Պուտինը և Թրամփը, Հայաստանին և Ուկրաինային ինադու, պատրաստվում են նոր «Յալթայի»

Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից մեկ օր առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակեց Օբամայի ժամանակաշրջանի ԱՄՆ հետախուզական գործակալությունների նախկին ղեկավարների նամակները, որոնք վկայում են այն մասին, որ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին (որոնցում Թրամփը հաղթեց) Ռուսաստանի միջամտության գործը կեղծված էր։

Այս փաստաթղթերի հրապարակումը նպատակ ունի ոչ միայն ամրապնդել Թրամփի դիրքերը ԱՄՆ-ում, այլև արդարացնել ռուս-ամերիկյան առաջիկա դաշինքը, որը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո։

Ռուս քաղաքագետները բացահայտ խոսում են նոր «Յալթայի» մասին և նույնիսկ Թրամփին հրավիրում են Ղրիմ՝ Պուտինի հետ աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ նոր գործարք կնքելու համար։

Այս լույսի ներքո միջազգային վերլուծաբանները սկսել են վերագնահատել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցածը՝ Փաշինյանի և Ալիևի միջև Թրամփի հովանու ներքո ամոթալի «համաձայնագրի» կնքումը։

Այսպես կոչված արևմտամետ հայ քաղաքագետներն ու ուկրաինացի պրոպագորդոնները ծափահարեցին՝ փորձելով ապացուցել, որ Բաքվին և Երևանին վերջապես հաջողվել է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որ Պուտինը պարտվել է, և որ շուտով Հայաստանի և Ուկրաինայի սահմաններին կհայտնվեն ամերիկյան «Պատրիոտներ»։

Պարզվեց, որ սա պարզապես մեծ գործարքի մի մաս էր. Պուտինը Հայաստանը փոխանակեց Ուկրաինայի հետ, ստանալով նաև Թրամփի հետ հողերը բաժանելու իրավունք։

ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության «կեղծիքի» մասին վկայող փաստաթղթերի հրապարակումը ցույց է տալիս, որ Թրամփը այլևս ոչ մի պատճառ չունի Պուտինին «Ամերիկայի թշնամի» համարելու համար։ ԱՄՆ-ում մարդիկ արդեն հարցնում են՝ ինչի՞ համար է մեզ պետք Ուկրաինան, եթե կարող ենք համաձայնության գալ Պուտինի հետ։

Այժմ խորը հիասթափված են ոչ միայն ուկրաինացի քարոզիչներն ու Հայաստանում ռուսամետ ուժերը, ովքեր ասում էին, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը Ռուսաստանի դեմ է, այլև Փաշինյանի կողմնակիցները, ովքեր արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում բացատրել իրանցիներին, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման մեջ իրանցիների ներդրած գումարը կծառայի թուրքերին, ինչպես 2021-22 թվականներին Արցախում շինարարության համար Հայաստանի կողմից հատկացված միլիարդավոր դրամները։ Եւ որ դա կանխամտածված էր։

Յալթայից հետո նոր աշխարհում չեն լինի ժողովրդավարական պայմանականություններ, ընտրություններ կամ այլ կանոններ, որոնք կզսպեն տոտալիտարիզմը: Ինչպես Թրամփն ասաց 2024 թվականի ընտրություններից հետո. «հուսով եմ՝ սրանք վերջին ընտրություններն էին Միացյալ Նահանգներում»: Նույն Թրամփը գովաբանեց Ալիևին իր երկիրը 22 տարի կառավարելու համար՝ ապրես, լավ տղա ես: Փաշինյան, սովորիր կառավարել, և կորչի ժողովրդավարությանը, ասում է Թրամփը մի ղեկավարի, որը 7 տարի իր բոլոր որոշումները “ժողովրդավարական ընտրություններով” է արդարացնում:

Իսրայելը պատրաստվում է վտարել պաղեստինցիներին և վերաբնակեցնել Գազան

Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ կհաստատի օկուպացված Արևմտյան ափին վիճահարույց բնակավայրերի նախագծում ավելի քան 3000 տուն կառուցելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կթաղեն պաղեստինյան պետության գաղափարը»։

Այսպես կոչված E1 բնակավայրի նախագիծը Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև տասնամյակներ շարունակ սառեցվել է միջազգային կատաղի դիմադրության պատճառով։ Այս տարածքում շինարարությունը, ըստ էության, կանջատի Արևմտյան ափը օկուպացված Արևելյան Երուսաղեմից և կդժվարացնի հարակից տարածքի ստեղծումը։

«Տասնամյակներ տևած միջազգային ճնշումներից և սառեցումից հետո մենք խախտում ենք կոնվենցիաները և կապում Մաալե Ադումիմը Երուսաղեմի հետ», – ասել է Սմոտրիչը։ «Սա սիոնիզմն է իր լավագույն դրսևորմամբ՝ կառուցել, բնակություն հաստատել և ամրապնդել մեր ինքնիշխանությունը Իսրայելի հողում»։

Սմոտրիչն ասել է, որ այս հողը հրեաներին տրվել է Աստծո կողմից։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ Իսրայելի իշխանությունների կողմից E1 բնակավայրի ծրագրով առաջ շարժվելու որոշումը խաթարում է երկու պետությունների լուծումը և միջազգային իրավունքի խախտում է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միաժամանակ հայտարարել է, որ Իսրայելը բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ՝ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու համար։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ խոսքը Հարավային Սուդանի, Եթովպիայի, Լիբիայի, Ինդոնեզիայի և չճանաչված Սոմալիլենդ նահանգի մասին է։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի երկու միլիոնից ավելի բնակիչների մի մասին ընդունելու դիմաց երկրները ցանկանում են ստանալ «նշանակալի ֆինանսական և միջազգային փոխհատուցում»։

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքը

Դատարանը երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը, փոխանցել է նրա փաստաբաններից Լիաննա Գասպարյանը:

Նա հավելել է, որ պաշտպանական կողմը մտադիր է անմիջապես դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ վճիռը վերանայելու բողոքով:

Գործարարի պաշտպանության խորհրդից անտրամաբանական են որակել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում արդարադատություն չկա»։

Նրա պաշտպանության խորհուրդը վաղ առավոտյան տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում, և որ օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը։

Քյաթուկ․ դարավոր պատմությունը չէր ընդհատվում

Արցախի Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի խորհրդավոր բնությունն անտեսանելի զորություն ուներ․ գյուղ եկող յուրաքանչյուր ոք ցանկանում էր մնալ այդտեղ, վայելել բնության անաղարտ շունչը:

Քյաթուկի անտառների հոնն ու մոշը, տանձն ու խնձորը, ընկույզն ու շլորը մի ուրիշ համ ունեին․ իզուր չէ, որ տարբեր տեղերից մարդիկ գալիս ու հենց Քյաթուկի բերքն էին նախընտրում ճաշակել:

Քյաթուկցիների համար իրենց գյուղն աշխարհի ամենագեղեցիկ ու անփոխարինելի տեղն էր։ Չնայած երբեմնի շեն գյուղը հետզհետե ծերացել ու թևաթափ էր եղել, սակայն գյուղում միշտ անցուդարձ կար (տեղահանությունից առաջ մշտապես ապրում էր 1 հոգի, ով զբաղվում էր անասնապահությամբ)։

Առանձնապես հանգստյան, տոն ու հիշարժան օրերին, երբ գյուղը լցվում էր մարդկանցով, Քյաթուկը կենդանություն էր ստանում, վերապրում անցած օրերը։ Տարեցները հիշում են գյուղի նախկին աշխուժությունն ու երանի տալիս։ Նրանցից յուրաքանչյուրը երազում էր հայրենի գյուղը վերածնված տեսնել (որքան էլ այն անհավանական էր թվում):

Գյուղում պարբերաբար շաբաթօրյակներ էին կազմակերպվում, բարեկարգման աշխատանքներ իրականացվում։ Անցուդարձը չէր կտրվում այդ գյուղում՝ ասել է թե, չէր ընդհատվում նրա դարավոր պատմությունը:

Մարդիկ հիմնականում ոտքով էին բարձրանում գյուղ։ Օրերից մի օր քյաթուկցիները որոշեցին, որ ժամանակն է բարեկարգել Ասկերանից գյուղ տանող ճանապարհը, որն անմխիթար վիճակում էր և անցանելի ոչ բոլոր մեքենաների համար: Նախաձեռնությունն անմիջապես արձագանք գտավ: Ասկերանի շրջվարչակազմի կողմից տեխնիկա տրամադրվեց․ միացան նաև Ասկերանի քաղաքապետարանը, մի խումբ գործարար մարդիկ։ Սկսվեցին վերանորոգման աշխատանքները, որին հետևում էր հատուկ ստեղծված հանձնաժողովը:

Մոտ 10 օր հետո ճանապարհն արդեն պատրաստ էր․ Քյաթուկն սկսեց աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր ընդունել։ Էլ չենք խոսում բազմաթիվ արշավների, դատարկվող գյուղում կազմակերպվող կրթամշակութային միջոցառումների մասին, իսկ քանի՜, քանի՜ մոմեր էին վառվում գյուղի սրբավայրերում ու մատաղ մատուցվում (Սյորփեր)։

Ճանապարհի վերանորոգումից հետո քյաթուկցիներն արդեն նոր ծրագիր ունեին՝ Արցախյան գոյապայքարում զոհված քյաթուկցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումն էր դա:

Մտահղացումը (կրկին հասարակ ժողովրդի կողմից) 2011 թվականին էր ծագել, որի իրականացման համար նույնպես ստեղծվել էր հանձնաժողով և Արցախբանկ ՓԲԸ-ում բացվել հաշվարկային հաշիվ (այս գյուղացիները սիրում են ամեն ինչ ազնվորեն կատարել՝ հաշվետվություն ներկայացնելով միմյանց):

Նույն թվականին բարեգործական առաջին քայլը կատարեցին ծննդով քյաթուկցի, ռուսաստանաբնակ Արթուր Բեգլարյանը և ծննդով վարդաձորցի Վաղինակ Գևորգյանը, ով նույնպես ապրում էր ՌԴ-ում: Երկու գործարար մարդկանց բարեգործական աջակցությունը ոգևորության ալիքներ բարձրացրեց նաև տեղացիների մեջ։ Գյուղում սկսվեցին շինարարական ակտիվ աշխատանքները։

Ուրախալի էր տեսնել, թե ամռան ամիսներին վերանորոգված ճանապարհով քանի՜, քանի՜ մեքենաներ էին բարձրանում գյուղ: Քյաթուկն իր հզոր ուժով ձգում էր բնության, հարազատ հողի սիրահարներին։

Հուշարձանի կառուցման աշխատանքներն ընթանում էին մեծ թափով, որին մասնակցում էին համարյա բոլոր քյաթուկցիները, անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում, իսկ արհեստավարժ մասնագետները մասնագիտական խորհուրդներ և ուղղություններ էին տալիս։

Մի քանի ամիսներ տևած շինարարությունից հետո Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին կանգնեցվեց Արցախյան պատերազմում նահատակված քյաթուկցիներին նվիրված հոյակերտ մի հուշարձան:

Հաջորդ առաքելությունը գյուղի Ս․Աստվածածին եկեղեցու վերանորոգումը պետք է լիներ։ Այն անպայման իրականություն կդառնար, եթե չլինեին 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները, եթե արցախցին իր կամքին հակառակ չբռներ տեղահանության ճանապարհը։

Պատերազմներով անցած, շրջափակում ապրած արցախցին չէր մտածում լքել իր հողը, ավելին՝  նա ցանկանում էր կենդանություն տալ դատարկվող գյուղերին ու ապրել հարազատ բնակավայրում, որովհետև այդ հողը ներծծված է հերոսների արյամբ, ժողովրդի արդար քրտինքով, որովհետև ինքն է իսկական տերն իր հողի։

Այսօր աշխարհով մեկ ցրված քյաթուկցիները շարունակում են ապրել միմյանց ուրախությամբ ու տխրությամբ։

Հ․Գ․

Այս գյուղում են ծնվել հայ նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցը, որի շվեյցարական ոճով տունը Լոռիում տուրիստական արշավների կարևոր հանգրվան է։

Քյաթուկից է նաև երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը, ազգայինազատագրական շարժման գործիչ, պատմաբան Միքայել Վարդանյանը։ Գյուղը տվել է բազմաթիվ ռազմական, տնտեսական, հասարակական և գիտության ոլորտի անվանի գործիչներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախում ոչնչացված հուշարձանների ցուցակ․ նախարարություն

2025 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտում ապամոնտաժվել են հանրահայտ գործիչների հիշատակը հավերժացնող բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք տասնամյակներով ձևավորել էին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կերպարը։
Այս փաստերը հաստատված են Google Earth-ի արբանյակային նկարների վերլուծությամբ, ինչպես նաև Ադրբեջանի սոցիալական ցանցերի սեգմենտում արված հրապարակումներով։
Քաղաքի հանրային տարածքից վերացված են․
Մշակույթի գործիչներ – Գենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վաղրամ Փափազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, և անվանի իրավապաշտպան Անդրեյ Սախարով։ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրիի ճակատագիրը ճշտման փուլում է։
Մեծ Հայրենական պատերազմի հերոսներ – մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Իվան Իսակով, երկու անգամ Սովետական Միության հերոս Նելսոն Ստեփանյան։
Ազգային-ազատագրական շարժման և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Խրիստոֆոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։
Հեղափոխական շարժման գործիչներ – Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան։
Ապամոնտաժված մոնումենտալ արվեստի գործերի ճակատագիրը պաշտոնապես անհայտ է, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, մեծ հավանականությամբ դրանք ոչնչացվել են։
Այս ստեղծագործությունների հեղինակներն էին ինչպես հայ, այնպես էլ հայտնի արտասահմանցի քանդակագործներ, այդ թվում՝ լայն ճանաչում ունեցող ռուս հեղինակներ Սալավատ Շչերբակովը և Վլադիմիր Պոտոցկին։
❗ Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այդ թվում՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի և դրա Պրոտոկոլների,
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի,
ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Ադրբեջանը կրում է ամբողջական միջազգային-իրավական պատասխանատվություն Արցախի պատմամշակութային ժառանգության միտումնավոր և համակարգված ոչնչացման համար, ինչը հանդիսանում է մշակութային ցեղասպանության ձև։
Միջազգային հանրությանը, մասնագիտացված կազմակերպությունները՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը, ՄԱԿ-ը, Միջազգային քրեական դատարանին և բոլոր իրավասու միջազգային կառույցները պրտավոր են տալ հստակ քաղաքական և իրավական գնահատական այս գործողություններին որպես մշակութային վանդալիզմի ակտի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտման,
նախաձեռնել միջազգային քննություն և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին,
ձեռնարկել անհապաղ քայլեր՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը և ապահովելու դրա պահպանությունը,
օժանդակել այն պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արցախահայության անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։
Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը պարզապես քարի և բրոնզե ձևերի կորուստ չէ․ դա նպատակային փորձ է վերացնել պատմական հիշողությունը, մշակութային ինքնությունը և Արցախի ժողովրդի հոգևոր ժառանգությունը։
Լուսանկարում՝ Ստեփանակերտ քաղաքում Ադրբեջանի ակուպացիոն վարչախմբի կողմից որնչացված արձանների տեղադրությունը:

Եթե Իրանը ցանկանար կապ, ապա կավարտեր Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը

Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնի հռչակագիրը, որը նա ստորագրել է օգոստոսի 8-ին Ալիևի և Թրամփի հետ միասին, «պարունակում է բավականին շոշափելի օգուտներ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Ի վերջո, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով դուրս գալ Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան երկաթուղային կապ հաստատել միմյանց միջև»։

Ինչպես ասում են Բաքվում, Իրանին «հանգստացնելու» առաքելությունը վստահվել է Փաշինյանին, և այժմ նրա դիվանագիտական կորպուսը Թեհրանին ներկայացնում է բոլոր հնարավոր փաստարկները։ Սակայն հայ-իրանական խորհրդակցությունների մասին պաշտոնական տեղեկատվության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, որ Մեղրիի ճանապարհի կոնցեսիայից հետո հայ-իրանական սահմանը կպահպանվի, և որ Իրանը հնարավորություն կունենա ազատորեն մեկնել Հայաստան՝ առանց ամերիկյան կամ ադրբեջանական անցակետերով անցնելու։

Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը և Իրանը հնարավորություն կունենան երկաթուղային կապ հաստատել միմյանց միջև։ «Իրականում նման կապը աննախադեպ կլիներ, քանի որ Հարավային Կովկասում ներկայումս չկա երկաթուղային կապ, որը կկապեր Իրանն ու Ռուսաստանը», – նշել է նա։

Հարկ է հիշել, որ Իրանի և Ռուսաստանի միջև կապ չկա, քանի որ Իրանը 20 տարի չի ավարտել Ռեշտ-Աստարա երկաթուղու մի փոքր հատվածի կառուցումը, որը կարող է հեշտությամբ կապել Իրանն ու Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով։ Դա Իրանին ոչինչ չի արժենում, բայց նույնիսկ Ռուսաստանի ներդրումային առաջարկից հետո Իրանը նախընտրում է երկաթուղային կապ չունենալ Ադրբեջանի հետ։

Բացի այդ, Ռուսաստանը և Իրանը կարող են հեշտությամբ շփվել միմյանց հետ Կասպից ծովով, հատկապես որ ռուսական Աստրախանի նավահանգիստը գրեթե 100%-ով վերահսկվում է իրանական ընկերությունների կողմից։

Թեհրանը, նախագահի և արտաքին գործերի նախարարի մակարդակով, հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հավաստիացումներին, որ Մեղրիի ճանապարհը միջանցք չէ, այլ պարզապես տարանցիկ ուղի։ Սակայն մինչ օրս հաղորդակցությունների ապագա «ապաարգելափակման» մանրամասները անհայտ են, ինչը նշանակում է, որ բոլոր հայտարարությունները ընկալվում են որպես քաղաքական բլեֆ։

Ժնևի կանտոնի խորհրդարանում մերժվել է Արցախին և գերիներին վերաբերվող օրինագիծը

Ինչպես գրում է “Ազգ“-ը, Ժնևի կանտոնի խորհրդարանի հայամետ պատգամավորների կողմից 2024 թվականի նոյեմբերի 5-ին ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» վերնագրով 24.321 բանաձևի նախագիծը օգոստոսի 11-ին մերժվել է խորհրդարանի վերին պալատի՝ Պետությունների խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից՝ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան նպատակային գործունեության արդյունքում, տեղեկացնում է «Կավկազ.ինֆո»-ն:

Նշվում է, որ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատնից տեղեկացրել են, որ օրակարգից հանվել է նաև այդ հանձնաժողովի փոխնախագահ Կառլո Սոմարուգայի կողմից առաջարկված նոր բանաձևի նախագիծը, որը վերաբերում է միայն բանտարկյալներին և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ժնևի կանտոնալ խորհրդարանի «սադրիչ» (չակերտները-խմբ.) նախաձեռնությունը միակողմանի է և պարունակում է բացառապես ադրբեջանական կողմին ուղղված պահանջներ, և նման մոտեցման դեմ բողոք է արտահայտվել»։

«Խաղաղության համաձայնագիրը» վաղուց գործում է արցախցիների դեմ. ի՞նչ է լինելու հետո

Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» իրականում «գրվել» է 2020 թվականի պատերազմից հետո, և, հնարավոր է, դրանից շատ առաջ։ Այն ենթադրում է ոչ միայն Հայատանի վերջնական հրաժարում Արցախից՝ որպես հայկական հողից, այլև արցախցիների բոլոր իրավունքներից և ազատություններից զրկում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից և ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունից հետո դեռևս չնախաստորագրված համաձայնագիրը սկսեց լիարժեքորեն իրականացվել, և առաջին հերթին դա ակնհայտ էր արցախցիների նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքից։ Ամեն ինչ կորցնելուց հետո՝ հայրենիքը, տունը, հարազատների գերեզմանները, արցախցիները նոր կորուստների բախվեցին Հայաստանում։ Պարզվեց, որ Հայաստանում նրանք ո՛չ քաղաքացիություն ունեն, ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ էլ պետական պաշտպանություն։

Սկզբնական շրջանում, մինչև արցախցիները կամ կձուլվեն Հայաստանում, կամ կարտագաղթեն, սոցիալական աջակցություն տրամադրվեց։ Կառավարության ներկայացուցիչները (բացառությամբ սոցիալական պաշտպանության և միգրացիայի հարցերով պատասխանատուների) այդպես էլ չեն հանդիպել արցախցիների հետ, այդպես էլ մարդավարի զրույց չեն ունեցել և չեն բացատրել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ Սա ելնում է ապագա համաձայնագրի պահանջներից, որը չի ենթադրում արցախյան հասարակության գոյություն՝ իր իրավունքներով և երաշխիքներով՝ Հայաստանի և միջազգային հանրության կողմից։

“Գործող իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդին և չեն ցանկանում լսել մեր ձայնը, և ոչ միայն արտաքին քաղաքականության հարցում, այլև ներքին հարցերում: Դժվար է նրանց երկխոսություն վարել: Վերջին անգամ բանակցությունները տեղի են ունեցել միայն հանրային ճնշումից հետո, որի արդյունքում նրանք կոսմետիկ փոփոխություններ են կատարել առկա ծրագրերում: Իշխանությունների ներառականությունը Արցախի ժողովրդի հետ աշխատանքում զրոյական է։

Ես չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները կօգտվեն Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի կետից և բացահայտ կբարձրացնեն նրանց հարցերը, ովքեր խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի պահպանման մասին»,- ասել է Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Այն հարցը, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր շարունակում են պնդել Արցախի ժողովրդի իրավունքները, հայկական ազգային շահերը, արդեն լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում և քաղաքագիտության ոլորտում: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կառավարության կողմից այլախոհների նկատմամբ բռնաճնշումների հակումը, կարելի է կանխատեսել դատավարությունների մի ամբողջ շարք գործող կառավարության քաղաքական հակառակորդների դեմ՝ «նախկին ռազմական հանցագործների» միջազգային ռազմական տրիբունալին հանձնվելու հավանականությամբ:

Նախաստորագրված համաձայնագիրը լայն հնարավորություն է դրա համար բացում․ “Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով”:

“2020-ին ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննություններում առաջընթաց չի գրանցվել», գրված է ԱՄՆ Պետդեպի Մարդու իրավունքների պաշտպանության մասին այս տարվա զեկույցում։ 

Ակնհայտ է, որ Հայաստանը, դեռևս «համաձայնագրից» առաջ, ստանձնել էր «ռազմական հանցագործությունների» հետաքննության պարտավորությունը, և չնայած դեռ «հաջողություններ չի գրանցել», ամեն ինչ դեռ առջևում է։ Առավել ևս, պարզ չէ, թե ում «զինված ուժերի» մասին է խոսքը։

ԲիդաՏօն Production․ կլինեն նոր ներկայացումներ, կգտնվի հովանավոր թե ոչ

ԲիդաՏօն Production-ը ստեղծվել է 2024 թվականի օգոստոսի 4-ին: Step1.am-ի հետ զրույցում նախագծի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, արցախցի գրող, երգահան, լրագրող Աննա Մեկունցը ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունը, կիսվելով ընթացիկ և ապագա անելիքներով:

«Ամեն ինչ սկսվեց Արցախում․ դեռևս երբ սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում` դասական վոկալի բաժնում, մենք ուսանողներով հաճախակի էինք կազմակերպում միջոցառումներ։ Առաջին անգամ հեղինակային գործերս հնչել են հենց այդ բեմից, հետո նման հեղինակային երեկոներ սկսեցի կազմակերպել շրջափակման ժամանակ։ Ստեղծագրության դասընթացներ` սկսնակ ստեղծագործողների համար, հեղինակային երեկոներ, այս ամենը կյանքը հետաքրքիր էր դարձնում շրջափակման օրերին։

ԲիդաՏօն պրոդաքշընը ստեղծվեց հետո, 2024 թվականի օգոստոսի 4-ին, և ես առաջին անգամ նորից հեղինակային երեկո կազմակերպեցի։ Երեկոն կոչեցի ԲիդաՏօն, որը արցախերենից նշանակում է Հայացք դեպի տուն։ Քանի որ կյանքս մի տեսակ զրոյացված էի համարում, և որպես գրող ամբողջովին գրականությունս թողել էի Արցախում, միտք ծագեց` սկսել զրոյից և մարդկանց հասցնել Մեկունցի գրականությունը, գրչի ձայնը։ Այդ ժամանակ էլ արցախերենով կազմակերպվեց երեկոն, ու սպասվածից շատ մարդիկ հավաքվեցին։

Երեկոն բարբառային էր, հիմնված իմ հեղինակային ստեղծագործությունների, երգերի վրա։ Մենք վերապրում էինք Արցախի վերջին օրերը, ցավում և ժպտում միասին։ Առաջնախաղից հետո երկար ժամանակ հանդիսատեսը պահանջում էր շարունակություն ու սպասում մեզ։ Հենց այդ ժամանակ էլ հավաքվեցինք ընկերներով ու միասնական որոշում կայացրեցինք` շարունակել մեր երեկոները, ստեղծել Պրոդաքշըն, որը կլինի գրականության և արվեստի միաձուլում։

Մենք 3 աթոռակով ենք սկսել, ու ոչինչ չունեինք։ Կար միայն միտքը և ընկերներիս` ինձ թև տալը։ Ու քանի որ առաջնախաղն մենք անվանել ենք հենց ԲիդաՏօն, կարևոր էր պահպանել դա։ Այդպես էլ կոչվեցինք ԲիդաՏօն Պրոդաքշըն։ Հիմնադիրը ես եմ, այո, բայց ամեն մի դերասան ինձնից ոչնչով չի տարբերվում։

Մենք ստեղծել ենք մի փոքրիկ տուն, որտեղ ամեն մեկս մեր արվեստն ու հոգին ենք բացում հանդիսատեսի առաջ։ Արցախյան բարբառով թատերականացված երեկոներ, որտեղ ամեն ինչ խոսում է արցախցու վերապրածի, կորցրածի, արժեքների, ավանդույթների, սովորույթների, արվեստի և արհեստի մասին, մենք չենք ուզում մոռանալ, թե ո՞վ ենք մենք, և թե որտեղի՞ց մենք եկանք։ Շատ կաևոր է իմանալ արմատներդ, սիրել այն և փոխանցել նոր ծնվող սերունդներին։

Թիմը պատմում է Արցախի մասին, և ներկայացումներից հետո շատերը հուզված մոտենում են և ասում` շնորհակալ ենք․ սա ամենամեծ գնահատականն է, որը մենք սպասում ենք հանդիսատեսից և մենք էլ ենք շնորհակալ։

Մի տարվա ընթացքում թիմը մեծացել է, ես հույս ունեմ, որ սա դեռ սկիզբն է մեծ վերելքների։

Թիմի անդամները բոլորը Արցախից են, եթե նույնիսկ չեն ծնվել Արցախում, ապա արմատներով կապ ունեն Արցախի հետ, ինչպես օրինակ Էվա Ոսկանյանը, ով մեր թիմի երգչուհին է։ Էվան իմ հեղինակային ստեղծագործությունները երգերի է վերածում, ունի նաև իր սեփական երգերի անվերջանալի ցանկը, ես շատ կուզենայի, որ իր հեղինակային երգերը լսլելի դառնան մեր հանրությանը։ Էվան դերասանուհի է, խաղում է Խամաճիկների թատրոնում։ Ամեն անգամ հիանում եմ այդ աղջկա ստեղծած ամեն մի նոտայից։ Երբևէ իմ հեղինակային երգերը նման հուզումնալից ոչ մեկ չէր կատարել։

Սևակ Ջանյան․ Սևակը այն առաջիններից էր, ով ինձ հետ Արցախում մասնակցել էր առաջին հեղինակային երեկոյիս։ Դասական երգիչ է, սովորում է Կոնստերվատորիայում, ու ես վստահ եմ, Սևակին մեծ բարձունքներ են սպասում։ Նրանք, ովքեր լսում են Սևակի ձայնը, հիացմունք դեռ երկար են ապրում։ Սևակը Արցախում պետական երգչխաբմի անդամ է եղել, ցավոք այն հիմա չի գործում։

Ռոբերտ Կարապետյան՝ ևս մեկ տաղանդաշատ դերասան, ով ինձ հետ Արցախում է սկսել իր ճանապարհը։ Մենք Արցախում աշխատում էինք Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում և սովորում էինք միևնույն երաժշտական ուսումնարանում։ Այժմ Ռոբերտը ռեժիսյոր է, և այո, իմ թիմի ռեժիսյորն է, որի համար անչափ երջանիկ եմ։

Մարիաննա Գրիգորյան․ Մարիաննան ևս Արցախի թատրոնի տարիներից է իմ կյանքում հայտնվել, թատրոնն այլևս չի գործում, բայց Մարիաննան անսահման տաղանդավոր դերասանուհի է, ով նաև թիմում որպես ղեկավարի օգնական է աշխատում։ Մարիաննան պատասխանատվությամբ դասակարգում է պրոդաքշընի գործունեությունը, գրաֆիկի, նկարահանումների պատասխանատուն է, և եթե մի օր ներկա չեմ լինում, հանգիստ եմ, որովհետև պատասխանատու թիմ ունեմ, ամեն ինչ համակարգված է։

Աննա Ասծատուրյան․ մեր թիմի տարիքով ամենափոքր դերասանուհին է, կրկին Արցախից։ Աննան միացել է մեզ վերջերս, բայց իր նվիրվածության շնորհիվ, վստահ եմ, մենք երկար ճանապարհ ենք անցնելու։

Եւ իհարկե կան շատ այլ մարդիկ, ովքեր պատասխանատու կերպով աջակցում են և մշտապես մեր կողքին են։ Հատուկ պետք է նշեմ Եվա Հարությունյանին, ով պրոդաքշընի դիզայներն է, ու Գագիկին Մնացակայան, ով մեր վիդեոգրաֆն է։

Յուրաքանչյուր ոք այս թիմում ուղղակի սովորական մեկը չէ, ես բազմիցս եմ նշում` մենք ընտանիք ենք, գաղափարակիցներ և լավ ընկերներ։

Պրոդաքշընը փնտրում է ֆինսանսավորողների, հովանավորների, ցավոք դեռ չի հաջողվել գտնել այդ օգնող ձեռքին, բոլոր ներկայացումների հետ կապված ծախսերը հոգում եմ ես` որպես հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ Ամեն ինչ կազմակերպվում է կոկիկ, տրամադրվում է բեմը, սրահը, ռեկվիզիտները, բայց որպես ղեկավար՝ պատասխանատուն ես եմ։ Փորձերի համար այժմ հավաքվում են իմ օգնականի` Մարիաննայի տանը, արդեն ներկայացումների համար բեմը գտնում եմ ես։

Ոչ միշտ է հաջողվում բեմ գտնել, կապված թեմատիկայի հետ, բայց մենք չենք հանձնվում։ ԲիդաՏօնը պետք է շարունակի իր գործունեությունը, հովանավոր կգտնվի, թե ոչ՝ մենք հասնելու ենք մեր գաղափարին և նպաատակին։

Եւ ինչպես արդեն ասացի` մենք հիմա պատրաստվում ենք նոր ներկայացման` Երկինք 99։ Սա կրկին իմ հեղինակային ստեղծագորոծությունն է։ Իսկ մինչ այդ, սեպտեմբերին, ունենալու ենք ևս երեք ներկայացում` արցախերենով»։

Արսեն Աղաջանյան

Ռուս սահմանապահները չե՞ն պաշտպանի «Թրամփի ճանապարհը»

Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ի պատասխան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքի։

Նա նշել է, որ Ռուսաստանը արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-22 թվականների եռակողմ համաձայնագրերը, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ համաձայնագրերից դուրս գալու մասին։

Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զերծ է մնացել իր կարծիքից մինչև նախագծի մանրամասների ուսումնասիրությունը, որոնք դեռևս հրապարակված չեն։

Ըստ հայ-ռուսական համաձայնագրի՝ ռուս սահմանապահները տեղակայված են Հայաստանում՝ «ԽՍՀՄ նախկին սահմաններին», այսինքն՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ չկան։ «Թրամփի ճանապարհը» փաստացի կվերացնի հայ-իրանական սահմանը և այն կվերածի հայ-ադրբեջանականի։ Ռուս սահմանապահները իրականում ստիպված չեն լինի պահպանել «Թրամփ ուղին»։

Բաքվում գերիները կրկնակի պատանդ են. հնարավո՞ր է ազատ արձակումը

Բաքվում անօրինական պահվող հայ գերիները լիովին մեկուսացված են, քանի որ Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանում փաստացի կասեցված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Մենք բազմիցս նշել ենք, որ սա քաղաքական հարց է, որ հայ գերիները իրականում ունեն պատանդի կարգավիճակ, քանի որ նրանց ազատ արձակումը կախված է քաղաքական օրակարգի հարցերի լուծումից։ Եվ առաջնային հարցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը գերիների հարցում ստեղծել է նոր լծակ, որը բազմիցս օգտագործել է։ Մեր գնահատմամբ՝ 23 հայերի ազատ արձակումը հնարավոր կլինի բացառապես այս գործընթացի համատեքստում՝ քաղաքական միջոցներով», – ասել է Սահակյանը։

Սահակյանը ընդգծել է, թե հաշվի առնելով, որ «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, այս փուլում գերիների վերադարձի հավանականությունը կարելի է բարձր գնահատել։ Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ գերիների հարցը բարձրացրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ կարվի մարդասիրական ժեստ, և նրանց վերադարձի հարցը կլուծվի փաստաթղթերի ստորագրումից հետո։ Հետևյալ հարցը կարող է մտահոգություն առաջացնել. վերադարձը կլինի՞ փուլային, թե՞ բոլոր 23 բանտարկյալները միանգամից կհայրենադարձվեն։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա փուլային տարբերակի», – ասաց փաստաբանը։

Եթե քաղաքական ուղին ձախողվի, նրանք կհայտնվեն անպաշտպան վիճակում։

«Խաղաղության համաձայնագրում գերիների վերաբերյալ դրույթ չկա, բայց հարցը ներառված է միջպետական դատական ​​հայցերի մեջ։ Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի դատական ​​հայցերից, բանտարկյալների հարցը կմնա չլուծված», – ասաց Սահակյանը։

Բաքվում գտնվող բանտարկյալները կրկնակի պատանդ են դառնում. եթե Ալիևը նրանց օգտագործում է՝ Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելու համար, ապա Հայաստանի կառավարությունը կարող է պատրաստ լինել գերիների հարցը օգտագործել իր կապիտոիլյացիոն գործողությունները արդարացնելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես 2023 թվականի դեկտեմբերին 33 գերիների վերադարձով արդարացվեց Հայաստանի համաձայնությունը Արցախի լիակատար օկուպացիային և ամբողջ բնիկ բնակչության տեղահանմանը։

Ռուսաստանը սահմանափակել է Telegram-ին և WhatsApp-ի զանգերը

«Տեղեկացնում ենք, որ հանցագործների դեմ պայքարի նպատակով, իրավապահ մարմինների նյութերի համաձայն, միջոցներ են ձեռնարկվում արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասնակիորեն սահմանափակելու համար: Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – նշել է Ռոսկոմնադզորը։

Ռոսկոմնադզորը բացատրել է, որ «իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ հարցումների համաձայն», Telegram-ը և WhatsApp-ը (որոնք պատկանում են Meta-ին, որը ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում) դարձել են «հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար»։