Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։
Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։

 

Երևանն ու Բաքուն հրապարակեցին խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը

Երևանն ու Բաքուն այսօր հրապարակեցին խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, դրա հայերեն տարբերակը տեղադրվեց Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը։

 

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին

 

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),

գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով,

առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն և միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.

ՀՈԴՎԱԾ I

Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

ՀՈԴՎԱԾ II

Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:

Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։

ՀՈԴՎԱԾ III

Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։

ՀՈԴՎԱԾ IV

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

ՀՈԴՎԱԾ V

Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական ​​և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. և 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ VI

Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VII

Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VIII

Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ IX

Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։

ՀՈԴՎԱԾ X

Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՀՈԴՎԱԾ XI

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր և որևէ երրորդ կողմի միջև գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ XII

Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:

Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969թ.) կոնվենցիային համապապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչև դրա ուժի մեջ մտնելը։

ՀՈԴՎԱԾ XIII

Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը և կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։

ՀՈԴՎԱԾ XIV

Չհակասելով միջազգային իրավունքով և Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե ​​նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։

ՀՈԴՎԱԾ XV

Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:

ՀՈԴՎԱԾ XVI

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ​​ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ XVII

Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որևէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Արցախյան թատրոնի անորոշ ճակատագիրը Հայաստանում

2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո արցախյան մշակութային կառույցները, այդ թվում՝ թատրոնները, կանգնեցին գոյության լուրջ մարտահրավերների առաջ։ Արցախում գործող հիմնական թատերախմբերից մեկը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շուրջ մեկ դար եղել է արցախյան մշակույթի, լեզվի և ինքնության պահպանման առանցքային օջախը։ Սակայն արդեն երկրորդ տարին է՝ այն Հայաստանում գրեթե չի գործում։

2020-ի պատերազմից հետո Արցախում թատրոնն իր բազմակողմանի առաքելությամբ ծառայում էր ոչ միայն հանրության հոգեբանական վերականգնմանը, այլև ազգային ինքնության ամրապնդմանը։ Սակայն այսօր այն կանգնած է տարածքային, ֆինանսական և հանրային աջակցման լրջագույն խնդիրների առաջ։ ՀՀ պետական կառույցները որևէ համակարգային աջակցություն չեն ապահովել արցախյան թատրոնի շարունակական գործունեության համար, իսկ սփյուռքի և բարեգործական աղբյուրների ներուժը սահմանափակ է։

Արցախյան թատրոնի ներկայիս իրավիճակի մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբի վերջերս նախաձեռնած հարցումը նպատակ ուներ հասկանալու՝ իսկ ի՞նչ են մտածում հենց Արցախից բռնի տեղահանվածներն արցախյան թատրոնների ապագայի վերաբերյալ: Հարցմանը մասնակից 1600-ից ավել մարդիկ մեծ մասամբ նշել են, որ կուզեին Արցախի թատրոնները հնարավորություն ունենային շարունակելու իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Ահա ամփոփ տվյալները.

65% – Կուզեին, որ թատրոնը գործի Հայաստանում և ներկայացնի Արցախի մշակույթը։

7% – Կուզեին, բայց միայն որպես շրջիկ թատրոն։

22% – Կարծում են, որ այն չպետք է շարունակի գործունեությունն Արցախից դուրս։

6%-ն էլ ունի տարբերվող կարծիք և այն ներկայացրել է մեկնաբանություններում: Սակայն մեկնաբանությունների ոճից և լեզվական առանձնահատկություններից հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե բռնի տեղահանվածների կարծիքներն են, այլ ՀՀ այլ քաղաքացիների, ովքեր այդքան էլ հակված չեն, որ արցախյան թատրոնները շարունակեն գործել ՀՀ-ում:

Հարցման մեկնաբանությունները բացահայտում են հասարակական լարվածություն և խտրական վերաբերմունք Արցախի բռնի տեղահնաված բնակչության նկատմամբ։ Որոշ օգտատերեր թատրոնի գործունեության հնարավոր շարունակումը կապում են «կլանային» մոտեցումների հետ, մերժում են առանձին մշակութային ինքնության դրսևորումները կամ պնդում, որ արցախցիները պետք է «լիովին ինտեգրվեն» Հայաստանի մշակութային դաշտին՝ հրաժարվելով իրենց առանձնահատկություններից։

Մեկնաբանություններում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական հնչերանգ․
1. Մշակութային միատարրության պահանջ – կարծիք, թե Արցախի թատրոնը պետք է լուծարվի կամ ամբողջությամբ ձուլվի հայկական հիմնական մշակույթի մեջ։
2. Քաղաքական և սոցիալական կասկածներ – թատրոնը ներկայացվում է որպես «կլանային կառույց» կամ «ռուսական ազդեցության օջախ»։
3. Արժևորում և աջակցություն – փոքրաթիվ, բայց կարևոր ձայներ, որոնք ընդգծում են մշակութային ժառանգության պահպանման և վերադարձի պահանջատիրության նշանակությունը։

Այս մեկնաբանությունները վկայում են, որ խնդիրը միայն պետական աջակցությունը չէ։ Այն նաև սոցիալական և ինքնության հարց է՝ կապված տեղահանվածների հանդեպ ընկալումների և վերաբերմունքի հետ։

Այս պայմաններում կարելի է դիտարկել մի քանի սցենար․

1. Լիարժեք մշտական գործունեություն Հայաստանում, որը պահանջում է պետական աջակցություն և կայուն ֆինանսավորում։ Կարող է ծառայել որպես արցախյան մշակույթի պահպանում և ներկայացում ամբողջ հանրապետությունում։

2. Շրջիկ ձևաչափ – թատրոնը կարող է շրջել Հայաստանի համայնքներով և սփյուռքում՝ ներկայացնելով Արցախի ժառանգությունը և լեզուն։ Սա պահանջում է ավելի քիչ մշտական ենթակառուցվածք, բայց մշտական կազմակերպչական ռեսուրսներ։

3. Մշակութային ժառանգության պահոց և արխիվ – թատրոնը կարող է վերածվել մշակութային կենտրոնի կամ արխիվի, որը կպահպանի և կվավերագրի արցախյան բեմական արվեստի պատմությունն ու ժառանգությունը։

Արցախյան թատերախմբերի մշուշոտ ապագան, ըստ նախորդած հոդվածի և ըստ դրա անցկացված հարցման արդյունքների, միայն ֆինանսավորման մասին չէ, այլև հանրային աջակցության և մշակութային ուշադրության պակասի, ինչը հանգեցնում է թատրոնների գործունեության անհնարինությանը:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ

ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը սպառնալիք է հայ ժողովրդի` իր բնօրրանում ապրելու իրավունքի դեմ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
Օգոստոսի 8-ին` բնիկ ժողովուրդների միջազգային օրվա (ինչպես նաև օգոստոսի 10-ին` Սևրի դաշնագրի օրվա) նախօրեին, Վաշինգտոնում ստորագրված հակահայկական բնույթ ունեցող փաստաթուղթը հարված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականությանը, անվտանգային համակարգին և ազգային ինքնիշխանությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը և միջազգային իրավունքի ոտնահարմանը։
Փաստաթուղթը, իր բովանդակությամբ և ընկալումներով, իրականում դառնում է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության լեգիտիմացման գործիք՝ «կանաչ լույս» տալով Բաքվի ֆաշիստական և ավտորիտար վարչախմբին՝ շարունակելու իր համակարգված և հետևողական մշակութային ցեղասպանությունը Արցախի՝ դարավոր հայկական պատմամշակութային ժառանգության դեմ։
Այդ գործողությունները ոչ միայն հանցագործություն են համաշխարհային քաղաքակրթության դեմ, այլև ուղիղ ոտնձգություն են հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ։
Վաշինգտոնյան այս խայտառակ փաստաթուղթը միջազգային իրավական և բարոյական պարտավորությունների բացահայտ խախտում է, որն օրինականացնում է Ադրբեջանի կողմից իրագործվող հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության հանցավոր անտարբերության կամ կեղծ չեզոքության դրսևորում՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով Բաքվին ազատորեն և անպատժելիորեն վերաձևել իրականությունը՝ ըստ իր ցեղասպան տրամաբանության։
Սույն փաստաթուղթը սպառնալիք է հայ ժողովրդի` իր բնօրրանում ապրելու իրավունքի դեմ և միակողմանի զիջում, ընդհուպ մինչև թշնամու թելադրանքով նոր Սահմանադրության ընդունում, որտեղ այլևս խոսք չի լինի Արցախի ու Հայ Դատի համար պայքարելու մեր իրավունքների մասին։
Սա բացում է մի նոր «դուռ»` թշնամու ցեղասպան քաղաքականության շարունակության համար։
Այսպիսի փաստաթուղթը, բնականաբար չէր կարող պարունակել դրույթներ ոչ գերիների վերադարձի և ոչ էլ բռնի տեղահանված արցախցիների` իրենց բնօրրան վերադարձի մասին։
Հետևաբար, օգոստոսի 8-ին ընդունված այս փաստաթուղթը ոչ միայն հայ ժողովրդի ազգային շահերից որևէ կետ չի արտացոլում, այլև ուղիղ սպառնալիք է մեր պետականության գոյությանն առհասարակ։

Պուտինը պատրաստակամություն հայտնեց օգնել, սակայն ըստ 2020-2022 թթ․ «եռակողմ համաձայնագրերին»

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, իր հերթին հայտնում է Կրեմլը։

«Վլադիմիր Պուտինը, իր հերթին, խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։

Փաշինյանը Պուտինին մանրամասն տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին: Ռուսաստանի նախագահը նաև նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը:

Փաշինյանի հետ զրույցում Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման եռակողմ համաձայնագրերի կնքմանը նպաստելու վերաբերյալ։ Առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրային և ներդրումային համագործակցության և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության զարգացման վրա։

Ալիևն ասում է մի բան, իսկ Փաշինյանը Իրանին ՝ մեկ այլ բան

Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ «Փաշինյանւն հաջողվել է հանգստացնել Իրանի ղեկավարությանը»։ Իրանի նախագահի հետ բանակցություններում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Մեղրիի ճանապարհը Թուրքիային հանձնելուց հետո Իրանը որևէ խնդիր չի ունենա։ Ավելին, Փաշինյանի հետ հեռախոսազրույցից առաջ էլ Փեշեշքիանը և նրա արտգործնախարարը հայտարարել են, որ լրագրողները ամեն ինչ չափազանցրել են, ոչ մի միջանցք չի լինի, կլինի ճանապարհ Հայաստանի իրավասության ներքո, և Իրանից դեպի Եվրոպա տանող ճանապարհը Հայաստանով չի փակվի։

Սա տարօրինակ է, քանի որ Ալիևն իր երկրում ասում է, որ «Զանգեզուրի միջանցքը» դարձել է իրականություն, և պարզ չէ, թե ում պետք է հավատա Իրանը՝ Ալիևին, թե Փաշինյանին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը անսպասելի ողջունել է ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթը՝ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» վերաբերյալ. ոչ մի բողոք, ամեն ինչ կարգին է։

Ինքը՝ Թրամփը, մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը խաղաղության պայմանագիր չէ, այլ փաստաթուղթ, որը պարտադիր չէ կատարման համար։ Բացի այդ, երբ նրան հարցրել են, թե ինչ կլինի, եթե կողմերից մեկը խախտի ստորագրված փաստաթուղթը, նա ասել է՝ զանգահարեք ինձ, ես կկարգավորեմ։ Այսինքն՝ չեն լինի ամերիկյան ուժեր, որոնք կոչված կլինեն հետևել ձեռք բերված համաձայնությունների պահպանությանը։ Ամեն ինչ կախված կլինի Թրամփից, և հայտնի չէ, թե ինչ կլինի, եթե Թրամփը հանկարծ դատվի Էփշտեյնի գործով։ Այդ դեպքում ո՞ւմ զանգահարել։

Այս բոլոր անհամապատասխանություններն ու օդում կրակոցները նման են մեծ բլեֆի, քանի որ պարզ չէ, թե ինչ մեխանիզմներ կլինեն համաձայնագրերի իրականացման համար։ Բավական է հիշեցնել մի պարզ հարց. եթե հայ-իրանական սահմանի երկայնքով կա ճանապարհ, որը չի վերահսկվում Հայաստանի կողմից, ինչպես ասում է Ալիևը, ապա ինչպե՞ս են իրականացվելու Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները։ Արդյո՞ք ամերիկյան ընկերությունը կթույլատրի իրանական բեռնատարներին անցնել արտոնյալ հիմունքներով՝ առանց ստուգման, թե՞ կփորվի մեծ թունել ճանապարհի տակ։ Կամ գուցե Բաքուն կբացի Նախիջևանի ճանապարհը հատուկ իրանցիների համար։ Հնարավոր է՝ Էրդողանն ու Ալիևը Փեզեշքիանին վստահեցրել են օկուպացված Ստեփանակերտում, որ Նախիջևանը կբացվի, բայց միայն իրանցիների համար։

Ոչ ոք չի կարող պատասխանել այս և այլ հարցերի. հիմա գլխավորը՝ վեկտոր սահմանելն է, հետագա զարգացման համար պարադիգմա՝ մենք գնում ենք առճակատման և պաշտպանելու մեր իրավունքները, թե՞ միակողմանի զիջումների՝ հանուն խաղաղության։ Դրանից կախված կլինի Հայաստանում ապագա ընտրությունների արդյունքը, որոնք, ի դեպ, կարող են վերջինը լինել Հայաստանում։

Ցմահ կառավարման միտումը Թրամփի թեթև ձեռքով դառնում է նորմա։ Հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հարցրեց Ալիևին. «Քանի՞ տարի եք կառավարում ձեր երկիրը»։ Ալիևը պատասխանեց՝ 22։ «Օ՜, եթե այդքան երկար եք կառավարում, ուրեմն ուժեղ առաջնորդ եք», – ասաց Թրամփը։

Այսպիսով, Փաշինյանը ստացավ քարտ-բլանշ՝ ընտրվելու համար, որին կհաջորդի Սահմանադրության փոփոխությունը և ցմահ կառավարումը։

Սրանց խաղաղությունը նույնն է, ինչ ժողովրդավարությունը։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հայաստանի որոշ շրջաններում գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ օգոստոսի 12-ի երեկոյան հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով։ Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից, Երևանում երեկոյան որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը կեսօրին՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+26,

Լոռի՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+26,

Տավուշ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+34,

Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

Արմավիր՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+29:

Իրանը պնդում է, որ “միջանցքը” չի փակի հայ-իրանական ճանապարհը

«Այս միջանցքը (Հայաստանի տարածքով – խմբ․) այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։

«Արաղչին վերջերս այս հարցի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որոշվել է, որ նրանք դա կքննարկեն։ Այս հարցում նկատվում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, կապի հաստատում Եվրոպայի հետ, այլ ոչ թե դրա փակումը հյուսիսից, ինչպես ցանկանում էր ռեժիմը (Իսրայել – խմբ․)։
Միակ մտահոգությունն այն է, որ այս ճանապարհը ցանկանում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերություններ», – նշել է Փեզեշքիանը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով  Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել է․

«Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիակատար ինքնիշխանություն պահպանեն իրենց տարածքների նկատմամբ և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանցում որևէ փոփոխություն։ Հայաստանի և Ադրբեջանի  համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ընդդիմություն սահմանների ցանկացած փոփոխությանը ։ Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում»։

Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։

Մինչ այլ Իրանի պաշտոնյաները բավականին բացասական են արտահայտվել “միջանցքի”մասին, հայտարարելով, որ այն անընդունելի է։

«Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, և մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳ ղեկավարը։

Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային իր հերթին ասել է, որ «տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի և կազմակերպությունների ներգրավումը․․․ կարող է հանգեցնել լարվածության սրման»։

Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ։ Այս մասին Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ խոսելով Սյունիքով «Թրամփի երթուղու» մասին։

«Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան հարևաններ չկային»,–նշել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը։

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, ժամանակ է պետք հասկանալու համար։ Գործընկերների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է, խոսակցություններ են ընթանում։ Բայց սատանան մանրուքների մեջ է: Առաջիկայում սպասվում է նախագահ Փեզեշքիանի այցը Հայաստան, և դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ փոփոխություններ պետք է սպասել»:

Երեկ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, քանի որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը, կտեղաշարժի սահմանները և նպատակ ունի բաժանել Հայաստանը։

Նա հիշեցրեց, որ երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին այս միջանցքի ստեղծման վրա, գեներալ Բաղերիի հրամանատարությամբ Իրանի զինված ուժերը զորավարժություններ անցկացրեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ ցույց տալով իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը՝ խափանելու այս նախագիծը։

Նա նաև նշել է, որ «Թրամփը միշտ շատ բարձր, բայց դատարկ խոսքեր է ասում» և իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը ցանկանում է վարձակալության տալ հողեր և տարածքներ։

Վելայաթին զգուշացրեց, որ այս ծրագրի իրականացումը կսպառնա տարածաշրջանի անվտանգությանը և Իրանի հյուսիս և հյուսիս-արևմուտք տանող միակ ճանապարհը կդարձնի Թուրքիայի միջոցով։ Իրանը կտրականապես թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն տեղակայվի երկրի հյուսիսային սահմաններում։

Նա նաև ասաց, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության համար առանձին միջանցք անհրաժեշտ չէ. կարող է օգտագործվել Իրանի տարածքը։

 

Բաթումիի առաջնության ոսկե մեդալակիրներից մեկը արցախցի Դավիթ Հովհաննիսյանն է

Օրերս կայացած Բաթումիի միջազգային բաց առաջնությանը Հայատանի ավանդական ուշուի ֆեդերացիան ներկայացել է 26 մարզիկ։

Միջոցառման մասնակիցները մրցում էին ուշուի երկու ոճում` սանդա և թաոլու։ Արդյունքում սանդա ուշուի ոճում Հայաստանի թիմը նվաճեց 9 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզե, իսկ թաոլու ոճում` 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզե մեդալներ։

Առաջնությանը պատվով հանդես է եկել արցախցի մեր հայրենակից Դավիթ Հովհաննիսյանն, ով տանելով բացարձակ հաղթանակ, նվաճեց ոսկե մեդալ։

Ավանդական ուշույով Դավիթը զբաղվում է փոքրուց և արդեն ունի բազմաթիվ մրցանակներ։

Շնորհավորում ենք Դավիթին և առաջնության մյուս մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Արսեն Աղաջանյան

Քանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Սինիրլիօղլուն է. ու՞մ է պետք Մինսկի խումբը

ԵԱՀԿ-ն պատրաստ է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի եռակողմ հռչակագրի դրույթները։ Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սինիրլիօղլուն Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարարն է։

«ԵԱՀԿ-ն հանձնառու է Հայաստանում և Ադրբեջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու բոլոր ջանքերին», – ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Փաշինյան-Թրամփ-Ալիև գործարքի կետերից մեկը Երևանի և Բաքվի համատեղ դիմումն էր ԵԱՀԿ-ին՝ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը չեղյալ համարելու խնդրանքով։ Խումբը նպատակ ուներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ։ Իր փաստաթղթերում ԵԱՀԿ-ն ելնում է 1994 թվականի իրողություններից։

Ֆրանսիան անմիջապես աջակցեց Մինսկի խմբի մանդատը չեղյալ համարելու մտադրությանը։ Ռուսաստանը դա արել էր ավելի վաղ, իսկ Թրամփը, ստորագրելով հռչակագիրը, նույնպես աջակցեց այս որոշմանը։

Հիմա, երբ Երևանն ու Բաքուն խոսում են խաղաղության մասին, 1994 թվականի իրականությանը վերադառնալը ոչ մեկին ձեռնտու չէ։ Հայկական կողմը պետք է խոսեր այս մասին, բայց լռում է։

Թրամփը հայտարարել է, որ Ալիևին կխնդրի ազատ արձակել հայ բանտարկյալներին

Դոնալդ Թրամփը խոստացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել Իլհամ Ալիևին ազատ արձակել հայ գերիներին։

Երկխոսությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը երկկողմ հանդիպման ժամանակ։

Թրամփը հիշատակել է Բաքվում գերի պահվող 23 քրիստոնյա հայերի մասին և ընդգծել, որ ինքը կխնդրի Ալիևին ազատ արձակել նրանց։

«Կարծում եմ՝ նրանք դա կանեն ինձ համար։ Դա կարևոր է, այնպես չէ՞», – դիմել է նա Փաշինյանին։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Թրամփի հայտարարությունը լուրջ քայլ է անվանել և X-ում առաջնորդների երկխոսության տեսանյութի տակ թողած մեկնաբանության մեջ հույս է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարարի ազատ արձակման հարցում։

Գորիսում էլ եմ ջուրը խնայում ու պլան “Բ” մշակում՝ 2023 օգոստոսից հետո

2023 օգոստոսի կեսերին հացի գիշերային հերթերում կանայք շշուկներ էին տարածում, որ ջուր չի լինելու Ստեփանակերտում: Շրջաններում արդեն իսկ չկար: Այդ օրերին Ճարտար գնացող տրասպորտում, որտեղ շնչելու օդ չկար, մի մարդ ասում էր “մի ջուր է մնացել, դա էլ կտրեն` “լոխ լավ” կլինի”:

Նախօրեին ինչ-որ մեկը գրառում էր կատարել Ֆեսյբուքում, որ իբր ադրբեջանցիները կով են հրել-գցել քաղաքը ջուր մատակարարող Կրկժանի ջրամբար: Այդ թաղամասի բնակիչները իջել եկեղեցում էին գիշերում, պարզ չէր` ադրբեջանցիներն արդեն այնտեղ են, թե ոչ:

Ռուսների զրահամեքենան էր միայն բարձրանում այդ թաղամս: Գիշերները բլուրների վրա խարույկներ էին նշմարվում: Կովի լուրը ճիշտ էր, թե ոչ, բայց այլեւս կասկածը չէր թողնում բաժակը ծորակին մոտեցնել (Ստեփանակերտում ծորակից խմում էին բնակիչները):

Զրի պակաս քաղացում արդեն զգացվում էր, Պյատաչոկի երեք պուպլուլակների մոտ քրտնած երեխաներին ու Հայկազովից ոտով տեղ հասած զինվորականներին հերթ էին տալիս մարդիկ:

 

Երեք ծորակներից երկուսը պետք էր ցուցամատերով փակել, որ երրորդից հնարավոր լինի խմել: Շատրվանների ավազանում, որին մեջքով կանգնել էր Ստեփան Շահումյանը` ջուրը կանաչել ու արդեն տհաճ հոտ էր արձակում: Մինչ այդ էլ ես քայլել էի Սարսանգի ջրամբարում, բայց ոչ ինչպես Քրիստոսը՝ ջրի վրա, այլ ճաքեր տված տիղմով: Բոլորը գիտեին, որ ջրի խնդիրը վատ է լինելու հացի խնդրից: “Առանց հաց էլի հնարավոր է, բայց ջուրը…”, ասում էին մարդիկ:

Առավոտյան մեր մուտքում ինչ որ դիահոտ զգացվեց: Ոչ սուրճ, ոչ ջուր չկար: Դե, “պարլուս”: Բաղնիքի հայելում իրար ենք նայում, ապա բացում ծորակը, որը մի քանի կաթիլ ժանգոտած ջուր է թափում ու ինչ որ ձայն զկռտում հետեւից: Չի ստացվում “հարություն առնել” քնից: “Հարեւանին ամիս առաջ են հուղարկավորել, սա ուրիշ հոտ է”, փորձում եմ ինձ համոզել, որ քնից արթնացել եմ: Հացի հերթում անցկացրած գիշերը ավելի էր ծարավացրել: Դուռը բացում, տեսնում եմ հարեւանները դույլերով ու պլաստիկ շշերով իջնում են աստիճաններով: “Դիմացի խանութի նկուղում ջուրը գալիս է”, ասում են նրանք: Խոհանոցից մի պլաստիկ շիշ էլ ես եմ վերցնում ու հետեւում նրանց:

Մինչ այդ արդեն ջրի ֆոբիան տարածվել էր: Այդ օրերին հեծանիվով հաճախ էինք գնում Բալուջա գյուղ, եւ ես “թաքուն պլան” էի մշակել, որ եթե ջուր չլինի` ապա միանգամից Բալուջայի գետ կգնամ: Մի ամերիկացի, ով Ստեփանակերտում էր ապրում, ասում էր, որ ծորակի ջրին չի վստահում, եռացնում ու շշերում պահում էր սառնարանում` դառչինով ու մեխակով համեմելով: Ինչեւէ, ես 1.5 լիտր ջուրը դրեցի խոհանոցում ու ճանապարհվեցի դեպի հիվանդանոցի բակ` իմ “կաֆեն”, գուշակելով, որ ոչ մի գումարի դիմաց սուրճ չի տա այս անգամ սրճի ապարատը: Այդպես էլ եղավ, բայց ես պլան Բ ունեի` դեպի Բալուջա գետ: Հենց այս առավոտյան մարզանքն էլ ինձ էներգիա տվեց ու քնից արթնացրեց:

Բլոկադայի լավ կողմն այն էր, որ բնությունը սկսել էր հաղթել մարդկանց: Առաջվա զագորոդները չկային, պլաստիկ տոպրակներից ու շշերից մաքրվել էին գետափները, պարզվել ու բարակել, այնքան, որ երեխաները փորի վրա պառկում էին ու ջուրը մի կերպ ծածկում էր նրանց: Ես էլ միացա երեխաների լվացքին ու լողին:

 

Քաղաքում եկեղեցու բակում այգեպանը հավաքում էր նարնջագույն խողովակը, կողոսկրերը բաց շները լեզուներն հանած դեսուդեն էին գնում կամ պառկում հովին, իսկ Կարմիր Խաչը ջրի տարաներ էր տեղադրել բակերում: Մեր բակի տարայի պտտուտակը Կարենը հանել էր, որպեսզի երեխաները “վարդավառ” չանեն: Այսպես ամեն առավոտ Կարենից վերցնում էի հարթաշուրթը` բացում ծորակը, վերցնում իմ բաժին 1.5 լիտր ջուրն ու ուղեվորվում նորից դեպի Բալուջա:

Ջրի պակասի վախը մինչեւ այսօր չեմ հաղթահարել: Գորիսի արխերով անցնելիս, դարձյալ “պլան Բ” եմ մշակում մտքում: Եթե հանկարծ… տեսնես այս ջրից կարելի՞ կլինի խմել: Գուցե ինչ որ մետաղե տարա գնեմ, գուցե պետք լինի եռացնել` բակտերիաները սպանելու համար, ինչպես իմ ամերիկացի բարեկամն էր անում: Չնայած Գորիսում ջուրը համարձակ են օգտագործում, գորգեր լվում, բակեր ջրում, քար վոշեր ու փրփուր մի խոսքով, բայց ես տնտեսում եմ: Երեւի ոչ թե էկոլոգիայի, ավելի շուտ՝ գլուխս եկածի համար:

Իմ կյանքում առաջին կոնֆլիկտին ականատես լինելու պատճառը դարձյալ ջուրն էր: Մեր գյուղում մի բասեյնից 6-7 ընտանիք էր լոբին ջրում ու անընդհատ վեճ ու կռիվ էր առաջանում, թե որ օրը ում հերթն է: Տատիկիս տանն ինչ դատարկ տարա կար` ջրով լիքն էր պահում, անգամ այն սովետական էմալապատ բաժակը, որից բոլոն ունեին:

Մարութ Վանյան