Իսրայելը մերժում է Համասի հետ հրադադարը և պատրաստվում է օկուպացնել Գազան

Իսրայելը պահանջում է ազատ արձակել Համասի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներին, BBC-ին ասել է կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը, այն բանից հետո, երբ պաղեստինյան խումբը ընդունել է 60-օրյա հրադադարը և պատանդների կեսի ազատ արձակումը։

Առաջարկը միջնորդ երկրներ Քաթարից և Եգիպտոսից էր, և «գրեթե նույնական» էր ԱՄՆ-ի առաջարկին, որը Իսրայելը նախկինում ընդունել էր, ըստ Քաթարի դիվանագետների։

Հունիսին ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆը առաջարկեց 60-օրյա հրադադար՝ 10 կենդանի պատանդների ազատ արձակմամբ և առաջին և յոթերորդ օրերին 18 զոհվածների մնացորդների հանձնմամբ։ Դրա դիմաց Իսրայելը ազատ կարձակեր ցմահ բանտարկության մեջ գտնվող 125 պաղեստինցի բանտարկյալների, Գազայի հատվածում ձերբակալված 1111 մարդու և կհանձներ 180 զոհված պաղեստինցիների մնացորդները։

Այն ժամանակ Իսրայելը ընդունեց առաջարկը, բայց Համասը մերժեց այն, մասամբ այն պատճառով, որ այն չէր երաշխավորում, որ ժամանակավոր հրադադարը կդառնա մշտական։

Իսրայելը բացահայտորեն չմերժեց նոր առաջարկը, բայց Մենսերն ասաց, որ կառավարությունը այլևս հետաքրքրված չէ «կիսատ գործարքներով»։

«Այժմ ամեն ինչ փոխվել է։ Վարչապետը ներկայացրել է Գազայի ապագայի ծրագիր», – հավելել է մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ դա Գազայի օկուպացիայի ծրագիր է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտում է Թուրքիայի կարևոր դերը Սև ծովում անվտանգության ապահովման գործում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնից վերադառնալիս, որտեղ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյութեն ընդգծել են Թուրքիայի առանցքային դերը Ուկրաինայում խաղաղության գործընթացում և Սև ծովում անվտանգության ապահովման գործում», – գրել է ծառայությունը X սոցիալական ցանցում։

«Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյութեն նաև մտքեր են փոխանակել կենսունակ և կայուն անվտանգության երաշխիքների վերաբերյալ», – հավելել է մամուլի ծառայությունը։

Փաշինյանը խոսեց Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի բացման մասին

ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը գործնականում նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային մուտքը դեպի Հայաստան և ի վերջո, դեպի Սև ծով: Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոբախիձե. Վրաստանը հրաժարվել է 2022 թ. Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել

Եվրամիությունը սկսեց շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը 2022 թվականին, հայտարարեց հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նախկինում բազմիցս հայտնել էր, որ ԵՄ երկրները և ուկրաինացի պաշտոնյաները կոչ են արել Վրաստանին 2022 թվականին բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։
«2022 թվականին մենք հրաժարվեցինք միանալ պատերազմին, և դրանից հետո սկսվեց բացահայտ աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, թեկուզ դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում», – լրագրողներին ասաց վարչապետը։

Տեր-Պետրոսյանը՝ արցախցիների հանդեպ Փաշինյանի վերաբերմունքի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն
Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։
Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։
Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը։ Ի դեպ, 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։
Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը եւ արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։ Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու եւ թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը։
Արժե հիշեցնել, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նման մի աններելի եւ վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել Եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։
Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը եւս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է։
Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը»։

Մտածում էին՝ կկարողանա՞ն հաղթահարել թշնամու աչքերին մոտիկից նայելու փորձությունը

2023-ի սեպտեմբերի 25-ն էր․ Արցախում արդեն սկսված էր տեղահանությունը։ Ասկերանում առավոտից օրն արևոտ էր, երկինքը կապույտ, օրը հանգիստ՝ ասես ոչինչ չէր եղել: Ասես մեկ օր տևած պատերազմը հարյուրավոր կյանքեր չէր խլել: Տղամարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին, կանայք՝ դողացող ձեռքերով անհրաժեշտ իրերն էին հավաքում՝ ցանկանալով ավելի շատ իրեր տեղավորել ճամպրուկների մեջ։ Չգիտեին՝ ի՞նչ վերցնել, ի՞նչ թողնել․ ախր չէին կարող մի ամբողջ կյանք տեղավորել պայուսակի մեջ։

Ասկերանի կենտրոնում գտնվող բենզալցակայանի մոտ տղամարդկանց հոծ բազմություն էր հավաքվել․ սպասում էին, որ ահա վառելիք կբերեն ու կբաժանեն, սակայն նրանց սպասումները զուր էին։ Քիչ հետո լուր տարածվեց, որ Հայկազովի վառելիքի պահեստում բենզին են տալիս․ մարդիկ շտապեցին այնտեղ։ Երանի այդ լուրը չտարածվեր, մարդիկ չշտապեին այնտեղ ու կուլ չդառնային կրակներին:

Ժամեր հետո ողբի ձայներ էին լսվում Ասկերանում․ այդ օրը ոչ ոք երբեք չի կարող մոռանալ։ Երկինքը դղրդում էր, դույլերով ջուր թափում՝ ասես կամենում էր հանգցնել կրակները, որոնց մեջ մարդիկ էին մոխրանում։ Մարդիկ, որ ընդամենը մի ցանկություն ունեին՝ վառելիք գտնել ու իրենց ընտանիքները փրկել:

Խուճապահար Արցախը հայաթափվում էր, արցախցին բռնել էր գաղթի ճանապարհը՝ հյուծված, կիսասոված, ցավատանջ:

Թվում էր՝ ժամանակը կանգ է առել․ Ստեփանակերտից մինչև Հակարի ճանապարհն ասես հարյուրավոր կիլոմետրեր լիներ։ Մեքենաները 5 րոպե անցնում, կանգնում էին ժամերով, ապա նորից շարժվում ու այդպես շարունակ։ Ցեղասպանվելուց փրկված մարդկանց մտատանջում էր ընդամենը մի միտք՝ կկարողանա՞ն արդյոք անվնաս հատել կամուրջը, կկարողանա՞ն հաղթահարել թշնամու աչքերին մոտիկից նայելու փորձությունը։

Այդ երկա՜ր ու դժոխային Ճանապարհը հաղթահարելու համար մարդիկ անում էին անկարելին․ որտեղի՞ց այդքան ուժ։

Մեքենաները կրկին կանգնեցին․ հասկացանք, որ այս անգամ ավելի երկար ենք սպասելու։ Երեխաներն ուտել էին ուզում։ Դաշուշենից մի կին ասաց, որ ալյուր ունի ու անմիջապես հանձն առավ լավաշ թխելու գործը։ Մինչ արագաշարժ ձեռքերով խմոր կհունցեր, տղամարդիկ արդեն կրակ էին արել ու չգիտես ինչպես հարմարանք ստեղծել լավաշ պատրաստելու համար։ Թարմ լավաշի բույրը տարածվելուն պես մարդիկ սկսեցին հավաքվել կնոջ շուրջը․ բոլորին բաժին հասավ։ Նույն պահին կողքի հանդերում ոչխարների մի մեծ խումբ էր արածում․ աշխարհից անտեղյակ կենդանիները նույնպես պետք է հատեին Հակարին։ Սպիտակաշենցի մի երիտասարդ, թույլտվություն վերցնելով տիրոջից, մի գառ մորթեց ու րոպեներ հետո միսն արդեն խորովվում էր։ Թեև ոչ մեկը խորոված ուտելու տրամադրություն չուներ, սակայն ինչ արած՝ մարդիկ սոված էին, իսկ ճանապարհի վերջը դեռևս չէր երևում։ Ծանոթ ու անծանոթ տղամարդ, կին, երեխա իրար հետ հաց էին կիսում․ բոլորի աչքերում ծանրացած ցավ կար։ Մարտակերտից մի կին անընդհատ լաց էր լինում, ասելով, որ զինծառայող եղբորորդու ճակատագիրը դեռևս անհայտ է, իսկ Ստեփանակերտից մի պապիկ չէր կարողանում համակերպվել, որ անտեր է թողել մինուճար աղջկա գերեզմանը։

Մի մարդ բարձր գոչեց՝ շուտ արե՛ք, նստե՛ք մեքենաները, շարժվում ենք։ Անընդհատ հետ նայելով՝ շարժվեցինք առաջ։

Ստեփանակերտից դուրս գալուց գրեթե 18 ժամ հետո հասանք Հակարի, ու կրկին կանգնեցին մեքենաները։ Զինվորական համազգեստով տասնյակ ադրբեջանցիներ շարք էին կանգնած՝ նորագույն համազգեստներով, զենքերով, անթարթ ու ոչինչ չարտահայտող հայացքներով։ Նրանց դեմքերին նայելն այնքա՜ն ծանր էր։ Թվում էր, թե այդ պահին լսում էին մեր սրտերի արագացած զարկերը, ու դրանից ավելի էր ուժգնանում մեր հոգու ցավը։

Հաջորդեց նրանցից մեկի հրամանը՝ ցույց տվեք փաստաթղթերը, ապա գլուխը խցկեց մեքենայի պատուհանից՝ տեսնելու, թե ովքեր են նստած։ Աշխատելով թաքցնել ձեռքերիս դողը՝ հերթով ցույց էի տալիս ընտանիքիս անդամների անձնագրերը։ Ոչ՛, չէի վախենում, ամենևին։ Պարզապես այդ պահին ամբողջ մարմնով դողում էի վիրավորանքից՝ մեր ժողովրդի խաբված, ստորացված, կոտրված լինելու համար․ ո՞ւմ համար էինք պայքարում, ինչի՞ համար էին զոհվում տղաները, սրա՞նց թողեցինք մեր չքնաղ երկիրը։

Փաստաթղթերը երկար տնտղելուց հետո, լսեցինք՝ կարող եք գնալ, ապա զովացուցիչ ըմպելիք ու քացրավենիք տվեցին մեզ՝ իբր ի նշան “մեծահոգության։ Անձայն ընդունեցինք՝ քիչ հետո շպրտելու համար։ Հետևում մնաց մեր Հայրենիքը՝ որբացած, գերության մեջ․ մեղքի զգացումից սրտիս արագացող տրոփյունն անկարող էի կանգնեցնել։

Քիչ հետո արդեն Հայաստանում էիք․ այդ րոպեները մեր վերջին երկու օրերի ամենահուզիչ պահերն էին․ այլևս անկարող էինք զսպել մեր հույզերը։ Միանգամից փուլ եկանք, երբ վազելով մեքենաներին էին մոտենում հայաստանցի կամավորները և սնունդ ու ջուր առաջարկում մահվան ճիրաններից փրկված արցախցիներիս։ Ասես այդ պահին միայն ուշքի եկանք ու զգացինք, թե ինչ է կատարվել մեզ հետ և ինչ սարսափելի վիճակում ենք հայտնվել։ Իրարամերժ զգացումներով ճանապարհվեցինք դեպի Երևան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փեզեշքիան․ Իրանի համար Կովկասում խաղաղություն ունենալը ռազմավարական առաջնահերթություն է

«Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշպանել ենք, դա մեր քաղաքականությունն է։ Ցանկացած ուժի կիրառմանը տարածաշրջանում դեմ ենք եւ գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան։ Խնդիրների արտահանձնումն արտատարածաշրջանային տերություններին տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»,- այսօր  Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշեց, որ Իրանի համար Կովկասում խաղաղություն ունենալը ռազմավարական առաջնահերթություն է, եւ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները։ «Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխության մասին։ Մենք գտնում ենք, որ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ։ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել եւ հասցնել ստրատեգիական մակարդակի»,- ասաց նա։

Մասուդ Փեզեշքիանը հավելեց, որ տնտեսական ոլորտում եւս հնարավոր է եկու երկրների համագործակցության մակարդակը բարձրացնել։

 

Փաստաբան Ռոման Երիցյան․ «Բագաժնիկը բացելու պարտավորություն չունեք, եթե դատարանի որոշում չկա»

Ճանապարհային ոստիկանության կողմից մեքենան կանգնեցնելու ժամանակ վարորդները հաճախ կանգնում են խնդրի առաջ՝ արդյո՞ք պարտավոր են բացել բեռնախցիկը կամ սրահի փակ հատվածները։

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը հստակ սահմանված է օրենքով․ «Ավտոմեքենան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հավասարեցված է բնակարանին։ Իսկ բնակարանում խուզարկություն իրականացնելու համար անհրաժեշտ է դատարանի որոշում։ Նույնը վերաբերում է մեքենային․ երբ պարեկը պահանջում է բացել բեռնախցիկը կամ ներսի պահատուփը, վարորդը իրավունք ունի ասել՝ չեմ բացում։ Նույնիսկ այն դեպքում, երբ կասկածում են, որ մեքենայում զենք կա, այդ գործողության համար պետք է դատարանի որոշում»։

Փաստաբանը նշում է զննման և խուզարկության տարբերթյունները:

Զննման դեպքում պարեկային ծառայողը կարող է միայն արտաքինից դիտարկել մեքենան՝ օրինակ մգեցված ապակիներ, առկայծող փարոսիկներ և այլ նշաններ։ Խուզարկության դեպքում արդեն միջամտում են սեփականությանը և փորձում են բացել մեքենայի փակ հատվածները։ Առանց դատարանի որոշման դա անթույլատրելի է։

Երիցյանի խոսքով՝ վարորդները հաճախ կատարում են պարեկների բոլոր պահանջները՝ խուսափելու անախորժություններից․ «Շատերը մտածում են, որ եթե չկատարեն պահանջները, հետագայում կարող են թիրախավորվել կամ խտրական վերաբերմունքի արժանանալ։ Երբեմն էլ պարեկները դիմում են ուժի կիրառման կամ նույնիսկ ձերբակալում են վարորդներին»։

Փաստաբանը առանձնացնում է ևս մեկ կարևոր իրավունք՝ տեսաձայնագրելու ազատությունը․ «Ես խորհուրդ եմ տալիս բոլոր վարորդներին նկարել։ Շատ դեպքերում պարեկները հայտարարում են, թե իրավունք չունես նկարել։ Բայց նույնիսկ պարեկային ծառայության մասին օրենքում է գրված, որ նրանք իրավունք չունեն խոչընդոտելու։ Պարեկային ծառայությունը հանրային ծառայություն է, իսկ պարեկները՝ պաշտոնատար անձիք։ Երբ կանգնեցնում են մեքենան, հենց այդ պահից դուք իրավունք ունեք նկարել, որպեսզի հետագայում պաշտպանեք ձեր իրավունքները»։

Ռոման Երիցյանը իր սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակում է տեսանյութեր, որտեղ ցույց է տալիս վարորդներին՝ ինչպես գործել այն իրավիճակներում, երբ պարեկային ծառայողները գերազանցում են իրենց լիազորությունները:

Ուկրաինան Վաշինգտոն եկավ հաղթաթղթերով. ինչ խոստացավ Թրամփը

Սպիտակ տունն ավարտեց Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունները, որոնք եկել էին աջակցելու Ուկրաինայի նախագահին: Թրամփը խոստացավ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, թեև Եվրոպայից, բայց «համաձայնեցված» Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև հայտարարեց Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին: Ճիշտ է, Կրեմլը, իր հերթին, հրապարակավ ուղիղ խոստում չտվեց, բայց Զելենսկին հստակեցրեց, որ պատրաստ է տարածքային հարցերը քննարկել միայն Պուտինի հետ։

Ուկրաինան վաղուց հստակեցրել է, որ պատրաստ է քննարկել իրավիճակից դուրս գալու ելքը՝ հաշվի առնելով տարածքային իրողությունները. Զելենսկին հաստատում է, որ չի վերահսկում երկրի ամբողջ տարածքը 1991 թվականի սահմաններում, բայց պատրաստ չէ իրավաբանորեն ճանաչել Ռուսաստանի սեփականությունը այն տարածքների նկատմամբ, որոնք նա բռնագրավել է 2014 թվականից ի վեր։

Դոնալդ Թրամփի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա նույնպես հասկացել է, որ տարածքների պարզ փոխանակումը չի ավարտի պատերազմը: Financial Times-ի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներին հստակեցրել է, որ չի ընդունի որևէ գործարք, որը ներառում է տարածքային զիջումներ Ռուսաստանին։

«Շատ կարևոր է. մենք [Թրամփի և Պուտինի հետ] եռակողմ հանդիպման ժամանակ առաջնորդների մակարդակով կքննարկենք բոլոր զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքայինները։ Նախագահ Թրամփը կփորձի կազմակերպել նման հանդիպում», – լրագրողներին ասաց Զելենսկին։

Ուկրաինական պատվիրակությունը Սպիտակ տուն է ժամանել մի քանի «хխաղաքարտերով», որոնք Թրամփը պարզապես չէր կարող անտեսել։

Դրանցից առաջինը և ամենակարևորը Եվրոպայի միաձայն աջակցությունն է (հատկապես Թրամփին ամենից համակրող եվրոպացի առաջնորդների, չհաշված Օրբանին՝ Ալեքսանդր Ստաբին և Ջորջի Մելոնիին)։ Նրանց ներկայությունը Վաշինգտոնում՝ և մասնավորապես որպես Զելենսկու թիմի անդամներ, այլ ոչ թե որպես անկողմնակալ միջնորդներ, ինչպես Թրամփը ներկայացնում է իրեն, Վլադիմիր Զելենսկու դիրքերի էական ամրապնդումն է։

Երկրորդ «խաղաքարտը», որը Ուկրաինան բերեց, լրատվամիջոցների հաղորդագրություններ են Ուկրաինայում արտադրված «Ֆլամինգո» թևավոր հրթիռի սերիական արտադրության մեկնարկի մասին։ Եթե հրթիռի նշված տեխնիկական բնութագրերը համապատասխանում են իրականությանը, ապա այս զենքն ավելի մեծ հեռահարության է և ավելի կործանարար, քան ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռները։ Եվ և՛ Մոսկվան, և՛ Սանկտ Պետերբուրգը նրա հասանելիության սահմաններում են։

Երրորդ «քարտը» Դոբրոպիլյայի մոտ ռուսական զորքերի ճեղքման վերացումն է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից: Հավանաբար, սկզբում այս ճեղքումը պետք է լիներ ռուսների «հաղթաքարտը» Անքորիջում կայանալիք բանակցություններից առաջ. դա կօգներ Վլադիմիր Պուտինին ցույց տալ, որ առաջնագիծը ճաքեր է տալիս, գրում է BBC-ն։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի անվտանգությունը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ուժեղ բանակ և երաշխիքներ «մեծ երկրներից», այդ թվում՝ ԱՄՆ-ից։

Բայց այժմ Միացյալ Նահանգները դժկամությամբ էր ստանձնում որևէ պարտավորություն՝ դա թողնելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային՝ իրենց «կամավորների կոալիցիայով»։ Սակայն բանակցություններից մեկ օր առաջ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը առաջարկել է, որ Ամերիկան թույլ տա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման երաշխիքներ։

Անվտանգության երաշխիքների իրականացման կոնկրետ մեխանիզմները դեռևս չեն հայտարարվել, բայց Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «մեծ օգնություն» կստանա ցանկացած համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական զորքերը կլինեն «պաշտպանության առաջին գիծը», – ասել է Թրամփը: Բայց Միացյալ Նահանգները նույնպես «կներգրավվի և պատրաստվում է օգնել նրանց», – հավելել է Թրամփը։

Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին, հավանաբար, հաջողվել է համոզել Թրամփին, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի հրադադարի, եթե չհասկանա, թե ինչ տեսք կունենա խաղաղությունը, որը, ըստ Պուտինի, պետք է լինի Ռուսաստանի պայմաններով։

«Ես չեմ կարծում, որ հրադադար է պետք։ Գիտեմ, որ դա լավ կլիներ։ Ինձ դուր է գալիս հրադադարի գաղափարը մեկ պատճառով. դուք անմիջապես դադարեցնում եք մարդկանց սպանելը։ Բայց մենք կարող ենք խաղաղության համաձայնագիր կնքել, մինչ կողմերը կռվում են։ Ռազմավարական առումով դա [հրադադարը] կարող է լավ չլինել մեկ կողմի համար», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը դադար է տվել զանգահարելու Վլադիմիր Պուտինին։ Դրանից հետո Թրամփը ուղղակիորեն հայտարարել է, որ առաջնորդները համաձայնել են սկսել պատերազմող երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի զգույշ էր. նա խոսել է միայն «բանակցություններում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորության ուսումնասիրության գաղափարի» մասին։

Մի պահ Դոնալդ Թրամփը, մոռանալով միկրոֆոնի մասին, իր եվրոպացի գործընկերներին ասել է. «Կարծում եմ՝ նա [Պուտինը] ուզում է գործարք կնքել։ Գիտե՞ք։ Որքան էլ խելագար լինի»։

ԿԳՄՍ նախարարի հետ քննարկվել են արցախցիների կրթական խնդիրները

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լիաննա Պետրոսյանը։

Պետրոսյանը նախարարին ներկայացրել է արցախցի տեղահանվածների կրթական ոլորտի հիմնական խնդիրները։ Քննարկվել են նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցերը, կորցրած փաստաթղթերի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ուսուցիչների զբաղվածության ու ուսանողների սոցիալական ապահովման խնդիրները։

Նրա խոսքով՝ 2023թ․ տեղահանությունից հետո ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են թեթևացնելու տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը և լուծելու մանկավարժների զբաղվածության հարցերը։

Լիաննա Պետրոսյանի առաջարկությամբ քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ․ ուսման վարձի փոխհատուցում տրամադրել 2025-2026 ուսումնական տարում առաջին կուրս ընդունված արցախցի ուսանողներին՝ մինչև տվյալ կրթական մակարդակի ավարտը։ Փոխհատուցում սահմանել նաև այն դեպքում, երբ ուսանողները տեղափոխվում են այլ բուհ կամ փոխում են կրթական ծրագիրը՝ պայմանավորված բնակության վայրի փոփոխությամբ։

Արցախցի ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագիրը երկարաձգել, եթե լրացել է պայմանագրով սահմանված երկու տարվա ժամկետը։

«Նախարարը կարևորեց բարձրացված հարցերը և նշեց, որ դրանցից մի քանիսը պահանջում են լրացուցիչ քննարկում։ Ակնկալվում է, որ արդյունքների հիման վրա կլինեն առարկայական փոփոխություններ»,— հայտնում է Լիաննա Պետրոսյանը։

Փաշինյանի ուղերձը իր ստորագրած խաղաղության դատավճիռն է և Սյունիքին ուղղված նախազգուշացում

Ասկերանի բերդը Արցախում

«Հաստատված խաղաղության» մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում կար միայն մեկ կոնկրետ թեզ՝ մենք ստորագրեցինք խաղաղություն, որը չի ապահովի ցեղասպանության հետևանքով տեղահանված Արցախի բնիկ բնակչության վերադարձը, իրավունքները և անվտանգությունը։

Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար”, ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանն ասում է, որ եթե բարձրացվի արցախցիների և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների վերադառնալու հարցը, անմիջապես կծագի խորհրդային ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու հարցը։ Իզուր չէ, որ Ալիևը մի քանի տարի վախեցնում է հայերին 300 հազար ադրբեջանցիներով՝ բուսեցնելով և ջրելով «Արևմտյան Ադրբեջանը»։ Սակայն և Ալիևը, ևւ Փաշինյանը գիտեն, որ “վերադարձը” անհնար է, քանի որ Վաշինգտոնում կնքված «խաղաղությունը» անվտանգություն բերող խաղաղություն չէ, այլ ցեղասպանության և հայկական հողերի օկուպացիայի օրինականացում։ Եվ ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի, Կարսի, Արդահանի, իսկ հիմա՝ Սյունիքի։

Այն թեզը, որ եթե խոսենք արցախցիների վերադարձի մասին, Ալիևը, իբր, կպնդի ադրբեջանցիների վերադարձը Սյունիք, նորություն չէ։ Սա ցեղասպանությունը արդարացնելու լավ ոտնահարված ճանապարհ է։ Ի վերջո, երբ Ղարաբաղը հանձնվում էր, Ալեն Սիմնոնյանն ասաց, որ Հայաստանը չի պնդում Բերձորի միջանցքի ապաշրջափակման վրա, որ Բաքուն չպահանջի Զանգեզուրի միջանցք։

Բերձորի միջանցքը այդպես էլ չբացվեց, կապույտ անձնագրերով 120 հազար հայեր ենթարկվեցին ցեղասպանության, վտարվեցին իրենց հազարամյա հայրենիքից, բայց «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը ոչ միայն չփակվեց, այլև մեկուկես տարի անց օրինականացվեց ԱՄՆ նախագահի մակարդակով՝ ստորագրված Հայաստանի վարչապետի կողմից “խաղաղությամբ”։

Նույն կերպ, «ադրբեջանցիների վերադարձի» հարցը չի փակվի, եթե Երևանը հրաժարվի վերադարձնել արցախցիներին՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելուց, ընդհակառակը, այն կդառնա “խաղաղության” մաս։ Իսկ հայերի վերադարձը կդիտարկվի «հետաձգված պատերազմի» մաս։

Խաղաղությունը իրավունքների և անվտանգության համընդհանուր երաշխիք է։ Եվ այն, ինչ Վաշինգտոնը անվանում է խաղաղություն, պարզապես Հայաստանի բաժանում է և նոր ցեղասպանության նախապատրաստում՝ առանց դիմադրության, «խաղաղություն» քաղցր բառը բերանին։

Փաշինյանը կարող էր իր ելույթի ժամանակ չանդրադառնալ արցախցիների հարցին, բայց Ֆրոյդով՝ նա չի կարող ցույց չտալ արցախցիներին որպես հայաստանցիների ապագայի օրինակ։

Նայեք, բաղձալի խաղաղության համար մենք զոհաբերեցինք Ղարաբաղը և ստացանք 150 հազար հայերի ցեղասպանություն և հողերի օկուպացիա, մենք մեծահոգաբար թույլ տվեցինք Ղարաբաղի հայերին բնակություն հաստատել Հայաստանում, բայց այդպես էլ նրանց որևէ սոցիալական կարգավիճակ չտվեցինք, մեկ տարի ֆինանսապես աջակցեցինք, որպեսզի նրանք չստեղծեն «վրանային քաղաքներ», արցախցիներին վերածեցինք իզգոյների, ովքեր ամեն ինչի մեղավորն են և արժանի չեն ավելի լավ կյանքի: Հիմա մենք նրանց ասում ենք՝ եթե դեռ Հայաստանում եք, դարձեք լիարժեք քաղաքացիներ, մոռացեք վերադառնալու մասին: Մեր խաղաղությունը չի ենթադրում իրավունք և անվտանգություն, այլ հողի բաժանում. խաղաղությունը մեզ, հողերը նրանց: Այս սխեմայում իրավունքի և անվտանգության համար տեղ չկա:

Այս սխեման այժմ կիրառվում է Սյունիքի և մնացած Հայաստանի հանդեպ, որտեղ այլևս չեն սպասում պաշտպանություն այն պետությունից, որը այսպես է վարվել Արցախի և արցախցիների հետ։ Եվ չնայած Կապանի քաղաքապետն ասում է, որ արտագաղթի միտում չի նկատում, և կապանցիները ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեն, նա գիտի, որ արցախցիները նույնիսկ չէին մտածում, որ կարող են լքել իրենց հողը, քանի որ կարծում էին, որ գտնվում են ազգային պետության պաշտպանության տակ։ Հիմա բոլորին ասում են, որ ազգային պետություն չկա, որ Հայաստանն այժմ «խաղաղության խաչմերուկ» է, որտեղով կանցնեն ճանապարհներ, խողովակներ, էլեկտրական մալուխներ, և երբեմն Ամերիկայից եկող աստղեր կհայտնվեն ու կուրախացնեն խաչմերուկի աշխատակիցներին։

«Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին», – ասում է Փաշինյանը։

Խաղաղությունը կարող է մխիթարել, եթե ծնողներին և այրիներին հնարավորություն տրվի գոնե այցելել իրենց հարազատների գերեզմանները հայրենի հողում, ապրել նրանց կողքին և ասել, որ նրանք ապարդյուն չեն զոհվել։

Փաշինյանի հայտարարությունը, թե «վերադարձը անիրատեսական է», մահվան դատավճիռ է իր ստորագրած խաղաղությանը, դա ռենտգենյան լուսանկար է, որը ցույց է տալիս ոչ թե խաղաղություն, այլ գրավված հողեր, նոր ցեղասպանություն և անհոգի խաչմերուկ։ Ռուս գեներալը օկուպացված Ակնայում ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնի փակմանը թուրք գործընկերոջը ևս զեկուցել է, որ միասին խաղաղություն են բերել Ղարաբաղ։