Ռուբիո. «Ռուսական կողմը պետք է ճանաչի, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է»

Երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միայնակ չի ժամանի Սպիտակ տուն. նրա հետ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների կմեկնի եվրոպացի առաջատար առաջնորդների մի ամբողջ խումբ: Վերլուծաբանները այցը աննախադեպ են համարում. ժամանակակից պատմության մեջ երբեք այդքան մեծ և բարձրաստիճան պատվիրակություն չի մեկնել Վաշինգտոն՝ աջակցելու Ուկրաինային կարևոր հարցի՝ Եվրոպայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում՝ բարենպաստ և արդար պայմաններով, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի համար սա պատմական ազդանշան է. Եվրոպան վճռականորեն կանգնած է՝ կանխելու Կրեմլի կողմից պայմաններ թելադրելը և Թրամփին ցույց տալու, որ Պուտինի պահանջները, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից, անընդունելի են: Սպիտակ տուն այցը շրջադարձային կլինի Զելենսկու համար, գրում է Bloomberg-ը։

Զելենսկիին կմիանան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն: Նրանք բոլորը լավ անձնական հարաբերություններ ունեն Թրամփի հետ, ինչը նշանակում է, որ կարող են ազդել բանակցությունների մթնոլորտի վրա։ Bild-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նույնպես կմեկնեն ԱՄՆ մայրաքաղաք։

Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ արեց խաղաղության բանակցություններ վարել ներկայիս առաջնագծի հիման վրա։ Նա իր Telegram ալիքում գրել է, որ «շփման գիծը բանակցությունների համար լավագույն գիծն է»։ Երկրի ղեկավարի խոսքով՝ իրական բանակցությունները կարող են սկսվել միայն այնտեղ, որտեղ ներկայումս անցնում է առաջնագիծը։ Եվրոպացի գործընկերները աջակցում են այս սկզբունքին։ Մեկնաբանելով Պուտինի տարածքային պահանջները՝ Զելենսկին նշել է, որ ագրեսոր երկիրը չի կարողացել գրավել Դոնեցկի շրջանը 12 տարվա պատերազմի ընթացքում և հիշեցրել է տարածքներից հրաժարվելու անհնարինության մասին, որը ամրագրված է Սահմանադրությամբ։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է Հյուսիսատլանտյան դաշինքի կոլեկտիվ պաշտպանությանը նման անվտանգության ապահովման սկզբունք։ Պետության ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինան Եվրամիությանը միանալը դիտարկում է որպես անվտանգության երաշխիքների մաս։

Ոչ ոք չի ստիպում Ուկրաինային հանձնել տարածքներ՝ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա հարցազրույցները հեռարձակվել են կիրակի՝ օգոստոսի 17-ին, NBC News-ի «Meet the Press» և ABC News-ի «This Week» հաղորդումներում։

«Ի վերջո, եթե ուկրաինացիները պատրաստ չեն հրաժարվել դրանից (Մոսկվայի կողմից պահանջվող տարածքներից – խմբ.), և ոչ ոք չի ստիպում Ուկրաինային դա անել», – ասաց պետքարտուղարը: Սակայն, այս դեպքում, նրա կարծիքով, խաղաղության համաձայնագիրը կարող է տեղի չունենալ։

Միևնույն ժամանակ, Մարկո Ռուբիոն վերապահում արեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր հրադադարի հարցը «չի հանվում օրակարգից»: Թեկուզ «բոլորը համաձայն էին, որ այս հակամարտությանը վերջ դնելու լավագույն միջոցը լիարժեք խաղաղության համաձայնագիրն է», – նշեց նա։

Վերջնական համաձայնագրի մասին խոսելով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշեց, որ ներկայումս քննարկվող ասպեկտներն են սահմանային հարցը, Կիևին երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ երաշխիքները, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման հետ կապված հարցերը: «Եթե համաձայնագիր կնքվի, յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի ինչ-որ բան զոհաբերել», – հավելեց նա։

«Որպեսզի խաղաղություն հաստատվի, ռուսական կողմը պետք է ճանաչի, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, որն ունի ինքնապաշտպանության իրավունք և իրավունք ունի դաշինքներ կնքել այլ երկրների հետ իր պաշտպանության համար», – ընդգծեց նա։

Փաստորեն, Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինան որպես ինքնիշխան պետություն։

Թրամփն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Կիևը կհանձնի մասնակիորեն օկուպացված Դոնեցկի մարզի ամբողջ տարածքը, գրում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ, Պուտինը պատրաստ է հրաժարվել Զապորոժիեի և Խերսոնի մարզերի վերաբերյալ նմանատիպ պահանջից, ասում են հրատարակության զրուցակիցները, և փոխարենը սառեցնել հակամարտությունը առաջնագծում։

Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Գազայի օկուպացիայի ծրագրի դեմ

Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով համաձայնագիր կնքել Գազայում պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ: Հիմնական ճանապարհները փակվել են, իսկ գնացքների երթևեկությունը խափանվել է: Երուսաղեմում և Թել Ավիվում շատ բիզնեսներ փակվել են: Ցուցարարները կանգնած են խաչմերուկներում և անցորդներին բաժանում են պատանդներին խորհրդանշող դեղին ժապավեններ:

Գործադուլը կազմակերպվել է Հոկտեմբերյան խորհրդի կողմից, որը ներկայացնում է պատանդների ընտանիքներից մի քանիսին կամ Իսրայելի հարավում Համասի հարձակումից հետո 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված մարտերի ժամանակ զոհվածների հարազատներին, և Պատանդների և անհետ կորածների ընտանիքների ֆորումի կողմից:

Ֆորումը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ մոտ մեկ միլիոն մարդու կանցնի Թել Ավիվի «Պատանդների հրապարակով» օրվա ընթացքում, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ կմիանան Իսրայելի հարյուրավոր այլ վայրերում անցկացվող բողոքի ցույցերին:

Մեկ շաբաթ առաջ Իսրայելի ռազմական կաբինետը քվեարկեց Գազայի՝ տարածքի ամենամեծ քաղաքի օկուպացիայի և նրա բնակչության տեղահանման օգտին՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զայրացած արձագանքին։

Իսրայելի կառավարությունը չի ներկայացրել Գազա քաղաք մտնելու ժամանակացույց։ Ըստ որոշ տեղեկությունների, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է, որ ամբողջ քաղաքը օկուպացվի իսրայելական զորքերի կողմից հոկտեմբերի 7-ից։

Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ եթե այս «ճակատամարտը» չհաղթվի, Իսրայելի պետականության գոյությունը կհայտնվի վտանգի տակ։

Այս հարցը աստիճանաբար դարձել է նույնքան քննարկման թեմա, որքան Պաղեստինի գոյությունը, սակայն Իսրայելում ավելի ու ավելի շատ են խոսում այն մասին, որ կա որոշակի սահման, որից այն կողմ իսրայելցիներն իրենք են կասկածի տակ դնում իրենց պետականությունը։

Մարիամ Ավագյան․ եռակողմ հռչակագրի նպատակն է անպատիվ խաղաղություն պարտադրելը

ԱՄՆում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետում նշվում է «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Իսկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր «Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել»։

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը Step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ որքանո՞վ է այս ձեւակերպումը վտանգավոր, այսինքն՝ կարծես հավասարության նշան է դրվում Հայաստանում ու Ադրբեջանի միջեւ, Հայաստանը եւս ներկայացվում է ագրեսոր։ Այնինչ՝ Ադրբեջանն է ցեղասպանական գործողություններ իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ եռակողմ հռչակագրի նպատակն էլ հենց զոհին ու դահիճին մի սեղանի մոտ նստեցնելն է, որպեսզի պարտադրվի անպատիվ խաղաղություն։ Եվ այդ անպատվության մեջ մեծ դեր ունեն 30-ամյա հայկական քաղաքական վերնախավն ու պատմագիտական, ցեղասպանագիտական, ազգագրական շերտը։

«Մերոնք» հիմնականում խոսել են երկկողմ հակամարտության մասին, կամ պարզապես հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Բազում են մեր սխալները, օրինակ, երբ «խելոք» ձևակերպում են, թե՝ հայկական կողմի խաղաղ միտինգներին պատասխանեցին Սումգայիթով։ Սա, իհարկե, աբսուրդ է, հենց այն առումով, որ խորհրդային թուրքերը՝ Հեյդար Ալիևի ղեկավարությամբ, շատ էին ուզում առաջին բախումը կազմակերպել Կապանում՝ 1988 թվականի հունվարին, դա իրենց բացարձակ չհաջողվեց, և անցան իրենց տարածք՝ Սումգայիթ։

Ու մերոնց այս հակագիտական կեցվածքն էլ հնարավորություն տվեց Ալիև կրտսերին, որ իր հանցավոր գործունեությանը զուգահեռ զբաղվի, հատկապես, իր ու իր հոր հանցանքների կոծկմամբ, երբ 2008 թվերին կարողացավ միջազգային իրավագետներին ֆինանսավորել ու ձևավորել երեք թղթապանակ, երեքն էլ պետք է հիմնավորեին Արցախը ռազմական ճանապարհով խլելու պլանները։ Այդ թղթապանակներից մեկն էլ «հիմնավորում էր», թե «Հայաստանը ագրեսոր» է։

Այս եռակողմ հռչակագիրը հենվում է հենց այս երեք թղթապանակաների վրա, միջազգային հանրության մոտ դրանց ստեղծած «իրողությունների ընկալման» վրա։ Եվ որքան էլ ցավալի լինի, բայց պետք է ասել, որ նման  «իրողությունների ընկալում» կար ու կա նաև հայկական, ներհայաստանյան միջավայրում՝ կրկին հենված թուրքի կողմից մատուցած «պատմությունների վրա»։ Ահա թե ինչու նաև Ալիևների հանցանքը կոծկող այս երևակայվող «խաղաղությունը» դառնում է պատվազրկող, հայության արժանապատվությունը ավերող։

Սա նաև վտանգավոր հոգեբանական հարձակում է հայության դեմ։ Կրկնեմ, որ այս հարձակումը նոր չէ, եւ հաճախ այդ նսեմացումը ընդունվել ու յուրացվել է հայկական «խելոք մտավորականության ու քաղաքական վերնախավի» կողմից։ 44-օրյա պատերազմից հետո էր, 2021 թվականի օգոստոսին ես մասնակցում էի պատերազմական պայմաններում առաջին բժշկական օգնության մի դասընթացի։ Ընդմիջմանը մի երիտասարդ, 44-օրյայի մասնակից,  ինձ ասում է, թե «էլ ինչու էինք կռիվ տալիս Քելբաջառի համար, եթե մեր հողը չէր»։ Ես ահաբեկած հնչած մտքից՝ սկսեցի երիտասարդին պատմել մոտիկ անցյալից ու Քարվաճառի հայկական կենսատարածք լինելու մասին։ Երիտասարդը զարմացած հայացքով լսում էր ինձ, ու ես տեսնում էի, թե ինչ հանցավոր բացթողումներ են եղել 30 տարիների ընթացքում հայության կյանքի բոլոր շերտերում։

Տպավորություն կա, որ 1994 թվականի զինադադարից հետո ինչ-որ հզոր ուժեր սկսել են մեր երկիրը գլորել դեպի անդունդ, ու այդ ընթացքը նույնիսկ այսօր կանգ չի առել, համառորեն գլորում են։ Ու դրա վկայությունը հենց այս 5-րդ կետն է։

Եթե հետ գնանք 1988 թվական, ապա ես կասեի՝ քիչ է, պետք է հետ գնալ առնվազն 1918 թիվ։ Մարդկային ինչ անասելի տառապանքներ է կրել հայությունը, երբ քեմալական Թուրքիան Հայաստանի արևմտյան հատվածը հայաթափելուց հետո անցավ արևելյան հատված, այստեղ արդեն օգնության հասավ նաև խորհրդային Ռուսիան, էլ Մոսկվայի ու Կարսի պայմանագրեր, էլ 1921 թվականի հուլիսի 5-ի որոշում, առնվազն այս երեք հանգամանքները ամբողջացրին հայության ցեղասպանության՝ արմենոցիդի ևս մի փուլ, որն այնուհետև քողարկված կընթանա խորհրդային տարիներին, ու դրա բոցը երկինք կհասնի 1988 թվականի փետրվարի 26-ին, ու մինչ օրս շարունակվում է։

Հարց՝ քանի՞ պետաիրավական որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունը Սումգայիթում, Հադրութում, Շուշիում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Շահումյանում՝ 1988-1992 թվականներին, իսկ 2020-2023 թվերին արդեն ողջ Արցախում հայության, իսկ 1992-ին՝ Խոջալույում թուրք-մեսխեթցիների հանդեպ տեղ գտած ցեղասպանության մասին։ Ոչ մեկ, անգամ 1990 թվականի փետրվարի 13-ի Հայկ․ ԽՍՀ ԳԽ որոշումը չեն համարձակվել վերահաստատել, ու դա մինչ օրս։ ՀՀ-ում, թվում է, թե իշխանական 4 թիմեր են եղել, բայց երբ քննում ես խորքային հարցերը, հասկանում ես, որ այդ 4-ն էլ մի թիմ են, մնացածը բուտաֆորիա է։ Հիմա երևու՞մ է, թե եռակողմ հռչակագրի 5-րդ կետի արմատները որտեղից են աճում։

Այդ եռակողմ հռչակագրի 5-րդ կետում, երբ խոսվում է «միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների մասին», ես ընկալում եմ, որ հենց 5-րդ կետը ուժի կիրառման խրախուսում է, քանի որ ես չեմ մոռացել, որ այդ նույն Թրամփը գոհ խոսում էր  հայերի դեմ սկսած ագրեսիայի մասին, ասելով, թե «հայերը լավ են կռվում»։ Դե, իհարկե, թրամփյան պլանները այսօր չէ, որ ծնվում են, դրանք մշակված քայլեր են, երբ սկզբից ցեղասպան համակարգին թույլ տրվեց հերթական փուլը սկսել ու տանել մինչև վերջ, դե հիմա էլ խեղված խաղաղության աղավնին են թափ տալիս, թե տեսեք, տեսեք, ինչ լավն է Թրամփը, որ զոհին ու դահիճին՝ որպես հավասարներ, նստացրել է սեղանի մոտ ու գելի գլխին ավետարան է կարդում։ Անգամ ցեղասպան Բաքվին զենքի մատակարարումը արգելող որոշումը չեղարկեց։

Ժամանակների ընթացքը մեզ նոր չէ, որ հասկացնում է, որ Թրամփի այդ «դիտարկումը», թե այդ զենքը հայության դեմ չպետք է կիրառվի, կամ էլ Ադրբեջանի սահմաններն է պաշտպանելու, կրկին բուտաֆորիա է, ծխամշուշ, հերթական բիզնես պլան՝ փող, շատ փող բերող պլան՝ ժողովուրդների գոյության հաշվին։ Միջազգային տեռորիզմի դեմ կիրառելու համար հատկացվող այդ զենքը ցանկացած պահի մեր դեմ օգտագործելու համար թուրքը մեզ էլ կներկայացնի որպես միջազգային տեռորիստ։ Ահա հենց այսպես էլ Թրամփը իր 5-րդ կետով խրախուսում է արմենոցիդը՝ սեփական ֆեյսը պահելու համար էլ մի փոքր այն ծխամշուշով է շղարշում։ Այո, այսօր արդեն հերթական ագրեսիան ստացել է թրամփյան հովանավորչություն, իսկ գելի գլխին ավետարան կարդալը ընդունված միջազգային կանոնակարգ է՝ զոհին կրակի մեջ նետելուց առաջ։

Հիմա ևս մի հարց. եթե եռակողմի 5-րդ կետում ասվում է, թե «…երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում», այս ֆոնին, եթե ես մի հերթական դիմում հղեմ երկրի նախագահին, վարչապետին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որպեսզի վերահաստատեն, գոնե, Հայկ. ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը, ապա դա կորակեն վրեժխնդրությու՞ն, հնարավո՞ր է արդյոք։ Այսինքն, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների դեմ, ապա Արցախի դեմ տարված ցեղասպանության մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համր է մինչ օրս, ու հայկական ցեղասպանագետներն ու Ազգային ժողովը անհաղորդ են հայության այդ հատվածի ճակատագրին, հիմա էլ այդ ցեղասպանության՝ արմենոցիդի, գիտական ու իրավական ճանաչումը կդառնա «երկու ժողովուրդների»  միջև թշնամանքի խրախուսո՞ւմ։

Ես վստահ եմ, որ այս հռչակագրով Ալիև կրտսերին նաև փրկում են մարդկության դեմ կատարած հանցանքների համար պատասխանատվությունից։ Հիշեք, թե ինչեր է այդ ստահակը արել հայության դեմ, սա միայն հայության դեմ՝ Նախիջևանի խաչքարեր, Գուրգեն Մարգարյան, սահմանին անընդհատ դիպուկահարից զոհված հայ զինվորներ, տոտալ արմենոֆոբիան ու անթաքույց հակահայ քարոզ անգամ մանկապարտեզներում և դասագրքերում, «խոջալուի» հակահայ քարոզ, արմենոցիդի քարոզ ու խրախուսում, հայության պատմության ու մշակույթի ավերում և խեղաթյուրում, 2016 թիվ, 2020-2023 թվականներ։ Այո, հռչակագրով նաև այս հակամարդին են փրկում կախաղանից, ու սա էլ նոր չի սկսվել, ասենք ժամանակին մեզ ԱԺ-ում սաստում էին Սաֆարովի մասին խոսել, իսկ միջազգային դատական հայցերի հետ կանչումը ինքնին մարդկության դեմ հանցանքի սատարում է և ահռելի հարված Հայաստանի ինքնապաշտպանական ու դիմադրողական համակարգին։ Ու սա նախ և առաջ արվել է Իլհամին պաշտպանելու համար։

Մարդկության դեմ թուրքական հանցանքների կոծկումն ու նոր հանցանքների հնարավորությունը ընթանում է հայության գոյության, կյանքի և արժանապատվության, կենսատարածքի ու ապագայի հաշվին։ Փրկում են նաև մարդակեր Իլհամին ու դրա հորը, դրան էլ զուգահեռ խրախուսում են հայության գոյության դեմ հաջորդ հանցանքները։

«Անխոչընդոտ հաղորդակցությունը» շուտով թուրքի ձեռքում կդառնա մի նոր խումբ «էկոակտիվիստների» համար շրջափակման վայր ու նոր բախումներ, ոչ թե երկկողմ, երկկողմ երբեք չի եղել, այլ միակողմ հարձակում, երբ մի կողմում մարդասպան ու մարդակեր, թալանչի թուրքն է, մյուս կողմում մորթվող ու անհավասար պաշտպանվող հայը։

Հակագիտական է, երբ անտեսվում է մարդկային պոպուլյացիաների անհավասար էվոլյուցիոն ընթացքն ու արդյունքը։ Ժամանակը վկայում է, որ թուրք հարևանը գոյութենական սպառնալիք է, հատկապես, երբ մոտակայքում այնպիսի սադրիչ պետական համակարգեր կան, ինչպիսին ասենք Ռուսիան է կամ էլ արդեն Իսրայելը։

Ռոզա Հովհաննիսյան

Երկու սցենարներն էլ ենթադրում են Ուկրաինայի տարածքների նկատմամբ ինքնիշխանության կորուստ

Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չտվեցին. Մոսկվան հրաժարվեց քննարկել Արևմուտքի պայմաններով հրադադարի հարցը, և հակամարտության դիվանագիտական լուծման հեռանկարները մնում են անորոշ: Այս հանդիպման արդյունքում կարելի է խոսել պատերազմը դադարեցնելու երկու ամենահավանական տարբերակների մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Առաջին սցենարն այն է, որ Ուկրաինան կորցնում է օկուպացված տարածքների մի մասը, բայց պահպանում է ինքնիշխանությունը և ստանում հուսալի անվտանգության երաշխիքներ։

Երկրորդը՝ երկիրը կորցնում է և՛ հողերը, և՛ անկախությունը՝ հայտնվելով Կրեմլի ազդեցության ոլորտում։

Փաստորեն, երկու սցենարներն էլ ենթադրում են տարածքների նկատմամբ ինքնիշխանության կորուստ՝ լինի դա հողի մի մասը կամ ամբողջ երկրի նկատմամբ։

Մարտունին՝ 100 տարեկան. հոբելյան, որը նշվում է հեռվից

Օգոստոսի 17-ին լրանում է Արցախի Մարտունի քաղաքի հիմնադրման 100-ամյակը։

Եթե չլիներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցած հայաթափումը, հոբելյանը պետք է մեծ շուքով նշվեր հենց Մարտունու հրապարակում՝ շնորհավորանքներով ու հանդիսություններով։

Այսօր, սակայն, մարտունեցիները իրենց քաղաքի հոբելյանը նշում են հայրենի հողից հեռու՝ կարոտով ու ցավով։

«Մարտունին գերված է, բայց երբեք պարտված չէ։ Նրա ոգին ապրում է յուրաքանչյուր մարտունեցու սրտում՝ մանկության բակերի խաղերում, դպրոցների զանգերի հնչյուններում և հերոսների հիշատակով», — նշվում է համայնքի ուղերձում։

Մարտունեցիները շեշտում են՝ իրենց նահատակների հիշատակը պարտավորեցնում է ամուր մնալ ու չվհատվել, մինչև գա վերադարձի օրը։

«Շնորհավոր 100-ամյակդ, հերոս Մարտունի։ Թող այս հոբելյանը լինի ոչ թե ավարտ, այլ նոր սկիզբ՝ վերադարձի հավատքով», ասվում է ուղերձում։

Մարիամ Սարգսյան

Այսօր նշվում է Խաղողօրհնեքը

Այսօր` օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաղողօրհնեքը` Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է։

Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։

Նկարում՝ վերջին Խաղողօրհնեքը Ստեփանակերտում, շրջափակման ժամանակ, երբ խաղողը՝ գլյուկոզայի աղբյուր էր։ Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

ԱՄՆ Պետդեպը հստակ արձանագրել է Արցախի հայերի հարկադիր տեղահանությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որը մեջբերում է «կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։

Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։

Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։

Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։

Օգոստոսի 17-19-ը ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 17-19-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Օգոստոսի 17-ից 21-ը տեղումներ չեն լինի։

Շիրակում օգոստոսի 17-ին օդի ջերմաստիճանը կլինի +28°C, Կոտայքում և Վայոց Ձորում՝ +31°C, Գեղարքունիքում՝ +23°C, Լոռիում՝ +25°C, Տավուշում՝ +29°C, Ագարարոտնում՝ +32°C, Արարատում, Արմավիրում և Սյունիքում՝ +34°C։

Երևանում օգոստոսի 17-ին օդը կտաքանա մինչև +33°C։

Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հա հեկտար հողատարածքն է օկուպացված. քաղաքապետ

Նախքան Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Սյունիքի մարզի համայնքապետերի հետ քննարկումներ չեն եղել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Ես իմ մասով կարող եմ ասել՝ որեւիցե քննարկում ինձ հետ չի եղել, որեւիցե տեղեկատվության հաղորդում չի եղել նախքան փաստաղթթի ստորագրումը։ Կոնկրետ ես այդ ամենի վերաբերյալ իմացել եմ մամուլից։ Ես պատկերցնում եմ եմ, որ այդ ամենը շատ ավելի գաղտնի էր պահվում»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն Սյունիքում «Թրամփի ուղուց»՝ Գեւորդ Փարսյանն ասաց․ «Ես կդժվարանամ որեւէ բան ասել, այնքանով, ինչքանով գրված է այդ փաստաթղթերում։ Իմ կարծիքով՝ ամենակարեւոր մասն այն դետալներն են, որոնք հետագայում պետք է իրականացվեն կամ արդեն իսկ քննարկվել են եւ պետք է իրականացվեն, որոնց վերաբերյալ նույնպես ոչինչ չեմ կարող ասել։ Դրական կողմերի մասին լսում ենք իշխանություններից, պետք է սպասենք, որ տեսնենք՝ գործնականում այդ ամենն իրականանում է, թե ոչ»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Փարսյանն ասաց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Կապան համայնքի բնակելի հատվածից 1-2 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ 2022 թվականի ադրբեջանական հարձակման հետեւանքով ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքներ կան։ Մասնավորապես, Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հա հեկտար հողատարածքն է օկուպացված, հիմնականում Ներքին Հանդի տարածքում։ Այսօրվա դրությամբ իրավիճակն անփոփոխ է, այդ տարածքները շարունակում են բռնազավթված մնալ։ «Բայց նաեւ պետք է ասեմ, որ վերջին ինտենսիվ կրակոցներն արձանագրվել են 1-1,5 տարի առաջ։ Վերջին ոչ ինտենսիվ կրակոցներն արձանագրվել են Ներքին Հանդում՝ մոտ 2 ամիս առաջ, երբ կրակցներից վնասվեց մեր բնակիչներից մեկի տանիքը։ Այլ հատվածներում որեւիցե գործողություն կամ կրակոցներ չեն արձանագրվել»,- նշեց նա։

Փարսյանն ասաց, որ Կապանից արտագաղթ չկա․ «Մեր ունեցած տվյալներով՝ մի քանի ընտանիք ունենք, որոնք տեղափոխվել են մայրաքաղաք, բայց դա ավելի շատ պայմանավորված է իրենց ընտանեկան հանգամանքներով»։ Նա հավելեց, որ Սյունիքում որեւէ մեկը չի պատրաստվում լքել իր բնակավայրը։

Նշենք, որ այսօր նշվում է Կապան քաղաքի օրը։

Բոլորը ուշադիր հետևում են, թե ինչպես են հայերը իրենց ձեռքերով կործանելու սեփական պետականությունը

Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումից և մի շարք փաստաթղթերի ստորագրումից անցել է ավելի քան մեկ շաբաթ։ Առաջին հույզերի ալիքի հանդարտվելուց հետո ի հայտ է գալիս հետևյալ պատկերը.

  1. 1992 թվականին ընդունված 907-րդ բանաձևը, որն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ամբողջությամբ չի չեղարկվել, այլ միայն կասեցվել է։ Միայն Կոնգրեսը կարող է այն չեղարկել, ինչը նշանակում է, որ բանաձևի ընդունման պատճառը՝ «հայկական հողերի օկուպացիան», ԱՄՆ-ում լիովին չի համարվում վերացված։
  2. Ալիևի և Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու դիմումը դեռևս արձագանք չի ստացել կազմակերպության կողմից՝ չնայած Ֆրանսիայի անմիջական աջակցությանը։ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու որոշումը պետք է կայացնեն ԵԱՀԿ 57 անդամ երկրները, և քանի որ նրանք դեռևս դա չեն արել, նշանակում է՝ Արցախի խնդիրը դեռևս լուծման կարիք ունի։
  3. «Ռուսաստանի տարածաշրջանից վտարումը», որը ներկայացվել էր որպես բանակցությունների հիմնական արդյունք, ակնհայտորեն հետաձգվում է. Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը շուտով կժամանի Հայաստան՝ քննարկելու… հաղորդակցությունների ապաշրջափակումը: Օվերչուկը երեկ հիշեցրեց, որ Հայաստանի երկաթուղիները «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն սեփականությունն են, և Հայաստանը չի կարող ինքնուրույն ապաշրջափակել ճանապարհները: Նա նաև ասաց, որ եթե Հայաստանին դուր է գալիս Վաշինգտոնի տարբերակը, ապա Ռուսաստանը չափազանց ուրախ է դրանից:
  4. Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» չի կարող վավերացվել Հայաստանի խորհրդարանում, քանի որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը. համաձայնագրում Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային սահմանների ճանաչման հղումները չեն համապատասխանում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը:

Նախաստորագրված համաձայնագրի և Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հռչակագրի բոլոր կետերից ամենա«գործնականը» «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» ճանապարհը հանձնելու կետն է, սակայն այն դեռևս անորոշ է։ Անհայտ է նույնիսկ այս ճանապարհի երթուղին, ինչպես նաև դրա անվտանգության, շինարարության և այլնի տեխնիկական պարամետրերը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մերձեցման ֆոնին փոխվել են նաև «Վաշինգտոնյան խաղաղության» կողմնակիցների քարոզչական փաստարկները. այժմ նրանք խոսում են ոչ թե Ռուսաստանին վտարելու մասին, ինչը անհեթեթ է թվում Մոսկվայի հավանության ֆոնին, այլ այն մասին, որ «խաղաղությունը» կանխել է Սյունիքի ռազմական անեքսիան, որը օր-օրի տեղի կունենար։

Բաքուն չի օգտագործում ոչ մի փաստարկ՝ փորձելով չխանգարել Փաշինյանին՝ «Վաշինգտոնյան խաղաղությունը» վերընտրվելու և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու համար օգտագործելու հարցում։ Որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կլինի Երրորդ Հանրապետության վերջը։

Սա չի նշանակում, որ Հայաստանը ապահովագրել է իրեն ուժային լուծումներից, սա չի նշանակում, որ չեն կարող փոխվել հանգամանքները, որոնց դեպքում ամեն ինչ գլխիվայր կշրջվի։ Բայց առայժմ բոլորը ուշադիր կհետևեն, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները իրենց ձեռքերով փոխում Սահմանադրությունը, հրաժարվում ազգային իրավունքներից և հողերից և ոչնչացնում սեփական պետականությունը։

Оկուպացված Արցախի տարածքներում ապրում է այժմ 4,325 ընտանիք

Оկուպացված Արցախի տարածքներում ապրում է այժմ 4,325 ընտանիք՝ բաղկացած 17,204 մարդուց։ Եւս 35,385 մարդ Արցախում ապրում են ժամանակավորապես՝ մասնագիտական աշխատանքների հետ կապված, հայտնում են աղբյուրնեը։
Ալիևը Արցախը գրավեց ոչ ադրբեջանական ժողովրդին իրենց տները «վերադարձնելու» համար, և հարյուրավոր ադրբեջանցիներ զոհվեցին արցախյան հողում՝ ոչ հանուն իրենց։ Ադրբեջանցիները գիտեն, թե ինչ է նշանակում ապրել այրված հողի վրա։