վուն, իր հերթին, նշել է. ««Մեր հայրերի մոխիրը» տեղի եւ նրա մարդկանց սուր, հզոր եւ հուզիչ դիմանկար է: Լեռնային Ղարաբաղի մասին գուցե մոռացել են համաշխարհային առաջնորդները, բայց ոչ Գաբրիելի հրաշալի գրքի ընթերցողները եւ շատ ճիշտ է, որ նրանց թվում կլինեն նաեւ այն հայերեն կարդացողները»: