ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ օգոստոսի 8-ին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրների տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու նպատակով կայանալիք «պատմական խաղաղության գագաթնաժողովի» համար։ Ամերիկացի առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է հինգշաբթի՝ օգոստոսի 7-ին, Truth Social սոցիալական ցանցում։
Փաշինյանն ու Ալիևը «կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը», – գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի «երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունների համատեղ օգտագործման համար», որոնք կօգնեն բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։
«Շատ առաջնորդներ փորձել են դադարեցնել պատերազմը, բայց ապարդյուն, մինչև հիմա՝ շնորհիվ ԹՐԱՄՓԻ (առաջընթաց է գրանցվել)», – գրել է նա։
«Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ բանակցություններ է վարել երկու կողմերի հետ», – հավելել է ԱՄՆ նախագահը, նշելով, որ «շատ հպարտ է այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ են գործում»։
Factor.am-ի տվյալներով, ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության բուն համաձայնագիրը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրելու են շրջանակային համաձայնագիր, որով արձանագրելու են, որ երկու երկրները շարունակելու են աշխատանքներ տանել խաղաղության հասնելու նպատակով։ Երրորդ փաստաթղթով Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն կստանձնեն, որ ստորագրումից հետո որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և հետագայում փոփոխության կամ հրաժարման ենթակա չեն լինի։

