«Գրանցված է ավելի քան 10 հազար արցախցի երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, հագուստի կարիք»

Ստեփանակերտի թ․ 10 դպրոց, արխիվ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին արցախցի շատ ընտանիքներ հայտնվել են դժվարությունների առաջ եւ սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում լուծել երեխաների հագուստի ու գրենական պիտույքների հարցը։ Մի խումբ արցախցիներ բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ հայտարարելով համահայկական դրամահավաք։

«Եթե նախորդ տարի արցախցիները գոնե աջակցություն էին ստանում, այս տարի ավելի բարդ է, մեզ մոտ ունենք գրանցված ավելի քան 10 հազար երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, պայուսակի ու հագուստի կարիք։ Մենք մեծ ցավով տարածել ենք հայտարարություն, որտեղ նշվում է, որ ծնողները խնդրում են իրենց երեխաներին նվիրել թեկուզ հագած, բայց լավ պահված հագուստ։ Իրենց համար շատ դժվար է օգնություն խնդրել, բայց ծնողը զանգում է, կամ ամուսինն է զոհված, կամ կան երեխաներ, որոնց մայրն է մահացել, երեխաները միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընտանիքները չեն հասցնում։ Դրա համար մենք ընկերներով հայտարարել ենք համահայկական դրամահավաք,ովքեր կկարողանան օգնել, թող օգնեն ինչով կարող են՝ հագած հագուստից սկսած օգնություն ենք հավաքում։ Մեզ համար նախնական չափանիշ ենք սահմանել, որ աջակցենք 1000 երեխայի, նախորդ տարի 2000 երեխայի ենք օգնել։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել այդ արդյունքին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Սայիդա Պողոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների սոցիալական խնդիրները շատ են, հիմնականում բազմազավակ եւ վատառողջ անդամ ունեցող ընտանիքներն են հայտնվել խոցելի վիճակում։ Ըստ Սայիդա Պողոսյանի՝ արցախցի այնպիսի ընտանիք չկա, որը մեկ վատառողջ անդամ չունենա։ Հաշմանդամությունը մի կողմից, մյուս կողմից քաղցկեղով հիվանդների թիվն է մեծ, այլ հիվանդությունները եւս տարածված են։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հենց այս ընտանիքների համար։ Մեր կառավարության անդամները, ովքեր այդպես մեծ-մեծ խոսում են, եթե մեկ օր անցկացնեն իմ հեռախոսազանգերին պատասխանելով, ինձ թվում է՝ չեն դիմանա։  Այնքան խնդիրներով են զանգահարում, որ ես չեմ պատկերացնում այդ խնդիրների լուծումը ոնց է լինելու։ Իհարկե, առաջին լուծումը աշխատատեղերի ստեղծումն է, արժանապատիվ աշխատանք պետք է լինի արցախցիների համար, մեր խնդիրներին սրտացավորեն պետք է լուծում տան։ Մենք չենք հրաժարվում աշխատանքից, արցախցիներն ամեն աշխատանք էլ կատարում են։ Մենք չենք ուզում, որ արցախցիները լքեն Հայաստանը, որովհետեւ քանի արցախցիները Հայաստանում են, Արցախի հարցը կլինի օրակարգում, եւ մեր պահանջն արդար է»,- հավելեց նա։

Սայիդա Պողոսյանը կոչ է անում հայաստանայան հագուստ եւ այլ ապրանքներ արտադրողներին՝ աջակցել խոցելի վիճակում հայտնված արցախցի ընտանիքներին․ «Ովքեր կարող են, թող գոնե մեկ երեխայի աջակցեն, որպեսզի սեպտեմբերի մեկին երեխաների հագուստի ու պայուսակի հարցը լուծվի, չեմ ասում բոլորը, բայց գոնե առաջին դասարանցիներն ունենան նոր հագուստ, կոշիկ ու պայուսակ»։

Ռոզա Հովհաննիսյան

Բա ասում եք՝ Ալիևն է “հաղթել”․ թուրք գեներալին են «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ» անվանում

ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել:

Թուրքական մամուլում առավել տարածվել և խանդավառությամբ է ընդունվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:

Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայված թուրքական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսային տրվել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագույն զինվորական կոչում է Թուրքիայի ցամաքային զորքերում։

Ուշագրավ է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում վերջինս բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:

Թուրքիայում, Ռուսաստանում, Պակիստանում, Իսրայելում բարձրաստիճան զինվորականների են պարգեւատրում՝ Արցախում Հայաստանին “հաղթելու” համար, իսկ ՀՀ իշխանությունները “նախատում են” արցախիներին, որ “չեն կռվել”։  Զինվորականները կարող են “հաղթել” գետնի վրա, բայց նրանք չեն կարող հաղթել իրավունքը՝ այն չի կարող մույնիսկ “նվիրվել”, քանի որ անօտարելի է։  

Եղիշե Մելիքյանը փոխարինեց հոլանդացի Վան’տ Սխիպին. Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի

Երևանի «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականի նոյեմբերը։

Ֆեդերացիայի ղեկավար Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ն որոշել է «փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման վեկտորը»։

«Մենք շնորհակալ ենք Ջոն վան Սխիպին իր աշխատանքի համար։ Այժմ մենք ազգային հավաքականի ղեկավարությունը վստահում ենք հայ մասնագետի, ով ներսից գիտի հայկական ֆուտբոլը՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողից դառնալով մարզիչ, ով երկու անգամ հաղթել է Հայաստանի ակումբային ֆուտբոլի առաջնությունում», – նշել է Մելիքբեկյանը։

Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ջոն վան Սխիպին։

Եղիշե Մելիքյանը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1995 թվականին մայրաքաղաքային “Երևանում”, այնուհետև խաղացել է «Ուրարտու»-ում։ Այնուհետև Մելիքյանը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգ»-ում, «Ստալ»-ում, «Լուգանսկի Զորյա»-ում և «Գովերլայում”՝ ներկայացնելով «Ուժգորոդ»-ը։ 2015 թվականից նա մարզչական կարիերան սկսել է Ուկրաինայում, 2020 թվականին Հայաստանում գլխավորել է Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձել է Հայաստանի չեմպիոն։ Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլը և անցել խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

24 news-ը Մեղրիի ճանապարհի “արտահանձնման “մասին. իսկ ո՞ւր է գլխավոր հարցը

24News-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ժամանակով ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում սպասվող հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի առաջարկություններից։ Ելնելով այդ տեղեկություններից՝  մեր խմբագրությունը հրապարակային հարցեր է ուղղում ՀՀ իշխանություններին։

1․ Արդյո՞ք ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկում է, որ Մեղրիով ձգվող 42 կմ-ոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ։ Արդյո՞ք ընկերության ընտրության համար հայտարարվելու է տենդեր։ Արդյո՞ք այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։

2․ Արդյո՞ք ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։

3․ Արդյո՞ք ճանապարհը ստանալու է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ պայմանագիրը ստորագրվելու է 99 տարով։

4․ Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։

5․ Արդյո՞ք արտապատվիրակված այս կոմունիկացիայից ստացած շահույթի 40%-ը գնալու է ԱՄՆ-ին, 30%-ը՝ Ադրբեջանին և ևս 30%ը՝ Հայաստանին։ Արդյո՞ք հայտարարվելու է, թե շահույթի 10%-ը (դեռ հասկանալի չէ, հայկական կողմի մասնաբաժնից, թե՝ ընդհանուր) ներդրվելու է Մեղրի համայնքում, որի մոտով էլ, ըստ էության, անցնելու է կոմունիկացիան։

6․ Արդյո՞ք ամերիկյան կողմը հայտարարելու, թե Հայաստանում ներդրումներ է անելու ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։

7․ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջարկելու են Դոնալդ Թրամփին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Հարցերի մեջ 24 news-ը չի նշում՝ արդյոք հայ-իրանական սահմանը փակ կմնա 99 տարով, արդյոք տարածաշրջանի մյուս ճանապարհները կբացվեն, և ի՞նչ է լինելու հայկական Սյունիքի հետ։

«Ստեփանակերտի քաղաքապետարանի գործով» երեկ հանվեց խափանման միջոցը

«Ստեփանակերտի գործով» երեկ կայացավ հերթական դատական նիստ։
Ինչպես գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո դատապաշտպանները միջնորդեցին վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։
Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք», գրել է Մելիքյանը։

Օկուպացված Քարվաճառում ականի վրա պայթել է զինվորական մեքենա

Օկուպացված Քարվաճառում ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են Բաքվի լրատվամիջոցները: Զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Թրամփի ժառանգորդը. ընտրություններից առաջ, թե՞ հետո

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը «ամենայն հավանականությամբ» կդառնա առաջիկա ընտրություններում հաջորդ հանրապետական թեկնածուն, լրագրողների հետ զրույցում խոստովանել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ակնհայտ է, որ դեռ վաղ է ասել, բայց նա հիանալի աշխատանք է կատարում և, հավանաբար, այս պահին ֆավորիտն է», – ասել է նա։

Այսպես է Թրամփը պատասխանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, որը Վենսին անվանել էր «հիանալի» թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Թրամփը խոստովանել է, որ Ռուբիոն «գուցե ինչ-որ կերպ համագործակցի Ջ.Դ.-ի հետ»։

Ինչո՞ւ Թրամփը սկսեց խոսել ժառանգորդի մասին։ Վերլուծաբանները սա ընդունեցին որպես ակնարկ, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թվականին։ Սակայն, “Էփշտեյնյան” իրավիճակի ֆոնին, Թրամփի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես Վենսի նախագահության հայտարարություն՝ մինչև Թրամփի ներկայիս ժամկետի ավարտը։

Աճող նշաններ կան Էփշտեյնի գործով Թրամփի ներգրավվածության մասին, որը մեղադրվել էր պեդոֆիլիայի մեջ և մահացել էր ճաղերի հետևում։ Այսօր Քլինթոններին են այս գործով դատարան կանչում։

Մասնագետները չեն բացառում, որ Ռուսաստանի համար «վերջնաժամկետի» կրճատումը 50-ից մինչև 10 օր կարող է պայմանավորված լինել նրանով, որ Թրամփին շուտով կարող են մեղադրանք առաջադրել Էփշտեյնի աղմկահարույց գործով և պաշտոնանկ անել։ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ այս դեպքում նոր ընտրություններ չեն նշանակվում, և փոխնախագահն է կատարում նախագահի պարտականությունները։

Բայց այս ամենում կա մեկ կոնստանտ. Արցախը կարող է լինել միայն հայկական

Թրամփը որոշել է միանգամից կարգավորել մի քանի համաշխարհային հակամարտություններ՝ Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա և Իսրայել-Պաղեստին։ Եթե ոչ կարգավորել, ապա գոնե մի քիչ վայելել փառքը, մինչև Էպշտեյնի գործը օրակարգ մտնի։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախատեսված է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպում, որտեղ հայտարարվել են տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության հաստատմանն ուղղված քայլեր։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 7-ին Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը կմեկնի Պուտինի հետ ևս մեկ հանդիպման, իսկ Իսրայելի Քնեսեթը կարող է թույլտվություն տալ Գազայի լիակատար օկուպացիայի և «մաքրման» համար։ Վերլուծաբանների կարծիքով, Պուտինը կարող է Թրամփին «տալ» «օդային զինադադարի» խոստում, իսկ Համասը կարող է ազատ արձակել մի քանի պատանդների՝ մինչև սեպտեմբերին խոշոր եվրոպական երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։

Հայաստանը դառնում է փորձադաշտ համաշխարհային՝ հակամարտությունների լուծման «արտակարգ» մեթոդները փորձարկելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում, որտեղ որոշում կայացվեց Արցախի լիակատար օկուպացիայի և հայաթափման մասին։ Այդ ժամանակ վերլուծաբանները գրում էին, որ հակամարտությունը լուծելու «այլ ճանապարհ չկա»։

Այս 2 տարիների ընթացքում Արցախի բնիկ բնակչության օկուպացիան, ցեղասպանությունը և տեղահանությունը քաղաքական գնահատական չեն ստացել: Հայաստանի կառավարությունը միացել է համաշխարհային «կոնսենսուսին» և հայտարարել, որ Հայաստանը պահպանելու «այլ ճանապարհ» չկար: Այժմ Հայաստանը կանգնած է Սյունիքը և Իրանի հետ սահմանը կորցնելու սպառնալիքի առջև, ինչը կնշանակի Հայաստանի պետականության կորուստ: Հայաստանը չի հանձնել թեստը և կվճարի դրա համար։

Նման մեթոդի «հաջող փորձարկումը» Հայաստանում անխուսափելիորեն պետք է հանգեցներ դրա կիրառմանը այլ հակամարտություններում: Այժմ Իսրայելը և Միացյալ Նահանգները բացահայտորեն ասում են, որ եթե արաբական բնակչությունը չվտարվի Գազայից, Իսրայելը կարող է «անհետանալ երկրի երեսից»: Արաբական միապետությունները, ոսկե դաշույնները թափահարելով, սրբորեն հավատարիմ են «Աբրահամյան համաձայնագրերին» և հանգիստ սպասում են Իսրայելի փլուզմանը։

Ուկրաինան, հանուն Ալիևի «հաղթանակի», ով մտադիր է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, ուրախանոմ էր Ակնայում ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնի, ապա՝ Արցախի անկման և ռուսների կողմից Արցախից ուկրաինական ճակատ զենքի տեղափոխման կապակցությամբ։ Այժմ ռուսները Ուկրաինայում վարում են ցեղասպանության և «դենացիոնալիզացիայի» քաղաքականություն, և եթե Մոսկվան հանձնի «թեստը», Ուկրաինան իր ներկայիս տեսքով կվերանա։

Բայց այս ամբողջ սցենարում կան մի քանի կոնստանտներ՝ Արցախը կարող է լինել միայն հայկական, Թրամփը հավերժական չէ (նա արդեն սկսել է խոսել ժառանգորդի մասին), Ռուսաստանում և Ուկրաինայում իշխանությունը փոփոխական է, Էրդողանը հիվանդ է, Նեթանյահուն՝ դատավարության մեջ։

Սայլակով սավառնողը

Արդեն 16 տարի է, ինչ սայլակը Արփինեի մշտական ուղեկիցն ու գործնական օգնականն է։

Նա ընդամենը 15 տարեկան էր, երբ սովորական մի օր արթնացավ՝ դպրոց գնալու մտադրությամբ, սակայն հասկացավ, որ ոտքերը թմրած են։ Այդ «թմրածությունը» մինչ օրս չի անցել։

Դեռահաս աղջկա համար հեշտ չէր հարմարվել նոր իրականությանը։ Սակայն մոր աջակցությամբ Արփինեն կարողացավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և վերագտնել իր ինքնությունը՝ նոր կարգավիճակում։

Արփինեն Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից է։ «Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի՝ ինչ անել։ Մայրս հորդորեց մասնակցել միասնական քննություններին։ Թեև գիտեի, որ հեշտ չի լինելու համալսարան հաճախել իմ պայմաններում, դիմեցի։ Ընդունվեցի և չորս տարի ուսում ստացա առկա համակարգում», — հիշում է Արփինեն։

Նա նշում է, որ այն տարիներին Ստեփանակերտը դեռ հարմարեցված չէր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, բայց տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ զգացվում էին։

Ուսումն ավարտելուց հետո Արփինեն աշխատանքի անցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ճկուն մտքի շնորհիվ հասավ հաջողությունների, մասնակցեց գեղեցկության մրցույթի և, ամենակարևորը, հասկացավ, որ շատ դժվարություններ մեր մտքում են ձևավորվում։

«Հիշում եմ հարազատներիցս մեկի խոսքը՝ «հաշմանդամությունը մտքից է գալիս»։ Այդ պահից հասկացա՝ պետք է ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, սիրենք ու հարգենք ինքներս մեզ», — ասում է Արփինեն։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին շատ մարդկանց է օգնել ընդունել իրենց նոր կարգավիճակը։ «Կատակում եմ՝ ես արդեն ստաժավոր եմ, բայց հիմա ավելի շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր իմ խորհրդի կարիքն ունեն։ Պետք է հասկանանք, որ սայլակը կարող է դառնալ մարմնի մի կարևոր մաս», — ժպտում է նա։

2020 թվականի պատերազմը բեկումնային էր Արփինեի համար։ «Եղբայրս հորդորում էր շուտ հեռանալ գյուղից։ Չէի ուզում։ Երկար մնացինք, բայց հետո մտածեցի, որ եթե թուրքերը գան, ես կարող եմ լինել ընտանիքիս կորստի պատճառը։ Հավաքեցի միայն ամենաանհրաժեշտը, և առաջինը՝ համակարգիչս։ Այն պետք է ինձ օգներ գոյատևել», — պատմում է նա։

Պատերազմից հետո, ինչպես ասում է՝ վիրավորված էր Արցախից, որովհետեւ հողի համար տասնամյակներ շարունակ կյանքեր էին զոհաբերվում եւ 2020 թ․ պարտությունից հետո չէր ընկալում՝ ինչպե՞ս կարելի էր այդպես վարվել մեզ պատգամած հաղթանակի հետ։

Արփինեն բլոկադային հետեւում էր Երեւանից։ «Ամաչում էի սնվել, հասկանալով՝ ինչ վիճակ է Արցախում։ Մասնակցում էինք ցույցերի՝ հավատով, որ մի բան կփոխվի», — ասում է նա։

Պատերազմների ու պայթյունների արդյունքում շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն, իսկ Արփինեն վառ օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել նոր իրականությունն ու վերածել այն կյանքի շարունակության, ոչ թե դադարի։

Հայաստանում արդեն գործում է «Անձնական օգնական» ծառայությունը։ Այն պետական կամ համայնքային աջակցությամբ տրամադրվող անձ է, որը օգնում է հաշմանդամություն ունեցող մարդուն՝ իր ամենօրյա գործունեության ընթացքում։

Ծառայությունը նախատեսված է հիմնականում այն անձանց համար, ովքեր առանց ուղեկցողի չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել, կենցաղ վարել կամ մասնակցել հանրային կյանքին։ Օգնականի գործառույթները ներառում են՝

▪ տեղաշարժման աջակցություն,

▪ գնումներ կատարելու օգնություն,

▪ փաստաթղթային հարցերում աջակցություն,

▪ ուղեկցում բժշկական կամ սոցիալական հաստատություններ,

▪ օժանդակություն կրթական կամ աշխատանքային վայրում։

Ծառայությունից կարող են օգտվել հատկապես առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և երեխաները՝ հաշմանդամությամբ։ Արփինեն վստահ է՝ նման քայլերը կարող են զգալիորեն բարելավել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։ Սակայն նրա կարծիքով՝ Երևանում դեռ դժվար է հատկապես տրանսպորտից օգտվելը։

«Առաջին անգամ Եվրոպայում հասկացա, որ մետրոն հասանելի կարող է լինել նաեւ հաշմանադամություն ունեցողներին եւ վերելակով՝ առանց որեւէ մեկի օգնությամբ կարելի է մետրոյից օգտվել»,-ասում է նա եւ հույս հայտնում, որ այսպիսի բարեփոխումները մի օր էլ Հայստանում հասու կլինեն։

Արփինեի պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ սայլակի վրա կարելի է առաջ շարժվել՝ ուժեղ կամքով, հավատով և արժանապատվությամբ։ Հաշմանդամությունը երբեմն ֆիզիկական անկարողություն է, բայց դրա հաղթահարումով հնարավոր է վերագտնել կյանքի լիարժեք արժեքը։

Մարիամ Սարգսյան

Փաշինյանը այցն ԱՄՆ և Թրամփի ու Ալիևի հետ հանդիպումները հաստատվեց

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է․ 
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Իրանում սաստիկ շոգի, նվազող ջրային պաշարների պատճառով փակվել են կառավարական շենքեր ու բանկեր

Իրանում սաստիկ շոգի, դրա արդյունքում նվազող ջրային պաշարների պատճառով իշխանությունները փակել են Թեհրանում և մի քանի այլ նահանգներում գտնվող մի շարք կառավարական շենքեր ու բանկեր։ Կգործեն միայն բժշկական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և որոշ բանկերի մասնաճյուղեր։

Օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, այս շաբաթվա ընթացքում երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50 -ի՝ Ցելսիուսի սանդղակով։

«Տեսանք, թե ովքեր ինչ արեցին արցախցիների համար, ովքեր խանգարեցին, ովքեր օգնեցին»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է իր աշխատանքները։ Առաջիկայում վերսկսելու են մարզային այցելությունները։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։

«Առաջիկայում այց ենք իրականացնելու Գորիս, այնտեղ էլ ենք ստեղծելու օջախներ, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել արցախցիներին ու նրանց խնդիրները վերհանել։ Ամեն մարզում տարբեր խնդիրներ ունեն արցախցիները։ Խորհուրդը զուգահեռ զբաղված է խորհրդի վերակազմավորման հարցով։ Կլինեն մարդիկ, ովքեր կհեռանան խորհրդից եւ կլինեն անդամներ, որոնք կմիանան խորհրդին։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք Արցախի հարցը չենք փակելու եւ հանուն Արցախի կրկին օրակարգ ենք բերելու մեր 12 կետերը եւ շարունակելու ենք աշխատանքներն այդ օրակարգի շուրջ»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ քայլերը դանդաղ են տեղի ունենում, բայց ավելի հստակ են։ Հուլիսի 12-ի ցույցից հետո տարբեր իրավիճակներ եղան, որը նաեւ փորձություն էր խորհրդի համար։ «Տեսանք, թե ովքեր ինչ արեցին արցախցիների համար, ովքեր խանգարեցին, ովքեր օգնեցին։ Եվ այս ժամանակը մեզ պետք էր՝ մարսելու տեղի ունեցածը եւ վերակազմավորումով նոր փուլ սկսելու համար։ Մեր հիմնական շեշտը դնում ենք մարզերի այցելությունների վրա, դրա շնորհիվ կկարողանանք հասկանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել եւ ինչ խնդիրներ չեն լուծվել»,- հավելեց նա։

Սայիդա Պողոսյանն ասաց, որ կառավարությունն արցախցիներին տված բոլոր խոստումները չի կատարում, այն է՝ լրացուցիչ վարկերի տրամադրման հարցը, թոշակառուների թոշակների ավտոմատ վերականգնումը, ոչ թե դատարանի ու քաշքշուկների միջոցով։ Այս խոստումները դեռ չեն կատարվել կառավարության կողմից։ «Եվ քանի որ իրենց խոստացած լայնածավալ փոփոխությունները չկան, մենք իրենց հանգիստ չենք թողնելու»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Հետագայում հանրահավաքներ կանեն, թե ոչ, Սայիդա Պողոսյանն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել։ «Մեր մարզային այցելությունների նպատակն այն է, որ հասկանանք, թե արցախցիներն ինչ խնդիրներ ունեն եւ ինչպես են տեսնում լուծման ճանապարհները, որովհետեւ մենք միայնակ չենք կարող այդ լուծումները տալ։ Մենք հանրային նախաձեռնություն ենք, որն ի շահ արցախցիների է գործում։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ համախմբում լինի հենց արցախցիների շրջանում, քանի որ իրենք էլ են հուսահատված։ Այսինքն՝ մենք մեր ուժերի սահմաններում պետք է ստեղծենք պայմաններ, որ իրենք մնան այստեղ, զգան, որ մենակ չեն»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Նա հավելեց՝ շարունակելու են այն աշխատանքը, որն սկսել էին Ազատության հրապարակում տեղադրված վրանում՝ տարբեր ՀԿ-ների, անհատների հետ շարունակելու են աշխատանքը՝ փուլ առ փուլ հասնելու իրենց ներկայացրած 12 կետերի բարձրաձայնմանն ու խնդիրների լուծմանը։ «Գիտենք՝ այնտեղ հարցեր կան, որոնք այս պահին Հայաստանի Հանրապետությունը չի կարող լուծել, բայց դրանք անհնարին չենք համարում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ համագործակցությանը՝ Սայիդա Պողոսյանն ասաց․ «Իրենք իրենց աջակցությունը մեզ ցուցաբերել են եւ եթե շարունակեն նույն օրակարգում մնալ, եթե իրենց նպատակն էլ է Արցախի հարցի բարձրաձայնումը եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել եւ պայքարը շարունակել»։

Ռոզա Հովհաննիսյան