Պուտինը միջուկային զորավարժություններ է անցկացնում Թրամփի հետ հանդիպումից առաջ

Բելառուսը և Ռուսաստանը մտնում են «Զապադ-2025» լայնածավալ համատեղ զորավարժությունների նախապատրաստման վերջին փուլ, որոնք, ի թիվս այլ բաների, կներառեն միջուկային զենքի կիրառման սցենարների վարժանքներ։

Այս մասին օգոստոսի 13-ին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի թեման կդառնա զորավարժությունների ծրագրի կարևոր մասը և կհամարվի ռազմավարական զսպման տարր։

Բացի այդ, բելառուսական և ռուսական զինվորականները կվարժեցնեն հայտնի Օրեշնիկ համալիրի օգտագործումը։

Արևմտյան ռազմական վերլուծաբանները կարծում են, որ այս զորավարժությունների շրջանակներում ռուսները կարող է սկսեն պատրաստվել Սուվալկիի միջանցքը գրավելուն կամ Բալթյան երկրներից մեկի վրա հարձակվելուն։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին նման սցենարները ընկալվում են որպես շատ հավանական։

Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Սամվել Կարապետյանը ստեղծում է «Մեր ձևով» շարժումը. դատարանը որոշում կկայացնի օգոստոսի 14-ին

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,  ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։

Երկրորդ. շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝

  • զարգացնել տնտեսությունը,
  • ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար,
  • ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները,
  • վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը,
  • ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը,
  • երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը,
  • պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»։

Վերջապես տվեք նրան այդ անտեր Նոբելյան մրցանակը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի Սպիտակ տան պաշտոնական էջում։

Նիկոլ Փաշինյանը ցուցակում առաջինն է: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիգրեհեն:

«Անիրավ», «տոքսիկ» փոքրամասնություն լինել հայրենիքում՝ սարսափելի ճակատագիր է. «գաղտնի արձանագրություններ»

Սյունիք

Հայկական տեղեկատվական տարածքում տեղի է ունենում հիբրիդային «բանավեճ»՝ Սյունիքի խաղաղ բռնակցմանը Հայաստանի համաձայնության և ազգային իրավունքներից հրաժարվելու վերաբերյալ: Հնչում են «ճիշտ» փաստարկներ, վարդագույն ֆանտազիաներ և ապոկալիպտիկ կանխատեսումներ: Քաղաքական ուժերը մրցում են արմատական գնահատականներով, մինչդեռ Հայաստանի բնակիչները աստիճանաբար հավաքում են իրերը:

Որոշ լրատվամիջոցներ փորձել են Մեղրիի և Կապանի բնակիչներից հարցնել, թե ինչ են մտածում մոտալուտ «խաղաղության և բարգավաճման» մասին: Բնակիչները լռում են, հրապարակայնորեն չեն տագնապում և վարդագույն դրոշներ չեն թափահարում: Նրանք չեն լսում, թե ինչ է իրենց ասում հիբրիդային քարոզչությունը, մտածում և համեմատում են. արդյո՞ք Վաշինգտոնյան գործարքն ունի գաղտնի արձանագրություններ, ինչպես Հայաստանի համար մյուս «փրկարար» փաստաթղթերը՝ Կարսի պայմանագիրը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ի՞նչ անել, եթե Սպիտակ տան գաղտնի արձանագրությունները վերաբերում են լիակատար շրջափակմանը, որին Հայաստանը չի դիմանա, ինչպես Արցախը, 9 ամիս: Ինչո՞ւ են տները հանկարծակի թանկացել Սյունիքի հարավում: Ու՞մ են ուզում սեփականատերերը վաճառել դրանք և ո՞ւր են գնալու հաջորդիվ:

Հովիկ Աղազարյանը նշում է, որ կան որոշ գաղտնի համաձայնագրեր, մասնավորապես՝ Հայաստանում հազարավոր ադրբեջանցիների բնակեցման մասին: Բաքուն հայտարարում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիր չի լինի: Վերլուծաբանները պնդում են, որ «Վաշինգտոնյան թղթի կտորը» անհրաժեշտ էր Փաշինյանի հաղթանակը հաջորդ ընտրություններում ապահովելու համար, և այս թուղթը ոչինչ չի փոխում։

Այն արդեն փոխել է: Հրճվանքի եւ ապոկալիպտիկ կանխատեսումները հայ ժողովրդի բութ անտարբերությունը հասցրել են լուռ փսիխոզի, երբ կայացվում են ինտուիտիվ որոշումներ, որոնք մինչ հիմա թվում էին ոչ ադեկվատ: Սա է Վաշինգտոնյան համաձայնագրերի հիմնական իմաստը՝ մարդկանցից խլել կոլեկտիվ անվտանգության, պետության, միջազգային իրավունքի ապահովության զգացումը և ստիպել որոշումներ կայացնել՝ ոչ թե որպես քաղաքացի, այլ առանձին ընտանիք։

Յուրաքանչյուր ընտանիք կկայացնի իր սեփական որոշումը՝ ապրել կապիտուլացված Հայաստանում՝ որպես անիրավ «փոքրամասնություն», թե՞ լքել իր տունը՝ չկարողանալով դիմանալ գալիք խաղաղությունից ցնծության կրակին: Երկու դեպքում էլ մարդը կորցնում է իրեն, իր կենսագրությունը, արմատներն ու ճուղերը:

«Թերի, անիրավ», «տոքսիկ-թունավոր» փոքրամասնություն լինել հայրենիքում՝ սարսափելի ճակատագիր է. այժմ նման իրավիճակում է հայտնվել Արցախի ժողովուրդը, որին 2020 թվականին նույնպես «փրկիչ խաղաղություն» բերեցին։ Թողնված ճակատագրի ողորմությանը, ամեն կերպ հալածված, կենսագրության «կոշտ դիսկը» հեռացված «քույրեր և եղբայրներ»-ը հայրենիքում բաղվում են կամ ատելության, կամ բռնաբարված արժանապատվությունից խոնարհված աչքերի։

Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը չեն իրականացվի, ասում են շատերը։ Դրանք արդեն իրականացվել են՝ պատասխանում են մյուսները և գլխով ցույց տալիս լուռ հանրային փսիխոզը՝ աղավաղված ճշմարտության, կեղծ հերոսների և վախկոտ «փրկիչների» երկրում։ Դրանք արդեն իրականացվել են, քանի որ մարդիկ այլևս չեն հավատում պետությանը և իրավունքին։

Արցախի ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի “հրաշքով փրկված” Սյունիքի ապագան

Նույն մարդիկ, ովքեր 2019 թվականի օգոստոսին հրճվնում էին Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերով, իսկ պատերազմից հետո ասում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փրկություն էր Ղարաբաղի և 25 հազար հայ զինվորների համար, հիմա հրճվնում են «Սյունիքի փրկության» մասին լուրերից։ Արցախի ճակատագիրը ուղղակիորեն ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի նույն հրաշքով փրկված Սյունիքի ապագան։

Շահվերդյան Սերգեյը իր էջում տեսանյութ է հրապարակել քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին, որտեղ նա Փաշինյանին անվանում է Սյունիքի փրկիչ.

“Վիգեն Ավետիս։ Նա փրկեց Սյունիքը այնպես, ինչպես փրկեց ձեր հրաշալի քանդակները Շուշիի միջազգային քանդակների այգում։ Պատահաբար չգիտե՞ք, թե որտեղ են դրանք հիմա։ Ես գիտեմ, կապվեք ինձ հետ, եթե հետաքրքրված եք։ Ես ձեզ մանրամասներ կպատմեմ։

Ի դեպ, ի՞նչ է կատարվում ձեր կնոջ տան հետ Շուշիում, այն արդեն քանդվե՞լ է, թե՞ մեր հարևաններն են այնտեղ ապրում։

Իսկ ի՞նչ կասեք այն եկեղեցու մասին, որտեղ դուք ամուսնացել եք, այնտեղ ամեն ինչ կարգի՞ն է։

Իսկ ի՞նչ կասեք Արցախի հուշարձանների մասին, որոնց մասին այդ ժամանակ շատ էիք մտահոգված։ Դրանք բոլորը լա՞վ վիճակում են, լա՞վ են պաշտպանված ադրբեջանական իշխանությունների կողմից։ Դուք գո՞հ եք”։

Դուգինը Ալիևին. Մենք ձեզ օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարք եք կնքում ԱՄՆ-ում

«Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը խորը նվաստացում է և Ռուսաստանի քաղաքականության ձախողում Հարավային Կովկասում: Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, և դրա համար պատասխանատուները մնում են անպատիժ: Ժամանակն է ընդունել սխալները և պահանջել արդարություն՝ մեծ տերության կարգավիճակը վերականգնելու համար», – ասել է Ցարգրադի ինստիտուտի տնօրեն, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։

«Անիմաստ է ասել. «Որքա՜ն վատն են նրանք: Ասում էին չէ՞, որ Փաշինյանը Սորոսի լակոտ է, իսկ Ալիևը՝ տականք, որը աշխատում է Էրդողանի համար և դավաճանում է մեր բարեկամությանը»: Սրանք փաստարկներ չեն: Կամ մենք կայսրություն ենք, ինքնիշխան պետություն-քաղաքակրթություն: Կամ մենք արժանի ենք այն ամենին, ինչ տեսանք Վաշինգտոնում, երբ մեր երկու «դաշնակիցները» լիզում էին մեր թշնամու կոշիկները», – գրել է Եվրասիականության գաղափարախոս Դուգինը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 23-ին պարոն Դուգինը գրել էր.

«Եվրասիացիները պաշտպանեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամեն կերպ օգնեցին ռուս-ադրբեջանական երկխոսությանը: Ինչո՞ւ իմաստ ունեն այդպիսի կոշտ արտահայտությունները անմեղ և անկեղծ մարդկանց նկատմամբ (նկատի ունի Բաքվում ձերբակալված ռուս լրագրողների): Ես չեմ հասկանում: Եվ ես շատ տարակուսած եմ: Եվրասիացիները՝ և՛ ռուսները, և՛ ադրբեջանցիները, մշտապես աջակցել են Իլհամ Ալիևին, հարգել են Հեյդար Ալիևի հիշատակը: Ես անձամբ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Ադրբեջանի նախագահի վարչակազմի, պատգամավորների և մտավորականների հետ: Կարծում եք՝ Բաքվին այդքան հե՞շտ հաջողվեց վերադարձնել Ղարաբաղը: Մենք առաջ քաշեցինք ավելի խաղաղ և սահուն անցման նախագիծ, պաշտպանեցինք այն: Բայց երբ պատերազմը սկսվեց, ո՞վ, ձեր կարծիքով, կանգնած էր ադրբեջանական սցենարի հետևում»:

Դուգինը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնում հանդիպումը տեղի է ունեցել Պուտինի հրահրմամբ՝ Փաշինյանի Ալթայ այցից հետո: Եվ Հայաստանի վերացման հետ կապված այս ամբողջ ֆարսը Պուտին-Թրամփ գործարքի մի մասն է. Հայաստանի դիմաց Ռուսաստանը պետք է ստանա ոչ միայն Ուկրաինան, այլև Բալթյան երկրները վերադարձնելու իրավունքը՝ առանց ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կիրառելու։

Ռուսաստանը վաղուց է պատրաստվում վերացնել Հայաստանը՝ գիտակցելով, որ դա անհնար է առանց Արցախի և Հայաստանի հարավի հանձնման։ Հիմա մնացել է միայն մի փոքր քայլ։

Ինչպես գրում է russia-artsakh.ru-ն, Դուգինի օգնականները՝ ամուսիններ Վալերի Կորովինը և Նատալյա Մակեևան, պարգևատրվել են համապատասխանաբար «Հայրենիքին մատուցած ծառայությունների» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով։

Նատալյա Մակեևան 2021 թվականի հոկտեմբերին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ում կայացած կլոր սեղանի ժամանակ քննարկել է ժողովուրդների ինքնորոշումը անհատի անձնական ինքնորոշմամբ փոխարինելու անհրաժեշտությունը։ Տեսեք, թե ինչպես է սա համընկնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կարծիքի հետ, ով, երբ հարցրել են, թե արդյո՞ք Արցախի ժողովուրդը կկարողանա ապրել Ադրբեջանի կազմում, ասել է, որ նրանք պետք է ապրեն երջանիկ «ընտանեկան» կյանքով։ Իբր որ մի կենտրոն է այս թեզերը մշակում՝ հողը, ինքնիշխանությունը, արմատները պետք չնեն՝ ապրեք ընտանեկան կյանքով։

«Ինչպե՞ս են հայերը հիմա իրենց զգում այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերից հետո փոխանցվել են Ադրբեջանին», հարցրեց Մակեևան՝ ակնհայտորեն սպասելով պատասխանի, որ նրանք ապրում են ընտանեկան, անհատական կյանքով։ ԼՂՀ ԱԳՆ խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը նրան ասաց, որ այս տարածքներում մնացածները՝ քաղաքացիական անձանց խեղված մարմիններ են, որոնք չէին կարողացել փախչել, և որոնց մինչ օրս հավաքում էին փրկարարները՝ խաղաղապահների միջնորդությամբ։

Եվ նույն 2021 թվականի դեկտեմբերի 4-ին եվրասիացիների այս սիրուն զույգը կազմակերպեց «Սյունիք-Զանգեզուր միջանցք. տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակում. դրական և բացասական կողմերը» առցանց կոնֆերանս, որը կազմակերպել էր «Կովկաս-Եվրասիա» փորձագիտական ակումբը։

Այսպիսով, պարոն Դուգին, բոլորը գիտեն, թե ով և երբ է կազմակերպել «Արցախը», «Վաշինգտոնը», «Սյունիքը»։

Իրանը «չի կարողանում» պարզել՝ Մեղրիի ճանապարհը կփակի՞ հայ-իրանական միջանցքը

Իրանի խառը արձագանքը Վաշինգտոնյան համաձայնագրերին և հայ-իրանական սահմանի փաստացի անեքսիային  թվում է գործարքին Իրանի մասնակցելու նշան։ Իրանական իստեբլիշմենթի մի մասը սպառնում է ուժով կանխել Մեղրիի ճանապարհը ամերիկացիներին (կամ թուրքերին) հանձնելը, մյուսները, այդ թվում՝ նախագահ Փեզեշքիանը, որը վերջերս այցելել էր օկուպացված Արցախ, վստահեցնում են, որ հայ-իրանական ճանապարհը չի փակվի։ Բաքվում ասում են, որ Փաշինյանին հաջողվել է «հանգստացնել» իրանցիներին, բայց, ըստ երևույթին, խաղը շարունակվում է։ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, չնայած, կարծես, երեկ հայտարարվել էր փոխարտգործնախարար Կոնստանյանի Իրան այցի մասին։ Արաղչին պահանջել է, որ նոր միջանցքը չխոչընդոտի Իրանի հաղորդակցություններին, իսկ Միրզոյանն ասել է, որ Երևանը անպայման հաշվի կառնի Իրանի շահերը։ Փաստորեն, Երևանը այդպես էլ պաշտոնապես չի վստահեցրել, որ իրանա-հայաստանյան սահմանը կմնա բաց, և որ Իրանը կկարողանա ազատորեն մուտք գործել Հայաստան։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդյունքում առաջարկվող նոր տրանսպորտային միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Արաղչին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի կասկածները հայտնելով՝ արտգործնախարարը շեշտել է, որ նոր միջանցքը, որը նախատեսված է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու և Միացյալ Նահանգներին 99 տարվա վարձակալության իրավունք տրամադրելու համար Հայաստանի հարավում այդ երթուղին զարգացնելու համար, չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության կամ Իրանին կտրի այլ երկրներից։

Արաղչին ընդգծել է, որ այս հարցում ցանկացած որոշում կամ միջոց պետք է ընդունվի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը համապատասխան։ Նրա գնահատմամբ՝ միջանցք ստեղծելու ցանկացած համաձայնագիր կամ ծրագիր պետք է համապատասխանի տարածաշրջանի պետությունների կայունության և անվտանգության պահանջներին։

Իր հերթին, Միրզոյանը Արաղչիին տեղեկացրել է Ադրբեջանի հետ իր երկրի խաղաղության պայմանագրի և նոր միջանցքի ստեղծմանն առնչվող վերջին զարգացումների մասին, ընդգծում է Tasnim-ը։

Շեշտելով Իրանի տեսակետների կարևորությունը աշխարհաքաղաքական հարցերի, տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերաբերյալ, նա վստահեցրել է, որ տրանսպորտային երթուղիների վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելիս Երևանը հաշվի կառնի տարածաշրջանային խաղաղությունը և Իրանի փոխադարձ շահերը։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն առաջնահերթություն է տալիս Իրանի հետ իր բարեկամական կապերի պաշտպանությանը, որոնք հիմնված են բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա։

Վարձավճարը 120 հազար դրամ է։ Տանտերը երեկ զանգել է ու մեկ շաբաթ ժամանակ տվել

Բռնատեղահանված արցախցիներն արժանանում են անարդար վերաբերմունքի։ ՀՀ կառավարության կիսատ ու նվաստացնող ծրագրերը վատ են անդրադառնում մարդկանց ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական վիճակի վրա։

Հազարավոր ընտանիքներ ապրում են անորոշության, վախի և տագնապի մեջ։ Մարդիկ, որոնք պատերազմի կրակների տակ կորցրել են ամեն ինչ՝ տունը, հողը, աշխատանքը, հարազատներին, այժմ իրենց իսկ հայրենիքում կանգնած են երկրորդ աղետի առաջ։

Արցախցի երիտասարդ իրավաբան Ժորա Հայրապետյանը, ով պայքարում է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև բոլոր արցախցիների իրավունքների համար, իր վրդովմունքն է հայտնում

-ՀՀ կառավարությունը, որը պատերազմից հետո հայտարարում էր, թե կաջակցի Արցախի ժողովրդին, այսօր իր իսկ որոշումների կատարումը ձգձգում է։ Հաճախակի ուշացնում է իր իսկ ընդունած որոշմամբ ֆինանսական աջակցությունը, այն գումարն է, որով մարդիկ պետք է վճարեն  բնակարանի վարձավճարը, սնունդ ձեռք բերեն, բուժվեն կամ պարզապես գոյատևեն։ Այժմ էլ նոր ծրագրի՝ անապահով խավերին տրվող աջակցության շուրջ են մարդիկ անհանգստացած։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` միասնական սոցիալական ծառայության պատասխանը բոլորին նույնն է՝ Ձեր դիմումը դեռ ստուգման փուլում է, սպասեք, կամ էլ միանգամից մերժում է։ Իրականությունը պարզ է մեզ համար, իսկ սպասելու տեղ չկա։

Բերեմ օրինակներ․ Գոհարի ընտանիքը վարձով է ապրում։ Երեխան դեռ մանկապարտեզ չի գնում, որովհետև մայրն անգամ փող չունի, որ հագուստ գնի։ Հայրը օրավարձով աշխատում էր շինարարությունում, բայց երկու շաբաթ է՝ մնացել է առանց աշխատանք։ Տանտերը վերջնագիր է տվել՝ մինչև շաբաթվա վերջ բնակարանի 80 հազար դրամ վարձավճարը չմուծեն՝ տան իրերը դուրս կշպռտի։ Երեխան արդեն հարցնում է՝ մամ, նոր տանը ես իմ խաղալիքները կունենա՞մ, իսկ մայրը լուռ լաց է լինում, որովհետև գիտի՝ նոր տունը կարող է փողոցը լինել։

Աշոտն ու Լիանան վարձով են ապրում մեկ սենյականոց բնակարանում։ Վարձավճարը 120 հազար դրամ է։ Տանտերը երեկ զանգել է ու մեկ շաբաթ ժամանակ տվել, այլապես՝ տունը ուրիշի կառաջարկի։ Իսկ սոցապ ծառայությունից ստանում են նույն պատասխանը՝ դիմումը ստուգման փուլում է, որը չգիտես ինչու ձգվում է արդեն 3 ամիս:

Սիրանուշը միայնակ մայր է, ունի երկու դպրոցահասակ երեխա։ Չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև բոլոր հնարավոր աշխատանքները մերժվել են։ Պատճառաբանությունը մեկն է՝ փոքր երեխաներ ունես, չես հասցնի։ Երեխաներից ավագը մորն առաջարկում է դպրոց չգնալ, որպեսզի աշխատի ու օգնի մորը։

Ժորան բերում է ընդամենը երեք պատմություն, բայց իրականում նման պատմությունները հարյուրավոր են՝ անլուծելի, դաժան:

Երիտասարդ արցախցին համոզված է, որ  այս իրավիճակը միայն համակարգային անփութության հետևանք չէ, այլ նաև քաղաքական մտածված գիծ։

-Կառավարության կողմից ներկայացվող ծրագրերը, որոնք պիտի լուծեն արցախցիների սոցիալական խնդիրները, իրականում կամ չափազանց կարճաժամկետ են, անիրատեսական, կամ էլ լի են բյուրոկրատական թակարդներով։ Կարճաժամկետ օգնություն է տրվում է մեկ-երկու ամիս, հետո դադարեցվում կամ փոփոխվում է այնպես, որ մարդը չի կարողանում օգտվել։ Բյուրոկրատական խոչնդոտների են հանդիպում, պահանջվող տասնյակ թղթեր, հերթեր, ամիսներ տևող <<ստուգումներ>>, որոնց արդյունքում մարդը մնում է նույն վիճակում։ Ամենախոցելին անտարբեր վերաբերմունքն է, երբ սոցիալական ծառայություններում արցախցուն նայում են որպես բեռի, այլ ոչ թե որպես իր երկրի քաղաքացու։ Կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ սա պարզապես անգործություն չէ։ Ստացվում է, որ այն ժամանակ ձգելու քաղաքականություն է, որի նպատակը պարզ է՝ հուսահատեցնել, հոգնեցնել, մղել արտագաղթի։

Երբ դեռևս բնակարանով չապահովված տեղահանված մարդուն ամիսներով թողնում ես առանց օգնության, նրան մնում է ընդամենը երկու տարբերակ՝ լքել Հայաստանը, կամ հայտնվել փողոցում։ Եթե տրամադրվող աջակցությունը ժամանակին չփոխանցվի և իրական ծրագրեր չգործարկվեն, դա չի կարող մեկնաբանվել որպես տեխնիկական ուշացում։ Դա կլինի պետական կամք՝ հայրենակիցներին փողոցում թողնելու և հայրենազրկման հասցնելու,-ասում է Ժորա Հայրապետյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, ամենաբարդներից է

«Մինչ արցախահայությունը փորձում է իրացնել հայրենիք վերադառնալու իրավունքը, Ադրբեջանը սկսել է զանգվածաբար ավերել արցախցիներին պատկանող գույքը, ընդհուպ մինչև առանձին գյուղերի հիմնահատակ վերացումը: Բոլորը հասկանում են, որ վերադարձը հայրենիք՝ մարդու հիմնարար իրավունքն է, սակայն մինչ այսօր այդ առումով գրեթե առաջընթաց չկա՝ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ իրավունքի մասին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները թերևս շոշափելի արդյունքի չեն հասել», – ասում է Արցախից բռնի տեղահանված Յ. Ալահվերդյանը:

Աղջկա ընտանիքը 2010 թ. վարկի միջոցով բնակարան էր ձեռք բերել Շուշի քաղաքի Նիկոլ Դումանի փողոցում՝ 16 տարի մարման ժամկետով:

«2010 թվականին ձեռք ենք բերել բնակարան, ինչպես ասում էին՝ «հիմնադրամին ռոզվի շենքում», 5 հարկանի շենք էր, մեր բնակարանը հենց 5-րդ հարկում էր, “Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի դիմաց»:

Վերջին անգամ Շուշիյում և իրենց տանը եղել են հոկտեմբերին, 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մի քանի ամիս հետո արդեն իմացան, որ իրենց տներն այլևս չկան․

«2020 թվականի հոկտեմբերի 1-ին ենք դուրս եկել, իսկ հայրս մինչ հոկտեմբերի վերջ դեռ գնում գալիս էր մեր տուն: Ես նաև սովորում էի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: 2021 թ. մարտի 8-ին համացանցից իմացանք, որ մեր շենքը ավերվել է, այսպես ասած մեր մարտի 8-ի «նվերն էր»:

Ինչպես շատ ընտանիքներ, նրանք ևս սպասում են վերադարձին և հույս ունեն, որ մի օր դա կլինի, չնայած տեսնելով, թե ինչպես են ամեն օր ադրբեջանցիները ավերրւմ Արցախը, հույսը մարում է:

«Ով փորձում է լրջորեն զբաղվել այս հարցով, այդքան ներուժ չունեն: Տները մի կողմ դրած, բա մշակութային արժեքներ ներկայացնող հուշարձաննե՞րը: Շատ ցավալի իրավիճակ է»։

Ալվարդ Գրիգորյան

Խմբ․ Անգամ 2020 թվականին Արցախում կորցրած տների և այլ անշարժ գույքի համար փոխհատուցում չի տրամադրվել։ Այդ ժամանակ օկուպացված տարածքների տների մասնակի գույքագրում է անցկացվել, և մարդիկ ընտրության առաջ են կանգնել՝ ձեռք բերել նոր բնակարաններ Արցախի մնացած մասում կամ Հայաստանում՝ ստացված վկայականով։ 2020 թվականին իրենց բնակարանները կորցրածներից միայն մի մասն է կարողացել հետագայում բնակարան ձեռք բերել։ Նրանք էլ ստիպված են եղել լքել Արցախը 2023 թվականին՝ ցեղասպանության սպառնալիքի տակ։ 2023 թվականից հետո փոխհատուցման մասին ընդհանրապես խոսք չի եղել. կորցրած գույքի գնահատման գործընթաց չի եղել, և բնակվարձի փոխհատուցման պետական աջակցությունը տրամադրվում է ոչ թե կորցրած բնակարանի, այլ ընտանիքի անդամների թվի համաձայն։

Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, մնում է ամենաբարդներից մեկը և ոչ մի փաստաթղթում չի արծարծվում։

Ուսուցիչ դառնալու եւ հողին վերադառնալու իմ մղումները. Մարիամ Սարգսյան

Հեռավոր 2018 թվականն էր, երբ Արցախի Նոր Շեն համայնքում կյանքն ակտիվացավ Արայի շնորհիվ։ Երիտասարդը՝ անընդհատ նոր գաղափարներով էր հանդես գալիս եւ դարձել էր գյուղի լիիրավ անդամ, ով եւ փոքրիկ, եւ մեծ փոփոխություններ էր անում գյուղում։

Արա Հարությունյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործուղված ուսուցիչ-առաջնորդ էր։ Արայի կերպարը շատ ոգեւորիչ էր, Հովիկը (այն ժամանակ նշանածս) առաջարկեց, որ մենք էլ միանանք նախագծին եւ մի հեռու գյուղում էլ մենք դասավանդենք։ Չհամարձակվեցի, ռիսկային որոշումներն այդ ժամանակ ինձ համար չէին, չէի պատկերացնում, որ կարող եմ իմ տնից երկու տարի հեռու լինել։

Տարիներն անցնում էին, զգում էի, որ ուսուցիչ դառնալու ու գյուղում ապրելու միտքը Հովիկին հանգիստ չի տալիս։ Տեղահանությունից հետո, այս գարնանը, գովազդային մի նկար՝ նարնջագույն պայուսակի տեսքով, գրավեց իմ ուշադրությունը։ Հղումը սեղմեցի եւ բացվեց «Դասավանդի՛ր»-ի էջը, հավաքագրման վերջին փուլն էր։

2025 թ․ սեպտեմբերին պիտի ուսուցիչ-առաջնորդների հերթական խումբը մեկնի՝ կրթության լույսը տարածելու։ Այս տարվա կարգախոսը՝ «Խիզախի՛ր»։ Այդ պահին այնքան անձնական էր հնչում այդ պատգամը, կարծես նկարի տղան հենց ինձ էր ասում՝ «խիզախիր, նիրհած ցանկություններդ իրականացնելու ժամանակն է»։

Այս անգամ արդեն ես գրանցվեցի եւ Հովիկին առաջարկեցի գնանք հանդիպմանը։

«Դասավանդի՛ր»-ի գրասենյակում շփոթված դեմքեր էին, այդ հավաքն էլ հատուկ արցախցիների համար էր։ Հանդիպումն ու միտքը սպեղանի էին այդ օրերին։ Ծննդավայր, հողակտոր, տուն, գյուղ, համայնք կորցնելուց հետո գյուղում ուսուցիչ լինելը միակ սփոփանքը կարող էր լինել, եւ այդ միտքը ստիպեց ինձ քայլել առաջ՝ Երեւանի փոշուց, աղմուկից, իմ սեփական կյանքի բացառումից կիլոմետրերով փախչելու համար։

Ծանր ու թեթեւ անելու ոչինչ չկար, համեմատության նժարները շատ անհավասար էին։ Արդեն 4 ամիս է, անցնում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընտրական փուլերը եւ շատ շուտով տեղափոխվելու ենք մարզ։

Այս փուլերից մեկը կոչվում է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա, որի ընթացքում սովորում ենք տարբեր ու կարեւոր ուղղություններ՝ ուղիղ հրահանգումով դասընթացի վարում, փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն եւ սոցիալ-հուզական ուսումնառություն։

Անընդհատ համեմատում եմ իմ տարիների ուսումն ու այն, ինչ ստանալու են մեր աշակերտները, եւ հասկանում, թե որքան երջանիկ են իրենք։ Այս կետերը, իսկապես, շատ կարեւոր են, բայց մի բան, որ շատ կարեւորեցի այս ընթացքում՝ նույնիսկ տարրական դասարաններից սեփական հույզերը ընկալելն ու ցանկությունները կառավարելն է։

Մեր ժամանակ դպրոցում չէին ասում, որ մեր հույզերը կարեւոր են, որ անդադար պետք է փորձել ու չվախենալ ձախողումներից, սխալվելուց, որ պետք չէ հուսահատվել մի քանի փորձից հետո եւ, որ ոչ ոք մեր փոխարեն չի անցնի մեզ համար նախատեսված ճանապարհը։ Գուցե, եթե այս ամենը սովորեցնեին՝ ավելի կայուն ներկա կունենայինք եւ ամեն անգամ խնդրի հանդիպելիս չէինք խեղճանա․․․

Մի քանի օր առաջ ես ու ամուսինս իմացանք, թե որտեղ ենք գործուղվել եւ մեր առաջիկա երկու տարին որտեղ ենք ապրելու, իսկ այս մասին՝ առաջիկա իմ նոթագրության մեջ։

Մարիամ Սարգսյան

Արցախի ԱԺ հայտարարությունը Վաշինգտոնյան բանակցությունների կապակցությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ արժանվույնս է գնահատվել Արցախի ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից:

Տարիների ընթացքում և հետևողական ու համբերատար աշխատանքի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման մի բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Մինչև 2020թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում և այն իրականացվելու է վերոնշյալ սկզբունքների հիման վրա:

Ամեն ինչ փլուզվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով, իսկ դրա դատապարտաման բացակայությունը հանգեցրեց ավելի մեծ ողբերգության, երբ հազարամյա հայկական Արցախի 150 հազար բնակչությունը, ցեղասպանվելու սպառնալիքի տակ, տեղահանվեց իր հայրենիքից և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում:

Ակնկալվում էր, որ գոնե այդ մեծ արհավիրքից հետո միջազգային ազդեցիկ կենտրոնները և, իհարկե, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտավոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և նույնիսկ, փաստացի քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը, անտեսեցին Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:

Խաղաղության և կայուն զարգացման նշանակությունը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրավունքների պաշտպանության համար անցել է բազում զրկանքների ու զոհողությունների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մոտ տասը ամսվա համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

Հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում և առաջիկայում խորը հիասթափության առիթ է դառնալու իրական խաղաղությամբ շահագրգիռ դերակատարների համար:

Համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.

– Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,

– Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,

– Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը, որոնք հանգեցնում են Բաքվի բանտերում նրանց իրավունքների ոտնահարման և անօրեն դատական գործընթացների:

Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին և վերահաստատում է իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա»։

Խոսում են ուկրաինական ճակատում ճեղքման մասին

Դոնեցկի մարզի Դոբրոպոլյա շրջանում ռուսական զորքերը մեծացրել են ակտիվությունը՝ օգտագործելով անընդհատ հարձակումների մարտավարությունը՝ կուտակելով կենդանի ուժ։

Պոկրովսկից հյուսիս ռուսական ուժերի վերջին առաջխաղացումը լայնածավալ հարձակում չէր, այլ նոր մարտավարության կիրառում, որը թույլ է տալիս օկուպանտներին խորը ներթափանցել Ուկրաինայի պաշտպանության մեջ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ «Վաե Վիկտիս» հեռուստաալիքի՝ որոշ հատվածներում առաջնագիծն իր սովորական տեսքով գործնականում անհետացել է. կողմերի դիրքերը խառն են, իսկ ռուսական խմբավորումները կիլոմետրերով խորացել են Ուկրաինայի պաշտպանության մեջ։

Ռուսները օգտագործում են քողարկող ջերմամեկուսիչ պոնչոներ, որոնք սառեցնում են դրանք՝ ջերմային տեսանելիությունը նվազեցնելու համար, և գիշերը շարժվում են զույգերով։ Նրանց երթուղին հսկում է սպան անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ վտանգի դեպքում մարտիկները պառկում են գետնին և ծածկվում պոնչոներով։ Նրանց հայտնաբերելը բնակեցված վայրերում և անտառներում չափազանց դժվար է։ Հասնելով ցանկալի կետին՝ նրանք դարանակալումներ են կազմակերպում, որից հետո նոր խմբեր են դուրս գալիս հետախուզված երթուղով։

ISW՝ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբանները բարձրաձայնել են Դոբրոպիոյայի շրջանում ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, ISW-ի գնահատականների համաձայն, ռուսական ուժերը, հավանաբար, վերջերս գրավել են Ռազինոն, Սուխեցկոյեն, Ֆեդորովկան, Զատիշոկը, Բոյկովկան, Նովոտորեցկեն, Զապովեդնոյեն, Մայակը և Պանկովկան։

Պոկրովսկի տարածքում հաջորդ մի քանի օրերը, հավանաբար, կարևոր կլինեն Ուկրաինայի՝ Պոկրովսկից հյուսիս և հյուսիս-արևմուտք Ռուսաստանի արագացված առաջխաղացումը կանխելու կարողության համար։ Ռուսաստանը, հավանաբար, կենտրոնացած է Դոբրոոիլյայի ուղղությամբ առաջխաղացման վրա՝ օգոստոսի 15-ին կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ տեղեկատվական պայմաններ ստեղծելու համար։ ISW-ն շարունակում է գնահատել, որ Պուտինը փորձում է Ռուսաստանի կողմից Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավումը ներկայացնել որպես անխուսափելի՝ Ուկրաինային և Արևմուտքին դրդելու համար հանձնվել Կրեմլի պահանջներին։