Համասը ընդունել է Գազայում հրադադարի առաջարկը

Պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը ընդունել է հրադադարի նոր առաջարկը Գազայի հատվածում ՝ առանց որևէ փոփոխության։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Համասի աղբյուրին։

«Համասը միջնորդներին է փոխանցել իր պատասխանը՝ հաստատելով, որ Համասը և մյուս խմբավորումները համաձայնել են հրադադարի նոր առաջարկին՝ առանց որևէ փոփոխություն պահանջելու», – նշել է գործակալության աղբյուրը։

Իսրայելը դեռևս չի արձագանքել հաղորդագրությունների։

Բարեգործական համերգ՝ նվիրված Սամվել Կարապետյանի 60-ամյակին

«Երեխաները երեխաներին» բարեգործական համերգը, որը նվիրված էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 60-ամյակին, տեղի ունեցավ նախկին Երևանի կրկեսի՝ «Տաշիր Արենայի» վերանորոգված տարածքում: Արենան իր դռները բացեց միայն մեկ օրով:

Համերգին մասնակցեցին 1200 երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից: Հրավիրվածների թվում էին բազմազավակ, Արցախից տեղահանվածների, զոհված զինծառայողների և մարտերում վիրավորված զինվորների ընտանիքների երեխաներ:

Փաշինյան․ Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, այսօր ժողովրդին ուղղած իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանն ասաց նաև, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ, և Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չեն»:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա-ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում, այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ», – պնդեց Հայաստանի վարչապետը:

«Այս խաղաղությունը Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է։ Խաղաղությունը հաստատված է, և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին և ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ», – իր ուղերձը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Իրանի նախագահը եկավ Հայաստան․ աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով:

Իրանի նախագահի Հայաստան այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

Իրանական դիվանագիտության ղեկավարը վերստին ընդգծել է՝ Թեհրանը շարունակում է կտրականապես դեմ լինել այդ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։ Նախարար Արաղչիի խոսքով՝ նախագահ Փեզեշքիանի այցը Երևան հնարավորություն կտա վերահաստատել Իրանի մտահոգությունները, այն է՝ «տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, օտարերկրյա ուժեր չմտնեն տարածաշրջան»։

Աբբաս Արաղչին նաև ընդգծել է՝ Իրանի աշխարհաքաղաքական փոփոխության սահմանումը վերացական չէ։

«Աշխարհաքաղաքական փոփոխություններով մենք նկատի ունենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղաշարժ կամ տարածաշրջանային պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում»,- պարզաբանել է Իրանի արտգործնախարարը զգուշացնելով՝ Թեհրանը « նման բան չի հանդուրժի»։

 

Ռուսաստանը և Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց վառելիքի կենտրոններին

Երեկ երեկոյան ռուսական զորքերը կամիկաձե անօդաչուներով հզոր հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում գտնվող Ադրբեջանի SOCAR-ի նավթամբարի վրա։ Վնասվել են բոլոր տանկերը, պոմպակայանը, կառավարման սենյակները, կշռման և տեխնիկական սենյակները։

Ուկրաինական լրատվամիջոցները փորձում են սա ներկայացնել որպես Բաքվի վրա Մոսկվայի հարձակում՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին։ Սակայն, օգոստոսի 8-ին Թրամփի հետ Ալիևի և Փաշինյանի հանդիպումից և Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից հետո, Ալիևը, հավանաբար, չի սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ, այս հարվածը պատասխան է «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հարձակմանը, որի արդյունքում դադարեցվել են Սլովակիա և Հունգարիա ռուսական նավթի մատակարարումները։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մեղադրել է Ուկրաինային Ռուսաստանում նավթամուղի վրա հարձակման մեջ, ինչը հանգեցրել է իր երկրին նավթի մատակարարումների դադարեցմանը։

«Վրաստանի սահմանի վրա շուտով անկլավները կվերցնեն, կփակեն, այստեղ էլ հայ-իրական սահմանն են փակում»

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին հետաքրքիր մանրամասներ է հաղորդել Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի եւ «Թրամփի ճանապարհի» մասին։ Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ ճանապարհի լայնությունը լինելու է 6 կիլոմետր, ճանապարհը կառավարող ներդրումային միջազգային կոնսորցիումը բաղկացած կլինի 9 մասնակիցներից, որոնց միջեւ կբաժանվի եկամուտը: Ըստ այդմ՝ նշվում է, որ 40 տոկոսն ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի: Իսկ մնացած 30 տոկոսը վերջնականապես բաշխված չէ։ Ի՞նչ են փաստում այս տեղեկությունները։

-Եթե սա ճիշտ է, ապա սա ըստ էության դավաճանություն է։ Եթե սա ճիշտ է, սա շատ ավելի վատ է, քան կարելի էր կանխատեսել։ Եթե ճանապարհը Արաքս գետի երկայնքով 6 կմ լայնությամբ պետք է լինի, նշանակում է, որ հայկական բեռներն ու մարդիկ առնվազն 6 կմ պիտի անցնեն մի տարածքով, որն այլեւս Հայաստանը չի վերահսկում։ Թե ինչ աշխատակարգ այդտեղ կգործի, դեռ պարզ չէ, քանի որ մինչեւ իսկ պարզ չէ, թե ովքեր պետք է լինեն։ Բայց, եթե հավատանք իրանցի փորձագետին, 40 տոկոսը ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը։

Նախ հասականալի չէ, թե ինչու Ադրբեջանը պետք է որեւէ ազդեցություն ունենա ու դեռ գումար ստանա։ Շատ հավանական է, որ այդ տարածքը երեք կողմերն են վերահսկելու, որովհետեւ հռչակագրի մեջ գրված էր՝ վերահսկում են ԱՄՆ-ն, Հայաստանը՝ երրորդ կողմերի հետ։ Այսինքն՝ արդեն ամրագրված է, որ երրորդ կողմ պետք է լինի։ Դա նշանակում է, որ մեր տարածքում, ադրբեջանիցները վերահսկելու են հայկական բեռները՝ թեկուզեւ 6 կմ հատվածում։ Դա հսկայական տարածք է՝  252 քառակուսի կմ է ստացվում։ Ստացվում է, որ մենք այդ տարածքը տալիս են ԱՄՆ-ին, դիմացը ոչ միայն մենք վարձավճար չենք ստանում, այլ դեռ մի բան էլ մեր եկամուտից 40 տոկոս փող ենք տալիս իրենց։

Սա ոչ միայն միջանցք է ստացվում, այլ էքստերիտորիալ միջանցք է։ Այսինքն՝ այնտեղ Հայաստանի օրենքները չեն գործում, հետեւաբար, հարց է ծագում՝ հայկական բեռնատարները կամ մարդատարները կարո՞ղ են մտնել այդ 252 քկմ տարածքում երթեւեկեն։ Այդ 6 կմ տարածքի վրա գյուղեր ու քաղաքներ կան, այդ բնակավայրերի ճակատագիրն ի՞նչ պետք է լինի, մարդկանց պետք է վերաբնակեցնեն, թե՞ անցաթղթով ելումուտի իրավունք պետք է սահմանեն, որը սովետի ժամանակ էր կիրառվում եւ որը հանգեցնում է արտագաղթի, քանի որ այդ տարածքներում ապրել չի լինի։

Այսպիսով, այս լրացուցիչ տեղեկությունները շատ ավելի խորացնում են մեր մտահոգությունները, քան մենք ենթադրում էինք։ Սա ուղղակի խայտառակ վիճակ է, սա ոչ միայն միջանցք է, այլ միջանցք է, որը պետք է կառավարվի ԱՄՆ, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։

-Ո՞ր կողմն է այդ կոմունիկացիաները կառուցելու, եթե հայկական երկաթուղին կառավարման է հանձնված Ռուսաստանին։

-Այստեղ այլ հացեր եւս կան, մեկը ձեր նշած երկաթուղու հարցն է, որը հավատարմագրային կառավարման է հանձնված Ռուսաստանին։ Բայց դա կարելի է  չեղարկել, հատկապես, որ Ռուսաստանն իր պարտականությունները չի կատարել։ Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, այսինքն՝ դա Մաքսային միություն է, մաքսատուրքերը գանձնվում են ըստ միասնական օրենսդրության, եւ գումարը գնում է Մոսկվա, որտեղից Հայաստանն արդեն իր մասնաբաժինը ստանում է։ Հիմա, եթե Հայաստանն այդ գանձված գումարից 40 տոկոսը տալիս է ԱՄՆ-ին, իսկ 30 տոկոսը հայտնի չէ, թե ում, ենթադրաբար Ադրբեջանին, Մոսկվան հարց է տալու՝ դուք ո՞նց եք եւ ԵԱՏՄ կազմում, եւ մեր փողերը ուրիշներին տալիս։ Ստացվում է, որ դա ԵԱՏՄ փողերն են։

Այստեղ շատ այլ հարցեր կան, նույնը վերաբերում է սահմանապահներին, այնտեղ կան ռուս սահմանապահներ, այո, այդ սահմանապահները կարծես թե այլեւս անձնագրային ստուգում չեն իրականացնում, բայց սահմանապահն ունի նաեւ այլ գործառույթներ։ Եթե ճանապարհի լայնությունը 6 կմ է, հո 6 կմ խորության վրա չեն կանգնելու։ Այսինքն՝ կան շատ հարցեր, այս նախագիծը բավականին հում ու անորոշ է, իսկ փորձը ցույց է տալիս, որ բոլոր անորոշություններն ի վերջո հստակեցվում են ի վնաս Հայաստանի։

Մյուս հարցն այն է, որ ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունք ունեմ ըստ Սահմանադրության։ Կարո՞ղ եմ այդ 252 քկմ տարածքում ազատ տեղաշարժվել։ Եթե չեմ կարող, ուրեմն նշանանակում է, որ դա արդեն ՀՀ տարածքը չէ։ Դա նշանակում է՝ այդ տարածքը տվել են ուրիշներին։ Եվ այդ մեծ-մեծ խոսակցությունները, թե Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, չգիտեմ ինչ, երեք-չորս այդպիսի բառ էին գտել, իրար կողքի էին շարել, դա չի գործում, եթե դա դառնում է այլոց կողմից վերահսկվող տարածք։ Հիշեցնեմ, որ Կուբայում ԱՄՆ-ը դեռեւս 20-րդ դարասկզբից մի քանի քառակուսի կմ է վարձակալել եւ առ այսօր տնօրինում է։ Եթե չեմ սխալվում՝ վճարում են 6 000 դոլար։ Իհարկե, այդ գումարը հիմա չնչին արժեք ունի, բայց այդուհանդերձ դա վարձակալություն է։ Եվ, այո, դա Կուբայի տարածք է, բայց այդ տարածքի վրա չեն գործում Կուբայի օրենքները, այսինքն՝ ինքնիշխանություն չկա։ Հայաստանի դեպքում կարծես նույնն է, բայց մենք, ի տաբերություն Կուբայի, վարձակալության վճար չենք ստանում, մի բան էլ  եկամուտը կիսում ենք։ Այսինքն՝ սա ոչ միայն միջանցք է, մի բան էլ ավելի վատ է։ Ինչո՞ւ են մեզ հեքիաթներ պատմում ու ասում, թե միջանցք չէ։

Այսպիսով՝ հայ-իրական սահմանի հարցը ի՞նչ է լինում, կա՞ հստակություն։

-Հստակություն չկա, բայց դատելով այս տեղեկություններից՝ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանի նկատմամբ։ Լավագույն դեպքում Հայաստանին այդ 6 կմ միջով կտան մի անցում՝ թունելի կամ էստակադայի տեսքով, դեպի Իրան դուրս գալու համար։ Բայց մյուս տարածքները, այդ 42 կմ-ից, օրինակ, 41․5 կմ-ն մենք չենք վերահսկելու։ Ոչ միայն մենք չենք վերահսկելու, այլ առանց հատուկ թույլտվության մուտք էլ չենք ունենալու այդտեղ։

-Այսինքն՝ իրանական բեռների հարցը եւս կարող է ծագե՞լ։

-Իհարկե, իրանական բեռների հարցը կծագի։ Օրինակ՝ եթե մենք դա արտապատվիրակել ենք ամերիկյան ընկերության, եւ եթե ԱՄՆ ու Իրանի հարաբերությունները սրվեն, այդ ընկերությունը կարող է ասել՝ ես թույլ չեմ տալիս, որպեսզի իրանական բեռները եւ Իրանի քաղաքացիներն այս տարածքով անցնեն։ Ի՞նչ է անելու ՀՀ-ն, պատերա՞զմ է հայտարարելու ԱՄՆ-ին։ Կամ, օրինակ, վարձակալված տարածքում ենթավարձակալության հարց կարող է լինել։ Բա որ այդ տարածքը վարձակալեն, հետո ենթավարձակալությա տան ադրբեջանական, թուրքական, իսրայելական կամ այլ երկրի որեւէ ընիկերության, այդ հարցը ո՞նց է կարգավորվելու։

Այսինքն՝ չի կարելի այսպես հում ու անորոշ տեքստեր ստորագրել նման ճակատագրական հարցերով։ Այդ սահմանը եղել ու մեզ համար մնում է երկու կարեւորագույն սահմաններից մեկը։ Վրաստանի սահմանի վրա շուտով անկլավները կվերցնեն, կփակեն, այստեղ էլ հայ-իրական սահմանն են փակում, եւ Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափական մեջ։

Ռոզա Հովհաննիսյան

Օգոստոսյան շոգի ևս մեկ շաբաթ

Առաջիկա հինգ օրերին ամբողջ Հայաստանում կհաստատվի ուժեղ շոգ, ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ երկիրը կգտնվի հարավից եկող տաք օդային հոսանքների ազդեցության տակ։

Օգոստոսի 18-ից 19-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը օրվա ընթացքում կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս շրջաններում, այդ թվում՝ Երևանում, 4-6 աստիճանով։ Ամենատաք օրերը կանխատեսվում են օգոստոսի 19-ին և 20-ին։ Արարատյան հովտում և Երևանում օդը կարող է տաքանալ մինչև 39 աստիճան։

Ինչո՞ւ արցախցիներին պոկեցին ազգային օրգանիզմից, ինչո՞ւ մարդավարի չենք խոսում, հարազատի պես

Ստեփանակերտ

Երբ իմ արտասահմանցի ընկերներին ասում եմ, որ տեղահանությունից հետո գրեթե երկու տարի շարունակ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հրապարակայնորեն այդպես էլ չի հանդիպել արցախյան համայնքի ներկայացուցիչների հետ, ինձ պարզապես չեն հավատում։ Չի կարող նման բան լինել, չէ՞ որ դուք բոլորդ մեկ ազգի ներկայացուցիչներ եք՝ մեկ մշակույթով, լեզվով, ժառանգությամբ, իրավունքներով,- անհավատալիորեն ասում են նրանք։

Սա իսկապես մի երևույթ է, որը անհավանական է թվում նրանց, ում համար ընդամենը երկու-երեք տարի առաջ հայ ժողովուրդը միավորված էր ինքնորոշման միասնական իրավունքով և այդ իրավունքի համար պայքարով։

Այս 2-3 տարիները շատ բան են փոխել հայ հասարակության հոգեբանության մեջ. եթե 2020 թվականից հետո Արցախի մասին խոսվում էր որպես մեռածի՝ կամ լավ, կամ ոչինչ, հիմա միայն «ոչինչ» է մնացել։ Չէ՞ որ լավ խոսելը պատասխանատվություն է, որը ոչ ոք չի ուզում ստանձնել։

Չկա Արցախ և երբեք էլ չի եղել՝ սա է ընդհանուր վերաբերմունքն ու հրահանգը։ Իսկ նրանք, ովքեր շարունակում են խոսել իրավունքի, Արցախի, հողի մասին, ռևանշիստներ են, ովքեր ցանկանում են շարունակել ի սկզբանե պարտված պատերազմը։ Ճիշտ ճանապարհն է՝ հրաժարվել իրավունքներից, մոռանալ այն ամենը, ինչ կապված էր ազգային զարթոնքի, միջազգային իրավունքի հանդեպ հավատի հետ։ Այս ամենը չարից է, իրական է միայն այն, ինչ կարելի է ուտել։

Բայց նույնիսկ նման դավաճանական, ստոր հրահանգի դեպքում մարդկային գործոնը չի վերանում: Արցախցիները ոչ մի տեղ չեն գնացել, նրանց իրավունքներն ու խնդիրները, երազանքներն ու Աստծո տված իրավունքի նկատմամբ միամիտ հավատը նույնպես չեն փոխվել: Արցախյան հասարակության մեջ ոմանք հասկանում են կառավարության քաղաքականությունը՝ կրկնելով արմատավորված թեզը, որ մենք փոքր երկիր ենք, և եթե պայքարենք, մեզ կանեն այն, ինչ «Ուկրաինային»: Մյուսները, ընդհակառակը, մեղադրում են իշխանություններին անմիջապես հանձնվելու և դիմադրելու պատրաստ արցախցիներին չօգնելու մեջ։

Բայց երկուսն էլ չեն հասկանում, թե ինչու Արցախը պարզապես պոկվեց հայկական էությունից, պոկվեց մսով, ինչպես ատամները աքցանով, երբ ազգային օրգանիզմը նույնիսկ ժամանակ չհասցրեց ցավ զգալ, պարզապես կորցրեց գիտակցությունը: Այո, պարտվողի բարդույթը շատերին ստիպում է հայացքը շեղել, երբեմն չարանալ և ատել իրենց պարտության պատճառը՝ հավաքական Արցախը, որը 1988 թվականին հայերին գաղութից վերածեց պետական ազգի: Այո, շատերն ասում են, որ նույնիսկ այդ ժամանակ նրանք զգուշացրել են, որ աշխարհը դաժան է, և որ ազգային զարթոնքը լավ չի ավարտվի:

Եվ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ է արցախյան համայնքը մղվում բորոտների գաղութ, ինչո՞ւ են նրա հետ շփվում միայն համակարգչի, բոտերի և անհոգի ծրագրերի միջոցով։ Իսկ եթե երրորս էշելոնի պաշտոնյաները հանդիպում են արցախցիների հետ, նրանք այնպես են խոսում, կարծես արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն, կարծես ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ չի հիշատակվում 1989 թվականի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Նրանք խոսում են այնպես, կարծես մինչև 2023 թվականը արցախցիները իրենց կապույտ անձնագրերով Հայաստանում չունեին բոլոր իրավունքները (բացառությամբ քվեարկելու իրավունքի)։ Դուք փախստական չեք, քանի որ ունեք հայկական անձնագրեր, բայց նաև ներքին տեղահանվածներ չեք, որովհետև ցանկացել եք ապրել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, նետում են պաշտոնյաները արցախցիների դեմքին։

Հանդիպել, մարդավարի խոսել ղարաբաղցիների հետ, պարզապես միասին ցավ զգալ, բացատրել չցանկանալը խոսում է հայ հասարակության և հատկապես իշխող վերնախավի խորը հիվանդության մասին, մի հիվանդություն, որը ուտում է ամբողջ հայկական օրգանիզմը քաղցկեղի պես։ Այն թույլ չի տալիս վերականգնվել դաժան վնասվածքից հետո և թունավորում է ամբողջ մարմինը՝ ներշնչված ատելության թույնով՝ այն ամենի նկատմամբ, ինչը դեռ կարող է բուժվել։

Նաիրա Հայրումյան

Արամ Ա. «Արցախը անցյալ չէ»

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Նման տեսակետ է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագից հետո անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստան և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրին։
«Հայաստանի հետ կապված նշված համաձայնագրի՝ կարճաժամկետ, թե երկարաժամկետ, դրական, թե բացասական հետևանքների գնահատումը կթողնենք քաղաքական վերլուծաբաններին։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը պետք է հասկանա, որ միակողմանի զիջումներով, պայմանական սկզբունքներով և հատկապես երկդիմի կետերով լի խաղաղության ցանկացած համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնալ Հայաստանի համար։ Ուստի, այդ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցմամբ ներկայացվի ժողովրդին։ Համաձայնագրի վերաբերյալ ժողովրդի կարծիքը պարտադիր պետք է հաշվի առնվի, քանի որ այն ուղղակիորեն ազդելու է բոլորի ապագայի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով` Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ պետք է բերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից: Կաթողիկոսը խոսել է նաև նաև գերիների խնդրից և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունից` ընդգծելով, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու արցախցիների անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:

Վճռորոշ օր է Ուկրաինայի և Հայաստանի, բայց ավելի շատ՝ Եվրոպայի համար

Այսօր Վաշինգտոնում կկայանան հանդիպումներ, որոնք կարող են դառնալ համաշխարհային կարգի փոփոխության մեկնարկային հանգրվանը: Փոփոխությունների վեկտորը կազդի բազմաթիվ երկրների, առաջին հերթին՝ Ուկրաինայի և Հայաստանի ճակատագրի վրա։

Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրեց Վաշինգտոն: Սակայն Զելենսկու հետ ԱՄՆ մեկնեց եվրոպացի առաջնորդների աննախադեպ խումբ: Դրանք են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն: Bild-ի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը նույնպես կմեկնեն ԱՄՆ մայրաքաղաք։

Եվրոպացի առաջնորդները պետք է օգնեն Զելենսկուն մերժել Պուտին-Թրամփ առաջարկը և պահպանել ներկայիս աշխարհակարգը։

Զելենսկին պարզապես պետք է ընդունի Պուտինի «առաջարկը», – հանդիպումից առաջ ասել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաև հստակեցրել է, որ Զելենսկին կարող է չընդունել Պուտինի առաջարկը և շարունակել պատերազմել: «Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց այդ ամենը», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը կոչ է անում Կիևին մոռանալ Ղրիմի մասին, որը 12 տարի առաջ, ըստ նրա, Օբաման «հանձնեց առանց մեկ կրակոցի», և Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անդամակցության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանը «պետք է ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը», այդպիսով ընդունելով, որ եթե ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանի «առաջարկներին», ապա Վաշինգտոնը ևս չի ճանաչում Ուկրաինայի և այլ երկրների ինքնիշխանությունը: Վաշինգտոնը նաև ճանաչում է աշխարհում հակամարտությունները ուժով լուծելու «իրավունքը»։

Թեկուզ դա ավելի վաղ հաստատվեց օգոստոսի 8-ին, երբ Թրամփի հովանու ներքո Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին փաստաթղթեր, որոնք կոչված էին հաստատել Ալիևի՝ Արցախյան հակամարտությունը ուժով լուծելու “իրավունքը”: «Հայերը լավ են կռվում, տեսնենք, թե ինչ կարող են անել», – ասել էր Թրամփը 2020 թվականի հոկտեմբերին՝ իր առաջին ժամկետի ավարտին: Քանի որ հայերը «չեն կարողացել» ոչինչ անել (այսինքն՝ հաղթել Թուրքիային, Ռուսաստանին, Պակիստանին, Իսրաելին), ապա պետք է ճանաչենլ Ալիևի և մյուսների՝ Հայաստանը գրավելու իրավունքը։

Օգոստոսի 8-ի հանդիպումից հետո ուկրաինական հանրությունը ցնծում էր այն փաստից, որ Ալիևը «հաղթեց»՝ ինադու Պուտինին։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ որոշումը համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, սակայն դա չխանգարեց ուկրաինացիներին ցնցվել Հայաստանին պարտադրված անպատիվ «խաղաղությունից»։ Այժմ նրանք գտնվում են Ռուսաստանի հետ իրենց սեփական «խաղաղության» շեմին, երբ այլևս չի քննարկվում 1991 թվականի սահմաններին վերադառնալու հարցը, այլ միայն Դոնեցկի մարզի չօկուպացված մասի չհանձնելու հնարավորությունը։

Անպատիվ «խաղաղությունը» Հայաստանում և Ուկրաինայում նշանակում է, որ պետական ինքնիշխանության սկզբունքի վրա կառուցված աշխարհակարգը քայքայվում է մեր աչքերի առաջ։ Եվ հաջորդ թիրախը եվրոպական երկրներն են. ի՞նչ կանեն լիբերալ դեմոկրատ առաջնորդները, եթե Պուտինը «վերցնի» Էստոնիան, իսկ ԱՄՆ-ն ու Թուրքիան վետո դնեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառմանը։ Ոչինչ, ուստի նրանք հիմա փորձում են փրկել աշխարհակարգը Ուկրաինայում։

Օգոստոսի 17-ին Բրյուսելում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն ուժով, ինչը ենթադրում է հուսալի անվտանգության երաշխիքներ և Ուկրաինայի զինված ուժերի զարգացման սահմանափակումների բացակայություն։ «Ուկրաինան պետք է դառնա պողպատե խոզուկ, որը ոչ ոք չի կարող «մարսել», – համոզված է քաղաքական գործիչը։

Ֆոն դեր Լեյենը համոզված է նաև, որ Ուկրաինայի սահմանները չեն կարող փոխվել ուժով։ Միայն Ուկրաինան կարող է որոշումներ կայացնել դրանց փոփոխության վերաբերյալ։ Այսինքն՝ եթե Զելենսկին «կամավոր» համաձայնվի հանձնել Դոնբասը, ապա դա այլևս չի համարվի «սահմանների ուժային փոփոխություն»։ Ճիշտ այնպես, ինչպես 2020-2023 թվականների Արցախյան պատերազմը և բնիկ բնակչության տեղահանությունը չհամարվեցին ագրեսիա և ցեղասպանություն, քանի որ Փաշինյանը “ճանաչեց” սեփական անիրավությունը։

Եվրոպայի երկերեսանիությունն ու երեսպաշտությունը շատ չեն տարբերվում Թրամփի դիրքորոշումից, որը հավատում է՝ սահմանները կարող են փոխվել ուժով, կարող է պարտադրվել ամոթալի խաղաղություն: Միայն Թրամփն անկեղծորեն է խոսում այս մասին, մինչդեռ եվրոպացի առաջնորդները ծածկում են իրենց ամոթը կապիտուլյացիայի «կամավոր» որոշմամբ։

Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը իսկապես կարող է վճռորոշ լինել. պոկվում են լիբերալ դեմոկրատական դիմակները, որոնց միամտորեն հավատում էին հետխորհրդային երկրները, ինչպես Ղարաբաղը միամտորեն հավատում էր իրավունքի, ինքնորոշման ամենակարողությանը՝ զոհաբերելով ամեն ինչ հանուն այն բանի, ինչը հիմա կողծ անվանում են «խաղաղություն»։

Մարտունիի օրը Մասիսում․ գրկախառնություններ, կարոտի և հույսի միջավայր

Օգոստոսի 17-ին Մասիս քաղաքի հրապարակը լցված էր հիշողություններով, կարոտով ու հույսով։

Մարտունեցիները, հեռու իրենց սիրելի քաղաքից, հավաքվել էին միասին նշելու այն օրը, որը Մարտունում ամեն տարի տոն էր, բայց այս անգամ վերածվել էր հիշատակի ու միասնականության խորհրդանիշի։

Միջոցառման սկիզբը նշանավորվեց Հայաստանի և Արցախի օրհներգերով։ Լռության մեջ կանգնած մարդիկ ոչ միայն երգում էին, այլև իրենց հոգում կրկին անցնում այն ճանապարհով, որն սկսել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ իրենց քաղաքը կորցնելու ցավալի փորձությամբ։

Մարտունին չի լքել մեզ․ այն ապրում է մեր հիշողություններում, մեր սրտերում, մեր երգերում ու մեր զավակների անուններում՝ Մոնթե, Ազնավուր, Արցախ։ Ելույթ ունեցան Մարտունու և Մասիսի ներկայացուցիչները։

Մասիսը պատահական չէր ընտրված, Հայաստանի տասնյակ քաղաքներից հենց Մասիսում է կանգնեցված Մոնթե Մելքոնյանի կիսանդրին. Մոնթե ամենուր համախմբում է մարտունեցիներին։

Նրանց խոսքերում հիշատակվեցին Մարտունու հերոսները՝ ընկած զինվորները, Մոնթե Մելքոնյանը, ինչպես նաև հավերժ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Մարտունին դատարկված չէ, քանի դեռ ապրում է մարտունեցիների սրտերում։

Բայց ամենաուժեղը ոչ թե խոսքերը, այլ մարդկանց գրկախառնություններն էին։ Մասիսի հրապարակում մարտունեցիները իրար փարվում էին այնպես, կարծես վայրկյաններով կրկին իրենց քաղաքում լինեին։ Շատերի աչքերում արցունք կար․ ոմանք տեղահանությունից հետո չէին հանդիպել, ոմանք էլ Մարտունուց հեռացել էին դեռ նորաստեղծ ընտանիքով ու այսօր արդեն երեխաների հետ էին։

Ցավոք շատերը հեռացան կյանքից՝ կարոտով ու հավատով, որ մի օր տուն են գնալու։

Մշակութային ծրագիրը դարձավ հավաքվածների համար հոգևոր թեթևացում։ Ռիմա Մարտիրոսյանի «Արցախ» երգը լցրեց հրապարակը նույն հույզերով, ինչ տարիներ շարունակ Մարտունու կլուբի բեմը, ելույթ էին ունենում մարդիկ ովքեր տարիներ շարունակ զարդարել են Մարտունու համերգներն իրենց կատարումներով, մարդիկ, որոնց անունները հյուսվում է Մարտունու մշակութային կյանքին։

Ռաշիդ Բաբայանի երգը և Արթուր Եսայանի կատարումը մարդկանց մտքով հետ տարան դեպի այն ժամանակները, երբ քաղաքի մշակութային կյանքը շնչում էր լիաթոք։

Եզրափակիչ ելույթը «Մենք ենք մեր սարերը» համույթի կատարմամբ դարձավ բոլորի սրտերում հնչող պատգամ՝ Որտեղ էլ լինենք, մենք կանգուն ենք»։

Միջոցառումն ավարտվեց գրկախառնություններով, երկար զրույցներով ու լուռ հույսով։ Բոլորը մի բան էին կրկնում՝ մի օր օգոստոսի 17-ը կնշվի հենց Մարտունու հրապարակում, քաղաքում, որը միշտ եղել է և միշտ էլ կմնա մեր տունը։

Մարիամ Սարգսյան

Ամոթ է․ Փաշինյանը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համար

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. հանձնաժողովը եզրակացությամբ հանգել է նրան, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ի ֆեյսբուքյան ստատուսում էր օգտագործել: Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ վիրավորանք է վարչապետի օգտագործած «համբալ» բառը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս երկու եզրակացություններին հետևեց վարչապետ Փաշինյանի այսօրվա գրառումը. «Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։

Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ», – գրել է վարչապետ Փաշինյանը: