Կառավարությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Փաշինյանի այցը ԱՄՆ

Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», – հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Թաղասեռի մասին Հադրութի բարբառով՝ օտար հողում՝ հարազատ, ցանկալի, զուլալ

Հայրենի Թաղասեռի մասին կարոտով է խոսում Անահիտը, հիշում գյուղի ամեն մի անկյունը, որտեղ անցել է մանկությունն ու պատանեկությունը։ Աչքերն անմիջապես արցունքոտվում են հուզմունքից ախր մի իսկական դրախտավայր էր Թաղասեռը։

44-օրյա պատերազմից հետո տեղահանվել են գյուղիցբնակություն հաստատել Ստեփանակերտում, 2023-ի սեպտեմբերի վերջին գաղթել Հայաստան, ապա արտագաղթել Ռուսաստանի Դաշնություն։

-2020-ին 19 տարեկան էի։ Երբ կորցրինք մեր գյուղը, առաջին անգամ զգացի, թե որքան թանկ է այն։ Մինչ այդ չէի հասկանում․ հավանաբար չէի պատկերացնում, որ երբևէ մարդ կարող է կորցնել իր ծննդավայրը։ Այն ժամանակ, սակայն, մենք որոշեցինք չլքել Արցախը, մնացինք Ստեփանակերտում՝ հույս ունենալով, որ կվերադառնանք մեր տները։ 2021-ին ընտանիք կազմեցի, ծնվեց որդիս։ Ապրում էինք ինչպես բոլոր արցախցիները՝ հաղթահարելով շրջափակման ծանր օրերը։ Սակայն 2023-ի սեպտեմբերը կրկին մեզ անտուն ու անօթևան թողեց։ Հայաստանում չկարողացանք մնալ, որովհետև բնակարանների վարձավճարները բարձր էին, իսկ նորմալ աշխատանք գտնել այդպես էլ չհաջողվեց ամուսնուս։ Ինչպես շատերը՝ մենք ևս արտագաղթեցինք Հայաստանից, թեև շատ էինք ուզում մնալ Մայր Հայաստանում։

Մերձմոսկովյան փոքրիկ ու հանգիստ մի փոքրիկ բնակավայրում ենք ապրում։ Երկու սենյականոց բնակարան ենք վարձակալել, որտեղ ապրում ենք 5 հոգով։ Ամուսինս ու հայրը աշխատում են։ Իհարկե, մի շարք դժվարությունների ենք հանդիպել, սակայն փորձում ենք հաղթահարել դրանք ու ամեն ինչ զրոյից սկսել։ Երկու անգամ տեղահանվելուց հետո պարտավոր ենք ուժ հավաքել, որովհետև այլ կերպ չենք կարող։ Պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք ցույց տալ, որ արցախցին ուժեղ է, ինչքան էլ նրա հոգին դառնացած լինի,-ասում է Անահիտը։

Հադրութի յուրահատուկ բարբառը օտար հողում բոլորովին այլ կերպ է հնչում՝ հարազատ, ցանկալի ու այնքա՜ն զուլալ։ Փոքրիկ Նարեկը ևս այդ բարբառով է ասում իր առաջին բառերը։ Նրա թոթովախոս լեզվով ասված ամեն մի բառն ասես մի ողջ աշխարհ լիներ։ Ես, որ մայրական կողմից Հադրութից եմ, կլանված լսում էի նրանց խոսակցությունը, երբեմն ինքս փորձում այդ բարբառով խոսել, որից իմ մեջ անմիջապես մանկությանս քաղցր հիշողություններն են արթնանում զգում եմ սև թթի, մեղրածոր մրգերի, տատիկիս ձեռքերով պատրաստած չիր ու չամիչի  քաղցրահամը։ Հադրութցի երիտասարդ ընտանիքի հետ զրույցն ինձ տանում է դեպի երանելի մանկություն, որտեղ պապիկս ու տատիկս էին՝ գրկաբաց, աղոթող շուրթերով։

 -Հադրութա մինակ մեր բարբառն ա մըզ մնացալ, վախումում, վեր մին օր սա էլ կուրցնինք։ Տրա հետի մունք միշտ պիտի մեր բարբառավ խոսինք մեր խոխոնցը նհետ, հանցու մոռանանվեչ։ Հինչքան կրեսընք, մունք պիտի մեր բարբառը պահինք։ Ես ուզիսչում որիշ լյուզվավ խոսիմ,- կարոտից լացակումում է Անահիտն ու այդ հաճելի զգացողությունը փոխանցում ինձ։

Կարինե Բախշիյան

Արա Պապյան․ Բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում

«Իմ կարծիքով՝ հանդիպում տեղի կունենա, բայց խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի։ Լուրերը տարբեր են, կարծես թե խոսքը ոչ թե բուն փաստաթղթի ստորագրման մասին է, այլ ԱՄՆ-ում հայտարարություն կարվի, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամ են ստորագրելու։ Իմ կարծիքով, այո, նման մի բան տեղի կունենա, որովհետեւ ԱՄՆ-ն ու Թրամփն ուզում են այս հարցում որոշակի հաջողություն ցույց տալ։ Գիտենք, որ Թրամփի երազանքն է խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նշենք, որ այսօր տեղեկություն եղավ, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, որտեղ, ենթադրաբար, Թրամփի հովանու ներքո պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Արա Պապյանի խոսքով՝ Ալիեւին ամենեւին պետք չէ այդ փաստաթուղթը ստորագրել։ Երկրորդ, այդ փաստաթուղթը չի կարող ստորագրվել օրինական, որովհետեւ ստորագրվելուց առաջ այն պետք է նախաստորագրվի, մի ամբողջ ընթացակագ կա, որ պետք է անցնի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի եզարակացությունը պետք է լինի։ Արա Պապյանը նշում է, որ բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում։ «Ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե կառավարող կուսակցությանը կամ խմբին, մենք պետք է տեսնենք՝ ի՞նչ կետեր են ներառված այդ փաստաթղթում, մանրամասներն են կարեւոր»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ Հայաստանն այս գործընթացից օգուտ չի ստանա, քանի որ 17 կետերի մեծ մասը մեր դեմ են ուղղված, այդ փաստաթուղթն ըստ էության դա ադրբեջանական պահանջների կատարում է։

«Միակ բանը, որը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետք է ծախեն, դա խաղաղություն բառն է։ Ինքը պիտի ասի՝ տեսեք, բոլորը պատերազմ են ուզում, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Իհարկե, Ալիեւը կընդառաջի, ամեն ինչ կանեն, որ դա այդպես լինի, որովհետեւ իրենց շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Բայց խաղաղության մասին փաստաթուղթը եւ խաղաղությունը երկու տարբեր բաներ են։ Ես վստահ եմ՝ այդ փաստաթղթի մեջ Հայաստանի վրա կդրվեն այնպիսի պարտավորություններ, որոնք Հայաստանը պարզապես ի վիճակի չի լինի կատարել, հետեւաբար, Հայաստանը կլինի այդ փաստաթուղթը խախտող կողմը, ինչն ինքնըստինքյան իրավունք կտա Ադրբեջանին առանց որեւէ պատասխանատվության հեռանալ այդ փաստաթղթից։ Այսինքն՝ երբ հարմար լինի Հայաստանի վրա հարձակվելու, այդ թուղթը հաստատ չի զսպի Ադրբեջանին»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ-ն մտադիր է դառնալ նոր աշխարհակարգի «կնքահայրը», որտեղ հողի իրավունքը որոշվում են զենքի ուժով

Երկուշաբթի առավոտյան Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով Վաշինգտոնի թղթակից Ռաուֆօղլուին, հաղորդել են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, որտեղ, ենթադրաբար, Թրամփի հովանու ներքո պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Բաքվի որոշ լրատվամիջոցներ հրապարակել և անմիջապես ջնջել են հաղորդագրությունը, սակայն հասցրել են մտահոգվել՝ արդյոք դա կլինի փաստաթղթի ստորագրում, թե՞ նախաստորագրում։ Ի վերջո, Բաքուն կտրականապես պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում, որը պարունակում է հղում Անկախության հռչակագրին և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը։ Բաքուն գրեթե մեկ տարի պնդում է, որ մինչև այս հղումը չհեռացվի ՀՀ Սահմանադրությունից, ստորագրում չի լինի։

Աբու Դաբիում, ըստ երևույթին, քննարկվել է տարբերակ, որի դեպքում հնարավոր կլինի նախաստորագրել փաստաթուղթը՝ մինչև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, ինչը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց հայ-իրանական սահմանի ամերիկյան վարձակալության որոշակի տարբերակի մասին, որի համաձայն Բաքվին կտրամադրվեր “անարգել” անցում դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիա։

Հայկական կողմը նախ հայտարարեց, որ մերժում է վարձակալության տարբերակը՝ որպես ինքնիշխանությանը հակասող, ապա արձակուրդում գտնվող վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ հողը վարձակալության չեն տա, բայց ճանապարհը հավանական է, որ կտան։

Ինչպես կազդի «ճանապարհի վարձակալությունը» հայ-իրանական սահմանի վրա, տիկինի մամուլի քարտուղարը չասաց։ Արդյո՞ք Իրան-Հայաստան ճանապարհը, որն այժմ կառուցվում է արագացված տեմպերով, այդ թվում՝ իրանական ընկերությունների կողմից, կփակվի։ Եվ արդյոք իրանական ընկերությունները ստիպված կլինեն մաքսային տուրքեր վճարել «ամերիկյան ընկերությանը», որը կվարձակալի Հայաստանի հարավը։ Արդյո՞ք Հայաստանը կկարողանա օգտագործել վարձակալության տրված ճանապարհը։ Եվ այս դեպքում կբացվի՞ հայ-թուրքական սահմանը։

Այս բոլոր հարցերին պատասխանեց նախագահ Վահագն Խաչատրյանը, որը եռօրյա այցով մեկնեց Սյունիք և ասաց, որ անհրաժեշտ է բացել «Սյունիքի դարպասները», հակառակ դեպքում զարգացում չենք ունենա։ Խաչատրյանի այցը կարելի է անվանել «հրաժեշտի», ինչպես անցյալ տարի Փաշինյանը գնաց Տավուշ և բնակիչներին ասաց, որ եթե չհրաժարվեն երեք գյուղերից, դրանք կվերցվեն ուժով։ Եվ ժողովուրդը նահանջեց։ Հիմա միայն ծույլերը չեն խոսում Սյունիքի հանձնման մասին։

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել՝ քննարկելու «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», չնայած, կարծես, ոչ մի լարվածություն չկա։ Սակայն սա նրա համար է, որ Վահագն Խաչատրյանը ինչ-որ բան ունենա Սյունիքի բնակիչներին վախեցնելու համար։

Միևնույն ժամանակ, ամերիկացի քաղաքական գործիչները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «անջատվում» են Ռուսաստանից, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները կարգավորումը վերցնի իր ձեռքը։ Ամերիկացիները՝ ռուսների հետ համաձայնությամբ Իսրայելին և Թուրքիային «նշանակել են» տարածաշրջանի վերահսկիչներ և բոլոր հարցերը կլուծեն այս հայեցակարգի հիման վրա, այդ թվում՝ Պաղեստինի հարցը։ Ռուսաստանն ինքը ուրախությամբ և հեշտությամբ է տարածաշրջանը հանձնում Թուրքիային՝ դուրս գալով Կարսի պայմանագրից և ամենեւին չբողոքելով Հայաստանի հարավի փաստացի բռնակցման դեմ։

Հատկանշական է, որ ուրբաթ օրը օգոստոսի 8-ն է, երբ լրանում է Թրամփի կողմից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը՝ Ուկրաինայի հետ երկխոսություն հաստատելու համար։ Այս օրերին Էրդողանը մեկնում է Կիև, իսկ ԱՄՆ դեսպան Վիթքոֆը չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը կլինի Մոսկվայում։ Ուկրաինական հարցի լուծման ԱՄՆ հայեցակարգը նույնպես հայտնի է՝ դադարեցնել պատերազմը ներկայիս առաջնագծում և ճանաչել Ռուսաստանի իրավունքը ուկրաինական տարածքների մի մասի նկատմամբ։

ԱՄՆ-ն մտադիր է դառնալ նոր աշխարհակարգի «կնքահայրը», որտեղ հողի իրավունքը որոշվում է, ինչպես վեստերներում, զենքի ուժով: Նման աշխարհակարգի դեպքում ոչ մի երկիր, հատկապես նրանք, ովքեր հավակնում են լինել տերություն, հանգիստ չի ունենա, հողը կայրի բոլորի ոտքերի տակ, հատկապես, եթե այն խլված է բնիկներից:

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի առանց որևէ երկրի ինքնիշխանությունը խախտելու

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։  Թեհրանը համոզված է, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական բաղադրիչն է։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակվող հայտարարություններին արտատարածքային միջանցքի մասին։

Հարցազրույցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությանը ու դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի դեմ հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում, հուլիսի 29-ին։ 

-Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ելնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

-Թույլ տվեք այսպես ձևակերպել։ Նախ՝ մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները թե՛ Ադրբեջանի Հանրապետության, և թե՛ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրանք մեր հարևաններն են, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարի հարևանության քաղաքականությունը երկու պետությունների հետ։ Մենք բարեկամության ամուր կապեր ունենք թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխույժ և կարևոր հայկական համայնք, որով հպարտանում ենք։

Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։ Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետև համոզված ենք, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, ինչպես նաև իրանցիների բարօրության հիմնական բաղադրիչն է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ նախաձեռնությունները կծնեն դրական արդյունք։ Մենք աջակցել ենք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։

Միաժամանակ մենք հստակորեն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Մեկ այլ կարևոր կետ, որը մենք միշտ ընդգծել ենք և կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան։

-Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։ Ձեր կարծիքով՝ նման պայմաններում խաղաղությունը հնարավո՞ր է մոտ ապագայում։ 

-Իհարկե, հնարավոր է։ Եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։

Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։

Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվել այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է։

Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։ Ես նախարար Արաղչիի հետ էի, երբ նա այցելեց Երևան, և ներկա եմ եղել նաև նրա հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ նա հորդորեց կողմերին արագացնել գործընթացը և ավարտին հասցնել համաձայնագիրը, որովհետև դա կլինի երկարատև խաղաղության հիմնական երաշխիքը Հարավային Կովկասում։

-Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կուրս և այս համատեքստում խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Կան փորձագիտական կարծիքներ, որ Հայաստանի այս քաղաքականությունը Իրանի դեմ է և անընդունելի է Թեհրանի համար։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ Իրանը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։

-Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։

Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։ Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը։

Այսպիսով՝ Իրանի համար կարևոր է, որ իր հարևանների հարաբերություններն այլ դերակատարների հետ երբևէ և որևէ ձևով չուղղվեն Իրանի շահերի դեմ։

-Այս կոնտեքստում ևս մեկ հարց։ Մեկ ամիս առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և կոչ էր արել նրան հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի վրա հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ Իրանն ունի՞ փաստեր Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ, և Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ արդյոք ադրբեջանական կողմը հետաքննե՞լ է այդ հրապարակումները։ 

-Ինչպես նշեցի, մենք նույն ակնկալիքն ունենք թե՛ Ադրբեջանից, և թե՛ Հայաստանից կամ ցանկացած այլ հարևան պետությունից։ Այդ հեռախոսազրույցը նպատակ չուներ կոնկրետ մեղադրանք ներկայացնելու։ Դա նախագահների միջև հերթական զրույցն էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այդ զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը, իհարկե, բարձրացրել է նաև այդ հարցը։

Սակայն կրկնում եմ՝ դա չէր նշանակում, թե Ադրբեջանը ներգրավված է եղել Իսրայելի հարձակման մեջ։ Դա պարզապես հիշեցում էր այն մասին, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի ներքո ունեն պարտավորություն՝ թույլ չտալ, որ իրենց տարածքը չարաշահվի երրորդ կողմերի կողմից՝ մեկ այլ պետության դեմ։

Եվ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ Մենք կարող ենք նույն մտահոգությունները բարձրացնել նաև այլ հարևան պետությունների մոտ, որովհետև գիտենք, որ Իսրայելն օգտագործել է նաև այլ երկրների տարածքներ Իրանի դեմ գործողությունների համար։

Այսպիսով՝ սա կոնկրետ մեղադրանք չէր, այլ ընդհանուր բնույթի հիշեցում էր։

Եվ այդ հիշեցումը ուղղված է բոլոր հարևաններին՝ լինել զգոն, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը որևէ հարգանք չունի միջազգային իրավունքի և օրինականության հանդեպ։ Սա պահանջում է, որ մենք բոլորս զգոն լինենք և չթույլատրենք, որ այդ ուժերը վնաս տան մեր փոխհարաբերություններին։

 

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին լուրը Հաքքին-ը տեղադրել է և շատ արագ հեռացրել

Մոտ մեկ ժամ առաջ Հաքքին․ազ-ը տեղադրել է հետևյալ լուրը․

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել Վաշինգտոնում ուրբաթ օրը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայտնել են Վաշինգտոնի աղբյուրները։

Նշվում է, որ ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։

Տեղեկությունը շատ արագ հեռացվել է։

ԶԼՄ. Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն «խաղաղության համաձայնագիր»

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել Վաշինգտոնում ուրբաթ օրը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայտնել են Վաշինգտոնի աղբյուրները։

Նշվում է, որ ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։

Բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում

Արցախի բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում, որպեսզի հավատացյալներն անվտանգ աղոթեն այնտեղ: Իրենց լուսանկարչի հրահանգով զինվորները սմիռնա կանգնում էին եկեղեցու դռան աջ ու ձախ կողմում, գլխաշորով կանանց ստիպում խաչակնքել եւ ներս մտնել` “լավ կադր” ստանալու համար:  Մեկ այլ զինվորները քնում էին զրահամեքենայի վրա, որ կայանած էր եկեղեցու պատի հովին. солдат спит, служба идет!

Ինչպես հայտնի է, այդ օրերին Ամարասը հայկական կողմում էր եւ առանց նրանց էլ հանգիստ կարելի էր Ամարաս գնալ, ինչպես այս օրը (լուսանկարներում): “Ինչ են թատրոն տալիս է, գնան ուր վտանգավոր է` այնտեղ կանգնեն”, հեգնում էր Ամարասը հսկող մի սոսեցի (կամ մաշկալաշենցի, չեմ հիշում հստակ):

Հայտնի դարձավ Ամարասի տարածքում հրդեհների եւ արցախցիների ահազանգի մասին: Ստեփանակերտից գրեթե live տեսանյութեր են տարածում ադրբեջանցիները: Որ շենք պետք է` քանդում են, որը պետք է` ներկում, որ տուն ցանկանում մտնում են, բայց չգիտենք, թե ինչ է կատարվում հարյուրավոր գյուղերում, ինչ է կատարվում Ամարասի հետ:

“Ցավալի է տեսնել, թե ինչպես է իմ տունը, իրերը, հիշուղությունները վերացնում էքսկավատորը: Սիրտս պայթում է, մենք մեր հարսանիքից ընդամենը հինգ օր հետո ենք տեղափոխվել այս տուն: Շատ-շատ տխուր է…”, AP լրագրողին պատմում է մի հրեա կին, երբ տեխնիկան քանդում է իրանական հրթիռներից վնասված նրա տունը: Պարզ է, որ Իսրայելը նույն շաբաթ ավելի լավ տուն է կառուցելու նրանց համար: Բայց պատկերացրեք արցախցիների հոգեվիճակը, երբ համացանցում նայում են, թե ինչպես են ադրբեջանական էքսկավատորները քանդում նրանց տները, եւ ոչ ոք չի պատրաստվում նրանց համար նոր տուն կառուցել ոչ Արցախում, ոչ էլ նմացած Հայաստանում:

Սա իմ վերջին այսցն էր Ամարաս: Երեխաները զվարճանում էին համալիրի պարիսպերին քայլելով, կանայք ժենգալով հացի կանաչիների էին հավաքում ադրբեջանցի զինվորների դիտարկման տակ գտնվող դաշտերում (այդ օրը ռուսները որոշել էին, որ վտանգ չկա եւ չէին եկել), եկեղեցու բակում փոշում կորած հայ եւ իրանցի վարպետները վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Կանաչ, հանգիստ օր էր:
Մարութ Վանյան

«Անձնավորված» հարվածներ Ռուսաստանին, ինչպես Իրանին․ «մահվան ձեռքը»

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի մինչև օգոստոսի 8-ը, երբ լրանա տասնօրյա վերջնագիրը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ են խուսափում դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ են, և նրանք բավականին հաջողությամբ են խուսափել դրանցից, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց հանրապետականը։

Այն բանից հետո, երբ Թրամփը Ռուսաստանին վերջնաժամկետ նշանակեց օգոստոսի 8-ին և սպառնաց «ծանր միջոցներով», վերլուծաբանները սկսեցին կռահել, թե ինչ է անելու Թրամփը։ Ակնհայտ է, որ հարցը պատժամիջոցների մասին չէ, որոնք, ինչպես Թրամփն է ասում, վաղուց անիմաստ են։

Վերլուծաբանները սկսել են ավելի ու ավելի հաճախ ակնարկել, որ Թրամփը կարող է կիրառել Ռուսաստանի դեմ ճշգրիտ՝ “անձնավորված” հարվածային ռազմավարությունը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը վերջերս փորձարկել էին Իրանում: Ճիշտ է, այաթոլլահ Խամենեին ողջ մնաց, բայց ռազմական ղեկավարությունը, ՀՕՊ-ը և որոշ միջուկային օբյեկտներ ոչնչացվեցին։

Ռուսաստանը դա տեսավ և շատ լավ է հասկացել Թրամփի նոր ռազմավարությունը, այդ իսկ պատճառով Մեդվեդևը հանկարծ հիշեց «մահվան ձեռքի» մասին։

«Մահվան ձեռքը» կամ «մեռած ձեռքը» համակարգ է, որը նախատեսված է ապահովել մարտական հրամանների փոխանցումը բարձրագույն հրամանատարական մակարդակներից դեպի ռազմավարական հրթիռների արձակողներին արտակարգ իրավիճակի դեպքում, երբ կապի գծերը վնասվեն։

Այլ կերպ ասած, Մեդվեդևը զգուշացրել է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի վերացնել Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, զանգվածային միջուկային հարված կհասցնի «մեռած ձեռքը», «աշխարհը կվերածվի մոխրի, իսկ մենք կգնանք դրախտ», ինչպես ասել է Պուտինը։

Իբր, Մեդվեդևի «մահվան ձեռքի» մասին սպառնալիքներին ի պատասխան, Թրամփն ասել է, որ երկու ամերիկյան միջուկային սուզանավերը «արդեն ավելի մոտ են Ռուսաստանին»։

Արմինեի համար լուսանկարչությունը պարզապես արվեստ չէ՝ հիշողություն է

Լուսանկարիչ Արմինե Վանյանը հիմա շատ է թերթում արխիվային նկարները՝ Արցախին ավելի մոտ լինելու, հարզատ վայրերն ու մարդկանց նորից վերհիշելու համար։

Արմինեն լուսանկարչությամբ է զբաղվում 10 տարուց ավել։ Իր սարքի օբյեկտիվը հարյուրավոր հույզեր է անմահացրել, կերպարներ, վայրեր։

«Մի ընթացք կար, որ համագործակցում էի Արցախի կառավարության հետ, այդ ժամանակ իրապես ճանաչեցի Արցախը, շրջելու մեծ հնարավորություն ունեի»,- պատմում է նա։

Արմինեի սիրելի ոճերից մեկը դիմանկարներն են՝ մարդիկ՝ հույզերի ու գեղեցկության համադրությամբ։

Թերթելով նկարները հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է հետեւում իր հերոսների կյանքի զարգացմանը։ Լուսանկարիչը ժամանակի հետ երկխոսության մեջ է. յուրաքանչյուր նկարը մի անմահացած վայրկյան է, որը խոսում է՝ առանց բառերի։

Արմինեի համար լուսանկարչությունը պարզապես արվեստ չէ՝ հիշողություն է, ինքնություն ու շունչ, որ ապրում է Արցախի լեռներում, մարդկանց դեմքերում ու չմարող կարոտի խորքում։

Մարիամ Սարգսյան

Հետք․ Պահանջում են վերադարձնել Հայկական եկեղեցուն փոխանցված հողերը Պաշտպանության նախարարությունը

Հետք 

Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն  շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել:

Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանեցին, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:

Նշված որոշման հիման վրա` 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը 2018թ. մարտի 29-ին որոշել էր Պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող՝ 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 հազ. 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները հետ վերցնել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Տավուշի մարզպետն էլ Գետահովիտ համայնքի ղեկավարի միջոցով պետք է իրականացներ նշված գույքով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 8.9 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը:

Մինչև օգոստոսի 6-ը՝ բարձր ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում Օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։